Ռեյ Բրեդբերի. Գեղադիտակ

Միայնակ մարդիկ, ամենամիայնակ մարդիկ ամբողջ աշխարհում, ամբողջ տիեզերքում… Մարդիկ, որոնք իրենց կյանքում ապրել են մեծ կամ փոքր հաճույքների համար, պայքարել են հանուն անձնական բարեկեցության, ուրիշներին նկատելով այն դեպքում միայն, երբ կամա թե ակամա ինչ-որ տեղ խանգարել են իրենց: Այդպիսի մարդկանցից է Հոլլիսը, ամերիկացի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի «Գեղադիտակը» պատմվածքի հերոսը, որն ապրելով անիմաստ ու մեկուսի կյանքով, վերջին պահերին միայն, տիեզերական անհունի միջով դեպի Երկիր սլանալիս, հանրագումարի է բերում իրեն տանջող, տարիներ շարունակ անպատասխան մնացած խոհերը, ինչո՞ւ է ապրում մարդը, ի՞նչ է նշանակում ապրել և ինչպե՞ս ապրել…
Ռեյ Բրեդբերին հավատարիմ մնալով գրականության իր գերադասած տեսակին՝ գիտական ֆանտաստիկային, «Գեղադիտակը» պատմվածքում հասնում է հերոսների հոգեբանության ռեալիստական խոշոր ընդհանրացումների:
Ռեալիզմի այդ վիթխարի ուժն է, որ հնարավորություն է տվել ամերիկացի ֆանտանստին նվաճելու գրեթե ամբողջ աշխարհի երիտասարդության սերը: Նրա ամեն մի պատմվածքը ստիպում է ընթերցողին մտածել ու մտածել… Այս իմաստով հնարավոր չէ մի շնչով կարդալ Ռեյ Բրեդբերիի պատմվածքների ժողովածուն, որքան էլ հրապուրիչ ու հետաքրքրաշարժ լինեն նրա ստեղծած սյուժեներն ու իրադրությունները:
Տարօրինակ մի թախիծ կա նրա բոլոր ստեղծագործություններում և թվում է, թե փոքր-ինչ հոռետեսական է Բրեդբերիի վերաբերմունքը մարդկության ապագայի նկատմամբ: Պատճառն այն է, որ Բրեդբերին կանխագուշակելով իրեն ծնած հասարակարգի անխուսափելի կործանումը, շատ հաճախ չի էլ փորձում պատասխանել, թե ինչ է սպասում մարդկությանը դրանից հետո: Սակայն այդ թախիծը անչափ մարդկային՝ մի առանձին հմայք, առանձնահատուկ հուզականություն է հաղորդում նրա ստեղծագործություններին:
Քառասունվեցամյա գրողը իրավամբ դասվում է ամերիկյան գրականության այնպիսի խոշոր գրողների շարքում, որպիսիք են Հեմինգուեյը, Ֆոլկներն ու Սթեյնբեկը: Բրեդբերին լայն ճանաչում գտավ ամբողջ աշխարհում դեսևս 1950 թվականին, երբ լույս տեսավ նրա «Մարսի քրոնիկոնը» պատմվածքների ժողովածուն: Հետագայում հրատարակվեցին «Պատկերազարդ մարդը», «Արևի ոսկի խնձորները», «Մելամաղձի բալասանը» պատմվածքների ժողովածուներ և «451 ըստ ֆարենհեյի» վեպը:
Հայ ընթերցողը գրեթե չի ճանաչում Ռեյ Բրեդբերիին, սակայն երբ ճանաչի, անխուսափելիորեն սիրելու է ժամանակակից ամերիկյան առաջադեմ գրականության խոշոր ներկայացուցիչներից մեկին:
«Գեղադիտակը» պատմվածքը ընտրված է «Պատկերազարդ մարդը» ժողովածուից:

Գեղադիտակ

Կործանիչ հարվածը պահածո բացելու դանակի նման ճեղքեց հրթիռի իրանը, և մեկ դյուժին արծաթավուն, գալարվող ձկնիկների պես մարդիկ դուրս թափվեցին տարածության մեջ: Պայթյունը նրանց շպրտեց խավարի ծովը, իսկ հրթիռը փոշիանալով, երկնաքարային պարսպով նետվեց դեպի անհայտությունը։
— Բերքլի՜, Բերքլի՜, դու որտե՞ղ ես։
Ցուրտ գիշերով մոլորված երեխաներն են այսպես ձայն տալիս իրար։
— Վո՜ւդ, Վո՜ւդ։
— Նավապե՜տ։
— Հոլլի՛ս, Հոլլի՛ս, ե՛ս եմ, Սթոունը։
— Սթոո՛ւն, Հոլլիսն է խոսում, որտե՞ղ ես։
— Չգիտեմ, որտեղի՞ց իմանամ։ Աստվա՜ծ իմ, ես ընկնում եմ, գահավիժում եմ չգիտեմ, թե ուր։
Նրանք ընկնում էին։ Այդպես ջրհորի մեջ են ընկնում փոքրիկ քարակտորները։ Հզոր հարվածը ցրիվ տվեց նրանց մի բուռ ավազի պես, և հիմա մարդկանց փոխարեն մնացել էին միայն ձայները, որոնք անդեմ էին ու անմարմին, արտահայտելով սարսափ կամ ընդարմացած հնազանդություն և բոլորովին նման չէին իրար։
— Մենք տարբեր կողմեր ենք ցրվում։
Այո՛, դա ճիշտ էր։ Թռիչքի ընթացքում շրջվելով, Հոլլիսը համոզվեց, որ իրենք տարբեր կողմեր են ցրվում։ Այս փաստը նա նշեց աղոտ անտարբերությամբ։ Ամեն ոք սլանում էր իրեն վիճակված ուղիով, և ոչ մի ուժ չէր կարող այլևս միացնել նրանց։
Հագել էին հերմետիկ զրահազգեստներ, որոնց թափանցիկ դիմակների միջով երևում էին դժգույն դեմքերը։ Ոչ ոք չհասցրեց շարժիչ վերցնել։ Եթե նրանք շարժիչնե՜ր ունենային… Այդ դեպքում կարելի էր հուսալ իր և ուրիշների փրկությունը, հնարավոր կլիներ միաբանվել կազմել մի փոքրիկ կղզի ու որևէ ելք որոնել: Բայց մեջքին առանց հրթիռային շարժիչ ունենալու, նրանք երկնաքարերի պես անօգնական սուրում էին անխուսափելի ճակատագրին հանդիման։
Անցավ մոտ տասը րոպե, մինչև խուճապային սարսափը իր տեղը զիջեց ողջախոհությանը։ Տիեզերական խավարում, ասես մի հսկա մանածագործական հաստոցի վրա, իրար էին հյուսվում անհայտ հնչյունները, դիպչում ու տարածվում էին, կազմելով պատրաստի նախշեր։
Խոսում է Սթոունը։ Հոլլիսին եմ ուզում։ Երկա՞ր ժամանակ մենք կկարողանանք իրար հետ կապ պահպանել։
— Նայած, թե ինչպիսի արագությամբ ենք շարժվում։
— Երևի մեկ ժամի չափ, հը՞։
— Կարծում եմ, որ ո՛չ ավելի։
Հոլլիսի ձայնը հնչում էր հանգիստ ու անկաշկանդ։ Մեկ րոպե անց նա հարցրեց.
— Ի՞նչ պատահեց։
— Պայթեց հրթիռը։ Նման դեպքեր երբեմն պատահում են։
— Դու ո՞ր կողմն ես թռչում։
— Կարծես ընկնում եմ Լուսնի վրա, իսկ դո՞ւ:
— Ընկնում եմ Երկրի վրա։ Հարազատ մոլորակ եմ վերադառնում ժամում տասը հազար մղոն արագությամբ։ Լուցկու պես կվառվեմ…
Հոլլիսն այդ պատկերացրեց մի տարօրինակ հանգստությամբ. կարծես իր սեփական մարմնից բաժանվել ու հետևում էր, թե ինչպես է ինքը գահավիժում տիեզերքի սեփ-սև խավարում, և դա նույնքան անվրդով, որքան անցած ձմեռներին հետևել էր ձյան առաջին փաթիլներին։
Մյուսները լուռ էին. մտովի անցնում էին այն ճանապարհը, որը նրանց հասցրել էր վախճանին և որևէ բան փոխելու համար անօգնական, շարունակում էին գահավիժել անդունդ։ Չէր խոսում նույնիսկ նավապետը. ծրագիր չկար, հրաման չկար, փրկություն չկար։
— Օ՜-օ՜-օ՜, դեռ երկա՞ր եմ ընկնելու։ Ընկնո՜ւմ եմ, ընկնում ու վերջը չկա,- ականջակալներում լսվեց մի ձայն։- Ես չեմ ուզում, ես չե՜մ կարող մեռնել: Ես վախենում եմ մահից: Ի՜նչ խորն է անդունդը։
— Այդ ո՞վ է:
— Չգիտեմ։
— Երևի Սթիմսոնն է։ Դո՞ւ ես, Սթիմսոն։
— Սթիմսոն, այդ ես եմ, Հոլլիսը: Դու լսո՞ւմ ես ինձ:
Լռություն տիրեց. այդ լռության յուրաքանչյուր վայրկյանը նրանց ավելի ու ավելի հեռուներն էր քշում։
— Սթիմսո՜ն։
— Լսո՜ւմ եմ,- վերջապես ձայն տվեց նա։
— Հավաքիր քեզ, ծերուկ, մենք բոլորս էլ խրվել ենք։
— Ես մեռնել չեմ ուզում։ Ես ուզում եմ փրկվել։
— Դիմացի՛ր, գուցե մեզ որոնեն ու գտնեն։
— Այո՛, այո՛, կգտնեն,- ասաց Սթիմսոնը։- Ես չեմ հավատում, չեմ ուզում հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում մեզ հետ։
— Ուղղակի վատ երազ է,- միջամտեց ինչ-որ մեկի ձայնը։
— Լռի՛ր,- ընդհատեց նրան Հոլլիսը։
— Մոտեցիր ու ստիպիր, որ լռեմ,- շարունակեց ձայնը։
Այդ Էփլհեյթն էր։ Նա ծիծաղեց կողմնակի մարդու անտարբերոլթյամբ։
— Մոտեցի՛ր, մի՛ վախեցիր։ Ի՜նչ ես դանդաղում։
Հոլլիսը նոր միայն գիտակցեց իր վիճակի անօգնականությունը։ Հոգու խորքում նա չարացավ, և աշխարհում ամենից ավելի կամեցավ հասնել Էփլհեյթին ու մի լավ հասցնել նրան։ Տարիներ շարունակ նա զսպել էր այդ ցանկությունը, իսկ այժմ արդեն բավական ուշ է. Էփլհեյթը ականջակալներում լսվող մի ձայն է միայն։
— Ընկնում եմ, ընկնում եմ, ընկնո՜ւմ եմ…
Հանկարծ, կարծես վթարի սարսափը հենց նոր միայն հասավ գիտակցությանը, ականջ ծակող ձայնով ճչացին երկուսը։ Կարծես մղջավանջում Հոլլիսը տեսավ բղավողներից մեկին. նա մոտեցել ու թռչում էր գրեթե Հոլլիսի հարևանությամբ, ոչ մի վայրկյան չընդհատելով խելագար ճիչը, որից զրնգում էին ականջները։
— Վերջ տուր, լսո՞ւմ ես։
Ո՛չ, հիմա նա չի լռի, շրջապատը միլիոնավոր մղոններով հագեցված է բղավոցով, և մինչև ճչացողը դուրս չգա ռադիոկապի սահմաններից, ոչ ոք խոսել չի կարողանա։ Հոլլիսը պարզեր ձեռքը։ Այսպես ավելի լավ կլինի։ Առաջ նետվեց ու բռնեց ճչացողի ոտքը, դանդաղ մոտ քաշելով, նայեց դիմակին։ Դիմակի տակ դեմքը աղավաղված էր հուսահատ վայնասունի հետևանքով, վայնասուն, որն ասես լցրել-հագեցրել էր ամբողջ տիեզերքը։ Խեղդվողի պես ջղաձգվելով, նա կառչեց Հոլլիսին։ «Կամ այսպես, կամ այնպես,- մտածեց Հոլլիսը,- միևնույնը չէ՞ Լուսնի վրա ընկնելով մեռնելը, թե երկնաքարի դիպչելուց։ Ինչո՞ւ ձգձգել»։ Հոլլիսը իր երկաթյա ձեռնոցով հարվածեց դիմակին։ Հարվածի հետևանքով բղավողի մարմինը գլուխկոնծի տալով հեռացավ։
Լռության ջրապտույտները դարձյալ պարուրեցին Հոլլիսին ու մյուսներին, որոնք թռչում էին դեպի վար, դեպի վար, Տիեզերքի խավարի միջով դեպի վար։
— Հոլլիս, դու դեռ լսո՞ւմ ես ինձ։
Հոլլիսը լուռ էր. զգում էր, թե ինչպես է շիկանում դեմքը։
Դարձյալ Էփլհեյթն է։
— Լսում եմ, Էփլհեյթ։
— Եկ զրուցենք, միևնույն է ուրիշ ոչինչ չունենք անելու։
— Բավական է շատախոսեք,- լսվեց նավապետի ձայնը,- անհրաժեշտ է որևէ բան մտածել։
— Նավապետ, խորհուրդ եմ տալիս ձայներդ կտրեք,- առաջարկեց Էփլհեյթը։
— Ի՞նչ…
— Այն, ինչ լսեցիր։ Ու մեջ էլ մի ընկիր։ Մեզ տասը հազար մղոն տարածություն է բաժանում, և իզուր հիմարություններ չանես։ Սթիմսոնը ճիշտ նկատեց, մենք դեռ երկար ենք ընկնելու։
— Հապա լսի՛ր, Էփլհեյթ…
— Ձա՛յնդ։ Համարիր, որ ես ապստամբել եմ։ Կորցնելու ոչինչ չունեմ։ Քո հրթիռը փալաս էր, և դու էլ որպես նավապետ ոչ մի բանի պետք չէիր: Ցանկանում եմ հաջողությամբ կոտրես գլուխդ, երբ ընկնես Լուսնի վրա։
— Ես քեզ հրամայում եմ լռել։
— Հրամայիր, որքան ուզես,- տասը հազար մղոն հեռավորությունից ձայնն իր հետ ծաղր բերեց։
Նավապետը լռեց։ Էփլհեյթը շարունակեց։
— Ինչի՞ մասին էինք խոսում, Հոլլիս։ Ա՜հ, հիշեցի՛։ Ես քեզ ատում եմ, դու ինքդ էլ շատ լավ գիտես այդ։ Վաղուց գիտես։
Հոլլիսն անօգնական սեղմեց բռունցքները։
— Ես ուզում եմ քեզ բան ասել,- չէր լռում Էփլհեյթը։- Մի հաճելի անակնկալ անե՞մ։ Հի֊շո՞ւմ ես, հինգ տարի առաջ ֆիրմայի վարչության ընտրություններին դու ձախողվեցիր։ Դրա համար ինձ ես շնորհակալություն հայտնելու, հա՜-հա՜…
Շատ մոտիկ մի երկնաքար փայլատակեց։ Հոլլիսը վար նայեց։ Ձախ ձեռքի տեղը արյուն էր շատրվանում: Զրահազգեստի ներսում ճնշումն ընկավ։ Շունչը պահելով, նա աջ ձեռքը պարզեց ու ձախ արմունկի մոտ գտնվող սեղմակը պտտեց։ Զրահազգեստը դարձյալ լցվեց օդով։ Այս ամենն այնքան արագ կատարվեց, որ նա չհասցրեց նույնիսկ զարմանալ։ Սրան այլևս ոչինչ չէր զարմացնում։ Նա ավելի ու ավելի ամուր ձգեց սեղմակը, մինչև որ արյունահոսությունը դադարեց։ Այս ամենը կատարվեց լռությամբ։ Այժմ Հոլլիսը ականջ էր դրել խոսակցություններին։ Անձնակազմի անդամներից մեկը, Լասփերը, առանց հոգնելու շատախոսում էր Մարսի, Յուպիտերի, Վեներայի վրա թողած իր կանանց, հարստության և զվարճությունների, խնջույքների ու մոլի խաղերի, կյանքում հաջողակ լինելու մասին։ Գնալով, նրանք ավելի ու ավելի էին սուզվում տիեզերքի խորխորատները և Լասփերը կործանմանն ընդառաջ գնալով, տարվել էր երջանիկ հուշերով։
Որքա՜ն տարօրինակ է. շուրջը միլիոնավոր մղոններով փռվել է Տիեզերքը, և ճիշտ նրա կենտրոնում իրար են կանչում ընդհատվող ձայներ։ Անթափանց է խավարը. սակայն առաձգական, զրնգացող ռադիոալիքները որոնում են մարդկանց ու զգացմունքներ զարթնեցնում։
— Դու բարկացա՞ր, Հոլլիս։
— Ո՛չ:
Նա չստեց։ Հոլլիսին դարձյալ տիրել էր անտարբերությունը, կարծես ոչ թե ինքը, այլ բետոնե մի բլոկ էր ընկել անսահման ոչնչի մեջ։
— Ամբողջ կյանքումդ ձգտել ես դեպի վեր մագլցել, Հոլլիս, և չես հասկացել, թե ինչու քեզ չի հաջողվել։ Այդ ես փակեցի քո ճանապարհը հենց այն ժամանակ, երբ ինձ ցած շպրտեցին վերևներից։
— Հիմա դա ոչ մի նշանակություն չունի,- հոգնած ասաց Հոլլիսը:
Այո՛, դա ճիշտ էր։ Ամեն բան մնացել է ետևում։ Ետ նայելով, կյանքը տեսնում ես մի քանի պահ փայլատակող շարժանկարի նման. բոլոր մոլորությունները, կրքերը և պոռթկումները հավաքվել են մի տեղ ու պայծառ բռնկումով նետվել են Տիեզերքի էկրանի վրա, նախքան կհասցնեիր բացականչել. «Այ, սա երջանիկ օրն է, իսկ սա՝ վատ օրը. ահա չար դեմքը, ահա՝ բարին»,- շարժանկարը դառնում է մոխիր, իսկ էկրանը կուլ է գնում խավարին։ Կյանքի եզրին կանգնած ու մի հայացք նետելով դեպի անցյալը, Հոլլիսն ափսոսում էր մի բանի համար միայն, որ ապրելու ցանկությունը իրեն չի լքել։ Մի՞թե ամեն ոք մեռնում է այդպիսի զգացողությամբ, կարծես երբեք չի ապրել։ Կամ կյանքն է այնքան կարճ, որ հազիվ ես համը տեսնում, իսկ նա արդեն անցել-գնացել է։ Իսկ եթե միայն նրա՛ համար է մահը թվում վաղաժամ և կյանքը հանկարծակի կտրված հատկապես հիմա՞, երբ մտորումների համար մնացել են հաշվված ժամեր։
Իսկ Լասփերը շարունակում էր պարծենալ.
— Ժամանակը ես ուզածիդ պես եմ անցկացրել. մի կին Մարսի վրա, մի կին՝ Վեներայի, մի կին՝ Յուպիտերի, և բոլորն էլ լավ փող ունեն։ Իսկ ես ոչ մի հարցում մերժում չեմ ստացել։ Խմել եմ մեռնելու չափ, խաղացել եմ… Մի անգամ էլ քսան հազար դոլլար եմ դրել ռուլետկայի վրա։
«Բայց դու, միևնույն է, այստեղ ես,- մտածեց Հոլլիսը:- Ես այդպիսի անցյալ չեմ ունեցել։ Եվ նախանձում էի քեզ, Լասփեր, երբ մահվան աչքին չէի նայում, նախանձում էի կանանց մոտ ունեցած քո հաջողությանը և քո խնջույքներին։ Կանայք վախեցնում էին ինձ, իսկ տիեզերքում արդեն առանց նրանց ես տխրում էի և չէի դադարում քո հաղթանակներին, քո հարստությանը և քո անսանձ կյանքին նախանձելուց, մի կյանք, որի մեջ դու երջանկություն էիր գտնում։ Բայց հիմա… հիմա մենք գահավիժում ենք դատարկության մեջ և վստահորեն գիտենք, որ կյանքն ավարտված է, ու ես այլևս քեզ չեմ նախանձում։ Եվ քեզ համար, և ինձ համար ամեն բան արդեն ետևումն է, ուստի և կարծես ոչինչ չենք ապրել»։ Հոլլիսը դեմքը թեքեց դեպի միկրոֆոնն ու բղավեց:
— Իսկ հիմա ամեն բան արդեն վերջացել է, Լասփեր։
Լռություն։
— Համարիր, որ դու ոչինչ չես ապրել, Լասփեր։
— Ո՞վ է այդ խոսողը,- կարկամած հարցրեց մի ձայն։
— Այդ ես եմ, Հուլիսը։
Ստորություն է դա, ստորություն։ Հոլլիսն զգաց մահվան սարսափի տակ ծնվող անիմաստ ստորությունը. Էփլհեյթն իրեն խայթեց և ինքն էլ ահա վրեժը ուրիշից է լուծում։ Էփլհեյթն ու տիեզերքը վիրավորեցին իրեն, իսկ նա ցավ է պատճառում Լասփերին։
— Դու մեզ հետ ես, Լասփեր։ Ամեն բան վերջացած է. ուստի և ոչինչ չի եղել, այդպես չէ՞:
— Ո՛չ։
— Երբ դեպքն արդեն դարձել է անցյալ, ապա դա հավասարազոր է, որ կարծես ոչինչ էլ չի պատահել: Ո՞վ կասի, թե քո կյանքը ավելի լավ է անցել, քան իմը։ Կարևորն այն է, ինչ գոյություն ունի տվյալ պահին. իսկ ինչո՞վ է քո դրությունն ավելի լավ:
— Ինձ մնացել են հիշողությունները, ես ամեն բան հիշում եմ. ամեն բան,- զայրույթով առարկեց Լասփերը տարածության խորքերից, մխիթարանքի համար հուշերից կառչելով։
Եվ նա իրավացի է։ Նրա իրավացի լինելու գիտակցությունը սառցե հոսքով թափանցեց Հոլլիսի մարմինը և ուղեղը: Հիշողություններ և երազանքներ. սրանք տարբեր բաներ են։ Հոլլիսը հիմա միայն երազանքներ ունի այն ամենի մասին, ինչ կկամենար անել, իսկ Լասփերը արդեն կատարվածի մասին եղած հուշերի տերն է։ Այս տարբերության ընկալումը դաժանորեն ճզմեց Հոլլիսին։
— Քեզ ի՞նչ օգուտ այն ամենից, ինչ անցել ու ետ չի դառնալու,- բղավեց նա,- ինչո՞վ ենք հիմա տարբերվում իրարից։
— Ես ինձ ավելի հանգիստ եմ զգում պատասխանեց Լասփերը,- ես ամեն ինչի համը տեսել եմ ու հիմա էլ քո նման ստորություն չեմ անում։
Ստորությո՛ւն: Հոլլիսը յուրովի մի քանի անգամ կրկնեց այդ բառը, որքան հիշում եմ, ամբողջ կյանքում նա ոչ մեկի նկատմամբ ստորություն չէր արել։ Չէր կարողացել այդպիսի շռայլություն թույլ տալ իրեն։ Ըստ երևույթին, այն ամբողջ ստորագույնը, ինչ նա զսպել էր ամբողջ կյանքում, դուրս ժայթքեց այսպիսի մի պահի։ Ստորությո՛ւն։ Նա կշռադատեց այդ բառը։ Վիրավորանքի արցունքները հոսեցին այտերի վրայով։ Ինչ-որ մեկը որսաց նրա ընդհատ շնչառությունը։
— Հանգստացիր, Հոլլիս։
Ծիծաղելի է։ Մի րոպե առաջ ինքն էր ջանում հանգստացնել մյուսներին։ Չէր կասկածում իր խիզախության անկեղծությանը։ Պարզվում է, որ դա խիզախություն չէ, այլ նյարդային ցնցման դանդաղեցված ներգործություն։ Եվ այժմ նա փորձում է իրեն մնացած րոպեների մեջ տեղավորել այն ամբողջ ստորագույնը, որ կյանքի ընթացքում կուտակվել է իր մեջ։ Ես հասկանում եմ, որ քեզ լավ չես զգում, Հոլլիս։- Լասփերի ձայնը քսան հազար մղոն հեռավորությունից նվաղած էր հասնում Հոլլիսին։- Ես քեզանից չեմ նեղանում։
Բայց մի՞թե մենք հիմա էլ հավասար չենք: Լասփերն ու ես։ Հիմա, այստեղ։ Ի՞նչ նշանակություն ունեն անցած-գնացած դեպքերը։ Մեզ բոլորիս սպասում է մոտալուտ մահը։ Բայց հոգու խորքում հասկանում էր, որ փորձում է խաբել ինքն իրեն։ Այս ամենը համազոր է ողջ մարդու և դիակի տարբերությունը չնկատելուն։ Կյանքի փայլատակումը, խորհրդավոր կայծը մեկի մեջ, իսկ մյուսում՝ ցուրտն ու դատարկությունը։ Այդպիսին են Լասփերն ու ինքը։ Լասփերն ապրել է լիքը կյանքով, և այդ էր նրա տարբերությունը Հոլլիսից, որը վաղուց ի վեր կյանքից պատնեշվել էր։ Նրանք դեպի մահն են եկել տարբեր ճանապարհներով, և եթե մահն էլ տարբեր ձևեր ունենար, ապա նրանք տարբեր կերպ էլ կմեռնեին։ Մահը, ինչպես և կյանքը, պետք է անկրկնելիորեն բազմազան լինի, և եթե նա վաղուց ի վեր չի ապրել, ապա էլ ինչո՞ւ վախենա մահից։
Մի վայրկյան հետո երկնաքարը շեղբի պես կտրեց նրա աջ ոտքի թաթը։ Նա հազիվ զսպեց ծիծաղը։ Զրահազգեստից դարձյալ դուրս փախավ օդը։ Նա արագ կռացավ. արյունը հոսում էր վերքից։ Ի՜նչ ծիծաղելի է մահը տիեզերքում. անտեսանելի մսագործը անթափանց խավարում կտոր-կտոր է անում մարդու մարմինը։ Վախենալով, որ ուղեղը մթագնող ցավից կկորցնի գիտակցությունը, նա ձգեց ծնկի վրայի պտուտակը, կտրեց արյան հոսքը և ուղղվեց։ Զրահազգեստը օդով լցվեց ու նա առաջվա պես թռչում ու թռչում էր դեպի անդունդը, և ընդամենը այսքան էր, որ նա կարող էր անել։
— Հոլլի՛ս։
Հոլլիսն անտարբերությամբ գլխով արեց. վախճանին սպասելով, նա ուժաթափ էր եղել արդեն։
— Այդ դարձյալ ես եմ, Էփլհեյթը։
— Լսում եմ։
— Ես լսում էի քեզ ու մտածում. շատ վատ է, այսպես չի կարելի դիմավորել մահը։ Ո՞ւմ է պետք ուրիշների վրա մաղձ թափելը։ Դու լսո՞ւմ ես, Հոլլիս։
— Այո։
— Ես խաբեցի քեզ. ես քեզ չեմ խանգարել ընտրությունների ժամանակ։ Չգիտեմ, թե ինչու խաբեցի, երևի ուզում էի քեզ ցավ պատճառել, հատկապես քեզ. չէ՞ որ մենք միշտ պայքարել ենք իրար դեմ։ Երևի րոպե առ րոպե ես պառավում եմ, եթե խոստովանելու ցանկություն ունեցա։ Ես ամաչեցի, լսելով, թե որքան ստորաբար վարվեցիր Լասփերի հետ: Լսիր, ես ընդունում եմ, որ ինձ հիմարի պես եմ պահել, և իմ ասածներում ճշմարտության կաթիլ չի եղել։ Իսկ հիմա՝ կորի՛ր գրողի ծոցը։
Հոլլիսն զգաց, թե ինչպես դարձյալ տրոփեց սիրտն ու ամբողջ մարմնով հոսեց տաք արյունը։ Վթարից հետո նյարդերը կարգի եկան, իսկ սարսափի, չարության և միայնության բռնկումները մարեցին։ Կարծես առավոտ է, ինքը դուրս է եկել սառը ցնցուղի տակից ու երկար աշխատանքային օրն սկսելուց առաջ պատրաստվում է նախաճաշ անել։
— Շնորհակալություն, Էփլհեյթ։
— Դատարկ բաներ են: Քիթդ մի կախիր, թափառաշրջիկ։
— Հե՜յ,- մեջ ընկավ Սթոունը։
— Ի՞նչ է պատահել,- բղավեց Հոլլիսը։ Սթոունը նրա մոտիկ ընկերն էր։
— Ես ընկել եմ երկնաքարերի ու փոքր մոլորակների հոսքի մեջ։
— Երկնաքարերի՞։
— Ենթադրում եմ, որ դրանք միրմիդոններ են։ Հինգ տարին մեկ նրանք անցնում են Երկրագնդի ու Մարսի արանքով: Ես գտնվում եմ ճիշտ կենտրոնում։ Ինչպիսի՜ գույներ, ձևեր ու չափսեր ասես, որ չկան։ Կարծես գեղադիտակ լինի։ Շատ գեղեցիկ է, աչքս չեմ կարողանում կտրել։ Լռություն։
— Սրանք ինձ տանում են իրենց հետ, ստիպված եմ թռչել առանց բաժանվելու։ Գրողը տանի, ի՞նչ գեղեցիկ է։- Նա ծիծաղեց։
Հոլլիսը նայեց շուրջը, բայց ոչինչ չնկատեց։ Տիեզերքի սև թավշի վրա միայն զմրուխտի, շափյուղայի ու ալմաստի ցրոնքն էր, որոնց բյուրեղյա փայլի միջով տարածվում էին անծանոթ ձայներ։ Հրաշալի ու երևակայությունը բորբոքող ինչ-որ բան կար, որ Սթոունը սլանում է երկնաքարային պարսի հետ, ու ամեն հինգ տարին այդ պարսի հետ պետք է փայլատակի Մարսի ու Երկրագնդի արանքում, և այդպես միլիոնավոր հարյուրամյակներ Սթոունը անմահության անսահմանության մեջ, երկնաքարերի վխտացող զանգվածի հետ սլանալով կսկսի նորանոր նախշեր ու գույներ հյուսել, ինչպես մանկության տարիներին, երբ պտտում էր արևի դիմաց բռնած գեղադիտակի երկար խողովակը։
— Մնաս բարո՜վ, Հոլլի՜ս։- Սթոունի ձայնը հազիվ լսելի է։- Մնաս բարո՜վ։
— Հաջողությո՜ւն,- որքան ուժ ուներ բղավեց Հոլլիսը, որպեսզի կարողանա ձայն տալ իրենց բաժանող երեսուն հազար մղոնների վրայով։
— Բավական են այդ կատակները,- վերջին անգամ նրան հասավ Սթոունի ձայնը։
Աստղերը մոտեցան իրար։
Բոլոր ձայները մարել սկսեցին։ Յուրաքանչյուրը սլանում էր իր ուղեծրով, որը դեպի Մարս, որը դեռ ավելի հեռու։ Իսկ Հոլլիսը… Այդ բոլորի մեջ միայն նա էր վերադառնում դեպի Երկիր։
-Մնաք բարո՜վ։
— Պինդ պահիր քեզ։
— Մնաս բարով, Հոլլի՛ս։- Դա Էփլհեյթն էր։
Բաժանման ժլատ բառեր, բարի ճանապարհի մաղթանքներ։ Եվ ահա ցրիվ եկավ այն, ինչ հրթիռի հզոր իրանում, ինչպես մարդկային գանգի մեջ, կազմում էր Տիեզերքը կրակե շիթով անցնող նավի ուղեղը։ Սրանց համատեղ աշխատանքը իմաստազրկվել էր, և մեկը մյուսի ետևից նրանք հանգչում էին սառցե լռության մեջ։ Ինչպես ուղեղը զոհվելուց հետո սկսում են մեռնել մարմնի բջիջները, այդպես աստիճանաբար մեռնում էր այն ամենը, ինչ կապում էր նրանց երկարամյա թռիչքների ընթացքում, այն ամենը, ինչով նրանք գնահատում էին իրար։ Էփլհեյթը հիմա անդամահատված մատից ավելին չէր, և իմաստ չուներ նրան ատելը կամ նրա դեմ պայքարելը։ Պայթյունը չորս կողմի վրա սփռվող մանր բեկորների է վերածել նավի ուղեղը: Ձայները լռել են, և տիեզերքը վերստացել է իր անդորրը: Աստղային անդունդներում բազմապատիկ անգամ անդրադարձվող արձագանքի նման նրանց ձայները ծնվեցին ու մարեցին։ Հոլլիսը մնաց մենակ. նա ընկնում էր, և այդ անկումը վախճան չուներ։ Նրանցից ամեն մեկը հիմա միայնակ է։ Նավապետը սլանում է դեպի Լուսին, Սթոունը երկնաքարերի պարսի մեջ է, Էփլհեյթը և Սթիմսոնը սուրում են դեպի Պլուտոն։ Իսկ դեպի ո՞ւր են թռչում Սմիթը, Թերները, Անդերվուդը։ Բոլոր նրանք, ովքեր գեղադիտակի գունավոր ապակիների պես երկար ժամանակ հյուսել են մտքի նախշերը։
Ւսկ ե՞ս։ Ի՞նչ կարող եմ դեռևս անել։ Մի՞թե ոչ մի կերպ հնարավոր չէ հաղթահարել ունայնորեն ապրած կյանքի նկատմամբ ունեցած սարսափը։ Եթե հնարավո՜ր լիներ մի բարի գործ անել, որպեսզի իմաստավորվեր կորցրած տարիների չնչինությունը։ Բայց ես այստեղ բոլորովին միայնակ եմ, իսկ միայնության մեջ ինչպե՞ս կատարել այդ բարի գործը։ Անհնարին է։ Վաղը գիշերը ես կմխրճվեմ Երկրագնդի մթնոլորտի մեջ։ Ես կվառվեմ ու իմ մոխիրը կտարածվի բոլոր աշխարհամասերով մեկ։ Դարձյալ օգուտ է մարդկանց, բայց՝ չնչին օգուտ։ Քիչ է, բայց մոխիրր մոխիր է, այդ ևս անհրաժեշտ է Երկրագնդին…
Նա սրընթաց գահավիժում էր։ Ինչպես մի գնդակ, ինչպես մի քար, ինչպես մի կտոր երկաթ։ Նա պայծառ մտքեր ուներ, ոչ տխուր և ոչ էլ ուրախ մտքեր էին դրանք։ Եվ ուներ լոկ մի ցանկություն, մինչև մեռնելը ինչ-որ օգտավետ բան անել, թեկուզև այդ մասին ոչ-ոք չիմանա, դա կարևոր չէ։
— Երբ ես մխրճվեմ մթնոլորտի մեջ,- բարձրաձայն ասաց նա,- վառոդի պես կբռնկեմ: Կուզենայի իմանալ, գոնե կնկատի՞ արդյոք որևէ մեկը…

***
Մանչուկը կանգ առավ գյուղամիջի փողոցում և նայեց վեր։
— Տես, մայրիկ, տես,- ուրախ ձայն տվեց նա,- աստղ է ընկնում:
Փայլատակող ճերմակ շերտը մի հսկա աղեղ գծեց Իլլինոյսի խավար երկնքում:
— Մտքումդ մի բան ցանկացիր, կկատարվի,- ասաց մայրը:

Թարգմ. Կ. Սիմոնյան

«Գարուն», 1967, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով