Բոբ Դիլան. Բրաունսվիլցի աղջիկ

Մի ֆիլմ էի տեսել ժամանակին
Անապատով անցնող մարդու մասին, գլխավոր դերում էլ Գրեգըրի Փեքն էր:
Նրան փառատենչ մի տղա սպանեց, ով ուզում էր անուն հանել:
Տեղացիներն էլ տղային բռնել, ուզում էին կախել:

Ոստիկանապետը տղային շան ծեծ տվեց,
Մինչ մեռնող հրաձիգն արևի տակ շունչն էր փչում:
Բաց թողեք, թողեք գնա ու ասի, թե ինձ արդար կռվում հաղթեց,
Ուզում եմ` զգա՝ ոնց է մարդ մահն աչքի առաջ ապրում:

Էս ֆիլմն անընդհատ պտտվում է գլխումս,
Դուրս չի գալիս մտքիցս, լրիվ կրակ ու պատիժ:
Գիտես, չեմ հավատում, որ էսքան շատ ենք ապրել ու էսքան հեռու ենք,
Քո մասին հուշերը գնացքի պես հետևիցս քարշ են գալիս:

Դեռ էն օրն եմ հիշում, երբ ինձ մոտ եկար թեժ անապատում՝
Քո խարխուլ ֆորդով, հաստ կրունկներով,
Երբեք չհասկացա ինչու ընտրեցիր հանդիպման էդ տեղը,
Բայց դե չէիր սխալվել: Հենց ղեկին նստեցի, ամեն բան ընտիր էր:

Ամբողջ գիշեր ճամփին էինք, մինչև Սեն Էնթըն հասանք,
Ալամոյի մոտ քնեցինք, մաշկդ նուրբ ու փափուկ էր:
Մեխիկոյում գնացիր բժիշկ գտնելու ու էլ հետ չեկար:
Հետևիցդ կգայի, բայց չէի ուզում գլխիս մի փորձանք բերել:

Ղեկին ենք հիմա, ու Ժայռոտ լեռների հետևից ծագում է արևը,
Գիտեմ, նա դու չես, բայց նա հետս է ու հոգում այնքան մութ ռիթմեր ունի:
Չափից դուրս կոտրված եմ ու էլ չեմ ուզում էն օրերը հիշել, երբ քո միակն էի,
Ու ոչ էլ նա է ուզում հիշեցնել: Գիտի, որ մեքենան լրիվ դուրս կգա վերահսկումից:

Բրաունսվիլյան խոպոպներով բրաունսվիլցի աղջիկ՝ լուսնի պես շողացող մարգարտաշար ատամներով,
Ինձ աշխարհը ցույց տուր, բրաունսվիլցի աղջիկ, դու ես քաղցր իմ սերը, բրաունսվիլցի աղջիկ:

Նեղ, դուրս ցցված տարածքն անցանք ու Ամարիլյո ուղղվեցինք,
Հենրի Փորթըրի տան մոտ կանգ առանք:
Քաղաքից մի մղոն հեռու մի ավերակ տարածք ուներ:
Ռուբին բակում լվացք էր կախում՝ կարմիր մազերը հավաքած:
Տեսավ փոշու արահետով առաջացող մեր մեքենան:
«Հենրին էստեղ չի»,- ասաց,- «Բայց ներս եկեք, շուտով կգա»:

Հետո պատմեց ինչ ծանր օրեր էին, թե ոնց էր ուզում ամեն ինչի վրա թքել ու գնալ որտեղից եկել էր:
Բայց հենց փողից էինք խոսում, թեման փոխում էր:
«Կենդանի մեռյալների երկիրը բարով եք եկել»,- ասաց: Կոտրված էր երևում,-
«Էստեղ անգամ շուկայի առևտուրն է զիբիլ»:

«Մինչև ո՞ւր եք գնում»,- հարցրեց հոգոցով:
«Մինչև անիվները մաշվեն ու վառվեն,
Մինչև որ ներկը թափվի արևից, նստատեղերը գույնը գցեն ու սատկեն բոլոր ջրային օձերը»:
«Մարդ կա երբեք էլ խելք չի հավաքում»,- ժպտալով ասաց:

Էլի էդ ֆիլմը հիշեցի, գլխիցս ոչ մի կերպ դուրս չի գալիս,
Բայց չեմ էլ հիշում՝ ինչ գործ ունեի էնտեղ, իմ դերը որն էր:
Հիշում եմ մենակ՝ գլխավոր դերում Գրեգըրի Փեքն էր, ու մարդիկ շարժվում էին
Ու թվում էր, թե իմ կողմն են նայում:

Բրաունսվիլյան խոպոպներով բրաունսվիլցի աղջիկ՝ լուսնի պես շողացող մարգարտաշար ատամներով,
Ինձ աշխարհը ցույց տուր, բրաունսվիլցի աղջիկ, դու ես քաղցր իմ սերը, բրաունսվիլցի աղջիկ:

Մազերը հետ սանրած մեկին էին փնտրում:
Փողոցն անցնելիս կրակոցներ լսեցի:
Չգիտեի՝ պառկեմ, թե վազեմ, որոշեցի վազել:
Ու մեկը գոռաց, — «Եկեղեցու բակում պատին ենք դեմ տվել»:

Նկարս տեսար Քորփըս Քրիսթի Թրիբյունում: Տակը գրված էր՝ «Ալիբի չունի»:
Մեն-մենակ եկար վկայություն տալու, թե հետդ եմ եղել:
Հետո դատավորի առաջ ի սրտե լաց եղար.
Կյանքումս տեսած լավագույն ներկայացումն էր:

Տեսակով օրենք խախտող մարդ չեմ, բայց մեկ-մեկ ինքնիրեն ստացվում է, էլի:
Ինքնատիպ մի միտք էլ չի լինում գտնել, որ մարդ կիրառի:
Էնքան էլ վատ չեմ, գիտես, բայց հաստատ ավելի լավ կլինեի,
Թե կողքիս լինեիր ու ցույց տայիր ճիշտ ուղին:

Անձրևի տակ հերթ եմ կանգնել, որ Գրեգըրի Փեքի ֆիլմը տեսնեմ,
Չէ, էն մեկը չէ, որ անընդհատ հիշում եմ:
Նոր ֆիլմ ունի, չգիտեմ էլ ինչի մասին,
Բայց ինչ էլ լինի՝ նրա ֆիլմերը միշտ էլ կնայեմ:

Բրաունսվիլյան խոպոպներով բրաունսվիլցի աղջիկ՝ լուսնի պես շողացող մարգարտաշար ատամներով,
Ինձ աշխարհը ցույց տուր, բրաունսվիլցի աղջիկ, դու ես քաղցր իմ սերը, բրաունսվիլցի աղջիկ:

Ծիծաղելի է, չէ՞, երբեք ոչ մի բան մեր ուզածով չի լինում:
Մի բանում էինք վստահ միայն՝ Հենրի Փորթըրի անունը Հենրի Փորթըր չի եղել:
Գիտես ինչ, քո մեջ մի բան կար, որ հավանում էի, որ չափից դուրս լավն էր էս աշխարհի համար,
Ոնց որ դու էիր միշտ ասում, որ իմ մեջ հավանում ես այն, ինչ Ֆրանսիական թաղամասում եմ թողել:

Տարօրինակ է, միասին տառապող մարդիկ ավելի խորն են կապված, քան ամենից երջանիկները:
Չեմ ափսոսում ոչնչի համար, թող ինչքան կուզեն հետևիցս խոսեն:
Միշտ ասում էիր՝ մարդիկ չեն անում էն, ինչին հավատում են, նայում են հարմարությանն ու հետո զղջում:
Իսկ ես ասում էի, — «Ինձ հետ մնա, անուշս, ու հուսանք՝ լավ կլինի ամեն բան»:

Մի ֆիլմ էի տեսել ժամանակին, կարծեմ՝ նույնիսկ երկու անգամ:
Չեմ հիշում՝ ով էի կամ ուր էի գնում:
Հիշում եմ միայն՝ գլխավոր դերում Գրեգըրի Փեքն էր, ում ձեռքին զենք կար, ում թիկունքից կրակեցին:
Շատ ժամանակ առաջ էր, երբ դեռ աստղերը երկնքից չէին թափվել:

Բրաունսվիլյան խոպոպներով բրաունսվիլցի աղջիկ՝ լուսնի պես շողացող մարգարտաշար ատամներով,
Ինձ աշխարհը ցույց տուր, բրաունսվիլցի աղջիկ, դու ես քաղցր իմ սերը, բրաունսվիլցի աղջիկ:

Անգլերենից թարգմանեց Ռուզաննա Սուքիասյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով