Պարույր Սևակ. Բանաստեղծություններ

«Գարուն»-ում տպագրված առաջին բանաստեղծական շարքը (1967, 1)

ԿԱՐՈՏԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ

Ես իմ մթի՜ն-մթի՜ն կարոտն այնպե՛ս գիտեմ,
Ինչպես կույրը գիտի բնակարանն իր հին…
Իմ իսկ շարժումները ես չեմ տեսնում,
Իրերն իրենց տեսքը թաքցընում են ինձնից,
Բայց անսխալ արդեն և անսայթաք
Ես շարժվում եմ այնտեղ,
Ապրում այնտեղ,
Գուցե այն ինքնալար ժամացույցի նման,
Որի սլաքները պոկելուց էլ հետո
Աշխատում է դարձյալ՝ ցույց չտալով
Այլևըս ո՜չ րոպե և ո՛չ էլ ժամ…
Ու ճոճվելով մթան և մենության միջև՝
Ես կարոտն եմ ուզում տարրալուծել
Քիմիկոսի նման, որ հասկանամ
Բնությունը նրա և խորհուրդը խորին։
Իմ ձգտումի վրա, ջանքիս վրա
Հեռվից քրքջում է ջուրը ջրհորդանի՝
Անասելի՛ հեռվից,
Անլսելի՜ հեռվից։
Մի քաղքենի թռչուն հեղուկ գեղգեղանքով
Իր խեղճ գոյությունն է երգ դարձընում անբառ՝
Անլսելի՛ հեռվից,
Անորսալի՜ հեռվից։
Բառերն սկսում են անձս վիրավորել,
Որովհետև նրանք ինձ են արձագանքում
Անորսալի՛ հեռվից,
Աններելի՜ հեռվից։
Պատից պատ եմ քայլում, և քայլերիս
Ձայնը թվում է, թե շատ է հեռվից գալիս,
Աններելի՛ հեռվից,
Անկարելի՜ հեռվից։
Թեպետ կույր չեմ բնավ,
Սակայն շուրջս նայում
Ու չեմ տեսնում ոչի՛նչ,
Որովհետև
Հաճախ մեր աչքերը ջոկվու՛մ — պոկվու՜մ մեզնից
Ու գնալո՜վ գնում և հասնում են այնտե՛ղ,
Որտեղից մենք հիմա շա՜տ ենք հեռու,
Անկարելի՛ հեռու,
Անհնարի՜ն հեռու:
Մենք ինքներըս վազում մեր հետևից
Ու չե՛նք կարողանում ինքներըս մեզ հասնել։
Ու չե՜նք կարողանում ինքներըս մեզ հասնել…
Եվ հենց դա՞ չէ արդյոք, որ կոչվում է կարոտ…

ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ

Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,-
Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես,
Նկատում ենք մատղաշներին,
Որոնք մեզ չեն նկատում.
Ամեն մի նոր ծանոթություն չի վերջանում էլ սիրով,
Ոչ էլ երգով մի անարվեստ, բայց պոռթկուն ու կրակված…
Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Մեր ապստամբ մազերն արդեն կա՛մ պատըժվել են մահով,
Կա՛մ իշխանաց իշխան սանրի խեղճ հպատակ են դարձել.
Մեր խռովկան մատներն արդեն դարձել են հեզ ու լսկան,
Իսկ դավադիր մեր ոտքերը՝ ընտանեսեր- տնասեր…
Ծերանում ենք, Պարու՛ր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Մե՛կ օր խմում
Եվ երկու՛օր արդեն խումար ենք ընկնում,
Մե՛կ ժամ քայլում
Եվ երկու՛ ժամ խոսում դրա օգուտից
Կամ վնասից,
Եվ ըստ որում խոսում այնպե՜ս լրջորեն,
Կարծես մի մեծ գյուտ ենք արել
Կամ հերքում ենք մի հին գյուտ.
Եվ «բուժվել» կամ «հիվանդություն» բառերն արդեն օրեցօր
Հոլովվում են ու խոնարհվում ավելի շատ և նույնիսկ
Առավել քիչ դժգոհությամբ,
Քան թե թաքուն պարծանքով…
Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Թափառելու ժամ չի մնում,
Չենք հասցնում ձանձրանալ.
Քիչ ենք թախծում մենք անառիթ,
Շատ ենք տխրում առիթով.
Քիչ ենք կարդում, շատ ենք գրում,
Շատ ենք խորհում, քիչ քնում,
Որովհետև «անքնություն» բառը դարձել է սոսինձ
Եվ ուզում է մեր քրքրված ջղերն իրար կպցնել…
Ծերանում ենք, Պարու՛յր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,
Ծերանում ենք, սակայն կարծես
Դարձյա՛լ խելքի չենք գալիս.-
Դեռ հիմա ՜ էլ զարմանում ենք.
Դեռ կարո՜ղ ենք զարմանալ
Ժամացույցի սլաքները ետ ենք տալիս մտովին,
Ի՜նչ է թե մեր արդեն չարածն իբր անենք աշխարհում.
Անկարելի հաղթանակի ելք ենք ճարում ինչ-որ կերպ.
Երբեմն էլի այս աշխարհն ենք դեռ չափչփում հուսալից
Դոն- Կիխոտի ոտքեր կոչված նո՛ւյն կարկինով ծայրամաշ.
Իսկ երբ մեկը խոր քնի մեջ մեր երազն է կոխկրտում,
Առաջվա՛ պես… առաջվա՜ պես վեր ենք ցատկում ճչալով…
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,
Սակայն… խելքի չե՜նք գալիս…

ՕԴԱՀԱՆ ԶԱՆԳԻ ՏԱԿ

Ձմեռային ինչ–որ թռչուն
Երեկոյի մոտալուտն է օրհնաբարում հիմարաբար՝
Չիմանալով,
Որ վերահաս երեկոյից
Ամե՛ն անգամ քո զգլխիչ հոտն եմ առնում
ԵՎ որ բոլոր թռչունների կանչերի մեջ
Ես ջանում եմ միայն որսալ քո անունի վանկարկումը…
Ձյուն էր տեղում ամբողջ օրը,
Գուցե մի ձյուն համատարած-համազգային
Հեռվից հեռու
Մեզ իրար հետ մի ցանցի մեջ միացնելով։
ԵՎ լռությունն արդեն թրջված-ծանրացած է հիմա այնպես,
Ինչպես որ իմ կոշիկները,
Կամ թերևըս քո վերարկուն։
Ա՜խ, այս ծանր լռությունը։
Ասես մեկի հետաքրքիր ձեռքը հիմա
Այս վիթխարի լռությունն է թաքուն կործել
Կյանքի վրա և աշխարհի՝
Մեծ օդահան զահգի՛ նման.
Կամենում է կարծես փորձել,
Թե վիթխարի այդ օդահան զանգի ներքո
Մեր սիրտն ինչքա՞ն կդիմանա,
Ե՞րբ կճայթի…
Մութը, իբրև լակմուսյան թուղթ, լուլսն է ծծում,
Ձմեռային անտառն ասես պրկախտով է հիվանդացել։
Ինձանից դուրս
Ես փնտրում եմ ինչ–որ մի բան վստահելի,
Որից կառչել կարողանամ,
Ու չեմ գտնում ոչի՛նչ.
Չկա՜ս…
ԵՎ… փնչում եմ ակամայից,
Խուլ փնչում եմ ու հասկանում,
Թե ինչո՞ւ են թռչունները ճտտում այդպես։
Նրանք ճայթում կամ պայթում են
Այս օդահան զանգի ներքո։
Իմ փնչոցը
Այդ միևնույն ճայթումն է հենց՝
Նույն օդահան զանգի ներքո…
Փորձը կարծես ավարտվում է։
ԵՎ ազդարար քամին հիմա կսկսի տալ
Այդ ավարտի ազդանշանն ամենազդու՝
Պրկախտավոր այս անտառը վերածելով ընկնավորի,
Թպրտալով լուսամուտի ու դռան տակ,
Թպրտալով ձների մեջ՝
Ինքը նույնպես մի ընկնավոր…
Խավարն արդեն խորանարդում է ինքն իրեն
Եվ իր սևը խառնակելով ձյան ճերմակին՝
Ստանում է մի գորշություն,
ՈՒ տարածուն կյանքի՛, մարդկա՛նց,
Նույնիսկ մարդու շնչի՜ վրա։
Իսկ երբ նաև գորշանում է շունչը նույնիսկ՝
Սկսում են մարդիկ քնել,
Որ… գույնզգույն երազներով
Ներկեն կյանքի գորշությունը։
Իսկ ես քնել չեմ կամենում։
ԵՎ պտտվող Երկրի վրա,
Ինչպես հսկա խարտաքարի,
Հեսանվում է իմ գիշերը,
Որպեսզի միշտ սրված մնա զգացումը՝
Կտրատելով ա՛յն թաղանթը,
Որով սերը
Վերածվում է շրջանառու սովորության…

ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ

Չգիտեմ`ի՞նչ անեմ:
Պատեպատ եմ զարկվում:
Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
Ու հասկացած նրա ինչ-ինչոցը` կրկին
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտեմ` ի՞նչ անեմ:
Լավ է ելնեմ-գնամ, տամ փողոցին տուրքը.
Կամ հավաքեմ հարկըս նույն այդ փողոցներից:
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ:
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
Ճակատըս սեղմելով մտածում եմ,
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
Ճաղի արանքներից լուռ հածում է
Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,
Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատնյա.
Թո՛ղ որ ապրեն ազատ,
Ո՞ւմ են վնաս տվել:
Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,
Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին
Փակցըված հայտերը և ազդերը բազում
Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն
Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`
Մի թատրոնի
Կամ թե
Մի համերգի տոմսով…
«Երբ ժամանակ լինի» ասելով չէ՞ր,
Որ անցավ մեր կյանքը,
Մինչդեռ այս վայրկյանիս`
Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ…
Եվ իմ ներսի ձայնը
Խաղաղությամբ մի բութ
Սկսում է ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,
Որ ես քիչ է մնում «հե՜յ-հե՜յ» գոռամ`
Նախրապանի նման կամ հովվի պես.
Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,
Թե անտեր են իրենք:
«Հե՜յ-հե՜յ» կանչելն, անշո՛ւշտ,
Նո՛ւյնպես գործ է:
Բայց ես հո չեմ կարող
Անվերջ «հե՜յ-հե՜յ» կանչել:
Ուրի՛շ գործ եմ ուզում:
Իսկ ի՞նչ:
Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի…
Պատացել է մութը արդեն վաղուց:
Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`
«Լույս զվարթ» եմ երգում իմ մտքի մեջ
Եվ «Առավոտ լուսո»:
Սա էլ գործ է, հարկա՛վ,
Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,
Իմ ուժից վե՜ր մի գործ:
Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,
Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,
Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից
Ձեռքերս սկսում են լուռ մտածել…
Ձեռքերս սկսում են լուռ մտածել,
Որ ձեռքերը (իրե՜նք) ունեն կյանքում
Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `
Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը…
Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ
Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:
Ես իրար եմ զարկում նրանց ամուր
Ու թողնում եմ այդպես.
Թող կո՛խ բռնեն
Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:
Իսկ ոտներըս,
Խանդո՜տ այս ոտներըս,
Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`
Հավանաբար, թաքուն մտածելով,
Թե դրանից աչքիս կբարձրանա
Նաև իրե՛նց հարգը…
Նո՛ւյն վայրկյանին
Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ
Բեռնամեքենայով ձիեր էին տանում,
Հասկանո՞ւմ եք, այո՛,
Չե՞ք հասկանում:
Այո՛, ձիե՜ր`
Նրա՛նց,
Որ բյուրավոր դարեր
Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,
Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,
Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,
Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:
Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա
Այս քո փռշտացող մեքենայի համար,
Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր
Փոխադրականդ է փոխադըրում…
Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,
Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,
Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա
Մե՛զ պես (մարդո՜ւ նման) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,
Մե՛զ պես (և ավելի՜) զգուշացո՜ղ ձիեր…
Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:
Լացըս զսպեմ ու ձեր… ցա՜վը տանեմ, ձիե՛ր…
Եվ իմ ներսում,
Որտեղ պարապությունն արդեն
Իր պյուռոսյան տխուր հաղթանակն էր տոնում`
Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,
Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-
Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,
Վրնջում են ձիե՜ր,
Խրխնջում են ձիե՜ր,
Դոփո՛ւմ,
Բերաններից կրա՜կ թափում
Ձիե՜ր…
Ձիե՜ր,
Այսքան ձիե՞ր…
Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ «մեղա»,
Ինձ կտրում են փափուկ մահճակալից,
Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,
Որի առաջ կա մի… տանջված գրասեղան:
Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,
Որպեսզի… ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ.
Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,
Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Դոփո՜ղ,
Բերաններից կրա՜կ թափող
Ձիե՛ր…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով