Լևոն Անանյան. Ողկուզավոր հակինթ

«Գարուն», 1981, 8

(Շամշադինյան ճեպանկարներ)

Բարձունքից գահավիժում են լեռներն ու բլուրները` իրենց կողերի մութ խոռոչներում կուլ տալով կիրճ ու հովիտ: Մինչև գաճաճ անտառի ներքին փեշը խնամքով վարած հողը գոլորշի է արձակում (անպայման` գոլ ու տամուկ): Ծտերի աններդաշնակ ճռվողյունի միջից ես լսում եմ (գուցե պատրա՞նք է) բողբոջների պայթյունը, ճյուղերի մոխրագորշավուն գծանկարները կարծես ծաղկում են միանգամից, և վայրի սալորենիները ճերմակ ճայեր են թվում հոնուտի բոցեղեն ծովի վրա:
Մեղվանոցի ներկաթափ փեթակները շնչահեղձ են լինում ուրցի և դաղձի բուրմունքից, և մեղուներն են երանելի բզզում` անտեղյակ աշխարհն չար ու բարուն: Եվ արևոտ օրն Է բզզում` թոնրի ալվլան շուրթերով: Եվ արևը իմ հարևանն է (սա արդեն կարելի է վիճարկել), ոչ թե հեռու 150 մլն կիլոմետր, այլ կողքիս` ցոլված ողորկ, չեչոտ քարերին, ծառաբների թաղկած մամուռին, ծաղիկներին: Նաև թիթեռներին. սև, սպիտակ, չալպուտուրիկ թիթեռներ, որոնք առանց ռասայական խտրականության իջնում են խատուտիկի ոսկեպսակին, և լրիվ դեղին թիթեռներ` ներկված խատուտիկի գույնով:
Այսքան վեր եմ մագլցել, որովհետև… Գործուղմանս նախօրյակին նկարիչ բարեկամս մի քանի գիծ խազմզեց թղթի կտորի վրա և ասաց.
— Դու չես զգա Շամշադինը, եթե այս ծաղիկը չտեսնես:
Հիմա ես փնտրում եմ այդ ծաղիկը` երախտագիտորեն վայելելով գունեղ բնապատկերը:
— Հո՜, հո՜,— լսվում Է ջահել հովվի կանչը. լեռների տիրոջ վստահ կանչ է, Ադրբեջանի և Հայաստանի սահմանագլխին:
— Հո՜, հո՜,— արձագանքում են ձորերը, և հյուսիսային քամին սառցե մատներով վերցնում-տանում է արձագանքը` գիլ-գլոր դեպի սարահարթ, դեպի ավելի վար, ուր Չինարի գյուղն է:
Սարահարթում վանական համալիրն է, լաքած կանաչի սփռոցին, կիստվեր կամ լավ պահպանված—նայած ի՛նչ սրտով ես ընկալում: Շուրջն ամեն ինչ ասում է` արևը, անտառը, Գարդմանա լեռները, նույնիսկ նախապատմական ցեխը, որ նշանավոր է դարձնում Խորանաշատ տանող լուսնոտի մոլոր ճանապարհը,— միայն վանքն է կանգուն: Տասներեքերորդ դարից մինչև հիմա, և եթե տված խոտումն էլ չհոսի ու եկող տարի վերականգնեն` էլի քանի՜ հարյուրամյակ… Վանքը չորս կողմից կիպ գրկել են հյուսիս-արևելյան Հայաստանի ճարտարապետական կոթողներին բնորոշ մոշի կպչուն թփերը, ընկուզենու պուրակը, մացառուտը: Զուտ մողեսներին տրորելու սարսուռն է սանձում բոբիկ ոտքերով մորու բացատը խուժելու ցանկությունս: Բարձունքից խաբուսիկ է ստորոտի մասին դատելը. կրակի շուրջը խմբված մարդկանց նմանեցնում եմ ծխի բաց կապտավուն քուլաներին երկրպագող քրմերի: Սակայն ես գիտեմ, որ նրանք քոմեր չեն, այլ գիտնականներ, արվեստաբաններ, պարզ ու բարեսիրտ շամշադինցիներ, որոնց այստեղ է հավաքել Վանական Վարդապետ Տավուշեցու ծննդյան 800-ամյակը: Հենց «այր սուրբ և պարկեշտ, և յամենայն գործս բարիս յառաջադէմ» Տավուշեցին էլ հիմնադրել է միջնադարյան ճարտարարվեստի այս հրաշալիքը` ստեղծելով հայ պատմագրության մի նոր փայլուն կենտրոն: Մեծն Մխիթար Գոշի աշակերտ, մեծիմաստ և առատամիտ ուսուցչապետն ինքը կրթել է հայտնի պատմիչներ Կիրակոս Գանձակեցուն, Վարդան Արևելցուն, Մաղաքիային…, որոնք մագաղաթներին ի պահ են հանձնել դրվագող Վանականի տառապալի կյանքից ու գործից: Նույն դարին է պատկանում Շամշադինի մեկ այլ կոթող` Նոր Վարագավանքը, ճարտարապետ Հովհանի երախայրիքը` զմայլելի ծաղկազարդ դարավանդին թիկնած, լեցուն խաչքարերով, զարդանախշերով, արձանագրություններով: Սակայն այս երկուսը, ինչպես և Տավուշի բերդը, Շահմուրադն ու Կապտավանքը իմ մտապատկերում զուգորդվում են բնավ ո՛չ մանուշակների մանյակով, որ ցոլցլում է նրանց պարանոցին. ինձ մտահոգում են նորօրյա ոսկեխույզները, ավելի ստույգ` պայթեցումները: Ես չէի հավատա, որ դեռևս կան երևակայական ոսկու փայլից կուրացող կարճատեսներ, եթե հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության աշխատակից Դավիթ Մնացականյանը ցույց չտար նրանց ավերածությունները:
Եվ ո՞վ պետք է բռնի ոճրագործ ձեռքը, ո՞վ պետք է բացատրի, որ իսկապես նյութական մշակույթի գանձերը հարստություն են, սակայն դրանց արժեքը մեր ոսկեբազուկ վարպետների շնորհքն է:
Քիչ առաջ հարցրի հնագետ Ստեփան Եսայանին.
— Այս կողմերի մարդիկ մի քիչ կռապաշտ են եղել, չէ՞:
— Թերևս,— պատասխանեց:— Նրանք աստծուն հավատացել են, բայց տերտերին չեն ընդունել:
Խոսակցությունը հուզեց ցմփոր մի հանրագիտակի.
— Ի՜նչ աստված, ի՜նչ տերտեր, պարզապես ի սկզբանե աթեիստ են եղել:
Նրա անհոգ, կարմրաթուշ դեմքին նայելով կարելի էր անսխալ ասել, թե հատկապես ո՛ւմ գլխում են ծնվում փցուն մտքերը:
Եվ կրկին ամեն բան ձուլվում է բնությանը. մեղուների պարսը, ծղրիդների ճռռոցը, ուրցի բույրը, և արևը, և մարդիկ, և դատողություններն աստծո մասին: «Նիվայի» մեջ միացրել են մագնիտոֆոնը, երգչի տենորը մուղամը կլկլացնելով՝ զեղում է կույսին իր սերը, որ հրապարակային պարսավանք է հնչում,— և այս պահին ես մաքրամոլ եմ, սրտնեղում եմ, թե հայերեն մի նախադասության մեջ օտարածին քանի բառ է ներխուժել, ու փշրվում է անդորրը, աստվածայինը, անաղարտը…
Ես հիշում եմ, թե արևելագետ Պարույր Մուրադյանն ինչպես բացատրեց Շամշադին անվանման ծագումը, թաթարները գրավում են Տավշո աշխարհը, և բռնակալ Շամս-էդ-դինն ամուսնանում է տեղի իշխանադստեր հետ: Օտար ասպատակը պայազատ է կարգվում այս հողի վրա: Ինձ կրծում է չարությունը. ի՛նչ բարիք է գործել պատահական զավթիչը, որ ժողովրդի նախատինքի մատյանում բանադրվելու փոխարեն` հավերժացել է: Եվ անմիջապես մտովի բախվում եմ բանավիճողների «զորեղ» փաստարկին` տեղանուններն էլ պատմություն են: Եվ իմ փաստարկն եմ մեջտեղ հանում. մի՞թե հայոց պատմությունը նվաճողների վարքագրություն է: Եվ եթե ելակետը պատմական մոտեցումն է` մի՞թէ Ուտյաց—Գարդմանա—Փառիսոս աշխարհը չի տվել նահատակներ ու հերոսներ, կամ թե ինչով բարեհնչուն և արդարացի չէ Տավուշ անունը:
Միտքս եռում է տենդագին, բայց հայացքս որոնում է լեռների խորհրդանիշ-ծաղիկը: Եվ ինքս ինձ պարգևատրում եմ: Ահա նա իմ առաջ է` մուգ կապույտ ու նրբամեջք, նրբագեղ խոպոպները զեփյուռի փափուկ ափին տված: Զգույշ պոկում եմ ցողունից և կարմրաժուռ առէջքներում փնտրում Շամշադինը: Հետո բուսաբանական բառարանում կկարդամ նրա անունը` ողկուզավոր հակինթ կամ վարդապետիկ:

***
Գարնան անձրև, օրհնյալ անձրև, որ շրշփում է թալկացող արտ ու արոտին, առվույտի, տարեկանի ցանքերին: Սևակնած երկնքից հույսի ողկույզներ են թափվում հողի տոչոր շուրթներին, և երեք տարվա անընդմեջ երաշտից հետո հողագործն սպասում է տեղատարափին, ինչպես, երևի, հավատացյալը հայտնությանը: Բնության տարերքին հլու` լողանում են խաղողի նոր պտկած մատերը, դեղձենիներն ու խնձորենիները, Արծվաբերդի` հայացքներն արևելք հառած առանձնատները, իսկ մենք թրջվում ենք:
— Ի՜նչ մաքուր էն օդը, անձրևը,— հրճվում եմ ես:
— Այո՛,— մտազբաղ արձագանքում է Դեզդեմոնա Քալանթարյանը` աչքը տաբատիս ցեխաթաթախ փողքերին,— շատ մաքուր են:
Դեզիկը մեր կուրսից է, մարդկային ցեղի այն անհետացող տեսակից, ովքեր քիչ են խոսում, բայց գործում են կշռադատված: Մինչ մեզնից շատերը բանասիրական երդումներ էին հեղում ազգային արժանապատվության և հայրենանվիրաթյան զոհասեղանին, նա սուսուփուս հավաքեց իրերը, մեկնեց շրջան, ամուսնացավ (ո՛չ Օթելլոյի) Արիսի հետ, այժմ աշխատում է «Այգաբաց» թերթի խմբագրությունում:
Վիճակագրությունը լակմուսի թուղթ է, զգայուն կերպով ջրի երես է հանում սոցիալ-տնտեսական ամեն մի տեղաշարժ: Ես սիրում եմ թվերը, բացի մեկից, որ չարքի նման գործուղումներիս հետապնդում է ինձ: Շամշադինում նույնպես պետք է հանդիպեի հին ծանոթիս՝ գյուղական բնակավայրերի արտահոսքին, թվային հետևյալ արտահայտությամբ՝ տասնհինգ տարի առաջ շրջանում բնակվում էր 40 հազար մարդ, բնակչության կորը բնականորեն աճելու փոխարեն նվազել-հասել է 32379-ի: Նույն այդ մարդախիտ ժամանակներում, երբ նախագծվում էր Բերդ ավանի գլխավոր հատակագիծը` 12 հազար բնակչի համար, ո՞վ կարող էր ենթադրել, որ հաշվարկը սխալ է…
— Ջահելներին գավառը չի ձգում,— ասում է Դեզիկը, ինքը կոկ, նորաձև հագնված, ասես վերջին ինքնաթիռով է ժամանել Փարիզից:— Ի՞նչ է, այս ցեխը մագնի՞ս է, քաշի-բերի…
Խոսքը չավարտած` պոկվում է կոշիկի ներբանը, և նա բավական հյութեղ նախատում Է արտասահմանյան ինչ-որ ֆիրմայի, որը հաշվի չի առնում Շամշադինի ճանապարհազրկությունը (ես հարցրի Երևան—Բերդ ավտոբուսի վարորդին. ինչո՞ւ եք մեքենան վարում հին ուղերթով, չէ՞ որ շահագործվել է Կրասնոսելսկի ճանապարհը, ի՞նչ է, զարմացավ նա, ձեր կարծիքով, ես ավտոռալեի չեմպիո՞ն եմ): Մենք թրջված ենք ու ծիծաղելի` կատակը հասկանալու համար: Իսկ արծվաբերդցի կոլտնտեսականները` արևահար, անփույթ, առանց կեցվածքի, կամ պարզապես հողագործի կեցվածքով, դաշտում ծխախոտ են սածիլում: Այնքան անտրտունջ ու բնական, կարծես անձրև չէ, այլ պատվիրած ցնցուղ նորատունկ սածիլներին: Բացօթյա ջերմոցներում երեք տղամարդ են, երեքն էլ օղակավար (անունները չեմ գրում. նրանք ծխախոտ աճեցնող չեն, ծխող են) և մի կին: Կինը թվարկում է առաջավորներին` Ռոզա Հայրապետյան, Վարդուշ և Արևհատ Բարապաններ, Սիրան Ավալյան… կնճռոտում է ճակատը, իր ընկերուհիներն են, ջանում է բոլորին հիշել, իսկ տղամարդիկ ասպետորեն նույնն են կրկնում.
— Ինքն էլ Զարիկ Լոբյանն է, կոլտնտեսության սյուներից:
Կարելի է հետաքրքրվել, թե փոքր-մոքր Զարիկ Լոբյանն այդ ինչպես է իր ուսերին պահում հսկա տնտեսությունը, բայց ինձ ուրիշ խոհեր են պաշարել: Ճիշտը որ ասեմ` ծխախոտագործությունը շրջանում բոլորովին սրտովս չի, երևի նրանից է, որ Շչեդրինի գեներալների նման չեմ մտածում, թե բուլկին աճում է ծառի ճյուղին, բազմիցս առիթ եմ ունեցել համոզվելու, թե ի՛նչ հոգեմաշ «պարգև» է կնոջ համար ծխախոտի մշակությունը: Իսկ Շամշադինը հարուստ է ծխախոտով բառի և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով: Գյուղվարչությունում ինձ ասացին, որ ծխախոտին հատկացված է շուրջ 800 հեկտար: Ես պարզորոշ պատկերացնում եմ, թե այդ տարածության վրա որքա՜ն ջանքեր են կլանելու ապակե շրջանակների տակ խլշած անմեղ թվացող այս պստլիկները: Սածիլում, ջրտուք, փխրեցում, բուկլից, քաղհան… մինչև ձևավորվի բույսի սաղարթը, լցվի դառնահյութով, ապա առաջին քաղը՝ մանրիկ, նշտարաձև տերևներով, երկրորդ քաղ, լիության ժամանակը` երրորդ քաղ, չորրորդը, հինգերորդը, հետո ծաղկատում` նոր բերքի սպասումով: Քաղած «բարիքը» պետք է շարել` մեկիկ-մեկիկ վերցրու տերևները, ասեղով շարիր թելի վրա, նոսրացում, կապ, չորացում, հավանգ, հակավորում. այսպես կլոր տարին` հունվարից-հունվար: Դե նստիր հողին (չորանոցներում հո մանրատախտակ չե՞ն խփելու), ծռիր իրանդ, լարիր տեսողությունդ և մի տրտնջա, որովհետև նորմաները բարձր են, շահույթը` մեծ (շրջանում մեկ կգ-ի արժեքը 1980 թ. հասավ 8,94 ռուբլու): Սակայն շրջենք մեդալի հակառակ երեսը, ծխախոտը ոսկի է, ձույլ ոսկի, բայց ո՞ւր մնաց մարդու առողջությունը, որի դեմ խամրում է անգամ կարմիր ոսկին: Բայց չէ՞ որ պակաս թանկագին չէ հողի առողջությունը՝ այն էլ մեր սակավահող հանրապետությունում: Պատկերացրեք ծխախոտի արմատային խիտ համակարգը, պատկերացրեք Շամշադինի թեքադիր հողակտորները, և արդյունքն ինքն իր մասին կխոսի` անխուսափելի էրոզիա: Էրոզիայի գիտական բացատրությանը` թեքալանջերի սխալ վար, հողի քայքայում, տեղատարում ջրի կամ քամու ազդեցությամբ: Այգեձորամ, Չորաթանում, այլուր ես տեսա ամուլ ու հողմածեծ բազմաթիվ հողակտորներ. մոտավոր հաշվարկը վկայում է, որ վերջին քսան տարում դուրս է գրվել երկու հազար հեկտար վարելահող, երբ եղած-չեղածն ընդամենը ութ հազար հեկտար է (շրջանի տարածքի կեսից ավելին անտառածածկ է): Դուրս գրել հողը, այսինքն` խոտանել. ի՜նչ թեթև է հնչում: Հողը քանի՞ սերունդ է կերակրել, քանի՞ սերունդ է դեռ կերակրելու: Ինչո՞ւ ընդհատել նրա կենսագրությունը` այգիներով ճոխացնելու փոխարեն: Սակայն ընդմիջենք հռետորական հարցերը և ձայն տանք գյուղվարչության պետ Աzատ Դարբինյանին.
— Մեր հողերի մեծ մասը 12 աստիճանից բարձր թեքություն ունի, դրանք վարելը բարբարոսություն է:
Այդպես էլ ասաց` բարբարոսություն է: Եվ ես չեմ մեղմում զայրույթի պահի նրա պոռթկումը: Հողը կիտրոն չէ, որ հյութը քամես, վերցնես հասանելիքդ, կճեպը դեն նետես, հերև անիծած, թե վաղն ինչ կլինի, այսօր կուշտ ապրենք…
— Տնտեսությունների ղեկավարների հետ անվերջ վիճում ենք, համոզում` մի վարեք թեքալանջերը: Նրանց պատասխանը միանշանակ է` պլան է իջեցվել, պարտավոր ենք կատարել:
Իրոք, պլանը օրենք Է. օրենք, բայց ոչ դոգմա, և «թե անհրաժեշտ Է (ինչ կա որ)` պետք է վերանայել: Չխուսափենք ուղիղ նայել իրականության աչքերին, մանավանդ երբեմն մեր անհեռանկար կարճատեսությունը խորանում է, դառնում բնավորություն և գործելակերպ: Երախտամոռ չլինենք մեզ կերակրողի հանդեպ, որն այնքան շռայլ ու առատաձեռն Է: Միայն մեկ ցուցանիշ. վերջին երկու տարում խաղողագործության եկամուտը շրջանում կազմել Է 9,5 մլն:
Որքան զարմանալի, նույնքան տարօրինակ մի պարադոքս` համատարած ավտոմատացումն ու մեքենայացումը համառորեն և տևականորեն շրջանցում են ծխախոտագործությունը: Ժամանակին մի քանի կիսակատար շարող մեքենաներ հայտնվեցին` ջարդելու և փչացվելու անփառունակ ճակատագրով: Միակ լուսո շողը թերևս Արծվաբերդի ծխախոտի չորացման անշար չորանոցն է, որը (վերջապե՜ս) բացառում է շարի պրոցեսը: Մոլդավական այս նորընծան էժան հաճույք չէ` 170 հազար ռուբլի, բայց արդյունքներն էլ էժանագին չեն: Աշխատանքի սկզբունքը դյուրին է ու մատչելի: Տեղակայված են տաք օդի հոսքով բանող վեց պահոցներ, յուրաքանչյուրը 40 տոննա հզորությամբ: Վիկտոր Ասրյանը` երիտասարդ, եռանդուն ինժեներ, հանգամանալի ծանոթացրեց արտադրության ընթացքին, սկզբնափուլից, երբ ծխախոտի կանաչ տերևները դասդասում են լիցքի հարմարանքներում, մինչև դրանց հերթագայումը չորացման, խոնավացման և հանգստացման բաժանմունքներում: Ընդհանուր տևողությունը 100-120 ժամ է (համեմատենք ամռան և աշնան երկարուձիգ ամիսների հետ), որից հետո հումքը առաքվում է Այգեպարի ֆերմենտացիոն գործարան: Այն էլ ինչպիսի՜ որակյալ հումք, որ ամենաբծախնդիր ծխախոտագործուհու նախանձը կշարժի:
Ով փոքրիշատե առնչվել է ծխախոտի մշակությանը, չի վարանի քվեարկել նորույթը լայնորեն արմատավորելու օգտին. սա այն փորձն է, որ հազար փորձանք է կանխում:
Չխուսափենք ուղիղ նայել իրականության աչքերին: Իսկ այդ հայացքը ասում է. նույն հողի վրա աճեցնում ենք և՛ հնդավոր, և՛ շարահերկ կուլտուրաներ, և՛ խոտաբույսեր ենք ցանում, խոզ ենք պահում, ոչխար ու կով: Ինչ կա որ, առարկամ եմ ինքս ինձ և փնտրում պատասխանը, ահա թե ինչ. հստակ մասնագիտացում չկա, և ամեն բանից մի քիչ սկզբունքը հարուցում է պլանային բոլոր առաջադրանքները (գերա) կատարելու ազնիվ մրցավազք. բնականաբար մրցույթից դուրս է մնամ չպլանավորվածը՝ սրտացավությանը: Մեկ ձեռքը քանի՞ ձմերուկ կբռնի… Եվ արդյո՞ք տեղ կմնա կարտոֆիլին, որն իր գոյությանը չի արդարացնում շրջանում: Իսկ Արծվաբերդը նաև սերմնաբուծական տնտեսություն է: Հորերի շուրջը նստոտած` դաշտավարները ջոկում-տեսակավորում էին կարտոֆիլը, առողջները սերմացու, վատերն անասնակեր:
…Անձրևը դադարեց միանգամից, ասես աներևույթ, մեկի գերանդին խոտի հետ հնձեց նրա շիթերը: Լանջերի ու հանդակների մակերևույթին ուղտի սապատի պես ուռչում էր գոլորշին: Արևը ետ էր խլում երկնքի տվածը:

***
Հոլանի, հրաշագեղ բլուրներ` անթերի գծերով: Բլուրների վրա սփռված մենատներ` լայնշի այգիներով, աշնանացանի կանաչ կարպետին պլպլացող մոխրատանձենու արծաթ գիսակներով: Սա Չինչինն է:
Կոլտնտեսության գրասենյակի պատին արևկող թիկնել է մի ծերունի, առանց ծխամատյանները քրքրելու էլ վստահ կարելի է պնդել, որ շամշադինյան երկարակյացներից ամենակրտսերը չէ: Ողջունում եմ ոչ այնքան հավատալով լսողության հրաշքին, որքան տուրք տալով անծանոթներին բարևելու տեղի սովորույթին:
— Բարև, հայրիկ:
— Առաջ բարի, որդիս,— պատասխանում է լարված, ճանաչելու ճիգով: Սակայն առջևում ոչ բարի է, ոչ չար, դափ-դատարկ շենքն է արտաշնչում ետմիջօրեի տաք օդը:
— Նրանց դաշտում փնտրեք կամ ֆերմայում, կգտնեք,— մխիթարում է ծերունին` ակնհայտորեն հիսաթափված իր հիշողությունից:
— Իսկ չե՞ք ասի, որտեղ է ճագարաբուծարանը:
— Հրե՜ն, էն դարափին,— ձեռքը պարզում է դիմացի սարի կողմը:— Ինչի՛, բա էդ բարձր տեղը ճագար կպահե՞ն, համ բարձր, համ խոնավ:— Դժգոհ թոնթորում է և հեռանում` փոշու ամպ հանելով: Թվում է` նա ոչ թե քայլում է, այլ հաղթահարում տեղանքը: Ճագարաբուծարանի մասին շատ բան չգիտեմ, այնքան, որ հանրապետության ամենամեծ տնտեսությունն է և որ աշխատում է զգալի օգուտով: Շուտով, սակայն, աղքատիկ գիտելիքներս էլ օճառի պղպջակների պես պայթում են:
— Ի՞նչ օգուտ, ի՞նչ շահույթ,— անտեղյակաթյունս հուսահատեցնում է համալիրի վարիչ Հովհաննես Առաքելյանին և անասնաբույժ Սայադ Գաբրիելյանին:— Օգուտները հալվեցին հերվա ձյուների հետ: Հիմա մեր հոգսը անկումներն են, որ չենք կարողանում կանխել:
Զարմանքս հեշտ չէ փարատել, ճագարներն այնքան բերան են (ամսական 4-12 ձագ), որ արտառոց է թվում նրանց գլխաքանակից բողոքելը: Եվ բողոքի պատճառները` մոլեգնող համաճարակն ու մակաբուծախտը: Ինչպիսի ծնելիություն կարող է փոխհատուցել օրական շուրջ 500 անկումին:
Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել: Պատահել է այն, որ ճագարները դարձել են իրենց քմահաճ քիմքի զոհերը, հացադուլ են հայտարարել և եթե գրաճանաչ լինեին` վերջնագիր կներկայացնեին գյուղմինիստրությանն ու մթերումների մինիստրությանը. մեզ պետք չեն հատիկավոր կերերը, տվե՛ք մասնագիտական ճաշացանկով նախատեսվածը` կուտենք: Վրաստանի ճագարները մեզնից լավը չեն:
Իրոք, ճագարաբուծարան ենք հիմնում, խրախուսում, բարի լինենք կազմակերպել կերարտադրությունը: Իսկ ճագարները գեղեցիկ էին, այնքան գեղեցիկ, որ չէի ուզում հավատալ, թե միս են դառնալու վաճառասեղանին և մորթի` պճնամոլի պարանոցին: Եթե, իհարկե, գոյատևենք, կարդում էի նրանց բացակա հայացքներում:
Արդեն Թխկուտ փոսերի ճանապարհին հիշեցի չինչինցի ծերունու խոսքերը, կերը` կեր, բայց գուցե չի՞ խաբում նրա փորձառությունը ճագարների և բարձր տեղանքի անհամապատասխանության մասին:
Թխկուտ փոսերում Չինչինի կաթնապրանքային ֆերման է: Ինձ ոչ այնքան հետաքրքրում են տնտեսական արդյունքները, որքան Դիլանյանների երիտասարդ ընտանիքը: Գիտեմ, որ շամշադինցի անասնապահները երկնքից աստղեր չեն իջեցնում, ֆուրաժային կովի կաթնատվությունը 289 կիլոգրամով զիջում է հանրապետության միջինին, այնուամենայնիվ, հետաքրքրվում եմ` ինչպե՞ս է, որ նույն հող ու ջրի պայմաններում մեկը դառնում է երկու հազարական, մյուսի համար 1500-ը սահմանային ցուցանիշ է: Իրար ընդհատելով և լրացնելով ամուսինները՝ Գառնիկն ու Անահիտը, պատմում են ճիշտ ռեժիմի, խնամքի, մաքրության և ուրիշ հույժ կարևոր գործոնների մասին, իսկ ես նայում եմ ճոճքում մուշ-մուշ քնած երեխային, որն ասես կաթից է հունցված: Փոքրիկ Գևորգը քնի մեջ ժպտում է. ի՞նչ է տեսնում երազում:
— Աշնանը նոր տուն ենք կառուցելու,— հայացքս որսալով, չգիտես ինչու, ասում է Գառնիկը:
— Ի՞նչն է ձեզ պահում գյուդում:
— Շատ բան, գուցե ծիծաղելի է՝ նույնիսկ կովերի բառաչը:
— Հողը, ծառ ու ծաղիկը, շուտով Միափոր յայլաները կբարձրանանք, իսկական դրախտ է,— հիանում է Անահիտը:
Այնքան էլ վարժ չեն խոսում, բայց ուզում են հետևյալն ասել. մարդն ինքը չի ընտրում ծննդավայրը, նա ծնվում է իր հայրենիքում:
— Իսկ չե՞ք ձանձրանամ, տարվա մեծ մասը աշխարհից կտրված,— զգուշորեն հարցնում եմ:
Զգուշանում է նաև Անահիտը: Գուցե թե կա երկո՞ւ ճշմարտության, մեկը կյանքի, մյուսը մամուլի համար: Եվ հիմա տատանվում է ճշմարտության Սցիլայի և տեղական հայրենասիրության Խարիբդայի արանքամ: Ապա կյանքի ճշմարտությանը ծալում, խնամքով դնում է երեխայի բարձի տակ. օտար աչքը թող չտեսնի:
— Ո՛չ,— վարանումով ձգում է նա,— ինչո՞ւ եմ ձանձրանամ, ամեն ինչ ունենք՝ շրջիկ կինո, խանութս ռադիոընդունիչ: Գիտե՞ք…
Գիտեմ, Անահիտ, որոշ բան գիտեմ, ծանոթ եմ նույնիսկ շրջկոմի պլենումում քո քննադատական ելույթին, վիրավորական է` այրվում-սպառվում ես աշխատանքի մեջ և երբ փորձում ես ցրել հոգնությանդ, հագեցնել մշակութային քաղցդ, հոգևոր սննդի սեղանին լոկ փշրանքներ ես գտնում:

***
Ծույլ, քնատ աչքերը տրորող առավոտի մեջ քամին մաքրակենցաղ տանտիկնոջ ջանադրությամբ ավլում է Բերդի փողոցները (հետո ինչ, որ նախորդ օրը շաբաթօրյակ էր), և փոշին անխնա լցվում միամիտ անցորդների աչքերը: Նայում եմ կիսակառույց-պահածոյացված ճոպանաղու հենապատին և ակամա մտածում, թե քամին իր ցախավելով քշում տանում է նրա վրա վատնված 48 հազար ռուբլին: Շուկայում, եթե կարելի է շուկա կոչել ինքնաշեն խարխուլ տաղավարները, ադրբեջանցիները բանջարեղենի շեղջերի մոտ կանգնած մի քանի լեզուներով սակարկում են (շատ լավ է, որ շամշադինցին շուկայական հոգեբանություն չունի, բայց բոլորովին չի խանգարի, եթե վաղահաս կանաչի ունենար): Մտքովս չի էլ անցնում, թե ինչու շուկայի նոր շենք չեն կառուցում, քանի որ տեղյակ եմ բնակարանային սուր պրոբլեմին: № 52 շինվարչությունը յուրօրինակ ռեկորդի հեղինակ է` անցած հնգամյակի բոլոր տարիներին… թերակատարել է պլանները, չորս տարում գյուղական շինարարության գծով չեն իրացվել մեկ միլիոն 810 հազար ռուբլու կապիտալ ներդրումներ:
Մոտակայքում ծվարել են մանր-մանր արհեստանոցներ. նրանք ակնարկում չէին հիշատակվի, եթե չլինեին ճակատներին թառած ազդ-հորդորները, որոնք ցանկության դեպքում հնությամբ կմրցեն Խորանաշատի վիմագրերի հետ: Համենայնդեպս վերծանում եմ. «Հրդեհից խուսափելու համար կերոսինկան միայն մարելուց հետո նավթ լցնել»: Հավանաբար հորինվել է, երբ բնական գազը Շամշադինում թեման դեռևս պատկանում էր ֆանտաստիկայի բնագավառին:
Տարրական ճաշակի ոտնձգություններին անտարբեր քամին սաստկանում է, և ես պատսպարվելու հույսով մտնում եմ կապի հանգույց: Չնորոգված, կեղտակուր սրահամ թառել է ավտոմատ հեռախոսը, որը հոկտեմբերիկները վաղուց պետք է հանձնեին մետաղի ջարդոն:
Դիմացի մայթին վեհորեն կանգնել է շրջկենտրոնի մշակույթի տունը, երկու ծանրակշիռ կողպեքներով, որոնք ի լուր աշխարհի ազդարարում են շրջանի մշակութային կյանքի համատարած կիրակին: Լավ հանգիստը լավ աշխատանքի երաշխիքն է. ըստ երևույթին հոգացել են գործի տնօրենները: Հողի մշակը մի հանգստյան օր ունի, ինչո՞ւ զբաղեցնել, և անխռով հանգստանում են` մենք ու մերոնք ենք—յոլա կգնանք: Սակայն այս հարցերի մասին չէ, որ խոսեցի կուլտուրայի բաժնի վարիչ Հեղուշ Միրզոյանի հետ: Ավելի կարևոր հոգսեր կան` մշակույթի օջախների անհամախմբվածությունը, ինքնագործ խմբերի ցածր մակարդակը, ընդհանուր` շամշադինցուն համակած ձանձրույթն ու դժգոհությունը: Եվ մշակութային կյանքի գարշապարը` մասնագետների պակասը. կուլտուրայի ցանցի 52 աշխատողներից միայն 14-ն ունեն մասնագիտական կրթություն: Մշակույթի տան մեթոդիստները` դպրոցավարտներ, իրենք են կարոտ գիտելիքների, ու՜ր մնաց սովորեցնեն…
Շրջանում երգչախումբ չկա, եղած խմբերը գործում են տոնից տոն, գործիքներ չկան, ժողթատրոնը ռեժիսոր չունի… չ՛, չ՛, չ՛… շատ չէ՞, արդյոք, այս բազմակի ժխտումը մի փոքրիկ շրջանի համար, արդյո՞ք քանակից որակի վերաճելու փիլիսոփայական կատեգորիան հաստատելուն է կոչված հեռավոր Շամշադինը: Այնքան հեռավոր, որ կուլտուրայի մինիստրությունը համարյա մոռացել է նրա գոյությունը:
Շրջանում, իհարկե, անվրդով չեն նայում այդ փաստին. Հայաստանի հոբելյանի օրերին, օրինակ, 78 ռուբլու հեռախոսազանգ ու հեռագիր հղեցին մայրաքաղաք, բայց այդպես էլ չշարժվեց որևէ պրոֆեսիոնալ խմբի գութը՝ Շամշադին այցելելու: Եվ ո՞ւմ համար են կառուցել մշակույթի շքեղ պալատները գրեթե բոլոր գյուղերում, եթե բեմը դատարկ է, դահլիճն անարձագանք: Գյուղի աշխատավորի, այգեգործի ու դաշտավարի համար, նրանց համար, ովքեր Հախումի ջրամբարն են կառուցում…

***
Արշակ Մելիքբեկյանի հետ կանգնել ենք վիթխարի թասի հատակին, և ինձ թվում է, թե մենք ակվարիումի մեջ բանտված ձկներ ենք: Իբր, Հախում գետի հոսանքով լողում ենք դեպի վար, բախվում 47 մետր բարձրությամբ պատվարին: Ապա ետ ենք լողում, ուր ալիքվում է արհեստական լճի 84 հեկտար հայելին… Սակայն դեռ ոչ պատվարը կա, որ ջրամբարը, շուրջն աղմուկ է, ոչ բանաստեղծական խառնաշփոթ, հռնդում են բուլդոզերներն ու բեռնաթափերը, կավահողը կծկվել-խեղճացել է, մացառուտները ետ են նահանջում, գետահովտում խախտվել է հավիտենական թվացող անդորրը: Արշակը կոմերիտական կազմակերպության քարտուղարն է, մնջախաղով պատմում է ջրամբարի ծավալների մասին, ես մտապահում եմ երկու թիվ` նախագծային ջրատարողությունը 12 մլն խորանարդ մետր է, նախահաշվային արժեքը` 16 մլն ռուբլի: Եթե ժամանակին Ջողազը տեսած չլինի, թվերն ինքնին ոչինչ չէին ասի: Իսկ այստեղ հիմնականում կորիզը նույն «Հայգլխջրշինի» Իջևանի № 15 շարժական մեքենայացված շարասյան ջրաշինարարներն են` հայ, ռուս, ադրբեջանցի: Մի քանի ամիս առաջ ձորում թնդաց առաջին բուլդոզերի աղմուկը, որը կանչեց նվագախմբի մյուս անդամներին: Էլ ի՛նչ նվագախումբ առանց դիրիժորի` եկավ Գրիգոր Գրիգորյանը, և այժմ ամբողջ ձայնով, ֆորտիսիմո հնչում է նրանց նվագը:
Գրիգորյանը ջրի պաշտամունք ունի, նրա անձնական թերթիկում գրանցված են բազմաթիվ ջրատարներ ու ջրամբարներ, երեկ Ջողազը, այսօր Հախումը, վաղը… Նա փորձում է կարճացնել մինչև վաղն անցնելիք ճանապարհը.
— Կառույցը կավարտենք ժամկետից երկու տարի շուտ` 1982 թվականին,— վստահեցնում է հրաժեշտի պահին,— այ, կհամոզվեք` մեր խոսքը գործ է:
Ջուրը վեր կմղվի, և Տավուշի ու Խնձորուտի ջրամբարների հետ ձեռք-ձեռքի (երեքն էլ իրար են կապվում ներքին ջրակարգավորմամբ), Հախումը կոռոգի Պառավաքար, Վարագավան, Ծաղկավան գյուղերի 2 հազար 400 հեկտար հողատարածություններ: Պտղատու այգիներ կհիմնվեն, գուցե և կառուցվի պահածոների գործարան (մի քիչ էլ երազենք)` մեղմելու ենթաշրջանում մեծ չափերի հասնող արտահոսքը: Այդպիսի փորձեր արդեն արվել են. Բերդում մեխանիկական գործարանը, որտեղ խաղալիքներ էլ են արտադրում, Արծվաբերդում` գորգագործարանը: Գորգագործուհիները գործել են առաջին գորգերը, ու թեպետ շենքը հարմարեցված է և չորրորդ ամիսն էր, ինչ աշխատավարձ չէին ստանում, նրանց ձայնի մեջ բողոք ու չարություն չկար, այլ մի տեսակ տխուր համակերպվածություն. դրամը վաղ թե ուշ կստանան, կարևորն այն է, որ աշխատանք ունեն:
Հախումից վերադառնում եմ կեսգիշերին: Արևիկներով լուսավորված փոսորակում քիչ առաջ մարեցին վերջին հռնդյունները, և արդեն լսելի էր անքնությամբ տառապող հավքերի ծկլթոցը: Անտառային թանձր մութի մեջ աստղաբայլերի պես պեծպեծում էին գյուղերի նոսր լույսերը: Բայց ես տեսել էի ջրամբարի շինարարությունը, և վաղվա աչքերով նայելիս` լույսերն ինձ բազմապատիկ շատ էին երևում:

***
Դեզիկն ու Արիսը հրավիրեցին տեսնելու Ղուզանի քարափը: Կանգնել էի ամեհի կիրճի գագաթին և կարկամել, բառերն անհեթեթ ու խեղճ էին թվում ինձ համակած տագնապն ու հիացմունքն արտահայտելու: Աչքդ ուր կտրի` բնություն է: Երկինքը փայլկտում էր շափյուղայի սառր բոցով, և ձվածիր տափարակում ծառերը գորշափրփուր երամակի նման հորդում էին, ձուլվում իրիկնամուտի ստվերներին: Բլրի ողջ շրջագծով ցրիվ էին ողկուզավոր հակինթները, որոնց աչիկներից առասպելներ էին կաթում դժբախտ Ղուզանի մասին: Հեռվում, մշուշների մեջ լողում էր Միափորի ձյունաճերմակ գլխաշորը:
— Հիմա հասկացա՞ր, թե ի՞նչն է ինձ բերել Շամշադին,— հարցրեց Դեզիկը:
Ես լուռ գլխով արեցի:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով