Ժակ Բրել — Ես թողնում եմ բեմը

ՄԱՐՄԻՆԸ ՀԱՆԳԻՍՏ է ՏԵՆՉՈՒՄ, ԲԱՅՑ ՈՏՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԵՆԹ ՄՆԱԼ

«Գարուն», 1967, 2

Փորձ է։ Դահլիճը դատարկ է, տխուր, մռայլ։ Այստեղ-այնտեղ նշմարվում են բազմոցների մեջ ընկղմված դեմքեր: Ժակ Բրելի խումբը նվագում է:
Հանկարծ, բեմի վրա հայտնվում է մի բարձրահասակ կերպարանք: Նրա ձեռքին ուրվագծվում է միկրոֆոնը.
«Ես թաղեցի Հեգետին
Այս ՛առավոտ…ոտ…ոտ»
Ժակ Բրելի ձայնն է.
«Բոլորը սև էին հագել,
Լոկ ես էի տխուր»:
Փորձն ավարտվում է և բարձրահասակ կերպարանքն անհետանում է խավարում։ Ես հետևում եմ նրան: Ուզում եմ իմանալ այն ճանապարհորդության մասին, որ նա ձեռնարկելու է գալիք ապրիլին՝ իր գործերը կարգի բերելուց հետո:
Այո: Ես թողնելու եմ ամեն ինչ: Ես ուզում եմ թափառել 6 ամիս, ճանաչել մարդկանց: Երբ երգում ես որևէ երկրում, ժամանակ չի մնում շուրջդ դիտելու: Այդ պատճառով էլ հաճախ շատ կարևոր բաներ անտես են մնում: Իհարկե, ես մտադրություն չունեմ ինձ վերակրթելու: Ես կարծում եմ, որ այդպիսի բան առհասարակ անկարելի է: Ես պարզապես ուզում եմ «աշխարհ դուրս գալ»:
Իսկ 6 ամիս հետո, երբ վերադառնաք, ի՞նչ եք մտադիր անել։
Ես կշարունակեմ երգեր գրել, կձայնագրվեմ, բայց այլևս բեմ դուրս չեմ գա:
Դա արդյո՞ք անհավատարմություն չէ հասարակության նկատմամբ, մանավանդ որ վերջերս նա ցույց տվեց, որ ինքը Ժակ Բրելի կարիքն ունի:
Ես իմ քայլը անհավատարմություն չեմ ճամարում, քանի որ շարունակելու եմ ձայնապնակներ թողարկել, բայց, ես ազատության կարիք եմ զգում:
Ուրեմն դուք վերջին անգա՞մ եք երգում «Օլիմպիայում»:
Չեմ կարծում, որ երբևէ նորից կվերադառնամ բեմ:
Արդյոք Ձեր ազատության այդ արտակարգ ցանկությամբ դուք նոր թշնամիներ չե՞ք շահի:
Իհարկե: Բայց ցանկացած մարդու հետ հանդիպելու, ցանկացած բանով զբաղվելու համար ժամանակ չունենալը շատ վատ է ազդում ստեղծագործողի վրա: Իսկ առջևում մեզ սպասում է ծերությունը:
Ծերությունը Ձեր ամենամեծ վախն է։ Ինչո՞վ բացատրել:
Այո, մարմինը հանգիստ է տենչում, բայց ոտքերը շարունակում են խենթ մնալ: Մարմինը չնայած դիմադրում է, բայց նա պարտավոր է հետևել ոտքերին: Եվ այն մարդիկ, որոնք իրենց ծեր են համարում, ինձ լրջորեն մտահոգում են:
Հեռանալ բեմից, ինչպես ասում են, փառքի գագաթնակետին, չի՞ նշանակում արդյոք, հարբել հաղթանակներով:
Ոչ: Ես միայն աննշան չափով եմ հաջողության հասել, իսկ այդ բառի բուրժուական առումով՝ ոչնչի չեմ հասել:
Դուք անկե՞ղծ եք։
Կարծում եմ: Ինձ թվում է, որ Բրելը երբեք չի խաբել Բրելին: Ես ամեն ինչ անում եմ հանուն դրա և իմ կարծիքով, դա ամենակարևորն է:
Մի՞թե հաջողությունները փոխարինել դեպի դաշտ կամ ծով կատարելիք ճանապարհորդությամբ, նշանակում է երազանքների իրականացում:
Ոչ: Իմ մեջ ավելի շատ խոսում է արկածախնդրության ոգին: Ես արկածախնդիր մարդ եմ: Երգը ինքստինքյան արկած է և իր մեջ պարունակում է զգոնություն, ուշադրություն, ինքնավստահություն սեփական անձի նկատմամբ: Նա մեզ սովորեցնում է, որ ոչ-ոք երբեք չի պարտվում: Ես ինձ ամեն ինչ կհամարեմ, բայց պարտված՝ երբեք:
Նույնիսկ տարիների՞ց…
Ի՞նչ է տարիքը: Ապրել երգից երգ: Սա այն տպավորությունն է թողնում, որ քայլում ենք արագ, բայց չենք ծերանում: Ահա թե ինչու ես ծեր չեմ, բայց վախենում եմ այն աշխարհը գնալուց: Պարզապես հարկավոր չէ լրջորեն մտածել այդպիսի բաների մասին, հարկավոր է շարունակ երիտասարդանալ: Ես մեկնում եմ երիտասարդանալու համար: Երեսունութ տարեկան հասակում, 15 տարի երգելուց, 400 երգ գրելուց և 125-ը հրատարակելուց հետո, ճիշտ դրա ժամանակն է:
Ձեր ճանապարհորդությունը Լիբանան, սեփական ինքնաթիռով, ա՞յդ նպատակն է հետապնդում։
Այո:
Երկու տարին մեկ յուրաքանչյուր երգչի ելույթն «Օլիմպիայում» նոր էտապ է։ Ի՞նչ կարծիքի եք Ձեր վերջին համերգի մասին:
Չգիտեմ: Նախօրոք շատ դժվար է ասել: Այդ մասին ես ինձ հաշիվ կտամ 6 ամիս հետո: Համերգի 15 օրերի ընթացքում անքնությանը, հուզումները լցնում են մարդուն: Միայն 6 ամիս հետո նա զգում է, թե ինչ տեղի ունեցավ իր հետ:
Քանի նոր երգ եք պատրաստել այս համերգի համար:
16, որից 6-ը նոր են:
«Ձի՜ն»։
«Ձին», «Մանկությունը», «Գազը» և մյուսները:
Ւնչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Ֆլանդրիայի հետ։ «Ֆլամանդական ժողովրդական շարժումը» Ձեզ համար լուրջ դժվարություններ է ստեղծում Բելգիայում։
Բախտ ունենալ տիրապետելու երկու լեզվի, երկու մշակույթի և հրաժարվե՜լ մեկնումեկից… ծիծաղելի է… Այդ շարժման մասնակիցները ցանկանում են ջախջախել իմ գլուխը, որովհետև ես անկեղծորեն նրանց ասում եմ դա…
Շուտով Ժակ Բրելը կթողնի «Օլիմպիան»: Եվ Փարիզը։ Նա կերգի Լոնդոնում, մի քանի հրաժեշտի համերգ կտա և մերժելով բոլոր համաձայնագրերը, որոնք նրան կապահովեին երեք տարվա աշխատանք, իր առագաստանավով խարիսխ կգցի ծովափին: Մեն-մենակ։ Բայց առանձնությունը ծանոթ է Բրելին: Նա երգել է. «Մենք գտնում ենք մեզ մենակ»։ Եվ, ինչպես բոլոր արկածախնդիրները, նա սիրում է մանկությունը: Բրյուսելում, արվարձանային համար 64 վիլլայում, ուր ապրում են նրա երեք աղջիկները և կինը, նա ինձ ասաց.
Երգը ես ընտրեցի արկածախնդրությունից մղված: Երբ ես նոր էի սկսում, գիտեի, որ այնտեղ մենակ կլինեմ:
Կրքոտությամբ, եռանդով, թափով նա բեմ բարձրացավ, որպեսզի միամտորեն պատմի բաներ, որոնց նա հավատում էր: Հենց սա էլ նա խոստովանեց ինձ։ Նա բեմ էր ելել զրուցելու համար։ Բայց շուտով զգաց, որ երգը ոչ թե զրույց է, այլ՝ խոստովանություն։ Այս խոստովանությունները նրան դարձրին Մյուզիկ-Հոլլի կենտրոնական դեմքերից մեկը։ Դա արդեն արկած չէր։ Դա ամենածանր բանն էր, որ կարող էր պատահել որևէ արկածախնդրի։ Նա շահել էր։ Շահել էր հասարակությանը։ Իսկ երբ արկածախնդիրները որևէ գահ են գրավում, ոչ թե ուզում են այնտեղ իշխել, այլ փշրել այն։ Նրանց տարերքն է անընդհատ շարժումը, անվերջանալի որոնումները: Սա կոչվում է նաև երիտասարդություն։

ԳԼՈՏ ԿՈՌԵ
Այս հարցազրույցից մի քանի օր անց Ժակ Բրելը փոթորկալի հաջողություն ունեցավ հանրահայտ «Օլիմպիայում»։ Ամբողջ քառորդ ժամ 2.500 հանդիսատես ոտքի կանգնած ծափահարում էր մեծ արտիստին։ 17 անգամ նա ստիպված եղավ կրկնել իր երգերը…
«Յումանիտե դիմանշ»
№ 946

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով