Խուլիո Գարմենդիա. Հանգուցյալն ու ես

Հապշտապ քննության ենթարկեցի այն տարօրինակ իրադրությունը, որում գտնվում էի: Ես պարտավոր էի դա անել առանց վայրկյան իսկ կորցնելու՝ իմ alter ego-ի փնտրտուքը սկսել: Քանի որ որոշ անհայտ հանգամանքներ նրան բաժանել էին իմ անձից, հարկ էր գտնել նրան, քանի դեռ շատ չէր հասցրել հեռանալ: Ավելի ճիշտ՝ հարկավոր էր շատ շտապ, անհապաղ այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք, եթե փորձեր, նրան թույլ չտային գաղտնի արտասահմանյան որևէերկիր մեկնել՝ անհայտության քաղցից ու արկածների ծարավից մղված: Ես՝ նրա մերձավորը,- քիչ էր մնում ասեի «անբաժանը»,- նրա մտերիմ բարեկամն ու ընկերը, շատ լավ գիտեի, որ այդպիսի զգացմունքներ էին հետապնդում նրան, և այն աստիճանի, որ խռովում էին այն քննադատ ոգին, որ alter ego-ն պարտավոր է դրսևորել իր բոլոր՝ ինչպես հասարակական, այնպես էլ անձնական գործողություններում: Այնպես որ, ես բավականաչափ պատճառներ ունեի անհանգստանալու նրա հանկարծակի անհետացման համար: Անշուշտ, նա վերջերս էր անսահման ծածկամտության, անբավ զսպվածության և կատարելության հասած հմտության ապացույցներ բերել խորամանկելու և քողարկվելու արվեստում: Ոչ մի բանով չէր մատնել այն ծրագրերը, որ վարպետորեն նախապատրաստում էր իր լռության խորքերում: Իմ alter ego-ն, իրոք, մի քանի օր էր արդեն, ինչ լռություն էր պահպանում, սակայն հաշվի առնելով, որ մեր միջև խորը տարաձայնություններ չէին ծագում, նրա պահվածքը ձանձրույթին վերագրեցի, որին միշտ էլ հակված էր խիստ, անգամ լավագույն ժամանակներում, և սահմանափակվեցի ենթադրելով, որ ինձ զուրկ է համարում այն գրավչությունից, որն իրեն է հաճո: Իսկ հիմա զարմանում էի անվիճելի փաստից. ճողոպրել էր այնպես, որ ես չիմանայի՝ երբ և ուր:
Անմիջապես սկսեցի փնտրել նրան այն սենյակում, որտեղ որ բացահայտել էի հանկարծակի անհետացումը: Փնտրեցի դռների ետևում, սեղանների տակ, պահարանի մեջ: Չգտնվեց նաև տան մյուս սենյակներում: Իմ գնալ-գալը նկատելով՝ կինս զարմացած հարցրեց, թե ինչ եմ կորցրել:
— Կարող ես վստահ լինել, որ հաստատ խելքս չի,- պատասխանեցի և ավելացրի կեղծավորությամբ,- գլխարկս եմ կորցրել:
— Քիչ առաջ երբ դուրս եկար, գլխիդ էր: Չասացի՞ր, որ եսիմինչ թերթի խմբագրություն ես գնում, որ հայտարարություն տաս՝տպելու: Չեմ հասկանում, էս ո՞նց էսքան շուտ եկար:
Կնոջս ասածը շատ տարօրինակ էր: Այդ դեպքում ո՞ւր էր գնացել իմ alter ego-ն: Անհանգստությամբ համակված՝ փողոց նետվեցի նրան որոնելու կամ հետապնդելու: Քիչ անց նկատեցի կամ ինձ թվաց, թե նկատեցի, որ որոշ անցորդներ ուշադիր ինձ են նայում, փսփսում, ժպտում կամ աչքով անում: Դա ստիպեց ինձ քայլերս արագացնել և համարյա վազել, բայց մի փոքր քայլելուց հետո դիմացս մի ոստիկան ելավ, որը զգուշանալով ձեռքն ինձ մեկնեց, կարծես ես վտանգավոր կամ անորսալի սուբյեկտ էի, և հայտարարեց, որ ես ձերբակալված եմ: Տեսնելով, որ ինձ պինդ բռնել են, կասկածի նշույլ էլ չմնաց, որ այդպես էլ կար: Անօգուտ գտնվեցին թե՛ իմ, թե՛ բազմաթիվ ներկաների բողոքները: Բերման ենթարկվեցի ոստիկանության բաժանմունք, որտեղ ինձ մեղադրանքներ ներկայացվեցին որպես կռվազան, տուրուդմբոցներ սարքող և հարբեցող, ինչպես նաև ողորմելի և ստոր խարդախությունների, խաբեությունների, զեղծարարությունների և կեղծիքների հեղինակ, որոնց ես դիմել էի, որպեսզի չվճարեմ սրճարանի, վազքարշավի մեքենաների, մանր-մունր գնումներիս պարտքերը:Պատվովսեմերդվում, եսգաղափար չունեիայդպարտքերիմասին, ո՛չլսելէի, ո՛չէլանգամ ծանոթէիպարտապաններին կամ այն հաստատություններին,- այն էլ ի՜նչ հաստատություններ,- որտեղ, ըստ մեղադրանքի, հասարակական կարգ էի խախտել: Այնուամենայնիվ ես ինձ չկարողացա զսպել, որպեսզի ներողություններ, բացատրություններ չքրթմնջայի. համարձակությունս չներեց, որպեսզի իմ alter ego-ի խայտառակ փախուստի մասին խոստովանեի, որն, անտարակույս, այդ բոլոր խարդախությունների իրական մեղավորն ու հեղինակն էր, և պահանջեի, որ նրա՛ն ձերբակալեին: Նվաստացած՝ խոստացա ուղղվել: Ինձ ազատ արձակեցին, և ես, խիստ անհանգստացած, բայց արդեն ոչ այնքան իմ alter ego–ի անհետացումից, որքան այն անպատվաբեր բարդություններից, որ նրա պահվածքն սկսում էր ինձ վրա բարդել, արագորեն տեղական ամենաշատ ընթերցվող թերթի խմբագրություն ուղղվեցի՝ անմիջապես հայտարարություն տեղադրելու մտադրությամբ՝ նախազգուշացնելով, որ այսուհետ ինձ վրա չեմ վերցնելու ոչ մի ուրիշ պարտք, բացի նրանցից, որոնք ինքս եմ վերցրել: Թերթի աշխատակիցը, որ, ինչպես երևում է, անմիջապես ճանաչեց ինձ, այնպես ժպտաց, որ ինձ կասկածելի թվաց, և չսպասելով, որ ես գեթ մի բառ արտասանեմ, դեռևս թարմ ներկի հոտ արձակող տպագիր փոքրիկ մի կրկնօրինակ հանձնեց և նրա բնօրինակը, որ կարծես իմ իսկ ձեռքով էր գրված: Եվ վատն էլ այն էր, որ իմ իսկ ստորագրությամբ հաստատված հայտարարության տեքստը ճիշտ և ճիշտ նույն բանն էր ասում, ինչ ես մտադիր էի ասել: Սակայն ես չցանկացա իմ alter ego-ի,- ուրիշ էլ ո՞ւմը կարող էր լինել,- նոր խաբեությունները ջրի երես հանել, և քանի որ հայտարարությունը բառ առ բառ հենց այն էր, ինչ ես էի ցանկանում, վճարեցի տեղադրման արժեքն առաջիկա մեկ ամսվա համար: Խնդրո առարկա հայտարարությունն ասում էր.

«Տեղեկացնում եմ ընկերներիս և այս քաղաքում և նրանից դուրս գտնվող ծանոթներիս, որ ես ինձ վրա չեմ վերցնելու այն պարտքերը, որ արած լինի «մեկ այլ ոք», որը «ես» չեմ: Այս հայտարարությունն անում եմ անհարմարություններից և կեղծիքներից խուսափելու համար:
Անդրես Էռե»

Տուն դարձա օրվա մնացած ողջ ընթացքում տառապելուց հետո, որովհետև ամեն քայլափոխի ծանոթ մարդիկ ուսիս թփթփացնելով ասում էին. «Քեզ այսինչ տեղը տեսա…» կամ «Քեզ այնինչ տեղը տեսա…»
Կինս, որ հանգիստ կար էր անում, ինձ տեսնելուն պես կանգնեցրեց կարի մեքենայի պտտանիվն ու բացականչեց.
— Էս ի՜նչ գունատ ես:
— Ոնց որ թե հիվանդ եմ,- ասացի:
— Մարսողության խանգարում կլինի,- ախտորոշեց նա:- Հիմա լուծողական կտամ, և էսօր է՛լ ոչինչ չես ուտի:
Չկարողացա բողոքի արտահայտությունս զսպել: Ինչպե՜ս թե: Իմ alter ego-ի վրդովեցուցից պահվածքն ինձ սննդային դաժան զրկանքների է ենթարկում, քանի որ ես, կնոջս տրամաբանության համաձայն, պարտավոր էի նրա մեղքերը քավել: Դա էր հետևում հենց նոր արտասանած նրա խոսքերից:
Այնուամենայնիվ ես չէի ցանկանում իմ երկատվածության արտառոց երևույթի պատմությունով անհանգստացնել նրան: Նա պարզ ու հասարակ հոգու տեր անձնավորություն էր, աննկարագրելի ահ ու սարսափի գերի կդառնար, իսկ ինքս նրա աչքին վտանգավոր դիվային արարածի կերպարանք կընդունեի: Երկատվե՜լ: Աստվա՜ծ իմ: Իմ խեղճ կինը դառն արցունքներ կթափեր, եթե իմանար, որ այդպիսի տարօրինակ պատուհաս է եկել գլխիս: Երբեք այլևս չէր համաձայնի մենակ մնալ այն սենյակներում, որտեղ հազիվ էր աղոտ լույս թափանցում: Իսկ երեկոյան, ես ուղղակի վստահ էի, որ նրա նախապաշարմունքներն ինձ կստիպեին սովորականից շատ ավելի շուտ դառնալ տուն, քանզի այլևս անհոգ չէր պառկի նախքան իմ վերադառնալը, և ոչ էլ գիշերվա կեսին նրան քնած կգտնեի, երբ սովորականից ավելի երկար մնայի դրսերում:
Եվ չնայած օրվա միջադեպերին՝ ես դեռ բավականաչափ պահպանել էի մտքիս պայծառությունը, որպեսզի կանխատեսեի հետևանքները մի խոստովանության, որ միայն աղետալի կարող էր լինել, քանի որ չնայած իմ alter ego-ի շրջագայություններին՝ կարող էր և այնպես ստացվել, որ վերջ ի վերջո դրանք անցողիկ լինեին, բայց փոխարենը,եթե ոչ անհնարին, ապա գոնե շատ դժվար կլիներ երկար ժամանակ ընտանեկան հանգստության այդ ծանր խաթարումը վերականգնել, ինչպես ևայն խաթարումը, որնիմ երկատվածության մասին լուրը կարող էր հարուցել:Սակայն իրադարձությունները շատ տարբեր և անկանխատեսելի ընթացք ստացան: Իմ alter ego-ի դասալքությունը, որը սկսվեց որպես ոչ այլ ինչ, քան ծիծաղելի մի փաստ, ավարտվեց մի դավաճանությամբ, որ հավասարազորը չունի վատթարագույն դավաճանությունների տարեգրության մեջ… Այդ չարագործ էա՜կը…
Սակայն պետք է նկատեմ, որ վրդովմունքս,- ի դեպ, միանգամայն արդարացի վրդովմունք,- ինձ հեռացնում է այն սեղմ շարադրանքից, որով մտադիր էի անդրադառնալ դեպքերի ընթացքին: Ահավասիկ դեպքերի ընթացքը՝ մերկապարանոց, զերծ ամենայն կեղծիքից և այլևայլություններից.
Այդ երեկո ես դուրս եկա չափավոր ուտելուց հետո, որովհետև կինս այդպես կամեցավ և, հակառակ իմ բոլոր բողոքներին, ասաց նաև, որ շատ ուժեղ լուծողական կպատրաստի և սեղանին կթողնի, որպեսզի խմեմ տուն գալուն պես: Նրա հաշվարկներով ես սովորականի պես տասներկուսի կողմերը պետք է վերադառնայի:
Այդ օրվա ցնցումները մոռանալու միտումով սրճարանում ընկերներիցս շատերի հետ փորձեցի զրույցի բռնվել. համարյա բոլորն էլ անսովոր ժամերի տարբեր վայրերում տեսել էին ինձ և չարախնդորեն խոսում էին որոշ միջադեպերի մասին, որոնցում խառն էր նաև իմ անունը, որքանով որ ինքս կարողացա եզրակացնել, քանի որ չցանկացա անուղղակի ձևով որևէ բան պարզել, ոչ էլ փորձել մանրամասների վրա լույս սփռել: Խնամքով պահեցի գաղտնիքս: Կարելվույնս թաքցրեցի փաստերը՝ ջանալով զրկել դրանց որևիցե կարևորությունից: Այնուհետև մինչև ուշ գիշեր քաղաքական թեմայով մի բանավեճ զբաղեցրեց մեզ: Գիշերվա ժամը երկուսն էր արդեն, երբ թափով հրելով բացեցի տան դուռը, որպեսզի հնարավորինս քիչ ճռռար: Ամեն ինչ խաղաղ էր, բայց կինս արթնացավ աղմուկից, թեև շատ խորն էր քնած: Աչքերը մի կերպ կիսաբաց անելով՝ ատամների արանքից հարցրեց, թե լուծողականն ինչպես ազդեց վրաս:
— Լուծողակա՜նը,- բացականչեցի:- Դրսից եմ գալիս էս պահին և ոչ մի լուծողական էլ չեմ տեսել: Դե արտահայտվի՛ր, խոսի՛ր, արթնացի՛ր: Էդ ասածդ անհնարի՛ն բան է:
Նա երկար ճմլկոտաց:
— Չէ՛,- ասաց նա ի վերջո,- հնարավոր է, քանի որ իմ ներկայությամբ ես խմել… ու ինձ հետ էիր… համ էլ…
— …Համ է՞լ…
Հասկացա իմ alter ego-ի քստմնելի խաբեությունը: Ողջ կյանքիս այդ մտերիմ ընկերոջ ու բարեկամի դավաճանությունը ահ ու սարսափով, զայրույթով համակեց ինձ: Կինս տեսավ, թե ինչպես եմ գունատվում:
— Լուծողականի ազդեցությունն է,- ասաց նա:
Եվ թեև ոչ ոք, անգամ կինս, չէր նկատել իմ alter ego-ի հանցանքը, խայտառակությունն անուղղելի էր և ամեն դեպքում՝ ամոթալի, անկախ այն բանից, որ գաղտնիք էր: Ջղաձգված ձեռքերով, մազերս բիզ-բիզ, ապուշ կտրած՝դուրս եկա ննջարանից, այնինչ կինս, թիկունքը վառվող լույսին դարձրած, նորից քուն էր մտել այնպիսի թեթևությամբ, որպիսին ուժասպառությունն է բերում: Եվ ես ձեռքիս տակ ընկած մի պարանով գնացի կախվելու առաստաղի հեծաններից մեկից: Կողքիս Խեսուսիտոյի՝ թութակի վանդակն էր կախված: Օդում ճոճվող ժամացույցի ճոճանակի նման՝ կախվելուս պահին հաստատ աղմուկ էի բարձրացրել, որովհետև Խեսուսիտոն, քնից զարթնելով, գլխի փետուրները տնկեց և սովորության համաձայն ճչաց.
— Մնաք բարով, դոկտո՛ր:
Ես լուրջ պատճառներ ունեմ կարծելու, որ իմ alterego-ն, ով, անտարակույս, գաղտնի հետևում էր իմ շարժումներին հանպատրաստի որևէ թաքստոցից, գիշերվա ստվերների շնորհիվ անմիջապես տիրացավ իմ դիակին, հանեց այն պարանից և սողոսկեց նրա մեջ: Այդպես ամուսնական ննջարան վերադարձավ, որտեղ գիշերվա մնացած մասն անցկացրեց՝ իմ այրուն ամենաջերմ գգվանքները պարգևելով: Իմ այս համոզվածությունն այն արտասովոր փաստի վրա է հիմնվում, որ իմ ինքնասպանությունը ոչ մի տպավորություն չթողեց և ոչ էլ նվազագույն իսկ արձագանք ունեցավ: Չեմ կարծում, թե իմ օջախում որևէ մեկը գլխի էր ընկնում, որ ես անհետացել եմ առհավետ: Ո՛չ սուգ եղավ, ո՛չ հուղարկավորություն: Լրագրերը չակնարկեցին ողբերգության մասին ո՛չ մեծ, ո՛չ էլ փոքր խորագրերի տակ: Բարեկամներս շարունակեցին կատակներ անել և իմ alter ego-ի ուսին թփթփացնել, կարծես նա ես էի: Իսկ Խեսուսիտոն այդպես էլ չդադարեց ճչալ.
— Մնաք բարով, դոկտո՛ր:
Իմ alter ego-ն, անկասկած, ի սկզբանե հմտորեն հաշվարկված ծրագիր էր մշակել այն առումով, որ այնպիսի արդյունք ստացվեր, որը և իրականում ստացվեց: Շատ ճշգրիտ կանխատեսել էր, թե ես ինչպես կարձագանքեի այն փաստերին, որոնք ինքն իր պարտքը կհամարեր ներկայացնել ինձ՝ հապճեպ և խառնաշփոթ հաջորդականությամբ: Կանխորոշել էր իմ անհանգստությունը, տագնապը, հուսահատությունը, ճշգրիտ հաշվարկել էր ժամը, երբ տարօրինակ հանգամանքների մեկտեղումն ինձ ինքնասպանության կհասցներ: Այդ ժամը նրա գործը հաջողությամբ պսակվելու մասին էր ազդարարում, և պարզ է, որ միայն մի alter ego, որ իմ ողջ վստահությունն էր վայելում, կարողացավ ավարտին հասցնել այս նախաձեռնությունը: Առաջին հերթին՝ իմ հոգու գաղտնի լարերին քաջածանոթ լինելը նրան տրամադրեց այն անհրաժեշտ տարրերը, որպեսզի անսխալ նախապատրաստեր անհապաղ ինքնասպանության մղելու ծրագիրը:
Երկրորդ հերթին՝ եթե նրան հաջողվեց կնոջս ու բոլոր այն մարդկանց աչքի առջև, ովքեր ճանաչում էին ինձ, իմ մեջ սողոսկել, դա այն պատճառով եղավ, որ իմ սովորույթների, մտքերի, արտահայտվելու ձևի, այլոց հետ մտերմության աստիճանի մասին գաղտնիքներին էր տիրապետում: Կարողանում էր նմանակել ձայնս, շարժումներս, ձեռագիրս, մասնավորապես ստորագրությունս, և մինչև իսկ իմ չհրկիզվող պահարանիկի գաղտնագիրը գիտեր: Իմ ողջ ունեցվածքն ինքնին նրա տրամադրության տակ անցավ, և այլ դեպքերում նախանձախնդիր օրենքները որևէ եղանակով չմիջամտեցին, որպեսզի կանխարգելեին այն անարդարությունը, որի զոհը դարձա ես: Նա տիրացավ նաև այն վարկին, որ ես ձեռք էի բերել երկար տարիների իմ անբասիր վարքով և պարկեշտ բարքով, և միևնույն թերթում, իր ստորագրությամբ հաստատված, որն ի՛մ ստորագրությունն է, շարունակում է ամեն աստծու օր նույն հայտարարությունը հրապարակել.

«Տեղեկացնում եմ ընկերներիս և այս քաղաքում և նրանից դուրս գտնվող ծանոթներիս, որ ես ինձ վրա չեմ վերցնում այն պարտքերը, որոնք արել է «մեկ այլ ոք», որը «ես» չեմ: Այս հայտարարությունն անում եմ անհարմարություններից և կեղծիքներից խուսափելու համար:
Անդրես Էռե»

Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով