Վիկտոր Համբարձումյան. Գործն է մնում

«Գարուն», 1967, 8-9

Այս տարվա ապրիլին Բյուրականում հանդիպում տեղի ունեցավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի և Հայաստանի մամուլի, ռադիոյի ու հեռուստատեսության աշխատողների միջև: Եվ ահա այնտեղ ակադեմիկոս Համբարձումյանի զրույցից հետո, ծնվեց այս հողվածը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Այստեղ հավաքվել են Հայաստանի մամուլի և ռադիոյի աշխատողները, և ես շատ ուրախ եմ այդ առթիվ: Ընդհանրապես մենք, գիտության աշխատողներս, լավ ենք վերաբերվում ժուռնալիստներին: Սակայն, երբ խոսքը վերաբերում է գիտության հարցերը լուսաբանելուն, հաճախ մենք իրար չենք հասկանում: Մինչդեռ անհրաժեշտ է, որ մենք իրար, լավ հասկանանք: Թեև, պետք է խոստովանեմ, որ դա շատ դժվար բան է: Չէ՞ որ գիտնականներն էլ երբեմն իրար դժվար են հասկանում: Ասենք թե նույն ինստիտուտում երկու, հոգի իրար հետ են աշխատում: Բավական երկար ժամանակ է պետք, որ նրանք լիովին իրար հասկանան և նրանց համատեղ գործը արդյունավետ լինի: Ի միջի այլոց, ես ուզում եմ խնդրել, որ գիտնական բառը դուք քիչ գործածեք: Իսկական գիտնականը շատ մեծ հասկացողություն է: Գիտնականներ էին Նյուտոնը, Պավլովը, Լոբաչևսկին, Էվկլիդեսը:
Հիմա այնքա՜ն հեշտությամբ են այդ բառը հոլովում: Նույնիսկ 20 տարեկան մի տղա ելույթի ժամանակ կարող է ասել. «Մե՛նք՝ գիտնականնե՜րս. . .» :
Բյուրականում որևէ մեկը իրեն գիտնական չի անվանում: Մենք բոլորս պարզապես գիտաշխատողներ ենք:

***
Գիտությամբ զբաղվելը շատ դժվար գործ է: Եթե իրոք ուզում ես գիտությամբ զբաղվել, պետք է դրան նվիրվես ամբողջովին: Առավոտից՝ երեկո և երեկոյից՝ առավոտ: Գիտությունը խանդոտ կնոջ է նման, որին պետք է նվիրվես ամբողջությամբ: Ինչպես որ խանդոտ կինը ամենաչնչին անտարբերությունն անգամ չի հանդուրժում, այդպես էլ գիտությունն է անհանդուրժող:
Բայց ի՞նչ է պարզվում. երբեմն գիտակն կոչումներ են ստանում առանց քրտինք թափելու: Օրինակ, բժշկական գիտությունների դոկտորի աստիճան են ստանում այսինչ դարում հայ-ռուսական բժշկական կապերի մասին գրելով: Կոչումն ստանում են և հետո պեպք է երեխաներին բժշկեն: Եվ ես, (ինչպես և դուք) իմ երեխային պետք է վստահեմ նրան, որ պրակտիկ բժշկությունը մի կողմ է թողել և տեղյակ է միայն բժշկության պատմությանը:
Ընդհանրապես այդ բնույթի թեմաներով վերջերս կոչումներ շատ են ստանում: Եվ այդպիսիների մասին ասում են, որ նրանք հայրենասերներ են, որովհետև գրել են հայ բժշկության պատմությունը: Մինչև անգամ այսպիսի դարձվածք է ընդունված. «Նա բարձրացրե՛լ է այսինչ դարի հայ մշակույթի խնդիրները»: «Բարձրացրե՜լ է»՝ այսինքն, դժվար գործ է կատարել: Իսկ ինձ թվում է, որ «բարձրացրել են» այն մարդիկ, որոնք ստեղծել են այն ժամանակվա մշակույթը, գիտությունը:
Իսկ մենք մեր հիմնարկում գիտության պատմությամբ չենք զբաղվում, սակայն նո՛ւյնպես ունենք հայրենասիրական զգացմունքներ: Այսօր մենք ուզում ենք ինքներս մի բան անել, մի շոշափելի գործ ստեղծել մեր ժողովրդի համար: Եվ դա մեզ ավելի կարևոր է թվում:
Ամեն մի գիտության բնագավառում մեկը, իհարկե, կարող է զբաղվել այդ գիտության պատմությամբ, բայց անիմաստ է, երբ դրանով զբաղվում են շատերը կամ բոլորը: Օրինակ, մենք ունենք մի աստղագետ, որ զբաղվում է աստղագիտության պատմությամբ: Եվ պետք է ասեմ, որ բավական հաջող է զբաղվում: Սակայն նա միայն աստղագիտության պատմությամբ չի զբաղվում: Օրվա կեսը նա տրամադրում է ժամանակակից գործերի. արբանյակներ է դիտում, ուսանողների հետ է պարապում:

***
Յուրաքանչյուր մտավորական, յուրաքանչյուր գիտական աշխատող պետք է զգա. ինքը օգուտ բերո՞ւմ է իր ժողովրդին, թե՝ ոչ: Բայց, իհարկե, մարդկանց աշխատանքն այս տեսակետից գնահատելու ժամանակ պետք է ցուցաբերել լայնախոհ մոտեցում: Գիտական շատ գործեր առաջին հայացքից թվում են անօգուտ, բայց հաճախ, երբ խորանում ես, տեսնում ես, որ օգտակար աշխատանք է կատարված:
Ես ձեզ ուզում եմ պատմել մի դեպք, որ տեղի է ունեցել վաղուց: Լենինգրադի համալսարանում էի աշխատում, 1939-41 թվականներն էին: Գիտաշխատողներից մեկի աշխատանքի թեման թիթեռների թևերի վրա եղած նախշերի ու պատկերների մասին էր: Անընդհատ ժոդովներում խոսում էին այդ մասին, ասելով, «լուրջ մարդն այդպիսի ան-օգուտ թեմայի վրա ժամանակ կկորցնի՞»: Վերջապես ես ստիպված եղա բացատրել նրանց. հանձինս այդ նախշերի բնությունը տվել է քողարկման այնպիսի օրինակներ, որոնց դժվար է գերազանցել: Մենք պետք է ուսումնասիրենք և օգտվենք բնության ստեղծագործությունից: 1941 թվի սկիզբն էր և պատերազմի հնարավորության մասին շատ էին խոսում: Ես ասացի, որ նշված պատկերներն ուսումնասիրելը մեզ կօգնի անհրաժեշտության դեպքում ավելի լավ քողարկվել: Կարծեմ, ինձ հասկացան:
Հաճախ լրագրողները ինձ հարցնում են. արդյոք երեկ կամ այսօր որևէ խոշոր հայտնագործություն չի կատարվել մեզ մոտ՝ Բյուրականում: Ես պետք է ձեզ ասեմ, որ մենք շատ համեստ աշխատանք ենք կատարում և ամեն օր մի նոր բան չենք կարող հայտնագործել: Մենք՝ Բյուրականի ամբողջ կոլեկտիվով միասին, շատ մեծ ջանքեր թափելուց հետո, կարողանում ենք ստեղծել մի փոքր աղյուս, և այն դնում ենք գիտության մեծ շենքի վրա:
Իսկ թե ինչ դժվարություններով ենք ստեղծում այդ փոքր աղյուսը և, ընդհանրապես, գիտության բոլոր բնագավառներում մարդիկ ինչ դժվարություններից հետո են հասնում որևէ արդյունքի, մինչև այժմ ինչպես հարկն է գեղարվեստական գրականության մեջ չի լուսաբանված: Հենց դրա համար էլ մենք դժգոհ ենք ժուռնալիստներից: Դժգոհ ենք նաև գրողներից, որ չեն կարողանում խորությամբ նկարագրել գիտնականի տանջալից աշխատանքը: Երբ փորձում են գրել, ինչ-որ շատ արհեստական բան է ստացվում. դա՛ է դժբախտությունը:
Գիտությամբ զբաղվելը շատ դժվար գործ է: Սկսում ես փնտրել, հետազոտել, մտածել՝ մե՛կ տարի, երկո՛ւ տարի և հաճախ տեսնում ես, որ աշխատանքիդ հինգ տոկոսն է միայն պիտանի: Փորձեր՝ հաջող, անհաջող: Թե ինչպես է տանջվում գիտական աշխատողը, ահա ա՛յդ պետք է կարողանաք նկարագրել: Դա առայժմ գրականության մեջ ցույց չի տրված և ոչ էլ գիտնականի բոլոր ապրումներն են բացահայտված:
Ժուռնալիստը պետք է լավ և բազմակողմանիորեն ուսումնասիրի այն երևույթները, որոնք ուզում է լուսաբանել: Նա, ով զբաղվում է գիտությունը լուսաբանելով, պետք է նախ և առաջ խորանա այդ աշխատանքի մեջ:

***
Սովորաբար դուք հարցնում եք, արդյոք գիտության մեջ չկա՞ն ավելորդ մարդիկ:
Իմ կարծիքով գիտության մեջ այժմ հանդիպում են երեք կարգի մարդիկ:
Մարդիկ կան, որոնք մտածում են գրել դիսերտացիա և պաշտպանել՝ միայն ռոճիկ ստանալու համար: Ռոճիկը բարձրանում է և նրանք շատ գոհ են մնում:
Կան նան գիտաշխատողներ, որ աշխատում են գլխավորապես փառքի համար: Դրանք ավելի բարձր են կանգնած, քան ռոճիկների երկրպագուները, բայց նույնպես ունեն խոցելի կողմ: Այդպիսի մարդիկ, երբ աշխատանքի ընթացքում սխալներ են թույլ տալիս, իրենց սխալների հանդեպ լինում են ներողամիտ ու անտարբեր: Հաճախ նույնիսկ թաքցնում են այդ սխալները, որ չվնասեն իրենց փառքին: Միայն թե գրեն վերջացնեն, արտաքին տպավորությունը լավ լինի և, գոնե ժամանակավորապես, փառաբանվեն: Այդպիսի գիտնականների խիղճը միշտ չէ, որ մաքուր է:
Իսկական գիտնականը իր առաջ նպատակ է դնում, լուծե՛լ որևէ խնդիր: Հետաքրքրությունը դեպի տվյալ խնդիրը նրան համակում է ամբողջապես: Եվ նյութեր հավաքելով, հետազոտերով, ուսումնասիրելով նա հասնում է արդյունքի: Նա է, որ հասարակության համար մի արժեքավոր բան է ստեղծում: Եվ հենց դրանից է ստանում իր բավարարությունը և կատարված սխալները նա օգտագործում է մեթոդիկան բարելավելու համար: Ա՛յ, սա է իսկական գիտնականը:

***
Մեր ժուռնալիստները շատ լուրջ են գրում: Այնքան լուրջ որ երբեմն զարմանում ես: Ասենք թե գրում են որևէ գործչի մասին: Այդ դեպքում անպայման սկսում են թվել նրա պաշտոնները և աստիճանները: «Սկզբում նրան տվեցին այսի՛նչ պաշտոնը, հետո այնի՛նչը, հետո երրո՛րդը, չորրո՛րդը…»: Այդպիսի դեպքում կարդալիս իմ մեջ ցանկություն է առաջանում բղավել «ուռա՜…»: Կան մարդիկ, որոնք սիրում են տիտղոսներ: Ժուռնալիստներ էլ կան, որոնք սիրում են թվարկել այդ տիտղոսները և ընթերցողին ստիպում են բղավել «ուռա՜…»:
Ես հուսով եմ, որ այս քննադատությունից դուք չեք նեղանա, որովհետև դուք քաջ մարդիկ եք:
Մի բան էլ եմ ուզում ասել: Երբ ընթերցողը կարդում է և տեսնում, թե ինչպես կարելի է մարդու կենսագրությունը վերածել պաշտոնների թվարկության, նա սկսում է ժպտալ, զգում է, որ ծիծաղելի է: Լավ կլինի, որ դուք գրելիս այդքան լուրջ տեսք չընդունեք: «Գրական թերթում» մի անգան ես կարդացի մի հոդված՝ դպրոցներն անվանակոչելու մասին: Սկզբում հոդվածն ինձ դուր էր գալիս, որովհետև կարծում էի, թե հեղինակը հումորով է ասում այդ բոլորը: Բայց հետո պարզվեց, որ նա շատ լրջորեն ուզում է Հայաստանում եղած բոլոր դպրոցներն անվանակոչել: Ինչո՞ւ: Նա կարծում է, որ դրանով ավելի շա՞տ մարդկանց կանմահացնի: Ընդհանրապես, մեզ մոտ շատ են սիրում ամեն ինչին մարդկանց անուններ դնել: Մի փողոցը բաժանում են չորս հատվածի և չորս անուն են դնում: Օրինակ, ես կարծում էի, թե երբ վերջանում է Բարեկամության փողոցը, սկսվում է Կոմիտասը: Սակայն պարզվեց, որ այդպես չէ:
Նրանց արանքում, նրանց միջև ընկած մի փոքր մասում, մի երկու հատ էլ ուրիշ փողոցներ կան:
Ես այն կարծիքին չեմ, որ մարդիկ անմահանում են, եթե նրանց անունները գրում են այս կամ այն շենքի ճակատին: Իմ կարծիքով դա ճիշտ չէ: Գործն է մնում: Գործի մեջ է մարդու անմահությունը:

***
Ինձ խնդրում են գիտության մասին պատմել, ուզում են իմանալ, թե ինչով է զբաղվում Բյուրականի աստղադիտարանը: Ճիշտն ասած, կարճ խոսքում դժվար է բացատրել այդպիսի բաներ: Համենայն դեպս, կփորձեմ մի քանի խոսքով ասել, թե ինչով է տարբերվում Բյուրականի աստղադիտարանը աշխարհի մյուս աստղադիտարաններից:
Մեր աստղադիտարանի հաջողությունը պայմանավորված է եղել նրանով, որ մենք չենք աշխատել թեմատիկայի տեսակետից նմանվել ուրիշ, թեկուզ լավագույն աստղադիտարաններին:
Հասկանալով, ոը մեր գործիքային հնարավորությունները սահմանափակ են, մենք որոշեցինք կենտրոնացնել մեր ուժերը փոքր քանակությամբ խնդիրների լուծման վրա: Կանգ աոանք աստղերի փոփոխությունների վրա: Իսկ այդ փոփոխությունները շատ դանդաղ են տեղի ունենում:
Ասենք, թե բնագետներն ուսումնասիրում են մի որևէ միջատի կյանքը: Դա բավական հեշտ է, որովհետև միջատի կյանքը շատ կարճ է տևում և կարելի է նրա կյանքում տեղի ունեցած փոփոխություններն ուսումնասիրել ամբողջությամբ, սկզբից մինչև վերջ:
Մինչդեռ աստղերի մոտ փոփոխությունները հաճախ կատարվում են միայն մի քանի տասնյակ միլիոն տարում: Ուրեմն, մենք կողմնակի կերպով պետք է համոզվենք, որ մեր ուսումնասիրած օբյեկտը գտնվում է փոփոխությունների մեջ:
Մենք սկսեցինք հետզհետե մշակել այդպիսի «կողմնակի» մոտեցման ձևերը ու խորանալ այդ երևույթների մեջ:
Դնելով փոքր նպատակներ, մեզ հաջողվեց հասնել մի քիչ ավելի շատ հաջողությունների: Մենք հայտնագործեցինք աստղասփյուռները, որոնց ուսումնասիրությամբ այժմ զբաղվում են ամբողջ աշխարհի աստղագետները: Մեզ հաջողվեց գալակտիկաների աշխարհում գտնել այն երևույթները, որոնք ապացուցեցին նրանց մեջ տեղի ունեցող փոփոխությունները: Եվ դրանք այնպիսի փոփոխություններ են, որոնք համեմատաբար կարճ ժամանակում են կատարվում: Այդ ժամանակը հա-վասար է մի քանի միլիոն տարվա:
Բյուրականում ուսումնասիրեցինք գալակտիկաների կորիզի պայթյունների երևույթը: Եվ հիմա պետք է ասեմ, որ դարձյալ մեզնից հետո, գալակտիկաների կորիզների պայթյունների վերաբերյալ երևույթները սկսեցին ուսումնասիրել նաև աշխարհի մյուս աստղագետները:
Մենք քայլ առ քայլ խորանում ենք այդ երևույթների մեջ:
Աստղագետի գործը դժվար է: Աստղագետը գիշերը դիտումներ է կատարում, ցերեկը՝ պետք է ուսումնասիրի և մշակի իր դիտումների արդյունքը: Հաջորդ գիշեր նորից պետք է սկսի դիտել: Այսպես է մեզ մոտ: Մարդիկ աշխատում են, որովհետև նրանց հետաքրքրում է ուսումնասիրության առարկան:
Մենք աշխատում ենք նեղ բնագավառում և որոշ գործ արդեն արել ենք: Ամենից առաջ ստեղծել ենք մի հիմնարկ, որտեղ մարդիկ ամբողջությամբ կարող են նվիրվել իրենց գործին: Ստեղծել ենք մի կոլեկտիվ, որը համախմբված է:
Հանճարների դարը վերջացել է: Հիմա կոլեկտիվ աշխատանքի դար է: Գիտությունը զարգանում է համարյա 2000 տարուց ի վեր: Շատ նշանավոր հայտնագործություններ արդեն կատարվել են: Այժմ ավելի և ավելի խորը պետք է թափանցել՝ որևէ հայտնագործություն կատարելու համար: Եվ հիմա միայն ու միայն կոլեկտիվ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարելի է կատարել խոշոր հայտնագործություն կամ որևէ շոշափելի արդյունքի հասնել:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով