Արմեն Զարյան. Հայ ճարտարապետների ավանդը Կապադովկիայի, սելջուկյան և օսմանյան մշակույթներում

Կոստանդնուպոլսի հիմնադրումը նշանակում էր ոչ միայն Արևելյան կայսրության` Բյուզանդիայի ստեղծում, այլև պետական սահմանադրության հիմք ծառայող քրիստոնեության ճանաչում: Բոսֆորի ափերին ստեղծված մայրաքաղաքը հռչակվեց Նոր Հռոմ:
Մշակույթի, հատկապես արվեստի բնագավառում, Աթենքի համալսարանի փակումից հետո, մայրաքաղաքի տեղաշարժն Իտալիայից դեպի Արևելք նշանակում էր Մերձավոր Արևելքի և Եգիպտոսի արվեստների ներխուժում դեպի Բյուզանդիոն: Նշանակում էր նաև արևելյան հեթանոսական խոշոր հավատալիքների պահպանում և վերաիմաստավորում, այդպես էին, օրինակ, Արևի կրոնքը և աստվածացած մայրության` Մեծ Մայի և Անահիտի հավատալիքները: Արև-Քրիստոս-Կայսր գաղափարական հավասարումն ունի իր արտահայտությունը բյուզանդական նկարչական պատկերագրության մեջ. օրինակ` լուսապսակը, որը նկարում է աստվածացած կայսրերի գլուխների շուրջը, հայտնվում է նաև 9-11-րդ դդ. Կապադովկիայի ժայռափոր եկեղեցիների որմնանկարներում, որպես մարտիրոսացած զինվորականների պսակ: Իսկ այդպիսիք էին համարվում բոլոր նրանք, ովքեր պայքարել էին այլակրոնների՝ արաբների, սելջուկների և մամլուքների դեմ: Ինչպես պիտի տեսնենք, պատկերագրական այդ նշանը ներմուծել է Մակեդոնյան տոհմից հայազն կայսր Նիկեփորոս Բ. Փոկասը: Բայց այս հանգամանքը միայն մասնակի արտահայտությունն է մշակութային ավելի հարուստ իրադրության. Կոնիայում և Կապադովկիայում, գրում է Դողան Կուբանը` Ստամբուլի պոլիտեխնիկումի պրոֆեսորը. «Գոյություն են ունեցել հայկական ազդեցություններ, և հայտնի է, որ այդ շրջաններում հաստատվել է արևելքից եկած հայերի մի մասը: Օրինակ, Թոմարձայում շենքը սպիտակ և կարմիր քարերով երեսպատելը արևելքից եկած սովորություն է»:
Հիմնականում հարցն այն է, որ Եվրոպայից արևելք գտնվող երկրների ազգային արվեստները կազմավորվեցին և զարգացան բյուզանդականի անմիջական ազդեցությամբ, նույնիսկ Բյուզանդիայից եկած արվեստագետների ստեղծագործ մասնակցության շնորհիվ: Տարածումը կենտրոնից դեպի գավառները իրագործվեց հայազն տոհմի` Մադեկոնյան կայսրերի ժամանակաշրջանում, երբ 4-5 դարերում կազմավորված հայ ճարտարապետությունը կենտրոնամետ ուղղությամբ ազդեցիկ դարձավ բյուզանդականի, հետևաբար` Կապադովկիայի նույնիսկ ժայռափոր ճարտարապետության մեջ:
Բյուզանդական տիրակալության ժամանակաշրջանի Կապադովկիայում լայնատարած կալվածատիրության և զինվորական իշխանության վրա հիմնված ֆեոդալական հասարակարգում աչքի էին ընկնում Փոկաս, Մալեյնոյի, Սկերոյի և Կուրկուաս մեծատոհմիկ ընտանիքները, որոնք բոլորն էլ ծագումով հայեր էին և այդ հասարակարգի բարձրագույն ներկայարուցիչները: Այդ ընտանիքները տվեցին կայսրեր, եպիսկոպոսներ, զինվորականներ և բարձր մտավորականություն (օր. Փոտ պատրիարքը): Նրանք եղել են բյուզանդական քաղաքականության արևելյան ուղղության ջատագովներ և, որպես զինվորականներ, վերահաստատեցին Բյուզանդական սահմանները Մերձավոր Արևելքում:
Հայ մեծ կալվածատերերի տարած կենտրոնախույս քաղաքականության շնորհիվ Կապադովկիայում աճում և զարգանամ էին քաղաքային ավելի փոքր միավորներ, որոնք մասնատիրությանը հատակ տնտեսավարչական հարաբերությունների ոլորտում վերածվեցին բնական տնտեսության ու արհեստագործության կենտրոնների: Բերդը, գյուղը կամ ավանը մագնատների սոցիալ-տնտեսական և ռազմագիտական քաղաքականությանը պահպանող հենարաններ էին. դրանցից առավել կարևորների` հատկապես բերդերի շինարարությունը գտնվում էր իշխող դասի խնամակալության տակ: Վանքերը Բյազանդիոնում եկեղեցական իշխանությունը հաստատող, գավառներում միասնությունը պահպանող ուժ էին, որոնց հեղինակությունը առավել չափով աճեց այսպես կոչված «Վանական շարժումի» հետևանքով: Նիկեփորոս Բ. Փոկաս կայսեր խորհրդով նրա ազգական Աթանասը հաստատվել է Աթոսամ և կոչվել Աթանաս Աթոսացի, նա Աթոռում հիմնել է նոր միաբանություն և առաջին Մեծ Լավրավանքը, սահմանել է վանքի առաջին կանոնադրությունը և վանքը դարձրել կայսեր քաղաքականության հոգևոր հենարանը:
Բյուզանդիոնի և արաբական իշխանության միջև ծավալված 300 տարի տևող կռիվների ժամանակ կայսրության արևելյան սահմանների երկայնքով զարգացավ բերդերի և ամրոցների շինարարությունը, որոնց մասնակցել են նաև հայ ռազմագետներ: Բերեմ հետևյալ օրինակը. հայտնի է, որ հայազն կայսեր Լևոն 6-րդ Իմաստասերը կատարել է արևելյան սահմանների վերափոխումներ. այդ ծրագրի համաձայն Մեծ Մլեհը կազմակերպեց տասներկուերորդ բանակաթեմը` Լիկանդոսը: Այդ մասին հաղորդում է Կոնստանդին Ծիրանածինը. «Հայերից բաղկացած ինչ-որ խումբ կազմեց (Մեծ Մլեհը) և, ինչպես կարողացավ, ամրացրեց այդ (Լիկանդոս) քաղաքի միջնաբերդը… այս շրջանը լցվեց հայերով, և այդ նույն խոհեմ Միլիասի (Մլեհի) ջանքերով բանակաթեմը վերածվեց և բարձրացավ նշանավոր զորության աստիճանի»: Լիկանդոսի մասին արաբ գրող Կուդան հաղորդում է. «Մալեհ ալ-Արմանիի հայերր հաստատվեցին նրանց (Պավլիկյանների) տեղը, կառուցեցին հզոր ամրոցներ, հետագայում նրանց (հայերի) բանակը զգալիորեն շատացավ… և մեզ հասցրին մեծ վնասներ»:
Հերակլես կայսրը նպատակ ունենալով ստրատիոտներին, հատկապես հայ գյուղացիներին պարտադրել տեղափոխվել բանակաթեմերի շրջանների և ծառայել բյուզանդական բանակում, կազմակերպեց կալվածատիրական նոր իրավիճակ: Արմենիակոնում հաստատվեցին Հայաստանից և Կովկասից եկած գյուղացիները և արհեստավորները: Դրանք բնակություն հաստատեցին սահմանամերձ վայրերում կառուցված ամրոցների շրջապատում, որոնք ամբողջությամբ կազմել են բերդավաններ: Բնակելի տները կառուցել են ստրատիոտ դարձած եկվորները, իսկ այդ տները, Հ. Վ. Հաուսիկի կարծիքով, տիպային տեսակետից նման են բյուզանդական մանրանկարներում պատկերված աշտարակաձև տներին: Ինչպես ծանոթ է Քսենոփոնի «Անաբասիս»-ից, պաշտպանական նկատառումներով կառուցված աշտարակաձև տները գոյություն ունեին Հայաստանի հարավում` Վասպուրականում:
Հայ բարձր զինվորականները կազմակերպել են ոչ միայն բյուզանդական բանակաթեմերից մի քանիսը, ինչպես արել են Մեծ Մլեհը Լիկանդոսում և Մանուելը, Տավթուկասը ու Փոքրիկասը` Միջագետքի բանակաթեմի համար, այլև կառուցել են ամրոցներ, իսկ հայ գյուղացին կառուցել է բերդականներում իր կենցաղին հարազատ աշտարակաձև տունը: Բերեմ ևս մի քանի օրինակ. հեռավոր Սիցիլիայում, Չիրչենտեից 89 կմ հեռավորությամբ գոյություն է ունեցել արաբ պատմիչների հիշատակած «Կալ’ ատ ալ-Արմանի» հայկական դղյակը: Աննա Կոմնենոն իր Ալեքսիադեում նշում է «Արմենոկաստրո»-ն Բիտինիայում և վերջապես Կրետե կղզում Ռեթիմնե շրջանում «Արմենոկաստելլի»-ն. բոլորն էլ հայ զինվորականների դղյակներ:
Բյուզանդական արվեստի պաշտոնական դրվածքի համաձայն, տիրել է պատկերագրական միալեզվություն, այդքանով հանդերձ, օր. Կապադովկիայուս 8-11-րդ դարերում գործող հայ արվեստագետներին հաջողվել է կանոնների սահմաններում արտահայտել յուրովին, նույնիսկ ազգայինը: Հետաքրքիր է նշել, որ Կապադովկիայի այնքան հարուստ ժայռափոր ճարտարապետության և որմնանկարչության մեջ մասնագետները, ինչպիսիք են Ն. Թիերրին. Մ. Ռեստլեն, Ա. Կուստովը, Ժ. Լաֆոնտեն-Դոզոյն, առաջ են քաշել այդ արվեստի՝ «արմենիզմի» հայկականության հարցը կամ, ավելի լայն ընդգրկումով, «հայկական հիպոթեզը»: Պատմական վկայություններից, լեզվաբանական, պատկերագրական և տիպային հիմունքներից ելնելով, նշված գիտնականների ենթադրությունը առաջին անգամ առաջարկել է ֆրանսիացի գիտնական, Կապադովկիայի արվեստի ուսումնասիրությունների հիմնադիր Զ. դը Ժերֆանիոնը: Նրան են հետևել ու նոր փաստերով հարստացրել հատկապես Սորբոնի համալսարանի, Լուվենի կաթոլիկ համալսարանի, Վիեննայի ակադեմիայի գիտնականները, այդպես և իտալացի Պ. Կունեոն և Դ. Նովեմբրեն: Իսկ այդ հիպոթեզի ներշնչողը եղել է մի հայ երիտասարդ. Ժերֆանիոն իր բազմահատոր աշխատության («Կապադովկիայի ժայռափոր եկեղեցիները», 1925 թ.) առաջաբանում գրում Է. «Մեզ համար պարտականություն է հիշատակել Օհանիկ Շովրելյանին: Այդ երիտասարդը եղել է մեր աշակերտը Թոկատում, մենք նրան առաջարկեցինք արձակուրդների ժամանակ մեզ առաջնորդել, և նա 1911-ին մեզ հետ ուղևորվեց Ուրգուրի շրջանը: Տեղացիների հետ ճարպկորեն վարվելով` հնարավոր եղավ տեսնել բազմաթիվ նոր հուշարձաններ, որոնք այլապես մեզ համար մնալու էին անմատչելի: Նա հատուկ հոտառություն ուներ որմնանկարներով գեղազարդված ժայռափոր եկեղեցիներ հայտնաբերելու մեջ: Նա մահացավ պատերազմի առաջին օրերին, սպանվեց նրանց կողմից, որոնց ինքը ծառայել էր թուրքական բանակում»:
Կապադովկիայի Սողանլի վայրում պահպանվում են ժայռային երեք ցցվածք: Տեղացի թուրքերը դրանք անվանում են «Կուբելլի», այսինքն` գմբեթ: Դրանցից մեկը դրսից քանդակված է թմբուկի և վեղարաձև բուրգի ձևով, իսկ ամբողջ ժայռը փորված է ներսից` որպես նեստրոնակազմ գմբեթավոր եղեցի: Ժերֆանիոն այդ ժայռի վրա քանդակված շինությունը նմանեցրել է հայկական եկեղեցիներին, նույնը հաստատում է Պ. Կունեոն: Ժայռը ամբողջությամբ ներսից և դրսից քանդակելը Աբատանջելոն համարում է միակ օրինակը, որ գոյություն ունի Կապադովկիայում, իսկ նշանաբանական իմաստով, գրում է իտալացի հեղինակը, պատկերում է հայերի ներկայությունը Կապադովկիայում և նրանց կապը իրենց հայրենիքի հետ:
Կապադովկիայի հարավ-արևմտյան Պերիստրեմա վայրի ժայռաթևում փորված եկեղեցիները, հատկապես Իհլարի շրջանում, տիպային տեսակետից համարվում են հայկական և կառուցվել են դեպի արևմուտք գաղթած հայերի կողմից: Ժ. Լաֆոնտեն-Դոսոյլը, համեմատելով Իհլարի վիմափոր եկեղեցիների որմնանկարները այդ շրջանի հայկական վանքում նկարված մանրանկարների հետ, նշում է հայկական արվեստի թողած ազդեցությունը և ենթադրում, որ դեռևս Իհլարի որմնանկարներից մի քանիսը նկարել են հայ նկարիչներ:
Ամենանշանակալից իրագործումը, սակայն, հետևյալն է. վիմափոր շինությունը, որպես հավատքի և պետության հզորության հուշարձան, իրագործելը եղավ հայազն բյուզանդական կայսեր` Նիկեփորոս Բ. Փոկասի գործը, որը ծանոթ է Չավուշինի մեմորիալ մեծ եկեղեցի անունով: Ժայռափոր կառույցը պարզ դահլիճ է` եռաբսիդ վերջավորությամբ և մեծաթռիչք թաղով պսակված: Արժեքավորը, սակայն, որմնանկարներն են, հատկապես պատկերված իրադարձությունների բովանդակությունը: Որմնանկարները իրագործվել են 964-65-ին, այսինքն այն ժամանակ, երբ Փոկասը իր ընտանիքով գտնվում էր Կապադովկիայում, և եղել է նաև Չավուշինում: Ու, ինչպես վայել էր կայսրերին, հուշել է պատկերների պարունակությունը, դրանց դասավորումը եկեղեցու պատերի տարբեր հատվածներում: Հյուսիսային աբսիդում պատկերված է Կայսրը, կայսրուհի Թեոֆանը, կայսեր հայրը` Բարդասը և եղբայրը` Կուրոպալատ Լևոնը, բոլորն էլ ունեն լուսապսակ: Իսկ ձեռքում կա խաչ, որպես արաբների դեմ մղված պայքարների հաղթանակի նշան: Ֆրանսիացի հայտնի բյուզանդագետ Դ. Շլումբերժեի մեկնաբանությամբ կայսրը մարտիրոսի կոչման էր արժանացնում այն բոլոր զորականներին, որոնք զոհվել էին ոչ քրիստոնյա թշնամու ձեռքով, և Չավուշինում մի շարք զինվորականներ պատկերված են լուսապսակով, այդ կերպ նաև` Սեբաստիայի 40 մարտիրոսները: Որպես հերոսներ նկարված են ձիուն հեծած Հովհաննես Չմշկիկը և Մելիաս Մլեհը: Եկեղեցու թաղի կենտրոնում պատկերված է Քրիստոսի համբարձումը` հաղթանակի և հավերժության իմաստով:
Հայ պատմական իրականության մեջ Վարդան Մամիկոնյանը ստեղծեց զոհվող ասպետի կերպարը: Խաչը և թուրը դարձան Դերաքրիստոսի դեմ պայքարի նշանը, Փոկասը ավելացրեց մարտիրոսի պսակը: Աղթամարի Ս. Խաչի արևմտյան պատին կա Գագիկ Արծրունու մեծադիր որմնաքանդակը, նա էլ ունի սրբերին հատուկ լուսապսակ: Քանդակներով և որմնանկարներով միասին վերցրած, Աղթամարը կարելի է համարել հուշատաճար:
Խաչը, թուրը և լուսապսակը նշաններ են, որ փոխանցվելու էին խաչակիրներին` Երուսաղեմը Դերաքրիստոսի ուժերից ազատագրողներին: Չավուշինի հուշատաճարը պարունակում է պատմական իրադրություններից և հավատքից առաջացած գաղափարաբանություն և փոխանցվելու էր Եվրոպա` դառնալով Խաչակրությունների հիմնական շարժառիթներից մեկը:
Նշված իրադարձությունների հավերժացման նպատակով կառուցված Չավուշինի ժայռափոր եկեղեցին, այսինքն` հուշատաճարը որպես այդպիսին բացառիկ երևույթ է նաև բյուզանդական ճարտարապետության համար: Հովհաննես Ա. Չմշկիկը Եփրատի ջրբաժան Մունզուր դաղ վայրում կառուցեց Էրկան վանքի եկեղեցին` նվիրված Ասորիքում տարած իր հաղթանակներին: Հետևաբար, պատշաճ է երկու կայսրերի և արքայի նշված շինությունները համարել հուշատաճարներ, իսկ հիմնադիրներին` շենքի նման տարատեսակի ստեղծողներ:

«Գարուն», 1990, N11-12

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով