Պոլ Էլյուար. Ազատություն

Դպրոցական տետրակներիս,
Նստարանիս ու ծառերի,
Ավազների, ձյունի վրա
Ես գրում եմ անունը քո։

Էջի վրա ընթերցված,
Էջի վրա դեռ սպիտակ.
Լինի արյուն, քար, թուղթ, մոխիր՝
Ես գրում եմ անունը քո:

Ոսկեզօծված նկարների,
Մարտիկների զենքի վրա,
Թագի վրա արքաների
Ես գրում եմ անունը քո։

Իմ մանկության արձագանքի,
Անապատի, շամբի վրա,
Տուղտի վրա, թե բույների
Ես գրում եմ անունը քո։

Գիշերային հրաշքների
Ու տարվա չորս եղանակի,
Հանապազօր հացի վրա
Ես գրում եմ անունը քո։

Կապույտի ծուփ ծվենների,
Լճակների վրա մգլոտ,
Լճի վրա լուսնանման
Ես գրում եմ անունը քո։

Հորիզոնի ու դաշտերի,
Թռչունների թևի վրա.
Հողմաղացի շուքի վրա
Ես գրում եմ անունը քո։

Հևքի վրա լուսաբացի,
Ծովի վրա, թե նավերի,
Ցնորակոծ լեռան վրա
Ես գրում եմ անունը քո։

Փաթիլների վրա ամպի,
Փոթորկածին կաթիլների,
Անձրևների վրա վարար
Ես գրում եմ անունը քո։

Պսպղացող բյուր ձևերի,
Երանգների հունչի վրա,
Ճշմարտության վրա կյանքի
Ես գրում եմ անունը քո:

Կածանների վրա զարթնած
Ու հեռարձակ ուղիների,
Փողոցների վրա հորդուն
Ես գրում եմ անունը քո։

Վառվող ամեն լամպի վրա
Ու լամպերի վրա հանգչող,
Իմ տների շարքի վրա
Ես գրում եմ անունը քո։

Իմ սենյակի և հայելու
Մրգի երկու կեսի վրա,
Դատարկ խեցու վրա մահճիս
Ես գրում եմ անունը քո։

Հեզ, որկրամոլ իմ շան վրա,
Ականջների վրա իր ցից,
Իր անճարակ թաթի վրա
Ես գրում եմ անունը քո։

Պարզ իրերի վրա բոլոր
Ու ոստնակի վրա շեմքիս,
Հրի օրհնյալ շնչի վրա
Ես գրում եմ անունը քո։

Ինձ մատուցվող մարմնի վրա
Ու ճակատին ընկերներիս,
Պարզվող ամեն ձեռքի վրա
Ես գրում եմ անունը քո։

Փուխր ապակուն դիպվածներին,
Շրթունքների վրա պրկուն,
Լռությունից վեր ու անդին
Ես գրում եմ անունը քո։

Խրամներիս վրա քանդած,
Փարոսներիս հողմակործան,
Իմ ձանձրույթի պատի վրա
Ես գրում եմ անունը քո։

Անջատումի վրա անհույս,
Մերկամարմին առանձնության,
Սանդուղքների վրա մահվան
Ես գրում եմ անունը քո։

Վերադարձած առողջության
Ու վտանգի վրա անցած.
Անհիշատակ հույսի վրա
Ես գրում եմ անունը քո։

Եվ զորությամբ լոկ մեկ բառի
Ես իմ կյանքն եմ վերսկսում.
Ես ծնվել եմ, որ ճանաչեմ,
Որ կոչեմ քեզ, Ազատություն:

Ֆրանսերենից թարգմանեց Աբրահամ Ալիքյանը

«Գարուն», 1967, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով