«Գարուն» ամսագրին պատասխանում է Հանրապետության մինիստրների սովետի նախագահը

«Գարուն» ամսագրի առաջին հարցազրույցը (1967)

Չնայած ուշ երեկոյին և աշխատանքային օրվա հոգնությանը, Մինիստրների սովետի Նախագահը մեր թղթակիցներին ընդունեց սիրով, հին ծանոթի պես: Դեռ ցերեկը, երբ հարցնում էինք հանդիպման հնարավորության մասին, Նախագահը սկզբում հրաժարվեց, բայց հետո…

— Է՜, ջահելները հենց սկզբից ճնշում են գործադրում, դե լավ, եկեք: «Գարուն» ամսագրի՞ց, ասում եք: Լավ անուն է:
— Ի՞նչ եք ուզում ինձնից,- ժպիտով ասում է նա, հրավիրելով նստել:
Եվ այսպես, սկսվում է մեր ամսագրի պատմության առաջին հարցազրույցը: Ընկ. Բ. Հ. Մուրադյանը ամենից առաջ հետաքրքրվում է ամսագրով, ամենաաննշան մանրուքներով անգամ, հարցնում է, թե ինչ թղթի վրա ենք տպելու, քանի գույնով, հարցնում է առաջին համարի նյութերի մասին: Մենք պատմում ենք: Նախագահին առանձնապես հետաքրքիր է թվում Հայաստանի ամենափոքր գյուղի մասին ակնարկը: Լսում է, երբեմն ժպիտով, երբեմն՝ տխրությամբ: Ի վերջո, սկսվում է իսկական հարցազրույցը:
«ԳԱՐՈՒՆ»— Մեր հանրապետության համար ամենից առաջ ինչո՞վ է նշանակալից անցնող տարին, 1966-ը:
Բ. Հ. ՄՈՒՐԱԴՅԱՆ— Ես ամեն ինչի մասին չեմ խոսի: Դուք գիտեք, որ հարցերի հարցը մեզ համար սեփական էներգետիկ բազայի ստեղծումն է: Սրա հետ կապված է Սևանի պրոբլեմը, որի մասին, կարծում եմ, գիտեք, թե ինչ է նշանակում դա մեր ժողովրդի համար: Ուրեմն, էներգետիկ բազան, այս առումով 66 թվականը լավ տարի էր. մենք ստացանք 275 հազար կիլովատ հզորություն՝ Երևանում, Կիրովականում, Հրազդանում: Խոսքը շարք մտած նոր ջերմաէլեկտրակայանների մասին է: Իսկ ավելի ուրախալին՝ սկսվեց Հրազդանի ջերմաէլեկտրակայանի շինարարությունը՝ 600 հազար կիլովատ հզորությամբ:
Այնուհետև, արդեն այս տարի, 66-ին Սևանից բաց թողնվող ջրի քանակը հասցվեց 520 միլիոն խմ-ի: 1967-ին այս թիվը ավելի կիջնի և 1970 թ. կկազմի 370 միլիոն խմ: Սա նշանակում է, որ առաջիկա մեկ-երկու տարում Սևանի մակարդակը նույնիսկ կարող է բարձրանալ:
«ԳԱՐՈՒՆ»— Ինչո՞վ նշանակալից կլինի 1967-ը:
Բ. Հ. ՄՈՒՐԱԴՅԱՆ— Մի քանի բան կասեմ: 1967-ին Երևանը կարտադրի իր «Երազ» ավտոմեքենաները: Կկառուցվի 440 հազար քառակուսի մետր բնակելի մակերես, դրանցից 80 հազարը՝ Նորքում: Կկառուցվեն նոր գործարաններ, մասնավորապես՝ Աբովյանում, Սևանում: Կսկսվի Արևշատի ջրհան կայանի շինարարությունը: Այդ կայանը հնարավոր կդարձնի Սևանից խնայեյու 50 միլիոն խմ ջուր: Կավարտվի հավանորեն 1968 թ.: Նույն ժամանակ, կամ փոքր-ինչ ուշ, կհանձնվի նաև Մխչյանի ջրհան կայանը, որը կխնայի 122 միլիոն խմ ջուր: Մի խոսքով՝ ամեն ինչ արվում է մեր գեղեցկուհու՝ Սևանի համար: Ես մոռացա Ապարանի լիճը, բայց այդ մասին շատ է գրվել: Ուզում եմ առանձնացնել երկու հարց:
Առաջինը՝ պետք է 1967 թվականին ամենաիսկական բեկում մտցնել Արփա-Սևան ջրանցքի շինարարությունում: Այսօրվա տեմպերով մենք 1970 թվականին ջրանցքն ավարտել չենք կարող: Այստեղ պրոբլեմը և՛ մեխանիզմներն են, և՛ մարդիկ: Լավ կլինի, որ նաև ձեր ամսագիրը հաճախ գրի այդ կառույցի մասին, տրամադրի, որ մեր ջահելները սիրով գնան այդ, հիրավի հայրենասիրական, կառույցում աշխատելու: Ուզում եմ նորից հիշեցնել, որ Արփան Սևանին տարեկան կտանի 270 միլիոն խմ ջուր:
Երկրորդը՝ 1967 թվականը մենք կուզենայինք դարձնել մեր շրջկենտրոնների, գյուղերի կուլտուր-կենցաղային պայմանները իսկապես բարելավելու տարի: Մեր գյուղերի 80 %-ում բաղնիք չկա, շատ տեղերում անմխիթար է դպրոցական շենքերի վիճակը: Հիշում եմ՝ Տաթևում էի, որը հարյուրավոր տարիներ առաջ կուլտարական օջախ է եղել, իսկ դպրոցը ավերակի է նման: Այդ մասին ասացի նախագահին, ուսերը վեր քաշեց:
«ԳԱՐՈՒՆ»- Նույնը Եղեգնաձորի շրջանի Գլաձորի դպրոցն է: Այնտեղ 1000 տարի առաջ համալսարան ենք ունեցել:
Բ. Հ. ՄՈՒՐԱԴՅԱՆ- Ուրիշ օրինակներ էլ կարելի բերել: Դպրոցաշինարարության առումով մենք Միության մեջ ամենավերջին տեղերից մեկն ենք գրավում: Դա պատիվ չի բերում: Մի խոսքով՝ պիտի փորձենք 67-ին գոնե երկու անգամ ավելի շատ կառուցել դպրոց, քան 66-ին: Տեսնենք:
Ինչ վերաբերում է կենցաղին՝ մի շատ ուրախալի բան կասեմ, 1967 թ. Սևանա լճի շուրջը գազ կանցկացվի, բոլոր լճափնյա գյուղերը կազատվեն աթարի դեզերից, ծխից: Սա շատ կարևոր գործ է: Առհասարակ գյուղերի կենցաղով պիտի լավ զբաղվել: Մենք երբեմն նեղանում ենք, որ երիտասարդ ուսուցիչը չի մնում գյուղում: Բայց ձեզ եմ հարցնում, 66 թվին հարմա՞ր է, որ համալսարան կամ կոնսերվատորիա ավարտած աղջիկը լողանա տաշտակի մեջ, ինչպես հազար տարի առաջ: Այս մասին էլ պիտի մտածենք, թեպետ չկարծեք, որ արդարացնում եմ գյուղ չգնացողներին: Պարզապես ժամանակները, պայմանները փոխվել են: Մանավանդ որ կարելի էր, միանգամայն հնարավոր՝ 5-10 տարում մեր համարյա բոլոր գյուղերում բաղնիք ունենալ:
«ԳԱՐՈՒՆ»- Մենք լիովին համաձայն ենք Ձեզ հետ, դա շատ լավ ծրագիր է, հիանալի: Այժմ մի ուրիշ հարց, ի՞նչ եք մտածում մեր օրերի երիտասարդության ւհսսին:
Բ. Հ. ՄՈՒՐԱԴՅԱՆ- Ես չեմ բաժանում որոշ թերահավատների տեսակետը: Մենք հիանալի երիտասարդություն ունենք: (Նա վերցնում է մատիտը, թղթի վրա գրում): Տեսեք, մեր երկրում բնակչության 25 %-ը սովորում է, 25 %-ը թոշակառու է, 10 %-ը տնային տնտեսուհի է: Ես այս թվերը մոտավորապես եմ ասում: Մնաց 40 %-ը: Այդ 40 %-ի 80 %-ը երիտասարդներ են: Նրանք են աշխատում: Եթե դժգոհ ենք նրանցից, հապա ո՞վ է աշխատում, ո՞վ է ստեղծում երկրի բարիքները: Պարզապես որոշ ավագներ չեն ուզում հասկանալ, որ ապրում ենք ուրիշ ժամանակներում, որ ծնվել է նոր, մեզանից ինչ-որ տեղ տարբեր սերունդ: Տարբեր չի նշանակում վատ: Ես, օրինակ, հաճախ զրուցում եմ իմ աղջիկների հետ, մեծս ուսանողուհի է. փոքրս իններորդում է սովորում: Զրուցում ենք. նույնիսկ վիճում, ինչ կա որ… Ես, իհարկե, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում շատ բան կհարթվի, հիշո՞ւմ եք, տարիներ առաջ ինչպես էին դիմադրում նեղ շալվարների մուտքը:
«ԳԱՐՈՒՆ»- Մենք ուրախ ենք, որ դուք այդպես եք մտածում ու հասկանում մեր օրերի երիտասարդությանը: Դա շատ լավ է: Գուցե Դուք մեր ամսագրի միջոցով ինչ-որ բան կասեիք նրանց:
Բ. Հ. ՄՈՒՐԱԴՅԱՆ- Սիրով: Ես կուզենայի, որ մեր երիտասարդները լինեին գործնական մարդիկ, իմանային, որ իրենք են այս երկրի տերը: Ես քիչ եմ հավատում խոսքի հայրենասիրությանը: Մեր ժողովուրդը շատ բան ունի անելու: Հաճախ մենք շատ ենք գլուխներս գովում, պարծենում մեր նախնիների արածներով: Իսկական հայրենասերը պետք է ինչ-որ բան ավելացնի պատմությանը, որովհետև մինչ մենք պարծենում ենք ուրիշ, ավելի ջահել ժողովուրդներ հիանալի պատմություն են ստեղծում: Ես հազար ձեռքով կողմ եմ այն հայրենասիրությանը. որը գործով է ամրապնդվում: Կուզենայի, որ այդպիսին լինեին մեր տղաներն ու աղջիկները, մի քիչ պետականորեն մտածեին:
«ԳԱՐՈՒՆ»- Մի վերջին հարց. Դուք կկարդա՞ք մեր ամսագիրը և ի՞նչ կցանկանաք մեր ընթերցողներին:
Բ. Հ. ՄՈՒՐԱԴՅԱՆ- Կկարդամ, անպայման: Երևի ոչ ամեն ինչ, բայց կկարդամ: Այսինքն, ձեզանից է կախված, եթե լավ ամսագիր հրատարակեք, անհնար կլինի չկարդալ: Իսկ ձեր ընթերցողներին կցանկանայի լավ ամսագիր: Լավը մի քիչ հարաբերական խոսք է, հետաքրքիր, անկեղծ, սուր, մի խոսքով՝ դուք դա ինձնից լավ պիտի իմանաք:

Անչափ շնորհակալ ենք զրույցի ու բարեմաղթությունների համար:
Մեր հանրապետության կառավարության ղեկավարի առանձնասենյակից, արդեն գիշերով, մենք դուրս ենք գալիս մի զարմանալի զգացումով: Կարծես զրուցում էինք մի մեծ գերդաստանի տան տղամարդու հետ, որը շատ հոգսեր ունի, որի միտքը անընդհատ զբաղված է կարևոր խնդիրներով, հարցերով: Մենք դուրս ենք գալիս, իսկ ընդունարանում արդեն սպասում է հանրապետության պետպլանի նախագահի տեղակալը. Մինիստրների սովետի նախագահի աշխատանքային օրը շարունակվում է:

«Գարուն», 1967, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով