Եոժեն Իոնեսկո. Հերատ երգչուհին

Եոժեն Իոնեսկոն (1909-1994 թթ.) ազգությամբ ռումինացի, ֆրանսագիր թատերգու է, «աբսուրդի թատրոնի» հիմնադիրներից, Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
«Հերատ երգչուհին» համարվում է Ֆրանսիայում ամենից շատ բեմադրված ու ներկայացված թատերախաղերից: 1989 թվականին արժանացել է «Պատվո Մոլիեր» մրցանակի:

ԱՆՏԻՊԻԵՍ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՔ

ՊԱՐՈՆ ՍՄԻԹ
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ
ՄԵՐԻ – սպասուհի
ՀՐՇԵՋ ԿԱՊԻՏԱՆ

1–ԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Անգլիական բազկաթոռներով՝ անգլիական քաղքենիական սենյակ: Անգլիական երեկո: Պարոն Սմիթը՝ անգլիացի, անգլիական բուխարիկի մոտ, անգլիական հողաթափերով, անգլիական բազկաթոռում ընկղմված, ծխում է անգլիական ծխամորճն ու անգլերեն թերթ է կարդում: Նա դրել է անգլիական ակնոց, փոքրիկ, աղեբեկ անգլիական ընչացք ունի: Կողքին, մի ուրիշ անգլիական բազկաթոռում, տիկին Սմիթը՝ անգլուհի, անգլիական գուլպաներ է կարկատում: Երկար անգլիական լռություն: Պատի՝ անգլիական ժամացույցը տասնյոթ անգլիական ղողանջ է հնչեցնում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Լսո՞ւմ ես, ժամը ինն է: Մենք արգանակ, ձուկ, խոզապուխտով տապակած կարտոֆիլ, անգլիական աղցան կերանք: Երեխաներն անգլիական ջուր խմեցին: Այս երեկո մենք լավ ընթրեցինք: Պատճառն այն է, որ Լոնդոնի արվարձանում ենք ապրում ու մեր ազգանունը Սմիթ է:
Պարոն Սմիթը լեզվով ծկլթացնում, շարունակում է կարդալ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Խոզապուխտով տապակած կարտոֆիլը շատ համեղ էր, աղցանի ձեթը կծված չէր: Անկյունի նպարավաճառի ձեթը ավելի լավն է, քան դիմացի նպարավաճառինը, նույնիսկ ավելի լավը, ք ան ներքևի թաղի նպարավաճառինը: Իհարկե, ես չեմ ուզում ասել, որ նրանցը վատն է:
Պարոն Սմիթը լեզվով ծկլթացնում, շարունակում է կարդալ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Այնուամենայնիվ ամենալավ ձեթը անկյունի նպարավաճառինն է…
Պարոն Սմիթը լեզվով ծկլթացնում, շարունակում է կարդալ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Մերին այս անգամ լավ էր տապակել կարտոֆիլը: Նախորդ անգամ փոքր ինչ հում էր թողել: Ես լավ տապակածն եմ սիրում:
Պարոն Սմիթը լեզվով ծկլթացնում, շարունակում է կարդալ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ձուկը թարմ էր: Այնքան համով էր, որ անընդհատ շրթունքներս էի լիզում: Ընդհանուր ափսեից երկու անգամ վերցրի: Ո՛չ երեք: Հետո ստիպված եղա զուգարան գնալ: Դու էլ երեք անգամ վերցրիր, չնայած երրորդ անգամվանը ավելի քիչ էր, քան նախորդ երկու անգամվանները, մինչդեռ ես երրորդ անգամ ավելի շատ վերցրի: Այս երեկո ես ավելի լավ կերա﹐ քան՝ դու: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Սովորաբար դու ես ավելի լավ ուտում: Ախորժակից երբեք չես դժգոհել:
Պարոն Սմիթը ծկլթացնում է լեզվով:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Մյուս կողմից էլ արգանակը կարծես փոքր ինչ աղի էր: Ավելի աղի, քան դու ես: Հա~-հա~-հա~ (ծիծաղում է): Պրասն էլ էր ավելի շատ, սոխը, ընդհակառակը՝ քիչ էր: Ափսոսում եմ, որ Մերիին խորհուրդ չտվեցի մեխակ համեմել: Մյուս անգամ նկատի կունենամ:
Պարոն Սմիթը լեզվով ծկլթացնում , շարունակում է կարդալ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Մեր փոքրիկ տղան հաճույքով գարեջուր կխմեր, նա էլ խմելու սեր կունենա, քեզ կնմանվի: Սեղանի շուրջը նկատեցի՞ր, ինչպես էր նայում շշին: Բայց ես նրա բաժակը փարչից ջուր լցրի: Ծարավ էր ու խմեց: Հելենն էլ ի՛նձ է նման: Նա լավ տնային տնտեսուհի է, հաշվենկատ, դաշնամուր է նվագում ու խմելու համար երբեք անգլիական գարեջուր չի խնդրում: Ինչպես մեր փոքրիկ աղջնակը, որը միայն կաթ է խմում ու շիլա ուտում: Անմիջապես զգացվում է, որ երկու տարեկան է: Անունը՝ Պեգգի է:
Սերկևիլով ու լոբիով կարկանդակը հիանալի էր: Աղանդերին, թերևս կարելի էր մի բաժակ ավստրալիական Բուրգունդիայի գինի խմել, բայց ես սեղանին գինի չդրեցի, որպեսզի երեխաներին չգայթակղեմ: Պետք է նրանց սովորեցնել կյանքում զուսպ ու ժուժկալ լինել:
Պարոն Սմիթը լեզվով ծկլթացնում , շարունակում է կարդալ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Տիկին Պարկերը Պոպեսկու Ռոզենվելդ անունով մի ռումին նպարավաճառ է ճանաչում, որը նոր է եկել Կոստանդնուպոլսից: Նա յոուրտի մեծ մասնագետ է, Ադրիանուպոլսի յոուրտի արտադրական հաստատության վկայական ունի: Վաղը կգնամ, մի մեծ պուլիկ ռումինական ավանդական յոուրտ կգնեմ: Այստեղ՝ Լոնդոնի արվարձանում, նման բան հաճախ չի պատահում:
Պարոն Սմիթը լեզվով ծկլթացնում , շարունակում է կարդալ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Յոուրտը հիանալի է ստամոքսի, երիկամների, կույր աղիքի ու աստվածարման համար: Այդպես ինձ բժիշկ Մակենզի-Քինգն ասաց, որը մեր հարևանների՝ Ջոնսերի երեխաներին է բուժում: Նա լավ բժիշկ է, նրան կարելի է վստահել՝ երբեք այնպիսի դեղեր չի հանձնարարում, որ ինքն իր վրա փորձարկած չլինի: Պարկերին վիրահատելուց առաջ, հիվանդ չլինելով հանդերձ, նախ իր լյարդը վիրահատեց:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Այդ դեպքում ինչպե՞ս պատահեց﹐ որ բժիշկն ապաքինվեց, իսկ Պարկերը մահացավ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Որովհետև բժշկի վիրահատությունը հաջող անցավ, Պարկերինը՝ոչ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ –Ուրեմն Մակենզին լավ բժիշկ չէ, հակառակ դեպքում երկուսի վիրահատություններն էլ հաջող պիտի ավարտվեին կամ երկուսն էլ մահանային:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ինչո՞ւ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Բարեխիղճ բժիշկը, եթե հիվանդին չի կարողանում ապաքինել, հետը մեռնում է: Նավապետը նավի հետ սուզվում է ծովում, չի փրկվում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ –Հիվանդին չի կարելի նավի հետ համեմատել:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ –Ինչո՞ւ՝ ոչ: Նավն էլ իր հիվանդություններն ունի: Քո բժիշկն էլ է նավի պես առողջ եղել, ահա՛ թե ինչու իր հիվանդի հետ միաժամանակ պիտի կործանվեր, ինչպես բժիշկն ու իր նավը:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ես այդ մասին չէի մտածել… գուցե այդպես է… Ուրեմն ի՞նչ ես եզրակացնում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Այն, որ բոլոր բժիշկները խաբեբաներ են, բոլոր հիվանդները՝ նույնպես: Անգլիայում միայն նավատորմն է ազնիվ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Բայց ոչ նավաստիները:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Բնականաբար (լռություն, հայացքը թերթից չկտրելով): Մի բան չեմ հասկանում: Ինչո՞ւ լրագրի քաղաքացիական կացության սյունակում մահացածների տարիքը գրում են, նորածիններինը՝ ոչ: Դա անհեթեթություն է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Երբեք չեմ նկատել:
Դարձյալ լռություն: Պատի ժամացույցը յոթ անգամ ղողանջում է: Լռություն: Պատի ժամացույցը երեք անգամ ղողանջում է: Լռություն: Պատի ժամացույցը ոչ մի անգամ չի ղողանջում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (հայացքը թերթից չկտրելով) – Տե՛ս է, գրված է, որ Բոբի Ուաթսոնը մահացել է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ –Աստվա՛ծ իմ, ի՜նչ մեղք է, ե՞րբ է մահացել:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ինչո՞ւ ես զարմացած տեսք ընդունում: Շատ լավ էլ գիտեիր: Երկու տարի առաջ է մահացել: Չե՞ս հիշում, տարի ու կես առաջ մասնակցել ենք հուղարկավորությանը:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Իհարկե՛ հիշում եմ: Իսկույն մտաբերեցի, բայց չհասկացա, թե մահազդը լրագրում տեսնելիս ինչո՞ւ անակնկալի եկար:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Այդ մասին թերթում ոչինչ էլ չկա, Ուաթսոնի մահվան մասին երեք տարի առաջ էին խոսում: Մտքերով տարվեցի, հիշեցի:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ –Ափսո՜ս, նա այնքան լավ էր պահպանվել:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Այո, Մեծ Բրիտանիայի ամենագեղեցիկ դիակն էր: Տարիքն ամենևին ցույց չէր տալիս: Խե՜ղճ Բոբի, չորս տարի առաջ մահացել էր, ու մարմինը դեռ տաք էր: Իսկական կենդանի դիակ: Ինչքան էլ ուրախ էր:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Խե՜ղճ քույր Բոբի:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ուզում ես ասել՝ «եղբա՞յր» Բոբի:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ո՛չ, ես կնոջը նկատի ունեմ: Նրա անունն էլ էր Բոբի՝ Բոբի Ուաթսոն: Քանի որ նույն անունն ունեին, երբ միասին տեսնում էիր, չէիր տարբերում: Միայն ամուսնու մահից հետո հնարավոր դարձավ իմանալ﹐ թե ով՝ ով է: Մինչդեռ մինչև հիմա էլ կան մարդիկ, որ կնոջը շփոթում են հանգուցյալի հետ ու ցավակցություն են հայտնում: Դու նրան ճանաչո՞ւմ ես:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Կնոջը ես միայն մի անգամ, պատահաբար, Բոբիի հուղարկավորությանն եմ տեսել:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ես երբեք չեմ տեսել: Գեղեցի՞կ է:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Կանոնավոր դիմագծեր ունի, բայց չի կարելի ասել, որ լավիկն է: Հաղթանդամ է ու խոշորակազմ: Դիմագծերը կանոնավոր չեն, բայց կարելի՛ է ասել, որ շատ լավիկն է: Ուղղակի չափազանց վտիտ է ու փոքրակազմ: Երգեցողության ուսուցչուհի է:
Պատի ժամացույցը հինգ անգամ ղողանջում է: Երկար լռություն:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ե՞րբ են երկուսով որոշել ամուսանանալ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ամենաուշը՝ առաջիկա գարնանը:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Անկասկած՝ հարկ կլինի գնալ նրանց պսակադրությանը:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Հարկ կլինի նաև նվեր գնել: Բայց ի՞նչ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ինչո՞ւ արծաթե յոթ սկուտեղներից մեկը չընծայենք, որ մեր ամուսնությանն ենք ստացել ու ոչ մի բանի պետք չեն եկել:
Կարճ լռություն: Պատի ժամացույցը ղողանջում է երկու անգամ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ի՜նչ վատ է, որ նա այդքան ջահել այրի է մնացել:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Լավ է, որ գոնե երեխաներ չեն ունեցել:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Հենց դա էր պակաս: Երեխանե՜ր… Խեղճ կինն ի՞նչ էր անելու:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Նա դեռ երիտասարդ է, կարող է կրկին շատ հաջող ամուսնանալ: Սուգը նրան վայելում է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Բայց երեխաների հոգսը ո՞վ կհոգա: Դու շատ լավ գիտես, որ նրանք մի տղա ու մի աղջիկ ունեն: Անուններն ի՞նչ էր:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Բոբի ու Բոբի՝ ինչպես ծնողներինը: Բոբի Ուաթսոնի հորեղբայրը՝ ծերուկ Բոբի Ուաթսոնը հարուստ է և տղային սիրում է: Նա կարող է շատ լավ ստանձնել Բոբիի դաստիարակությունը:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Դա բնական կլիներ: Իսկ Բոբի Ուաթսոնի մորաքույրը՝ ծերուհի Բոբի Ուաթսոնը, իր հերթին, կարող էր նույնքան լավ ստանձնել Բոբի Ուաթսոնի դստեր՝ Բոբի Ուաթսոնի դաստիարակությունը: Այդ կերպ Բոբի Ուաթսոնի մայրը՝ Բոբին, կարող էր վերամուսնանալ: Նա որևէ մեկին նկատի ունի՞:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ– Այո՛, Բոբի Ուաթսոնի զարմիկին:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ո՞ւմ՝ Բոբի Ուաթսոնի ՜ն:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ– Ո՞ր Բոբի Ուաթսոնի մասին ես ասում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Բոբի Ուաթսոնի՝ ծերուկ Բոբի Ուաթսոնի որդու՝ Բոբի Ուաթսոնի մյուս՝ մեռած հորեղբոր մասին:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ո՛չ, խոսքը ոչ թե նրա, մյուս Բոբի Ուաթսոնի ծերուհի մորաքույրի՝ մեռած Բոբի Ուաթսոնի որդու մասին է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Դու Բոբի Ուաթսոնին՝ առևտրական շրջիկ գործակալի՞ն նկատի ունես:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Բոլոր Բոբի Ուաթսոններն էլ առևտրական շրջիկ գործակալներ են:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Շատ դժվար գործ է: Բայց՝ եկամտաբեր:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Այո՛, եթե, իհարկե մրցակցություն չկա:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ե՞րբ չկա մրցակցություն:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Երեքշաբթի, հինգշաբթի և երեքշաբթի օրերին:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ի՜նչ ես ասում, շաբաթը երեք օ՞ր: Բոբի Ուաթսոնն այդ ժամանակ ի՞նչ է անում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Հանգստանում է, քնում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Եթե մրցակցություն չկա, այդ երեք օրերին ինչո՞ւ չի աշխատում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ես չեմ կարող ամեն ինչ իմանալ: Չեմ կարող քո բոլոր հիմար հարցերին պատասխանել:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (վիրավորված) – Այդպես ես ասում ինձ վշտացնելու համա՞ր:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (լայն ժպտալով) –Ինքդ էլ գիտես, որ ո՛չ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Բոլոր տղամարդիկ նման են իրար: Ամբողջ օրը գլանակը բերաններիդ վեր եք ընկնում կամ էլ օրը հիսուն անգամ դիմահարդարվում, շրթունք եք ներկում, եթե, իհարկե, վրա-վրա չեք խմում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Հետաքրքիր է, ի՞նչ կասեիր, եթե տեսնեիր, որ տղամարդիկ կանանց պես ամբողջ օրը ծխում են, դիմահարդարվում, շրթունք ներկում, վիսկի խմում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Թվարկածներիցդ ոչ մեկն էլ ինձ չի վերաբերվում, ասում ես ինձ ջղայնացնելու համար, իմանալով հանդերձ… որ նման հիմար կատակներ տանել չեմ կարողանում (մի կողմ է նետում ձեռքի գուլպան, նեղսրտած վեր կենում):
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (իր հերթին վեր է կենում, մոտենում կնոջը: Քնքշանքով) – Ա՜խ իմ տապակած հավիկ, ինչո՞ւ ես բորբոքվում, ինքդ էլ լավ գիտես﹐ որ ծիծաղելու համար եմ ասում (փարվում է կնոջը﹐ համբուրում): Ծեր սիրահարների ի՜նչ ծիծաղելի զույգ ենք: Արի լույսը հանգցնենք ու գնանք բայ-բայ անենք:

2–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Նույներն ու Մերին
ՄԵՐԻ (ներս մտնելով) – Ես սպասուհին եմ: Ես շատ հաճելի հետկեսօր անցկացրի` մի տղամարդու հետ կինո գնացի ու կանանց հետ շարժանկար դիտեցի: Շարժանկարից հետո մենք օղի, կաթ խմեցինք, հետո թերթ կարդացինք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Հույս ունեմ, որ շատ հաճելի հետկեսօր եք անցկացրել, եթե տղամարդու հետ կինո եք գնացել, օղի, կաթ խմել:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Թե՛րթ կարդացել:
ՄԵՐԻ – Ձեր հյուրերը՝ Մարտին ամուսինները, դռան մոտ են: Ինձ էին սպասում, որովհետև չէին համարձակվում երկուսով մտնել: Այս երեկո ձեզ հետ են ընթրելու:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Այո՛, այո՛, մենք նրանց սպասում էինք: Բայց սոված էինք, տեսանք չեն գալիս﹐առանձին ընթրեցինք: Ամբողջ օրը ոչինչ չէինք կերել: Դուք չպիտի դուրս գայիք:
ՄԵՐԻ – Ինքներդ արտոնեցիք:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Դիտմամբ չարեցինք:
ՄԵՐԻ (քրքջում է, հետո լալիս: Ի վերջո ժպտում է) – Ես ինձ գիշերանոթ գնեցի:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Իմ սիրելի Մերի, բարի եղեք, դուռը բացեք, Մարտիններն ներս հրավիրեք: Մինչ այդ մենք արագ կզգեստափոխվենք:
Սմիթները դուրս են գալիս աջ դռնով: Մերին բացում է ձախ դուռը, որով ներս են մտնում Մարտինները:

3–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մերին﹐Մարտինները
ՄԵՐԻ – Ինչո՞ւ այդքան ուշացաք, քաղաքավարի չեք: Հարկավոր էր ժամանակին գալ: Հասկացա՞ք: Համենայն դեպս նստեք ու առայժմ սպասեք (դուրս է գալիս):
4–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մարտինները, առանց Մերիի, անխոս նստում են դեմ-դիմաց: Երկչոտ ժպտում են:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (հաջորդող երկխոսությունը պետք է հնչի միալար, միապաղաղ, փոքր ինչ երգեցիկ, բայց ոչ երանգավորված) – Ներեցեք, տիկի՛ն, ինձ թվում է, եթե, իհարկե﹐ չեմ սխալվում﹐ Ձեզ ինչ որ տեղ տեսել եմ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ինձ նույնպես﹐ պարո՛ն, թվում է, թե Ձեզ ինչ որ տեղ տեսել եմ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Պատահաբար Ձեզ Մանչեստրում չե՞մ հանդիպել, տիկի՛ն:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Շատ հնարավոր է, ես բնիկ մանչեստրցի եմ, բայց չեմ կարողանում հիշել, պարո՛ն﹐Ձեզ այնտեղ տեսե՞լ եմ, թե՞ ոչ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Աստված իմ, ի՜նչ հետաքրքիր է, տիկի՛ն﹐ ես էլ եմ բնիկ մանչեստրցի:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է… Միայն թե, տիկի՛ն, Մանչեստրից մեկնել եմ մոտ հինգ շաբաթ առաջ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, ինչպիսի՜ տարօրինակ զուգադիպություն: Ես էլ, պարո՛ն, Մանչեստրից մեկնել եմ մոտ հինգ շաբաթ առաջ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Տիկի՛ն, ես նստել եմ առավոտվա ութն անց կեսի գնացքը, որը Լոնդոն է հասնում հինգին տասնհինգ պակաս:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, ինչքա՜ն տարօրինակ ու ինչպիսի՜ զուգադիպություն: Ես էլ եմ նույն գնացքը նստել﹐ պարո՛ն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Աստված իմ, ի՜նչ հետաքրքիր է, թերևս, տիկի՛ն, ես Ձեզ հենց այդ գնացքում եմ տեսել:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Շատ հնարավոր է, չի բացառվում, հավանական է, վերջիվերջո ինչո՞ւ՝ ոչ… Բայց ես ոչինչ չեմ հիշում, պարո՛ն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ես երկրորդ կարգով էի ճանապարհորդում, տիկի՛ն, չնայած Անգլիայում երկրորդ կարգ գոյություն չունի, բայց ես միշտ այդ կարգով եմ ճանապարհորդում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ տարօրինակ է, ինչքա՜ն հետաքրքիր, ինչպիսի՜ զուգադիպություն, ես էլ էի երկրորդ կարգով ճանապարհորդում, պարո՛ն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է,թերևս մենք հենց երկրորդ կարգում էլ հանդիպել ենք, սիրելի՛ տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Շա՛տ,շա՛տ հնարավոր է ու բնավ չի բացառվում: Բայց ես լավ չեմ հիշում, սիրելի՛ պարո՛ն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Իմ տեղը 8-րդ վագոնում, 6-րդ ուղեխցում էր, տիկի՛ն:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, իմ տեղն էլ էր 8-րդ վագոնում, 6-րդ ուղեխցում, սիրելի՛ պարոն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, ինչքա՜ն տարօրինակ զուգադիպություն: Գուցե մենք հենց 6-րդ ուղեխցում էլ հանդիպել ենք, սիրելի՛ տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Վերջիվերջո շատ հնարավոր է, բայց չեմ հիշում, սիրելի՛ պարոն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ճիշտն ասած, ես էլ չեմ հիշում﹐ սիրելի՛ տիկին, բայց չի բացառվում, որ մենք հենց ուղեխցում ենք իրար տեսել, և երբ մտածում եմ, շատ հնարավոր եմ համարում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Իհարկե՛, իրո՛ք, իհարկե՛, պարո՛ն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է… Իմը պատուհանի մոտի՝ 3-րդ տեղն էր,սիրելի՛ տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Օ՜, Աստված իմ, ի՜նչ հետաքրքիր է, ինչքա՜ն տարօրինակ, իմն էլ պատուհանի մոտի 6-րդ տեղն էր, ճիշտ Ձեր դիմաց, սիրելի՛ պարոն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Օ՜, Աստված իմ, ի՜նչ հետաքրքիր է, ինչպիսի՜ զուգադիպություն… Ուրեմն մենք դեմ-դիմաց էինք﹐ սիրելի՛ տիկին: Հավանաբար այդտեղ ենք իրար տեսել:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, շատ հնարավոր է, բայց ես չեմ հիշում, պարո՛ն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ճիշտն ասած, ես էլ չեմ հիշում﹐ սիրելի՛ տիկին: Այնուամենայնիվ﹐ շատ հնարավոր է﹐ որ մենք այդտեղ ենք իրար հանդիպել:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Իրավացի եք, բայց ես բնավ վստահ չեմ, պարո՛ն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Դուք չէի՞ք, սիրելի՛ տիկին, այն կինը, որ ինձ խնդրեցիք ճամպրուկը դնել ցանցադարանում, իսկ հետո շնորհակալություն հայտնեցիք և թույլ տվիք ծխել:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Այո՛, պետք է, որ ես լինեի, պարո՛ն: Ի՜նչ հետաքրքիր է, ի՜նչ հետաքրքիր է, ինչպիսի՜ զուգադիպություն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, ինչքա՜ն տարօրինակ, ինչպիսի՜ զուգադիպություն: Գուցե հենց այդ պահին էլ մենք ծանոթացել ենք, տիկի՛ն:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, ինչպիսի՜ զուգադիպություն: Շատ հնարավոր է, սիրելի՛ պարոն: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ հիշում եմ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ես նույնպես, տիկի՛ն:
Լռություն: Ժամացույցը ղողանջում է երկու-մեկ անգամ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Լոնդոն տեղափոխվելուց հետո, սիրելի՛ տիկին, ես ապրում եմ Բրոմֆիլդ փողոցում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, ինչքա՜ն տարօրինակ, ես նույնպես, Լոնդոն տեղափոխվելուց հետո, սիրելի՛ պարոն, ապրում եմ Բրոմֆիլդ փողոցում:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, ուրեմն, ուրեմն, երևի մենք հենց Բրոմֆիլդ փողոցում էլ հանդիպել ենք, սիրելի՛ տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, ինչքա՜ն տարօրինակ, ի վերջո շատ հնարավոր է, բայց ես չեմ հիշում սիրելի՛ պարոն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ –Ես ապրում եմ թիվ 19 տանը﹐ սիրելի՛ տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, ես էլ եմ ապրում թիվ 19 տանը, սիրելի՛ պարոն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ուրե՛մն, ուրե՛մն, ուրե՛մն, ուրե՛մն, ուրե՛մն, մենք թերևս այդ տա՞նն ենք հանդիպել, սիրելի՛ տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Շատ հնարավոր է, բայց ես չեմ հիշում սիրելի՛ պարոն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Իմ բնակարանը 5-րդ հարկի թիվ 8-ն է, սիրելի տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, Աստված իմ, ինչքա՜ն տարօրինակ է: Ու ինչպիսի՜ զուգադիպություն: Ես նույնպես 5-րդ հարկում, թիվ 8 բնակարանում եմ ապրում, սիրելի՛ պարոն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (երազկոտ) – Ի՜նչ հետաքրքիր է, ի՜նչ հետաքրքիր է, ի՜նչ հետաքրքիր է, ինչպիսի՜ զուգադիպություն: Գիտե՞ք, իմ ննջասենյակում ես մի մահճակալ ունեմ, որի փետրաներքնակը կանաչ է: Այդ սենյակն իր կանաչ փետրաներքնակե մահճակալով գտնվում է միջանցքի խորքում՝ զուգարանի ու գրադարանի միջև, սիրելի՛ տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ինչպիսի՜ զուգադիպություն, Աստված իմ, ինչպիսի՜ զուգադիպություն: Իմ ննջասենյակում նույնպես կանաչ փետրաներքնակով մահճակալ կա, իմ ննջասենյակն էլ է սիրելի՛ պարոն, գտնվում միջանցքի խորքում՝ զուգարանի ու գրադարանի միջև:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ինչքա՜ն տարօրինակ է, հետաքրքի՛ր, արտասովո՛ր: Ուրեմն, տիկի՛ն, մենք ապրում ենք նույն սենյակում, քնում ենք նույն անկողնում: Թերևս հենց այնտեղ էլ հանդիպել ենք, սիրելի տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի~նչ հետաքրքիր է, ինչպիսի՜ զուգադիպություն: Շատ հնարավոր է, հենց այնտեղ էլ հանդիպել ենք, թերևս մինչև իսկ երեկ գիշեր, բայց ես ոչինչ չեմ հիշում, սիրելի՛ պարոն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ես մի աղջիկ ունեմ՝ փոքրիկ աղջիկ, նա ինձ հետ է ապրում, սիրելի տիկին: Նա երկու տարեկան է, շեկլիկ, մի աչքը ճերմակ է, մյուսը՝ կարմիր, շատ սիրունիկ է, անունը Ալիս է, սիրելի՛ տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ինչպիսի՜ տարօրինակ զուգադիպություն: Ես նույնպես մի փոքրիկ աղջիկ ունեմ, նա երկու տարեկան է, մի աչքը ճերմակ է, մյուսը՝ կարմիր, շատ սիրունիկ է, անունը նույնպես Ալիս է, սիրելի՛ պարոն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (նույն միալար, միապաղաղ ձայնով) – Ի՜նչ հետաքրքիր է, ինչպիսի՜ զուգադիպություն: Ու՝ տարօրինակ: Թերևս նույն աղջիկն է, սիրելի տիկին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՜նչ հետաքրքիր է, շատ հնարավոր է, սիրելի՛ պարոն:
Երկար լռություն… պատի ժամացույցը ղողանջում է քսանինն անգամ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (երկար մտածելուց հետո դանդաղ վեր է կենում, անշտապ ուղղվում է տիկին Մարտինի կողմը, որը պարոն Մարտինի զուսպ կեցվածքից անակնկալի եկած, նույնպես, անշտապ վեր է կենում: Պարոն Մարտինը նույն միալար, միապաղաղ, փոքր ինչ երգեցիկ ձայնով) – Ուրեմն, սիրելի՛ տիկին, կարծում եմ այլևս ոչ մի կասկած չի կարող լինել﹐ որ մենք արդեն հանդիպել ենք, և Դուք իմ սեփական կինն եք… Էլիզաբե~թ, ես քեզ նորից գտա:
Տիկին Մարտինը, նույնպես անշտապ, մոտենում է պարոն Մարտինին: Նրանք հպանցիկ համբուրվում են: Պատի ժամացույցը մի անգամ, ուժգին ղողանջում է: Ժամացույցի ղողանջն այնքան ուժգին պիտի լինի, որ սարսռեցնի հանդիսատեսին: Մարտին ամուսիններն այդ ղողանջը չեն լսում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Դոնա՜լդ, դո՞ւ ես, darling:
Նրանք նստում են նույն բազկաթոռին, փաթաթվում, ննջում: Պատի ժամացույցը էլի՛, էլի՛ է ղողանջում: Մերին, ոտքի թաթերի վրա, մատը՝ շուրթերին, կամացուկ բեմ է մտնում, դիմում հանդիսատեսին:

5–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Նույներն ու Մերին
ՄԵՐԻ – Էլիզաբեթն ու Դոնալդն ինձ լսել կարողանալու համար այժմ չափազանց երջանիկ են: Ուստի կարող եմ ձեզ մի գաղտնիք հայտնել. Էլիզաբեթը Էլիզաբեթը չէ, և ոչ էլ Դոնալդն է Դոնալդը: Ահա՛ դրա վկայությունը՝ երեխան, որի մասին ասում էր Դոնալդը﹐Էլիզաբեթի աղջնակը չէ, խոսքը նույն երեխայի մասին չէ: Դոնալդի դստրիկի մի աչքը ճերմակ է, մյուսը՝ կարմիր, ինչպես Էլիզաբեթի դստրիկինը: Բայց Դոնալդի երեխայի աջ աչքն է ճերմակ﹐ ձախը՝ կարմիր, իսկ Էլիզաբեթի երեխայի աջ աչքն է կարմիր, ձախը՝ ճերմակ: Այսպիսով՝ Դոնալդի հիմնավորման ամբողջ համակարգը, բախվելով այս վերջին իրողությանը, փլուզվում է, ի չիք դարձնում տեսական հավաստիացումները: Չնայած զարմանալի զուգադիպություններին, որոնք անհերքելի փաստարկումներ են թվում, Դոնալդն ու Էլիզաբեթը, չլինելով նույն երեխայի ծնողները, Դոնալդն ու Էլիզաբեթը չեն: Դոնալդը որքան ուզենա կարող է կարծել, որ ինքը Դոնալդն է, Էլիզաբեթը որքան ուզենա կարող է կարծել﹐ որ ինքը Էլիզաբեթն է: Դոնալդը որքան ուզենա կարող է կարծել, որ Էլիզաբեթը Էլիզաբեթն է, Էլիզաբեթը որքան ուզենա կարող է կարծել﹐որ Դոնալդը Դոնալդն է: Երկուսն էլ չարաչար սխալվում են: Բայց ո՞վ է իսկական Դոնալդը: Ո՞վ է իսկական Էլիզաբեթը: Ո՞վ է շահագրգռված, որ երկարատևի այս թյուրիմացությունը: Տեղյակ չեմ: Ոչ էլ ուզում եմ իմանալ: Ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես եղե՛լ է, կա՛: (Նա մի քանի քայլ է անում դեպի դուռը, ապա վերադառնում, հայտնում է հանդիսատեսին): Իմ իսկական անունը Շերլոկ Հոլմս է:

6–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մարտին ներն առանց Մերիի
Պատի ժամացույցը ղողանջում է այնքան, որքան ուզում է: Որոշ ժամանակ անց տեր և տիկին Մարտինները բաժանվում, նստում են իրենց նախկին տեղերը:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Մոռանանք, darling, այն ամենը, ինչ տեղի չի ունեցել մեր միջև, ու հիմա, քանի որ նորից գտել ենք իրար, ջանանք այլևս միմյանց չկորցնել ու ապրենք առաջվա պես:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Այո՛, darling:

7–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Նույներն ու Սմիթները
Սմիթները, նույն հագուստներով, մտնում են աջից:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Բարի երեկո, սիրելի բարեկամներ: Ներեցեք, որ այդքան երկար սպասեցրինք: Մտածեցինք ձեզ մատուցել այն հարգանքը, որին արժանի եք ու հենց իմացանք առանց նախազգուշացնելու մեզ այցելելով հաճույք պատճառելու ձեր ցանկության մասին, շտապեցինք գնալ հագնել մեր հյուրընկալության զգեստները:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (վրդովված) – Մենք ամբողջ օրը ոչինչ չենք կերել: Չորս ժամ է ձեզ ենք սպասում: Ինչո՞ւ ուշացաք:
Սմիթները տեղավորվոււմ են հյուրերի դիմաց: Պատի ժամացույցը, նայած բովանդակությանը, զորեղ կամ թույլ ղողանջով արձագանքում է զրուցակիցների հետագա արտահայտություններին: Մարտինները, հատկապես կինը, շփոթված ու վհատ տեսք ունեն: Այդ պատճառով խոսակցությունը դժվար է սկսվում, բառերը ճիգով են արտաբերվում: Նախ երկար, անհարմար լռություն է տիրում, որին այլ լռություններ ու վարանումներ են հաջորդում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Հը՜մ (լռություն):
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Հը՛մ, հը՛մ (լռություն):
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Հը՜մ, հը՛մ, հը՛մ (լռություն):
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Այո՛, անկասկած (լռություն):
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Բոլորս էլ հարբուխ ենք:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Բայց ցուրտ չի:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ –Միջանցիկ քամի էլ չկա:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Բարեբախտաբար, չկա:
Լռություն: Լռություն: Լռություն:
Լռություն:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Է՝ հե՛-հե՜ (լռություն):
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Դուք հոգս ունե՞ք (լռություն):
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ո՛չ, նյարդայնանում է (լռություն):
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ձեր տարիքո՞ւմ պարոն, նյարդայնանալ պետք չէ (լռություն):
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Սիրտը տարիք չունի (լռություն):
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ճի՛շտ է (լռություն):
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Այդպես ասում են (լռություն):
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Հակառակն էլ են ասում (լռություն):
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ճշմարտությունը երկուսի միջև է (լռություն):
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ճիշտ է (լռություն):
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (Մարտիններին) – Դուք շատ եք ճանապարհորդում, հետաքրքիր դիպվածներ կունենաք պատմելու:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (կնոջը) – Ասա՛, սիրելիս, այսօր ի՞նչ ես տեսել:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Հարկ չկա, չեն հավատա:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Մենք Ձեր ազնվությանը վստահում ենք:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Եթե այլ կերպ կարծեք, մեզ կվիրավորեք:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (կնոջը) – Սիրելիս, դու նրանց կվիրավորես, եթե կարծես…
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ (ծեքծեքուն) – Լավ, ուրեմն, այսօր ես արտասովոր, աննախադեպ դիպվածի ականատես եղա:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ասա՛, շուտ ասա, սիրելիս:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ի՜նչ լավ է, հիմա զվարճանալու ենք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Դե՛, շուտ արա: Վերջիվերջո…
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Մի խոսքով, այսօր բանջարեղեն գնելու համար շուկա գնալիս, կանաչիներն, իմիջիայլոց, օրեցօր թանկանում են…
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ի՜նչ է լինելու սրա վերջը:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Մի՛ ընդհատիր, սիրելիս: Անտանելի ես:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Փողոցում, սրճարանի մոտ, պարկեշտ հագնված, մոտ հիսուն տարեկան, թերևս ոչ այդ տարիքի մի տղամարդ տեսա, որը…
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Որը ի՞նչ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Որը ի՞նչ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ ( կնոջը) – Մի՛ ընդհատիր, սիրելի՛ս: Զզվեցնում ես:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Սիրելի՛ս, առաջինը դու ընդհատեցիր: Անտա՛շ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Սս՜ս: (Կնոջը) Ի՞նչ էր անում այդ պարոնը:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Միայն թե չասեք՝ հնարում եմ: Նա ծունկը ծալել, կռացել էր:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ, ՊԱՐՈՆ ՍՄԻԹ, ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Վա՜հ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Այո՛, կռացել էր:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Անհնարին է:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Այո՛, այո՛, կռացել էր: Մոտեցա, որ տեսնեմ ի՞նչ է անում…
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ո՞ւ…
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Կապում էր կոշիկի արձակված քուղը:
ՄՅՈՒՍ ԵՐԵՔԸ ՄԻԱՍԻՆ – Աներևակայելի՜ է:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Եթե Դուք չլինեիք պատմողը, ոչ մի դեպքում չէի հավատա:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ինչո՞ւ՝ ոչ: Քաղաքում﹐երբ երթևեկում ես, ավելի արտառոց դիպվածների ես ականատես լինում: Օրինակ, հենց այսօր, մետրոյում մի տղամարդու տեսա, որ նստած հանգիստ իր թերթն էր կարդում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ինչպիսի՜ յուրօրինակություն:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Գուցե նույն տղամարդն է եղել (դռան զանգը տալիս են): Զա՛նգը:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Երևի ինչ որ մեկն է եկել, գնամ տեսնեմ (գնում է: Բացում է դուռը﹐ վերադառնում): Մարդ չկա (անցնում է տեղը):
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Մի ուրիշ դիպված պատմեմ … (դռան զանգ):
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Նորից զանգը տալիս են:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Հաստատ ինչ որ մեկն է: Գնամ, տեսնեմ (գնում է: Բացում է դուռը, վերադառնում): Մարդ չկա (անցնում է տեղը):
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (մոռացել է, թե ինչ էր պատմում) – Ոնց որ…
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ասում էիր, որ ուզում ես մի ուրիշ դիպված պատմել:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Այո՛, այո՛… (դռան զանգ):
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Նորից զանգը տալիս են:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Էլ չեմ գնա նայելու:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Բայց հաստատ ինչ որ մեկը կա:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Առաջին անգամ ոչ ոք չկար: Երկրորդ անգամ՝ նույնպես: Ինչո՞ւ ես կարծում, որ այս անգամ ինչ որ մեկը կլինի:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Որովհետև զանգը տալիս են:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Դա պատճառ չէ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ինչպե՞ս: Երբ դռան զանգը լսվում է՝ նշանակում է շեմին ինչ որ մեկը կանգնած է. զանգը տալիս է, որ դուռը բացեն:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Միշտ չէ, որ այդպես է: Քիչ առաջ համոզվեցիք:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ –Մեծ մասամբ այդպես է:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Երբ ես որևէ մեկին այցելում եմ, ներս մտնելու համար զանգը տալիս եմ: Կարծում եմ՝ բոլորն են այդպես անում, և եթե դռան զանգը հնչում է, ուրեմն ինչ որ մեկը շեմին սպասում է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Դա տեսականորեն է ճիշտ: Իրականում ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում: Տեսար չէ՞ քիչ առաջ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ձեր կինն իրավացի է:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Օ՜, դուք՝ կանայքդ, միշտ իրար պաշտպանում եք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Լավ, գնամ նայեմ, որպեսզի չասես, որ կամակոր եմ ու ինքդ էլ համոզվես՝ ոչ ոք չկա (գնում է: Բացում է դուռը, փակում): Տեսնո՞ւմ ես՝ մարդ չկա (անցնում է տեղը): Օ՜, այս տղամարդիկ՝ միշտ ուզում են իրավացի լինել ու միշտ սխալվում են (նորից դռան զանգ):
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Լսեցի՞ր, զանգը տալիս են, հաստատ ինչ որ մեկն է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (ցասումով) – Էլ ինձ չուղարկես դուռը բացելու: Չհամոզվեցի՞ր, որ անօգուտ է: Փորձը ցույց տվեց, որ երբ դռան զանգ է լսվում, երբեք, ոչ ոք չի լինում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Երբե՛ք, ո՛չ ոք:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Հաստատ չի կարելի ասել:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Նույնիսկ կարելի է սխալ համարել: Մեծ մասամբ, երբ դռան զանգը լսվում է, նշանակում է ինչ որ մեկը ներս գալ ուզում է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Չի ընդունում սխալը:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Իմ ամուսինն էլ է համառ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Դրսում ինչ որ մեկը կա:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Հնարավոր է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (ամուսնուն) – Ոչ ոք էլ չկա:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Կա՛:
ՏԻԿԻՆ ՍՍՄԻԹ – Ես ասում եմ, որ չկա: Զուր տեղը ոտքի չհանես: Ուզո՞ւմ ես՝ ինքդ գնա տես:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ու կգնամ:
Տիկին Սմիթը թոթվում է ուսերը: Տիկին Մարտինը շարժում է գլուխը:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (գնում, բացում է դուռը) – Օ՜, how do you do! (շրջվում է զարմացած կնոջ, ապա՝ Մարտին ամուսինների կողմը) Հրշեջ կապիտանն է:

8–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Նույներն ու հրշեջ կապիտանը
ՀՐՇԵՋ (նա, հասկանալի է, խոշոր, շողացող սաղավարտով ու համազգեստով է) – Բարև ձեզ﹐ տիկնայք և պարոնայք (բոլորը շարունակում են զարմացած նայել: Տիկին Սմիթը, զայրացած գլուխը թեքում, բարևին չի պատասխանում): Բարև Ձեզ, տիկին Սմիթ﹐ Դուք բարկացած տեսք ունեք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Հանգիստ թողե՛ք, վա՜յ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Հասկանո՞ւմ եք… Իմ կինը փոքր ինչ հուսախաբ է սխալված լինելու համար:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Պարոն հրշեջ կապիտան, տեր և տիկին Սմիթների միջև վիճաբանություն տեղի ունեցավ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (պարոն Մարտինին) – Դա ձեր գործը չէ: (Պարոն Սմիթին) – խնդրում եմ օտարներին չխառնվել մեր ընտանեկան տարաձայնություններին:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Սիրելիս, ախր արտառոց ոչինչ չի պատահել: Կապիտանը մեր ընտանիքի հին բարեկամն է: Նրա մայրը սիրահետում էր ինձ, հորը նույնպես ճանաչել եմ: Նա ինձ խնդրել էր, որ եթե դուստր ունենամ, իրեն կնության տամ: Այդպես սպասելով էլ մահացավ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Դա ո՛չ իր, ո՛չ էլ ձեր մեղքն է:
ՀՐՇԵՋ – Ինչի՞ մասին է խոսքը, չեմ հասկանում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Իմ ամուսինը պնդում էր որ…
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ո՛չ, դու էիր պնդում:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Այո՛, տիկին Սմիթն էր պնդում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ո՛չ, պարոն Սմիթը:
ՀՐՇԵՋ – Մի նյարդայնացեք, Դո՛ւք պատմեք, տիկին Սմիթ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Լավ, փորձեմ: Ինձ համար դժվար կլինի Ձեզ հետ անկեղծորեն խոսելը, չնայած հրշեջը նաև խոստովանահայր է:
ՀՐՇԵՋ ԿԱՊԻՏԱՆ – Ուրե՞մն:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Մենք վիճում էինք, որովհետև ամուսինս ասում էր, որ երբ դռան զանգը տալիս են, մեկնումեկը շեմին անպայման լինում է:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Տրամաբանական է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Իսկ ես ասում էի,որ երբ դռան զանգը տալիս են, շեմին ոչ ոք էլ չի լինում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Մի բան, որ կարող է տարօրինակ թվալ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Մի բան, որ հաստատվեց ոչ թե տեսական դրույթներով, այլ փաստերով:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Իրավացի չեք, քանի որ հրշեջն այստեղ է: Նա զանգը տվեց, ես դուռը բացեցի, ներս մտավ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ե՞րբ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Հենց նոր:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Այո՛, բայց չորս անգամ զանգի ձայն լսելուց հետո: Մինչդեռ չորրորդ անգամը չի հաշվվում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ –Միշտ էլ առաջին երեք անգամներն են հաշվվել:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Պարոն կապիտան, թույլ տվեք իմ հերթին﹐ Ձեզ մի քանի հարց ուղղել:
ՀՐՇԵՋ – Խնդրե՛մ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Երբ ես դուռը բացեցի ու Ձեզ շեմին տեսա, զանգը Դուք էիք տվել, չէ՞:
ՀՐՇԵՋ – Այո՛, ես էի:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Դուք էիք չէ՞ դռանը, Դո՛ւք էիք զանգը տալիս ներս մտնելու համար:
ՀՐՇԵՋ – Չեմ ժխտում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (կնոջը, հաղթական) – Տեսնո՞ւմ ես, ես իրավացի էի: Եթե զանգի ձայն ես լսում, ուրեմն ինչ որ մեկը տալիս է: Դու չես կարող ասել, որ կապիտանն ինչ որ մեկը չէ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Իհարկե՝ ոչ: Կրկնում եմ, որ ես խոսում եմ միայն առաջին երեք անգամների մասին﹐ քանի որ չորրորդը չի հաշվվում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ (հրշեջին) – Առաջին անգամ, երբ զանգը տվին﹐ Դո՞ւք էիք:
ՀՐՇԵՋ – Ո՛չ, ես չէի:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Տեսնո՞ւմ եք: Զանգը հնչել է, ու ոչ ոք չի եղել:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Գուցե ուրի՞շ ինչ որ մեկն է եղել:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (հրշեջին) – Դուք երկա՞ր ժամանակ էիք դռան մոտ:
ՀՐՇԵՋ – Երեք քառորդ ժամ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ոչ ոքի չնկատեցի՞ք:
ՀՐՇԵՋ – Ոչ ոքի: Վստահ եմ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Երկրորդ անգամվա զանգը լսեցի՞ք:
ՀՐՇԵՋ – Այո՛, բայց դարձյալ ես չէի: Դարձյալ շեմին ոչ ոք չկար:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Հաղթանա՜կ: Ուրեմն ես իրավացի էի:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (կնոջը) – Այդքան մի շտապիր: (Հրշեջին) Ի՞նչ էիք Դուք անում դռանը:
ՀՐՇԵՋ – Ոչինչ: Հենց այնպես կանգնած էի: Տարբեր բաներ էի մտածում:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (հրշեջին) – Բայց երրորդ անգամ… Դուք չտվեցի՞ք զանգը:
ՀՐՇԵՋ – Այո՛, ես տվեցի:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Մինչդեռ, երբ դուռը բացել են, Ձեզ չեն տեսել:
ՀՐՇԵՋ – Թաքնվել էի… Կատակելու համար:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Մի՛ ծիծաղեք, պարոն կապիտան: Խնդիրը շատ լուրջ է:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Մի խոսքով, երբ զանգը տալիս են, մենք այդպես էլ չենք իմանում, շեմին ինչ որ մեկը կա՞, թե՞ չէ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Երբեք ոչ ոք չի լինում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Միշտ ինչ որ մեկը լինում է:
ՀՐՇԵՋ – Հիմա ես ձեզ կհաշտեցնեմ: Երկուսդ էլ մասամբ իրավացի եք: Երբ դռան զանգը տալիս են, երբեմն ինչ որ մեկը լինում է, երբեմն էլ չի լինում:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Դա ինձ տրամաբանական է թվում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ես էլ եմ այդպես կարծում:
ՀՐՇԵՋ – Իրականում ամեն ինչ շատ պարզ է (Սմիթ ամուսիններին): Համբուրվեք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Քիչ առաջ ենք համբուրվել:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Վաղը կհամբուրվեն: Ժամանակ շատ ունեն:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Պարոն կապիտան, քանի որ ամեն ինչ պարզելուն մեզ օգնեցիք, Ձեզ ազատ զգացեք, Ձեր սաղավարտը հանեք, հանգիստ նստեք:
ՀՐՇԵՋ – Ներեցե՛ք﹐ բայց ես չեմ կարող երկար մնալ: Սաղավարտս կհանեմ, չնայած նստելու ժամանակ չունեմ (առանց սաղավարտը հանելու նստում է): Խոստովանում եմ, որ բոլորովին այլ խնդրով եմ ձեզ մոտ եկել: Ճիշտ կլինի ասելը՝ ծառայողական պարտականությամբ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ո՞րն է Ձեր ծառայողական պարտականությունը, պարոն կապիտան:
ՀՐՇԵՋ – Ես ձեզ պիտի խնդրեմ ներել իմ աննրբանկատությունը (շփոթահար): Չգիտեմ (մատնացույց է անում Մարտին ամուսիններին) … կարո՞ղ եմ… նրանց ներկայությամբ…
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ձեզ ազատ զգացեք:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Մենք հին բարեկամներ ենք, նրանք մեզ ամեն ինչ պատմում են:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Խոսեցե՛ք:
ՀՐՇԵՋ – Ուրեմն այսպես՝ ձեզ մոտ ոչինչ չի՞ այրվում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ինչո՞ւ եք հարցնում:
ՀՐՇԵՋ – Որովհետև… Ներեցեք, ես քաղաքի բոլոր հրդեհները հանգցնելու իրավասությունն ունեմ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Բոլո՞ր:
ՀՐՇԵՋ – Այո՛, բոլոր:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (շփոթված) – Չգիտեմ… չեմ կարծում: Ուզո՞ւմ եք՝ գնամ նայեմ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (հոտոտելով) – Կարծես թե ոչինչ չի այրվում: Համենայն դեպս խանձահոտ չի գալիս:
ՀՐՇԵՋ (ափսոսանքով) – Ոչի՞նչ: Բուխարիում կրակի մոծիր, ձեղնահարկում, մառանում ոչինչ չկա՞﹐ որ այրվում է: Գոնե արծարծվող հրդեհ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Գիտե՞ք﹐ չեմ ուզում Ձեզ վշտացնել﹐ բայց կարծում եմ այս պահին ոչինչ չկա: Խոստանում եմ, հենց գոնե մի կայծ նկատեմ, Ձեզ կհայտնեմ:
ՀՐՇԵՋ – Չհապաղեք, Դուք ինձ մեծ ծառայություն մատուցած կլինեք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Խոստանում եմ:
ՀՐՇԵՋ (Մարտին ամուսիններին) – Ձեր տա՞նն էլ ոչինչ չի այրվում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Դժբախտաբար՝ ոչ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (հրշեջին) – Այս շրջանում գործերն ընդհանրապես վատ են:
ՀՐՇԵՋ – Չափազանց վատ: Սոսկ չնչին բռնկումներ են պատահում բուխարիում, ամբարում: Լուրջ, եկամուտ բերող համարյա ոչինչ չի լինում: Ու քանի որ եկամուտ չենք ունենում, հավելավճարն աննշան է դառնում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Այո՛, այս տարի ամենուր՝ ինչպես առևտրում, գյուղատնտեսությունում﹐ այնպես էլ հրշեջ ծառայությունում նույնն է՝ գործերը լավ չեն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Հասկանալի է՝ եթե ցորենի բերք չկա, հրդեհ էլ չկա:
ՀՐՇԵՋ – Նույնիսկ ջրհեղեղներ չկան:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Բայց շաքար կա:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Որովհետև արտասահմանից են ներկրում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Հրդեհների պարագան ավելի բարդ է: Տուրքը շատ բարձր է:
ՀՐՇԵՋ – Չափազանց քիչ, այնուամենայնիվ﹐ երբեմն-երբեմն ինչ որ բան, ասենք գազահեղձություն﹐ պատահում է: Նախորդ շաբաթ մի ջահել կին գազը բաց էր թողել, թունավորվել էր:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Մոռացե՞լ էր փակել:
ՀՐՇԵՋ –Ո՛չ﹐ կարծել էր իր սանրն է:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Նման շփոթումները միշտ էլ վտանգավոր են:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Դուք լուցկի վաճառողի մոտ եղե՞լ եք:
ՀՐՇԵՋ – Իմաստ չունի: Նա ապահովագրված է հրդեհի դեմ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Իմ անունից Վեկֆիլդի փոխերեցին այցելեք:
ՀՐՇԵՋ – Ես հոգևորականների հրդեհը հանգցնելու համարձակություն չունեմ: Եպիսկոպոսը կզայրանա: Նրանք իրենք են հանգցնում իրենց կրակը կամ հանգցնել են տալիս վեստալուհիներին:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Դյուրանի մոտ փորձեք Ձեր բախտը:
ՀՐՇԵՋ – Առավել ևս չեմ կարող: Նա անգլիացի չէ: Ուղղակի հպատակություն է ընդունել: Հպատակություն ընդունածները տներ ձեռք բերելու իրավունք ունեն, բայց այն այրվելիս իրավասու չեն հանգցնելու:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Այնուամենայնիվ, անցյալ տարի, երբ հրդեհվեց, հանգցրին:
ՀՐՇԵՋ – Մեն-մենակ մարեց: Թաքուն: Ես չէ, որ պիտի գնամ, նրան մատնեմ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ես էլ չէ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Պարոն կապիտան, քանի որ շատ չեք շտապում, մի քիչ էլ մնացեք: Մեզ հաճույք կպատճառեք:
ՀՐՇԵՋ – Ուզո՞ւմ եք ձեզ խնդուկներ պատմեմ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Օ՜, իհարկե, դուք սքանչելի եք (համբուրում է նրան):
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ, ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ, ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Այո՛, այո՛, խնդուկներ, կեցցե՛ք (ծափահարում են):
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ամենաէականն այն է, որ հրշեջների բոլոր պատմությունները հավաստի են, հավաստի ու ապրված:
ՀՐՇԵՋ – Ես միմիայն այնպիսի բաներ եմ պատմում, որ ինձ հետ են պատահել: Իրակա՛նը,անպայմա՛ն իրականը: Գրքային՝ ոչինչ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Իրավացի եք, ճշմարտությունը ոչ թե գրքերում, կյանքում է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Սկսե՛ք:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Սկսե՛ք:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Լռեցե՛ք, սկսում է:
ՀՐՇԵՋ (անընդհատ հազում է) – Ներեցեք, ինձ այդպես մի նայեք, կաշկանդում եք: Դուք գիտեք﹐ որ ես ամաչկոտ եմ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Նա սքանչելի է (համբուրում է):
ՀՐՇԵՋ – Համենայն դեպս փորձեմ սկսել: Միայն թե խոստացեք, որ չեք ունկնդրելու:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Բայց եթե չունկնդրենք, չենք լսի:
ՀՐՇԵՋ – Վա՜յ﹐ այդ մասին չէի մտածել:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ասում էի, չէ՞, երեխա է:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ, ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Օ՜, այո՛, բայց սքանչելի երեխա (համբուրում են նրան):
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Դե՛, համարձակ եղեք:
ՀՐՇԵՋ – Այսպես, ուրեմն (նորից հազում է, հետո հուզմունքից դողացող ձայնով սկսում) — «Շունն ու եզը»` փորձառական առակ. մի անգամ ինչ որ եզ հարցնում է ինչ որ շան՝ ինչո՞ւ կուլ չես տվել կնճիթդ: Ներեցեք, պատասխանում է շունը, ինձ թվացել է, թե փիղ եմ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Առակդ զի՞նչ ցուցանե:
ՀՐՇԵՋ – Ինքներդ պիտի գլխի ընկնեք:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Իրավացի է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (խռովված) – Մի ուրիշը:
ՀՐՇԵՋ – Մի հորթ չափից ավելի փշրված ապակի կերավ, որի հետևանքով ստիպված եղավ ծննդաբերել: Նա մի կով աշխարհ բերեց: Սակայն, քանի որ հորթը արու էր, կովը չէր կարող նրան «մայրիկ» կոչել: «Հայրիկ»՝ առավել ևս, քանի որ փոքր էր: Հորթը ճարահատ ամուսնացավ ոմն մեկի հետ, և քաղաքապետարանը կատարեց տվյալ իրավիճակի թելադրած բոլոր նախապայմանները:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Կույրաղիքային նախապայմանները:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Աղեկալային նախապայմանները :
ՀՐՇԵՋ – Դուք այս պատմությունը գիտեի՞ք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Իհարկե, բոլոր թերթերը գրեցին:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Դեպքն այստեղ՝ մոտերքում է պատահել:
ՀՐՇԵՋ – Մի ուրիշը պատմեմ՝ «Աքլորը»: Մի անգամ մի աքլոր ուզեց շուն ձևանալ: Բախտը չբերեց, իսկույն իմացվեց:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Դրան հակառակ՝ շունը, որ ուզեց աքլոր դառնալ, այդպես էլ չբացահայտված մնաց:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ես էլ իմ հերթին ուզում եմ մեկը պատմել՝ «Օձն ու աղվեսը»: Մի անգամ մի օձ մոտենում է մի աղվեսի ու ասում. «Ինձ թվում է՝ ես Ձեզ ճանաչում եմ»: Աղվեսը պատասխանում է. «Ես էլ»: «Այդ դեպքում,- ասում է օձը,- ինձ փող տվեք»: «Աղվեսները երբեք փող չեն տալիս»,- պատասխանում է խորամանկ կենդանին ու որպեսզի գլուխն ազատի, նետվում է ելակի թփերով ու հավի մեղրով լեցուն մի խորունկ հովիտ: Բայց օձն արդեն հովտում նրան սպասելիս է լինում ու ծիծաղում է մեֆիստոֆելյան ծիծաղով: Աղվեսը հանում է դանակը, մռնչում. «Ես քեզ կսովորեցնեմ ապրել», ու մեջքով շրջվում է, փախչում: Բախտը, սակայն, չի բերում, քանի որ օձն ավելի ճարպիկ է լինում՝ բռունցքի շեշտակի հարված է հասցնում աղվեսը ճակատին, գանգը փշրում է, գոչում. «Ո՛չ, ո՛չ, չորս անգամ՝ ոչ: Ես քո դուստրը չեմ»:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Հետաքրքիր է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Վատ չէ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (սեղմում է պարոն Սմիթի ձեռքը) – Շնորհավորում եմ:
ՀՐՇԵՋ (նախանձով) – Առանձնապես մի բան չէր: Բացի դրանից՝ ես գիտեի:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ուղղակի ահ է հարուցում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ինչո՞ւ ախր, չէ՞ որ ճշմարիտ չէ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ –Դժբախտաբար՝ ճշմարիտ է:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ (տիկին Սմիթին) – Տիկի՛ն,Ձեր հերթն է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ես միայն մեկը գիտեմ: Որն էլ կպատմեմ: «Ծաղկեփունջ» է վերնագիրը:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Իմ կինը միշտ էլ ռոմանտիկ է եղել:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Իսկական անգլուհի է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Այսպես ուրեմն՝ մի անգամ փեսացուն ծաղկեփունջ է տանում հարսնացուին, որը վերցնում, շնորհակալություն է հայտնել ուզում, բայց, դեռ չհայտնած, փեսացուն, առանց մի բառ ասելու, խլում է նվիրած ծաղիկներն ու որպեսզի հարսնացուին դաս լինի, ասում է՝ չե՛մ տալիս, հետո ցտեսություն է ասում, ծաղիկները ձեռքին հեռանում,ու հայտնի էլ չէ, թե ուր է գնում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Օ՜, սքանչելի պատմություն է (համբուրում կամ չի համբուրում տիկին Սմիթին):
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Պարոն Սմիթ, Դուք այնպիսի կին ունեք, որ բոլորի նախանձն եք հարուցում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Իրավացի եք: Իմ կինը համակ խելամտություն է, նույնիսկ ավելի խելամիտ է, քան՝ ես: Ամեն դեպքում ինձնից անհամեմատ կանացի է: Բոլորն են ասում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (հրշեջին) – Էլի պատմեք, կապիտան:
ՀՐՇԵՋ – Օ՜, ո՛չ, ուշ է:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Համենայն դեպս մեկն էլ պատմեք:
ՀՐՇԵՋ – Շատ հոգնեցի:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Մատուցեք մեզ այդ ծառայությունը:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Խնդրում եմ:
ՀՐՇԵՋ – Ո՛չ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Դուք սառցե սիրտ ունեք: Մենք շիկացած ածուխի վրա ենք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (չոքում է, հեծկլտում կամ չի հեծկլտում) – Աղաչում եմ:
ՀՐՇԵՋ – Լա՛վ, լա՛վ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ (տիկին Մարտինի ականջին) – Համաձայնվեց, նորից գլուխներս տանելու է:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Սսս:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ես եմ մեղավոր, շատ նրբանկատ վարվեցի:
ՀՐՇԵՋ – «Հարբուխ»: Իմ քեռայրը հայրական կողմից զարմիկ ուներ, ում քեռին մի քեռայր ուներ, որի հայրական պապը երկրորդ ամուսնությամբ ամուսնացել էր տեղացի մի դեռահասուհու հետ, ում եղբայրը ճանապարհորդություններից մեկի ընթացքում հանդիպել էր մի պատանուհու, որով հմայվել էր, որից ունեցել էր որդի﹐ որն ամուսնացել էր մի լիրբ դեղագործուհու հետ, որը ոչ այլ ոք էր, եթե ոչ բրիտանական նավատորմի անանուն ավագ նավազի եղբորաղջիկը, ում խորթ հայրը մի մորաքույր ուներ, որը վարժ խոսում էր իսպաներեն, որը թերևս վաղաժամ մահացած մի ճարտարագետի թոռնուհիներից մեկն էր, ընդ որում ինքը՝ ճարտարագետը﹐ խաղողի այգեպանի թոռ էր. այս այգեպանը շատ վատ գինի էր թորում, նա համհարզ` տնակյաց մի թոռնորդի ուներ, որի որդին ամուսնացել էր ամուսնալուծված դեռատի գեղեցկուհու հետ, ում առաջին ամուսինը երդվյալ հայրենասերի որդի էր,որը հարստանալու մարմաջով էր մեծացրել դստրերից մեկին, որն ամուսանցել էր մի որսորդի հետ, որը ճանաչել էր Ռոտշիլդին, և ում եղբայրը բազմաթիվ մասանագիտություններ փոխելուց հետո ամուսնացել, ունեցել էր դուստր, ում տկարակազմ նախապապը ակնոց էր կրել,որն իրեն տվել էր իր իսկ զարմիկը` մի պորտուգալացու քեռայրը՝ ոչ այնքան աղքատ ջրաղացպանի ապօրինի որդին, ում կաթնեղբայրն ամուսնացել էր նախկին գյուղական բժշկի դստեր հետ. այս բժիշկն իր հերթին կաթնավաճառի որդու կաթնեղբայրն էր, որը մի ուրիշ գյուղական բժշկի ապօրինի որդին էր և իրար ետևից ամուսնացել էր երեք անգամ, ընդ որում երրորդ կինը…
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Եթե չեմ սխալվում, ես այդ երրորդ կնոջը ճանաչում էի: Նա պիծակների բնում հավ էր ուտում:
ՀՐՇԵՋ – Ո՛չ, խոսքը նույն կնոջ մասին չէ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Համբերեք﹐ վերջացնի:
ՀՐՇԵՋ – Ասում էի… հա՛, այս երրորդ կինը տարածաշրջանի ամենալավ մանկաբարձուհու աղջիկն էր, որը վաղաժամ այրիացել էր…
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ինչպես իմ կինը:
ՀՐՇԵՋ – …վերամուսնացել էր կյանքով լեցուն մի ապակեգործի հետ, որից կայարանապետի աղջիկը երեխա էր ունեցել, որը կյանքում իր ուղին հարթել էր…
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Իր երկաթուղին…
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ինչպես թղթախաղում…
ՀՐՇԵՋ – …Եվ ամուսնացել էր շրջիկ մրգավաճառուհու հետ, ում հայրը ուներ եղբայր, որը մի փոքրիկ բնակավայրի քաղաքապետն էր ու ամուսնացել էր շեկլիկ ուսուցչուհու հետ, որի զարմիկը կարթով ձուկ էր բռնում…
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Բախտի կարթո՞վ:
ՀՐՇԵՋ – … ու ամուսնացավ մի ուրիշ շեկլիկ ուսուցչուհու հետ, ում անունը նույնպես Մըրի էր, ում եղբայրն ամուսնացել էր դարձյալ Մըրի անունով դարձյալ շեկլիկ ուսուցչուհու հետ…
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Եթե շեկլիկ է եղել, անունը միայն Մըրի կարող էր լինել:
ՀՐՇԵՋ – … ում հորը Կանադայում մեծացրել էր մի ծերուհի, որը մի ծխական քահանայի եղբորաղջիկն էր, ում մեծ մայրը, երբեմն, ձմռանը, ինչպես բոլորը, հարբուխ էր ընկնում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Զարմանալի պատմություն է: Գրեթե՝ անհավատալի:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ով հարբուխով վարակվի, բուժդիմակ պիտ գործածի:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Դա միանգամայն ավելորդ, բայց միանգամայն անհրաժեշտ զգուշավորություն է:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ներեցեք ինձ, պարոն կապիտան, բայց ես այնքան էլ լավ չընկալեցի Ձեր պատմությունը: Վերջում, երբ ծխական քահանայի մեծ մորը հասաք, բան չհասկացա:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Միշտ էլ﹐ հենց ծխական քահանա է հայտնվում, խճողվում ես, խճճվում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ճի՛շտ է, ճի՛շտ﹐ կապիտան, մի անգամ էլ սկզբից պատմեք ամբողջ պատմությունը: Բոլորս խնդրում ենք:
ՀՐՇԵՋ – Չգիտեմ՝ կկարողանա՞մ: Ես, ախր﹐ ծառայության մեջ եմ: Կախված է, թե ժամը քանի՞սն է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Մենք մեր տանը ժամ-ժամանակ չունենք:
ՀՐՇԵՋ – Հապա պատի ժամացույցն ի՞նչ է:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Շատ վատ է աշխատում, անհասկանալի հակասականություն ունի: Միշտ ճիշտ ժամի հակառակն է ցույց տալիս:

9–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Նույներն ու Մերին
ՄԵՐԻ – Տիկին… պարոն…
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ի՞նչ եք ուզում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ինչո՞ւ եք եկել:
ՄԵՐԻ – Թող տիկինն ու պարոնն ինձ ներեն… տիկնայք և պարոնայք նույնպես… ես էլ… իմ հերթին… կուզեի խնդուկ պատմել:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ի՞նչ ասաց:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ինձ թվում է մեր հյուրընկալների սպասուհին խելագարվում է… ինքն էլ է ուզում խնդուկ պատմել:
ՀՐՇԵՋ – Ինչի՞ տեղ է իրեն դնում (նայում է սպասուհուն): Վա՜յ…
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (սպասուհուն) – Ինչո՞ւ եք մեջ ընկնում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Դուք Ձեզ լրիվ կորցրել եք, Մերի…
ՀՐՇԵՋ (Մերիին մոտենալով) – Այո՛, այո՛, նա՛ է, նա՛, անհավատալի՜ է:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Դո՞ւք էլ:
ՄԵՐԻ (հրշեջին մոտենալով) – Դուք այստե՞ղ: Անհնար է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ի՞նչ է նշանակում այս ամենը:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Դուք մտերիմնե՞ր եք:
ՀՐՇԵՋ – Այն էլ ինչպիսի՜:
Մերին ընկնում է հրշեջի վզով:
ՄԵՐԻ – Ի՜նչ երջանիկ եմ, որ նորից տեսնում եմ… վերջապե՜ս:
ՊԱՐՈՆ ԵՎ ՏԻԿԻՆ ՍՄԻԹՆԵՐԸ – Օ՜﹐օ՜﹐ օ՜:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Սա արդեն չափից անց է: Այստե՛ղ, մե՛ր տանը, լոնդոնյան արվարձանում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Պարկեշտ էլ չէ…
ՀՐՇԵՋ – Ախր իմ առաջին ներքին բռնկումները նա է հանգցրել:
ՄԵՐԻ – Ես նրա փոքրիկ փողրակն եմ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Եթե այդպես է… սիրելի բարեկամներ… նրանց զեղումները հասկանալի են, մարդկային, հարգելի…
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Այն, ինչ մարդկային է, հարգելի է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Համենայն դեպս չէի ուզենա, որ այդ ամենն այստեղ… մեր ներկայությամբ կատարվեր…
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ժամանակին Մերին հարկ եղած կրթությունը չի ստացել…
ՀՐՇԵՋ – Օ՜, որքան նախապաշարված եք:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Անձամբ ես կարծում եմ, որ ի վերջո սպասուհին, չնայած դա ինձ չի վերաբերվում, միշտ էլ սպասուհի է մնում…
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Եթե անգամ երբեմն չգերազանցված խուզարկու է դառնում:
ՀՐՇԵՋ (Մերիին) – Թո՛ղ ինձ:
ՄԵՐԻ – Ուշադրություն մի դարձրեք… նրանք այնքան էլ վատը չեն, որքան թվում են:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Հը՜մ… հը՛մ… երկուսդ էլ սիրագորով եք, բայց նաև փոքր ինչ… փոքր ինչ…
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Այո՛, ճիշտ բառը գտաք:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – … հարկ եղածից ավելի եք ուշադրություն գրավում…
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Գոյություն ունի զուտ բրիտանական պարկեշտություն, մի անգամ ևս ներեցեք ինձ, որ խիստ եմ ձևակերպում միտքս, այն անհասկանալի է օտարերկրացի՝ նույնիսկ մասնագետների համար, որի շնորհիվ﹐ չգիտեմ﹐ ինչպես արտահայտվեմ… չնայած հատկապես ձեզ նկատի չունեմ …
ՄԵՐԻ – Ես ուզում էի ձեզ պատմել…
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ոչինչ էլ մի պատմեք…
ՄԵՐԻ – Ո՛չ, պատմելու եմ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Գնացեք, անուշիկ Մերի, հեզ ու խոնարհ խոհանոց գնացեք, այնտեղ՝ հայելու առաջ արտասանեք Ձեր բանաստեղծությունները:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ի միջի այլոց, չնայած սպասուհի չեմ,ինքս էլ եմ հայելու առաջ բանաստեղծություն արտասանում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Այս առավոտ նայեցիր հայելու մեջ, բայց ինքդ քեզ չտեսար:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Որովհետև դեռ այնտեղ չէի…
ՄԵՐԻ – Այնուամենայնիվ, կարծում եմ, կարող եմ ձեզ համար գոնե մի փոքրիկ բանաստեղծություն արտասանել:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Անուշիկ Մերի,դուք անտանելիորեն համառ եք:
ՄԵՐԻ – Ուրեմն համաձա՞յն եք,որ արտասանեմ: Բանաստեղծությունը խորագրված է «Կրակը» , ձոնված է կապիտանին:
ԿՐԱԿԸ
Անտառում փայլում էր վարդափայտը,
Մի քար այրվեց,
Դղյակն այրվեց ,
Անտառն այրվեց ,
Մարդիկ այրվեցին,
Կանայք այրվեցին,
Թռչուններն այրվեցին,
Ձկներն այրվեցին,
Ջուրն այրվեց,
Երկինքն այրվեց,
Մոխիրն այրվեց,
Ծուխն այրվեց,
Կրակն այրվեց,
Ամեն ինչ այրվեց,
Այրվեց այրվեց:
Սպասուհին արտասանում է, իսկ Սմիթները նրան դուրս են հրում սենյակից:

10–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Նույներն ու առանց Մերիի
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Պաղ հոսանք անցավ մարմնովս:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Այնուամենայնիվ որոշ տողերում ջերմություն կար:
ՀՐՇԵՋ – Ինձ﹐ օրինակ, հիացրեց:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Իսկապե՞ս:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ –Մի չափազանցրեք…
ՀՐՇԵՋ – Հավատացե՛ք, ճիշտ եմ ասում… գուցե այդ ամենը խիստ անձնական է… բայց իմ աշխարհընկալումն է: Փափագը, երազանքը… Բացի դրանից ինձ հիշեցնում է, որ պետք է գնամ: Դուք ժամ-ժամանակ չունեք, մինչդեռ քաղաքի մյուս ծայրում, ուղիղ երեք քառորդ ժամ տասնվեց րոպե անց հրդեհ է բռնկվելու: Շտապեմ, որ հանգցնել հասցնեմ: Չնայած եղածը մի մեծ բան չէ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ի՞նչ է պատահելու: Բուխարի՞ է բռնկվելու:
ՀՐՇԵՋ – Ոչ էլ դա: Ծղոտի խանձվածք, ստամոքսի թեթեև այրուցք:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ցավում ենք﹐ որ գնում եք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Դուք մեզ շատ զվարճացրիք:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ձեր շնորհիվ մենք տասնհինգ հիրավի կարտեզիանական րոպեներ անցկացրինք:
ՀՐՇԵՋ (Ուղղվում է դեպի դուռը, անսպասելի կանգ է առնում) – Ի միջի այլոց, ինչպե՞ս է հերատ երգչուհին:
Բոլորը շփոթված լռում են:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Սանրվածքը չի փոխում :
ՀՐՇԵՋ – Լա՛վ է, լա՛վ, ցտեսություն, տիկնայք և պարոնայք:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Հաջողություն, բարեհաջող հրդեհներ:
ՀՐՇԵՋ – Հուսանք: Բոլորին էլ:
Հրշեջը հեռանում է: Ներկաները նրան ուղեկցում եմ մինչև դուռն ու վերադառնում են իրենց տեղերը:

11–ՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Նույներն առանց հրշեջի
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ես կարող եմ եղբորս համար զմելի գնել, բայց դուք չեք կարող ձեր պապի համար Իռլանդիան գնել:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Մենք քայլում ենք ոտքերով, բայց տաքանում ենք հոսանքով ու ածուխով:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ով այսօր ծախի եզ, վաղը կառնի սեզ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Կյանքին պետք է պատուհանից նայել:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Աթոռին կարելի է նստել, եթե չունի նստատեղ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Միշտ, ամեն ինչի մասին պետք է մտածել:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Առաստաղը վերևում է լինում, հատակը՝ ներքևում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Երբ ես «Այո» եմ ասում, ուրեմն խոսել եմ ուզում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ամեն ոք որ ապրում է﹐ ճակատագրին արժանի է:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Մի կլորակ վերցրեք, գուրգուրեք ու փաղաքշեք, որ արատները տեսնեք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Սաներին դպրոցում ուսուցիչը կարդալ է սովորեցնում, բայց փիսիկ մայրիկը ձագերին կուրծք տալով է մեծացնում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Իսկ կովը մեզ պոչեր է ընծայում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Երբ ես մեր գյուղ եմ գնում, մենակ մնալ եմ ուզում:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Դուք դեռ այնքան էլ ծեր չեք, որ այդ մասին մտածեք:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Բենջամին Ֆրանկլինն իրավացի է եղել, որ ձեզ իրենից տենդոտ է կարծել:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Որո՞նք են շաբաթվա յոթ օրերը:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday, Saturday, Sunday.
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Edward is a clerk; his sister Nancy is a typist, and his brother William a shop-assistant.
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ա՜յ քեզ ընտանիք:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ես նախընտրում եմ թռչունը դաշտում, քան կիսագուլպան՝ ձեռնասայլակում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ավելի լավ է հեղակում փափկամիս ուտես, քան պալատներում անվերջ կաթ խմես:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ամեն անգլիացու համար իր տունն իր պալատն է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ես այնքան իսպաներեն չգիտեմ﹐ որ ինքս ինձ հասկանալի դարձնեմ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Եթե ես կեսուրիս հողաթափերը քեզ տամ, ամուսնուդ դագաղն ինձ կտա՞ս:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Կուսակրոն քահանա եմ փնտրում, սպասուհուս հետ ամուսնացնել եմ ուզում:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Հացածառը ծառ է, ուրեմն հացն էլ ծառ է, կաղնուց կաղնի է ծնվում, գիշեր-ցերեկ չի հարցնում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Իմ քեռին գյուղում հանգիստ ապրում է, պառավ տատմերի ի՞նչ գործն է:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Թուղթը գրելու, կատուն մուկ բռնելու, պանիրը կրծելու համար է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ինքնաշարժը արագ է սլանում, բայց խոհարարուհին է համեղ պատրաստում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Այդքան դմբո մի եղեք, մատնիչներին համբուրեք:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Charity begins at home.
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ես կսպասեմ, հոգս չի, ջրկամուրջը թող ձգվի, ջաղացիս քարին գա հասնի:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Զարգացումը ընկերային, ես հաստատ բան եմ ասում՝ շաքարն է շատ համեղ դարձնում:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Կորչի՛ քսուքն ամեն հանգի:
Պարոն Սմիթի այս խոսքերից հետո մյուսները մի պահ շշմում, լռում են: Զգացվում է, որ արտասովոր իրադարձություն է ակնկալվում: Նույնիսկ պատի ժամացույցի ղողանջները ավելի նյարդային են հնչում: Հաջորդող նախադասությունները պետք է նախ պաղարյունությամբ, թշնամանքով արտաբերվեն: Թշնամանքն ու նյարդայնությունն աստիճանաբար ահագնանում, ու տեսարանի վերջում չորս մասնակիցներն էլ ոտքի են ելնում, մոտենում են իրար﹐ բռունցքները պարզելով, միմյանց վրա հարձակվելու կեցվածքով արտաբերում են իրենց խոսքերը:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ակնոցները սև քսուքով չեն փայլեցնում:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Այո՛, բայց փողով ամեն ինչ են գնում:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ավելի լավ է ես նապաստակ խփեմ, քան պուրակում զուր երգեմ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Կակատոես, կակատոես, կակատոես, կակատոես, կակատոես, կակատոես, կակատոես, կակատոես, կակատոես, կակատոես:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ա՜յ քեզ կակադ, ա՜յ քեզ կակա՛դ,ա՜յ քեզ կակա՛դ, ա՜յ քեզ կակա՛դ, ա՜յ քեզ կակա՛դ, ա՜յ քեզ կակա՛դ,ա՜յ քեզ կակա՛դ, ա՜յ քեզ կակա՛դ, ա՜յ քեզ կակա՛դ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Կակադի ինչպիսի՜ կասկադ, կակադի ինչպիսի՜ կասկադ, կակադի ինչպիսի՜ կասկադ, կակադի ինչպիսի՜ կասկադ, կակադի ինչպիսի՜ կասկադ, կակադի ինչպիսի՜ կասկադ, կակադի ինչպիսի՜ կասկադ, կակադի ինչպիսի՜ կասկադ: ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Շները լվոտ են, լվոտ շներ են:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Կակտուս﹐ կոծուկ﹐ կոկարդ﹐խոզուկ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Թթվագործ, լավ չես անում, դու մեզ էլի թթու ես դնում:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ավելի լավ է ես ձու ածեմ, քան եզ ցրեմ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ (բերանը մեծ բացելով) – Վա՜յ-վո՛ւյ, վա՜յ-վո՛ւյ, թողեք բերանս բացեմ, ատամներս կրճտացնեմ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Կայմանը կայման է՝ կոկորդիլոս է:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Դե՛, շուտ գնանք, Ոդիսևսին ապտակ տանք:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Գնամ ապրեմ իմ Կանյայում, կակաոյի ծառերի պուրակում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Կակաոյի ծառերի ողկույզները գետնանուշ չեն տալիս, կակաո են տալիս: Կակաոյի ծառերի ողկույզները գետնանուշ չեն տալիս, կակաո են տալիս: Կակաոյի ծառերի ողկույզները գետնանուշ չեն տալիս, կակաո են տալիս: ՏԻԿԻՆ ՍՄԻԹ –Մկները թարթիչներ ունեն, թարթիչները մուկ չունեն:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Չստիկներս չչլե՛ս:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Հողաթափերս չթափե՛ս:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ճանճը ճահճում ճահճամորի է ճանկում:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ճանճասպանն էլ, Ճանճասունկն էլ նույնն է:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ճանճակերը նույն ճանճորսը չէ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ճանճաճերմակ ճանճկեն:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ճանճոտ ճանճսատակ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ճանճուճիվ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Սկարամուշ՝ քնիր մուշ-մուշ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Շատ ես պուպուշ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Նունուշ պուպուշ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Տե՛ս, շատ է ուշ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Մուժ է, մշուշ:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Սյուլի Մաքսիմիլանը բարոն էր, մեծ գործիչ էր:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Սյուլի Պրուդոմը տիտղոս չուներ, բանաստեղծ էր:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ, ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Նրա իսկական անունը Ֆրանսուա էր:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ, ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Ֆրանսուա Կոպե ու Ֆրանսուա Պրուդոմ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ոնց որ գլգլում են, ոնց որ գլգլում, ջրի ձայներ են հանում:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Մարիետիկ՝ կաթսայիկի նստիկ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Վիշնուկրիշնա-մահաբհարաթա-բհագավադ-գիթա:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Պապը պապակ չէ: Պապը ենթապապ չունի: Ենթապապը պապ ունի:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Բոդլեր, Բալզակ, Բազեն:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Յուրօրինակ, մշակույթ, համբույր:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Մեծատառ Այբ, փոքրատառ՝ սէ, ինի, օ﹐ ու, այբ, սէ, ինի, օ, ու, այբ, սէ, ինի, օ, ու, ինի:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Մեծատառ Բեն﹐ փոքրատառ՝ սէ, դա, փիւր, գիմ, ինի, մեն, նու, պէ, րէ, սէ, տիւն, վէվ, դուբլվէ, իքս, զա՜:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Սխտորաջուր, կաթնասխտոր, ջրասխտոր, սխտորակաթ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ (շոգեքարշի է նմանակում) – Չուֆ-փուֆ, փուֆ-չուֆ, չուֆ-չուֆ-չուֆ-չուֆ:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Ա՛յս կողմ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ա՛յս:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Այն կողմ:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Ա՛յն:
ՊԱՐՈՆ ՍՄԻԹ – Այս կողմ:
ՏԻԿԻՆ ՄԱՐՏԻՆ – Ա՛յս:
ՊԱՐՈՆ ՄԱՐՏԻՆ – Իիիի՜:
ՏԻԿԻՆ ՍՄԻԹ – Չիիի՜:
Բոլորը միասին, ցասման մոլուցքով, բղավում են միմյանց ականջի: Լույսը մարում է: Խավարում ավելի ու ավելի ահագնացող ռիթմով.
ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ – Այնտեղո՜վ չէ, այստեղո՜վ է, այնտեղո՜վ չէ, այստեղո՜վ է, այնտեղո՜վ չէ, այստեղո՜վ է, այնտեղո՜վ չէ, այստեղո՜վ է, այնտեղո՜վ չէ, այստեղո՜վ է, այնտեղո՜վ չէ, այստեղո՜վ է:
Անսպասելի լռություն է տիրում: Լույսը վառվում է: Մարտին ամուսինները նստած են, ինչպես Սմիթ ամուսինները ներկայացման սկզբում: Ներկայացումը վերսկսում եմ Մարտինները, որոնք, մինչև վարագույրի դանդաղ փակվելը, բառացիորեն կրկնում են այն, ինչ ասել էին Սմիթները առաջին տեսարանում:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Ֆրանսերենից թարգմանեց Գրիգոր Ջանիկյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով