Ստեֆանո Բեննի. Բումերանգ

Իտալացի գրող, լրագրող, սցենարիստ, պոետ և դրամատուրգ Ստեֆանո Բեննին ծնվել է 1947 թվականին: Բազմաթիվ վեպերի և պատմվածքների ժողովածուի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 30 լեզվով: «Բումերանգ» պատմվածքը «Աստծո քերականությունը» ժողովածուից է:

ԲՈՒՄԵՐԱՆԳ
Մի օր պարոն Ռեմոն հանկարծակի սկսեց ատել իր շանը:
Չար մարդ չէր, բայց կնոջ կորստից հետո ինչ-որ բան ներսում կոտրվել էր: Նրան մնացել էր շունը` խառնածին, գեր ու սևուկ, չղջիկի ականջներով: Անունը Բում էր, այսինքն` Բումերանգ, որովհետև ինչ նրան նետում էին, պատրաստակամորեն և համառորեն հետ էր բերում:
Մի ժամանակ պարոն Ռեմոն ու Բումը միասին երկար զբոսնում էին և զրուցում մարդկային և շնային աշխարհից`Դեկարտից և Ռին Տին Տինից: Միմյանց շատ լավ էին հասկանում: Պարոնը նստում էր բազկաթոռին` աչքերը հառած դատարկությանը, իսկ Բումը կծկվում էր նրա ոտքերի մոտ` անսահման սիրով նայելով տիրոջը:
Այդ բացարձակ նվիրվածությամբ և կատարյալ վստահությամբ լի հայացքն էր, որ պարոն Ռեմոն ամենաշատն էր ատում:
Աշխարհը ոչ այլ ինչ էր, քան կորուստ, միայնություն և ցավ: Այս սարսափելի մոլորակում ի՞նչ իմաստ ուներ այս անտրամաբանական արարածը, որը պոչն էր թափահարում ու վնգստում ուրախությունից և ամայի տունը լցնում իր հախուռն սիրով:
Տերն սկսեց չկերակրել շանը: Երկու օր առանց ուտելիքի թողեց: Սակայն Բումը շարունակում էր սիրող հայացքով հետևել նրան: Երբ պարոն Ռեմոն նստում էր սեղանի մոտ՝ ճաշելու, շունը ոչինչ չէր խնդրում, անգամ չէր մոտենում: Նայում էր մեղմ հետաքրքրասիրությամբ, իսկ աչքերի մեջ գրված էր՝ եթե դու ուտում ես, ես էլ եմ հագենում: Եվ ինչքան տերը ստամոքսն էր լցնում՝ ցուցադրաբար և աղմուկով, այնքան քնքշանում էր Բումերանգի հայացքը: Եվ երբ վերջապես շանը կերակրում էր, նա խելագարի պես ճաշամանին մոտ չէր վազում, ո՛չ… Լրջորեն և երախտագիտորեն շարժում էր պոչը, կարծես ցանկանում էր ասել` հաստատ հիմնավոր պատճառ ունես, որ ինձ ստիպել ես ծոմ պահել, շնորհակալ եմ, որ այսօր հիշել ես:
Տերը, միգուցե թունավորվելով խղճի վերջին խայթից, հիվանդացավ: Ջերմությունը բարձր էր, և Բումը հսկում էր նրան: Գիշերը պարոն Ռեմոն արթնանում էր գրեթե տենդի մեջ և տեսնում շան լայն բացված ու սիրառատ աչքերն ու երկար ալեհավաքների նման ականջները: Կարծես թե ասում էր. «Անգամ մահվանը կկծեմ, տե՛ր իմ, եթե քեզ մոտենա»:
Պարոն Ռեմոյի արդեն մոխրացած հոգում աճեց այս անսահման սիրո նկատմամբ ատելությունը: Շանը չորս օր դուրս չտարավ:
Բումը թաթով բացեց պատշգամբի դուռը և այնտեղ համեստորեն միզեց: Իր նյութափոխանակությանն ընդդիմանում էր երկու օրը մեկ քսան կաթիլ միզելով և սիսեռահատիկի չափ կղկղելով: Ո՛չ անախորժություններ էր ստեղծում, ո՛չ նյարդայնության նշաններ էր ցույց տալիս, միայն ժամանակ առ ժամանակ նայում էր պատուհանից դուրս` այգուն, և ցածրաձայն փնչացնում էր, կարծես կարոտի հոգոց էր հանում, ոչինչ ավելին:
Տերն առողջացավ և հենց ոտքի կանգնեց, առանց պատճառի մի քացի տվեց շանը:
Բումը թաքնվեց անկողնու տակ, և պարոն Ռեմոն ամաչեց:
Կանչեց, շունը մոտեցավ: Տերը շոյեց նրան մի տեսակ անբնական ու կեղծ և ասաց.
-Բո՛ւմ, պետք է լքեմ քեզ: Ցավում եմ: Այլևս չեմ կարողանում զբաղվել քեզնով: Ավելին, դու դա չես հասկանա, բայց ատում եմ քեզ:
Շունը նայեց նրան անսահման սիրով և նվիրվածությամբ:
Ինչո՞ւ նրան չէր հանձնում որևէ շնանոցի կամ ծանոթի: Նախ՝ ծուլանում էր: Բայց նաև այն պատճառով, որ հիշում էր կնոջ խոսքը: Ասել էր նրան. «Ռեմո՛, եթե մեռնեմ, խնդրում եմ, մեր Բումին մենակ չթողնես»:
Այն ժամանակ Ռեմոն բարկացել էր՝ ինչպե՞ս կարող էր կասկածել…
Մինչդեռ խեղճ Դորան լավ գիտեր, թե ամուսնու սրտի խորքում ինչ չարություն կա թանձրացած:
Կինը լքել էր նրան:
Եվ շանը լքելով` նա կարծես ճակատագրից վրեժ էր լուծում:
Այսպես՝ պարոն Ռեմոն վերցրեց մեքենան և Բումերանգին քաղաքից դուրս տարավ` մի մեծ մարգագի, որտեղ հաճախ միասին խաղում էին:
Տերը քայլում էր հետևից, իսկ շունը` առջևից:
Ռեմոն նկատեց Բումի յուրահատուկ անռիթմ քայլվածքը: Ամեն տասներկու քայլը մեկ կաղում էր՝ հետևի թաթը բարձրացնելով այնպես, կարծես հողն այրում էր:
Նա և կինը այս քայլվածքը զվարճալի ու անդիմադրելի էին համարում:
Հիմա տերը զզվանքով էր նայում, թե ինչպես էր օրորվում Բումի հաստ հետույքը:
Ահա թե ինչու, երբ արդեն հեռու էին հետաքրքրասեր աչքերից, շանը կապեց մի ծառի և առանց շրջվելու հեռացավ:
Վերադարձավ տուն և խնամքով ընթրիք պատրաստեց, ինչպես վաղուց չէր արել:
Բումի կերամանը ոտքով նետեց մի անկյուն:
Վերցրեց շնաթոկն ու երախակալը և նետեց աղբարկղը: Բայց գիշերը` երեքի կողմերը, լսեց, թե ինչպես են ճանկռում դուռը: Բումերանգն էր:
Մի քիչ կեղտոտ ու թաց` ուրախ-ուրախ թռավ տիրոջ գիրկը, հետո մի պտույտ կատարեց տանը՝ երջանկությունը ցույց տալու համար: Ոչինչ չէր կասկածում: Նրա պարզ և քառոտանի սրտում դավաճանության համար տեղ չկար:
Պարոն Ռեմոն զայրույթից գրեթե չքնեց: Երազում տեսավ ծովաշների սպանդ և պուդելի մորթուց գլխարկներ:
Հաջորդ գիշեր Բումին դրեց մեքենան, մայրուղով հարյուր կիլոմետր քշեց և շանը թողեց ճանապարհային ռեստորաններից մեկի ավտոկայանատեղիում:
Վերադարձավ և գնաց կինո: Մի ֆիլմ դիտեց նախապատմական հրեշի մասին, որը դուրս էր գալիս սառույցներից և ահաբեկում ողջ Ամերիկան: Նկատեց, որ մի տեսարանում հրեշը պոչը թափահարում էր ճիշտ Բումերանգի պես: Հրեշը ոչնչացվեց հրթիռների և երկխոսությունների մահացու հարվածներով: Պարոն Ռեմոն հանգիստ քնեց: Հաջորդ օրը սուպերմարկետում հանդիպեց մի տիկնոջ` Բումերանգի ընկերուհու՝ Տոմազինայի տիրուհուն:
-Որտե՞ղ է Բումը:
-Է՜հ, -ասաց պարոն Ռեմոն և թևերը տարածեց: Տիկինը թատերականորեն ձեռքը տարավ բերանին: Ոչինչ չհարցրեց, հարգեց դիմացինի զսպվածությունը: Ձեռքը դրեց պարոնի ձեռքին:
-Պատկերացնում եմ` ի՜նչ մեծ ցավ է ձեզ համար:
-Չգիտեք էլ` ինչքան, -պատասխանեց պարոն Ռեմոն:
Վերադարձավ տուն: Աստիճաններով բարձրանալիս լսեց թեթև, բայց ծանոթ աղմուկ՝ ճանկռտոց մարմարի վրա:
Բումերանգը աստիճանավանդակին էր:
Պարոնը փակվեց լոգարանում, ողջ գիշեր նստեց զուգարանակոնքի վրա: Դռան փայլատ ապակուց այն կողմ նշմարվում էր Բումի սպասող, ծանոթ ուրվագիծը:
Լուսաբացին մոտ շունն անհանգստացած ճանկռեց ապակին:
-Կորի՛ր, սրիկա, -մռնչաց մարդը:
Շունը պոչը թափահարեց: Ամեն դեպքում տերը ողջ էր:
Երկու օր անց պարոն Ռեմոն նորից վերցրեց մեքենան, ողջ օրը քշեց և շան հետ հասավ ծովի ափ: Այնտեղ նստեց մյուս ափ տանող լաստանավը: Մի քանի երեխա խաղում էին Բումերանգի հետ, իսկ մի պարոն ասաց.
-Երանի ձեզ, որ կարողանում եք արձակուրդին շանը ձեզ հետ տանել: Իմը շատ մեծ է: Երևում է, որ իրար հասկանում եք:
-Հենց այդպես է, որ կա, -ասաց պարոն Ռեմոն:
Մայրամուտ էր: Պարոնը Բումերանգին տարավ ծովափ և մի փայտի կտոր նետեց ծովը:
Բումը լողաց, փայտը ատամներով բռնեց, վերադարձավ ափ, իսկ տերը, բնականաբար, այնտեղ չէր:
Լաստանավով վերադառնալիս պարոն Ռեմոն երկու բաժակ կոնյակ կուլ տվեց և սրտխառնոց ունեցավ:
Անցավ մեկ շաբաթ: Տիկինը, որն առաջին անգամ տեսել էր Բումերանգի վերադարձը, հետաքրքրվեց նրա կրկին անհետացման մասին:
-Է՜հ, -ասաց պարոն Ռեմոն, -իրեն լավ էր զգում, բայց հետո կրկնվեց:
Տիկինը վշտահար դեմք ընդունեց, և անգամ նրա շան՝ Տոմազինայի աչքից մի արցունք գլորվեց. միգուցե՝ ցավից, միգուցե՝ հիվանդությունից:
Պարոն Ռեմոյի համար տխուր շաբաթ էր, բայց իհարկե՝ ոչ Բումերանգի բացակայության պատճառով: Ավելին` նկատեց, որ տան գորգից ու բազմոցից շան հոտ է գալիս, և դուրս հանեց դրանք օդափոխելու:
Պարոն Ռեմոն տխուր էր, որովհետև հեռուստացույցն էր փչացել:
Վերջապես եկավ մասնագետը:
Բզբզաց, խոսեց այստեղից-այնտեղից և տեսավ Բումերանգի կերամանը:
-Շո՞ւն ունեք, -հարցրեց:
-Այլևս ոչ:
-Իսկ ես հիմա ունեմ, ու խնդիր է դարձել: Պատկերացնո՞ւմ եք, ծովում հանգստանում էի, լաստանավով վերադառնալիս մի հսկա, տգեղ շուն ցատկում է մեքենայիս մեջ: Երեխաներս ասում են` լավ, էլի, հայրիկ, լքված շնիկ է, պահենք, պահենք: Գիտեք` երեխաներն ինչպիսին են…
-Իհա՛րկե,- ասաց պարոն Ռեմոն:
-Մի խոսքով, հիմա ներքևում է` մեքենայիս մեջ, փնտրում եմ մեկին, ով կվերցնի: Դուք ոչ մեկին չե՞ք ճանաչում:
-Ի՞նչ գույնի շուն է, -դողալով հարցրեց պարոն Ռեմոն:
-Սև: Ականջները ոնց որ չղջիկի լինեն:
Մասնագետը դուրս եկավ: Հեռուստացույցն աշխատում էր: Պարոն Ռեմոն նստեց, բայց էկրանին չէր նայում: Նայում էր դռանը:
Ակնթարթ անց լսեց ճանկերի ձայնը:
Պարոն Ռեմոյի մտքին եկավ իր մանկության հին ֆիլմերից մեկը` ողջ-ողջ թաղվածներով և դիակներով, որոնք դուրս էին գալիս գերեզմանից: Բայց դա ոչինչ էր այդ պահի սարսափի համեմատ:
Բարի զոմբի Բումերանգը վերադարձել էր. ավելի գիրացած էր, որովհետև երեխաները նրան մի լավ բտել էին: Նայում էր տիրոջը անփոփոխ սիրով, հավատարմությամբ, վստահությամբ և այլ ազնիվ զգացմունքներով:
-Չե՞ս ուզում հասկանալ, որ լքել եմ քեզ, -բղավեց պարոն Ռեմոն:
-Ուրեմն մի պատճառ կա: Դու իմ իմաստուն տերն ես, և ես քեզ առաջվանից էլ շատ եմ սիրում, -պատասխանեց շունը պոչի լեզվով:
Այդ ժամանակ պարոնը կատարյալ ծրագիր մշակեց:
Հեռանալու էր երկրից, անգամ մայրցամաքից՝ մեկնելով երկարատև ճափորդության: Վաղուց էր մտմտում: Հանեց խնայողությունները, գնեց ճերմակ պիջակ և ծղոտե գլխարկ: Մի առավոտ Բումերանգին բանալիով փակեց պատշգամբում և մեկնեց:
Նստեց ինքնաթիռ ու թռավ տասնչորս ժամ:
Երբ ինքնաթիռից իջավ, արդեն իրեն այլ կերպ էր զգում՝ արևադարձային: Ճամպրուկը վերցնելիս կանգնեց գեղեցիկ արևայրուքով մի աղջկա կողքին և ժպտաց նրան:
Այո՛, հեռու էր, հեռու ամեն ինչից: Զգում էր ծովի և արևի բույրը, ոչ թե շան:
Այդ պահին էր, որ մի տարօրինակ տեսարան նկատեց:
Մի տիկին լաց էր լինում՝ երկու ոստիկանների միջև կանգնած: Ցույց էր տալիս շան վանդակ, որը նոր էին դուրս բերել ինքնաթիռից:
-Անհնար է, -բղավում էր ականջ ծակող ձայնով,- ո՞ւր է իմ Ռուֆուսը:
-Հանգստացեք, տիկի՛ն, -ասում էր ոստիկաններից մեկը՝ գլուխը քորելով:
-Չի կարող պատահել, որ եղած լինի այն, ինչ ասում եք…
Հետաքրքրասիրությունից մղված՝ պարոն Ռեմոն մոտեցավ:
Լսեց, թե ինչպես էր ոստիկանը խոսում կորած ճամպրուկների պատասխանատուի հետ:
-Շատ տարօրինակ բան է եղել: Տիկինը, ինչպես կարգն է, իր շանը վանդակով հանձնել է բեռնախցիկ: Բայց հիմա ասում է, որ կենդանին իրենը չէ:
-Անհնա՛ր է…
-Իմ շունը իռլանդական սետեր է, -լաց լինելով ասում էր տիկինը, -սա գեր և սարսափելի խառնածին է: Շատ լավ եմ հիշում, որ մեկնելիս սա ազատ պտտվում էր օդանավակայանում:
-Տիկի՛ն, ցանկանում եք ասել, որ ինչ-որ մեկը փոխե՞լ է շանը:
-Հա բա, -ծիծաղեց ճամպրուկների պատասխանատուն, -կամ էլ խառնածինը բացել է վանդակը և ինքն իրեն է փոխել:
-Մի՛ սրամտեք,- ասաց տիկինը, -դուք չգիտեք՝ շներն ինչքան խելացի են:
Պարոն Ռեմոն չսպասեց, որ վանդակը բացեն: Վազելով, քարշ տալով անիվներով ճամպրուկը՝ փախավ օդանավակայանի միջանցքներով և մեջքի հետևում լսեց իրեն հետևող Բումերանգի քառատրոփ վազքը: Անմիջապես ցատկեց տաքսու մեջ և ասաց.
-«Տրոպիկանա» հյուրանոց, արա՛գ, հենց հիմա:
-Չեմ կարող, սենյոր,- ասաց տաքսիստը: -Մեքենայի առջև մի տգեղ շուն է պառկել ու չի թողնում անցնեմ:
Պարոն Ռեմոն բարձրացավ իր սենյակ՝ հյուրանոցի վերջին հարկում: Բացեց պատշգամբի մեծ պատուհանը: Բումերանգը գոհունակությամբ գորգն էր հոտոտում:
Պարոն Ռեմոն հանեց ճերմակ պիջակն ու գլխարկը:
Նայեց ծովին և հեռավոր հորիզոնին:
Թափ հավաքեց և ցատկեց:
Վերջին բանը, որ տեսավ, Բումերանգն էր՝ գեր և սեղմված՝ ինչպես թնդանոթի արկ, որ սլանում էր իր կողքով՝ պաշտանմունքով լի հայացքը հառած իրեն՝ նոր խա՞ղ է, տե՛ր…
Տեղական մամուլը մի վերնագիր նվիրեց տխուր և հուզիչ պատմությանը:
Նրանց միասին թաղեցին:

1 Գերմանական հովվաշուն, որը 27 հոլիվուդյան ֆիլմերում է նկարահանվել:

 

Իտալերենից թարգմանեց Լուսինե Հակոբյանը

 

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով