Խուլիո Կորտասար (հատված` «Թռիչքախաղից»)

Դիպչում եմ շուրթերիդ, մատս սահեցնում եմ շուրթերիդ անկյունով, քո շուրթերը ես կնկարեմ այնպիսին, ասես իմ ձեռքով պիտի ծնվեին, առաջին անգամ կիսաբացվեին, և ինձ բավական է փակել աչքերս, որպեսզի ամեն բան չքանա ու սկսվի նորից, ու ամեն անգամ ես ստիպում եմ, որ շուրթերդ կրկին ծնվեն, շուրթերը, որոնց ուզում եմ, իմ ձեռքով ընտրած ու քո դեմքին պատկերած շուրթերը, բոլոր շուրթերի մեջ ընտրված, իմ կողմից ինքնիշխան ազատությամբ ընտրված շուրթեր, որպեսզի ձեռքովս նկարեմ դեմքիդ վրա, շուրթեր, որոնք ճակատագրի կամոք, չեմ ուզում հասկանալ, թե ինչու, եղան ճիշտ քոնի պես, որոնք ժպտում են ինձ` քեզ նկարող ձեռքիս տակից:

Դու նայում ես ինձ, նայում ես մոտիկից, ամեն անգամ էլ ավելի մոտիկից, ու մենք «կիկլոպ» ենք խաղում, ամեն անգամ նայում ենք իրար ավելի մոտիկից, ու մեր աչքերը գնալով մեծանում են ու էլ ավելի մոտենում, հենվում իրար վրա, ու կիկլոպները, շփոթահար շնչելով, նայում են իրար, մեր բերանները գտնում են իրար ու միմյանց շուրթեր կծելով, լեզվի, ատամների վրա հազիվ հենվելով, դրանց ծայրերի հետ խաղալով ջերմագին կռիվ են տալիս, ու ծանր օդը գալիս գնում է ծանոթ բույրի ու լռության հետ:

Ու այդ պահին ես փնտրում եմ քո մազերը, որպեսզի մինչև խորքը շոյելով խորտակվեմ դրանց մեջ, ու մինչ մենք համբուրվում ենք, մեր բերաններն ասես լցված լինեն ծաղիկներով կամ ձկների կենդանի շարժումներով, անծանոթ անուշաբույրով:

Եթե կծում ենք իրար, ապա քաղցր է ցավը, եթե շնչահեղձ ենք լինում կարճ և սարսափելի դադարի մեջ, երբ փորձում ենք շունչ առնել միաժամանակ, ապա գեղեցիկ է ակնթարթային մահն այդ: Ու կա միայն թուք, որը նույնն է, ու հասած մրգի համը, և ես զգում եմ, թե դու ինչպես ես դողում, ինչպես լուսինը ջրերի վրա:

Իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով