Արթուր Միրզոյան. Անցնել

***

Ետ արի առաջինը
ետ արի վերջինը
և դու, միջինը,
ետ  արի։

Երեք ջահել
աղջիկ
իրար ետևից
ձեռք ձեռքի տված
անցնում են ահա
Հալաբյանի վրա,
սև-սև մազերով,
կարճ-կարճ փեշերով,
հատ-հատ քայլերով,
ու ծիծաղում են
բոլորն էլ այժմ։
Ոտները՝ թեթև
ու ծիծաղը՝ ծով,
ու մի վայրկյանից
էլ չեն երևա։
Բայց կանգ մի առեք,
անցեք անորոշ,
ձեռքերը՝ ձեռքին,
փեշերը շրշուն,
անցիր առաջինը,
անցիր վերջինը,
և դու միջինը,
անցիր շտապով։

***

Անհուն ծով է փառքը մեծի
մանր տղան նրա մեջ
մերթ հրվելով լող է տալիս
-ծովն է նրա միակ տեմպը-
մերթ իջնում ներքև։
Քամիները նրան գիտեն,
բայց չեն մատնում փրկարարին,
ով գոհացած թիկն է տվել
ամառային նավակի մեջ։
Ոսկի, ոսկի, նավակն՝ արև՝
ջրի վրա ծույլ լողացող,
ծովը՝ հեռվում կորող եզր
գոլորշիներ եթերի մեջ
ու ծովի մեջ՝
մանր տղան։
գոռում է տղան՝ փրկեք
բայց չի լսում տղամարդը,
որ քնել է նավակի մեջ՝
լայն ափերում փրկօղակը
պինդ բռնած։
ու գոռում է ծովի մեջ տղան՝
փրկեք
թոքերն ու ջլերը բերանի՝
ձիգ,
թոքերն ու ջլերը բերանի՝
պատռող
նրա մեջքը ուղիղ, բռնված
ծովի տատանվող ջղերից,
տղան գոռում է լեղասպառ
մթնում են նրա աչքերը
ու լսում է նրա ձայնը ծովը
պիրկ օղակ է գցում ոտքին՝
իր խոր ծոցը նրան քաշելով
ու նրա մարմինը բրոնզե
լուծվում է ծովի աղերում։

Ալիքներ, որ ծնվում եք
ջրի խորքերում,
քամու և ծովի զավակներ,
հեռու քշեք այն դանդալոշ
փրկարարին ու իր
պլպլան նավակը։
Կեղտոտ ու մանր ավազների մեջ
թաղեք դուք նրան։

***

Դրանք մարդիկ էին,
որ միշտ գալիս են
ամառվա հովին,
թեթև աղջիկներ՝
թափանցիկ շալերով,
ու տղաներ՝
բարակ շորեր հագած
ու կանայք
տարօրինակ սեռերի։
Աղջիկները սիրուն շորերով
անցնում էին երամով,
մեկը դուխի էր ցանել,
մյուսը վեպ էր կարդում,
լսի, չես պատկերացնի,
բոլորը հղիացան սերմով
ու սև զինվորներ ծնեցին։
Տղաները գանգուր մազ ունեին,
կլոր ակնոցներ էին դնում,
սիրում էին միտինգ ու աղջիկ,
բոլորը թռան տներով։
Ու կանայք հազար սեռերի,
ու կանայք հազար գույների
կաքավների պես
թեթև անցնում էին՝
իրենք իրենց գալարվելով։
Իմանաս, թե ինչ եղավ,
տարբեր ճամփեքով գնացին
ու տարբեր տներ հասան,
բոլորը ձրի տվեցին,
այն, ինչ թանկով էին գնել,
իրենց ունեցածը թողեցին շեմքին
ու նոր ներս մտան։

***

Երազիս մեջ ծով եմ տեսել
ու իջնում եմ ծովն ի վար։
Մամուռներ ու ջրիմուռներ եմ ժողվում։
Ջրիմուռներն ու մամուռները բռնած՝
որպես ուրախ սիրո առաջարկ,
ես կանչվում եմ հրաշալի բաներից,
որ թաղված են թաց մութի մեջ՝
ներքևում։
Ինչ-որ մի բան ինձ ներքև է տանում
նա սիրուն է, քան ծովն ինքը ու քան ես։

Ես չգիտեմ՝ հատակն ինչ է
բայց իջնում եմ միշտ ներքև
կապտականաչ մամուռներով՝
թարմ ու մաքուր
ալիքվող։

«Գարուն», 2016, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով