Զորայր Խալափյան. Խոսք և գործ

Միակուսակցական պետական կառավարման համակարգը նույնն է, թե մարդկությունը բաղկացած լինի միայն տղամարդկանցից կամ միայն կանանցից:  Այսպիսի համակարգը տանում է դեպի տոտալիտարություն. երեսնական թվականների Գերմանիայի օրինակը: Բայց խնդիրը միայն միակուսակցության մեջ չէ: Կոմունիստական կուսակցությունը միշտ էլ եղել է մեկ մարդու կուսակցություն. քանի կար Լենինը, մենք ասում էինք Լենին` հասկանում կուսակցություն, ասում էինք կուսակցություն` հասկանում Լենին, առանց հասկանալու, թե ինչ վտանգ է թաքնված այդ հպարտության տակ:
Լենինից հետո եկավ Ստալինը, և կուսակցությունը տարավ իր հետևից` ընդդեմ Լենինի: Այլ կերպ չես անվանի կոլեկտիվացման վայրագությունները, արհեստական սովի համաճարակները, որ նոր խոսք էր պետական կառավարման պատմության մեջ, լենինյան հին գվարդիայի գազանաբարո ոչնչացումը և այլն: Հետո եկավ Խրուշչևը  և տարավ կուսակցությունն իր հետևից` ընդդեմ Ստալինի: Այլ կերպ չես անվանի անհատի պաշտանմունքի պսակազերծումը, ստալինյան բանտերից միլիոնավոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, տնտեսական բարեփոխություննեը և այլն: Հետո Բրեժնևը կուսակցությունը տարավ իր հետևից` ընդդեմ Խրուշչևի, որի անունը համարյա քսան տարի չհիշատակվեց, վերացվեցին նրա լիբերալ բարեփոխությունները, կրկին սկսվեցին քաղաքական հալածանքները և  այլն: Եվ կուսակցությունը, նույն կուսակցությունը հարյուր ութսուն աստիճան շրջվելով, գնաց Բրեժնևի հետևից: Գորբաչովն էլ կուսակցությունը տարավ իր հետևից` Բրեժնևի դարը մեղմորեն անվանելով լճացման տարիներ, և այլն:
Ինչ է սպասվում վաղը, ակնհայտ է: Մեր պատմությունը կարծես զարգանում է բուտերբրոդաձև` լավ Լենին, վատ Ստալին, լավ Խրուշչր, վատ Բրեժնև, լավ Գորբաչով, վատ… ով էլ լինի դա, լինելու է վերջինը, որովհետև երկիրն այլևս չի կարող դիմանալ այդ ցնցումներին, և նա կգնա` իր հետևից կուսակցությունը տանելով դեպի կատարյալ կրախ, չգոյություն:
Կայսրապետական քաղաքականությունը հոկտեմբերյան հեղափոխությամբ չընդհատվեց, հակառակը: Բոլշևիկների գերխնդիրը ոչ թե ժողովուրդն էր ու ժողովրդի բարեկեցությունը, այլ պետությունն ու պետության հզորացումը: Եվ նրանք իրենց խնդիրը լուծեցին փայլուն պետությունը դարձավ գորպետություն, ժողովուրդը մնաց գերաղքատ: Վերակառուցման քաղաքականությունը կարելի է բնորոշել, որպես ծանրության կենտրոնի տեղափոխման փորձ` պետությունից դեպի ժողովուրդ: Առաջին անգամ կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում իր իշխանությունը կիսել դեմոկրատական կազմակերպությունների հետ, հանդուրժում է բազմակարծիքություն: Իսկ մինչ այդ ահա ինչ կարծիք էր տրվում բազմակարծիքության մասին. «Թույլ տվեք ձեզ դրա համար գնդակահարել, կամ նեղություն կրեք չարտահայտել ձեր կարծիքը»: (Վ. Լենին, հայ. հրատ., հատ. 45, էջ 111): 1937-1938 թվերին հենց դա էր արվում:
Կայսրապետության ու տոտալիտության ինքնաարդարացումը պետության միասնության, հզորության մեջ է, ձգտումն անհրաժեշտից գերեվարելի հզորացման` ընդհուպ մինչև պետության գաղափարի աբսուրդի հասցնելը, մեծ տարածքների ընդգրկումը, որը նույնպես ստեղծում է գերհզորության և կատարված աշխատանքի վիթխարիության պատրանք ` դարձյալ երեսնական թվակաների Գերմանիայի օրինակը: Իր կատարած աշխատանքի այդպիսի պատրանք ուներ նաև Ստալինը, որը դրանով իսկ արդարացնում էր ամեն ինչ: Նա, իրոք, թողեց մի վիթխարի տիրություն, համոզված, որ իր անունը կփառաբանվի հավերժ, մանավանդ ռուս ժողովրդի կողմից, որին, իր խորին համոզմամբ, մեծագույն ծառայություն է մատուցել, ինչպիսին չէր մատուցել և ոչ մի ցար: Սակայն կայսրության արևմտյան  մարզերի, այն է` Արևելյան Եվրոպայի փլուզումը ցույց տվեց, որ դա միայն միրաժ է, ինչպես միրաժ էր դրանից մի քանի տարի առաջ հոգին ավանդած Բրիտանական կայսրությունը, խորքում ժողովուրդների անհամաձայնությունն է ու թշվառությունը: Տասնյակ միլիոնավոր մարդկային զոհերը, տնտեսական ավերածությունները, արյան ու վշտի ծովերն ու օվկիանոսները, որոնց գնով ստեղծվեց այդ կայսրությունը, լոկ խաբկանք է, որն այսօր դեռ կա, վաղը չի լինելու: Ստալինի թողածը ռուս ժողովրդին փաստորեն մի վիթխարի ոչինչ է, սա է տոտալիտության վերջնական արդյունքը. աբսուրդի պսակը դրձյալ աբսուրդն է:
Սակայն կայսրութան հազարամյա ժառանգորդները չեն կարող մի օրում հրաժարվել հզորության պատրանքից. Մ. Գորբաչովը հենց այդպես էլ արտահայտվում է, դարձյալ վազում են միրաժի հետևից` անգամ նոր ֆեդերացիա անվանյալ: Բայց դա կրկին նույն ֆեդերացիան է, ավելի շուտ անազատ պետությունների կոնգլոմերատ, կիսապետություններ, որոնց ժողովուրդներից յուրաքանչյուրը իր սեփական դժբախտությունը տեսնում է մյուսների մեջ: Այդպիսի ֆեդերացիան չի կարող գործել և չի գործում: Վազել կայսրության միրաժի հետևից, նշանակում է ապարդյուն կորցնել տարիները, նշանակում է վերակառուցման նոր գինին լցնել տոտալիտարության մաշված տկերի մեջ: Բայց հենց դա էլ արվում է: Մեզ հավանաբար հարմար կգար ժողովուրդների ազատ փոխընկերությունը, նման մեծբրիտանականինի: Բրիտանացու սրտին ևս շատ թանկ է հազարամյա կայսրապետության միրաժը և ահա այդ ձևով նա պահեց այդ աննյութեղեն սիմվոլը:
Քաղաքական կյանքի ներկա ընթացքում աստիճանաբար որոշակի է դառնում ուժերի փոխդասավորությունը, մի բևեռում` «կուսակցություն», «սոցիալիզմ», «ֆեդերացիա», «ռուս ժողովուրդ», մյուս բևեռում` «դեմոկրատիա», «ազգերի ինքնորոշում», «միացյալ ժողովուրդներ»: Այդ ուժերն առայժմ բացահայտ չեն առճակատում, բայց բանը դրան է հանգում. Մերձբալթիկայի օրինակը:
Մենք, անշուշտ, գտնվում ենք քաղաքական ուսումնառության վիճակում: Եվ դա հասկանալի է. քաղաքական կյանքով երբեք չենք ապրել, ապրել ենք կարծիքների գնդակահարության մռայլ մի դարաշրջան, մեզանում նոր-նոր առաջ են գալիս քաղաքական գործիչներ, անկախ քաղաքական միտք, գուցե նաև կուսակցություններ: Առայժմ մենք գնում ենք  ժողովրդի (ճիշտ կլիներ ասել` ամբոխի) հետևից, բայց պետք է, որ հակառակը լինի, իսկ ժողովրդին իր հետևից տանող քաղաքական ուղղություն, կամ թեկուզ և` քաղաքական գործիչ, այսինքն շեշտված անհատականություն, գոնե Սոբչակի ու Պոպովի մակարդակի, հանրապետությունում առայժմ չի երևում: Հուսանք, որ այդպիսիք կհայտնվեն Հայաստանի նոր խորհրդարանում:
Հայաստանում գտնվելու օրերին Մ.Գորբաչովը զայրութով մեղադրանք ներկայացրեց մեր հասարակական կազմակերպություններին. «Նրանք ձգտում են  իշխանության»: Բայց զբաղվել քաղաքականությամբ ու չձգտել իշխանության, նույնն է, թե ֆուտբոլ խաղալ ու գոլ չխփել: Ցավն այն է, որ մերոնք ձգտում են իշխանության, առանց քաղաքագետ լինելու և քաղաքական գործնեությամբ զբաղվելու: Իսկ քաղաքական գործիչ լինելը հոդված գրելը չէ, դա մենք` գրողներն ու լրագրողներն էլ ավել կամ պակաս հաջողությամբ կարող ենք անել, ոչ էլ ճառ ասելն է, քաղաքականությունը նախ և առաջ գործն է:
Ադրբեջանական ճակատի  ներկայացուցիչները, որոնց արհամարհանքով էմիսար ենք անվանում, երկրով մեկ սփռված վարկաբեկում են ոչ միայն արցախյան շարժումը, մեր ժողովրդին, այլ հենց մեր հասարակական կազմակերպությունները: Նրանց գործից երևում է. հայտնի դեպքեր Տաջիկստանում, Ուզբեկստանում, Կրասնոդարի երկրամասում, սպասենք նաև այլուր: Իսկ ո՞վ  պիտի մեր պատիվն ու մեր շարժումը պաշտպանի նրանցից: Ինչ-որ չենք լսել, մերոնք հակառակ միջոցներ ջեռնարկած լինեն: Գուցե վախենո՞ւմ են Միջին Ասիայում հայտնվել, բայց նրանք ամենևին չեն վախենում զենք կիրառել անպատեհ առիթներով` վարկաբեկելով սեփական ժողովրդին:
Ժողդեպուտատներից մեկը, որը հայտնի ու ճանաչված մարդ է և առաջադրված է նաև Տաջիկստանից, փետրվարյան օրերին մի՞թե չէր կարող մեկնել Տաջիկստան, հանդես գալ հեռուստատեսությամբ կամ ամբոխի առջև, և հարցնել մի հասարակ  բան, թե հայ է, ինչի՞ համար են իր թեկնածությունն առաջադրել նաև տաջիկները, իսկ այժմ հալածում են հայերին: Սակայն, ինչպես գիտենք, ոչ մի դեպուտատ չհայտնվեց Միջին Ասիայում, մինչդեռ այնտեղից առաջարկում և նույնիսկ խնդրում են: Բայց չէ՞ որ խոսքը հազարավոր հայերի ճակատագրին ու կյանքին է վերաբերում` այսօր և վաղը: Մի՞թե ժամանակը չէ, որ Հայաստանի կառավարությունը խոսքից գործի անցնի, իսկ ո՞վ  Հայաստանի կառավարությունից հայտնվեց Միջին Ասիայում, ով իր ներկայությամբ գոնե ցույց տվեց, որ հայերն Հայաստանից դուրս պաշտպանությունից զուրկ չեն: Ո՞վ պիտի պաշտպանի ներքին սփյուռքի հայերին, որոնց իրավունքներն այդպես անպատիժ ոտնահարվում են ամենուր: Արտաքին սփյուռքի հայերի համար առայժմ կարող ենք հանգիստ լինել, նրանց իրավունքներն օտարության մեջ ոտնահարող չկա, ավելին, այսօր նրանք են մեզ պաշտպան, չնայած պիտի հակառակը լիներ` հայրենիքը պիտի լիներ նրանց թիկունքում, և ոչ հակառակը:
Ժողդեպուտատներից ոմանք Մոսկվայից վերադառնալով, դառնությամբ խոստովանում են, որ իրենց քաղաքական գործիչ չեն, գլուխները  իզուր դրին այդ ծանր բեռի տակ, ոմանք էլ  հուսահատ հայտարարում են, որ պայքարել հանուն արդարության ու ճշմարտության, նույնն է թե` գլխով պատի խփել:  Մնում է, որ այդ ազնիվ խոստովանությանն ավելացնել, որ իրենք  փաստորեն զբաղեցնում են ուրիշի տեղը, գուցե մեկ այլը գլուխը պատին խփելու փոխարեն ավելի արժանավայել գործ գտնի դեպուտատի համար:
Դեպուտատությամբ սեփական անձը զարդարելը հիրավի դժվար ու անհաղթահարելի գայթակղություն է: Այդ է վկայում վերջին ընտրություններում թեկնածուների շուկայական խայտաբղետությունը: Բոլորս պատրաստ ենք քաղաքականությամբ զբաղվելու, վիրաբուժությամբ զբաղվելու` քաղաքապետ ու վիրաբույժ չլինելով: Բայց անում  ենք հենց դա, առաջին անգամ նշտար բռնելով` համարձակորեն կտրում ենք կենդան մարմինը: Վիրաբույժ չլինելով` սեփական երեխայիդ չես վիրահատի, բայց ուրիշի երեխային կարելի է, գուցե ստացվի:
Ուսումնասիրելով Արցախն ու Նախիջևանն Ադրբեջանին բռնացկելու պատմությունը, չես կարող չգալ այն եզրահանգմանը, որ դա նախ  և առաջ  ադրբեջանական կառավարության քաղաքական  հաղթանակն էր հայկական կառավարության նկատմամբ: Չկան պատմական ու արխիվային փաստեր, որ ժամանակի հայ գործիչները ակտիվորեն պայքարել են Արցախն ու Նախիջևանը փրկելու, իսկ այն ժամանակ այդ երկու երկրամասը Հայաստանին կցելու մեր հնարավորություններն  առավել էին, քան Ադրբեջանինը: Մինչդեռ հակառակ կողմը բուռն գործնեության մեջ էր, հոծ բազմություններով օրեր շարունակ  նստած էին Մոսկվայում և գործում էին տեղում, խտրականություն չդնելով միջոցների միջև` կաշառքից մինչև ահաբեկչություն: Մերոնք բավարարվել են ականատեսի դերով, այն էլ, եթե թույլատրեն ներս մտնելու այն շենքը, ուր ռուսները, թուրքերը  և ադրբեջանցիները ստորագրում էին Հայաստանը մասնատելու մոսկովյան պայմանագիրը: Իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը, Լենինի ամենամոտ զինակիցը, այդ օրերին նստած էր Երևանում,  կարծես Ղամարլու ուղարկվելիք ագիտատորների խմբեր կազմելը շատ ավելի կարևոր էր, քան այն, ինչ կատարվում էր Մոսկվայում: Սա թող խրատ լինի ներկայիս կառավարությանը, այս օրերը ևս պատմություն են դառնալու, որպեսզի չարժանանան սերունդների արհամարանքին:
Այժմ ևս առանձնակի սրությամբ է դրսևորվում մեր հին հիվանդություններից մեկը. նամակ գրելով մեր անելիքը ուրիշների վրա բարդելու, և մանավանդ` մեր միակ փրկությունը դրսից սպասելու սովորությունը: Արցախի հարցում այդպես եղել է միշտ: Արցախյան շարժում ասածը տարիներ շարունակ փաստորեն եղել է նամակների հղումը Մոսկվա. կուսքարտուղարներ Ա.Արութինևի, Ա.Քոչինյանի, Բ. Ուլուբաբյանի խմբի նամակները և այլն: Մինչ մերոնք նամակ էին գրում կենտրոն և գործն արած համարելով սպասում պատասխանի, ասել է թե փրկության ու ազատության, մյուս կողմն արդեն նստած էր լինում Մոսկվայում` իր ավանդական քաղաքականության գոհարները ձեռքերում, և գործը կարգադրում էր իր ուզածով:
Այժմ էլ նամակ ենք գրում մեր կողքին նստած Օ. Լոբովին և սեղանի վրայով ձեռք մեկնելով` հանձնում նրան: Նամակ ենք գրում Գորբաչովին և երկու նստաշրջան վիճում «խնդրում ենք», թե՞ «պահանջում ենք», և սարսռելով սեփական հանդգնությունից, ի վերջո կանգ ենք առնում վերջինի վրա:  Նամակ ենք գրում միշտ նույն նպատակով, որպեսզի ուրիշը կարդա և անի մեր սեփական գործը: Մինչ դեպուտատներից մեկն ասում է, որ այնտեղ ժպտում են նամակների վրա, մյուս դեպուտատն առաջարկում է խմբովին չներկայանալ նստաշրջանին, դարձյալ նույն մտայնությամբ. մենք այստեղ նստենք մեր տանը, նրանք այնտեղ կազդվեն մեր բացակայությունից և ստիպված կանեն մեր գործը: Բայց դրա վրա ևս ժպտում են: Հայաստանի փակուղային աշխարհագրությունն անդրադարձել է մեր բոլորի հոգեբանության վրա, բոլորս  ենք փակուղային հոգեբանությամբ ասում` ոչինչ հնարավոր չէ անել: Արամ Մանուկյանը և Գարեգին Նժդեհը ժամանակակիցներից թերևս միակն էին, որ այդ փակուղում գիտեն ինչ անել, պատահական չէ, որ այդ թվականների մեր բոլոր հաղթանակները կապված են այդ երկու քաղաքական գործիչների անունների հետ:
Այս օրերին վհատ տրամադրություն է տիրում Արցախում, նրանց ընկճում է հատկապես Խոջալուի բուռն շինարարությունը, մազկենտրոնին մերձ ադրբեջանական մեծ քաղաք կառուցելը: Ադրբեջանական կողմը շինարարությունը դարձրել է քաղաքականություն, քարն ու ցեմենտն այժմ Արցախում քաղաքական իմաստ ունեն, ահա ինչու է մարզը շրջափակված, արտակարգ դրության օգնությամբ Մոսկվան կապել է հայերի ձեռքերը, ազատ թողել ադրբեջանցիներին:  Դրա համար է, որ Մութալիբովը ժամանել է մարզկենտրոն և Արցախի ժողովուրդը շրջափակման փարախի մեջ պահելու, հայերի բոլոր գործողությունները կաշկանդելու համար զինվորականներին պարգևատրում է հանրապետության շնորհագրելով ու պատվոգրերով:
Միշտ էլ Հայաստանը խորհրդային իշխանությունների համար եղել է Ադրբեջանում, Թուրքիայում և մուսուլմանական աշխարհում կապիտալ շահելու միջոց: Մեր հաշվին, միայն մեր հաշվին: Դա մենք տեսել ենք 1921 թվականին, երբ Հայաստանի կենդանի մարմնից կտրվեցին մեծ մսակտորներ և մատուցվեցին Թուրքիային ու Ադրբեջանին: Այժմ էլ նույն քաղաքականության շարունակությունն է, անգամ այն, որ հայեր են բռնվում Հայաստանում և ուղարկվում Ադրբեջանում դատվելու, լավ իմանալով, որ դա հաճելի կլինի նրանց, հատկապես Բաքվի հունվարյան դեպքերից հետո: Սպանությունները, վայրագությունները, մարդկանց կախաղան բարձրացնելը, անգամ մարդակերությունը կատարվել են Ադրբեջանում, իսկ ՏԱՍՍ-ն ու Ազերինֆորմը հաղորդում են հայերին դատելու մասին միայն նրա համար, որ փորձ են արել խռովություն հրահրելու: Փորձ են արել, բայց խռովություն չի եղել. վեցից ութ տարի բոլոր մասնակիցներին: Հոգեբանական այս գործոնները նրբորեն մտածված քաղաքականության արդյունքներ են: Այժմ ոչ մեկին գաղտնիք չէ, որ շրջափակումը ոչ թե Բաքվի, այլ Մոսկվայի ձեռքի գործն է, և զինվորական սվիններով հսկվում է, որպեսզի չխախտվի: Հայստանի և Արցախի շրջափակումը Մոսկվայի ռեպետիցիան էր` մերձբալթյան հյուրախաղերից առաջ: Որպեսի մոխրագույնն անտառ չփախչի, նրան պետք է կերակրել թարմ մսով. այդ կերակուրի դերում  միշտ եղել է հայ ժողովուրդը, Հայաստանը:
Մի՞թե անարգանք ու ստորացում չէ այն, որ կատարվում էր այժմ Արցախում, ռուս ազգի բարձրաստիճան մարդկանց մի խումբ, միջոցների մեջ խտրականություն չդնելով, ամեն գնով ցանկանում է հայ ժողովրդի գլուխը խոնարհեցնել մեկ այլ ժողովրդի առջև, որը հայ ժողովրդին ամենսոսկալի վիրավորանքն է հասցրել վերջին երկու տարում: Աշխարհում ոչ մի ժողովուրդ ընդունակ չէ այդ ստորացմանը ենթարկվելուն, նույն թվում նաև ռուս և ադրբեջանցի ժողովուրդը, ինչո՞ւ են այդ պարոնները համոզված, որ դրան ընդունակ պիտի լինի հայ ժողովուրդը: Նորից գլուխ խոնարհել Ադրբեջանի առաջ, իսկ ի՞նչ պատասխան տալ արցախի պատճառով բնավեր եղած ավելի քան կես միլիոն հայերին, ռուսներին ու ադրբեջանցիներին, Սումգայիթի, Գանձակի, Բաքվի զոհերի կշտամբող հիշատակին, բռնաբարված աղջիկներին, խարույկներում ողջակիզվածներին և այժմ կիսակենդան կանանց ու ծերերին, պատուհաններից դուրս շպրտված երեխաններին, ծաղրուծանակի համար կախաղան բարձրացվածների հիշատակին, նրանցից յուրաքանչյուրն իրավունք չի՞ ունենա մեր երեսին նետելու, թե եթե այդքանն էինք էլ ինչո՞ւ էինք ստեղծում այս զարհուրը: Այս ամենն արել էին Մութալիբովի հայրենակիցները, և նա այժմ զինվորականների ձեռքը սեղմում էր թերևս նրա համար, որ նրանք այս զարհուրի պաղ վկաներն էին լոկ:
Այդ պարոնները ռուս մարդուն ու զինվորին անվայել գործ են ձեռնարկել, բայց ամեն ինչն իր սահմանն ունի. այն ժողովուրդը, որն իր տղամարդկանց ազգաբնակչության կեսից ավելի զոհաբերել է նրանց սրտին սիրելի Ռուսաստանի փրկության համար, իր մեջ ուժ կգտնի նաև իր սեփական պատիվը պաշտպանելու: Թող ինքները որոշեն, թե որքան պատվաբեր է ռուս զինվորին ու մարդուն Մութալիբովի պատվոգիրը, որը նա շնորհում է նրանց` Արցախի հայ ժողովրդին գեստապոյական խստությամբ պահելու համար: Այդպես Սուլթանն էր իր շնորհակալությունը հայտնում ենիչերիներին:
Արցախն այժմ առավել, քան հացը, բրինձը, կարագը և այլն, կարիք ունի բարոյական օգնության, հոգևոր նեցուկի: Շատ աղմկեցինք, թե Ադրբեջանը խանգարում է Հայաստանի և Արցախի հոգևոր կապին, բայց հենց այս երկու տարում ոչ մի համերգային խումբ, թատերական կոլեկտիվ, ասմունքների խումբ իրենց այցերով ու հյուրախաղերով չուրախացրեցին արցախցու տրտմած ու մենությունից մաշվող սիրտը:
Այս օրերին այդպիսի այցերը մանավանդ Հյուսիսային Արցախ, շրջափակումից ու արտակարգ դրությունից շնչահեղձ լինող ժողովրդի համար կլիներ թարմ օդի հոսք: Պատկերացրեք` Գետաշենում հայկական համերգ է կամ թատերական խմբի ելույթ, պատկերացրեք` անթափանց գիշեր ու լույսերը վառած մի դահլիճ լեռների մեջ, թշնամական շնչից խեղդվող այդ գյուղում:
Գուցե պատճառաբանվի, թե արտակարգ դրություն է. բայց հենց այդ դրության ժամանակ էր, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի Արցախ գավառի այդքան հաջող ընտրությունները:
Արցախում տագնապալի վիճակ է, շինարարական կազմակերչության մի ղեկավար, Վովա Գալստյանը հեռախոսով ասում է.
— Շինանյութ չկա, կանգնած ենք, իսկ երբ լինում է` չեն աշխատում, ընկճված են, վհատված են, հայկական Կիչան գյուղի մոտակայքում ադրբեջանցիները նոր գյուղ են կառուցում, արդեն քարերը բերել թափել են, բանակը մեր ձեռքերը կապել, նրանց ազատ է թողել, ի՞նչ անենք:
— Նույնն արեք, տարեք նրանց քարերի վրա ձեր քարերը թափեք և այդ նույն տեղում հայկական գյուղ կառուցեք: Ավելին ասեք, տարեք ձեր քարերը թափեք ադրբեջանական գյուղերի կենտրոնում, ասեք, որ այստեղ Ադրբեջանից վռնդված հայերի համար տներ պիտի կառուցենք, չէ՞ որ դա արցախյան հող է: Այսինքն, արեք այն ինչ իրենք են անում ու հուշում, եղած շինանյութն օգտագործեք, որպես քաղաքականություն: Ցեմենտ չկա, բայց անտառ ու քար կա՞, կրապատ տներ կառուցեք, թույլ մի տվեք, որ արցախցին լքի Արցախը: Ժամանակը մեր օգտին է գործում, ամեն անցնող օրն ապացուցում է Մոսկվային ու Բաքվին, որ Արցախում Ադրբեջանի գերիշխանությունը վերահաստատվելն անհնարին է: Կարելի է ասել` լավ որոշում է: Ամեն անցնող օրը մեր օգտին է, միայն պետք է դիմանալ:
Մենք սկսեցինք առաջինը, բայց հայտնվեցինք վերջում. դրանում իրենց արտահայտությունը գտան մեր ազգային բանավորության երկու գծերը` անհամբերությունն ու պահպանողականությունը: Այժմ կանգնած ենք թևաթափ ու չգիտենք ինչ անել: Իրազեկ մարդիկ ասացին, որ նամակների վրա ծիծաղում են, նույնիսկ, եթե ոչ թե «խնդրում» այլ «պահանջում ենք»: Մենք կանգնել ենք խնդրատուի կեցվածքով և սպասում ենք, որ մեզ նկատեն, լսեն: Եվ չգիտենք` ոնց անենք, որ լսեն: Մի շուն մյուսին ասաց. «Ինչքան կուզես հաչի, մինչև չկծես` քեզ շան տեղ դնող չի լինի»:
Անշուշտ, այժմ հրատապ հարց չէ Հայաստանի անկախությունը, բայց ինչո՞ւ աշխարհով մեկ հայտարարել, որ մենք դա չենք ուզում, մենք չենք կարող մեր սեփական գլխի տերը լինել, որ դա անհնարին է և այլն: Ուրեմն, աշխարհում հարյուրից ավելի ժողովուրդներ կարող են, պապուսաներն ու նեգրերը կարող են, իսկ աշխարհի հնադարյան քաղաքականության զավակ հայերը չեն կարող: Պաշտոնյա մարդիկ էլ դա վերածում են պաշտոնական քաղաքականության, մինչդեռ բոլորն այդ հարցում ունեն միայն և միայն անձնական կարծիք, ըստ սահմանադրական օրենքի` այդ հարցի պատասխանը պատկանում է ամբողջ ժողովրդին:
Մենք եղել ենք անկախ և չենք ընկղմվել հետամնացության տիղմի մեջ, հակառակը` համալսարաններ ենք հիմնադրել, լուսավորչական լայն թափի գործ ենք կատարել, չենք մեռել սովից, հակառակը` Հայաստան մտնող կամիր բանակը ոգևորված էր հենց նրանով, որ մտնում է բուրժուական Հայաստան, իսկ նրանց համար բուրժուական նշանակում էր` հաց, հագուստ, ունևորություն, մարդասիրություն, բարյացակամություն: Ու Երևան մտնող բանակը, հենց փողոցներում, ծաղիկներով իրենց դիմավորող քաղաքացիներին տեղնուտեղը մերկացնում, կոշիկները հանում, իրենք էին հագնում:
Ապա բուրժուական Հայստանից բեռնված վագոնները, ծանր ճռռալով շարժվեցին դեպի սոցիալիստական սովյալ Ռուսաստան, տարան աշնան սերմնացուն, որ պատերազմի պատճառով չէին հասցրել հողին հանձնել: Տարան նաև գարնան սերմնացուն,  և նրանք, որ այդ հատիկը չէին վաստակել, վագոններին հպարտությամբ գրում էին. «Լենինին` Հայաստանից»: Փույթ չէր, որ սովամահության գնով սերմնացուն խնայած ժողովուրդը հաջորդ տարիներին մատնվում է սոսկալի սովի: Ճիշտ է, այնտեղից ուղարկեցին 20 միլիոն ռուբլի, բայց որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ է իրենից ներկայացնում, ասենք միայն, որ Խորհրդայն Ադրբեջանը, Արցախն ու Զանգեզուրը նվաճելու համար հատկացրել էր 200 միլիոն ռուբլի, անշուշտ նույնպես Մոսկվայի ուղարկածը:
Հայաստանը երկուսուկես տարի անկախ էր և այն ժամանակ էլ կար շրջափակում, այն էլ ռազմական տարիների շրջափակում: Միակ ճանապարհը Վրաստանով էր, այն ևս շրջափակում էին հաճախակի, իսկ օդային հաղորդակցություն առհասարակ գոյություն չուներ: Ես, իհարկե անկախության կոչ չէ, որ անում եմ, այդ բանը կոչով չի արվում, դա գալիս է ժամանակին, հասունանալով, այլ միայն իմ և գուցե նաև ինձ համախոհ շատերի վերաբերմունքն եմ արտահայտում խնդրատուի նման վիզ ծռողների ու միաժամանակ սպասելիքներ ունեցոների: Խնդրատու հարցը միշտ էլ լուծվում է` անցողակի նման մի քանի գրոշ նետելով: Մենք ունենք գերխնդիր, ազգային նվիրյալ գաղափարներ` մեր կորուստների դատը: Եթե մեր միությունը Ռուսաստանի հետ կօգնի մեզ այդ դատը շահել, մենք կլինենք Ռուսաստանի հետ, ինչպես էլ կոչվի` Ցարական, Խորհրդային կամ Ֆեդերատիվ: Իսկ եթե դա միայն կխոչնդոտի, մենք կընտրենք այլ ճանապարհ. որոշողը ժողովուրդն է, և ամենևին հարկ չկա տեղին ու անտեղին իմպոտենտային «չենք կարող»-ներով սեփական ազգը վարկաբեկել, դարձնել երկրորդական, ազատություն չսիրող կախվածությունը գերադասող ազգ` դրանով իսկ վարկաբեկելով մեր ժողովրդին մյուս ժողովուրդների աչքում:
Ունենալ այդքան հզոր սփյուռք և լինելով այսքան անգործունյա. օրերս Ամերիկայից Երևան ժամանած, ազգությամբ հրեա նշանավոր մի գրող ասաց, թե այնտեղի հայկական լոբբին ոչնչով չի զիջում հրեականին: Բայց ինչո՞ւ միայն լոբբին: Ի՞նչ ենք անում մենք սփյուռքի զգալի քաղաքական ու տնտեսական ուժը գործադրելու համար: Ո՞վ պիտի մեզ դա սովորեցնի, ինչպե՞ս անել դա, ինչո՞ւ չենք սփյուռքի գործիչներին մերձեցնում մեզ, գուցե նրա՞նք մեզ հուշեն: Հատկապես երկրաշարժից հետո սփյուռքը մեր առջև բացվեց անճանաչելի: Մենք, որ մշտապես ողբում էին, որ սփյուռք ունենք, այժմ կարող ենք հպարտանալ ու մխիթարվել, որ գոնե սփյուռք ունենք: Մեր անտերության մեջ էլի նրանք են, որ իսկույնևեթ կան մեր կողքին:
Երկու տարի շրջափակման մեջ ենք: Շրջափակման երկրորդ օրն իսկ Լիտվայի կառավարության ղեկավարը հայտնվեց Ամերիկայում, Կանադայում, Եվրոպայում, չէ՞ որ դա նաև հրաշալի առիթ էր քաղաքական մի ճամփորդության: Նրան ընդունեցին Բուշը, Թեյտչերը, Միտերանը, Քոուլը: Նրան ընդունեցին ոչ որպես անկախ Լիտվայի կառավարության ղեկավար, այլ որպես Սոցիալիստական Լիտվայի կառավարության ղեկավար: Իսկ մի՞թե Սոցիալիստական Հայաստանը չունի իր կառավարության ղեկավարը, կամ մի՞թե կասկած կա, որ նրան նույնպես կընդունեին Բուշն ու մյուսները: Չգիտեմ, տիկին Պրունսկենեի ճամփորդության տնտեսական օգուտն ինչքան էր, բայց որ քաղաքականը զգալի էր, կասկած չկա, և Մոսկվան չի կարող հաշվի չնստել դրա հետ: Իսկ մենք ասում ենք` ինչ անենք, որ մեզ լսեն:
Ամբողջ աշխարհի բարյացակամությունը մեր կողմն է հատկապես երկրաշարժից հետո, իսկ մենք նստել ենք քթներս կախ և ուսումնասիրում ենք մեր սեփական պորտը: Մինչդեռ Ադրբեջանն ունենար աշխարհի պետությունների բարոյական , տնտեսական ու քաղաքական այդ աջակցությունները, դուք տեսնեիք, թե ինչեր կանեին նրանք: Հրեշավորության չափ վարկաբեկված իրենց գազանություններով ու վայրենություններով, դարձյալ նրանք են, որ հոխորտում են մեր դեմ և մեր գլխին լուտանքներ են թափում, Մութալիբովը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և խոսում ադրբեջանական ժողովրդի ներողամտության մասին հայ ժողովրդի նկատմամբ: Կարելի՞ է այսքան անգործունյա և ուղտի ականջում քնած լինել, ինչքան մենք ենք:
Մեր անգործունեության մեկ օրինակ ևս, դարձյալ առնչված խնդրո առարկա նյութին: Երբ լսում եմ հայտի ասացվածքը, թե մի գիժ մի քար նետեց ջրհորը, հարյուր խելոք չկարողացան հանել, առջևս է հառնում այդպիսի խելագարի դյուցազնական մի կերպար. Զիյա Բունյաթով, և խելոքների հոծ մի բանակ. հայ ժամանակակից պատմաբանները: Արդեն չգիտեմ քանի տասնյակ մեր ակադեմիայի պատմության ինստիտուտն ասել է, թե ողջ պատմագրությունը զբաղված է նրա նետած քարերը ջրհորից հանելով: Մինչ կչորանան, մինչ ուշքները տեղը կգա, Բունյաթովը մի նոր քար է նետում ջրհորը, և մեր բոլոր պատմաբանները նորից իրենց գլխի վրա նետում են ջրհորը: Շատ զավեշտական է: Հանդես են գալիս լրագրերում, ելույթ են ունենում հեռուստատեսությամբ, ցուցադրում են հեքիաթային հսկայի նոր կեղծարարությունները և լացակումած ձայնով ասում են` ահա տեսեք, Բունյաթովն այժմ էլ հրատարակել է մեկ այլ հայ պատմիչի գիրքը ռուսերեն և իր մեկնաբանություններով ու խմբագրական զեղծարարություններով աղավաղել մեր պատմությունը: Ցույց են տալիս նրա գրքերը, և չկա, որ ցույց տան իրենց սեփական թարգմանությունները հայ հեղինակների: Վերջերս հեռուստատեսությամբ ցուցադրվում էր թուրք պատմաբանների հրատարակած հակահայկական գրքերի մի ամբողջ գրադարան` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և փոխարենը ոչ մի հայ հեղինակի գիրք օտար լեզվով: Ում են մեղադրում, այդ ինչ արցունքներ են գլորում, ինչո՞ւ են այդ ձայնով բողոքում և ո՞ւմ դեմ: Իհարկե, Բունյաթովը հայ պատմիչին թարգմանում է ռուսերեն ոչ նրա համար, որ ապացուցի, որ Արցախը հինավուրց հայական հող է: Բայց չէ՞ որ հայ պատմիչի գիրքը ռուսերեն թարգմանելը հայ պատմաբանի գործն է: Եվ մինչ մեր պատմության ինստիտուտը Բունյաթովի հերթական հարվածից հետո խորը նոկաուտից աղաղակում է, թե կեղծարար Բունյաթովը դարձյալ անթույլատրելի հարված հասցրեց, որ դա ընդունված չէ և այլ միամիտ բաներ, իգիթ տղան ռինգի տերն է, փաստն այն է, որ նա կանգնած է, մերոնք ընկած: Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ռուսերեն չի հրատարակվել հարյուր տարուց ավելի ժամանակում, իսկ Հայաստանում` առհասարակ երբեք: Եթե վաղը Բունյաթովը ռուսերեն հրատարակի Մովսես Խորենացուն և ապացուցի, որ այդպիսի Հայաստան գոյություն չի ունեցել, զարմանալի չի լինի. մերոնք պատրաստ են տեղնուտեղը ջուրը նետվելու ճշմարտությունը դուրս հանելու համար: Այդ ապտակը նա հասցնում է մեր պատմագրությունը, բայց անպատվությունը բոլորինս է հավասար: Կարող եք չկասկածել, որ մեր պատմաբանները նույնպես բազմաթիվ նամակներ են հղել միութենական ակադեմիա, «խնդրելով» կամ «պահանջելով» Բունյաթովի կապը քաշել:
Համատարած անվճռականության, քաղաքական թմբիրի ու նիհիլիզմի մթնոլորտում թարմ օդի կում էր մեր Գերագույն խորհրդի որոշումը` զինակոչը ժամանակավոր դադարեցնելու մասին: Գոնե ամռանը մի խումբ տղաներ մամլյուր դառնալու փոխարեն ուսանող կդառնան: Այդպես ավելի լավ է, քան բարձր դռների մոտ սպասելը, որպեսզի հարցնենք, թե իրավունք ունենք արդյո՞ք մեր սեփական աղբյուրներից ջուր խմելու:
Պատմականորեն մենք հայտնվել ենք փակուղու մեջ, ուր էլ շարժվում ենք` բախվում ենք հարևանների շահերին, և սա անդրադառնում է մեր հոգեբանության ու տրամաբանության վրա: Այս պայմաններում չէր կարող հնում զարգանալ դիվանագիտական միտք, դիվանագիտություն ու՞մ հետ, ամեն կողմ միայն պատ է: Բայց անցյալում եթե եղել են մարդիկ, որ ելք են գտել, այսօր էլ կլինեն, պետք է լինեն:
Մի կողմից քաղաքական թմբիր, մյուս կողմից անքնություն. ծանր, հոգեմաշ, հյուծող կացություն: Վտանգավոր կացություն: Մինչդեռ առջևում Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի ընտրություններն են, պետք է սթափվել թմբիրից, որպեսզի քնած-քնած չընտրենք մի քնած պրեզիդենտ:

«Գարուն», 2016, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով