***
Մի դյուրինություն կապեց մեզ
մեր ուզած բառերին,
արագ պատահած մի ժամ.
կողմնակի գործեր
ճիշտ տեղերում՝
համընկնելիս այսպես
թևատարած:
Զարմանալի մի ժամ
այցելության:
***
Իմացածս բոլոր
պատմությունները,
որ հեռավոր են,
ժամանակներ,
որ արդեն չեն դառնա,
խոյացող ձև դարձան-
աղոթքներ:
Սա աղոթելու տուն է, ուր ես
վաղուց ապրում եմ-
մարմանդ խաղաղումներ,
թափուր պարապներ,
ուր բոլոր մեկնարկներս
նմանվել են-
անդրադարձվել են
տարածված,
և մենք նորից այստեղ
ապրելու ենք:
Օրերը հսկում կանեն
իրիկվա դեմ…
Հայտնություն
Ահա ապրելու հնարներ այս բառերի համար,
երբ լինելու են մարդիկ, որ սիրելու են
բուրմունքներ և պատկերներ մեր օրերից,
մեր պատմությունների հետքերով,
խնձորների և արևի հետ: Այստեղ՝
անհարմար օրերի կեսին, ես հրճվեցի.
մեջքերը շտկվում են, նայի՛ր,
ես այն բոլոր օրերին գեղեցիկ էի…
***
Հեշտացած երանգներ պատերին
անծանոթ տարիներից հետո
այստեղ, որտեղ այս պատմությունն է՝
այս ամենից հարմար ժամանակը:
Ինչո՞ւ ես անվանեցի իմ թուլությունը,
որ կարող էր և՛ լինել, և՛ չլինել,
երբ կորչում էի
այս մոտավոր հնարներով շնչելիս
օրապահիկ արթնացման ծառուղում:
Արագոտն ապելու հնարներ…
***
Ներսում
հաղթանակներ տոնվեցին՝
հիմնավոր,
բառեր հավաքելով,
իրար կապվելով ու չկապվելով,
ողջամիտ լինելուց առաջ:
Հաղթանակներով միջնորդված
ժամեր եղան՝
նորից լցվելու տեղերը դեռ չիմացած,
մինչ նախնական ու մաքրասեր
դյուրինությունը բառերի,
մինչ կանանց ու տղամարդկանց
գործերը:
Ճամփորդություն
առանց պատկերների
եղավ:
Հաշտություն
Այս դատարկված սերերը՝
լռության ժպիտներ,
վերահաս վերջերը,
որ շարունակ ընդհատվում էին,
եղանակները, որ ստեղծվում էին,
և իմ այս փոքրիկ
արևային առավոտը:
Պարպումներ, անթեղներ,
խոնարհումներ.
ես տևելու բոլոր ձևերը հիշեցի:
Այս լռությունը,
որով սենյակներն առկախվում են
և բոլորովին չեն ցավում,
և այս ամենը,
որ դեռ մեծանալու է օրերով…
«Գարուն», 2016, 1