Ռիչըրդ Բրոթիգան. Բանաստեղծություններ

Գետերի վերադարձը

Բոլոր գետերը ծովն են թափվում,
բայց ծովը չի լցվում.
գետերը դառնում են դեպի վայրը այն,
որից սկզբնահոսում են:

Այսօր անձրևում է
լեռներում:

Տաք, կանաչ անձրև է՝
գրպաններում
սեր,
քանզի գարունն է այստեղ
ու մահվան մասին
այն չի երազում:

Երաժշտություն են դառնում թռչունները,
ինչպես ժամացույցները երկինքներ են սլաքում,
մի երկրում,
ուր մանուկները սիրում են սարդերին
ու թույլ են տալիս քնել
իրենց մազերի մեջ:

Գետի վրա դանդաղ թշշացող
անձրևը
տապակվող ծաղիկներով թավա է
ասես,
ու անձրևի ամեն
կաթիլի հետ
օվկիանոսը
սկսվում է նորից:

Սեր չէ, որ պիտի պարգևես ընկերոջը

Սեր չէ, որ պիտի պարգևես ընկերոջը:
Ոչ մի դեպքում քեզ դա չէի ցանկանա: Չեմ ուզում
տեսնել՝ ոնց են աչքերդ մոռացվում
անձրևոտ օրով, կորում նրանց անտակ քսակում,
ովքեր ոչինչ հիշել չգիտեն:

Սեր չէ, որ պիտի պարգևես ընկերոջը:
Չէի ուզի, որ վերջդ այդպիսին լիներ,
որ մարմինդ վիրավոր մարմարի նման լցվեր
նրանց ճարտարապետության մեջ, ովքեր
խեղանդամ թռչուններից կամուրջ են սարքում:

Սեր չէ, որ պիտի պարգևես ընկերոջը:
Շատ ավելի լավ բաներ կան քեզ համար,
քան տեսնել՝ ոնց են զգացմունքներդ կախարդական
լամպի նման վաճառում մեկին, ում մարմինը
չի լուսարձակում:

Սիրեցյալներ

Ես փոխեցի նրա սենյակը.
առաստաղը չորս ոտնաչափ բարձրացրի,
ազատվեցի նրա բոլոր իրերից
(այդ թվում և կյանքի քաոսից),
սպիտակ ներկեցի պատերը,
անիրական անդորրով
սենյակը լցրի,
լցրի գրեթե անուշաբույր մի լռությամբ,
պառկեցրի նրան ցածր երկաթե մահճակալին՝
ճերմակ կերպասե ծածկոցներով,
ու կանգնեցի շեմքին՝
նայելու ոնց է քուն մտել՝ կուչ եկած,
երեսն ինձնից
շրջած:

Կաֆկայի գլխարկը

Մինչ անձրևը վիրաբուժորեն
տանիքն էր ծեծում,
ես մի աման պաղպաղակ կերա,
որ ասես Կաֆկայի գլխարկը լիներ:

Այդ մի աման պաղպաղակը
վիրահատական սեղանի համ ուներ,
որին պառկած հիվանդը աչքերը հառել էր
առաստաղին:

Ծխնիներով մոռացությանը դռան պես գամված

Ծխնիներով մոռացությանը դռան պես գամված
նա դանդաղ տեսադաշտից վերացավ,
ու նա իմ սիրած կինն էր,
բայց շատ անգամներ էր նա քուն մտել
մեխանիկական եղնիկի նման իմ շոյանքներում,
իսկ ես ցավել էի լռության մեջ
նրա մետաղյա երազների:

Գիսաստղեր

Կան գիսաստղեր,
որ առկայծում են մեր
բերանների միջով՝ կրելով
շնորհը
գալակտիկաների ու օվկիանների:

Աստված վկա,
մենք անում ենք
ինչ կարող ենք:

Կան գիսաստղեր,
որ քիմիական նյութերին կապված
խրվում են
մեր լեզուներն ի վար,
որ օդի հպումից
այրվեն-վերջանան:

Գիտեմ,
անում ենք:

Կան գիսաստղեր,
որ ծիծաղում են մեզ վրա
մեր ատամների հետևից՝
ձկների ու թռչունների
հանդերձներ հագած:

Մենք փորձում ենք:

Անգլերենից թարգմանեց Ռուզաննա Սուքիասյանը
Թարգմանրուհին թարգմանությունը նվիրում է ընկերոջը` Արամ Ավետիսին

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով