Սաթե Հովակիմյան. Ռեպորտաժներ Բերմուդյան եռանկյունուց

Լեղիագույն նեղլիկ միջանցքով, գրեթե քսվելով պատերին, վավաշոտ հայացքները մեկմեկու ձգելով, թղթերի  տրցակը կրծքին սեղմած, քայլում են նրանք: Դռան վերևում անհանգիստ թարթում է կիկլոպյան կենտ աչքը՝ «լռությո՛ւն, նկարահանում է»:

Ափաչափ մի աշխատասենյակում կրակ մազերով աշխատակցուհին նորաթուխ հացի պես երկրի լուրերն է բաժանում Ցանցում:

Ջազվեի մեջ ջրի ու սուրճի կրքոտ հանդիպումից ծնվելուն պատրաստվող սևերես բամբասանքներ, կծոտած կամրաթուշ խնձոր՝ սփրթնած ափսեի մեջ, օդն  ասես սուրսայր դանակով կիսող Սահակյանի բամբը՝ «գինի լից, խմողաց անո՜ւշ, անո՜ւշ», սրտի, մտքի դոփապար:

Կարմիր մազերն ալեկոծվում են դեպ միջանցքը, հետո նորից աշխատասենյակ մտնում:

Միջանցքի պատի  խամրած պաստառում ապրող խստադեմ բեղավորը հիշեցնում է՝ «Այստեղ աշխատում են հանուն հայրենիքի, և ո՛չ՝ փողի»: Բոլորը լուռ են, ծանրաշարժ, սակավախոս: Բոլորի մտքին նույնն է. ի՞նչ նոր հաղորդաշար պատրաստել սուրբ հողի, հողը չտվողի մասին, ինչպե՞ս գոհացնել ամենատես, ամենատենչ, բազմապահանջ տնօրենին: Չէ՞որ նա ակնդետ հետևում է բոլոր հաղորդումներին, բոլոր ռեպորտաժներին: Լավ աշխատող տղամարդիկ է՛լ ավելի երկար պիտի աշխատեն, լավ աշխատող կանայք էլ  անգին են. նա անձամբ կփորձի խրախուսել: Ճակատնոցների շխկշխկոցները երբեմն-երբեմն  արհեստական շնչառություն են տալիս ուշագնաց լռությանը:

-Վերջապե՜ս եկար: Ի՞նչ էր ասում: Արփի՞…

-Նունի՛կ, ջուր տուր:

-Վերցու, խմի, հասկանամ` ի՞նչ ա կատարվում: Դե խոսի, վա՜յ… Ա՜յ, սուրճը…

Նյարդեր՝ միջիցս դուրս եկող, նյարդաթելեր՝ ինձ կապկպող, օձագալար, իմ մեջ մտած, միջիցս դուրս պրծնող, պարանոցս կապող, դեպի կանգառ տանող, 35,5 չափի պստիկ լաքե ոտնամաններ ոտքերիս՝ քայլքս շրջանակող: Հիշեցի՝ դպրոցական էի, փոքր էի, փող չկար, ճար չկար, տատս Սադախլուից կոշիկներ բերեց` դպրոցական նոր տարին նորերով մաշելու համար (հները վաղուց բաց բերաններով շունչները տվել էին աղբամանին): Կոշիկ չէին, դագաղիկներ էին՝ սև, լաքե:

-Տատ, էս ի՞նչ ես բերել, չեմ հագնի, իսկը դագաղի տեսք ունեն:

-Դագաղի մեջ տանում են: Ուրեմն դու առաջինը կլինես, ով դագաղին կստիպի քայլել:

Առաջինը լինելու գայթակղությունը միշտ էլ գրավում է, մանավանդ փոքրիկ, գիրուկ, ճամպրուկը բարդույթներով լցրած աղջնակին:

35,5 չափի լաքե ոտնամաններիս վրա աչքերիցս նետվող ինքնասպան  ողորմելի արցունքներ: Կողքից լիքը մարդիկ՝ անտարբեր, կանգառում սպասող, իրենց երթուղայինին հասնելու համար  հարբած պարսկական փղերի պես քեզ ոտնատակ անելու պատրաստ, տուն շտապող հաստաքամակ կնիկներ: Վազե՜ք, անհամբերներ, կարճատեսներ, անտարբերներ, վազե՜ք …

Ծառեր, տներ, անցորդներ, մթնշաղի փշրված անուրջներ, տուն, դուռ, դռնբաց: «Մամա՛ս, ի՞նչ ես բերել ինձ », «Արփի՛, լվացվիր, ճաշդ սառավ», «էլի մունաթ դեմքո՞վ ես եկել գործից», «սուրճը՛, սուրճը թափվեց, ջազվեի կողքը կանգնած չես էլ տեսնո՞ւմ»:

Ու օրը չմարսած՝ նորից գլխացավ, հարցական նշան՝ ոտքերիս տակից բարձրացող, միայն ինձ տեսանելի, սապատավոր, կեռ միայնակ հոնքի տակից կասկածելի հայացք ձգող:

-Արփի՛, մի կողմ քաշվիր, սուրճի շատրվան ա, ի՞նչ ա, կանգնել, նայում ես, փոխանակ վերցնես:

-Վա՜յ, մամ, հիմա…

-Հերի՛ք ձևեր անես, քեզնից պակաս հոգնած չեմ, մի կողմ անցի…

-Մամա՛ս, մամուշո՛կս, արի խաղանք: Լսու՞մ ես, արի…

-Էդ երեխեն մեղք ա, կարոտից մաշեց, գնա, էլ ներվերս չեն դիմանում, ի՞նչ ես ապուշ կտրած կանգնել, յա՜…

Լեգոյից հավաքվող զարմանազան քաղաք, երկնաքերեր՝ վեցերորդ հարկի ճաշասենյակի ուղիղ կենտրոնում. ցցված, աչք ծակող, ավելի ու ավելի երկարող, ու հանկարծակի , շատ անսպասելի իրարից անջատվող՝ դըխկ-դըխկ-դըխկ…

-Արի՛, ներս անցիր, տեղավորվիր, Արփի ջան: Լա՞վ ես…

-Այո:

-Ի՞սկ ես լավ չեմ, գիտե՞ս: Նայում եմ ռեպորտաժներդ ու չեմ հասկանում:

-Ի՞նչ չեք հասկանում, պարոն Խորոզյան:

-Մի ժամանակ աշխատում էիր, գոհ էինք, բայց վերջերս գլուխ ես պահում, հա՞:

-Չէ, վերջերս Դուք ինձ ոչ հաճելի հաճոյախոսություններ եք անում, ու երևի ձեզ թվում է…

-Չի թվում, ազիզ ջան, ես սովորական եմ, բայց  դու քո գեղեցկությունը չես գնահատում: Ամբողջ օրը էն կարմիր մազերով ընկերուհուդ հետ քիթ քթի: Լսի՛, կարո՞ղ ա դուք էն բանից եք… էն…

-Ի՞նչ…

-Կարող ա դուք լեսբիանկա եք, հը՞, հա՜հա՜հա՜…. Քեզ բան եմ ասում, ուրեմն սենց…

Տասնապատկված գլխացավ, պլաստմասե երկնաքերերի գունավոր մասնիկներ՝ ճաշասենյակում թափված, փոքրիկ Սոսի մեծ, վեցից իններորդ հարկ բարձրացող, տան բոլոր անկյուններում արձագանքող ճիչ, խիստ հայացքներ՝ անտարբեր մորը խրատող, հետո սուրճի եռման դառնահամը հոգիս վառող, միտքս սևով լցնող անորոշ վաղվա տեսլական:

«Ծընգ»՝ հեռախոսիս՝ «Ձեր հաշիվը լիցքավորվել է 200 դրամով: Ձեր ներկայիս հաշիվը կազմում է 369 դրամ»: Sms-ին հաջորդող հեռախոսազանգ: Հեռախոսի էկրանին տատիս անվան տառերն են:

-Տատ ջան, բարև, էլի դո՞ւ ես լիցքավորել:

-Որ ասեմ սկեսուրդ, կհավատա՞ս: Ո՞ւմ ես թաղել:

-Չհասկացա՞:

-Ձայնդ լսե՞լ ես: Բալիկս, արածս ծովի կաթիլ է ընդամենը: Մինչև ե՞րբ ես քո էտ գրոշային աշխատավարձով ապրելու:

-Տա՛տ, ես քեզ չեմ խնդրել, որ հեռախոսս լիցքավորես:

-Լացո՞ւմ ես: Լացի՛ր, դրանից ոչ ոք չի մեռել, բայց որ սոված զկռտաս… Զանգերիս ինչի՞ չես պատասխանում: Մայրդ քեզ համար շատ է մտածում: Երեխուդ հետ մենակ ապրեիր ի՞նչ պիտի անեիր:

-Էսօր բոլորդ ի՞նչ եք ինձնից ուզում, գրողը տանի:

Հանգստությու՛ն, փափուկ ճերմակ ծվենով իջիր ինձ մոտ, մոռացնել տուր խելագար օրվա զառանցները: Հեռախո՛ս, անջատվիր, Սո՛ս, այսօր ինձ մոտ քնիր, իմ փոքրիկ մանչուկ:

-Մամուշա, լացու՞մ ես:

-Չէ՛, տղա՛ս, չէ՛, քնիր, որ վաղը մանկապարտեզ գնաս:

-Մա՛մ, գիտե՞ս, քո ծիծիկներից ծիածանի հոտ ա գալիս:

-Հա՞, ու մի քիչ անձրևի՞:

-Ու անձրևի…

Ծովի աղի բույրը ապխտում է հոգիս, ես պատվել եմ բաց կապույտով: Ժայռի պռունկին կանգած միշտ էլ վստահ ես լինում, որ աշխարհը ջրի վրա է, որ դու միշտ ջրի մեջ ես… եղել ու կաս: Մետաքսե կիսաթաց զգեստս հաճելիորեն գրկել է մարմինս: Լուռ երկխոսության մեջ եմ ալիքների հետ: Որտեղից որտեղ  ձյութի պես սև մի կերպարանք ձեռքիցս քարշ տալով բերում է այստեղ: Կին է՝ ձեռքին նորածին: Նա աղոթական վիճակում է, չի էլ նկատել մեզ: Նրանից ոչ հեռու, հսկա փայտե խաչ է հայտնվում, դիմացը՝ ապաշխարող Մագդագեղենացին հողն է ճանկռոտում, ինչ-որ բաներ մրմնջում, լալիս է: Ձյութի պես սև կերպարանքը պսպղուն աչքերով ինձ է դառնում: Քահ-քահ ծիծաղ.

-Երբեք չէի՞ր մտածել ինչու է էս երկուսի անունն էլ նույնը:

Հռհռոցը մեծանում, ահագնանում է, կլանում ավազը, խեցիները, օդը, հսկայաչափ դառնում ու տրաքվում ամենամեծ ալիքի մեջ: Վեր եմ թռնում. զարթուցի՛չ, երեսդ չտեսնեմ, այսօր էլ չթողեցիր մի կուշտ քնել:

Դժգոհ ուղևորներ (երևի ես էլ եմ նրանցից մեկը), տներ, ծառեր, կանգառներ, Վիվալդիի «Ձմեռը» ականջներիս մեջ լցրած մայիս ամսին, ինչ-որ մեկի երկարած 100 դրամանոց ձեռքը՝ «մի հատ փոխանցեք»: Ես էլ իջնեմ, հոգնեցի… Աննման է այս ձին. չորս ոտքը օդում, ասես լեռներից ցատկող՝ թշնամու բանակը ավերելուն պատրաստ: Առավոտյան էլ ավելի մեծ տպավորություն է թողնում ինձ վրա, ափսոս, քարակերտ է ու ինձ գործի չի տանի, համ էլ ձիավորին հո կանգառում մենակ չե՞մ թողնի: Երևակայությունս քշում տանում է այնտեղ, ուր հօդս են ցնդում բոլոր մտքերը:

-Դե հա, մի շաբաթ էլ: Պատկերացրու էտ 80.000 էլ չստանամ, ի՞նչ եմ անելու, Նունիկ, երանի մեռնեմ:

-Խելառ չես հո՞, երեխուդ մասին ո՞վ մտածի: Սուրճդ խմիր ու մի՛ լացիր: Կարո՞ղ ա լաց եղած գնաս նկարահանման, թե՞ ուզում ես բոլորը խղճան քեզ:

Դուռը բացվում է, դռան արանքում երևում է վտիտ, բայց էներգիայով լի, կենսախինդ Վիգենը:

-Բարև՜,  ամենասեքսուալ, ամենախելառ, գորշության մեջ փայլող աղջիկներին: Մմմմմ՜…

-Սեքսի արքան ժամանեց: Արփ, տեսնու՞մ ես, ամեն ինչ չի, որ գորշ ա:

-Արփու՞կ, էս լացել ես՞: Վա՜յ, քոռանամ քեզ, էտ ով ա համարձակվել առավոտ շուտ տխրացնել քեզ: Վու՜յ, աման:

-Շեֆդ ա , աննորմալը: Արփուկին ուզում ա գործից հանի:

-Հիմա հանում ա, թե ուզու՞մ ա: Ահ՜, հա՜, հա՜… Մի՛ րոպե… Երեխեք հլը եկեք պատուհանից նայեք ինչ սիրուն տուտուզով աղջիկ եմ գտել: Մմմմ՜… Բայց մի րոպե, ոնց թե ուզում ա, հանում ա… Արփ, հլը խոսի:

-Դե ի՞նչ ասեմ… Ասեց` կամ առաջընթացդ կապահովեմ, կամ մի շաբաթ աշխատի ու գնա:

-Մի շաբա՞թ: Իրա համբա՞լն ես: Չնայած մեզ մոտ բոլորը հանուն հայրենիքի, ոչ թե փողի: Արդարություն, անցի՜ր կողքովս…

-Եթե չաշխատեմ, աշխատավարձս չի տա: Ասում ա՝ գրանցված չես, ում ուզում ես դիմի:

-Բա առաջընթաց ինչի՞ չես ուզու՞մ: Ահ՜, հա՜- հա՜…

-Վի՞գ, հիմա դուրս կգնաս, էս աղջիկն առանց էն էլ չես տեսնում ի՞նչ վիճակում ա:

-Փաստորեն մնաց մի հաղորդում` երեք ռեպորտաժով: Արփենիուս, դու կարող ես… Երեխեք, էսօր նենց ծիտ եմ կպցրել, պարտքով 10.000 տվեք, էլի: Նունիզմ, ու էտ խրատող հայացքով մի նայի: Ու չսկսես ընտանիքի մասին դասախոսությունդ: Սաղս էլ անում ենք… Կպսակվես, կհիշես, թե՞ դու օձերից վախում էիր: Բայց ոնց որ չեք տալիս, հա՞, լավ, գնամ Լյովիկից ուզեմ: Թաղմանս էլ էտ դեմքերով չգաք, յա՜խք…

Մոնտաժի սենյակում Վիգենի հետ կտրում-թափում ենք չստացված կադրերը, կյանքս՝ մոտնաժի սենյակ` լի թափելու կադրերով: Շարժասանդուղք-կադրերը լիցքաթափելու համար այսօր ինձ տեղավորում են մետրոյի գնացքում, ուր օդը միշտ պաղ է, բոլորն անշտապ են, հոնքերի տակից իրար թաքուն ուսումնասիրող, վայելող մետրոյի հոտն ու շխկշխկոցը: Կարևորը՝ անվրդով, անձայն, մտքերդ ոտնատակ չանող, բայց մեկ է, հիմա լռությունը կկոտրի կանացի ձայնն ու ստիպված կլինեմ լքել գնացքը… Բայց սա ընդամենը երազ էր օդազուրկ երթուղայինում. «Ազիզ, էս մի հատ փոխանցի, հա՞»… Բանաստեղծուհին ճիշտ էր՝ ամեն ինչ կրկնվում է նույնությամբ:

Գրել, տետրի մեջ, գրել՝ թխկթխկացնելով ստեղները, թեկուզ ճանկռոտել հատակը, խղզբզել սեփական մաշկը, զուգարանի թղթին հանձնել կյանքիդ ամենակարևոր վեպը, որը քիչ հետո կունենա իր միակ ընթերցողը՝ զուգարանակոնքը:

Գրեր՝ Հարությունի սեղանին՝ հին պարսկական պարթև ասեղով, մահվան, ծնվելու, վերածնվելու , բուժվելու ու հիվանդանալու: Գրերի պատառներ՝ նոր գրվածքներով՝ մայրերի ու мачеха-ների, միչուրինների ու շամանների մասին:

-Արփի, քույրս, հանգիստ նստիր, ոսկե ձկնիկդ սատկել է, ճի՞շտ եմ: Քեզ աշխատանքից հանու՞մ են: Ո՞նց՝ չէ՛: Իմ ուժերին խաբել չի լինի, դու էլ հո գիտե՞ս: Դողու՛մ ես… Երեխուն քնեցրու, արի, խոսենք, ձև կգտնենք, չմտածես:

-Հա՛ր, դեռ տանը չասես, հա՞: Ինձ հյուր ա պետք, հաղորդմանս վերջին հյուրը: Միգուցե որպես երիտասարդ գրող ի՞նքդ գաս:

-Թե քեզ պետք է, որպես երիտասարդ մոգ էլ կգամ: Դու երեխուն քնեցրու, արի, սպասում եմ:

Պլանշետը լարած Ծիտ, որին վստահված է լինել «Խնոցի» հաղորդման ղեկավարը, բայց նա, իրեն վստահել է տափակագլուխ սարքին ու  instagram-ից, facebook է ցատկում, skype-ից՝ viber, իսկ հետո համեստաբար ժպտում է ու հնազանդորեն դոփապարում: Ձախ ոտքը խաչվում, անցնում է աջ ոտքի վրայով, ձախ ոտքը բարձրանում ու ծալվում է հետ, և  իջեցնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ, բայց սրտում… Սրտում երկաթյա վանդակավոր աշխարհակուլ աշտարակն է:

-Մառա, դու տեղյա՞կ ես, որ ինձ աշխատանքից հեռացնում են:

-«Elle a dit: «Tu sais, nous deux, c’est fini!
A quoi ça sert de s’accrocher?».

(«Նա ասաց. «Գիտե՞ս, մեր մեջ ամեն ինչ վերջացած է:

Ի՞նչ կարիք կա կապվածություն ստեղծելու»: ֆր. Էդ. Պիաֆի «Elle a dit» երգից հատված):

-Հայերեն կխոսե՞ս: Կարո՞ղ ա վերջապես գիտակցես, որ հաղորդման տերը դո՞ւ ես: Քեզ մե՞կ է` ում եմ հրավիրելու հաջորդ, իմ վերջին թողարկմանը: Ռեպորտաժնե՞րն էլ են մեկ:

-A quoi ça sert de s’accrocher?

(«Ի՞նչ կարիք կա կապվածություն ստեղծելու:»:

Միայն ծիծաղն է, որ քիչ թե շատ ցրում է հեռավոր երկրի անհասկանալի արտահայտությունները: Միայն կարմրավարս Նունիկի ջերմությամբ պատրաստված սուրճն է, որ փրկում է անկամք ճնշմանս տատանումները, միայն Սոսն է, որ ստիպում է կյանքին նայել զարմացած, և ո՛չ զայրացած:

Զայրացած է Հարութի ննջարանի աջակողմյա պատի կենտրոնական հատվածում իր իսկ  ինքնանկարը, զայրացած են գայլի մորթուց լիալուսնի շողով շաղախված հմայիլները, բարկացկոտ հայացք է ծգում գիպսե հեթանոս Անահիտը, որի գլուխը պատվել է Ծաղկազարդի ծաղկեպսակով:

-Արփի, քույրս, վաղը կգամ նկարահանման, անհոգ եղիր: Կզրուցենք արդի հայ գրականությունից, ժամանակի անժամանակ խնդիրներից, մարդկանցից ու ստվերներից: Հիշի՛ր, սա քո վերջին, նշանակում է` ամենալավ, ամենաուժեղ հաղորդումը պիտի լինի, իսկ հիմա գնա՛, քնի՛ր:

-Բարև, սիրելի հեռուստադիտող, «Խնոցի»-ն այսօր ձեզ ներկայացնում է երիտասարդ բանաստեղծ Հարություն Հարությունյանին: Զրույցը սկսելու համար, ինչպես միշտ, այսօր էլ,  մեր հյուրը իր հետ մի իր է բերել, որից էլ պիտ սկիզբ առնի ու ծավալվի մեր զրույցը: Հարգելի Հարություն, հավանաբար դուք ձեր գի՞րքն եք բերել:

-Ողջու՜յն, ո՛չ, հարգելի Արփի, ես եկել եմ այս փոքրիկ արկղի հետ, որում գտնվում է շատ կարևոր իր: Դուք չասացիք, որ ես նաև երկրի ամենաերիտասարդ մոգն եմ: Եվ բերածս իրն էլ մոգական է: Ահա՛ այն. հայտնի բանաստեղծուհու հորաքրոջ հայելին:

Արկղի միջից դուրս է գալիս 100 տարվա լռության, չհարսնացած հորաքրոջը տեսած վկան: Վերջապե՛ս դուրս եկավ, վերջապե՛ս կխոսի:

Հայելի՛, բավ է, որքան համբերեցիր, բա՛վ է, որքան սգացիր: Ապա պոկվի՛ր նրա ձեռքերից, դե՛, թոթափիր հոգնածությունդ, մեջդ անհանգիստ հոգիներ կան, թո՛ղ խոսեն:

Եվ ահա, մինչ անակնկալի եկած Արփին հարցուփորձ է անում որտեղի՞ց է այն, ինչո՞ւ հենց այս իրը, հայելին, հավաքելով ուժերը, թպրտում է Հարությունի ձեռքերում, կոկ  մարմինը վեր բարձրացնում, հարություն առնում, երեք մասի տրոհվելով՝ արագորեն մարդանում: Երեք տղամարդ հայտնվում են սեղանի շուրջը:

Հարությունը քիչ զարմացած, բայց և գոհունակությամբ, բարձրաձայնում է:

-Սիրելի Արփի՜, ես մենակ չեմ եկել: Նրանք հեռու են ու միշտ շատ մոտ: Նրանք գիտեն մեր ցավն այնպիսի խորքից, որ հատուկ է միայն  մարդկային ամենավեհ հոգիներին, միայն իրական մտավորականին:

-Կներկայացնե՞ք,- Արփիի՝ վախից ծանրացած լեզուն հազիվ մի բառ գտավ ասելու:

-Վարդգես Պետրոսյան. գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, մարդ, ով լավ գիտի իր ազգի ցավը… Վենեդիկտ Երոֆեև…

-«Մոսկվա-Պետուշկիի» հեղինակը՞, բայց ինչու՞…

-«Зачем-зачем?.. зачем-зачем-зачем? –бормотал я…

Они вонзили свое шило в самое горло…».
-Եվ ադրբեջանցի գրող, թարգմանիչ, «Քարե երազների» կերտողը:

Գիտեմ, ի՞նչ եք մտածում, նա ազնիվ մտավորական է, դրանով ամեն բան ասված է: Երկրորդն էլ, վստահ եմ, մտածեցիք, որ «այն» աշխարհի հետ այս գրողը  կապ չունի: Արփի՜ ջան, նա ով տեսնում է ավելին, քան սովորական մարդը, ապրում է երկու աշխարհներում միաժամանակ:

Զարմացած օպերատորները՝ Աշոտն ու Արթուրը,  քիչ է մնում փախչեն տաղավարից, բայց տեսախցիկը միացրել է «rec»-ը, տեսախցիկը մարդկանց կարիքը քիչ ունի: Խումբը պիտի՛ աշխատի, դռները փակ են, բաց է միայն անծանոթ ու միստիկ աշխարհ տանող հայելապատ դուռը:

-Դե, երևի թե սկսենք, հա՞: Պարոն Պետրոսյան, ի՞նչ կասեք ժամանակի և ձե՛ր ժամանակի մասին:

-Անգլիական մի անեկդոտ հիշեցի: Մեկն ինքնասպան է լինում, սեղանի վրա գտնում են նրա նամակը. «Իմ մահվան համար ոչ ոքի մի մեղադրեք, պարզապես զզվեցի ամեն օր սափրվելուց: Աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. Ո՛չ ավազի վրա, ո՛չ ուրիշների հիշողության մեջ, ո՛չ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: Ուրիշ ոչինչ»:

Ձեռքերը տարուբերում է գինովցած Երոֆեևը, ցուցամատով խզբզում օդի անորոշությունը, ապա, հենվելով սեղանին, սկսում.

-Ибо жизнь человеческая не есть ли минутное окосение души? И затмение тоже? Мы все как бы пьяны, только каждый по-своему, один выпил больше, другой- меньше. И на кого как действует: один смеется в глаза этому миру, а другой плачет на груди этого мира. Одного уже вытошнило, и ему хорошо, а другого  только еще начинает тошнить. А я — что? Я много вкусил, а никакого действия….

-Դու՞ք ինչ կասեք, պարոն Այլիսլի:

Մտածմունքից ծանրացած գլուխը մարմնի մեջ տեղավորած , հոգնած սևաբախտ աչքերը քարե երազներում թողած մտավորականը, ասես լեթարգիայից արթնացած, պատասխանում է.

-Վերջին տարիների ընթացքում ես և իմ ընտանիքը ենթարկվել ենք տարատեսակ վիրավորանքների և զրկանքների: Ես շատ կցանկանայի հավատալ, որ մեզ կթողնեին հանգիստ ապրել մեր երկրում:Սակայն իրականություն է վկայում է, որ ամեն բան հակառակն է, և այն հետապնդումները, որոնք սկսել են 3 տարի առաջ, նախկինի պես շարունակվում են: Իմ՝ քննադատությունների առիթ դարձած «Քարե երազներ» վեպը դուրս է եկել քաղաքական ենթատեքստից և իր տեղն է զբաղեցրել՝ ապրելով գրական ստեղծագործության կյանքով: Ես բացարձակապես համոզված եմ, որ քանի դեռ մենք չենք ցանկանում լսել աշխարհին, աշխարհը չի լսի մեզ»:

Վ. Պետրոսյան. «Մեր ուժը ճշմարտության մեջ է, ճշմարտության վրայից անցյալի սխալների ժանգն ու նստվածքները քերելու խելամտության և համարձակության մեջ, որովհետև կես ճշմարտությունն ավելի լավ չէ, քան կեղծիքը»:

-Պարոն Պետրոսյան, այս պահին մի փոքր ընդմիջենք ու դիտենք ռեպորտաժը:

«Ընտրակաշառք տալն ու ստանալը, կեղծիքը որպես նորմատիվային երևույթ ընդունելը դարձել է մեր հասարակությանը հետապնդող, մանավանդ ընտրություններից առաջ տեղի ունեցող անբաժանելի մի մաս: Մեր քաղաքացիներից շատերը կողմ են այս երևույթին, կարծելով, որ ձուկն արդեն փտել է, և եթե իրենք չվերցնեն, հարևանը անպայման կօգտվի, արդյունքում էլ, միևնույնն է նրանց ձայնի արժեքը չի կարևորվի»:

Խիստ շփոթված Արփին կամացուկ դիմում է Հարությունին.

-Հա՜ր, սա ի՞նչ է:

-Սսս՜… Մի խանգարի:

«Ահա ՀՀԿ տատին՝ քաղաքի հայտնի կերպաներից մեկը , ով ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև ասելիք ունի:

-Ասում են` ձեզ 5000 դրա՞մ են տվել, տատի ջան:

-Խի ես 5000-ո՞ց տատիկ եմ, հա՞, ես որ ուսանող եմ եղել, սխտորը հացին եմ քսել, կերել եմ, բայց դասի եմ գնացել, ու գերազանցիկ եմ եղել, եղա՞վ: Փառք ու պատիվ նախագահի՛ն, Սերժ Ազատիչ Սարգսյանին, սիրում եմ, քեզ, կյա՛նք: Ես Հայաստանի կուխնյան լավ գիտեմ, սաղին դաբախանից գիտեմ…»:

Մյուս  քաղաքացիները, ովքեր անկեղծացան, որ վերցրել են, կամ կվերցնեն այդ գումարը, վստահեցնում են, անպայման կընտրեն նրան, ում ընտրելու համար ստացել են գումարը…

Հետգրություն՝

ՀՀԿ տատի- «Քի՛մ Քարդաշյան՝ յու ար վեռի գուդ գռլը՜… Բարոյական, նամուսով, մարդասեր, սուտ չխոսացող, մարդկանց չխաբող և հայրենասեր…»

-Այսօր իրապես «Խնոցու» բացառիկ թողարկումն է: Ես պիտի ներողություն խնդրեմ մեր հեռուստադիտողից, ասեմ, որ ինքս էլ պակաս զարմացած չեմ, բայց խոստովանեմ նաև, որ նման հարցազրույց ունենալու մասին կերազեին շատ ու շատ լրագրողներ:

В. Ерофеев — «Мне это нравится. Мне нравится, что у народа моей страны глаза такие пустые и выпуклые. Это вселяет в меня чувство законной гордости. Можно себе представить, какие глаза там. Где все продается и все покупается:
…Глубоко спрятанные, притаившиеся, хищные и перепуганные глаза… Девальвация, безработица, пауперизм… Смотрят исподлобья, с неутихающей заботой и мукой — вот какие глаза в мире чистогана… Зато у моего народа — какие глаза! Они постоянно навыкате, но — никакого напряжения в них. Полное отсутствие всякого смысла — но зато какая мощь!».

Տեսախցիկներն աշխատում են ագահաբար, արագորեն փոխելով պլանները, կլանելով իրականությունից կտրված գերիրական հերոսներին, ֆիքսում նրանց դիմախաղը, ձեռքերի շարժումները, խոշոր պլանով վերցնում աչքերը. մեկ շատ դատարկ, ներկայից կտրված, մեկ էլ վառվող ածուխների պես սև, տաք հայացքներով:

-Շարունակենք մեր զրույցը: Ո՞վ է մտավորականն ըստ ձեզ, և ի՞նչ պիտի անի նա այդ պատվավոր կոչմանն արժանանալու համար:

Վ. Պետրոսյան. «Ո՞վ է մտավորականը՝ նա, որ ժողովրդական տարերքի մեջ է կամ տարերքի հետ, այո, բայց ոչ միայն: Երևի նա է, որ ժողովրդական տարերքի մեջ չլինելով, նաև կարողանում է այդ տարերքից առաջ ընկնել, տարերքից դուրս լինել»:

Ա. Այլիսլի . « Իմ՝ այդքան քննադատված «Քարե երազներ» գրքում մարդասիրության սկզբունքներ են։ Եվ եթե քաղաքական գործիչներն ինձ շատ են քննադատել, ապա հասարակ մարդկանցից նամակներ եմ ստացել, ովքեր գնահատել են գրքի գեղարվեստականությունը։ Մի ուսանողուհի, ով այդ թեմայով դիպլոմային աշխատանք էր անում, գրել է, որ նա անկեղծորեն չի տարբերում հասարակ հայերին ու ադրբեջանցիներին… Այն, որ տարբեր երկրներից 13 գիտնական ինձ Նոբելյան մրցանակի թեկնածու են առաջադրել, չի կարելի իբրև պրոհայկական պրոպագանդա մեկնաբանել։ Հասարակ մարդիկ քաղաքական խաղերին մասնակից չեն…»:

В. Ерофеев. «Что может быть благороднее, например, чем экспериментировать на самом себе? Да. Больше пейте, меньше закусывайте».

Վ. Պետրոսյան. «Մտավորականն ավելի լավ գիտի պատմության դառը դասերը և ավելի ճշգրիտ պիտի կռահի երևույթների զարգացման հնարավոր տարբերակները: Նման մտավարականների «հավաքական ինտելեկտն» էլ հենց ի զորու կլինի ազգային փրկության ծրագիր գոյացնել, բնականաբար, նաև ժողովրդի վստահության մանդատն ունենալով»:

-Հարգարժա՛ն հյուրեր, շարունակելով «Խնոցու» հարումները՝ զրույցն ընդմիջենք հաջորդ ռեպորտաժով:

Արփին, երկյուղով լցված, դժգունած դեմքին մի կերպ ժպիտ գծելով, նայում է Հարությունին, ասես հարցնելով, արդյո՞ք նորից անակնկալ-ռեպորտաժ չի՞ սպասվելու  այն ռեպորտաժի փոխարեն, որն ի սկզբանե պատրաստված էր հաղորդման համար, բայց գրող-մոգը նկատելով քրոջ տագնապը, ասես էլ ավելի է խանդավառվում, ապա հայացքն ուղղում դեպ էկրանը:

«Ապե՜, լսել եք ի՞նչ ա եղել, արա՛… Սևանի ափին կազինո են սարքըմ. տարածաշրջանի ամենամեծ կազինոն ա: 400 միլիոնի ներդրում են անում, արա՛: Լա՛վ ա, լա՜վ ա, փող ա մտնըմ երկիր: Հեսա ճամփեքը կսարքեն, Սևանի տռասը միջազգային կլասի ճանապարհ կդառնա, երկիրը ոտի կկանգնի, աշխատատեղեր…Լավ աաա՜…Մեր տղեքը՝ տաքսու շոֆեռ, մեր գիտնականները՝ դուռ բացող-փագող, մեր աղջկերքն էլ՝ հաճախորդ շեյխերի ոտները լվացող, ջուրը խմող…Լա՜վ ա»:

Հոկտեմբերի 20-ին  Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը ցնցնեց ամբողջ ազգին ոչ միայն  այդ վթարի հետևանքով մահացած երկու անչափահաս երեխաների, այլև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ուշադրության կենտրոնում գտնվելու պատճառով: Դերասանը իր «ԲՄՎ-320»-ով բախվել էր «ՎԱԶ-2121»-ին, ինչի արդյունքում տեղի ունեցավ ավտովթար՝ մահվան ելքով:

«Հայաստանում մի շարք նախաձեռնություններ ու խմբեր են ստեղծվել, որոնք իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնում դերասան Վարդան Պետրոսյանին: Նրանք պահանջում են ոչ թե հենց այնպես արդարացնել դերասանին, ոչ թե նրան ազատել պատժից, այլ փոխել ապօրինի կալանավորման որոշումը, որը կայացվել է առանց ապացույցների ու խախտվել է անմեղության կանխավարկածը, անցկացնել արդար դատաքննություն, որից հետո նոր միայն ընդունել համապատասխան որոշում»:

Ոմանք պնդում են, թե արտիստը գինովցաց է եղել, մյուսներն էլ բացառում են՝ առաջ քաշելով մի վարկած, ըստ որի, այս ցավալի պատահարը «սարքված» է եղել որոշ բարձրաստիճան մարդկանց կողմից, ովքեր հոգնել են Պետրոսյանի՝ իրենց հասցեին ուղղված սարկաստիկ ներկայացումներից:

«Վարդան Պետրոսյանը գտնվում է առողջական ու բարոյական ընկճվածության վատթարագույն վիճակում, նա հայտարարել է, որ չի խուսափում պատասխանատվությունից, պատրաստ է կալանավայրում անցկացնել այնքան ժամանակ, ինչքան կորոշի արդար դատաքննությունը և չի էլ մտածել լքել Հայաստանը, ինչն ակնարկել էր գործով քննիչը»:

Տաղավարում աշխատող նկարահանող խումբը պապանձվել է: Մի՛ վհատվեք, մեկ է ուշ-շուտ դուք էլ որևէ պատրվակով կհեռացվեք, մե՛կ է, դուք էլ մի օր կխելագարվեք փարիսեցի լինելուց: Լռությու՛ն եմ պահանջում, քա՛ր լռություն և հարգանք:

Ձայնայի՛ն ռեժիսոր, կարող ես ստեղները կսմթելու դադարներին կապտեցնելու աստիճան կսմթել սեփական մաշկը: Սա է ամենաիրական իրականությունը, եթե անգամ կաշիդ  թողնես ու հրաշքով փախչես այս ճշտախոս տաղավարի բացսիրտ տիրույթից, շուրթերդ սթրեսից կծոտած օպերատոր:

Մտավորականների դիվային ծիծաղն ասես էստաֆետով փոխանցվում է մեկմեկու: Ապա՝ «դու՛ք իմացեք, դու՛ք իմացեք, դու՛ք իմացեք» անվերջ կրկնվող ֆրազը լպրծուն մեդուզայի պես կպչում է ներկաների մարմիններին ու ինչու չէ՞, նաև հոգիներին:

-Մի րոպե՛, սպասեք, ի՞նչ է կատարվում,- Արփին՝ անօգնական, բայց խիզախությամբ փորձում է փրկել հյուրերի անհանգիստ ալեկոծումը:

-Արփի, տեսնու՞մ ես, խաղաղեցրի, բայց նրանք ուրիշ, ոչ պակաս կարևոր գործեր էլ ունեն, շատ մի՛ ձգձգիր, շարունակի՛ր զրույցդ:

В. Ерофеев. «Я, например, пью месяц, пью другой, потом возьму и прочитаю какую-нибудь книжку, и так хороша покажется мне эта книжка, и так дурен кажусь я сам себе, что я совсем расстраиваюсь и не могу читать, бросаю книжку и начинаю пить, пью месяц, пью другой, а потом…».

Ա. Այլիսլի. «Սադայ Սադըղլին երբեք չէր եղել Էջմիածնում:

Էջմիածին ուղևորվելու, իր՝ կաթողիկոսի օրհնությամբ քրիստոնեություն ընդունելու, այնտեղ մշտապես վանական մնալու և հայերի նկատմամբ գործած չարիքի համար մահմեդականներին ներելու խնդրանքով աղոթելու ցանկությունը Սադայ Սադըղլիի հոգում արթնացել էր անսպասելիորեն՝ Սումգայիթի դեպքերին հաջորդած մի գիշեր»:

Վ. Պետրոսյան. «Սումգայիթյան օրերի» մղձավանջների մեջ գտնվեցին նաև մարդիկ, որոնք կարողացան հավատարիմ մնալ մարդկության և հարևանության օրենքներին:

Հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերություններում գոյացած ներկա բարդ իրավիճակում կարևոր դեր ունեն երկու ժողովուրդների մտավորականները, որոնք իրենց բարի խոսքով պիտի կարողանան այդ վիճակից դուրս գալու ճանապարհներ հուշել»:

Ոտքը ոտքին գցած Երոֆեևը ժպտում է: Յուղոտ մուգ ցորնագույն մազերը ծածկել են աչքերը: Արփին հասկացնել է տալիս, որ սպասում է նաև նրա խոսքին: Այդժամ գրողը,  չվարագուրելով քմծիծաղը, ձայնային երկաթե ապարատը  մոտեցնում է կոկորդին.

-Но ведь нельзя же доверять мнению человека, который еще не успел похмелиться! Все, о чем вы говорите, что повседневно вас занимает, мне бесконечно постороннее. Да. А о том, что меня занимает,- об этом никогда и никому не скажу ни слова.

Վերջին ռեպորտաժը սպասեցնել չի տալիս, առանց հաղորդավարուհու թույլտվությունը հարցնելու, առանց նախաբանի, էկրանը լցվում է տանկերով, զենքերով, խրամատներով ու զինվորներով:

«Բլից-կրիգը ենթադրում էր, որ հարձավող կողմը պիտի շատ արագ հաջողության հասներ, ինչը բնականաբար չստացվեց ադրբեջանական կողմի մոտ: Նրանք օգտագործեցին իրենց գրեթե ողջ ռազմական ներուժը, կորցրեցին մեծաքանակ զինվորներ և ռազմական տեխնիկա:

Իմիջայլոց, օրերս քննարկումների առիթ դարձավ մեզ համար շատ տհաճ մի իրողություն: Ռուսաստանը մոտ մեկ միլիարդի գործարք է կատարել մեր թշնամի երկրի հետ՝ նրան վաճառելով ահռելի թվաքանակով ռազմատեխնիկա, սակայն մեր տղաների՝ 80-ականների զենք-զինամթերքը, որոնցով ստիպված էին պաշտպանվել թշնամու հարձակումներից, խառնվելով նրանց անկոտրում տեսակին ու արիությանը,  տվեցին իրենց արդյունքը:

Չստացված պլանների տապալումից հետո, ռազմական ու մարդկային այդչափ կորուստներից, դիվանագիտական պարտություններից հետո, Ադրբեջանն ի՞նչ պատասխան պիտի տա իր ժողովրդին ու աշխարհին:

Իսկ մեզ մնում է այս ամենից դասեր քաղել ու մտածել որոշ կարևոր հարցերի մասին…»:

В. Ерофеев. «Зачем-зачем?.. Зачем-зачем-зачем?..-бормотал я.

ОНИ ВОНЗИЛИ СВОЕ ШИЛО В САМОЕ ГОРЛО…

И с тех пор я не приходил в сознание и никогда не приду…».

Մտավորականները ձեռք ձեռքի են բռնում, հայտվում տրանսային անբացատրելի վիճակում, թփրտում, ինչպես ափ նետված ձուկը, ապա միանալով իրար, վերածվում են հսկայաչափ հայելու:

Հայելին մեծանում ու մեծանում է, հիմա դուրս կգա տաղավարից, հիմա կանդրադարձնի  տների, մեքենաների ու մարդկանց աղճատված արտացոլանքը:

Ահա՛, նկարահանող խումբը, փորձելով չնայել հայելու մեջ, փախչում է փողոց, բայց վայրկենաբար մեծացող հայելին մարդկանց քշում-տանում է այնտեղ, ուր հավաքված են բողոքարար երիտասարդները:

Քաղաքի կենտրոնական, բոլորիս ծանոթ փողոցներից մեկն է: Ջահելները, ասֆալտը մահճակալ  դարձրած, քանի՜ գիշեր քնել են այստեղ, քանի՜ ցերեկ հիշել ու պահանջել են…

-Մի՛ մարեք մեր լույսը, մի՛ փակեք մեր օդը, մի՛ զրկեց ջրից:

Ջրաքամ են, մթամած են, օդն էլ վաճառքի է դրված փոքրիկ երկաթե տուփիկների մեջ: Կարո՞ղ ես, գնի՛ր պահածոյացրած թթվածինը, լցրու՛ քթանցքներդ, չէ՞, ջնջիր քեզ Երկրից:

Մեծահետու՛յք կնիկներ, ա՜յ հիմա, վազեք, վերջապես հանելով տոնական բարձրակրունկները, նայե՛ք ձեզ մեջը, գուցե տան փոքրիկ հայելիներն անօգու՞տ էին: Իսկ սելֆի՞, սելֆի անել չե՞ք ուզում:

Բոսխի եռապատումը այս հայելու մեջ է, հայելին հրհռում է ու նոր կերպարներով լցնում իր ողորկությունը:

-Էս ծուռ հայելին ո՞ր կրկեսից բերեցին:

-Սա ի՞նչ խաթաբալա է գլխներիս:

-Ա՜ա, ուր գնում եմ, գալիս ա՜…

Փողոցով վազում է գլամուր ամսագրերի շապիկներից անվերջ ծիկրակող, կանանց նորաձևություն թելադրող տիկին Ռոզիկը.

-Սպասե՜ք, պանիկա մի բարձրացրեք: Հլը մի կողմ անցեք, տեսնեմ շապիկիս գույնը  սազու՞մ ա էս ամբոխի հետ: Հլը մի րոպե նկարվե՞նք: Չի՜ս…

Ոստիկաններն իրենք էլ են զարմացել, առաջին անգամ է, որ միավորվել են, իշխանամետներ ու ընդդիմադիրներ չկան այս պահին, բոլորը մեկ են դարձել, բոլորը խենթացած են:

-Գործի՛ դնել ջրցան մեքենաները: Այս անգամ ջահելներին չենք ջրում, տղերք, էս անգամ հայելին ենք փռում ասֆալտին,- գոռում է ոստիկանապետը:

Ամու՛ր ծածկեք ձեր աչքերը, որ հայելին չծիծաղի ձեր վրա, որ սարսափ-ֆիլմից չայսահարվեք, չայլայլվեք, որ չտեսնեք սգվոր հայելու զառամյալ կնճռոտ մաշկը:

Աղջիկների մի խումբ  կտորի խանութի կողքով վազելիս մի պահ կանգ առան, մի պահ մտածեցին ու գոռացին բարձրախոսի մեջ.

-Տղանե՛ր, եկե՛ք, օգնե՛ք, քանի հայելին էլ ավելի չի մեծացել, կտորի խանութից  մեծ թոփ հանեք, այս անճոռնիին  ծածկենք:

Տղամարդիկ արագորեն ներս մտան, վերցրին ամենամեծ սև թոփն ու դուրս եկան փողոց: Խելագարված ամբոխը, ասես դողէրոցքի մեջ, զառանցում է: Կտորը բացվում ու բացվում է, բոլորը փորձում են օգնել. մեկը մեքենայի գլխին է , մյուսը՝ սիրած տղայի ուսերին, երրորդը՝ ծնկաչոք բացում է  սևաբերան կտորը, բոլորը, բոլորն են աշխատում՝ հանուն համընդհանուր փրկության, հանուն հայրենիքի:

Հայելին իր մեջ է հարում երկնքի կապույտը, ասֆալտի մկնագույնը, ծառերի խշշոցն ու ծաղիկների բույրը, բացուխուփ անող անքանակ մանուշակագույն շուրթերը ու անհանգիստ սրտաբաբախները:

Մեկ էլ, որտեղից որտեղ,  տոնական կեղծամով, թիկնոցը ուսերին հազիվ պահելով, շնչահեղձ, ամբոխը մի կերպ  կտրել-անցնելով , քաղաքի ամենահայտնի կինը  ձեռքով նշան է տալիս նրանց, ովքեր փորձում են կտորով ծածկել գուլիվերյան հայելին:

-Մի կողմ անցե՛ք, մի կողմ անցե՛ք: Մի  փոքրիկ «սպռավոչկա».  հայելին ծածկելը շա՜տ վատ նշան է, ում հայելին էլ որ ծածկելու լինեք…

«Գարուն», 2016, 1

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով