Հրաչյա Գաբրիելյան. Բնությունը մի սերնդի սեփականություն չէ

«Գարուն», 1969, 7

Անցյալ տարի ամռանը ես եղա Չեխոսլովակիայում։ Ինձ վրա առանձնապես մեծ տպավորություն թողեց այն հիրավի ջերմ հոգատարությունը, որով շրջապատված են այդ հիանալի երկրի պատմական հուշարձանները: Այսպես, օրինակ, Չեխիայի քաղաքներում ու գյուղերում, զբոսայգիներում ու ճանապարհների եզրին, շենքերի վրա ու բակերում չափազանց շատ են արձանները։ Սրանք մեծ մասամբ քանդակված են ամուր ավազաքարից և շատերը մի քանի հարյուր տարեկան են, սակայն պահպանված են անվթար։ Նրանց վրա ոչ մի կոտրվածք, կամ խազվածք չեք գտնի։ Մենք հաճախ նախանձով էինք նայում այդ արձաններին ու մտածում. թե ինչո՞ւ մեզանում արձաններն այդքան շուտ են շարքից դուրս գալիս։
Վերջին տասնամյակներում մեր հանրապետության խճուղային ճանապարհների եզրին բազմաթիվ արձաններ են դրվել, որոնք հատուկ հմայք են տալիս ճանապարհին, շոյում են անցորդի աչքը։ Սակայն ինչպե՞ս են պահպանվում դրանք… Դժբախտաբար արձանների կյանքը հաճախ մի քանի ամսից էլ պակաս է լինում։ Որքան էլ վերանորոգում են, հնար չի լինում պահպանել, շատերը վերջնականապես ոչնչանում են։
Վերցնենք աղբյուր-հուշարձանները. կա՞ արդյոք մեկը, որի վրա այլանդակ մակագրություններ ու անճոռնի փորագրություններ չլինեն։ Երբեմն այդ մակագրությունները այնքան այլանդակ են, որ հուշարձանի տպավորությունը կորչում է։
Մեզ մոտ իրոք որ ցածր է հուշարձանների պահպանման կուլտուրան, շատ ցածր։ Գեղեցիկը սիրելն ու պահպանելը պետք է սովորել մանուկ հասակում, դպրոցում։ Էսթետիկական դաստիարակության հարցերը մեզ մոտ պատշաճ բարձրության վրա չեն դրված։ Կարո՞ղ է, արդյոք, հայրենասեր կոչվել նա, ով քարկոծում է արձանները, աղբյուր-հուշարձանները, պատերին մակագրություններ է անում։
Տեսարժան վայրերի բարեկարգումը Չեխոսլովակիայում մեծ կատարելության է հասել։ Վերցնենք, օրինակ, կարստային ու սառցային քարանձավները։ Հայերի համար քարանձավները շատ էկզոտիկ են, մեզ մոտ այդպիսիները չկան։ Երևի այդ է պատճառը, որ թողնում են անջնջելի տպավորություն։
Դարերի ու հազարամյակների ընթացքում կրաքարերը ջրի մեջ լուծվելով հեռանում են, առաջացնելով հսկայական դատարկ տարածություններ ու խոռոչներ։ Քարանձավի առաստաղից կաթող ջրի հետ միասին կրաքարի նոր շերտեր են ավելանում, ստեղծվում են վերևից կախված սյուներ` ստալակտիտներ, ներքևից աճողներ` ստալագմիտներ։ Կրաքարային գոյացումները հիշեցնում են առասպելական դղյակներ, սյունազարդ դահլիճներ, հազարերանգ ծաղկեփնջեր, ահարկու հրեշներ ու լուսարձակների տակ պսպղացող զանազան կերպարանքներ։ Քարանձավները կիլոմետրերով ձգվում են գետնի խորքում` մեկ այնքան նեղանալով, որ մարդ հազիվ է անցնում, մեկ էլ լայնանալով սյունազարդ դահլիճ են դառնում։
Այդ կախարդական գեղեցկությունը չեխերը խելացի ձևով են օգտագործում` անց են կացված բետոնապատ ուղիներ, դրված են լուսարձակներ, որոնց լույսը տարբեր անկյան տակ լուսավորելով քարանձավների տարբեր խոռոչները, աննկարագրելի տպավորություն են թողնում: Ճոպանուղիներով այցելուներին տեղ հասցնելը, քարանձավների խորքում ստորերկրյա լճերի վրա մակույկներով զբոսնելը կատարելության են հասցնում առանց այն էլ կախարդական տպավորությունը։ Ամեն օր հազարավոր տուրիստներ այցելելով քարանձավները, հսկայական եկամուտ են թողնում պետությանը։
Վերցնենք, օրինակ, Բարձր Տատրան։ Սա Չեխոսլովակիայի ամենաբարձր լեռնազանգվածն է, որ ունի ընդամենը 2660 մ բարձրություն (մեզ մոտ այդ բարձրությունն ունի Արայի լեռը)։ Այստեղ ստեղծված են տուրիստական հիանալի բազաներ` ճոպանուղին այցելուներին առանց մեծ ջանքերի հասցնում է լեռան գագաթը, որտեղից նա կարող է զմայլվել բնության գեղեցկությամբ։
Հայաստանում տեսարժան վայրերի ցուցադրումն ու մատուցումը շատ անշուք է կատարվում, թեև մեզանում ևս կան բնության շատ հրաշալիքներ։ Արագածում, 3200 մետրի վրա (Բարձր Տատրայից 600 մ ավելի բարձր), լեռնեցի գրկում ընկած է Քարի լիճը, որի մոտերքում կարելի է տուրիստական բազա կառուցել։ Այս բարձրությունից աննման տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտն ու Մասիսը։ Քարի լճի շրջանից մինչև Արագածի հարավային գագաթը ճոպանուղի անցկացնելու դեպքում տուրիստները հնարավորություն կունենան բարձրանալ մինչև հավերժական ձյան գոտին։ Հարավային գագաթից դեպի հյուսիս բացվում է մի հոյակապ համայնապատկեր` Արագածի չորս գագաթները և նրանց միջև ընկած վիթխարի սառցադաշտը։ Մի՞թե մենք չենք կարող տուրիստական բազա ստեղծել և Արագածը մատչելի դարձնել բոլորին։
Պակաս հետաքրքրական չեն նաև Զանզեզուրը, Լոռին, Սևանը և այլ շրջաններ։
Չեխոսլովակիայում գոյություն ունի զարգացած և բարեկարգ խճուղային ճանապարհների ցանց։ Ամենուրեք, նույնիսկ երկրորդական ճանապարհները ասֆալտապատ են, կամ սալահատակված։ Ճանապարհների եզերքին կանոնավոր շարքով տնկված են պտղատու ծառեր։ Մեզ համար զարմանալին այն էր, որ մայրուղիները ասֆալտապատումից հետո նրա վրա ավազ են լցնում և սալահատակում գրանիտե սալահատակով։ Չեխերը մեզ հաղորդեցին այն մասին, որ սալահատակը մեծ առավելություններ ունի` երկար է դիմանում, վերանորոգումը հեշտ է, արեգակի ճառագայթների տակ ուժեղ չի տաքանում։ Ճանապարհների ստեղծման հարցում չեխերը բարձր կուլտուրա ունեն։ Մոտ 3000 կմ շրջագայելով երկրում, քանդված կամ նույնիսկ կարկատած ասֆալտ չտեսանք։ Բանն այն է, որ չեխերը ասֆալտի հումքը ներմուծում են մեր երկրից, սակայն ունեն շատ ավելի բարեկարգ ճանապարհներ, քան մենք։ Ինչո՞ւ մեր հանրապետությունում ևս հնարավոր չէ այդպիսի բարեկարգ ճանապարհներ ունենալ։ Չեխերը ճանապարհը շինում են հիմնավոր կերպով, որակով, որից հետո տարիներ շարունակ շահագործում։ Մինչդեռ մեզ մոտ հաճախ այնքան էժանագին ու վատորակ խճուղի են կառուցում, որ մեկ-երկու ամիս հետո այն լրիվ անպետքանում է։
Պրագայում ու այլ քաղաքներում շատ փողոցներ սալահատակված են գունավոր գրանիտով։ Խճանկար սալահատակը մեծ հաճույք է պատճառում անցորդին, գեղեցկացնում է փողոցը։ Այս փորձը հաշվի առնելով, կարծում ենք, որ Երևանում ևս կարելի է շատ փողոցներ սալահատակել գունավոր սալահատակով: Սալահատակը Երևանի համար առավել մեծ անհրաժեշտություն է, եթե հաշվի առնենք ամառվա շոգը։
Արժե այստեղ հիշատակել չեխերի մաքրասիրության մասին։ Քաղաքներում ու գյուղերում փողոցները արտակարգ մաքուր են, չեք տեսնի մեկին, որ ծխախոտի մնացորդը սալահատակին նետի։
Չեխերի զուգարանները շատ բարեկարգ են ու մաքուր։ Քաղաքներում ու գյուղերում նույնատիպ զուգարաններ են, ամենուրեք գոյություն ունի կոյուղի, նույնիսկ ժամանակավոր տուրիստական բազաներում ու ճամբարներում բարեկարգ զուգարաններ են կառուցում։ Սա մանրուք չէ, այլ կարևոր, շատ կարևոր հարց։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ զուգարանի վիճակը կարևոր չափանիշ է նրա տիրոջ կուլտուրական մակարդակը չափելու համար։ Պետք է նշել, որ այս տեսակետից շատ ժողովուրդներ ընդօրինակելու շատ բան ունեն չեխերից։ Մեր գյուղական շրջանների մեծ մասը, օրինակ, կոյուղի չունի և զուգարանները շատ նախնական են։ Ահա պրոբլեմ, որի լուծումը մեծ ջանքեր է պահանջելու։
Չեխերը սիրում են կիրակի օրը քաղաքից դուրս գալ, հանգստանալ բնության գրկում, սիրում են բնությունը, միևնույն ժամանակ պահպանում են այն։ Ճանապարհորդության ընթացքում ոչ մի տեղ մենք բնությունը աղտոտված չտեսանք, ոչ մի ծառի վրա մակագրություն չգտանք։ Այս տեսակետից մեզանում դրությունը վատ է։ Հայաստանի տարբեր վայրերում` Սևանա կղզում, Մարմարիկի հովտում, Գեղարդում և շատ այլ վայրերում կիրակի օրերը աշխատավորները հանգիստը կազմակերպելիս պատշաճ հոգատարություն չեն ցուցաբերում բնության պահպանման ուղղությամբ և հաճախ իրենց ետևից թողնում են աղբի կույտեր` մորթոտված ոչխարների փորոտիք, սննդի մնացորդներ, որոնք նեխվելով վարակի բուն են դառնում։ Ավելին` քիչ չեն դեպքեր, երբ առանձին անհատներ քլորակիր կամ այլ թունավոր նյութեր լցնելով մեր գետերի մեջ անդառնալի կերպով ոչնչացնում են այնքան հռչակված կարմրախայտն ու ձկնային հարստությունները ընդհանրապես։ Նույն այդ մարդիկ կարող են նույնիսկ ճառ ասել հայրենասիրության մասին։
Բնության պահպանությունը հայրենասիրության օղակներից է, այն համաժողովրդական բնույթ պետք է կրի։ Օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատժվեն բնությունը այլանդակողները: Միշտ պետք է հիշել, որ բնությունը միայն մեր սերնդի սեփականությունը չէ, այլ բոլոր սերունդներինն է, հետևաբար, մենք պարտավոր ենք մեր պապերից ստացած ժառանգությունը անվթար հասցնել մեր թոռներին։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով