Էֆրայիմ Քիշոն. Ֆուրմանը վճարում է

«Գարուն», 2001, 2

Չորեքշաբթի առավոտյան ժամը 5:00-ին նորից գնացի Ֆուրմանի մոտ: Որոշված էր. սա վերջին այցը կլինի: Այս անգամ Ֆուրմանը պարտավոր է վճարել: Մոտ չորս ամիս առաջ Ֆուրմանը բաց էր թողել իր գործարանի գովազդային հոլովակը և մինչև օրս ինձ չէր վարձատրել: Սկզբում հույս ունեի, որ նա կվճարի առանց իմ խնդրանքի, բայց քանի որ այդպես չեղավ, ես քաղաքավարի հետաքրքրվեցի, թե ինչն է պատճառը: Ֆուրմանը պահանջեց, որ ես ստացական ներկայացնեմ: Ես ներկայացրի 95 շեկելի ստացականը և էլի սպասեցի, բայց՝ ոչ մի արձագանք:
Նորից գնացի Ֆուրմանի մոտ, պայմանավորվեցինք հանդիպել շաբաթվա վերջում և հարցը լուծել: Հանդիպեցինք: Ֆուրմանը հարցրեց, թե ի՞նչ առիթով եմ այցելել:
— Կուզենայի փողս ստանալ,- ասացի:
— Ահ, իհարկե,- հիշեց Ֆուրմանը: Նա խոստացավ մի քանի օրից զանգահարել:
Երկու ամիս անց ինքս զանգեցի: Հարցրեց, թե ինչո՞վ կարող է օգտակար լինել:
— Իննսունհինգ շեկելը,- ասացի ես:
— Օհ, այո, այո,- ասաց Ֆուրմանը,- բայց հիմա սոսկալի ջերմության մեջ եմ: Խնդրում եմ, շաբաթվա վերջում անցեք:
— Ախր, պրն Ֆուրման, իրոք որ զավեշտական պատմություն է,- ասացի,- եղած-չեղածը իննսունհինգ շեկել է:
Նա խնդրեց, որ դիմանամ մինչև ուրբաթ առավոտ:
Ուրբաթ գնացի, բայց նա զբաղված էր, ստիպված էի դրսում սպասել: Երբ նա վերջապես երևաց, արդեն ափերիցս դուրս էի եկել:
— Ասացեք, խնդրեմ, պրն Ֆուրման,- դիմեցի նրան,- դեռ երկա՞ր պետք է սպասեմ վճարին:
Ֆուրմանը մի ոչնչացնող, թունոտ հայացք նետեց վրաս:
— Եկեք հինգշաբթի, հինգ անց կեսին:
Այսօր հինգշաբթի է: Տեղ հասա ուղիղ հինգին. վախենում էի, հանկարծ որևէ հիվանդություն ինձնից առաջ չանցանի: Ես նետվեցի Ֆուրմանի գրասենյակը և, առանց բառ իսկ ասելու, ներսից կողպեցի դուռը՝ բանալին դնելով գրպանս: Ֆուրմանը խոժոռված ոտքից գլուխ չափեց ինձ. ակնհայտ էր, որ իմ մասին լրիվ մոռացել էր: Մռայլ նայեց ձեռքի ժամացույցին ու անբար-յացակամորեն ժպտաց: Ֆուրմանը, թերևս, վատ մարդ չէ: Պարզապես չի սիրում վճարել: Վճարել ոչ ոք էլ չի սիրում, բայց նա ուղղակի ատում է: Նրա հարստությւոնը գնահատվում էր 30-40 միլիոն, տնօրինում է բազմաթիվ բանկերի և անտառային տարածքների:
— Նստեք, խնդրեմ,- Ֆուրմանը ընկղմվեց բազկաթոռի մեջ,- ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:
Ասացի, որ եկել եմ 95 շեկելի ետևից:
— Այս առավոտ ես թաղման էի,- տրտնջաց նա:- Խեղճ Շմուլևիցին թաղեցին: Այնքան մարդ էր հավաքվել: Ծերուկին շատ էին սիրում: Դուք ճանաչո՞ւմ էիք:
— Ոչ,- կարճ կապեցի ես:
— Ես դեռ ուշքի չեմ եկել այդ հարվածից: Լալիս էի երեխայի պես: Համարյա զգում ես մահվան շունչը…
Վայրկենապես կանխազգացի նրա մտքի թռիչքը: Հիմա կասի, որ հողից ենք ու հող էլ կդառնանք, ու չարժե աղմուկ հանել ինչ-որ 95 շեկելի համար: Անողորմ մահը ամեն պահ կարող է տանել մեզ:
— Կյանքը շարունակվում է, պրն Ֆուրման,- քրթմնջացի ես:- Եվ մենք ստիպված ենք դիմա-նալ կյանքի փոքր ու մեծ փորձություններին:
— Դուք ճիշտ եք, ստիպված ենք դիմանալ,- Ֆուրմանը հոգոց հանեց և շարժվեց դեպի ելք: Բայց բանալին գրպանումս էր, դուռը՝ փակ: Կրկին հիշեցրի իմ վարձի մասին: Խիստ շփոթված՝ Ֆուրմանը հարցրեց, թե ինչ վարձի մասին է խոսքը: Բացատրեցի, որ նա դեռ պարտք է ինձ 95 շեկել:
— Օհ, այո, հիշեցի,- ասաց Ֆուրմանը:- Ես հիմա չեկ կգրեմ:
Ես հարցրի, թե կարո՞ղ եմ, արդյոք, այդ գումարը կանխիկ ստանալ: Նա զարմացած ինձ նայեց՝ 95 շեկելը կանխի՞կ: Հետո սկսեց թերթել օրացույցը, որպեսզի ճշտի, թե երբ կարող եմ գալ և ստանալ դրամը:
— Ոչ, Ֆուրման,- պնդեցի,- հիմա պիտի վճարեք:
— Ինչպես կուզեք, եթե այդքան շտապ է: Մի գավաթ թե՞յ:
— Շնորհակալություն,- ասացի,- չափազանց շոգ է:
Ֆուրմանն ասաց, որ ծարավ է: Ես բացեցի դուռը և բռնելով նրա ձեռքից՝ տարա միջանցքի վերջը: Կես բաժակ թեյ պատվիրեց: Վերադառնալով գրասենյակ՝ նա դժգոհեց թեյի գնից: Ես կրկին կողպեցի դուռն ու բանալին դրեցի գրպանս:
Իրավիճակը պարզից էլ պարզ էր: Ֆուրմանը ժամանակ էր շահում: Ցանկացած պահի ինչ-որ անսպասելի բան կարող է պատահել: Պատերազմ, միջուկային հարձակում, երկրաշարժ… մնացածը ինքներդ թվարկեք:
— Տարիներ առաջ, երբ նարնջի չորս այգի ունեինք, թագավորի նման էինք ապրում,- կարոտով հիշեց նա:
— Չէիք հաճի՝ չեկը դուրս գրել:
— Ինչպես կուզեք,- նորից ասաց Ֆուրմանը և քրքրեց գրպանները:
Չեկերի գրքույկն այնտեղ չէր: Գուցե վա՞ղը: Ես հիշեցրի, որ սովորաբար սեղանի գզրոցում է պահվում:
— Ո՛չ, ո՛չ, անհնար է:
Բայց և այնպես նա բացեց գզրոցը: Ի՞նչ իմացաք: Ամենաքիչը տասը գրքույկ կար: Թեյավաճառը թակեց դուռը: Մինչ ես նրան ներս թողեցի, Ֆուրմանն արագորեն կողպեց դարակը: Երբ ես թեյն էի խառնում, նրա գլխում կայծակնապես մի տագնապալի միտք ծագեց, նա տանն է թողել ջերմության հաբերը:
— Մի՛ հուզվեք,- ասացի,- մոտս ջերմիջեցնող կա:
Ֆուրմանը գունատվեց: Նա միայն հիմա հասկացավ, որ ես լրջորեն նախապատրաստված եմ եկել: Նա հոնքերը կիտեց, փոքր կում արեց թեյից: Խեղճ Շմոլևից, թերևս նրա հոգին խաղաղվել է, դեռ անցած շաբաթ նա նստած էր հենց այդ նույն աթոռին: Չեկս, խնդրում եմ: Օհ, այո՛: Բայց ինչո՞վ գրի: Ես մեկնեցի գնդիկավոր գրիչս: Այրին վշտահար էր: Ծերուկին շատերն էին սիրում: Ֆուրմանի մարմնով թեթև դող անցավ: Նա բացեց չեկի գրքույկը:
— Ասում ես՝ իննսո՞ւն շեկել…
— Իննսունհինգ:
Ֆուրմանը մտքերի մեջ ընկավ, տխուր շարժեց գլուխը: Իմ գրիչը չի գրում: Նա փորձում է, բայց չի ստացվում: Ուստի ստիպված ենք տուն գնալ և հանդիպել մեկ ուրիշ անգամ: Ես մի գրիչ էլ էի բերել: Դժբախտաբար, այդ մեկը գրում էր: Դե, իննսո՞ւն: Իննսունհինգ: Լավ, իննսունհինգ: Նրա թրթռացող ականջաբլթակից երևում էր, որ դեռ մտածում է հանգուցյալ Շմուլևիցի մասին: Ես ասացի նրան.
— Խնդրում եմ արագացրեք, պրն Ֆուրման, չէ՞ որ ես տուն ունեմ:
Նրա ճակատին հայտնվեցին քրտինքի առաջին կաթիլները: Ֆուրմանի հայացքը թա-փառում էր սենյակով մեկ: Բանալին գրպանումս է: Ֆուրմանը գրեց անունս ու խնամքով շտկեց մի պոչիկը: Հեռախոսը զնգաց: Ի՜նչ երջանկություն, հաստատ մեկն է, որին վարձել է հենց այդ նպատակով: Ֆուրմանը մոտ ժամուկես խոսեց: Արդեն ուշ է, ասաց նա վերջում: Ինքը պետք է գնա, եղբայրը հիվանդ է: Ես նրա գզրոցից հանեցի թուղթ կտրելու դանակը: Ֆուրմանը կտրուկ ինձ նայեց: Արդեն հինգ օր է, ինչ Հայնիիխը անկողնուն է գամված: Բժիշկի կարծիքով՝ վիրուս է: Նրա եղբայրը նկարիչ է, վերջերս է վերադարձել Մեքսիկայից:
— Չեկը, Ֆուրման:
Զգում եմ, որ աչքերս վառվում են: Ֆուրմանը հասկացավ, որ մարտավարական ամենաչնչին սխալն իսկ իր վրա շատ թանկ կնստի: Նա դանդաղ ոտքի ելավ: Ինքը նաև քույր ունի, դիզայներ է: Նկարիչների ընտանիք: Ես աչքս չէի կտրում նրա շարժումներից: Միշտ համերգ-ների է գնում: Հատկապես Չայկովսկի, Բարտոկ: Ֆուրմանը շարժվեց դեպի պատուհանը: Ես արագորեն հայտնվեցի նրա կողքին: Բեթհովենը, այո, Բեթհովենի հատկապես «Իններորդը»: Թերևս մտածում էր ցատկել պատուհանից ու հետո, կոտրված ոտքով, տաքսիով տուն գնա, ա-րագ փաթեթավորել ճամպրուկն ու, հայդե, օդակայան: Ես ուժով ետ մղեցի նրան դեպի իր բազկաթոռը:
— Ստորագրեք, Ֆուրման, ստորագրեք չեկը, այլապես սա ձեր վերջին ժամը կլինի:
Նա ստորագրեց:
Նրա աչքերը լի էին սպառնալիքով: Նա չէր ատում, ոչ էլ զզվում էր ինձնից: Պարզապես արհամարհում էր ինձ իմ ժլատության համար: Ես ուժասպառ էի եղել: Երկրորդ աշխարհա-մարտի նախօրյակին ես շատ փորձություններ եմ կրել, բայց երբեք այսքան լարված չեմ եղել:
Աչքերիս առաջ հայտնվում է մի աղյուսակ, որը ցույց է տալիս մարդկային մարմնի կորց-րած կալորիաները. փորագրություն 2 500 կալորիա: Վայրի ձիերի սանձահարում՝ 4 600 կալորիա, Ֆուրմանից չեկ կորզելը՝ 9 700 կալորիա…
Նա սկսեց թերթել օրացույցը: Հիմա հունիսն է: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար. ահա, ահա վերջանում է, մի պահ մտածեց: Ցավում եմ, բայց դա անհնար է, մարդիկ իրեն էլ չեն վճարում, ինքը պետք է համոզված լինի, որ չեկի գումարը երբևէ կփոխհատուցի: Դա անհիմն փաստարկ էր: Ֆուրմանը աչքիս առաջ չորս ժամվա ընթացքում ծերացավ: Նրա այտերը կախվել էին, աչքերի շուրջը օղակներ էին հայտնվել: Դեմքը մոխրագույն էր: Երեկ թերթերը գրել էին, որ նա ստանձնել էր պետական էլեկտրաաղացների տնօրենի պաշտոնը: Մնաց չեկի տարեթիվը: Այդպես չեկը ավարտուն կլինի: Աստվա՜ծ իմ, Ֆուրմանը սևեռուն նայում է առաստաղին, անարյուն շուրթերն ասես համր աղոթք են մրմնջում: Երկրաշարժն ուշացավ: 1-9-8, Ֆուրմանը սրբեց ճակատը: Դատարկ բաժակը մոտեցրեց շուրթերին: Նայեց ուղիղ աչքերիս մեջ: Ողնաշարովս դող անցավ: Այժմ նա ատում է ինձ, մոլեգնորեն, ընդմիշտ և անդառնալի: Ֆուրմանը գրիչը սեղմեց չեկին, բայց վարանեց.
— Չէի՞ք ուզի թատրոն գնալ,- մեռնող ձայնով հարցրեց նա:
— Ես տոմս ունեմ, եթե շտապեք՝ կհասցնենք…
Դանակն ուղղեցի նրա կողմը: Լռություն: Խեղճ Շմոլևից: Չայկովսկի: Վերջնագիծ: Խաղն ավարտված է: Նա խզմզեց բաց թողած «1»-ը, որպեսզի «1981»-ը լրանա: Ավարտեց: Գրիչն ընկավ անկենդան մատներից: Դեմքը կարծես մահվան դիմակ լիներ: Մաշկը դեղին էր, հայացքը՝ մտազբաղ: Ես վերցրի չեկը:
Հրաժեշտ տվեցի.
— Հաջողություն, պարոն Ֆուրման, շատ շնորհակալ եմ, կներեք որ անհանգստացրի ձեզ…
Ֆուրմանը չպատասխանեց, նա միայն վրաս հառեց իր ապակե աչքերը: Երկիրն այլևս չի պտտվում: Ժամանակը կանգ էր առել: Ֆուրմանը վճարել էր:

Թարգմանեց Վարդան Ազատյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով