Կոստան Զարյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 2001, 11

Կոստան Զարյանի սակավաթիվ երկրպագուներին քաջ հայտնի է, որ ժամանակին մեծ գրողն իր ստեղծագործությունները պարունակող մի թղթապանակ ի պահ է տվել իր բարեկամ Լևոն Ներսիսյանին, որն էլ իր հերթին հանձնել է բանասեր Վարդան Ֆերեշեթյանին։ Վերջինիս միջոցով էլ մեզ են հասել ութ բանաստեղծություն ընդգրկող 18 պատճենահանված մեքենագիր էջեր։ Դրանցից «Ոսկեշեկ վարսերը» լույս է տեսել Թեհրանի «Նոր էջ. գիրք գրականության» հատորում (1959) և մեր կողմից վերահրատարակվել «Գրական թերթում» (6.09.1996)։ Մնացած բանաստեղծություններն ամենայն հավանականությամբ անտիպ են, համենայն դեպս, մեզ չեն հանդիպել Հայաստանի և Սփյուռքի մամուլի մեր պրպտումների ժամանակ։ Դրանք մեծ մասամբ գրվել են 1950-ականների վերջին, 1960-ականների սկզբին, ոմանք՝ Ռապալլոյում (Իտալիա)։ Մեքենագիր օրինակների վրա կան որոշ ջնջումներ, թերևս կատարված Զարյանի ձեռքով։ Բանաստեղծությունների ձեռագրերը հավանաբար գտնվում են Զարյանի կամ Լևոն Ներսիսյանի սերունդների մոտ։ Քերթվածների կետադրությունը և տաղաչափությունը թողել ենք անփոփոխ, միայն կատարել ենք սխալ մեքենագրված բառերի ուղղումներ։
«Բանաստեղծությունը աշխարհաստեղծման արարողության մի մասն է», գրել է Զարյանը։ Ներկայացվող քերթվածները Կոստան Զարյանի՝ այդ արարողությանը բերած մասնակցության հիրավի զորավոր դրսևորումներ են։

Արծվի Բախչինյան

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Վերջին զանգը զնգող զանգի
Փշրվում է դեղին օդում
Հոկտեմբերի։
Մեկնո՜ւմ, մեկնո՜ւմ…
Վերը դրված պայուսակս երերում է,
Գնացքը դանդաղ
Մագլցում է
Մի բլուր աշնան
Ապա կտրում այգիների նեղլիկ ճամփան՝
Ուր որոճող, անշարժ կանգնած նիհար մի եզ
Նայում է մեզ
Եվ իր պոչը խփում մեջքին։
Հոկտեմբերը՝ դեղին, տրտում,
Լըվացվում է ոլոր եկող գետի ափին
Հետո գալիս հանգիստ նստում իմ աչքերում։

Մեկնո՜ւմ, մեկնո՜ւմ…

2
Թեթև մի քամի։ Գնացքը կանգնում է։ Անձրևից լվացված
Այս կայարանից
Հսկա վարդի պես
Բարձր ցցվում է ծաղկած երեկոն։
Դեղնագույն լույսի փարթամ մշուշից
Բացվում են տրտում բյուրեղացումներ։
Ռոմանտիկ վայր է, քընարերգական, ներշնչող այնքան…
Արծաթ, հեռավոր, սահուն ղողանջներ
Լուսավորում են վայրկյանը չքնաղ…
Անմիտ երեխի նըման ըզգացված, պիտի ուզեի իջնել և մնալ…
Մընա՞լ, չը մընա՞լ… Մինչ հարց եմ տալիս՝ գնացքը մեկնում է։
…Արագ անցնում ենք տների մոտից և պարտեզների՝
Մի գետի ափին դեղնած շուքերով շարքով երկարած…
Ահա ծռվում ենք, ցցվում են ոսկե աշտարակների
Լուսե կատարներ…

3
Սեմաֆորի լույսում կարմիր Բոց է դառնում մի կտոր գիշեր
Եվ մի երկիր՝
Խավարի հետ հանկարծ բուսած անհայտ ձևեր՝
Իմ քողարկված աչքերում
Թանձր մութի պալատներ է ուրվագծում։
Ինչքա՞ն պիտի տըխուր Օտարության,
Մենակության։
Այս մութ ճամփան՝
Ներքին ջերմը այս հուրհըրան…
Ինչքա՞ն պիտի հոգնած սրտիս մընա կպած
Այս անհայտը մթնատարած…

4
Ծառերի վառ կատարները
Վեր են ցցել բոցկլտացող լամպարները
Ծնվող լույսի։
Ծնծղաները արշալույսի
Բլուրի վրա կանգնած գյուղի
Գլխին պայթել՝
Հուր ու երանգ սել են թափել։

Առավոտը կանգնել է մերկ
Մի նոր, անհայտ կայարանում
Եվ մի արծաթ, հնչող ձայնով ասում է երգ
Մարդկանց համար կես մրափած վագոններում։
Օ, անկայուն և անվստահ օրեր կյանքի…
Արդեն անցան քանի քանի կայարաններ
Եվ մարվեցին լույսերը շող արշալույսի։
Ահա նոր օր, ահա անհայտ, նոր ճամփաներ…

5
Մի կտոր երկինք, գետակ, պարտեզ…
Հիշեցի քեզ
Եվ հիշեցի անցած, գնացած
Օրեր այնքան։
Անցած, գնացած
Օրեր այնքան։

6
Ահ, երբեք չպիտի հասնեմ տեղ։
Այս ի՞նչ է, և ո՞ւր է, որտե՞ղ է
Այն ինչ որ թըվում է տուն ու տեղ։

Գնում եմ։ Գալիս են դաշտերը, լեռները,
Գալիս են հեռավոր թըմբկող վայրերը
Կանաչ են, դեղին են, կարմիր են-
Բայց ի՞նչ են, ահ, ասիր՝ երկի՞ր են։
Բայց ի՞նչ են, տնե՞ր են լուռ ու մուռ
Իմ սրտում լուսացած պատուհա՞ն կամ բաց դո՞ւռ,
Դեպի ոչ ապաստան ինձ տանող
Դեպի ոչ ըսպասում ինձ սպասող։

Վագոն նեղ։ Կայարան և սուլոց անդադրում։
Վագոն նեղ։
Միշտ մեկնում։
Ահ, երբե՛ք, ահ երբե՛ք չպիտի հասնեմ տեղ։

1941

ԱՉՔԵՐՍ ԱՉՔԵՐԻԴ ՀԵՏ1

Դու և քո մերկ քունը։ Աշունը
Եկել է ծուռումուռ քայլերով,
Գրկել է քո քունը, տարածել է մի հով-
Խածնում է նրա թևը սև շունը։

Ահ, ինչքան ձեռքերդ քո չկան։
Աչքերդ ճեղքեցին գիշերը և անցան-
Իսկ դու կաս։ Դու ներսս հեծել ես
Ճերմակ ձի թռչում ես։

Իսկ դու կաս։ Աստղերի տաղերով
Երգում եմ լույսը զով
Աչքերիդ, շրթերիդ, հոնքերիդ-
Մրմնջող տրտունջը քո սրտիդ։

Սև հուշը գրկել է աշունը։
Քանդվել է մեր տունը։
Պաղ են ձեռքերս։ Ի՞նչ անեմ,
Գամ քեզ մոտ, մոտդ կամաց պառկեմ…

2.
Այս լեռների առաջ,
Այս լեռների և քո հուշիդ առաջ
Վերադարձս կանգ առավ,
Դժբախտ, ծարավ։
Ինչպես նավ՝ առագաստը պատռած,
Ալիքներով ծեծված
Եվ ղեկը փշրված,
Վերադարձս կանգ առավ։

Խոսում եմ կես ձայնով։

Քո մայր մտած դեմքը.
Լեռները
Եվ կսկիծը սրտիս
Եվ արյունը՝ աստղ կաթած՝
Դանակը խփել են սրտիս-
Ցավս ճեղքել։
Ահ, ո՞ւր գնամ առանց քեզ։
Ոտքերս ծալվում են,
Տան բանալին կորել է։

3.
Ամեն ինչ հիմա է։ Ներկա, վառ խոսուն։
Հիշում եմ
Վարդագույն մի քամի էր քայլում
Բլուրի կատարին
Երբ իջանք
Երևան օդակայան։
Նայեցինք Արարատին
Եվ աչքերդ վառվեցին։
Քո վարի շրթունքդ դողդողաց
Եվ մի լաց մեջդ մղկտաց։

Ինչպիսի բեռ իջավ կրծքիս
Երբ անցանք այդ փոշոտ փողոցներով,
Այդ կուչ եկած անապատով։
Դու վախեցար ինձ նայելու
Եվ ժպտացիր երազանքով,
Այնքան սիրով, այնքան սիրով։

Վարդագույն մի քամի էր քայլում
Բլուրների կատարին
Եվ մենք կույր էինք մեզանով։
Փոթորկի վառ հրով վառված գինին
Այրվում էր ծառերի դեղնած շրթերին
Եվ մենք կորել էինք մեր մեջ։

4.
Ես հիշում եմ, ինչպես պանդոկի անկյունում
Դու բան չասիր,
Այլ նստեցիր ինձ մոտ կամաց,
Դրիր այտդ ուսիս վրա
Եվ տխրեցիր։

Օտար էր շատ իմ երկիրս քեզ համար։
Աշնան ոսկե լացը տրտում
Ման էր գալիս փողոցներում
Եվ քայլում էր կպած նրան
Աշունք. թշվառ մի կյանք աղքատ։
Ձեռքս առար, գուրգուրանքով շոյեցիր,
Արցունքներդ կուլ տվիր-
Գեղեցիկ է Արարատը, ասացիր։
Մենք ժպտացինք,
Գերի եղանք մեր հույզերի, մեր սիրո։
Եղանք վերջին դժբախտ շեմի
Առաջ կանգնած-
Հուսահատված և բախտավոր։

5.
Հիվանդացար։ Ճակատդ դեղնեց,
Լուսնո ձեռնոցներ
Հագան ձեռքերդ-
Շեմիս արևը մարվեց։2
Ահ, սրտիս վրա
Դաշույններ խաղացին ցավի
Եվ բոցեր թափվեցին
Կոկորդս սեղմելով ուժգին։
Ողբս վայր ընկավ թավալվելով-
Ես ցանկացի մեռնել,
Որովհետև ապրել
Առանց քեզ
Կյնաք չէ, չէ, չէ, կյանք չէ։
Այլ մոխիր ցանող ձիան վազք,
Այլ կաղ քամու հառաչանք։
Այլ աղիքներս պեղող ողբ,
Այլ տրապեզից ընկած արշալույս,
Այլ կարմիր հեկեկանք
Եվ հոգու պատռված թշվառություն։

«Ահ, ինչ արկած, ահ, ինչ արկած»,
Ասացիր,
Հառաչեցիր։
Հիմա որ մտածում եմ այդ մասին,
Ուզում եմ կյանքս հանել, նետել քեզ,
Նետել քեզ, չլինել, չլինել։

1960

ՑԱՐԱՍԻՆ

Աշնան քամին
Ձիգ ցարասու վրայից քաղեց
Տերևները սարսռագին
Եվ պարտեզը հրով ծածկեց։

Ներս է մտել մոգությամբ լի մի եղանակ։
Մի երկրագունդ՝ նարինջ և կրակ
Երգող քայլով՝ ման է գալիս
Եվ տրտնջում ծայրին սրտիս։

Շրջվեց աստղը մեր օրերի։
Ապակե աղավնիները թռան գնացին։
Հեծեց մի ձայն հիշատակի
Եվ ցարասու ոսկիները մղկտացին։

1960

ՕԳՈՍՏՈՍԻ ՉՈՐՍԸ

Չորս օգոստոսին
Մարդ արարածը ղրկեց երկնքին մի լուսին՝3
Երկաթե, կարմիր։
Թռավ սանդուղքը տարածության-
Ողջույն, ողջույն անեզրության։

Աստված իր ձեռքը անձնեց մարդկության-
Առ, արարիր։
Աստղերի ճութը լցվեց ոսկիով
Եվ արևը բազմապատկվեց արևներով։

Հիմա ահա՝
Հրթիռ-
Նա, լրաբեր կարմիր-
Պտրտում է, ինչպես հսկա ճակատագիր
Բացված լույսին ապագայի լիության։

Խելառ դարբին,
Ի՞նչ ես տանում խառնաշփոթ արշալույսին
Տարածության շղթաները փշրելով
Եվ աստղերին
Երկաթաձայն մայելով։

5.10.57, Ռապալլո

ԵՐԿԻՆՔԸ

Այս երկինքը նոր է, նոր է այս երկինքը-
Ես և ինքը,
Մեկ մեկի մեջ թաղված,
Տարածվում ենք չպաշարված։

Մի ծառ ինձ հետ, բարձրանում է ինձ հետ,
Մագլցում է մի ծառ,
Լույսերի մեջ արծաթանում-
Ինձ միանում։

Իսկ ես ձգվում եմ, որոնում եմ
Ծարավ սրտով՝ իմ աչքերս նրա աչքերում մխրճելով՝
Ծարավ սրտով որոնում եմ
Իմ գլուխը վար նետած,
Շրթունքներով կարմիր, ոսկեդեղին
Երազ մի հին։

Ահ, ամեն ինչ ջինջ է և բարդ՝ թվաբանություն,
Թևերի ձայն,
Սրնգի մի նվագ
Մատներով հինգ նվագված մի կրակ,
Երաժշտական մի լռություն։

Պետք չէ թողնել որ գա,
որ գա, որ գա,
Սառ ձեռքերով մի հով
Կամ սավառնակ նստած մի հով
Գա մի հով,
Տարրալուծի թրթռանքը քո ճյուղերի,
Կյանքդ թափահարի,
Որովհետև դու չես կարող շարժվել, գնալ,
Ինձ նման վազել, անհետանալ,
Բայց կարող ես այս երկնքով հագնվել,
Լույս պատմուճան գցել ուսիդ,
Նայել հյուսիս, նայել հարավ
Եվ լուռ, անցավ,
Եվ ավելի լավ, քան աչերս այրվող,
Ընդունել, կանաչին քո սրտիդ սեղմել
Գլուխը վայր սուրող հյուրին եկող։

Դու – նաև ես-
Դու պետք է սովորես,
Դու պետք է սովորես-
Նաև ես- դու պետք է սովորես
Նայել ներս
Աչքերիդ հետ սովորես
Լինել հրատես։

Օգոստոս, 1959

ԵՍ ԼՍՈՒՄ ԵՄ

Ես լսում եմ շրշյունը
Շիկնած դեղձենու քո սրտի։
Փշուր ցորեն հացի նման
Կերա հույզիդ ճոխությունը,
Մինչ վարսերդ վայր թափվեցին ծաղկերանգ։

Անվերջ է տարածությունը։
Լույս ապակի մեր թևերով
Մենք անցնում ենք հորիզոնով
Մտքի, հույզի
Եվ թաղվում ենք արգանդի մեջ ժամանակի։

Ես փնտրում եմ
Քարի տակի աղբյուրը կլկլուն,
Ծառի վրա թառած անհունը,
Մարմնիս փշուր եկած գարունը։

Անվերջ է տարածությունը։

13.10.57, Ռապալլո

ԱՍԻՍ ՈՒ ՄԱՍԻՍ

Ասիս ու Մասիս
Գոհար ղրկեց զիս…

Օ, հայ – միտք անոթի
Դաշունահար սրտերի-
Կտոր հացը վշտիդ,
Նման ճամփիդ հրավառ,
Առ¬ խածիր,
Եվ նայիր, և նայիր
Ասիս ու Մասիս Արարատին-
Աստված մի հին, հրատես և սին
Ասիս ու Մասիս Արարատին։

Ասիս ու Մասիս
Գոհար ղրկեց զիս…

Կտրիր լեռան գագաթից
Մի շերտ թախիծ
Եվ բերանում քո լեղի
Հացիդ հետ թող հալվի՝
Աղիքներդ հալածի։

Ասիս ու Մասիս
Գոհար ղրկեց զիս…

Եվ երբ նայես,
Սրտով սրտին նրա հանդիպես
Ցավիդ ծայրից մի ռեհան
Վեր կծլի անսասան
Արմատները իր կնետի
Դաշտին քո լերկ սպասումի,
Ուր սարկավագ մի խելագար,
Հագած հովվի կարմիր վեղար
Եվ մրրիկի շաչող շուրջառ,
Կպարի սար սահող մի պար։

Ասիս ու Մասիս
Գոհար ղրկեց զիս…

Իսկ գոհարը-
Ո՞ւր է, ո՞ւր է այդ գոհարը,
Որ սարը, այդ հիմարը
Ղրկել է քեզ,
Իբրև անտես
Պատգամ հրակեզ։

Կայիր՝ չկաս։
Դու, փշրված դատարկ կարաս
Զրկված գինու տեսիլքներից
Եվ պարտեզիդ մեռած շուքից,
Բայց միշտ հարբած
Քո իղձերի դար դար հյուսված
Պատրանքներով
Եվ արյունիդ հրդեհներով։

Օ հայ – միտք անոթի
Անցած, ներկա և ապագա նոր կյանքերի-
Առ ռեհանը, առ ռեհանը քո ցավերիդ,
Կախիր հոգիդ կայմի գլխին
Խոլար նավիդ
Եվ ողջունիր մրրիկներին։

Դու կա՛ս, դու կա՛ս, դու կա՛ս, դու կա՛ս։

Սեպտեմբեր. 1959

———————
1 Սույն քերթվածը Զարյանի զրույցն է կնոջ՝ ամերիկացի նկարչուհի Ֆրենսիս Բրուքսի հետ։ Գրողը կնոջ հետ Հայաստան է եկել 1962-ին. Զարյանը հաստատվել է Երևանում, իսկ Ֆրենսիսը վերադարձել է ԱՄՆ, որտեղ մահացել է 1964-ին, արյան հիվանդությունից (որն էլ ակնարկված է քերթվածում)։ Բանաստեղծության գրության թվականը՝ 1960, ենթադրել է տալիս, որ կամ ճիշտ չի մեքենագրված (քանի որ շարադրանքում որոշ մանրամասներով խոսվում է հայաստանյան համատեղ այցելության մասին), կամ որ այն Զարյանի երևակայության արդյունքն է, գրվել է ապագա վերադարձի պատկերացմամբ՝ մարգարեաբար կանխագուշակելով, թե ինչ զգացումներ կունենա ինքը մահացու հիվանդ կնոջ հետ Հայաստան կատարելիք այցի ժամանակ։
2 «Այլևս կասկած չկա. Ֆրանսիսը հիվանդ է, անբուժելի, դատապարտված։ Սուգը երգում է շեմիս առջև» (Կոստան Զարյան, Նավատոմար, Երևան, 1999, էջ 529)։
3 Այստեղ ակնհայտ սխալմունք կա։ Աշխարհում առաջին անգամ խորհրդային արհեստական արբանյակը տիեզերք է առաքվել 1957-ի հոկտեմբերի 4-ին։ Զարյանի սույն քերթվածը թվագրված է 1957-ի հոկտեմբերի 5-ով։ Տրամաբանական է մտածել, որ բանաստեղծությունը գրվել է իրադարձության թարմ տպավորության տակ։ Սակայն ինչո՞ւ է նշվում օգոստոսը։ Չենք կարծում, թե տարընթերցում է տեղի ունեցել (ձեռագիր «հոկտեմբեր»-ը հազիվ թե կարդացվեր «օգոստոս»), մանավանդ որ «օգոստոսին» բառը հանգավորվում է հաջորդ տողի «լուսին»-ի հետ (թեև կարող էր հանգավորվել նաև «հոկտեմբեր չորսին»-ի հետ)։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով