Ջուբրան Խալիլ Ջուբրան. Խենթ Յոհաննան

«Գարուն», 2001, 10

Ծնվել է 1883 թ. դեկտեմբերի 6-ին Հյուսիսային Լիբանանի Բեշարրե գյուղում: 1894 թ. մայրը՝ Քամիլե Ջուբրանը, չորս զավակների հետ մեկնում է Հյուսիսային Ամերիկա, հաստատվում Բոստոնում: Ստացել է բժշկական կրթություն: Շատ է ճանապարհորդել Եվրոպայով, միաժամանակ ուսումնասիրել է արևմտյան մշակույթը: 1920 թ. Ամերիկայում արաբ Էմիգրանտ բանաստեղծների կողմից ստեղծված «Գրչի ընկերության» նախագահն էր: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը հաստատվել է Նյու Յորքում, ուր նրա տունը լիբանանցի ու սիրիացի բարեկամները «Մենաստան» էին անվանում: Ջուբրանը ռոմանտիզմի հիմնադիրն է արաբական գրականության մեջ: Եվ որպես ռոմանտիզմի հետևորդ՝ պայքարում էր չարի դեմ՝ կյանքում իրական արժեքներ համարելով սերն ու գեղեցկությունը: Նրա պատմվածքների առաջին ժողովածուները՝ «Մարգագետինների հարսները», «Խռովահույզ հոգիներ», պատմում են Լիբանանի արաբների անուրախ կյանքի մասին: Ներկայացվող պատմվածքը «Մարգագետինների հարսները» ժողովածուից է:

ԽԵՆԹ ՅՈՀԱՆՆԱՆ

1.

Ամռանն ամեն առավոտ Յոհաննան դաշտ էր տանում հորթերի ու եզների իր նախիրը՝ մահակն ուսին դրած, ականջալուր սև կեռնեխների կռնչյուններին ու տերևների խշխշոցին: Կեսօրին, հացը ուտելիս, մոտենում էր կանաչ արոտավայրերով հոսող առվակին, ավելացածը թողնում խոտերի վրա՝ թռչունների համար: Երեկոյան, երբ մայրամուտը խլում էր լույսի վերջին շողերը, նա վերադառնում էր իր խղճուկ տունը, որը Հյուսիսային Լիբանանի գյուղերին ու ավաններին էր նայում: Նստում էր ծերունի ծնողների հետ՝ ականջ դնելով օրվա նորոթյուններն ամփոփող նրանց պատմություններին ու զգալով, թե ինչպես է մարմինն ընդարմանում հանգստի ու քնի քաղցր թմբիրից:
Ձմռանը, լսելով հոգիների հառաչանքներն ու տարերքների ողբը և փոքրիկ պատուհանից նայելով ձյունածածկ մարգագետնին ու տերևներից մերկացած ծառերին, որոնք ասես աղքատների խումբ լինեին՝ քամու և ցրտի ճիրանների մեջ, մտածում էր եղանակների անփոփոխ հերթագայության մասին:
Երկար գիշերներին արթուն էր մնում մինչ հայրը կքներ, որ բացեր փայտե պահարանը, և հանելով Նոր կտակարանը՝ գաղտնի կարդար լամպի թույլ լույսի տակ: Ժամանակ առ ժամանակ նայում էր քնած հոր կողմը. նա արգելել էր կարդալ այդ գիրքը, որովհետև քահանաներն անիծում են նրանց, ովքեր բացում են Հիսուսի ուսմունքի գաղտնիքները, իսկ չենթարկվողները «եկեղեցու բարօրության» անունից կնզովվեին: Այդպես ապրեց Յոհաննան իր պատանեկությունը՝ հրաշքներով ու գեղեցկություններով լի դաշտի և լույսով ու հոգով լեցուն Հիսուսի գրքի միջև: Խոհերի ճնշման ներքո լռում էր և անխոս լսում ծնողների պատմությունները: Երբեմն հանդիպում էր իր պատանի ընկերներին, նրանց կողքին լուռ նստում ու նայում հեռուն, ուր իրիկնային աղջամուղջը հատում էր երկնային կապույտը: Իսկ երբ գնում էր եկեղեցի, վերադառնում էր մռայլ, մթնդած, քանի որ եկեղեցում լսածը տարբերվում էր Ավետարանում իր կարդացածից, և այն կյանքը, որ ապրում էին հավատացյալներն ու նրանց առաջնորդները, բնավ էլ այն գեղեցիկ կյանքը չէր, որի մասին խոսում էր Հիսուս Քրիստոսը:

***

Գարուն եկավ: Ձյունը հալվեց դաշտերում ու մարգագետիններում: Լեռնագագաթների հավերժական ձյուներն էլ դարձան առվակներ ու միանալով հոսող բազում առվակներին՝ վերածվեցին հորդահոս գետերի, որոնք խլացուցիչ կարկաչով ավետում են բնության զարթոնքը: Ծաղկեցին խնձորենիներն ու նշենիները, տերևներով զարդարվեցին կաղամախիներն ու ուռիները, և բլուրները ծածկվեցին երփնավառ ծաղիկներով ու զմրուխտ կանաչով: Վառարանի կողքին ապրելուց հոգնեց Յոհաննան, ու հորթերն էլ ձանձրացան անձուկ գոմերում՝ կարոտելով արոտավայրերը, իսկ գարու և հարդի ամբարներն արդեն սպառվելու վրա էին: Բրդե վերնազգեստներով Նոր կտակարանը ծածկած, որպեսզի ոչ ոք այն չտեսնի, հորթերի հետ հասնում էր հսկայական աշտարակի նման վանքի (Հյուսիսային Լիբանանում հարուստ վանք է, որն ընդարձակ հողեր ունի և կոչվում է Եղիսե Մարգարեի վանք:)՝ դաշտերի կողքին ընկած հեռու արոտավայրը: Ժայռին թիկնելով՝ մերթընդմերթ նայում էր մարգագետնի գեղեցկություններին՝ հայացքը փախցնելով երկնքի թագավորության մասին պատմող իր գրքի տողերի վրայից: Այդ օրը պասի վերջին օրերից էր, ու մսից զրկված գյուղերի բնակիչները համբերությամբ սպասում էին Զատկի տոնին: Ինչ վերաբերում էր Յոհաննային, ապա նա, բոլոր աղքատ գյուղացիների նման, չէր տարբերում պահքի օրերը մնացյալ օրերից, քանի որ ողջ տարին նրա համար մի երկար պաս էր, և սնունդը հացն էր՝ շաղախված ճակատի քրտինքով, ու պտուղները՝ գնված իր սրտի արյունով: Եվ մսից ու ախորժաբեր ուտեստներից զրկվելը սովորական բան էր: Իսկ ծոմապահության քաղցը նրա մարմնում չէր, այլ զգացմունքներում, քանի որ այն իր հոգուն էր վերադարձնում Մարդու Որդու ողբերգության հիշողությունն ու երկրի վրա նրա կյանքի վախճանը:
Թռչունները հանգիստ ճռվողում էին Յոհաննայի կողքերին, աղավնիների երամը թռչում էր սրընթաց, ծաղիկներն օրորվում էին զեփյուռի հետ, ասես լողանում էին արևի շողերով, իսկ նա ուշադրությամբ կարդում էր գիրքը, հետո բաձրացնում գլուխն ու տեսնում իր կողքի մարգագետիններում փռված քաղաքների ու գյուղերի եկեցեղիների գմբեթները, լսում նրանց զանգերի ղողանջները: Ու երբ մի պահ փակում էր աչքերը, հոգին սլանում էր անցած դարերի միջով դեպի հին Երուսաղեմ՝ հետևելով փողոցներում Հիսուսի ոտնահետքերին ու հարցնելով նրա մասին անցորդներից, որոնք պատասխանում էին.
— Ահա այստեղ առողջացրեց կույրին ու ոտքի կանգնեցրեց անդամալույծին, իսկ այնտեղ փշերից պսակ էին հյուսել ու դրել գլխին: Այս հովանու տակ կանգնեց նա և առակներով խոսեց մարդկանց հետ, իսկ այն պալատում կապեցին սյունին, թքեցին դեմքին ու գանահարեցին: Ահա այս փողոցում նա ներեց մեղանչած պոռնիկին, իսկ այնտեղ կանգնեց՝ կքած իր խաչի ծանրության ներքո…
Անցավ մի ժամ, և Յոհաննան տառապեց մարդ Աստծո հետ մարմնով և փառաբանվեց նրա հետ հոգով: Ու երբ կեսօրն իջավ, վեր կացավ տեղից, նայեց շուրջն ու չտեսավ հորթերին: Փութաջան քայլեց՝ զննելով շուրջբոլորն ու զարմանալով մարգագետիններից նրանց անհետանալու վրա: Երբ հասավ դաշտերի միջև անցնող՝ ձեռնափի գծերի նման ճանապարհին, շրջվեց ու տեսնելով այգիների մեջ կանգնած սևազգեստ մարդուն՝ շտապեց նրա մոտ: Մոտենալով՝ հասկացավ, որ վանքի քահանաներից է: Գլխի խոնարհումով ողջունեց նրան ու հարցրեց. «Ո՛վ հայր, արդյոք չե՞ս տեսել այս այգիներում վազվզող հորթերի»: Քահանան նայեց նրան՝ փորձելով թաքցնել զայրույթը, ու պատասխանեց չքողարկված չարությամբ. «Այո՛, տեսա, նրանք այնտեղ են, արի՛ ու տե՛ս»:
Եվ Յոհաննան հետևեց քահանային՝ մինչև հասան վանքին: Այնտեղ տեսավ մի մեծ փարախում պարաններով կապված հորթերին, որոնց հսկում էր քահանաներից մեկը, որը մահակով խփում էր անասուններին, հենց որ շարժվում էին: Երբ Յոհաննան ցանկացավ նրանց տանել, քահանան բռնեց նրա օձիքից և շրջվելով դեպի վանքի նախասրահը՝ գոռաց. «Ահա նա՝ հանցավոր հովիվը, նրան արդեն բռնել եմ»: Ու ամեն կողմից շտապեցին քահանաներն ու երեցները՝ վանահոր առաջնորդությամբ, որն ուղեկիցներից տարբերվում էր իր նրբաշուք պարեգոտով և դեմքի մռայլ արտահայտությամբ: Ու ավարի եկած զինվորների նման շրջապատեցին Յոհաննային: Նայելով վանահորը՝ Յոհաննան մեղմ ասաց. «Ի՞նչ եմ արել՝ հանցագործ կոչվելու համար, և ինձ ինչո՞ւ ձերբակալեցիք»: Զայրույթից դաժանացած դեմքով վանահայրը սղոցաձայն շաչեց. «Հորթերդ վանքի ողջ ցանքսը արածել են ու կրծել խաղողի դալար շիվերը, իսկ դու ձերբակալվեցիր, որովհետև հովիվն է պատասխանատուն այն ամենի, ինչ ավերել են իր անասունները»: Ու Յոհաննան ասաց աղերսաքնով.
— Սրանք անմիտ են, գիտակցություն չունեն, հա՜յր, ես էլ աղքատ եմ և չունեմ որևէ զորություն, օգնի՛ր ինձ ու այս հորթերին, բաց թող ինձ՝ քո գերուն, ու իմ հոտին, և ես քեզ խոստանում եմ, որ այլևս չեմ գա այս մարգագետինները:
Վանահայրը փոքր-ինչ առաջացավ և ձեռքերը դեպի երկինք պարզելով՝ ասաց.
— Աստված մեզ այստեղ բերեց ու մեզ վստահեց իր ընտրյալի՝ մեծ Եղիսեի հողերի պաշտպանությունը: Եվ մենք գիշեր ու ցերեկ պաշտպանում ենք, քանի որ նա սուրբ է. կրակի նման կայրի նրան, ով իրեն կմոտենա: Ու եթե վանքին հաշիվ տալուց հրաժարվես, ապա հորթերիդ կերած խոտը իրենց ստամոքսի մեջ թույնի կփոխվի: Սակայն հրաժարվել չես կարող, քանի որ մենք հորթերիդ այնքան ենք այստեղ պահելու, մինչև վերջին գրոշը վճարես:
Վանահայրն արդեն գնում էր, երբ Յոհաննան կանգնեցրեց նրան՝ աղաչելով ու նսեմանալով.
— Պաղատում եմ քեզ, տե՛ր իմ, երդվի՛ր այն սուրբ օրերով, երբ Հիսուսը տառապեց, ու Մարիամն արտասվեց իր վշտի համար: Բա՛ց թող ինձ գնամ հորթերիս հետ, սիրտդ մի՛ դաժանացրու իմ հանդեպ, ես աղքատ եմ ու խեղճ, վանքը՝ հզոր ու հարուստ: Նա կների իմ հիմարությունն ու կխղճա ծերունի հորս:
Վանահայրը շրջվեց Յոհաննայի կողմն ու ասաց ծաղրանքով.
— Նույնիսկ չնչին հյուլեի չափ չի ների քեզ վանքը, անմի՛տ՝ հարուստ լինես, թե աղքատ: Եվ ո՞վ ես դու, որ ինձ երդվել տաս սրբություններով, քանի որ միայն մենք գիտենք նրանց գաղտնիքներն ու աներևույթ իմաստը, իսկ եթե ուզում ես հորթերդ տանել մեր գոմերից, ապա վճարիր երեք դինար իրենց կերած ցանքսի համար:
— Ես ոչինչ չունեմ, հա՛յր իմ, ոչ իսկ մեկ դահեկան, խղճա՛ ինձ և ների՛ր թշվառիս,- ասաց Յոհաննան խուլ ձայնով:
Վանահայրը իր թավ մորուքը մատներով շոյեց և մի պահ դադարից հետո պատասխանեց.
— Գնա՛ և վաճառի՛ր հողիդ մեկ մասը ու վերադարձի՛ր երեք դինարով: Մի՞թե ավելի լավ չէ, որ երկինք մտնես առանց հողի, թե՞ հակառակվես ու մեծ Եղիսեի զայրույթին հասնես նրա խորանի առաջ ու վերջապես դժոխք ընկնես, ուր կրակը հավիտենական է:
Յոհաննան լռեց մի պահ: Ապա աչքերը փայլեցին, ու դեմքը պայծառացավ. աղետալի ու խղճալի տեսքը փոխվեց ուժի ու վճռականության, ապա խոսեց մի ձայնով, որում միախառնվել էին իմացության մեղեդին ու երիտասարդական ավյունը.
— Մի՞թե կարելի է, որ աղքատը վաճառի իր հողը՝ իր հացի ու կյանքի աղբյուրը, որ ավելացնի վանքի՝ արծաթով ու ոսկով լեփ-լեցուն պահարանները, մի՞թե արդար է, որ աղքատն ավելի թշվառանա, և խեղճը մեռնի սովից, որպեսզի մեծ Եղիսեն ների սոված անասունների մեղքը:
Հիսուս Քրիստոսն ասում է. «Նա, ով ունի, նրան պիտի ավելին տրվի, իսկ նա, ով չունի, նրանից էլ պիտի վերցվի ունեցածը»,- ասաց վանահայրը՝ գոռոզաբար օրորելով գլուխը: Երբ Յոհաննան լսեց այս խոսքերը, սիրտը կրծքում սկսեց ուժգին բաբախել, ու մարմնով զորացավ և հոգով մեծացավ, ասես հողը երերաց ոտքերի տակ: Դուրս հանեց Ավետարանը գրպանից, ինչպես զինվորն է քաշում սուրը պաշտպանության համար և գոռաց.
— Այսպե՛ս եք, ուրեմն, չարաշահում այս գրքի ուսմունքը, ո՜վ երեսպաշտներ: Այսպե՛ս եք, ուրեմն, կյանքի ամենասուրբ բանը ծառայեցնում չարիքները տարածելուն: Վայ ձեզ, երբ որ կրկին գա Մարդու Որդին ու կործանի ձեր վանքերը, ու նրանց քարերը նետի այս հովտով մեկ և կրակով այրի ձեր խորանները, նկարներն ու հուշարձանները: Վա՛յ ձեզ, որովհետև Հիսուսի անմեղ արյունն ու իր մոր սրբօծուն արցունքների հեղեղը պիտի թափվեն ձեր վրա՝ տանելով անդունդի խորխորատները: Վա՝յ ձեզ, ո՜վ դուք՝ կրքերի կուռքերի հլու ծառաներ, որ սև հագուստով եք ծածկում ձեր գործերի սևությունը, ձեր շուրթերը աղոթք են օրորում, բայց ձեր սրտերը կարծր են ժայռերի նման, նվաստ խոնարհվում եք խորանի առաջ, բայց ձեր հոգիները անհնազանդ են Աստծո առջև: Չարամտությամբ ինձ այստեղ՝ մեղքերով լեցուն այս վայրը բերեցիք ու բռնեցիք՝ որպես ոճրագործի, մի քիչ առվույտի համար՝ արևից սնված և՛ ինձ, և՛ ձեր համար հավասարապես:
Երբ կարեկցանք խնդրեցի ձեզնից Հիսուսի անունով ու երդվել տվեցի ձեզ նրա տառապանքի և տխրության օրերով, ծաղրեցի՛ք, ասես ես միայն հիմար ու անմիտ բաներ էի ասում: Վերցրե՛ք ու փնտրե՛ք այս գրքում ու ցույց տվե՛ք ինձ, թե ե՞րբ չի ներել Հիսուսը: Կարդացե՛ք այս երկնային ողբերգությունը և հայտնեցե՛ք ինձ, թե որտե՞ղ է խոսում առանց գթության ու կարեկցանքի: Արդյո՞ք լեռան վրայի քարոզում, թե՞ տաճարում իր ուսուցումների մեջ, խեղճ պոռնկուհուն հալածողների առա՞ջ, կամ Գողգոթայի՞ վրա, երբ խաչի վրա տարածել էր թևերը՝ մարդկային ցեղը գրկելու համար: Նայե՛ք, ո՜վ անգութ սրտեր, այս խեղճ քաղաքներին ու գյուղերին, որոնց տներում հիվանդները գալարվում են ցավերի մահճակալներին, որոնց բանտերում թշվառներն օրեր են սպանում, ու դռների առաջ աղերսում են մուրացկանները, որոնց ճանապարհներին քնում են պանդուխտները, որոնց գերեզմաններում որբերն ու այրիներն են արտասվում: Իսկ դո՛ւք այստեղ հաճույք եք ստանում ծուլությունից, անշարժ հանգստությունից՝ վայելելով դաշտերի պտուղներն ու խաղողի գինին: Ո՛չ հիվանդին եք այցելում, ո՛չ էլ բանտարկյալի մոտ եք գնում, չե՛ք կերակրում սովածին, օթևան չե՛ք տալիս պանդուխտին, չե՛ք էլ մխիթարում սգավորին: Չե՞ք բավարարվում այն ամենով, ինչ որ ունեք, ինչ որ հափշտակել եք մեր նախնիներից ձեր խարդախությամբ: Եվ ինչպես իժերն են երկարացնում իրենց գլուխները, այնպես էլ դո՛ւք՝ ձեր ձեռքերը, և կողոպտում եք անխղճությամբ այն, ինչ խնայել է այրին իր ձեռքի աշխատանքից և ինչ մնացել է գյուղացուն իր ծերության օրերի համար:
Լռեց Յոհաննան՝ շունչը կարգավորելու համար, հետո բարձրացրեց գլուխը հպարտությամբ ու հանգիստ ասաց.
— Դո՛ւք այստեղ բազում եք, իսկ ես՝ միայնակ: Արե՛ք ինձ հետ՝ ինչ ուզում եք, գայլերը կբզկտեն ոչխարին, սակայն նրա արյան հետքերը կմնան հովտի քարերի վրա, մինչև կգա այգալույսը և կծագի արևը:
Մինչ Յոհաննան խոսում էր, նրա ձայնի մեջ ազդու ուժ կար, որ թույլ չտվեց վանականերին որևէ շարժում անել, ու կուտակվեց նրանց հոգիներում ցասումն ու չարությունը: Եվ նեղ վանդակի մեջ փակված սոված ագռավների նման դողում էին զայրույթից ու ուժգնորեն կրճտացում իրենց ատամները՝ վանահորից սպասելով որևէ ազդանշանի՝ բզկտելով պատառոտելու, անհետք ոչնչացնելու համար: Այնժամ, երբ Յոհաննան վերջացրեց իր խոսքը, լռություն տիրեց՝ բարձրուղեշ ճյուղեր ջարդող ու կուռքեր փշրող փոթորկից հետո տիրող լռության նման: Քիչ անց վանահայրը գոռաց.
— Ձերբակալե՛ք այս թշվառ հանցագործին, խլե՛ք նրանից գիրքն ու գցեք նրան վանքի մութ խուցը: Ով որ կանարգի Աստծո ընտրյալներին, նրան ներում չի հասնում ո՛չ այստեղ և ո՛չ էլ հավերժությունում:
Ու քահանաները հարձակվեցին Յոհաննայի վրա, ինչպես գիշատիչներն են հարձակվում իրենց զոհի վրա, կապկպելով՝ տարան նրան մի նեղ խուց և գավազանով ծեծելուց ու տանջահար անելուց հետո դուռը վրան փակեցին:
Այդ խավար սենյակում Յոհաննան կանգնեց հաղթական՝ փոքրիկ ու կեղտոտ պատուհանից նայեց կեսօրվա լուսով ողողված մարգագետնին, ու նրա դեմքը շողաց՝ զգալով ոգու գրկախառնումն իր հոգու հետ, ու բերկրալի հանգստություն տիրեց հոգուն: Նեղ խուցը ոչինչ չի բանտարկում, բացի իր մարմնից: Իսկ հոգին ազատ է ու զեփյուռի հետ ճախրում է մարգագետիններում ու ավերակներում: Քահանաների ձեռքերը ցավ պատճառեցին իր մարմնին միայն, անկարող էին դիպչել ներաշխարհին, ուր զգացմունքներն իր ապրում են Հիսուս Նազովրեցու հետ: Հալածանքները մարդուն չեն տանջում, եթե նա արդար է, խավարն էլ նրան չի կործանում, եթե արդարության կողմնակից է: Սոկրատը թույնը խմեց ժպտալով, իսկ Պողոսը քարկոծվեց ուրախանալով, սակայն նա թաքնված խիղճն է. եթե ընդվզենք նրա դեմ, ցավ կզգանք, եթե դավաճանենք նրան, մեզ կդատապարտի:
Ու Յոհաննայի ծնողներն իմացան, թե ինչ է պատահել իրենց մինուճարի հետ: Մայրը վանք եկավ՝ ձեռնափայտին հենված և ընկավ վանահոր ոտքերը՝ արցունքներ թափելով ու համբուրելով նրա ձեռքերը՝ որդուն գթալու և նրա անգիտությունը ներելու խնդրանքով:
Աչքերը դեպի երկինք բարձրացնելով, ինչպես մեկը, որ երկրային կյանքից վեր է, վանահայրն ասաց.
— Մենք ներում ենք քո որդու անմտությունն ու խենթությունը, սակայն վանքն ունի սրբազան իրավունքներ, որոնք անտեսել չենք կարող: Մենք մեր խոնարհությամբ ներում ենք մարդկանց սխալները, սակայն մեծ Եղիսեն չի ներում և չի ողորմում նրան, ով ոչնչացնում է իր խաղողի վազերը ու անասուններն է արածեցնում իր արտերում:
Մայրը նայեց նրան, իսկ արցունքները թափվում էին նրա կնճռոտ դեմքի վրայով, ապա վզից հանեց իր արծաթե մանյակն ու դնելով վանահոր ձեռքերի մեջ՝ ասաց.
— Ոչինչ չունեմ, բացի այս մանյակից, ո՜վ հայր, հարսանիքիս օրն է այն մայրս նվիրել, ու թող վանքն այն ընդունի, որպես թողություն միամորիկիս մեղքերի համար:- Վանահայրը մանյակը վերցրեց, դրեց գրպանն ու, մինչ Յոհաննայի մայրը համբուրում էր նրա ձեռքը՝ շնորհակալությամբ ու երախտագիտությամբ ասաց.
— Անիծվի՛ այս սերունդը, փոխված են գրքի գլուխները. որդիները հատուցում են հայրերի մեղքերի պատճառով: Գնա՛, ո՜վ բարի կին ու աղոթի՛ր քո խենթ որդու համար, որ երկինքը որդուդ գիտակցությունը վերադարձնի:
Յոհաննան դուրս եկավ գերությունից ու դանդաղ քայլում էր հորթերի առջևից, մոր կողքով, որը, տարիների ծանրության տակ կքած՝ հենվել էր ձեռնափայտին:
Երբ հասան խրճիթին, հորթերին գոմ տարավ, ապա լուռ նստեց պատուհանի մոտ՝ նայելով կեսօրվա մարմրուն լույսերին: Քիչ հետո լսեց հորը, որ շշնջում էր մոր ականջին. «Ինչքա՜ն ես ընդդիմացել ինձ, Սառա, երբ քեզ ասել եմ, որ մեր որդու միտքը մթագնած է, ա՛յ, հիմա էլ չես հակառակվում, քանի որ նրա արարքներն արդեն իրականացրին իմ խոսքերը, և պատվարժան վանահայրն էլ ինչ որ ասաց քեզ այսօր, ես քեզ նույնն եմ ասել եմ տարիներ առաջ»:
Յոհաննան լուռ նայում էր մայրամուտին, ուր երկնքին դաջված ամպերը բազմերանգ էին դարձել արևի շողերից:

2

Եկավ Զատիկը, ու ծոմապահությանը հաջորդեցին ախորժաբեր կերակուրները: Ավարտվեց նոր տաճարի կառուցումը, որը Բեշարեի տներից վեր էր խոյանում իր հպատակների խրճիթների մեջ կանգնած էմիրի պալատի նման: Ու ժողովուրդը սպասում էր եպիսկոպոսի ժամանմանը՝ իրենց խորանը օծելու և սրբագործելու համար: Երբ իմացան, որ արդեն գալիս է, շարք առ շարք դուրս եկան ճանապարհ՝ դիմավորելու: Ու նա մտավ քաղաք՝ շրջապատված պատանիների գովերգումներով ու քահանաների խնկարկումներով, ծնծղաների ձայներով ու զանգերի ու կոչնակների ղողանջներով: Երբ եպիսկոպոսն իջավ զարդարված թամբով ու արծաթե սանձով ձիուց, կրոնավորներն ու մեծամեծները նրան ընդունեցին փառաբանող երգերով ու մեծարումով: Հենց որ նոր տաճարը հասավ, հագավ ոսկեհյուս, ասեղնագործած պատմուճանը, դրեց թանկարժեք քարերով զարդարված թագը, վերցրեց հովվի գավազանը՝ հրաշալի քանդակազարդեր ու դրվագված թանկարժեք քարերով: Ապա քահանաների հետ պտտվեց տաճարի շուրջը՝ շարականներ երգելով ու աղոթելով, մինչ հոտավետ խնկի բուրմունքն ու բազմաթիվ մոմերի ցոլցոլացող լույսը պարուրում էր նրան:
Այդ պահին Յոհաննան կանգնած էր հովիվների և գյուղացիների մեջ, բարձր, սյունազարդ նախասրահում ու տխուր աչքերով նայում էր թափորին: Դառնորեն հառաչեց՝ լցված ցավով ու տառապանքով, երբ մի կողմում տեսավ մետաքսե, ասեղնագործ զգեստներ, ոսկե զարդեր, բուրվառներ ու թանկարժեք, արծաթե կանթեղներ, իսկ մյուս կողմում՝ խեղճեր ու թշվառներ, որոնք եկել էին գյուղերից ու փոքրիկ ավաններից՝ Զատկի տոնակատարությանն ու տաճարի օծման արարողությանը մասնակից լինելու: Մի կողմից հզորությունը՝ հագած թավիշ ու կերպաս, իսկ մյուս կողմից թշվառությունը՝ քրջերով ու ցնցոտիներով: Այստեղ ուժ ու հարստություն մարմնավորող կրոնն է ներկայանում՝ երգերով ու խնկարկումներով, այնտեղ՝ խեղճ ու նսեմացած ժողովուրդը ուրախանում է գաղտնատես Հիսուսի հարությամբ, աղոթում լռության մեջ ու մրմնջալով հառաչում երկնքի ականջին: Այրող հառաչանքներ՝ փշրված սրտերի խորքերից պակված: Այստեղ առաջնորդներ և մեծավորներ, որոնց համար կյանքը նման է մշտադալար նոճու կյանքին, այնտեղ՝ դժբախտաբար գյուղացիներ, որոնց համար իրենց հպատակ կյանքը նման է նավի, որի նավապետը մահն է, բայց ալիքներն արդեն փշրել են նրա ղեկը, ու քամին պատել է առագաստները, և որը մերթ ծառա է լինում, մերթ՝ սուզվում խորխորատ՝ զայրույթի և սարսափելի փոթորկի մեջ: Այստեղ դաժան բռնակալությունն է, իսկ այնտեղ՝ կույր հպատակությունը: Ո՞ր մեկը մյուսի ծնողն է: Արդյո՞ք բռնակալությունը մի ուժեղ ծառ է, որն աճում է միայն խոնարհ հողում, թե՞ հպատակությունը լքված դաշտ է, ուր բացի փշերից ոչինչ չի աճում:
Այս տանջալի խորհրդածություններով ու տառապալից մտքերով էր տարված Յոհաննան: Բազուկները կուրծքը ճնշում էին, շնչելու համար կոկորդը նեղ էր կարծես ու վախենում էր, որ կուրծքը կպատռվի: Այսպես մնաց մինչև օծման արարողության ավարտը, և ժողովուրդը, բաժանվելով, հեռացավ տարբեր կողմեր: Ու հանկարծ ինչ-որ բան զգաց. ասես օդի մեջ հոգի կար, որն իրեն մղում էր խոսելու, ու ամբոխի մեջ մի ուժ կար, որին ընդառաջեց իր հոգին: Ու կանգնեց՝ քարոզելու երկնքի ու երկրի առջև՝ հայտնելով Նրա ցանկությունը, առաջացավ մինչև գավթի սկզբնամասը, աչքերը բարձրացրեց ու ձեռքը պարզելով՝ գոռաց բարձր, որ բոլորի ունկն ու հայացքը իր կողմ դառնային, իր վրա բևեռվեին:
— Նայի՛ր, ո՜վ Հիսուս Նազովրեցի, որ նստել ես վերևում՝ լուսապսակե սրտի մեջ: Այստեղ նայի՛ր կապույտ երկնակամարի ետևից, այս աշխարհին նայի՛ր, որի տարրերը երեկ Դու հագել էիր որպես պատմուճան: Նայի՛ր, ո՜վ հավատարիմ պահապան, փշերն արդեն խեղդել են ծաղիկներին, որոնց սերմերը սնվել են քո ճակատի քրտինքով: Նայի՛ր, ո՜վ Հովիվ, վայրի գազանների ճանկերն արդեն բզկտել են խեղճ գառնուկի կողերը, որին Դու Քո ուսի վրա ես տարել: Նայի՛ր, Քո անմեղությունն արդեն հողի ընդերքն է անցել, իսկ քո ջինջ արցունքներն արդեն չորացել են մարդկանց սրտերում, շնչիդ ջերմությունն արդեն թուլացել է անապատի քամիների առաջ: Այս դաշտը, որը սրբացրել են Քո ոտքերը, դարձել է սպանության հրապարակ, ուր զորավորների կրունկները փշրում են թույլերի կողերը, և բռնակալների ձեռքերը խլում են խեղճերի հոգիները… Դժբախտների ճիչերը, որ գալիս են խավարի միջից, չեն լսում նրանք, ովքեր նստած են գահերի վրա Քո անվամբ: Ո՛չ էլ դժբախտների ողբն են լսում նրանք, ովքեր Քո ուսմունքն են քարոզում ամբիոններից, ու ոչխարները, որոնց Դու ուղարկել ես հանուն կենաց Խոսքի, դարձել են արդեն գիշատիչներ, որոնք ծվատում են գառանը, որին Դու էիր գրկել: Կենաց Խոսքը, որն իջեցրիր Աստծո սրտից, պահվել է գրքերի էջերի մեջ, իսկ նրա տեղ լսվում է սարսափելի աղմուկ, որից սարսռում են հոգիները: Սակայն, ո՜վ Հիսուս, սրանք, որ բարձրացրել են եկեղեցիներ ու տաճարներ Քո անվան փառքի համար ու զարդարել են մետաքսով և ձուլված ոսկով, լքել են Քո ընտրյալ աղքատների մերկ մարմինները փողոցների անգութ ցրտի մեջ, բայց մթնոլորտը լցնում են խնկի ծխով ու մոմերի բույրով: Քո աստվածությանը հավատացողների ստամոքսները զրկված են հացից: Թեև օդը լցրել են սաղմոսներով ու շարականներով, բայց չեն լսում որբերի լացն ու այրիների հառաչանքները: Արի՛, երկրորդ անգամ արի՛, ո՜վ կենդանի Հիսուս, ու վտարիր կրոնի վաճառականներին Քո կրոնի տաճարից, որն իժերի որջ են դարձրել իրենց խորամանկությամբ ու խարդախությամբ: Արի՛ և հաշիվ պահանջի՛ր այդ կայսրերից, որոնք խլել են թույլերից այն ամենը, ինչն իրենցն է ու Աստծունը: Արի՛ և նայի՛ր որթատնուկին, որը տնկել էր Քո աջ ձեռքը, բայց որի արմատները որդերն են կերել, իսկ ողկույզները անցորդների ոտքերն են ճզմում: Արի՛ ու տե՛ս նրանց, որոնց Դու խաղաղություն պատվիրեցի՛ր, իսկ նրանք բաժանվել են արդեն հակառակ կողմերի ու վիճում են, պատերազմում: Մեր տխուր հոգիներն ու մեր խեղճ սրտերին իրենց պատերազմները հաշմանդամ դարձրեցին… Արարողությունների ու տոնախմբությունների ժամանակ իրենց ձայներն են բարձրացնում՝ համարձակորեն ասելով. «Փառք Աստծո, երկնքում ու երկրի վրա եղիցի խաղաղություն, և ուրախություն բոլոր մարդկանց»: Արդյո՞ք փառաբանվում է Քո երկնային Հայրը, երբ Իր անունը արտաբերում են պիղծ շուրթերն ու ստախոս լեզուները: Արդյո՞ք երկրի վրա խաղաղություն է, երբ դժբախտության որդիները տքնում են դաշտերում և տեսնում իրենց ուժի վատնումը արևի տակ՝ կերակրելու համար ուժեղի բերանն ու լցնելու համար բռնակալի որովայնը: Արդյո՞ք ուրախություն կա ժողովրդի մեջ, երբ դժբախտներն իրենց անհույս աչքերով մահվանը նայում են՝ իրենց ազատարարին նայող դատապարտվածի հայացքով: Ի՞նչ է խաղաղությունը, ո՜վ սիրելի Հիսուս: Արդյո՞ք այն ցուրտ և խավար տներում սոված մայրերի ստինքներից կախված երեխաների աչքերի մեջ է: Կամ կարիքավորների մարմիններո՞ւմ, որոնք քնում են իրենց քարե անկողինների վրա՝ երազելով այն կերակուրը, որը վանքի քահանաները տալիս են իրենց պարարտ խոզերին, ու որն իրենց չի հասնում: Ի՞նչ է ուրախությունը, ո՜վ գեղեցիկ Հիսուս, արդյո՞ք այն կա. երբ էմիրը մի քանի արծաթի կտորներով գնում է տղամարդկանց ուժն ու կանանց պատիվը: Թե՞ այն հնազանդ մարդկանց մեջ է, որոնք հոգով և մարմնով նրանց ստրուկներն են, որոնք նրանց աքերը շլացնում են ոսկու փայլով կամ շքանշաններով, թանկարժեք քարերի ցոլցլանքով ու կերպասե զգեստների շրշյունով: Կամ մի՞թե, երբ աղաղակում ենք՝ բողոքելով, զայրանալով, մեզ վրա են ուղարկում իրենց թրերով ու ձիերի սմբակների տակ տրորում են մեր կանանց ու երեխաների մարմինները, և հողը հարբում է մեր թափվող արյունից… Մեկնիր ուժեղ ձեռքդ, ո՜վ Հիսուս, գթա՛ մեզ, քանի որ բռնակալի ուժեղ ձեռքը ճնշում է մեզ կամ էլ մահվանն ուղարկիր՝ գերեզման առաջնորդելու համար, ուր ապահով, խաչիդ հովանու ներքո հանգիստ կքնենք, մինչև Քո երկրորդ գալստյան ժամը: Քանի որ մեր կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ խավար, ուր մրցում են չար ոգիները, և ձոր, ուր սողում են սարսափելի վիշապներն ու օձերը: Եվ օրերն էլ օրեր չեն մեզ մոտ, այլ սուրսայր սրեր, երբ գիշերը պահվում էր մեր անկողնու մեջ, իսկ առավոտյան՝ մեր գլուխների վրա, երբ ապրելու սերը մեզ առաջնորդում է դաշտերը: Խղճա՛, ո՜վ Հիսուս, Քո անվամբ հավաքված այս ամբոխին, որ սպասում է Քո հարությանը, կարեկցի՛ր նրա հեզությանն ու խեղճությանը:
Այսպես Յոհաննան զրուցում էր երկնքի հետ, իսկ ժողովուրդը կանգնել էր նրա շուրջը. ոմանք գոհանալով ու ուրախանալով, մյուսները՝ զայրացած դատապարտելով:
Մեկը գոռաց.
— Ճշմարիտ է ասում, նա խոսում է մեր մասին երկնքի առաջ, քանի որ մենք ճնշվածներ ենք:
Մյուսն ասաց.
— Նա դժբախտ է, չար ոգու լեզվով է խոսում:
Մեկ ուրիշն ասաց.
— Մենք երբեք չենք լսել նման զառանցանք մեր հայրերից ու պապերից ու չենք ուզում լսել հիմա:
Սակայն մեկը շշնջաց իր հարևանի ականջին.
— Տարօրինակ սարսուռ զգացի, որը սիրտս ցնցեց իր տեղից, երբ լսեցի նրա ձայնը, քանի որ նա խոսում էր տարօրինակ ուժով:
Վերջինս պատասխանեց.
— Այո՛, սակայն առաջնորդները մեզանից ավելի լավ գիտեն մեր կարիքներն, ու սխալ է, որ մենք կասկածենք նրանց:
Երբ բոլոր կողմերից այս ձայները բարձրացան, ասես ալիքների շառաչյուն դարձան, հետո տարրալուծվեցին մթնոլորտում: Քահանաներից մեկը եկավ ու բռնելով Յոհաննային՝ հանձնեց նրան ոստիկանին, որն էլ տարավ նրան կառավարչի տուն: Երբ նրան հարցաքննեցին, ոչ մի բառ չասաց, քանի որ հիշում էր, որ Հիսուսը լուռ էր իր հալածողների առաջ: Ապա նրան իջեցրին խավար բանտը, ուր հանդարտ քնեց՝ հենվելով քարե պատին:
Հաջորդ օրվա առավոտյան Յոհաննայի հայրը եկավ և դատավորին վկայություն տվեց, որ նա խենթ է ու միամորիկ՝ ասելով.
— Տեր իմ, հաճախ եմ լսել նրա մրմնջոցը միայնության մեջ՝ տարօրինակ, ո՛չ իրական բաների մասին: Որքա՜ն գիշերներ լռության մեջ արթուն զրուցում էր անծանոթ բառերով՝ կանչելով խավարի ստվերներին՝ մոգերին ու կախարդներին բնորոշ սարսափելի ձայնով: Հարցրե՛ք, տեր իմ, փողոցի երեխաներին, որոնք նրա հետ խաղացել են և գիտեն, որ նրա միտքը հափշտակված է հեռավոր և ուրիշ աշխարհով: Եթե խոսում էին նրա հետ, չէր պատասխանում: Իսկ եթե խոսեր, ապա՝ մշուշոտ բառերով, որոնք որևէ կապ չունեն խոսակցության հետ: Հարցրե՛ք մորը, որը բոլորից լավ գիտի նրա հոգին, որտեղից դուրս են հանված իմաստալից զգացումները: Բազում անգամ է տեսել նրան սառած ու չոր աչքերով՝ անթարթ հայացքով հորիզոնին նայելիս և լսել նրան կրքոտ խոսելիս ծառերի, ծաղիկների և աստղերի մասին, ինչպես երեխաներն են խոսում աննշան բաներից: Հարցրե՛ք վանքի վանականներին, որոնց հետ երեկ վիճել էր՝ փնովելով նրանց աստվածանմանությունը և արհամարհելով նրանց սուրբ կյանքը: Նա խենթ է, տեր իմ, սակայն բարեգութ է իմ և իր մոր հանդեպ, նա մեզ ապավեն է ծերության օրերին և իր ճակատի քրտինքով է հոգում մեր կարիքները: Գթա՛ նրան մեր հանդեպ ունեցած քո կարեկցանքով և քո գթությամբ ներիր նրա խենթությունը հանուն իր ծնողների:
Յոհաննային ազատ արձակեցին, ու այդ կողմերում նրա խենթության լուրը տարածվեց. պատանիները հիշում էին նրան՝ ծաղրելով նրա խոսքերը, իսկ աղջիկները նայում էին նրան կարեկցող հայացքով ու ասում. «Ամեն մի տարօրինակություն մարդու մեջ երկնքի պատճառով է, ու այս պատանու մեջ միահյուսված են գեղեցկությունն ու զգացմունքների խառնաշփոթը, և նրա գեղեցիկ աչքերի փայլը խամրել է իր հիվանդ հոգու խավարում»:

***

Այդ մարգագետինների և կանաչ խոտերով ու երփներանգ ծաղիկներով ծածկված բլուրների միջև նստել էր Յոհաննան իր հորթերի կողքին, որոնք էլ մարդկանց հալածանքից փախել էին արոտավայրեր: Արցունքոտ աչքերով նայելով հովտով մեկ ցրված գյուղերին ու ավաններին՝ խոր հառաչանքով այս խոսքերը կրկնեց.
— Դուք բազում եք, իսկ ես՝ միայնակ: Ասացիք իմ մասին, ինչ ցանկացաք, արեցիք, ինչ կամեցաք: Գայլերը կբզկտեն ոչխարին մթին գիշերում, սակայն նրա արյան հետքերը կմնան հովտի քարերի վրա, մինչև կգա այգալույսը, և կծագի արևը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Մանուկյանի

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով