Հենրիկ Էդոյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 2001, 10

ԱՅՍ ՄԱՐԴԸ

Նա ապրում է այստեղ, այս մարդը — հինավուրց
մի ցեղի ժառանգը, որ չունի ժառանգություն,
թագավոր, որ չունի թագավորություն,
խոսում է, բայց նրա բառերը փախչում են
ինչպես թռչուններ,
լռում է, բայց ոչ ոք չի հարցնում նրան —
«Ի՞նչ է պատահել»,
այս մարդը, հինավուրց թագավորության
միակ ժառանգը, վերջին բնակիչը
առաջին առասպելի,
իր անցյալն առջևում է, ապագան ետևում,
նա քայլում է ժամանակի հակառակ կողմից,
գալիս է չեղած ճանապարհներով,
կանգնում է այնտեղ, ուր չի կարելի,
մեռնում է այնտեղ, ուր արգելված էր,
ապրում է այնտեղ, որի մասին դեռևս
որոշում չունի,
միաժամանակ և՛ կա, և՛ չկա,
ինչպես լույս անորսալի, ինչպես խավարի մեջ
մի ցոլք տարօրինակ,
որ չի կուրացնում,
այս մարդը — հինավուրց մի ցեղի
ժառանգը, վերջին բնակիչը
առաջին առասպելի։

ԵՐԲ ՀՆՉՈՒՄ է ԶԱՆԳԸ

Իմ շուրթերը կերտում են քո մարմինը
այնպես, ինչպես նրան իր ձևն է տվել
Արարչի ձեռքը,
իմ ճիգերը քեզ
գրկում են չորս կողմից, փաթաթվում նրան
ինչպես բաղեղ,
իմ շուրթերը խմում են շնչառությունդ,
ստեղծում նոր բառեր քեզ համար,
նոր աշխարհ աշխարհում։
Սերը երկրի վրա
նույն ծառն է վերաշրջված.
գլուխը հողի մեջ, իսկ ճյուղերն օդում։
Իմ ժամացույցը ես լարում եմ հավերժի
թվերի վրա,
երբ հնչում է զանգը, ես արթնանում եմ —
դա սիրո զանգն է։

ԱՍՏՎԱԾ է ՀՈՒՇՈՒՄ ՔԵԶ

Ճիգերը մոտենալու,
ձև տալու ջանքերը
կառուցում են քեզ
սեփական չափումներով,
քո մարմնի միստիկան
քո մեջ չի տեղավորվում,
և քո բառերի բազմանկյուն
անոթներում
տեղ չկա դեռևս
լռության համար։
Աստված Է հուշում քեզ
այդ լռությունը,
Ուղղի՛ր քո սխալը։

ՍԻՐԵԼԻՍ, ՄԵՆՔ ԵՂԵԼ ԵՆՔ

Ամառը, աշունը … Ուրիշ են վայրերը, ուրիշ են օրերը,
մեր թղթե նավակները կորել են հեռու ջրերում,
դեմքերն անծանոթ են՝ ասես մի օտար
պատկերասրահում կախված նկարներ։

Նույն աշխա՞րհն է սա, որ մենք մի անգամ
մեր ձեռքով շոշափել ենք, տեսել ենք, ապրել,
ու՞ր են մեր նավակները, որ բաց ենք թողել
ջրերի մեջ քարացած և անշարժ գետի։

Մենք այնտեղ մնացել ենք, մենք այնտեղ մեր վերջին
երազն ենք տեսել, մեզ այնտեղ աստվածները
արդարացրել են, մեզ նրանք
պահել են իրենց քնի մեջ
կենդանի և արթուն, ապրելու իրար հետ
ջրերի մեջ քարացած և անշարժ գետի։
Սիրելիս, մենք եղել ենք, եղել ենք, եղել։

ՈԼՈՐՏՆԵՐ

Ոլորտներ Դժոխքի
քարացած մի մութ լիճ
սեփական ափերում
անցումը Դանթեի
ստույգ ինչպես քար
հին ու ժանգոտված
ավտոմեքենաներ,
թղթեր, լրագրեր
բազմությունների
անընդհատ շարժում և շրջապտույտ
սնափառ մարմնի շուրջ.
կոնքերի մեջ մահ
ուզում է ծննդաբերել
բայց չի կարողանում
մի զինված հրեշտակ
¥պահապան հրեշտակներից¤
հսկում է արթուն
նրա ազդրերի գիշերում վառվող
Դժոխքի առաջ։

ՄԻԱԿ ՇՈՇԱՓԵԼԻՆ

Օրը գլորվում էր
քաղաքի վրայով
գնում, հետ գալիս
ինչպես Սիզիֆի քար։

Եվ կեսօրվա մեջ
փողկապն արձակելով
փորձում էր ապրել
մի հին տղամարդ։

Հոգին խաչվում էր,
իսկ մարմինը դեռ
շրջում էր փողոցում,

ուր միակ շոշափելին
հենց իր ստվերն էր։

ՈՒՇ է ԱՐԴԵՆ

Դրախտի մեջ արդեն ջնջվել,
չքացել են հետքերը մեր,
և մեր վերջին վերադարձից
չի մնացել ոչ մի վերհուշ
այնքան ուժեղ և կենդանի,
որքան ցավը մեր զղջումի։

Հրեշտակներն անցնում օդում,
մեր մասին են պատմում իրար,
մենք անանցյալ, անճանապարհ
ճիգ ենք անում լսել նրանց,
բայց այն, ինչ որ լսում ենք մենք,
արձագանքն է մեր լռության։

Քաղաքների դեմքից թանձր
օրն է հոսում։ Դրախտի մեջ
մեր հետքերն են անհետացել։
Ուշ է արդեն, օրն այս կանցնի,
փակի՛ր դուռը, նստիր այստեղ
ինքդ քեզ հետ։ Եվ քարացիր։

ԹԵԹԵՎ ՀԱԳՆՎԱԾ ԿԱՆԱՅՔ

Մշուշոտ պատկերի մեջ
ուրվագծվում են օրերի եզրերը
ամեն մեկն իր շարժման
և անկման վայրում,
և գեղեցկության հպումը երկրին
արթնացնում է երազի
ննջած հոգիներին
և թեթև հագնված կանայք — անձրևից
և ցողից թրջված
հաշվում են տխրությամբ իրենց գեղեցկության
վերջին տոկոսները,
որ նրանց չեն պաշտպանում
երբեք ոչ մի տեղ
և շահույթ չեն տալիս։

ՏԽՈՒՐ ԿԵՆԴԱՆԻՆ

Փողոցում, ուր մարդը-
մի տխուր կենդանի,
լծված իր սպասման
և հոգսի սայլին,
հոսում են ժամերը գետի պես
հետ ու առաջ,
բոլորը միասին, ոչ մեկ-մեկ,
այլ իրար հետ-
խաոս կրծքի տակ,
զգացմունք խաոսի մեջ
իբրև աններդաշնակ
փողոցի երազ
և երազ-փողոցի տեսիլքի առաջ-
անհայտի և լուռի
ցանկապատի մոտ,
լծված իր սպասման
և հոգսի սայլին
փողոցի և երազի
տխուր կենդանին:

ԱՆԱՐՑՈՒՆՔ ԵՎ ԱՆՀԱՅՏ

Լինել անորոշ և անդեմ
ինչպես քարը փխրուն
տառապանքը թաքցրած
իր կեղևի տակ
սառը և կայուն
անթարթ աչքի պես
քարի մեջ դրված,
ծանր ինչպես բառ
որից կառչում է
առարկան ստվերոտ
անարցունք և անհայտ
քարը — համր ու անկիրք
ինչպես տիեզերք
աչքի բիբի մեջ։
Քար բառ առարկա
աչքի բիբ տիեզերք
քարի մեջ դրված
լինել քար համր ու անկիրք։

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով