Ֆեոդոր Դոստոևսկի. Դևեր

«Գարուն», 2001, 8

Ֆ. Մ. Դոստոևսկու «Դևերի»` տպագրության պատրաստ տեքստից մի ամբողջական հատված զետեղելու բարեհաճ առաջարկն ընդունելով շնորհակալությամբ, նպատակահարմար գտանք տարբեր, միմյանց հետ կապ չունեցող որոշ կտորների մեկտեղումից: Ինչպես կնպաստի ընթերցողը, մենախոսության, երկխոսության, առանձին դատողությունների սույն քաղվածքներն ունեն մեկ ընդհանրություն` այսպես կոչված «անցումային շրջանի» մտահոգություններ են, տագնապներ, կայունացած համոզումներ, որոնք նույնչափ օրախնդիր են Հայաստանի, հայ ընթերցողի համար ներկայումս, մեր «անցումային» կոչված ժամանակաշրջանի համար: Իսկ ընդհանրապես, Դոստոևսկու այդ մեծ երկը, գեղարվեստական հզոր ներգործությունից զատ, միաժամանակ ինքնօրինակ «դասագիրք» է բոլոր տեսակների «խառնակ ժամանակների» համար, որը պատասխան է տալիս թե գլխավորագույն հարցին` «ԻՆՉ ԱՆԵԼ», այլև ոչ պակաս կարևոր հարցին, թե «ԻՆՉ ՉԱՆԵԼ»…

ԹԱՐԳՄԱՆԻՉ

Մ. Դոստոևսկի. «Դևեր»
(հատվածներ)

… — Բարեկամներս,- սովորեցնում էր նա մեզ,- մեր ազգությունը, եթե իրականում «ծնունդ է առել», ինչպես հիմա հավատացնում են նրան թերթերում, ապա դեռևս նստած է դպրոցում, մի որևէ գերմանական պետերշուլեում, գերմանական գիրքն առած և սերտում է իր հավերժական գերմաներեն դասը, իսկ գերմանացի ուսուցիչը, երբ պետք է լինի, նրան ծնկի է իջեցնում: Գերմանացի ուսուցչի համար խոսք չունեմ, բայց ամենահավանականն այն է, որ ոչինչ չի պատահել և ոչինչ էլ ծնունդ չի առել, այլ ամեն ինչ գնում է, ինչպես նախկինում, այսինքն` Աստծո հովանու ներքո: Իմ կարծիքով, բավական էլ է Ռուսաստանի համար, մեր սրբազան Ռուսիո համար: Ընդ որում, բոլոր այդ համասլավոնականություններն ու ազգությունները` այդ ամենը չափազանց հին է` նոր լինելու համար: Ազգությունը, եթե ուզում եք, մեզանում երբեք էլ ուրիշ բան չի ներկայացրել իրենից, քան ակումբային աղայական հնարանք, ավելացրած դեռ` մոսկովյան հնարանք: Հարկավ, ես չեմ խոսում իգորների ժամանակների մասին: Եվ վերջապես, ամեն ինչ գալիս է պարապսարապությունից: Մեզանում ամեն ինչ է պարապսարապությունից, թե՝ բարին, թե՝ լավը: Ամեն ինչ` մեր աղայական, սիրելի, ուսյալ, քմահաճ պարապսարապությունից:
Երեսուն հազար տարի դա եմ պնդում: Մենք սեփական աշխատանքով ապրել չենք կարողանում: Եվ այն, որ հիմա իրար են անցել մեզանում «ծնունդ առած» ինչ-որ հասարակական կարծիքով, հանկարծակի, ոչ դես, ոչ դեն, երկնքի՞ց ընկավ: Մի՞թե չեն հասկանում, որ կարծիք ձեռք բերելու համար ամենից առաջ աշխատանք է պետք, սեփական աշխատանք, սեփական նախաձեռնություն գործի մեջ, սեփական պրակտիկա: Ձրի ոչինչ չի արվում երբեք: Կաշխատենք, մեր կարծիքն էլ կունենանք: Իսկ քանի որ մենք երբեք չենք աշխատել, ապա մեր փոխարեն կարծիք կունենան նրանք, ովքեր մեր տեղն աշխատել են մինչև հիմա, այսինքն` նույն այդ Եվրոպան, նույն այդ գերմանացիները` մեր երկուհարյուրամյա ուսուցիչները: Բացի դրանից, Ռուսաստանը չափից ավելի մեծ թյուրիմացություն է, որպեսզի կարողանանք մենակ ինքներս լուծել դա, առանց գերմանացիների և առանց աշխատանքի: Ահա, արդեն քսան տարի ահազանգ եմ խփում և աշխատանքի կոչում: Ես կյանքս եմ տվել այդ կոչին, և խելագարս` հավատացել եմ: Հիմա արդեն չեմ հավատում, բայց կոչնազանգը խփում և մինչև վերջ խփելու եմ, մինչև գերեզման, պարանը քաշելու եմ այնքան ժամանակ, մինչև իմ հոգեհանգստի զանգերը չզարկեն… Ինչ գալիս է քրիստոնեությանը, ապա իմ ամբողջ անկեղծ հարգանքով հանդերձ, ես քրիստոնյա չեմ: Ես ավելի շուտ հնօրյա հեթանոս եմ, ինչպես մեծն Գյոթեն կամ ինչպես հին հույն: Եվ արդեն միայն մի բան, որ քրիստոնեությունը չհասկացավ կնոջը, ինչ այնքան հյակապ է զարգացրել Ժորժ Զանդն հանճարեղ իր վեպերից մեկում: Ինչ վերաբերում է երկրպագուներին, պասերին և մնացյալին, ապա չեմ հասկանում, թե ո՞վ ինչ գործ ունի ինձ հետ: Ինչքան էլ այստեղ իրար անցնեն մեր մատ-նիչները, բայց ճիզվիտ դառնալ չեմ ցանկանում:
Քառասունյոթ թվականին Բելինսկին, գտնվելով արտասահմանում, Գոգոլին է ուղարկել իր հայտնի նամակը, որով տաք-տաք կշտամբել է նրան, որ հավատում է «ինչ-որ մի Աստծու»: Մեր մեջ ասած, ավելի երգիծական ոչինչ չեմ կարողանում պատկերացնել, երբ Գոգոլը (այն ժամանակվա Գոգոլը) կարդացել է այդ արտահայտությունը և… ամբողջ նամակը: Սակայն, մի կողմ դնելով ծիծաղելին, և քանի որ այնուամենայնիվ, գոր-ծի էությանը համաձայն եմ, ապա կասեմ ու մատնացույց կանեմ` ինչ մարդիկ են եղել: Կարողացել են, չէ՞ սիրել իրենց ժողովրդին, կարողացել են, չէ՞, տուժել հանուն նրա, կարողացել են, չէ՞, նրա համար ամեն ինչ զոհաբերել ու կարողացել են միաժամանակ չմեկտեղվել, երբ պետք է, չխրախուսել նրան հայտնի ըմբռնումների մեջ: Հո չէր կարող Բելինսկին իրականում փրկություն որոնել պասուց ձեթի կամ սիսեռով բողկի մեջ…»:
Բայց այստեղ հանդես եկավ Շատովը:
— Ձեր այդ մարդիկ երբեք չեն սիրել ժողովրդին, չեն տառապել նրա համար և ոչինչ չեն զոհաբերել նրան, ինչպես էլ դա պատկերացնեն իրենք, սեփական բավականության համար,- մռայլված փնթփնթաց նա, հայացքը ցած հառած և անհամբեր շրջվելով աթոռի վրա:
— Այդ նրա՞նք չեն սիրել ժողովրդին,- աղաղակեց Ստեպան Տրոֆիմովիչը: Օ՜, ինչպես են սիրել Ռուսաստանը:
— Ոչ Ռուսաստանը, ոչ էլ ժողովրդին,- աղաղակեց նաև Շատովը, շողացնելով աչքերը: — Չի կարելի սիրել այն, ինչ չգիտես, իսկ նրանք ռուս ժողովրդից ոչինչ չեն հասկացել: Բոլոր նրանք, դուք էլ նրանց հետ միասին, ռուս ժողովրդին նայել եք մատների արանքով, իսկ Բելինսկին` հատկապես, և հենց Գոգոլին ուղղված նամակից է դա երևում: Բելինսկին ճիշտ և ճիշտ Կռիյլովի հետաքրքրասերն է, չի նկատել փղին կունստկամերայում, այլ իր ամբողջ ուշադրությունն ուղղել է ֆրանսիական սոցիալական բզեզիկների վրա, դրանցով էլ վերջացրել: Իսկ չէ որ նա նաև, թերևս, ձեզանից բոլորից ավելի խելացի էր: Բավական չէ, աչքաթող եք արել ժողովրդին, դուք նողկալի արհամարհանքով եք վերաբերվել նրան, գոնե սոսկ նրանով, որ ժողովուրդ ասելով, երևակայել եք միայն միմիայն ֆրանսիական ժողովուրդը, այն էլ լոկ փարիզցիներին, ու ամաչել, որ ռուս ժողովուրդն այդպիսին չէ: Եվ սա մերկ ճշմարտություն է: Իսկ ով ժողովուրդ չունի, նա Աստված էլ չունի: Հաստատ իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր դադարում են հասկանալ իրենց ժողովրդին և կորցնում են իրենց կապերը նրա հետ, իսկույն ևեթ, նույն չափով կորցնում են նաև հայրենական հավատքը, դառնում են կամ անաստված, կամ անտարբեր: Ճիշտ եմ ասում: Սա փաստ է, որը կարդարանա: Ահա ինչու թե դուք բոլորդ, թե մենք բոլորս հիմա կամ նողկալի անաստվածներ ենք, կամ անտարբեր, այլասերված անպետքություն, և ուրիշ ոչինչ…
… Շուտով ընդհատեց, ձեռքը թափ տալով.
— Դուք հիշո՞ւմ եք եք ձեր ասածը. «Աթեիստը չի կարող ռուս լինել, աթեիստը տեղնուտեղը դադարում է ռուս լինելուց», հիշո՞ւմ եք:
— Այո՞,- հարցն ասես կրկնեց Նիկոլայ Վսևոլոդովիչը:
— Դուք հարցնո՞ւմ եք: Մոռացե՞լ եք: Մինչդեռ, ձեր կռահած ռուսական ոգու գլխավորագույն առանձնահատկություններից մեկի ամենաճշգրիտ նշումներից է դա: Չէի՞ք կարող դա մոռանալ: Ձեզ ավելին հիշեցնեմ, հենց այն ժամանակ էլ ասացիք. «Ոչ, ուղղափառը չի կարող ռուս լինել»:
— Ենթադրում եմ, որ սլավոնապաշտական միտք է դա:
— Չէ, ներկայիս սլավոնապաշտները դրանից կհրաժարվեն: Ժողովուրդը հիմա խելոքացել է: Բայց դուք էլ ավելի առաջ գնացիք, դուք հավատացած էիք, որ հռոմեական կաթոլիցիզմն արդեն քրիստոնեություն չէ: Դուք պնդում էիք, որ Հռոմը հռչակել է սատանայական երրորդ փորձությանը տրված Քրիստոսին և որ ամբողջ աշխարհով հայտարարե-լով, թե Քրիստոսն առանց երկրային թագավորության երկրի վրա դիմանալ չի կարող, կաթոլիկականությունը դրանով իսկ հռչակել է Նեռին ու դրանով կործանել ամբողջ արևմտյան աշխարհը: Հենց դուք էիք մատնացույց անում, որ եթե տանջվում է Ֆրանսիան, ապա միայն կաթոլիկականության մեղքով, քանզի ժխտել է հռոմեական Ժանտ աստծուն, իսկ նորը չի գտել: Ահա թե ինչեր կարող էինք այն ժամանակ լսել: Ես հիշում եմ մեր խոսակցությունները:
— Եթե ես հավատայի, ապա անկասկած, կկրկնեի դա նաև հիմա: Ես չեմ ստել, խոսելով որպես հավատացյալ,- շատ լուրջ ասաց Նիկոլայ Վսևոլոդովիչը: — Բայց հավատացնում եմ ձեզ, որ ինձ վրա չափազանց տհաճ տպավորություն է գործում իմ նախկին մտքերի այդ կրկնությունը: Չե՞ք կարող դադարեցնել:
— Եթե հավատայի՞ք,- բղավեց Շատովը, նվազագույն ուշադրություն չդարձնելով խնդրանքին: — Բայց դո՞ւք չէիք ինձ ասում, արդյոք, որ եթե մաթեմատիկորեն ապացուցեն ձեզ, որ ճշմարտությունը դուրս է Քրիստոսից, ապա դուք կհամաձայնեիք ավելի լավ է Քրիստոսի հետ մնալ, քան ճշմարտության: Ասե՞լ եք դա: Ասե՞լ եք:
— Բայց դե, թույլ տվեք ինձ էլ հայտնել ի վերջո,- ձայնը բարձրացրեց Ստավրոգինը,- ո՞ւր է տանում այս ամբողջ անհամբերատար և… չարամիտ քննությունը:
— Այս քննությունը կանցնի հավերժորեն ու այլևս երբեք չի հիշեցվի ձեզ:
— Դուք շարունակ պնդում եք, թե մենք դուրս ենք տարածությունից և ժամանակից…
— Լսեք,- հանկարծ բղավեց Շատովը: — Ես անխելք եմ ու անվարժ, բայց թող ծիծաղելիի մեջ կորչի իմ անունը: Թույլ կտա՞ք, արդյոք, կրկնել ձեզ այն ժամանակվա ձեր ամբողջ գլխավոր միտքը… Օ, միայն տասը տող, եզրակացությունը միայն:
— Կրկնեք, եթե սոսկ եզրակացությունն է:
Ստավրոգինը ժամացույցին նայելու շարժում պիտի աներ, բայց զսպեց իրեն ու չնայեց:
Շատովը վերստին հակվեց աթոռի վրա և մի պահ նույնիսկ մատն էլ էր տնկելու:
— Ոչ մի ժողովուրդ,- սկսեց նա, կարծես տող առ տող կարդալով, միաժամանակ շարունակելով ահեղատեսք նայել Ստավրոգինին,- ոչ մի ժողովուրդ դեռևս չի կազմակերպվել-դասավորվել գիտության և բանականության հիմունքներով, ոչ մի անգամ նման օրինակ չի եղել, գուցե թե րոպեական, հիմարավարի: Սոցիալիզմն ըստ էության, արդեն պիտի աթեիզմ լինի, քանզի ազդարարել է հենց, ամենաառաջին տողից, որ աթեսիտա-կան սահմանում է և մտադիր է կայանալ բացառապես գիտության և բանականության հիմունքներով: Բանականությունը և գիտությունը ժողովուրդների կյանքում մշտապես, հիմա և դարերի սկզբից, սոսկ երկրոդական և հարակից դեր կատարել, այդպես էլ կկատարեն մինչև դարերի վերջը: Ժողովուրդները կազմավորվում և շարժվում են մեկ ուրիշ, հրամայող և իշխող ուժով, սակայն որի ծագումն անհայտ է ու անբացատրելի: Այդ ուժը մինչև վերջ հասնելու անհագուրդ ցանկության, միաժամանակ վախճանը ժխտելու ուժն է: յանքի անընդմեջ և անխոնջելի հաստատման և մահի ժխտման ուժն է: Կյանքի ոգին, ինչպես Կտակարանն է ասում. «Կենդանի ջրի աղբյուրներն» են, որոնց ցամքմամբ այնպես սպառնում է Հայտնությունը: Ակունքը գեղագիտական է, ինչպես ասում են փիլիսոփաները, ակունքը բարոյական է, ինչպես նույնացնում են հենց նրանք: «Աստծո որոնումներ»` ինչպես ես եմ անվանում ամենից ավելի պարզ: Ժողովրդական ամբողջ շարժման նպատակը, յուրաքանչյուր ժողովրդի մեջ և նրա կեցության յուրաքանչյուր շրջանում, միայն ու միայն Աստծո որոնում է, իր Աստծո, անպատճառ սեփական, և հավատը նրա նկատմամբ, որպես միակ իսկական: Աստված ամբողջ ժողովրդի սինթետիկ անձնավորությունն է, առնված նրա սկզբից ու մինչև վերջ: Դեռ երբեք չի ե-ղել, որ բոլոր կամ շատ ժողովորդներ մեկ ընդհանուր Աստված ունենան, բայց միշտ և յուրաքանչյուրն ունեցել է առանձնահատուկը: Ազգությունների ոչնչացման հատկանիշ է, երբ աստվածները սկսում են դառնալ ընդհանուր: Երբ աստվածներն ընդհանուր են դառնում, ապա մեռնում են աստվածները և հավատը նրանց հանդեպ, իրենց իսկ ժողո-վուրդների հետ: Ինչքան ավելի ուժեղ է ժողովուրդը, այնքան ավելի առանձնահատուկ է նրա Աստված: Դեռ երբեք չի եղել ժողովուրդ առանց կրոնի, այսինքն` առանց չարի և բարու հասկացության: Յուրաքանչյուր ժողովուրդ բարու և չարի մասին սեփական ըմբռնումն ունի և իր սեփական չարն ու բարին: Երբ շատ ժողովուրդների համար ընդհանուր են դառնում չարի և բարու մասին ըմբռնումները, այդժամ վերանում են ժողո-վուրդները և այդժամ չարի և բարու միջև բուն տարբերությունը սկսում է ջնջվել ու անհետանալ: Բանականությունը երբեք ի զորու չի եղել բնորոշել չարն ու բարին, կամ նույնիսկ տարանջատել չարը բարուց, թեկուզ մոտավորապես: Ընդհակառակը, միշտ խայտառակ ու խեղճացած խառնել է, իսկ գիտությունը բռնցքային լուծումներ է տվել: Դրանով հատկապես աչքի է ընկել կիսագիտությունը, մարդկության ամենասարսափե-լի պատիժը, ավելի վատ համաճարակից, սովից ու պատերազմից, անհայտ մինչև ներկա հարյուրամյակը: Կիսագիտությունը մի բռնակալ է, որպիսին երբեք չի եղել, որի առաջ բոլորը խոնարհվել են սիրով և սնահավատությամբ` մինչև այժմ անպատկերացնե-լի, որի դեմ դողում է անգամ գիտությունը և ամոթալի կերպով խրախուսում:
… — Աստծուն իջեցնում եմ ազգության հատկանիշի՞,- բղավեց Շատովը: — Հակառակը, ժողովուրդն եմ բարձրացնում մինչև Աստված: Ու երբևէ եղե՞լ է այլ կերպ: Ժողովուրդը Աստծո մարմինն է: Յուրաքանչյոււր ժողովուրդ մինչև այն ժամանակ է ժողովուրդ, քանի դեռ ունի իր հատուկ Աստված, իսկ մնացած բոլոր աստվածներին բացառում է ամենայն անհաշտությամբ, քանի դեռ հավատում է, որ իր Աստծով կհաղթի և աշխարհից կվտարի մնացած բոլոր աստվածներին: Այդպես են հավատացած եղել բոլորը դարերի սկզբից, համենայն դեպս, բոլոր մեծ ժողովուրդները, բոլոր փոքրիշատե նշանակալի, մարդկության գլուխ կանգնած բոլոր ժողովուրդները: Փաստի դեմ գնալ չի կարելի: Հրեաներն ապրել են սոսկ նրա համար, որ սպասեն իսկական Աստծուն և աշխարհին են թողել իսկական Աստծուն: Հույներն աստվածացրել են բնությունը և աշխարհին կտակել իրենց կրոնը, այսինքն` փիլիսոփայությունը և արվեստը: Հռոմն աստվածացրել է ժողովրդին պետության մեջ և ժողովորդներին կտակել պետության գաղափարը:
… Ռուս ազնվականության մեջ արտակարգ շուտ մաշվող մի բան կա, բոլոր առումներով: Բայց ես ուզում եմ մաշվել որքան հնարավոր է, ավելի ուշ և հիմա պատրաստվում եմ արտասահման գնալ ընդմիշտ, այնտեղ եղանակն էլ է ավելի լավ, շինություններն էլ են քարե, ամեն ինչ ավելի ամուր է: Ես կարծում եմ, Եվրոպան կբավականացնի մինչև կյանքիս վերջը: Դո՞ւք ինչ եք կարծում:
— Ինչ իմանան:
— Հըմ: Եթե այնտեղ իսկապես կկործանվի Բաբելոնը և այդ անկումը վիթխարի լինի, ապա մեզ մոտ, Ռուսաստանում, կործանվելու բան էլ չկա, համեմատաբար ասած: Մեր վրա կթափվեն ոչ թե քարեր, այլ ամեն ինչ կթաղվի ցեխի մեջ: Սրբազան Ռուսիան աշխարհում բոլորից քիչ կարող է հակահարված տալ որևէ բանի: Հասարակա ժողովուրդը դեռևս մի կերպ դիմանում է ռուսական Աստվածով, սակայն ռուսական Աստված, վերջին տեղեկություններով, միանգամայն անհուսալի է և նույնիկս գյուղացիական ռեֆորմի դեմ հազիվ կանգուն մնաց, համենայն դեպս, սաստիկ երերաց: Այստեղ էլ` երկաթուղիներ, այստեղ էլ` դուք… ռուսական Աստծուն ես որ ամենևին չեմ հավատում:
— Իսկ եվրոպականի՞ն:
— Ոչ մեկին էլ չեմ հավատում: Ինձ զրպարտել են ռուս երիտասարդության առաջ: Ես միշտ կարեկցել եմ նրա յուրաքանչյուր շարժումին: Ինձ ցույց են տվել այստեղի թռուցիկները: Դրանց նայում են տարակուսանքով, որովհետև բոլորին վախեցնում է ձևը, բայց և այնպես, բոլորը հավատացած են նրանց զորությանը, թեև չգիտակցելով դա: Բոլորը վաղուց անկում են ապրում, և բոլորը վաղուց գիտեն, որ բռնելու տեղ չունեն: Ես այլևս այն պատճառով եմ համոզված այդ խորհրդավոր քարոզչության հաջողության մեջ, որ Ռուսաստանը գերազանցապես հիմա այն տեղն է ամբողջ աշխարհում, ուր ինչ ասես կարող է կատարվել, առանց նվազագույն դիմադրության: Ես անչափ լավ եմ հասկանում, թե ինչու բոլոր ունևոր ուսանողները խուժեցին արտասահման, և ամեն տարի ավելի ու ավելի: Դա պարզապես բնազդն է: Եթե նավը պիտի խորտակվի, առնետներն առաջինն են նավից ծլկում: Սրբազան Ռուսիան փայտաշեն երկիր է, աղքատ և… վտանգավոր, իր վերին շերտերում սնափառ մուրացկաններով երկիր է, իսկ վիթխարի մեծամասնությունն ապրում է փայտյա պստիկ խրճիթներում: Միայն կառավարությունն է դեռևս ուզում դիմադրել, բայց մահակն է ճոճում մթության մեջ ու խփում յուրայիններին: Այստեղ ամեն ինչ դատապարտված է ու վճռված: Ռուսաստանը, ինչպես որ կա, ապագա չունի: Ես գերմանացի դարձա և դա պատիվ եմ համարում ինձ համար:
— Ոչ, դուք սկսեցիք թռուցիկներից, ասեք ամեն ինչ, դրանք ինչպե՞ս եք դիտում:
— Բոլորը վախենում են նրանից, նշանակում է, նրանք զորեղ են: Բացեիբաց մերկաց-նում են խաբեյությունը և ապացուցում, որ մեզանում բռնելու տեղ չկա և ոչ մի հենարան չկա: Նրանք ասում են բարձրաձայն, երբ բոլորը լռում են: Նրանց ամենահաղթականը (չնայած ձևին) ճշմարտության ուղիղ աչքերին նայելու` մինչև այժմ չլսված հա-մարձակությունն է: Ճշմարտության ուղիղ աչքերին նայելու այդ ընդունակությունը միայն ու միայն ռուսական սերնդինն է: Ոչ, Եվրոպայում դեռևս այդքան համարձակ չեն այնտեղ քարեղեն թագավորություն է, այնտեղ դեռևս հենվելու բան կա: Ինչքան տեսնում եմ և ինչքան կարող եմ դատել, ռուսական հեղափոխական գաղափարի համակ էությունը պատվի ժխտման մեջ է: Ինձ դուր է գալիս, որ դա այդպես համարձակ ու անկախ է արտահայտվում: Ոչ, Եվրոպայում դա դեռ չեն հասկանում, իսկ մեզանում հենց դրան էլ վրա կպրծնեն: Ռուս մարդու համար պատիվը սոսկ ավելորդ բեռ է: Ու միշտ էլ բեռ է եղել, նրա ամբողջ պատմության ընթացքում: Բացահայտ «անպատվության իրավունքով» նրան ամենից շուտ կարելի է հրապուրել: Ես հին սերնդի մարդ եմ և, խոստովանում եմ, դեռևս պաշտպան եմ պատվին, բայց չէ որ դա լոկ սովորությունից է: Ինձ սոսկ դուր են գալիս հին ձևերը, ասենք, փոքրոգության առումով: Պետք է, չէ՞, կյանքը մի կերպ ապրել:
… — Ստավրոգինը կանգնել և նայում էր նրա խելացնոր աչքերին:
— Լսեք, մենք սկզբից ծայր կտանք խռովությանը,- ահավոր շտապում էր Վերխովենսկին, որպեն մեկ բռնելով Ստավրոգինի ձախ թևքը: — Ես ձեզ արդեն ասել եմ. մենք կթափանցենք բուն ժողովրդի մեջ: Գիտե՞ք, արդյոք, որ արդեն հիմա մենք ահավոր ուժեղ ենք…
… Ճիշտ է, շատերը ջանում էին ընդունել ամենախոժոռ ու քաղաքական տեսք, բայց ընդ-հանուր առմամբ, ռուս մարդուն անչափ զվարճացնում է հասարակական որևիցե սկանդալային իրարանցում: Ճիշտ է, սոսկ սկանդալի ծարավից շատ ավելի լուրջ մի բան կար մեզանում` համընդհանուր ջղաձգություն, անհագորեն չարամիտ, թվում էր, ամեն ինչ ահավոր ձանձրացրել է բոլորին: Իշխում էր մի տեսակ համընդհանուր խառնի-խուռն ցինիզմ, ուժից վեր, ասես լարումից առաջացած ցինիզմ:
… Ես արդեն նշել եմ, որ մեզ մոտ հայտնվել էին զանազան մարդուկներ: Տատանման կամ անցման խառնակ ժամանակ միշտ և ամենուր հայտնվում են զանազան մարդուկներ: Այսպես կոչված այն «առաջավորների» մասին չեն խոսում, որոնք միշտ բոլորից առաջ են շտապում (գլխավոր հոգսը), ու թեև շատ հաճախ հիմարագույն, բայց և այնպես փոքրիշատե որոշակի նպատակով: Ոչ, ես խոսում եմ սոսկ խաժամուժի մասին: Ան-ցումային բոլոր ժամանակներում բարձրանում է ամեն մի հասարակության եղած խաժամուժը, և արդեն ոչ առանց որևիցե նպատակի, այլ նույնիսկ չունենալով մտքի նշույլ իսկ, սոսկ իրենց ամբողջ ուժով արտահայտելով անհանգստություն և անհամբերություն: Այնինչ, այդ խաժամուժը, ինքն էլ չիմանալով, համարյա միշտ ընկնում է «առաջավորների» այն փոքր խմբակի հրամանի տակ, որը գործում է որոշակի նպատակներով, ու սա ուղղում է այդ ամբողջ աղբն իրեն հարկավոր կողմը, եթե միայն ինքն էլ կազմված չէ կատարյալ ապուշներից, ինչ, ի դեպ, նույնպես պատահում է: Մեզ մոտ հիմա արդեն, երբ ամեն ինչ անցել-գնացել է, խոսում են, թե Պյոտր Ստեպանովիչին ղեկավարում էր Ինտերնացիոնալը, Պյոտր Ստեպանովիչն էլ Յուլիա Միխայլովնային, իսկ վերջինս, նրա հրամանով` ամեն կարգի խաժամուժը: Մեր խելոքներից ամենապատկառելիները հիմա զարմանում են իրենք իրենց վրա. այն ժամանակ ինչպե՞ս հանկարծ սխալվեցին: Ո՞րն էր մեր խառնակ ժամանակը և ինչից ինչի էինք անցնում` ես չգիտեմ, ու կարծում եմ, ոչ ոք էլ չգիտե, թերևս որոշ կողմնակի հյուրեր: Իսկ այդ ընթացքում անպետքագույն մարդուկները հանկարծ գերակշռություն ստացան, սկսեցին բարձրաձայն քննադատել սրբազան ամենայն ինչ, երբ նախկինում բերան բացել իսկ չէին համարձակվի, իսկ առաջնային մարդիկ, որ մինչ այդ այդքան բարեհաջող գլխավորում էին, սկսեցին հանկարծ նրանց լսել, իսկ նրանք լուռ մնալ, ոմանք էլ այնքան խայտառակ կերպով խնդմնդալ: Ինչ-որ Լյամշիններ, Տելյաանիկովներ, կալվածատեր Տենտետնիկովներ, տնաբույժ փսլնքոտ Ռադիշչևներ, տրտմալի, սակայն գոռոզաբար ժպտացող ջհուդիկներ, եկվոր քրքջացող ճամփորդներ, մայրաքաղաքից ուղարկված բանաստեղծներ, ուղարկված լինելու և տաղանդի փոխարեն անթև բաճկոններով ու յուղած սապոգներով բանաստեղծներ, մայորներ և գնդապետներ, որոնք ծիծաղում էին իրենց կոչումների անիմաստության վրա և ավելորդ մի ռուբլու համար պատրաստ տեղնուտեղը հանել իրենց թրերն ու որպես գրագիր սողոսկել երկաթուղի, փաստաբանության անցած գեներալներ, զարգացած միջնորդներ, զարգացող առևտրականներ, անհամար ճեմարանականներ, իրենցից կանանց հարց պատկերող կանայք` այս բոլորը մեկեն կատարյալ գերազանցություն ստացան մեզանում և ո՞ւմ նկատմամբ: Ակումբի, հարգարժան բարձրաստիճանների, փայտի պես անթեք ոտքերով գեներալների, խստաբարո և անմատչելիագույն մեր տիկնանց հասարակության նկատմամբ: Եվ եթե Վարվառա Պետրովնան իսկ, մինչև որդյակի հետ կատարված փորձանքը, համարյա թե կատարում էր այդ ամբողջ սրիկայախմբի մանր-մունր հանձնարարությունները, ապա մեր մյուս Միներվաներին մասամբ և ներելի է այն ժամանակվա իրենց թմբիրը: Հիմա ամեն ինչ վերագրում են, ինչպես ասացի, Ինտերնացիոնալին: Այս գաղափարն այնքան հիմնավորվեց, որ այդ իմաստով արդեն հայտնում են եկած կողմնակի անձանց: Դեռ վերջերս խորհրդական Կուբրիկովը` վաթսուներկուամյա մի մարդ, Ստանիսլավը կրծքին, եկավ առանց որևէ հրավերի ու ոգեշնչված ձայնով հայտարարեց, թե երեք ամիս ի վեր անկասկած եղել է Ինտերնացիոնալի ազդեցության տակ: Իսկ երբ, նրա տարիքի ու վաստակի հանդեպ համակ հարգանքով հանդերձ, հրավիրեցին ավելի բավարար բացատրություն տալ, ապա նա թեև չէր էլ կարող որևիցե փաստաթուղթ ներկայացնել, բացի որ «զգացել էր իր բոլոր զգայարաններով», այդուհանդերձ հաստատ մնաց իր հայտարարության վրա, այնպես որ նրան արդեն այլևս չհարցաքննեցին:

Թարգմանությունը՝ Արմեն Հովհաննիսյանի

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով