Հովհաննես Գրիգորյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 2001, 9

ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ա կուսակցությունը սիրում է ժողովրդին
և քրտնմխած պայքարում է
ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

Բ կուսակցությունը շատ է սիրում ժողովրդին
և քրտնմխած պայքարում է Ա կուսակցության դեմ
ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

Գ կուսակցությունը չափազանց շատ է սիրում ժողովրդին
և քրտնմխած պայքարում է Ա և Բ կուսակցությունների դեմ
ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

Դ կուսակցությունը բոլորից շատ է սիրում ժողովրդին
և քրտնմխած պայքարում է Ա, Բ և Գ կուսակցությունների դեմ
ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար:

ահա, շքեղ, բազմագույն ծաղիկների միջից հազիվ երևում է
աչքերն հավիտյան փակած՝ ոսկրացած, մի բուռ ժողովուրդը-
համընդհանուր սիրով շրջապատված…

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի՜նչ հրաշալի տեսարան- ձի հեծած շրջել քաղաքով
վիթխարի թուրը կողքիցդ կախած՝ ծայրը կայծեր է
արձակում քսվելով ասֆալտին… Պոնտացի Պիղատոսի
պատկերներն են փակցրած բոլոր շենքերի բոլոր պատերին՝
նախընտրական ժպիտը դեմքին, առաջին պլանում ձեռքերը՝
մաքուր լվացած… Գնեցե՜ք այսօրվա թերթերը,- կանչում է
կիսամերկ, գզգզված մազերով մի տղա՝ ճարպկորեն
ցատկոտելով ծառերի ճյուղից ճյուղ,- գնեցե՜ք և
կարդացեք՝ վաճառվում է «Հուդա ընդ քամփընի»
ապահովագրական գործակալությունը ընդամենը
30 արծաթ վարկային կապիտալով… Այս ի՞նչ ես արել,-
հուսահատված ձեռքերը ծնկին խփեց Լյուդովիկոս 14-րդը՝
տեսնելով իր սիրելի կապիկին ոտից-գլուխ սափրված:-
Դու տեսե՞լ ես քեզ հայելու մեջ,- հարցնում եմ նորից
ու նորից,- դու ընդհանրապես տեսե՞լ ես, թե ինչ է
կատարվում աշխարհում և դեռ ավելի հեռու… Եվ դո՞ւ
Բրուտոս,- զարմանքով հարցրեց Կեսարը՝ տեսնելով նրան
ոտից գլուխ սափրված,- գոնե դու իմանայիր, թե ինչ է
կատարվում աշխարհում և դեռ հեռու…
… Իսկ հեռվում մանկության քաղաքն է, ավերակների մեջ
կանգուն մնացած մի պատ, անձրևից ու քամուց խունացած
մի նկար ինչ-որ մի ամսագրի էջից պոկած՝
վիթխարի թրով հեծյալը և վաղուց արդեն անշարժ ձին՝
գլուխը գետնին խոնարհած: Իսկ ձիու ոտքերի տակ
անվարժ ձեռագրով՝ «մամ, դասերս սովորել եմ,
գնամ մի քիչ խաղամ»…

ԱՐՏԱՀԵՐԹ ՋՐՀԵՂԵՂ

Հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,
ամեն օր գոնե մի կես ժամ պառկեք ջրով լի
վաննայի հատակին, հետո չեք էլ նկատի, թե ինչպես
կեսը կդառնա մի ժամ, ապա երկու և երեք… և հետո
չեք էլ նկատի, թե ինչ թեթևությամբ եք շնչում
չգիտես թե երբ ձևավորված խռիկներով և հետո
այլևս չեք ուզենա դուրս գալ ջրի տակից…
Հարմարվեք ջրին և վարժվեք ապրել նրա խորքերում.
շտապեք, որովհետև շուտով բոլոր ծովերը կմիանան իրար,
բոլոր օվկիանոսներն ու լճերը, գետերն ու գետակները…
Եվ միայն երջանիկ նորածինները հարմարվելու կարիք չեն զգա՝
հարմարված կծնվեն և անմիջապես կհեռանան ջրի խորքերը՝
հուսահատության մատնելով բարեպաշտ ծնողներին,
որոնք երազում էին մեծացնել ու դաստիարակել նրան
և դարձնել հայրենի երկրի օրինավոր քաղաքացի, որը
երբեք չի խախտի փողոցային երթևեկության կանոնները
և հավատարիմ կմնա բիզնեսի տասը պատվիրաններին՝
մի շնացիր, մի սպանիր, մի խաբիր, մի ստիր
իրավապահ մարմինների աչքի առաջ և ընդհանրապես՝
հաշվիր դրամը առանց դրամարկղից հեռանալու,
քանի դեռ չես համոզվել, որ գանձապահը լիովին անշնչացել է,
և ամենակարևորը՝ ինչքան ուզում եք սիրեցեք զմիմեանս՝
բայց երբեք չմոռանալով, որ միայն հայրենական արտադրության
ապահովիչներն ու կարմիր խնձորներն են փրկելու
մեր ազգը քսան, քսանմեկ և հետագա բոլոր դարերի ժանտախտից…
Ինչևէ, հարմարվենք ջրին և վարժվենք ապրել նրա խորքերում,
հոգեպես պատրաստ լինենք դիմագրավելու անակնկալներ չնախատեսված,
սա հատկապես վերաբերում է երաշտից հավերժորեն
տառապած հողագործներին, որոնք կարող է ցնորվեն
ջրի այդ համընդհանուր և անսպասելի առատությունից,
և չդիմանալով անծայրածիր երջանկությանը
կխրվեն հարբեցողության մեջ և գարնանացանը կտապալեն՝
սելիկոնե կրծքերով ջրահարսերի հմայքներով պարուրված…
… Ահա տեսնում եմ օրը, անափ, անծայր օվկիանոս, իսկ ջրերի
երեսին լող են տալիս ցանուցիր հիշողություններն անցյալի՝
գրասեղաններ, դասական գրականությամբ լի գրապահարաններ,
տան վարձի գրքույկներ, վերջին սերնդի համակարգիչներ,
սիրային նամակներ, մարդահամարի տվյալներ և ղեկը կորցրած
մի վիթխարի նավ՝ բերնեբերան լցված բազմալեզու պրեզիդենտներով,
վարչապետներով, նախարարներով, սենատորներով և այլ
բարձրաստիճան այրերով, որոնք գիրկընդխառն լալիս էին
իրենց կորուսյալ երկրների, փոխադարձ այցելությունների,
արդյունավետ բանակցությունների, երկուստեք շահավետ
ծրագրերի, բարեփոխվող սահմանադրությունների,
ահաբեկչության դեմ պայքարի, նախընտրական խոստումների
բուռն ու երկարատև ծափահարությունների կորստյան համար…
Թշշալով հանգել են դժոխքի բոլոր կարասները:
— Իսկ ո՞ւր է դրախտը,- հարցնում է հավատացյալ մի քաղաքացի
գզգզված մորուքով քահանային՝ երկուսն էլ գերանից կառչած.
— Այդ միայն նա գիտե, զավակս,- պատասխանեց քահանան…
Իսկ ՆԱ սովորականի պես անշտապ քայլում էր ջրերի վրայով՝
բարձրահասակ, գեղեցիկ… և ինչն է հետաքրքիր՝
զարմանալի բարի ու պայծառ ժպիտ էր փայլում դեմքին,
զարմանալի բարի ու պայծառ…

ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

Անաղմուկ շարվենք պատերի տակ
ինչպես գնդակահարությունից առաջ՝
վաղ առավոտյան, աչքերը տրորելով, քնաթաթախ ու շլմորած:
Խուզած գլուխներով ձմերուկներ՝ բանտարկյալների
շերտավոր հագուստներով: Իսկ թփերի մեջ դեսուդեն
աղոտ պլպլում են դեղին հետույքները դդումների:
Ընդհատված է քամու աշխատանքը՝ կվերսկսի փչել
տերևների խստագույնս հաշվարկից հետո միայն:
Հաշվե՞լ թե չհաշվել չվող թռչուններին:
Հաշվե՞լ թե չհաշվել դասականներին, նրանց,
ում արձանները կանգնած են դեսուդեն, քաղաքի փողոցներում,
դպրոցների բակերում, հրապարակներում. չէ՞ որ նրանք
անմահ են, ուրեմն ողջ և առողջ են ու ապրում են մեզ հետ
և շատ հաճախ՝ մեզանից ավելի երկար…
Հաշվե՞լ թե չհաշվել Շառլ Ազնավուրին, որի երգերը
միշտ մեզ հետ են, և ընդհանրապես, ինչպե՞ս վարվել
մայրաքաղաքի պատվավոր քաղաքացիների հետ…
Եվս մի ծանր խնդիր՝ հաշվե՞լ թե չհաշվել Հունանյան
եղբայրներին, և հանցախմբի անդամներին մնացյալ
թողնե՞լ նրանց մարդկանց ցուցակի մեջ,
թե՞ պետք է սպասել՝ ինչ կորոշի դատարանը…
Եվ ընդհանրապես, ինչպե՞ս վարվել մուրացկանների,
անտուն թափառաշրջիկների հետ, նոր թվե՞ր հորինել
նրանց համար, թե՞ հաշվել նույն թվերով, ինչ նախարարներին,
պատգամավորներին ու մեծահարուստներին են հաշվում…
Բայց չէ՞ որ մի նախարարն ավելի է, քան հազարավոր
գործազուրկներն ու թոշակառուները միասին վերցրած:
Շտապեք հաշվել ինքնասպաններին, նրանց, ովքեր
իրենց հերթին են սպասում անաղմուկ շարված:
Եվ կարծում եմ՝ ինձ էլ կարելի է դեռ հաշվել,
թեև հերթս հասել է, ու կախված եմ բազրիքից,
բայց քանի դեռ շնչում եմ ու չեմ բախվել մայր հողին,
ինձ մի ջնջեք ցուցակից…

ՄԵԿ ԱՅԼ ՍԿԻԶԲ

Ովքե՞ր են այս մարդիկ- տարակուսանքով նայում ես
կրպակների պատուհաններից համառորեն ժպտացող կինոաստղերի մաքուր
սափրված դեմքերին և սքանչելի ատամնաշարերը բացած գեղեցիկ
կանանց, որոնք միգուցե վաղուց են ծերացել:
Մանեկենները խանութների ցուցափեղկերում անցկացնում են
հերթական գիշերը՝ անշարժ կանգնած նույն դիրքով՝ Ղովտի կնոջ նման:
Մանեկենները: Ահա մի նոր խոսակցության սկիզբ, որը հասունանում է
ինչպս անապատի բույս, հասունանում է դանդաղ՝ ուղտի բրդից դանդաղ
և սևեռուն, ինչպես գաղափարը պատերազմի- ուղեղներում միափջիջ:
Մանեկենները: Փառահեղ կրծքավանդակներում մի-մի փայտփորիկ
կտցահարում են վերջին միջատները կասկածների,
և մոտորի միալար բվվոցով նրանց շուրջբոլորը
հուսահատ պտույտներ են գործում հոգիները, որ ոչ կարողանում են
հեռանալ և ոչ էլ մոտենալ՝ մի նոր կյանքի խոստումով…
Հուսահատ բվվոցով պտտվում են հոգիները՝ արհեստական
ծաղիկների չխամրող գույներից խաբված մեղուների պես: Զարմանալի
գետեր են հոսում գիշերային քաղաքի փողոցներով,
և ձուկ են որսում կատուները՝ քրտինքի մեջ կորած,
և ձուկ են որսում բոլորը, ովքեր արթուն են այս գիշեր,
և ձուկ են տեսնում երազում, ովքեր քնած են արդեն: Ահա
մի նոր խոսակցության սկիզբ: Ահա մանեկենները՝
մինչև ծնկները կանգնած դանդաղ հոսող ջրերի մեջ,
բարձր պահած ձեռքերի մեջ վերջին ձուկը, որ թպրտում է հուսահատ,
ինչպես կյանքը, որ գուցե թե մի օր մարի,
և բարալիկ ծլնգոցով կկտրվի զսպանակը փայտփորիկի փայտե փորիկում
և կանշարժանա վերջին գիշերվա մեջ,
և ուղտի բրդի պես կփշաքաղվեն ժպիտները
կինոաստղերի մաքուր սափրված դեմքերին…

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով