Ալբեր Քամյու. Ամուսնությունը Թիփազայում

«Գարուն», 1983, 1

Դահիճը մետաքսե պարանով խեղդում էր կարդինալ Քարաֆային։ Պարանը կտրվեց: Հարկ եղավ երկու անգամ վերսկսել: Կարդինալը նայեց դահճին, առանց նրան մի բառի արժանացնելու:

ՍՏԵՆԴԱԼ «Պալիանոյի դքսուհին»

Գարնանը Թիփազան բնակեցված է աստվածներով, և աստվածները բարբառում են արեգակի, օշինդրի բուրմունքի, արծաթով զրահապատված ծովի, չխունացած կապույտ երկնքի, ծաղկապատ ավերակների և քարակույտերում բլթբլթացող լույսի մեջ: Որոշ ժամերի գյուղը սև է թվում արևի տակ: Աչքերդ զուր են փորձում ներառնել որևէ այլ բան, բացի լույսի և գույնի կաթիլներից, որոնք դողդողում են թարթիչներիդ ծայրերին: Անուշաբույր խոտերի տարածված հոտը քերծում է կոկորդդ ու շնչահեղձ անում սաստիկ շոգի մեջ: Տեսարանի խորքում հազիվ են նշմարում Շենուայի սև զանգվածը, որը սկիզբ առնելով գյուղի շրջակա բլուրներից, վստահ ու ծանրաշարժ ռիթմով գնում է կիզելու ծովի մեջ:
Գալիս ենք գյուղի միջով, որը հենց ծովածոցիս է նայում: Մտնում ենք դեղին-կապույտ մի աշխարհ, որտեղ մեզ դիմավորում է ամռանը ալժիրյան հողից արձակվող բուրալի ու մրմռացնող հառաչանքը: Ամենուր, ամառանոցների պատերից ավելի վեր բարձրացող վարդերանգ բուգենվիլեներ, պարտեզներում դեռևս բաց կարմրավուն տուղտեր, սերուցքի նման թանձրախիտ թեյավարդերի առատություն և կապույտ m սլացիկ հիրիկների նուրբ եզրանախշեր: Բոլոր քարերն էլ տաք են: Այն ժամին, երբ մենք իջնում ենք ոսկե ճարմանդի պես փայլող ավտոբուսից, մսավաճառները կարմիր մեքենաներով իրենց առավոտյան շրջայցն են կատարում ու ազդանշաններով կանչում բնակիչներին:
Նավահանգստից դեպի ձախ անշաղախ քարե մի սանդուղք մազտաքինների և օրոճների միջով մեզ առաջնորդում է դեպի ավերակները: Գյուղի խորքը տանող ճանապարհն այնուհետև անցնում է մի փոքրիկ լուսաշտարակի առջևով, որի ցածում մանուշակագույն, դեղին ու կարմիր ծաղիկներով խոշոր, հաստ բույսեր իջնում են դեպի ամենաստորին քարափները, որոնց ծովը լիզում է համբույրաձայն աղմուկով: Կանգնել ենք թեթև քամու դիմաց, մեր դեմքի միայն մի կողմը տաքացնող արևի տակ և դիտում ենք երկնահոս լույսը, անկնճիռ ծովը ու նրա շողացող ատամների ժպիտը: Ավերակների թագավորությունը մտնելուց առաջ վերջին անգամ ենք մենք նայում:
Մի քանի քայլի վրա օշինդրների հոտը բռնում է մեր կոկորդը: Ամենուրեք, որքան աչքդ կտրի, նրանց մոխրագույն մազմզուկները ծածկում են ավերակները: Նրանց բնանյութը խմորվում է
ջերմությունից և հողից, աշխարհի ողջ տարածքի վրայով դեպի արևն է բարձրանում մի առատածոր ալկոհոլ, որից օրորվում է երկինքը: Մենք ընդառաջ ենք գնում սիրուն և ցանկությանը:
Մենք վարդապետություն չենք փնտրում, ոչ էլ դառը փիլիսոփայություն, որոնք ծնվում են վեհությունից: Արևից, համբույրներից ու վայրի բուրմունքներից զատ մեզ ամեն ինչ ճղճիմ է թվում:
Ինչ վերաբերում է ինձ, ես այստեղ մենակություն չեմ փնտրում: Ես հաճախ եմ եղել նրանց հետ, ում սիրել եմ և որոնց դիմագծերում կարդացել եմ այն պայծառ ժպիտը, որն այստեղ սիրո կերպարանք է ստանում: Այստեղ ես գործ չունեմ կարգուկանոնի ու չափավորության հետ: Բնության և ծովի այս մեծ անառակությունը ամբողջովին համակում է ինձ: Գարնան հետ զուգակցվելով ավերակները կրկին քարեր են դարձել, և կորցնելով մարդու պարտադրած ողորկությունը, վերադարձել են բնությանը:
Ի պատիվ անառակ դուստրերի վերադարձի, բնությունը շռայլորեն ծաղիկներ է սփռել: Ֆորումի սալաքարերի արանքներից իր կլոր ու սպիտակ գլուխն է ցցում խամբարը, իսկ կարմիր խորդենիներն իրենց արյունը թափում են երբեմնի տների, տաճարների և հասարակական հրապարակների վրա: Այն մարդկանց նման, որոնց գիտելիքների առատությունը կրկին առաջնորդում է առ Աստված, այս ավերակներն էլ երկարաձիգ տարիների ընթացքում վերադառնում են դեպի իրենց հայրական տունը: Այսօր, վերջապես, անցյալը լքում է նրանց, և ոչինչ չի անջատում այն անհաղթահարելի ուժից, որը նրանց կրկին տանում է դեպի ընկնող իրերի կենտրոնը:
Որքան ժամեր եմ անցկացրել օշինդրները կոխկրտելով, ավերակները փաղաքշելով, փորձելով շնչառությունս համաձայնեցնել աշխարհի խռովահույզ հառաչանքների հետ: Վայրի բարմունքների և ալարկոտ միջատների համերգների մեջ ընկղմած, ես աչքերս ու սիրտս բացում եմ ջերմությունից լիացած այս երկնքի անտանելի մեծության առջև: Այդքան հեշտ չէ դառնալ այն, ինչ որ ես, վերագտնել ներքին դաշնությունդ: Բայց Շենուայի ամուր ողնաշարին նայելիս սիրտս հանդարտվում էր մի տարօրինակ առհավատչյայով: Ես սովորում էի շնչել, ես ամբողջանում էի, ես իրագործվում էի: Մեկը մյուսի ետևից բլուրներ էի մագլցում, որոնցից յուրաքանչյուրը վարձահատույց էր լինում ինձ, ինչպես օրինակ, այս տաճարը, որի սյուները չափում են արևի վազքը, և որտեղից երևում է ողջ գյուղը իր սպիտակ ու վարդագույն պատերով, իր կանաչածածկ պաշտգամբնեըով: Ինչպես նաև Արևելյան բլրի վրա գտնվող այս բազիլիկը. պահպանվել են նրա պատերը, իսկ շուրջը մի մեծ շառավիղով շարված են շիրմից հանված սարկոֆագներ, որոնցից շատերը դեռ կեսով չափ թաղված են հողում և դրա մասն են կազմում: Դրանց մեջ մեռածներ են եղել: Հիմա այստեղ աճում է եղեսպակ ու վայրի բողկուկ: Սուրբ Սալսայի բազիլիկը քրիստոնեական է, բայց ամեն անգամ, երբ նայում ես որևէ ճեղքից, քեզ է հասնում երկրային մեղեդին` եղևնիներով ու նոճիներով ծածկված լեռնալանջեր, իսկ քիչ հեռվում` քսան մետրի վրա, ծով, որի վրա կարծես թավալվում են սպիտակ շնիկներ: Բլրի գագաթը, որի վրա հենվում է Սուրբ Սալսան, տափակ է, և քամին ավելի անկաշկանդ է փչում սյունասրահների միջով: Առավոտվա արևի ներքո մի մեծ երջանկություն է թևածում տիեզերքում:
Ողորմելի են նրանք, ովքեր կարիք ունեն առասպելների: Այստեղ աստվածները օրերի ընթացքի հունն են կամ ուղենիշը:
Նկարագրում եմ և ասում. «Սա կարմիր է, սա` կապույտ, սա` կանաչ: Սա ծովն է, սա` լեռը, սրանք` ծաղիկները»: Եվ կարիք կա՞ հիշա¬տակել Դիոնիսոսին, որպեսզի ասեմ, թե սիրում եմ մազտաքի գնդիկները ճզմել քթիս տակ: Եվ արդյո՞ք Դեմետրիոսին է ձոնված այս հին հիմնը, որի մասին ավելի ուշ ես անկաշկանդ կխորհեմ. «Երկրի վրա ապրողներից նա է երջանիկը, ով տեսել է սրանք»: Տեսնել և տեսնել ամենայն երկրային բան,— ինչպես մոռանալ պատգամը: Էլևսիսյան ծիսակա¬տարությունների ժամանակ բավական էր հայել: Ես գիտեմ, որ անգամ այստեղ երբեք չեմ կարողանալու բավականաչափ մերձենալ աշխարհին: Ես պետք է մերկանամ և ապա սուզվեմ ծովի մեջ, դեռևս ամբող¬ջովին օծված հողի անուշայուղերով, դրանք լվանում ծովի մեջ և իմ մարմնով հանգուցեմ այն գրկախառնությունը, որի համար վաղուց ի վեր շուրթ առ շուրթ տնքում են ցամաքն ու ծովը: Մտնում եմ ծովը` սարսուռ է, սառն ու անթափանց խեժի հոսք, հետո սուզվում եմ, որից դժժում են ականջներս, իսկ բերանս դառնահամ է, լողում եմ, թաց թևերս փայլում են արևի տակ, պրկված մկաններով բարձրանում, իջնում, մարմնիս վրայով հոսում է ջուրը, ջանում եմ ոտքերով տիրանալ ալիքին, իսկ առջևում հորիզոն չկա: Ափին՝ ընկնում եմ ավազի մեջ, տրվելով աշխարհին, կրկին զգալով միս ու արյան իմ ծանրությունը, արևից շշմած, ժամանակ առ ժամանակ մի հայացք նետելով թևերիս, որոնց վրայով գլորվում է ջուրը, և տեղ-տեղ չորացած մաշկի վրա երևում են շեկ աղվամազն ու աղափոշին:
Այստեղ ես հասկանում եմ, թե ինչ է փառքը` անսահման սիրելու իրավունքը: Այս աշխարհում կա միայն մեկ սեր. գրկել կնոջ մարմինը, կամ որ նույնն է, թե կրծքիդ սեղմես այս տարօրինակ տխրությունը, որը երկնքից իջնում է դեպի ծովը: Հենց հիմա, երբ կնետվեմ օշինդրների մեջ, նրանց բուրմունքը մարմնովս կլանելու, հակառակ բոլոր նախապաշարումների, ես կգիտակցեմ, որ իրագործում եմ մի ճշմարտության, որ արևի ճշմարտությունն է և կլինի նաև իմ մահվան ճշմարտությունը: Ինչ-որ իմաստով այստեղ ես հենց իմ կյանքն եմ խաղում, տաք քարի պես հրակեզ մի կյանք, որը լի է ծովի և այժմ արդեն երգել սկսող մորեխների հառա¬չանքներով: Քամին զով է, իսկ երկինքը` կապույտ: Ես ինքնամոռաց սիրում եմ այս կյանքը և նրա մասին ուզում եմ ազատ խոսել, նա ինձ ներշնչում է մարդ լինելու իմ ճակա¬տագրի հպարտությունը: Սակայն ինձ բազմիցս ասել են. «Հպարտանալու ոչինչ չկա»:
Ո՛չ, կա՛, այս ա՛րևը, այս ծո՛վը, ջահելությունից փքվող իմ սի՛րտը, աղահամ իմ մարմինը և անծայրածիր բնապատկե՛րը, որտեղ քնքշանքը և վեհությունը իրար են հանդիպում դեղինի ու կապույտի մեջ: Այս ամենը նվաճելու համար գործի պիտի դնեմ ողջ ուժս ու հնարքներս: Այստեղ ոչինչ չի դիպչում ինձ, ես էլ ոչինչ չեմ թողնում ինձանից, և չեմ կրում ոչ մի դիմակ, ինձ բավական է սովորել ապրելու դժվարին գիտությունը, որն արժի մարդկանց ամբողջ կենցաղագիտությունը:
Կեսօրից քիչ առաջ մենք ավերակների միջով վերադառնամ էինք նավահանգստի եզրին գտնվող փոքրիկ սրճարանը: Արևա¬յին ու գունային ծնծղաներից դմդմբացող գլխի համար ինչպիսի բարեբախտ թարմություն է այդ ստվերաշատ սենյակը, կանաչ անանուխով և սառույցով լի մեծ բաժակը: Դրսում ծովն է ու փոշոտ, հրացայտ ճամփան: Սեղանի առջև նստած փորձում ես թրթռացող թարթիչներով որսալ տապից շիկացած երկնքի գույնզգույն շլացումը: Քրտնաթոր դեմքով, բայց բարակ քաթանե շապիկներ հագած զով մարմիններով մենք բոլորս ի ցույց ենք դնում աշխարհի հետ զուգակցվելու երջանիկ հոգնությունը:
Այս սրճարանում վատ են կերակրում, բայց միրգ շատ կա, հատկապես` դեղձ, որն ուտում ես կծելով, այնպես, որ հյութը թափվի կզակիդ:
Ատամներս խրած դեղձի մեջ, ականջ եմ դնում արյանս հոսքին, որը բարձրանում է մինչև ականջներս, նայում եմ ակնապիշ:
Ծովի վրա միջօրեի ահռելի լռությունն է: Ամեն մի գեղեցիկ էակ ունի իր գեղեցկության բնական հպարտությունը, և աշխարհի հպար¬տությունն այսօր ծորում է ամենուր: Նրա առջև ինչու պետք է ես ժխտեմ ապրելու հրճվանքը, եթե գիտեմ, որ ինձ համար ամեն ինչ չի սահմանափակվում դրանով:
Երջանիկ լինելն ամոթալի չէ: Բայց այսօր տխմարն արքա է, իսկ տխմար ես անվանում եմ նրան, ով վախենում է վայելելուց: Մեզ այնքան շատ են ասել հպարտության մասին.
«Դուք գիտեք, դա դժոխային մեղք է»:
«Զգուշացեք,— ճչում էին նրանք,— դուք կկործանեք ձեզ և ձեր կենսական ուժերը»:
Այդ ժամանակից ի վեր ես զգացի որոշակի հպարտություն, իրոք… Բայց որոշ պահերի ես չեմ կարող հրաժարվել ապրելու հպարտությունը պահանջելուց, քանի որ ողջ աշխարհը նպաստում է, որ այն ինձ տան: Թիփազայում տեսնելը և հավա¬տալը համազոր են, և ես համառորեն չեմ ժխտի այն, ինչին ձեռքս կարող է դիպչել և ինչը շուրթերս կարող են փաղաքշել: Ես կարիք չունեմ իմ տեսածը արվեստի գործ դարձնելու, այլ ուզում եմ միմիայն պատմել այդ մասին, իսկ դա բոլորովին այլ բան է: Թիփազան ինձ համար այն գործող անձերից է, որոնց նկարագրում են աշխարհի մասին որևէ կարծիք անուղղակիորեն արտահայտելու համար:
Այդ գործող անձանց նման Թիփազան վկայություն է տալիս և այն էլ տղամարդու պես: Այսօր նա իմ գործող անձն է, և ինձ թվում է նրան փայփայելու ու նկարագրելու իմ գինովությունն այլևս վերջ չի ունենա:
Ժամանակ կա, որ պիտի ապրես, և ժամանակ, որ վկայություն տաս ապրելու օգտին: Կա նաև ժամանակ, որ պիտի ստեղծագործես, մի բան, որ պակաս բնական է: Ինձ համար հերիք է, որ ապրեմ ամբողջ մարմնով և վկայություն տամ ամբողջ սրտով: Ապրել Թիփազայում, հավաստել կյանքը, իսկ հետո կստեղծվի նաև արվեստի գործը: Հենց այստեղ է ազատությունը:

Մեկ օրից ավելի ես երբեք չէի մնում Թիփազայում: Գալիս է միշտ մի պահ, երբ զգում ես, որ չափազանց շատ ես տեսել մի բնապատկեր, բայց նաև երկար ժամանակ է հարկավոր այն բավականաչափ տեսնելու համար: Լեռները, երկինքը, ծովը նման են դեմքերի, որոնց վրա կամ չորության կամ վեհության ես հայտնաբերում, որովհետև նայում ես տեսնելու փոխարեն: Բայց յուրաքանչյուր դեմք պերճախոս լինելու համար պետք է որոշակիորեն նորոգվի: Եվ ոմանք տրտնջում են չափազանց արագ ձանձրանալաց, մինչդեռ նրանք պետք է հիանային, որ աշխարհը մեզ նոր է թվում միայն այն պատճառով, որ մոռացվել էր:
Երեկոյան կողմ ես վերադառնում էի մայրուղու եզրին գտնվող զբոսայգու ավելի բարեկարգված, պարտեզի վերածված մասը։ Բուրմունքների և արևի խառնաշփոթից դուրս գալով, իրիկվա արդեն զովացած օդում միտքը խաղաղվում էր, և հանգստացած մարմինը ճաշակում էր բավարարված սիրուց ծնված ներքին լռությունը: Նստած մի նստարանի, նայում էի, թե ինչպես է գյուղը բոլորակվում օրվա հետ: Ես գերհագեցած էի: Իմ գլխավերևում մի նռնենի կախ էր գցել իր ծաղկակոկոնները, փակ ու ցցված եզրերով, ինչպես փոքրիկ, սեղմված բռունցքներ, որոնց մեջ էր բովանդակվելու գարնան ամբողջ հույսը: Իսկ իմ ետևում հազրեվարդ կար, որի միայն ալկոհոլային բուրմունքն էի զգում: Ծառերի արանքում բլուրներ էին գծագրվում, իսկ ավելի հեռվում` ծովի մի եզրանախշ, որի վրա խոտորված առագաստի նման հանգչում էր երկինքը իր ողջ քնքշությամբ: Սիրտս լի էր մի այնպիսի տարօրինակ ուրախությամբ, որ ծնվում է, երբ հանգիստ է խիղճդ: Կա մի զգացում, որ ապրում են դերասանները, երբ գիտակցում են, թե լավ են կատարել իրենց դերը, այսինքն, ավելի ճիշտ, երբ մարմնավորած իդեալական կերպարի և իրենց շարժումները համընկել են, երբ կարծես մտել են նախօրոք արված նկարի մեջ և որին միանգամից կյանք են տվել իրենց սեփական սրտի բաբախյունով: Հենց դա էր իմ զգացածը, ես լավ էի խաղացել իմ դերը: Ես մարդու իմ գործն արել էի և մի ամբողջ օրվա ուրախություն ճաշակելը բացառիկ հաջողություն չէր թվում ինձ, այլ այն պայմանի հուզիչ իրագործում, որը որոշ հանգամանքներում մեզ պարտավորեցնում է երջանիկ լինել: Այնժամ մենք նորից մենություն ենք գտնում, բայց այս անգամ բավարարվածության մեջ:
Այժմ ծառերը ծածկված են թռչուններով:
Խավարի մեջ սուզվելուց առաջ գետինը տարտամորեն հոգոց էր հանում: Շուտով, առաջին աստղի հետ գիշերը կիջնի աշխարհի բեմահարթակին: Ցերեկվա հրաշափառ աստվածները կվերադառնան իրենց հանապազօրյա մահվանը: Բայց ուրիշ աստվածներ կգան: Եվ ավելի մռայլ լինելու համար նրանց ավերված դեմքերը ծնված կլինեն հողի ընդերքում:
Այժմ դեռևս ալիքների անդադար վազքը ավազների վրայով ինձ էր հասնում այն լուսաշերտի միջով, ուր պար էր բռնել ոսկեզօծ ծաղկափոշին: Ծով, գյուղ, լռություն, այս հողի բույրերը, ես լցվում էի անուշահոտ կյանքով, ես խածում էի աշխարհի արդեն հասունացած պտուղը և ցնցվում էի, զգալով շուրթերս ի վար հոսող քաղցր ու թունդ մրգահյութը: Ոչ, ես հաշիվ չունեի, ոչ էլ աշխարհը, կար միայն դաշնություն, իսկ լռությունն իմ մեջ սեր էր ներարկում; Սեր, որ ես թուլություն չունեի իմ մենաշնորհը համարելու: Հպարտ էի գիտակցելով, որ այն կիսում եմ մարդկային մի ամբողջ ցեղի հետ, ցեղ, որն իր մեծությունը վերցնում է իր պարզությունից և ծովեզերքին կանգնած իր մեղսակից ժպիտն է ուղղում երկնքի լուսափայլ ժպիտին:

Ֆրանսերենից թարգմանեց Աննա Հակոբյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով