Երվանդ Քոչար. Պիկասոյի առաջին այցը

«Գարուն», 1967, 10

Երևանի պատկերասրահում, այս աշնանը բացվեց Պիկասոյի գրաֆիկական գործերի մի փոքրիկ ցուցահանդես, կազմված բացասաբար այն սակավաթիվ գործերից, որ Պաբլո Պիկասոն նվիրել է իր մեր բարեկամ Իլյա Էրենբուրգին: Հայաստանի մեծ բարեկամ Իլյա Էրենբուրգն էլ չցանկացավ անմասն թողնել հայ արվեստասեր հասարակայնությանը իր ստացած թանկարժեք նվերից և մահվանից մի երկու շաբաթ առաջ, ուղարկել էր Հայաստան: Դրա համար մենք շնորհակալ ենք Էրենբուրգին:
Ես էլ, չնայած այն բանին, որ ցուցահանդեսի բացմանը մի երկու խոսք հանպատրաստից ասացի, բայց ընդառաջելով «Գարուն» ամսագրի խմբագրության խնդրանքին, գրում եմ այս սակավ տողերը, համապատասխան այս սակավ ցուցահանդեսին:
Պաբլո Ռուիզ Պիկասոյի ստեղծագործությունը մեծաքանակ է և բազմաբովանդակ: Այսօր չի գտնվի մի երկիր, քարտեզի վրա մի պետություն, որտեղ Պիկասոյի անունը անծանոթ լինի, չի գտնվի մի նկարիչ, քիչ թե շատ գրագետ և բանիմաց, որ անսպասելի հուզումներ ապրած չլինի Պիկասոյի թեկուզ և ամենաչնչին վերարտադրությունը դիտելիս, ինչո՞ւ, որովհետև Պիկասոյի ամենաչնչին գծագրության մեջ անգամ կտեսնես մի շտրիխ, մի քան, որ արտակարգ է, որ իրերի և երևույթների նոր և չտեսնված դիտանկյուն է, հետաքրքիր և պրոբլեմատիկ: Պիկասոն շարունակ հարցականի առաջ է դնում դիտողին, շարունակ անհանգստացնում մարդու հոգին և միտքը: Պիկասոն չունի այնպիսի նկարներ, սկսած իր գծագրությունից, իր գեղանկարչությունից և իր կերամիկայից, որի առաշ չծառանա «ինչո՞ւ» հարցը: Այս բացառիկ արվեստագետը չունի այնպիսի մի նկար, որ «հաճույք» պատճառի դիտողին, որ հանգստացնի և շոյի նրա աչքը, նյարդերն ու հոգին: Պիկասոն «աստվածային» Ռաֆայելը չէ, որի աշխարհը աստվածային բարի արարչությունն է, որտեղ գեղեցիկը արդեն կարգավորված համաչափություն է, որտեղ նույնիսկ սատանան համաչափ է և տգեղությունն էլ գեղեցիկ: Նա Այվազովսկի չէ, որի խաղաղ, անսահման ջրային և օդային տարածությունների մեջ լողա քո հոգին, միաձուլվելով տիեզերքի հետ: Կամ նրա փոթորկող ալիքների մեջ տեսնի տարերքի խորհուրդն ու հոգեզմայլ մեծությունը: Մատիսը գծերի և գույների բարձր ներդաշնակությամբ, բարձր հաճույքի միջոցով իմաստություն և խորհուրդ է հաղորդում գիտողին: Մատիսի մոտ գեղեցիկը և ներդաշնակը իր մեջ կրում է իմաստնություն և դիտողը բարձրանում է դեպի այդ իմաստուն հաճույքը— սա ամբողջ արևելքի փիլիսոփայությունն է` զգացումից հասնել իմաստնության: Մինչդեռ Պիկասոն իր ամբողջ արվեստի մեջ գործում է հակառակ ուղղությամբ: Նա դիտողի առաջ դնում է իմաստուն և խորը խնդիրներ, որով դիտողը իմաստնանում է և ճաշակում գեղեցիկն ու ներդաշնակը իմաստունի պես` մտքից հասնել բարձր զգացումի:
Պիկասոն ձեռքն առած մտքի բահն ու քլունգը, փորում, քանդում է բոլոր հաստատված սովորությունները, որոնց վրա կառուցված է աշխարհի պատկերացման կարգավորված իմաստնությունը և տեսիլքը: Նա ձգտում է նոր աշխարհ ստեղծելու տեսիլքին, դրա համար նա քանդում է հինը, հաստատվածն ու ճանաչվածը: Էրենբուրգը հիացմունքով է խոսում Պիկասոյի այդ քանդիչ ու տապալող ուժի մասին: Պիկասոն խորապես հեղափոխական մարդ է, նա շատ լավ հասկացել է, որ որևէ սոցիալական հեղափոխություն անելու համար լավագույնն է նախ քանդել նրա զգայությունն ու աշխարհի ըմռնումը` արդեն մի անգամ ընդմիշտ ընդունված կարգավորման մասին: Նա պետք է նախ իր մեջ կրի նոր աշխարհի հնարավորությունը, ու կարողանա ստեղծել նոր աշխարհը, նոր կարգերը:
Պիկասոյի այս գրաֆիկ աշխատանքների մեջ, որ ցուցադրված են, շատ հաճախ տեսնում ես մարմինը դիտված միաժամանակ և դիմացից, և հետևից, որ անհնարին է ընդունված նկարչական սկզբունքներով` այն է մեկ կետից դիտելու դեպքում, չէ՞ որ պերսպեկտիվայով իրերը մեզ ներկայանում են մի տեսանկյունից, մի կողմից, բայց Պիկասոն ուզում է արվեստի մեջ մտցնել միաժամանակայնություն: Նկարչության մեջ իրերի մի կողմը միշտ ծածկված է, միշտ դատապարտված է թաքնված մնալու: Պիկասոն ուզում է ազատագրել իրը, ոչնչացնել այդ «անարդարությունը»: Նա նկարում է իրը աջից, ձախից, վրայից, ներքևից, միջից և շատ կետերից, բայց նա անում է ոչ թե առանձին-առանձին, այլ միևնույն նկարի վրա և հենց այդ իսկ պատճառով փոխանակ գոնե մի կողմից մեզ ցույց տալու իրը, ամենևին կորցնում, խաթարում է, անճանաչելի է դարձնում և իսպառ կորցնում, ինչպես ասում են` հոնքը շտկելու տեղ, աչքն էլ է հանում: Նրա իղձը ուրիշ մեկ նկարիչ պետք է աներ, որ կկարողանար իրը ժամանակի մեջ ներկայացնել: Պիկասոյին ծանոթ չէր «նկարչությունը տարածության մեջ»: Բայց Պիկասոն իր մարդասիրական և խորաթափանց աչքերը ուղղեց հասարակության այն խավի վրա, որ բուրժուական հասարակությունը մի կողմ է շպրտել` կրկեսի դժբախտ ժողովրդի վրա, որ մանկություն չի ունեցել և ստեղծվել է միայն զվարճացնելու բուրժուային իր ծամածռությամբ և անհնարին ու զարմանալի շարժումներով «սալտիմրանքներ»: Այդ սալտիմրանքները մանկություն չեն ունեցել, քանի որ ամենափոքր հասակից նրանց ընկերները, խաղընկերները եղել են կապիկները, որոնց նրանք ընդօրինակել են ճարպկության և նկունության մեջ: Այդ փոքր երեխաներին մտրակի հարվածների տակ ստիպել են անհնարին և գերմարդկային տանջալից շարժումներ անել, միշտ արհեստական, իրենց հոգեկան վիճակին հակառակ` ժպիտը դեմքին: Նրանց մանկուց զրկել են աղի գործածությունից, քանի որ աղը ամրացնում է ոսկորները և թույլ չի տալիս այդ անմարդկային շարժումները անել և նրանք այդպիսով վարժվում են հասարակությանը կրկեսում զարմանք և զվարճություն պատճառել:

***
Պիկասոն իր տաղանդի շնորհիվ սիրեցրեց այդ «տականքները», հասարակության այդ «թափթփուկները» և բացեց նրանց մեջ թաքնված մեծ գեղեցկություն և իմաստ: Պիկասոյի այս ցուցահանդեսով մեր արվեստասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ ճաշակելու ու գնահատելու նոր արվեստի ռահվիրայի ստեղծագործությունը: Ուրախալի է, որ մեր արվեստասեր հասարակայնությունը, որ մինչ այդ ծանոթ էր Պիկասոյին վերատպություններով, այսօր իր մայրաքաղաքի պատկերասրահում ականատես եղավ նրա գրաֆիկային: Խրախուսելի է պատկերասրահի այս գեղեցիկ նախաձեռնությունը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով