Էդվարդ Միլիտոնյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1967, 12

N 70 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ

Տպագրվել է «Առաջին ծանոթություն» խորագրի ներքո

***
Դու շատ էիր նման
Պաղ պատերից կախված
Պատկերներին այն սուրբ.
Որ աստվածներ են
Կոչվում երևի:
Դու շատ էիր նման:
Դու էլ նրանց պես
Ունեիր խարտյաշ ու փափուկ մազեր,
Ու շուշան ծնկներ,
Վարդե սրունկներ
Ունեիր դու էլ:
Դու թևեր էլ, ճիշտ է,
Ունեիր, անգին,
Որով ինձանից
Փախար դու մի օր:

***
Հանում եմ մաշված կոշիկներս
Մաշված ոտքերիցս
Ու դնում դեղին պատերին
Ի ցույց մարդկանց:
Թող գան նրանք, տեսնեն,
Ուսումնասիրեն կոշիկներս
Իմ կոշիկներում է իմ հոգնությունը,
Սրտիս զարկերը ծանր ու ծանր,
Եվ ճամփաները իմ անցած, երկար:
Թող գան նրանք, տեսնեն,
Ուսումնասիրեն կոշիկներս
Իմ կոշիկներում ես կամ…

***
Արևը անխնա թափվում է քարե պատերի տակ
Ու փոշոտվում:
Երբ իրիկուն դարձավ,
Ցախավելը ձեռքին
Հավաքարարը եկավ ծեր,
Արևը հավաքեց, լցրեց
Մաշված զամբյուղների մեջ
Ու գնաց:
Իսկ մյուս առավոտյան
Արևը կրկին եղբայրացավ
Մայթերի հետ, մարդկանց հետ:

***
Ես նստում եմ պատերի տակ քարե,
Ու սպասում մինչև արևը բարձրանա:
Ես նստում եմ պատերի տակ քարե
Ու երբ արևն է բարձրանում,
Ու իր գթառատ շողերն է խփում պատերին,
Նրանք փշրվում են
Լցվում ուսերիս, ոտքերիս, ձեռքերիս:
Ու հետո արևով թաթախված
Ես վեր եմ կենում
Ու սկսում քայլել:
Եվ աշխարհի վրա գծագրվում են ոտնահետքերս:
Այնպես մաքո՜ւր
Արևահա՜մ,
Արևաձո՜ւյլ:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով