Հովհաննես Շիրազ. Բանաստեղծություններ

«Գարուն», 1974, 11

***
Մի՞թե իմ բոլոր օրերը կորան,
Ու թեկուզ մի շիթ չթողին ոչինչ,
Չթողի՞ն միթե, ով կյանքի օվկիան,
Քո հավերժի մեջ գեթ Սևան մի ջինջ:

Ինչպե՞ս չքացան հույսերս ջահել`
Հրաբուխներս, ախ, մի՞թե կորան,
Ասացեք, երգեր, մի՞թե չեք պահել
Վերադարձն իմ խենթ, ծով ջահելության:

***
Ամպը անուշ կցողա,
Ուռին քնքուշ կդողա:

Առուն հույսեր կծնի,
Փրփուրն արծաթ կտանի:

Շոգած մարգերն հովանում`
Հորս հույսն է ծովանում:

Շաղ է տալիս վարդենին
Բուրմունք դառած իր գինին:

Հայրս խմում է` անանց
Սուրբ կենացը Վարդանանց:

Ամպերն եկան ու անցան
Հույսը կապեց ծիածան:

Հայրս անուշ կբուրե`
Հովն հուշերի համբույր է:

Զմրուխտ շաղը բոստանում
Ճոխ աշունք է խոստանում:

***
Մանուկ օրերում եղել եմ որսկան,
Ինչ-որ բներ եմ քանդել` թռչունի,
Բայց հիմա հոգիս հրացան չունի,
Որ դառնամ մի նոր, անմեղ մարդասպան…

Ա՜խ, մարդը թեկուզ հասնի և Մարսին`
Քանի լեռներս գերի է պահում,
Քանի անգութ է` զեռուն է, մի սին,
Մարդու ի՞նչն է Մարդ` զենք ու զրահում…

ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ

Ո՞ւր եք շտապում, ով խաբված ջրեր,
Մեզ ծարավ թողած ո՞ւր եք շտապում,
Սևանն է քաշում ծով կարոտը ձեր`
Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:

Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Դարձեք` ծովանա թող հայոց առուն,
Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար…

Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում`
Դառնում ծովասույզ մի ջաղացաքար:

Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,
Երբ որ ծաղկյալ է մայր Հայաստանում,—
Մայր լեզվի կռվում էլ ինչո՞վ հաղթենք,
Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:

Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,
Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,
Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,
Մի՞թե մայր ազգը սուրբ չէ «ճոխ» կյանքից:

Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,
Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած,—
Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ
Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:

Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,
Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա

Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,
Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ.—
Դարձեք… Սևանը ձեզ է պապակում,
Կանչում` Սահարա անապատի պես:

ՊԱՏՐԱՆՔ

Մեր բոստանի բույրերն են դեռ հովերը ինձ բերում,
Երբ իջնում եմ հովիտներն Ախուրյանի ծաղկավետ,
Հուշերիս հետ եմ խոսում, ինչպես մեղուն ծաղկանց հետ,
Թվում է, թե հայրիկս է ինձ հովերով համբուրում:

Եվ լսում եմ զնգոցն էլ հորս բահի, մթան մեջ,
Հայրս հեռու-հեովից էլ ջուրը բոստան է բերում,
Նստում քարին` ծխում է` այնքան, մինչև մարգերում
Վար են բերում ջրերը ոսկիները լուսնի պերճ:

Եվ ջրերի հետ զուլալ մանկությունս է ետ գալիս,
Ես ընկնում եմ հորս գիրկն իմ սպիտակ գառի հետ,
Ինձ շոյում է հայրիկս,— ախ, չէ, ցնորքս է հավետ,—
Բոստանն այն կողմ մնացել` ինձ մի ձայն էլ չի տալիս:

Ավաղ, էլ չե՞մ լսելու ոչ մի շշուկն հայրիկիս,
Հովերն հազար կողմերից ինձ լոկ պատրանք են բերում,
Մանկությունից մինչ այսօր հորս շիրիմն եմ փնտրում,—
Բայց լոկ հայացքն եմ գտնում` լոկ աչքերում մայրիկիս…

***
Դեղին ծաղիկներ, խանդի՞ց եք դեղնել,
Թե՞ դեռ անկատար իմ երազներից,
Իմ լացած քույրեր, լացեք իմ տեղն էլ,
Ա՜խ, քարացել են աչքերս նորից:

Ճերմակ ծաղիկներ, մանուկ եք դուք դեռ,
Դեռ հավատում եք այն երազներին,
Որ միրաժվելով՝ թվացին անմեռ,
Այնինչ՝ ձյուն դառան իմ սաթ մազերին:

Կապույտ ծաղկունքն էլ` վշտից կապուտվել,
Ողբում են իրենց երազներն` ասուպ,
Իմ կոկոն վարդեր, կխաբվեք դուք էլ,
Քանի չեն բացվել ձեր աչքերը սուրբ:

Կարմիր վարդերն էլ` ամոթից շիկնած,
Թոշնում են` մահով երազ ու հույսի,
Էլ չեն հավատում, քեզ էլ, ով աստված…
Էլ չեմ հավատում ոչ մի երազի:

***
Մանուկներն ահա ծաղկունք են քաղել`
Հոգնել` նստել են մի շիրմաքարի,—
Դեո չեն էլ խորհում, թե ո՞վ է թաղվել,—
Ծիծաղ է վիշտն էլ երեխաների:

Չեն զգում, որ հեգ այս շիրմաքարին
Ինչքան արցունքի գոհար է թափվել,—
Ինչ լավ է չզգալ ամենաչարին,—
Այս ջինջ մանկանց պես` հավիտյան խաբվել:

ԽՂՃԻՍ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Կյանքի այնքան տիղմերով ինչպե՞ս անցար, իմ աղբյուր,
Ասա` ինչպե՞ս ծով հասար, ինչպե՞ս մաքուր մնացիր,
Ո՞նց մնացիր անբասիր, որպես մանկան սուրբ համբույր,
Մեղսադարի փշերում ծաղիկներդ ո՞նց բացիր:

Ծաղկածովեր ծնեցիր տատասկահար ճամփեքիդ,
Ինչքան էլ չար նախանձեց քեզ բարին էլ դարակույր,
Ճահիճվեցիր նորարարն էլ` նախանձելով ակունքիդ,—
Մինչ դու միշտ սուրբ մնացիր, որպես ներող մոր համբույր:

Այն անաստված դարում էլ աստվածային մնացիր,
Հազար նախրի ճամփեզրին սմբակահար աղբրի պես,
Քեզ պղտորել ցանկացող հազար տիղմի հաղթեցիր`
Չշաղվեցիր դու քեզնից և նվիրվեց ազգդ քեզ…

Դու ծաղկունքներ շաղ տվիր, ինքդ ծաղկի կարոտած,
Դու ծաղկունքներ, աստղունքներ աշխարհով մեկ շաղ տվիր,
Քո մի գլխին, ողջ կյանքում, հազար սև ամպ որոտաց,
Ամպրոպներով էլ անցար, բայց կենդանի մնացիր:

Եվ ապշում է աստվածն էլ, որ միշտ անբիծ մնացիր,
Օձի բնի բերանին բսած բուրող դաղձի պես,
Աստվածային աղբյուրի նման ուր էլ գնացիր`
Միշտ ըմպելի մնացիր և չհաղթեց դարն էլ քեզ:

Հազար վշտի խաչվեցիր, բայց մնացիր կենդանի,
Քիչ է մնում` Հիսուսին` քո Հարությամբ` հավատամ,—
Ախ, չէ, չարը ծով տիղմ է, դեռ աղբյուրներ կսպանի,
Քեզ սուրբ պահող հրաշքին քիչ է թեկուզ կյանքս տամ…

***
Հայրս ծոցում, գաղթի ճամփին,
Քաջ Վարդանի պատկերն ուներ`
Ասել է թե` էլ ահ չուներ`
Ահի մեջ էլ, վայ ոսոխին:

Մայրս ծոցում, գաղթի ճամփին,
Սուրբ Մեսրոպի պատկերն ուներ`
Ասել է թե` էլ մահ չուներ
Քաջ Վարդանն էլ, վայ ոսոխին:

Հայրս, մայրս` իմ էլ որդոց
Կտակերին ոչ թե մի տուն,
Այլ հայ լեզուն և հողն հայոց`
Մեկը մեկից սուրբ ու անհուն…

***
Այնտեղ հեռվում, ուր հայրս աստծու հետ էր մրցում`
Թեկուզ մի բուռ բոստանի իր ստեղծած դրախտով,
Այնտեղ մնաց մանկությունս` հեռաթափառ իմ բախտով,
Ինչպես մեղուն, որ կորավ այն ծիածան ծաղկոցում:

Այնտեղ մնաց դառնաձայն իմ խաղընկեր գետակն էլ,
Կարմիր-կանաչ երազներս այն մեր հեռվում մնացին,
Ա՜խ, ե՞րբ պիտի նրանց գիրկն այնպես ընկնեմ ես մեկ էլ,
Որ ինձ երկինք թռցնե իմ մանկության փայտե ձին:

Այնտեղ մնաց բարդիս էլ, որ մորս պես աղոթքով
Ելնում երկինք ու կարծես, աստըծու հետ էր խոսում.
Այնտեղ` գողտրիկ մի աշխարհ, որ ծաղկում էր սուրբ կյանքով,
Ուր ճոխ բույրը բոստանի ու մայր Արաքսն էր խոսում:

Այն ամենը, աստված իմ, ամեն գիշեր կտեսնեմ,
Երազներիս մեջ է սոսկ լացս փոխվում ծիծաղի,
Լոկ երազով` մեր զմրուխտ բոստանները կհասնեմ,
Զարթնում` լալիս եմ ծածուկ` կարոտ բույրին մեր հողի:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով