Արմեն Շեկոյան. Բանաստեղծություններ

«Գարուն», 1985, 2

ՄԵՆՔ

Ախ, երկտակվեցինք ու գալարվեցինք
մենք բանարվեստի վարժ ճիրաններում:
Մեր շնորհները մենք ո՜նց վատնեցինք
Երևանի պաղ սրճարաններում:
Գուցե դա էր էն օրերի ճիշտը,
գուցե վատնելու ժամանակն էր դա:
Ինչքան հիշում եմ` տղերքը միշտ էլ
իրենց ճըղել են, որ մընան արդար:

Երևանի պաղ սրճարաններում
մեր ստացածը անվերջ վատնելով`
հոխորտում էինք ու շարունակվում
մենք` ուրիշներին անվերջ դատելով:
Գուցե դա էր էն օրերի ճիշտը,
գուցե դատելու ժամանակն էր դա:
Ինչքան հիշում եմ` տղերքը միշտ էլ
վատերին էին ցույց տալիս ատամ:

Շարունակվելով չենք էլ մըտածել,
թե` մեր իսկ աղունն ո՞վ պիտի աղա:
Մեր ծնողքը միշտ հույս են ունեցել,
թե` մենք կըդառնանք մի օր տան տըղա:
Բայց շարունակվել ու հեռացել ենք
մենք հորենական մեր տունուտեղից:
Մենք շարունակվել ու հեռացել ենք
անվերջ մատուցվող այս սկուտեղից:

…Հոգնել ենք արդեն: Օրեր են անցել:
Եվ կարիք ունենք արդեն անդորրի:
Ուրիշներ չըկան: Մենք ենք մընացել
մեղադրյալի միակ աթոռին:
Բայց շարունակվում ու հեռանում ենք,
թեպետ նման չենք մեր հին պատկերին:
Մենք շարունակվում ու հեռանում ենք`
մեր հետքը թողած կյանքի պատերին:

ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՇՈՒՆ

Այս աշունն իմ մեջ է հորդում:
Ես լըցվում եմ այս աշնան մեջ:
Տերևները իջնում անվերջ
և իմ սիրտն են դանդաղ կարդում:

Լրիվ չեմ դեռ, բայց իմ հունով
հոսում եմ ու ետ չեմ դառնա:
Մըտածում եմ (չար սատանա)
կիսատ-պըռատ ռուսերենով:

Չէ, ես չըկամ: Սուտ է ողջը:
Այստեղ ուրիշ հույս է աճում:
Աճում է, բայց չի կանաչում,
թեպետ սերն է իր կամուրջը:

Եվ կամրջով այս անհաստատ
մի աղջիկ դեպ ինձ է վազում:
Վազում է, բայց տեղ չի հասնում,
թեպետ նրա միտքն է հստակ:

Կարոտ էի մի տաք խոսքի,
և նա հացն իր կիսեց ինձ հետ:
Պիտի հոսենք մենք իրար հետ
դեպի աշնան սիրտը ոսկի:

ՁՄԵՌ

Մինչ փորձում էի թաքնըվել
իմ շողշողուն վերմակի տակ,
այս ձմեռն ինձ կրկին գըտավ.
ստիպված եմ տաք հագնըվել:

Ստիպված եմ տաք հագնըվել,
հաճոյանալ աղջիկներին
և, համաձայն իմ այս դերի,
մի դիմակի տակ թաքնըվել:

Մոսկվա քաղաք, քո ձմեռը
հեչ նման չէ այն մյուսներին,
լավ խըփում է ոսկորներիս,
բայց ոնց որ թե թեթև բեռ է:

Եվ չեմ կարող այսպես անվերջ
նստել, ցանցառ տողեր գրել:
Ա՜խ, մի աղջիկ ինձ ժամադրել,
մոռացել է այս ցրտի մեջ:

Մի բան վատ է. ցուրտն այս դաժան
չի անցկացնում ցավն ատամի:
Ես փնտրում եմ մի մատանի,
որ ճոխ լինի, բայց և` էժան:

Կընըվիրեմ այս աղջըկան,
որ վերջապես եկավ, ահա՛:
Քո ձմեռը, Մոսկվա քաղաք,
շատ նման է այս աղջըկան:

18. 6. 1984

Տարերային այս հոսանքով հասա այստեղ:
Առաջացա շփոթվելով ու շեղվելով:
Մեծ դեզի մեջ ես ո՞նց գտնեմ ինձ— մի ասեղ,
երբ շարունակ հմայված եմ այս տեղերով:

Հասա այստեղ-— Վլադիմիր— Ռուսիո եդեմ:
Կապույտի մեջ շողշողում էր եկեղեցին:
Իմ մտքինը դուրս քաշելով նետեցի դեն:
Իմ սրտինը երեք անգամ կըրկընեցի:

Ես իմ հարցը երեք անգամ կըրկընեցի
ու գիտեմ, որ դեռ պատասխան չեմ ստանա:
Կուրսղեկն ասաց. «Կըշարժըվենք ժամը վեցին»:
Կապույտի մեջ շողշողում է, ա՜խ, անգամ նա:

Մեր գործերը մենք կարդացինք: Հրավերք էր:
Դեգերեցինք մենք քերթության հարցերի մեջ:
Մեզ լավ գիտեմ— սուտ դող էր ու սուտ տարերք էր`
մուկ բռնողի տարերքի պես պստիկ ու խեղճ:

Երբ մեր խմբի շուրջ քսանհինգ հոգիները
արաղ տեսան— գոռգոռացին, գըցին հավար:
Ես հարց տըվի, սակայն իմ խեղճ հոգին նեղ էր
գալիս իմ կարճ-անպատասխան հարցի համար:

Փողփողացին շուրջ քսանհինգ հոգիները`
մոռացած, որ մեկնելու են ժամը վեցին:
Այն սեղանի համար իմ խեղճ հոգին նեղ էր:
Եվ մտքիս մեջ ես իմ հարցը կըրկընեցի:

ՆՈՐ ԳԱՐՈՒՆ

Նոր գարունը գրկում է ինձ
և իր սրտի տաքով օծում:
Եվ արևը նոր ու նորից
իր պտույտն է սրբագործում:

Նեղ տըներից դուրս են հորդում
ջահել ու թարմ նոր աղջիկներ,
պուրակներում գիրք են թերթում,
պատրաստ` մի թարմ խոսքից շիկնել:

Նա, ով բերեց գարունն այս նոր,
համոզված եմ` մեզ կըների:
Հենց ջերմություն էր հարկավոր
ինձ, ձեզ, նաև խըմողներին:

Խըմողներին` ճոխ, բարի խում:
Աղջիկներին` կըրակ անանց:
Ես ջահել եմ: Իմ տարիքում
սիրտըդ հանիր ու տուր նըրանց:

Եվ երբեք էլ շատ չի լինի:
Եվ երբեք էլ չես ափսոսա:
Խըմողներին` ընտիր գինի:
Մեզ` սրտի նոր-թեթև սոսափ:

Եվ երգի նոր ու տաք հոսանք,
որ վերըստին մենք կանաչենք,
որ հասկանանք ու ճանաչենք,
ասենք` գարո՛ւն, բարով տեսանք:

ՈՐԴԵԳՐԻՐ ԻՆՁ

Անձայն, սակայն որոշակի,
այս մի օրն էլ անցավ-գընաց:
Եվս մի գոլ-խուլզ կիրակի
ինձ տաքացրեց, բայց չըմընաց:

Վաղ չե՞մ արդյոք ես ղունղունում
անցնող կյանքի մասին տողեր:
Վաղ չե՞մ արդյոք ես իմ բընում
երեքտակվում՝ ինչպես կըղեր:

Մեկն ինձ ասաց` շատ ես առույգ:—
Աչքով տըվեց, ու ողջն անցավ:
Ասողն ինքն էլ չէր հասկանում`
ինձ անիծե՞ց, թե կամեցավ:

Հիմա ես էլ չեմ հասկանում`
ինձ անիծե՞ց, թե կամեցավ:
Այս մի օրն էլ հըների պես
ինձ շոշափեց ու լուռ անցավ:

Ինձ շոշափեց ու չիմացավ
ու չըխըփեց իմ կողերին:
Հըների պես եկավ-անցավ`
լուռ, անտեղյակ իմ դողերին:

Ահա ևըս մի նոր շեղում
ժամանակից այս կարճառոտ:
Ես այստեղ եմ` իմ հին տեղում:
Որդեգրիր ինձ, նոր առավոտ:

ՄԵՂԱՎՈՐ ԳԱՐՈՒՆ
Ռոբերտ Բյորնսին

Այս գարունը` թեթև ու տաք,
ինձ հանեց իմ խոնավ բընից:
Ես նորածին արևի տակ
բախտ եմ փորձում` տարբեր գընի:

Աղջիկն իր իսկ հոժար կամքով
խմեց մի շիշ կարմիր գինի:
Ըմբոշխնում եմ ափսոսանքով
այն, ինչ մի օր էլ չի լինի:

Ներդաշնակ են իր աչքերը
իմ դավադիր նպատակին,
զույգ շողշողուն հրաշքները
որսում են ինձ` հըպատակիս:

Ես գիտեմ, որ ինձ չեն փնտրել,
բայց ցընծում է իմ արյունը:
Սա սեր չի, չէ: Ինձ չեն գըտել:
Մենք դեռ չըկանք: Նոր գարունն է:

Կանոններից չըշեղվելով`
ես չեմ փորձի ողջը գըրել:
Դեգերեցինք այն տեղերով,
ուր դեռ ոչ ոք ոտք չի դըրել:

Մեր հնազանդ մարմինները
տըվինք գարնան խոտին ի պահ:
Մեզ չեն ճնշում տարիները,
և գիշերն այն` սրսուռ ու պաղ:

Վարագույրից այն կողմ մարդիկ կան:
Կյանքը կա` թարմ ու հնչեղ:
Հընարավոր զոքանչ-մայրիկ,
քո աղջիկը մեղավոր չէր:

ԳԻՇԵՐ

Գիշեր է: Լուռ ու մեծ: Պաղ ընկեր:
Թղթեր են: Չարենցի հատորն է:
Փըշըրված լուսնի մի կըտորը
Հայացքիս կեռից է կախ ընկել:

Ո՞ւր նայեմ: Ի՞նչ փնտրեմ այս մըթին:
Գիշեր է: Նոր ու մեծ: Մեծ-անձայն:
Չեմ փորձի կըրկընել բարձրաձայն
իմ բառը, որ շողաց իմ թղթին:

Լռություն: Նոր ու մեծ գիշեր է:
Թղթեր են: Չարենցի հատորն է:
Չեմ փորձի ինձ իզուր կոտորել:
Գիշեր է: Թող քընեն հուշերը:

ՊԱՂ ԳԻՇԵՐ

Պաղ գիշեր: Ես դեռ կամ:
Թղթեր են ձեռագիր:
Պլան է տարեկան:
Հիշում եմ ողջն անգիր:

Գրում եմ ու հիշում:
Եվ բախտ կար: Եվ սեր կար:
Ինձ ոչինչ չի հաշում
գիշերն այս մութ-երկար:

Հիշում եմ ողջն անգիր:
Վարագույրն իջած է:
Թղթեր են ձեռագիր:
Գըրած ու ջընջած են:

Անորոշ վիճակն այս ինձ
ոչինչ չի հուշում:
Սեղմում եմ կոճակն այս,
սուզվում եմ մըշաշում:

ՆԱ, ՈՎ ՓՆՏՐԵՑ, ԿԳՏՆԻ ԻՆՁ

Մի ձկան պես խըլվըլալով`
չափչըփեցի ջրերն այս հին:
Այս ջրերը` ջինջ ու պղտոր,
ինձ հասցըրին այստեղ` անդին:

Խըլվըլալով հասա այստեղ
ու նայում եմ այս քարափից:
Սա մի չքնաղ հեռաստան է,
ար չեն զըննոլմ, չեն ճնշում ինձ:

Այսքան մաքուր, այսքան խաղաղ—
և սա կյանքն է, ոչ թե մահը:
Եվ ժամերը միապաղաղ
էլ չեն ճընշում: Եվ նոր պահը

ընդունում է մարմինը իմ
և ծածկում է ինձ անցյալից:
Լռություն է: Էլ չեն ճնշում
Ժամերը գորշ ու ձանձրալի:

Հասել եմ ու ետ չեմ դառնա:
Ով ինձ փնտրեց, թող ինձ ների:
Ես իմ շունչը կընըվիրեմ
այս դաշտային ծաղիկներին:

Հասել եմ ու ետ չեմ դառնա:
Տեսնում եմ ձեզ այս քարափից:
Նա, ով փնտրեց— կերջանկանա:
Նա, ով փնտրեց— կըգըտնի ինձ:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով