Ռաֆայել Նահապետյան. Փախուստ

«Գարուն», 1977, 10

Պատկերասրահում մի բան էր կատարվում, ինչ-որ բան էր նախապատրաստվում, ու բոլորն այդ զգում էին: Լարվածությունը գնալով աճում էր, աճում, մթնոլորտը շիկացել էր, շշուկները, մի տեսակ, ֆշշացող սրություն էին ձեռք բերել, ու սուր դիմագծերով, ջղային մի կոմսուհի, երբ արդեն պատկերասրահը փակել էին, ճչաց.
— Դե վերջ տվեք փսփսալուն, ասացեք հասկանանք, ի՞նչ է պատահել, հիմա ի՞նչ եք ուզում:
— Նրան լավ չեն դաստիարակել,— փսփսացին պալատական կանայք,— հասարակության մեջ իրեն պահել չգիտե:
— Մեծամեծներն էլի իրար խառնվեցին,— ծիծաղեց ծեր մի հովիվ ու թոռանն աչքով արեց,— այ կտեսնես, սրանք էլի մի բան անելու են, սրանք հանգիստ նստողներից չեն:
Թոռը չպատասխանեց: Նրա բերանում սրինգ կար (այդպես էին նկարել) ու նա նկարելու օրից չէր խոսել` սրինգ էր փչել (նա շատ էր հարգում նկարիչներին ու մտածում էր` եթե ինձ ստեղծողը որոշել է, որ ես պետք է սրինգ նվազեմ` ուրեմն վերջ):
— Ժողովուրդը հուզվում է, արքա,— ասաց պալատականներից մեկը,— ժողովուրդը անորոշության մեջ է:
— Վաղը մեր սրահի բոլոր շրջանակներին հայտարարեք,— ասաց արքան,— որ երրորդ սրահը` մերը, պատերազմ է հայտարարում չորրորդին:
— Լսում եմ, արքա,— ասաց պալատականը,— իսկ պատճա՞ռը: Ինչպե՞ս բացատրել սրահին այդքան կարևոր քայլը:
Արքան մտմտաց: Իրական պատճառն այն էր, որ արքայի ձեռքերը քոր էին գալիս, ու նա ամեն ինչ իրար խառնել էր ուզում: Բայց ժողովրդին այդպես չէր կարելի ասել:
— Ասացեք,— ծոր տվեց արքան,— որ չորրորդ սրահը ինչ-ինչ դավաճանական միջոցներով հասել է այն բանին,— այստեղ արքան նորից մտմտաց ու գյուտ արեց,— որ այցելուների մեծ մասը այնտեղ է գնում, մինչդեռ մեր սրահը հաճախողների թիվը օր-օրի նվազում է: Դա խայտառակություն է, դա դավաճանություն է Մեծ Արվեստի նկատմամբ, որին մենք ծառայում ենք, դա հայհոյանք է մեզ ստեղծող մեծագույն նկարիչների հասցեին:
— Որ ասում էի,— ծիծաղելով ձեռքերն իրար քսեց ծեր հովիվն ու նորից թոռանը աչքով արեց,— որ ասում էի սրանք հանգիստ նստողներից չեն: Տեսա՞ր: Դե հիմա գնա: Մեկ էլ չասես, թե սուտասան եմ` դե կեր:
Թոռը չէր ասել, թե պապը ստախոս է (նա երբեք չէր խոսել) դա պապն էր հնարել` խաբելու համար իրեն, իբր իր հետ էլ զրուցող, իրեն էլ հաշվի առնող կա:
— Օ՜հ, այս տղամարդիկ,— հառաչեց գեղեցիկ աչքերով մի կին,— օ՜հ, այս տղամարդիկ, որոնց համար մեր սրտերը նվաճելը քիչ է՝ այժմ էլ սրահներ են ուզում նվաճել:
— Տիրուհիս,— ասաց բարակ, երկար բեղերով, սուր, եռանկյունի մորուքով մի տղամարդ,— ձեր սիրտը նվաճելու համար ես պատրաստ եմ նախ ողջ աշխարհը նվաճել:
— Օ՜հ, այս տղամարդիկ,— հառաչեց գեղեցիկ աչքերով կինը, բայց այդ տղամարդուն չնայեց, այլ մյուսին, որ մի խմբի կենտրոնում լուրջ-լուրջ բաներ էր ասում,— Օ՜հ, այս տղամարդիկ, որ նվաճում են մեր սրտերն ու այսքան դաժան են:
— Տիրուհիս,— նորից սկսեց թեթևսոլիկը, բայց կինը հեռացավ:
Հարևան, չորրորդ սրահում նույնպես իրար էին անցել:
— Ինչպե՞ս,— բացականչեց պատկերասրահի ամենաարժեքավոր կտավի գլխավոր դետալը,— ինձ պատերազմ հայտարարե՞լ,— նա ստիպում էր, որ բոլորն իրեն կայսր կոչեն,— դրանք խելագարվե՞լ են, ինչ է:
— Իմ կայսր,— բղավեց հարևան կտավից հոյատես մի սպա,— առաջնորդիդ մեզ:
— Մեր որսը սրանք հարամ արին,— փսփսացին հարևան շրջանակից, այնտեղ երկու հոգի լուսնյակ գիշերով պատրաստվում էին նավակը ծովը հրել,— հիմա ի՞նչ անենք:
Իսկ կողքի կտավում գիշերային սրճարանի տերը շփոթված կանգնել էր աղոտ լուսավորված բիլիարդի առաջ ու մտածում. «Առանց այդ էլ հաճախորդներ չունեի, հիմա բոլորովին չեմ ունենա»: Ու նա շփոթված նայեց կողքի սեղանին կիսաքնած երկուսին:
— Հենց այսօր զորահավաք կազմակերպել,— որոտաց կայսրը,— վաղը պատկերասրահը փակվելուց հետո` ռազմի դաշտ:
— Տեր,— ասաց հավաքված սպաներից մեկը,— ավելի հարմար է ժամը 22-ից հետո, մինչև 22-ը պահակը շրջում է սրահներում:
— Լավ,— որոտաց կայսրը,— ուղիղ ժամը քսաներեքն անց երեսուն րոպեին ես կսկսեմ կռիվը և մեզ ստեղծող Մեծ Վարպետների օրհնությամբ մեկ ժամվա մեջ կջարդեմ նրանց:
Եվ որովհետև ամենքն իրար էին խառնվել, ոչ ոք չնկատեց, թե ինչպես պատկերասրահի ամենաարժեքավոր կտավի շրջանակի արանքից դուրս սողաց Հիասքանչ Օրիորդը ու մտավ կողքի կտավը,— այնտեղ Սիրահարված Պատանին գիրք էր կարդում:
— Ես այդպես էլ գիտեի,— մրմնջաց աղջիկը:
Հետո Սիրահարված Պատանին գրքից կտրեց աչքերն ու տեսավ Հիասքանչ Օրիորդին: Նրանք երկուսով անթարթ իրար էին նայում, ու այնքան գեղեցիկ էր Պահը, որ այն ապրելու համար արժեր նկարված պատկեր լինել:
— Սիրելիս,— մրմնջաց Հիասքանչ Օրիորդը,— ես այդպես էլ գիտեի:— Սիրահարված Պատանին ժպտաց, զգույշ համբուրեց աղջկա ձեռքերը, հետո աչքերը, հետո շուրթերը ու ասաց.
— Ի՞նչ է պատահել, դու ասացիր, որ այսօր չես կարող գալ:
— Պատերազմ է հայտարարվել,— ասաց Հիասքանչ Օրիորդը,— վաղը մեծ կռիվ է լինելու:
— Ո՞ւմ հետ, ինչո՞ւ,— զարմացավ Սիրահարված Պատանին:
— Երրորդ սրահի: Այցելուների հետ կապված ինչ-որ պատմության պատճառով:
— Գրողը տանի,— զայրացավ Սիրահարվածը,— ինչո՞ւ են հիմարություններ անում, ինչո՞ւ չեն թողնում ապրենք, ինչո՞ւ են ամեն տեղ քթները խոթում, գրողը տանի, այս ի՞նչ է կատարվում:
— Մի հայհոյիր,— կարմրեց Հիասքանչը,— ավելի լավ է եկ փախչենք:
— Բայց ո՞ւր,— հարցերը Սիրահարվածը:— Ախար ո՞ւր փախչենք:
— Մի որևէ սրահ,— ասաց Հիասքանչ Օրիորդը:
— Ի՞նչ տարբերություն,— դառը քմծիծաղեց Սիրահարվածը,— այնտեղ էլ նույն բանը կպատահի:
— Դե ոչ,— ծիծաղեց Հիասքանչը,— ես լսել եմ, որ այստեղ սրահներ կան, ուր միայն բնանկարներ են, գնանք այնտեղ, կխցկվենք որևէ բնանկարի շրջանակից ներս ու մեզ համար կապրենք:
— Հիանալի է,— ապշեց Սիրահարված Պատանին,— և ինչպես մտքովս չէր անցել,— ու նա արագ վերցրեց իր գիրքը, փետրազարդ գլխարկը:
— Ոչ,— ասաց Հիասքանչ Օրիորդը,— այստեղից ոչինչ մի վերցրու, հարկավոր չէ:
— Հիասքանչ Օրիորդ,— ծոր տվեց Սիրահարված Պատանին,— օրհնվեն այն մատները, որ քեզ ստեղծել են:
Ու նրանք արագ հեռացան այդ սրահից: Նրանց փախուստը ոչ ոք չնկատեց, որովհետև բոլորն էլ զբաղված էին շատ ավելի կարևոր մի գործով:
Իսկ մյուս օրը պատկերասրահի այցելուները շշմել մնացել էին,— կատարվել էր աննախադեպ մի բան:
Ամենարժեքավոր կտավի վրայից անհետացել էր գեղեցիկ աղջկա մի ֆիգուր, իսկ հարևան կտավներից մեկի վրայից չքացել էր գիրք կարդացող պատանին: Եվ, որ ամենազարմանալին էր` տեղում էին մնացել և՛ գիրքը, և՛ փետրազարդ գլխարկը: Իսկ պատանին չկար:
Պատկերասրահն արագ փակեցին և ամենաարժեքավոր կտավն ու պատանու շրջանակը տարան արհեստանոց: Հասկանալի է, որ գիշերը ոչ մի պատերազմ էլ չեղավ` կայսրին տարել էին և հետո երկու սրահներում էլ պատկերների տրամադրությունը շատ վատ էր:
Միայն երրորդ սրահի արքայի ձեռքերն էին քոր գալիս, ու նա մտածում էր, որ իրենից փայլուն մի հաղթանակ գողացան, բայց վախենում էր ձայն հանել, հասկանալով, որ վերջնականապես կզրկվի հեղինակությունից: Առանց այդ էլ նրան արդեն խեթ-խեթ էին նայում:
Բայց մի բան, որ ոչ ոք չնկատեց, բացի գիշերային պահակից, դա հեռավոր սրահներից մեկում անհայտ մի հեղինակի բնանկարի մեջ հայտնված երկու փոքրիկ ֆիգուրներն էին: Եվ հիմա, գիշերները, շրջելով սրահներում, գիշերային պահակը ամենավերջում մտնում էր այդ հեռավոր սենյակը ու երկար-երկար նայում անհայտ հեղինակի բնանկարին:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով