Հենրի Միլլեր. Խորհրդածություններ գրելու մասին

«Գարուն», 1994, 7

Մի անգամ, պատասխանելով ինչ-որ հարցաթերթիկի, Քնյութ Համսունը նկատել է, որ ինքը գրում է բացառապես ժամանակը սպանելու նպատակով: Կարծում եմ, եթե նույնիսկ անկեղծ է եղել, միևնույն է՝ մոլորվել է: Գրելը, ինչպես բուն կյանքը, ինչ-որ բանի հասու լինելու համար կատարվող ճամփորդություն է: Այն բնազանցական արկած է, իրականության անուղղակի ճանաչման եղանակ, որ հնարավորություն է ընձեռում տիեզերքը տեսնել ոչ թե սահմանափակ, այլ ամբողջն ընդգրկող հայացքով: Գրողն ապրում է կեցության վերին և ստորին ոլորտների միջև և ոտք է դնում դրանք իրար բերող արահետին, որպեսզի ի վերջո հենց ինքը դառնա այդ արահետը:
Ես սկսել եմ կատարյալ շփոթ ու շվար վիճակում` խրվելով տարբեր գաղափարների, ապրումների և կենցաղային դիտարկումների ճահիճը: Նույնիսկ այսօր ինձ գրող չեմ համարում բառի ընդունված իմաստով: Պարզապես մարդ եմ, որը պատմում է իր կյանքի պատմությունը, և որքան ծավալվում է այդ պատմությունը, այնքան ավելի եմ զգում նրա անսպառելիությունը: Այն անվերջ է, ինչպես ինքը` աշխարհի վերընթաց զարգացումը: Այն ամենայն ներթաքույցի վերհանումն է և ճամփորդություն անմտածելի տարածքներում` մինչ այն պահը, երբ հանկարծ սկսում ես հասկանալ, որ պատմածը ամենևին այնքան կարևոր չէ, որքան պատմությունն ինքը: Արվեստից անբաժան հենց այդ հատկությունն էլ նրան բնազանցական երանգ է հաղորդում. այդ պատճառով էլ արվեստը վեր է ժամանակից ու տարածությունից, և միահյուսված տիեզերքի միասնական ռիթմին, որոշարկվելով գուցե միայն վերջինով: Իսկ արվեստի «ապաքինող» ուժը նույնի` նրա նշանակելիության, աննպատակության և անկատարության մեջ է:
Թերևս իմ առաջին քայլերից լավ գիտեի, որ գոյություն չունի ոչ մի նպատակ: Ամենաքիչը հավակնում եմ ընդգրկել ամբողջը, պարզապես ձգտում եմ ամբողջի իմ զգացողությունը հաղորդել յուրաքանչյուր դրվագի ու գրքի, որոնք ծագում են որպես հիշողություններ իմ դեգերումների մասին, քանի որ ես ավելի ու ավելի խորն եմ հերկում կյանքը` և՛ անցյալը, և՛ ապագան: Եվ երբ այսպես օր օրի հերկում ես այն, ծագում է հավատից կամ դոգմայից առավել էական մի համոզմունք: Ես առավել անտարբեր եմ դառնում իմ գրողական բախտի նկատմամբ, սակայն առավել վստահ` իմ մարդկային կոչման մեջ: Սկզբում ջանադիր ուսումնասիրում էի նրանց ո ճաբանությունն ու հնարքները, որոնց մեծարում էի, որոնցով հիանում էի` Նիցշեի, Դոստոևսկու, Համսունի, նույնիսկ Թոմաս Մաննի, ում հիմա համարում եմ, պարզապես ինքնավստահ արհեստավոր, իր գործի մեջ մի քիչ հմտացած որմնադիր, բեռնակիր ձի, իսկ գուցե և` իր սայլակառքը մոլեգին տքնանքով քարշ տվող ավա-նակ: Ես նմանակում էի ամենատարբեր գրելաձևեր` հուսալով գտնել գրելու գաղտնիքի բանալին: Ի վերջո, հայտնվեցի փակուղում, ապրելով քչերին վիճակվող հոգեբեկում և հուսահատություն: Իսկ այդ ամենի պատճառն այն էր, որ իմ մեջ չէի կարողանում առանձնացնել գրողին ու մարդուն, և ստեղծագործական ձախողումն ինձ համար հավասարազոր էր մարդկային ճակատագրի ձախողման: Իսկ ձախողում եդավ: Ես հասկացա, որ ոչինչ եմ, ավելին՝ բացասական մեծություն: Եվ ահա, հասնելով այդ կետին, հայտնվելով ասես մեռյալ Սարգասյան ծովի մեջտեղում, ես սկսեցի իսկապես գրել: Սկսեցի զրոյից` ջուրը գցելով իմ ողջ ամբարածը, նույնիսկ այն, ինչ առանձնապես թանկ էր ինձ համար: Երբ լսեցի իմ սեփական ձայնը, ինձ հիացմունք պատճառեց, որ իմ ձայնն առանձնահատուկ է, աննման, յուրօրինակ: Ինձ համար միևնույն էր, թե ինչպես կգնահատեին իմ գրածը: «Լավ» և «վատ» բառերը բացառեցի իմ բառապաշարից: Ես մեկընդմիշտ մտա գեղարվեստի աշխարհը, արվեստի թագավորությունը, որը ոչ մի ընդհանուր եզր չունի բարոյականության, բարոյախոսության և օգտապաշտության հետ: Իմ կյանքն ինքը վերածվեց արվեստի ստեղծագործության: Ես գտա ձայնս, նորից դարձա ամբողջական էակ: Ես ապրեցի մոտավորապես նույնը, ինչը, եթե հավատանք գրքերին, ձեն-բուդդայականությանը հաղորդակցվողներն են զգում օծումից հետո: Դրա համար ինձ անհրաժեշտ էր նողկանքով լցվել գիտելիքի նկատմամբ, ըմբռնել մինչ այդ եղածի ապարդյունությունը և ամեն ինչ հիմնովին քանդել, մեռնել անհուսությունից, ապա համակերպվել և, այսպես ասած, մահացու ախտորոշում տալ ինքս ինձ. այդ ամենից հետո միայն ես վերադարձրի ինքնության զգացումը: Ինձ վիճակվեց հասնել ամենաեզրին և ցատկել խավարի մեջ:
Ես հիշատակեցի Իրականության մասին, սակայն չէ՞ որ գիտեմ, որ նրան մերձենալու մի ուղի կա միայն` գրելը: Այժմ ես ավելի քիչ եմ ճանաչում և ավելի շատ հասկանում, բայց ինչ-որ առանձնահատուկ, ապօրինի եղանակով: Ես ավելի ու ավելի վստահորեն եմ յուրացնում անմիջականության շնորհը: Իմ ներսում շարունակ աճում է մտահասու լինելու, գլխի ընկնելու, մտորելու, համադրելու, անվանելու, փաստերն ամրագրելու և արտահայտելու կարողությունը, ընդ որում` այդ ամենը միաժամանակ: Իրերի կառուցակերպն այժմ ավելի դյուրությամբ է բացվում իմ առջև: Ես բնազդաբար խուսափում եմ բոլոր կտրուկ մեկնաբանություններից. որքան դրանք պարզ են, այնքան ավելի խորն է թաքնված իսկական գաղտնիքը: Իսկ այն, ինչը ինձ հասկանալի է, դառնում է ավելի անարտահայտելի: Ինձ ուղղորդում է ապացույցների և հավատի կարիք չունեցող համոզվածությունը: Ես ապրում եմ ինքս ինձ համար միայն, ինչը, սակայն, անձնապաշտության կամ եսասիրության նշույլ իսկ չունի: Ես ընդամենը ջանում եմ ապրել այն, ինչ տրված է ինձ, և դրանով իսկ օժանդակում եմ աշխարհում իրերի հավասարակշռության պահպանմանը: Ես օր օրի, բոլոր միջոցներով օժանդակում եմ տիեզերքում տեղի ունեցող շարժմանը, ծննդին, մահվանը, փոփոխությանը: Տալիս եմ իմ ողջ ունեցածը, տալիս եմ սիրահոժար, սակայն ինքս էլ վերցնում եմ այն ամենը, ինչը կարող եմ զետեղել իմ մեջ: Ես և՛ թագակիր եմ, և՛ ծովահեն: Ես հավասարության խորհոդանիշն եմ, մարմնացյալ Կշեռք, որն ինքնուրույն կենդանակերպ դարձավ, երբ Կույսը զատվեց Խեցգետնից: Իմ կարծիքով, այս աշխարհում բավականաչափ տեղ կա բոլողի համար. չէ՛ որ այնքան շատ են ընթացիկ ակնթարթների միջև ընկած խորխորատները, մեն-մի անհատով բնակեցված անափ տիեզերքները, վիթխարի կղզիները, որոնց վրա սեփական անձը գտնողը կարող է խելքին փչածի պես կատարելագործել այն: Երբ նկատում են միայն պատմական ճակատամարտերը, և աշխարհում ամեն բան երևում է հանուն հարստության ու իշխանության մղվող կռվի լույսի տակ, արտաքուստ կյանքը ներկայանում է ամբոխի ձանձրալի ու խունացած շարժապատկեր, մինչդեռ իրականում այն սկսվում է այն բանից հետո միայն, երբ, հեռանալով մակերևույթից, սուզվում ես խորքերը և, հրաժարվելով պայքարից, հեռանում մյուսների տեսադաշտից: Ինձ ոչինչ չի ստիպում գրել կամ չգրել, և այլևս ոչ մի պարտադրանք չկա, և արդեն ոչ մի բուժիչ բան չեմ գտնում գրողական իմ վարժանքներում: Այն ամենը, ինչ ես անում եմ, կատարվում է բացառապես հանուն բավականության. հասունանալով իմ ներսում, ինչպես ծառի վրա, պտուղներն իրենք իրենց են գետնին թափվում: Ես բացարձակապես անտարբեր եմ, թե ինչպես կընդունեն գրածներս քննադատները կամ սովորական ընթերցողները: Ես ոչ մի արժեք չեմ սահմանում, պարզապես իմ ներսից կորզում եմ հասունացածը, որպեսզի այն դառնա կերակուր: Եվ ոչ մի այլ բան իմ գրելու մեջ չկա:
Ամենանրբաճաշակ անվրդովության վիճակ՝ ահա եսակենտրոն կյանքի տրամաբանական հետևանքը: Հասարակության մեջ գոյակցելու խնդիրը ես լուծել եմ նրանով, որ անզգայացել եմ, իսկական խնդիրը ուրիշների կողքին ապրելու կերպը սովորելու մեջ չէ, ինչպես նաև այն չէ, որ օժանդակես քո երկրի ծաղկմանը, բուն խնդիրը սեփական կոչումն ըմբռնելը և կյանքը տիեզերքի խիստ կազմակերպված ռիթմին համահունչ ապրելն է: Խնդիրը առանց հուզական թրթիռի հոգի, տիեզերք և նման այլ հասկացություններով մտածելու կարողության մշակումն է, «հոգևորին» հասնելու արվեստը յուրացնելը և, այդ ամենով հանդերձ` ամեն տեսակի սահմանումներից, փաստարկներից, ապացույցներից, պարտավորություններից խուսափելը: Դրախտն ամենուր է, և դրախտ է տանում ցանկացած ճանապարհ, եթե միայն որևէ ճանապարհով գնաս բավականաչափ երկար: Սակայն առաջ ընթանալ հնարավոր է միայն ետ վերադառնալով, հետո` կողքի շրջվելով, վեր բարձրանալով և վար իջնելով: Չկա ոչ մի առաջրնթաց, գոյություն ունի միայն հավերժական շարժում և տեղափոխություն` շրջանաձև, գալարաձև, գալարագիծ, մշտնջենական: Յուրաքանչյուր մարդ իր կոչումն ունի, և մեր միակ հրամայականը պետք է լինի հետևել այդ կոչմանը, ընդունելով, ինչի էլ որ այն հանգեցնի: Դույզն-ինչ պատկերացում չունեմ, թե ինչ կգրեմ ապագայում, նույնիսկ` ինչպիսին կլինի իմ հաջորդ գիրքը: Իմ մտահղացումները, նախագծերը ուղղորդվում են ամենաանհուսալի խթանիչներով, ես պարզապես ինչ-որ բան եմ ուրվագծում հընթացս, հորինում եմ, աշխարհ բերում, ձևափոխում, խորհրդածոտմ, հայտնագործում, չափազանցում, խառնում, ծռմռում, և այս ամենը` կախված տրամադրությունից: Ես հնազանդվում եմ միայն իմ բնազդներին, իմ ներըմբռնմանը: Նախապես ինձ հայտնի չէ ոչինչ: Հաճախ նկարագրում եմ բաներ, որոնք ինքս էլ չեմ հասկանում, գիտենալով, որ հետագայում դրանք կհստակվեն և ինձ համար ինչ-որ իմաստ կստանան: Ես հավատում եմ մարդուն, որը գրում է, այսինքն` ինձ, գրողին: Ես չեմ հավատում բառերին, եթե անգամ ամենահմուտ վարպետն է շարել, բայց հավատում եմ լեզվին, իսկ այն բառի համեմատությամբ ավելի բարձր մի բան է, քանի որ բառերն ստեղծում են իրենց արտահայտածի սոսկ խեղաթյուրված պատրանքը: Բառերը գոյություն չունեն զատ-զատ, թերևս միայն գիտնականների` ստուգաբանների, բանասերների և այլոց համար: Լեզվից առանձին բառերը դառնում են մեռյալ պատիճ, որոնցում այլևս վերծանելիք առեղծված չկա: Մարդուն բացահայտում է նրա ոճը, այն լեզուն, որ ինքն է ստեղծել իր համար: Մաքուր սիրտ ունեցողին աշխարհում ամեն բան (համոզված եմ) թափանցիկորեն պարզ է, նույնիսկ` ամենագաղտնատեսական գրքերը: Նման մարդն ամեն ինչի մեջ գաղտնիք է տեսնում, սակայն այդ գաղտնիքը միստիկական չէ, այլ բնական, ներդաշնակ, տրամաբանական և իր էությամբ գործածելի: Ըմբռնումը ոչ թե գաղտնիքը վերծանելն է, այլ ընկալելը և կյանքն ըմբոշխնելը. ըմբռնումը հենց գաղտնիքի հետ, գաղտնիքով և գաղտնիքի շնորհիվ ապրելն է: Կուզենայի, որ իմ բառերն ազատ լող տային, ինչպես աշխարհն է լողում առանց որևէ երթուղու` ոլորընթաց ընկնելով բացարձակապես անկռահելի տարածքներ, հայտնվելով աննախադեպ և նախկինում անհայտ պայմաններում ու կլիմայական գոտիներում, բախվելով անըմբռնելի չափումների: Կանխավ ընդունում եմ այդ գաղափարն իրականացնելու իմ անսրտությունը: Եվ դա ինձ ամենևին չի ընկճում: Ինչ-որ բարձրագույն իմաստով աշխարհն ինքը վարակված է անհաջողությամբ, այն իրենից ներկայացնում է անկատարության կատարյալ օրինակ, նա ձախողման գիտակցությունն է: Երբ դա հասկանում ես, ձախողումն այլևս չի հուզում: Արարիչը, այլ խոսքով` արվեստագետը, նման է աշխարհի նախասկզբին, մշտնջենական Բացարձակին, Միակին, Ամբողջին և արտահայտում է իրեն իր անկատարությամբ: Նա կյանքի էությունն է, նրա հարատևության վկայությունը: Մերձենալ վերջնական ճշմարտությանը, որն, ըստ իս, գրողի բարձրագույն նպատակն է, կարելի է միայն այնքան, որքան կհաջողվի հրաժարվել պայքարից և ճնշել սեփական կամքը: Մեծ գրողը կյանքի մարմնացումն է, այսինքն` անկատարության: Նա առանց ճիգի անում է իր գործը, տպավորություն ստեղծելով, թե կատարված աշխատանքն անթերի է, և իր ուղին սկսվում է անիմանալի ինչ-որ կենտրոնից, որը տեղավորված է, իհարկե, ոչ ուղեղի գալարներում, այլ այն անտարակուսելի կենտրոնում, որն ընկալում է ողջ աշխարհաշենքի ռիթմը և այդ իսկ պատճառով նույնքան հուսալի է, անեղծ, անկորնչելի, նույնքան հաստատուն, անկախ, անիշխանական, նույնքան աննպատակ, որքան Տիեզերքն ինքը: Արվեստը բացառապես ոչինչ չի սովորեցնում այն բանի ըմբռնումից բացի, թե որքան նշանակալի է կյանքը: Մեծ ստեղծագործությունը անխուսափելիորեն պետք է անմատչելի լինի բոլորին, մի բուռ մարդկանցից զատ, որոնք ստեղծագործողի նման մերձեցել են տարերքին: Նրանում առկա բովանդակության կարևորությունը երկրորդական է, գլխավորը հավերժացնելու նրա զորությունն է: Այդ իսկ պատճառով բավական է, որ գտնվի գեթ մի հասկացող ընթերցող:
Իմ մասին ասում էին, թե ես հեղափոխական եմ, բայց եթե այդպես էլ է, ապա` անկախ իմ կամքից: Ես չեմ ըմբոստանում աշխարհում հաստատված կարգուկանոնի դեմ: Իմ մասին կարող էի ասել Բլեզ Սանդրարի խոսքերով. «Ես հեղափոխականացնում եմ»: Իսկ դա ամենևին հեղափոխական լինելը չէ: Ես կարող էի ապրել նաև միջնորմի հակառակ կողմում, որը զատում է դրականը բացասականից: Ընդհանուր առմամբ ինձ թվում է` ես վեր եմ բարձրացել այդ սահմանազատումներից և այդ երկու հիմքերի ինչ-որ ներդաշնակ միասնությունն եմ. դա արտահայտվում է ցայտունորեն, սակայն ոչ թե բարոյական կարգերով, այլ այն ամենի մեջ, ինչ ես գրում եմ: Կարծում եմ, որ պետք է արվեստի ոլորտից և նրա ազդեցությունից վեր լինել: Արվեստը կյանքի դրսևորումներից լոկ մեկն է, կյանքն ավելի հարուստ է ու շքեղ: Արվեստն ինքնին առօրյա կյանքը գերազանցող ինչ-որ այլ կյանքի ձև չէ: Արվեստն ընդամենը ուղին է ցույց տալիս, իսկ դա հաճախ չեն հասկանում նույնիսկ արվեստագետները: Դառնալով ինքնանպատակ, արվեստը դավաճանում է ինքն իրեն: Իսկ արվեստագետները կյանքը գերազանցելու իրենց անպտուղ ճիգերով ամենից հաճախ են դավաճանում կյանքին: Նրանք ճեղքում են այն, ինչն ամբողջական պետք է լինի ատոմի նման: Ես կատարելապես համոզված եմ, որ երբևէ արվեստն ամբողջությամբ կանհետանա: Բայց կմնա արվեստագետը, իսկ կյանքը կլինի ոչ թե «արվեստի ոլորտ», այլ հենց արվեստ, վերջնականորեն և անդառնալիորեն իր մեջ առնելով ամեն բան, ինչ առնչվում է արվեստին: Խոսելով ըստ էության, մենք, իհարկե, դեռևս չենք սկսել ապրել: Մենք արդեն անասուն չենք, բայց և, անտարակույս, դեռ մարդ չենք դարձել: Այն պահից, ինչ ծնվել է արվեստը, այդ է պնդում յուրաքանչյուր մեծ արվեստագետ, բայց քչերն են դա հասկացել: Իր ճշմարիտ նշանակությունը ձեռք բերելուն պես արվեստը կչքանա: Չէ՞ որ այն ընդամենը փոխարինիչ է, խորհրդանշանների լեզու, որի միջոցով վերստեղծվում է այն, ինչն անկարելի է արաահայտել անմիջաբար: Բայց դրա իրականացման համար հարկավոր է, որ մարդը դառնա իսկապես հավատացյալ, ոչ թե հոգևորական, այլ իսկապես հավատավոր, ճշմարիտ Աստված, առանց որևէ փոխաբերության: Եվ մարդը, ի վերջո, անխուսափելիորեն կդառնա Աստված: Իսկ այդ գլխավոր մայրուղի տանող բոլոր արահետներից ամենակարևորը արվեստն է, որ առաջնորդում է ամենահուսալի ուղղությամբ և առավելագույնս է վարձահատույց լինում ճամփորդին: Իր կոչումն իսկապես ըմբռնած արվեստագետն այդ իսկ պատճառով դադարում է արվեստագետ լինելուց: Եվ ամեն ինչ հանգում է նրան, որ պետք է հաղթի այդ ըմբռնումը, բոցի նման կուրացուցիչ ու բռնկուն նոր գիտակցությունը, որն ասում է` այսօրվա կյանքում ոչինչ, ներառյալ նույնիսկ արվեստը, ընդունակ չէ ծաղկման:
Ինչ-որ մեկը բոլոր այս խորհրդածությունները խաբեություն կհամարի, սակայն ես սոսկ շարադրում եմ այն, ինչում խորապես համոզված եմ: Իհարկե, չպետք է մոռանալ, որ իրերի իրական դրության և մեր ընկալման միջև գոյություն ունի անխուսափելի անհամապատասխանություն, ի դեպ, հարկ է հիշել նույնքան ակնառու մեկ այլ անհամապատասխանության մասին, որ առկա է իրերի իրական դրությանն ուրիշ մեկի պատկերացումների միջև: Սակայն օբյեկտիվի և սուբյեկտիվի միջև կենսականորեն կարևոր տարբերություններ գոյություն չունեն: Ամեն ինչ պատրանքային է և առավել նվազ չափով ցնորական: Բոլոր երևույթները, ներառյալ մարդը ինքն իր մասին ունեցած պատկերացումներով, ավելին չեն, քան հարափոփոխ և անկայուն նշանների հավաքածու: Աներեր փաստեր, որոնց վրա կարելի է հենվել, չվան: Ահա ինչու իմ գրքերում ես գիտակցաբար ձգտում եմ. այլափոխման և ձևախախտման, և վերջնական նպատակը ճշմարտությունից գտնվում է նույն հեռավորության վրա, որքան` կլիներ հակառակ դեպքում: Կարելի է լինել կատարելապես ճշմարտացի և անկեղծ, հընթացս բնավ չթաքցնելով, որ աջ ու ձախ ստում են: Խաբուսիկն ու հորինվածը միահյուսված են կյանքի բուն հենքին: Եվ ճշմարտությունը բնավ չի սասանվում հոգու ամենաբուռն հանկարծաշրջումներից անգամ:
Այդ պատճառով, ինչպիսի տպավորիչ արդյունքների էլ որ հասած լինեմ այս կամ այն մասնագիտական հնարքների միջոցով, դրանք ընդամենը ճշգրտորեն հաղորդում են իմ ներ-քին երկրաշարժագրի տատանումները, որոնք ամրագրում են կյանքի պարգևած քաոսային, բազմաչափ, խորհրդավոր, անըմբռնելի իմ փորձը, և քանի դեռ ես գիրք եմ գրում, այդ փորձը ապրում եմ նորից և նորովի, թերևս ավելի քաոսային, անըմբռնելի, խորհրդավոր: Այսպես կոչված անվիճարկելի փաստերի շերտը, որը ելակետային է և մշտապես վերստեղծվում է, իմ մեջ չափազանց խորն է արմատներ ձգել, և, որքան էլ ջանամ, չեմ կարող ոչ ազատվել դրանից, ոչ էլ փոխարինել որևէ այլ բանով: Բայց և միաժամանակ այն փոփոխվում է, ինչպես փոփոխվում է աշխարհի արտաքին տեսքը յուրաքանչյուր ակնթարթ, մեր շնչելու և արտաշնչելու հետ: Դրանից հետևում է, որ աշխարհն արտացոլել կարելի է միայն ստեղծելով երկակի պատրանք, դու դադարեցնում ես շարժումը և դու էլ նպաստում նրա անընդհատությանը: Եվ ահա այդ երկակի հնարքը տպավորություն է ստեղծում, թե տեղի է ունենում նենգափոխում, սակայն չէ՞ որ արվեստի էությունն էլ նման մի կեղծիք է, այն է, որ ստեղծում է շարժուն, փոխակերպվող դիմակ: Դու խարիսխ ես ձգում հեղեղի մեջ, դու համաձայնվում ես կրել ստախոսի դիմակը ճշմարտությունն ասելու համար:
Ես հաճախ եմ մտմտացել գիրք գրել բացատրելու, թե ինչպես են ծնվել իմ այս կամ այն էջերը, գուցե` որևէ էջ: Կարծում եմ, կարող էի գրել բավական ստվար գիրք, որի մեջ պարզապես կմեկնի իմ ստեղծագործությունից պատահաբար ընտրված որևէ էջ: Կմեկնեի` ինչպե՞ս եմ հղացել այդ էջը, ինչպե՞ս է այն երևան եկել, ինչպե՞ս է փոխվել, երկունքի ի՞նչ ցավերով է աշխարհ եկել, ինչքա՞ն ժամանակ է անցել, մինչ հազիվ առկայծող գաղափարը միս ու արյուն է ստացել, և ի՞նչ մտքեր են պարսի նման բզզացել գլխիս մեջ մինչ ես այդ հատվածն էի գրում, ինչպե՞ս էի ինձ զգում, շաբաթվա ի՞նչ օր էր, ինչպիսին էր ջղերիս վիճակը, ինչպե՞ս ինձ ընդհատեցին կամ ես ինքս ընդմիջեցի, ի՞նչ տարբեր լեզվական բանաձևումներ էին խցկվում գրչիս տակ, ինչպե՞ս էի ջնջում և ուղղում, ինչի՞ վրա էի կանգ առնում, որտեղի՞ց էի նորացնում աշխատանքը` փոխելով նույնիսկ ելակետային լիցքը, իսկ հետո դնում վերջին կարը նման վիրաբույժի, որը փորձում է թաքցնել անհաջող վիրահատությունը, և ինչպե՞ս էի ծրագրում կրկին անդրադառնալ այդ էջին, ինչը երբեք չեմ արել, իսկ եթե անդրադարձել եմ, ապա միայն բուն լիցքին, որն իսպառ ջնջվել է հիշողությունից, բայց հանկարծ մեկեն հայտնվել, թեև հասցրել եմ արդեն մի քանի ուրիշ գիրք գրել:
Կարելի էր խոսել նաև մի քանի էջերի մասին, բաղդատել, ընտրել այնպիսիք, որոնք խստահայաց քննադատի համար հանդիսանում են այս կամ այն բանի մարմնացումը, բայց ես նման քննադատներին կխելագարեցնեի, ցույց տալով, թե իբր լիովին անկաշկանդ գրված էջը իրականում ինձ տրվել է ծայրագույն լարվածության գնով, մինչդեռ մյուսը` բավիղի նման առեղծվածային և դժվար ընթերցվող, բխել է ինչպես տաք ջրերը` հողից: Կամ կգրեի, թե ինչպես եմ մտահղացել ա՛յս էջը` դեռևս անկողնուց չելած, և հագնվելով վերափոխել եմ, իսկ հետո, նստելով սեղանի մոտ, վերափոխել եմ կրկին: Կամ իմ նոթատետրը կվերարտադրեի, որպեսզի բոլորը տեսնեին, թե ինչպես են ջերմ, կենդանի, մարդկային բառերը ծնվում նրանց ամենախորթ, արհեստական խթաններից: Կվերարտադրեի իմ թերթած ինչ-որ գրքից աչքովս ընկած դարձվածքներից որոշ պատառիկներ և կգրեի, որ ահա այդ պատառիկներն են գրգռել իմ երևակայությունը: Սակայն մի՞թե որևէ մեկը կարող է բացատրել` ինչպե՞ս է դա տեղի ունենում, ինչպես է կատարվում այդ աշխատանքը: Ստեղծագործության մասին ինչ էլ ասեն քննադատները, նույնիսկ լավագույնները, ամենախելացիները, հեղինակի նկատմամբ ամենաբացյացակամ և սիրով տրամադրվածները (ինչը գրեթե չի լինում), միևնույն է, նրանց դատողությունները մակերեսային և երևութական են թվում, եթե քեզ հայտնի է արվեստի ծննդյան իրական պատկերը: Իս գրածները ես հիշում եմ, իհարկե, ոչ բառացի, սակայն բավականաչափ հստակ և ստույգ: Իմ գրքեր նման են հողի, որը ես հետազոտել եմ մանրակրկիտ, ինչպես հողաչափը, և ոչ թե աշխատասենյակում քարտեզներով ու գրչով զինված, այլ` ֆիզիկապես, փորի վրա և չորեքթաթ սողալով, շոշափելով հողի յուրաքանչյուր թիզը, և այդպես շաբաթներ շարունակ, անկախ եղանակից: Կարճ ասած, այդ աշխատանքն այսօր էլ ինձ համար նույնքան հանապազօրյա է, որքան սկզբում էր, թերևս ավելի եմ վարժվել: Գրքի ավարտը ես միշտ զգացել եմ զուտ ֆիզիկապես. հարկավոր է փոխել մարմնիս դիրքը: Գիրքը կարող էր ավարտվել հազարավոր այլ հանգուցալուծումներով: Նրանում ոչ մի հատված իսկապես ավարտուն չէ, և կարող էի իմ պատմությունը սկսել ցանկացած տեղից, շարունակել, նոր ջրանցքներ ու թունելներ բացել, կառուցել նոր տներ, գործարաններ, կամուրջներ, այդ տարածքը բնակեցնել նոր բնակիչներով՝ փոխելով ֆաունան և ֆլորան, ընդ որում` այդ ամենը նախորդից ոչ պակաս կհամապատասխաներ ստեղծագործության մեջ արծարծված փաստերին: Իսկն ասած, ես ո՛չ հանգուցալուծում եմ տալիս, ո՛չ էլ ընդունված իմաստով` ավարտ: Կյանքն սկսվում է ցանկացած պահի, երբ տեղի է ունենում ըմբռնումը, այդպես է նաև գիրքը: Սակայն ցանկացած սկիզբ` գրքի, էջի, պատկերի, դարձվածքի, նախադասության, իրենով նշանավորում է կենսական նոր կապի հանգուցումը, և ահա ես ամեն անգամ նորից եմ սուզվում այդ կենսականության, անընդհատության, արտաժամանակայնության, մշտակայության մեջ: Յուրաքանչյուր բառ, տող կենսականորեն կապված է իմ գոյության հետ, միայն իմ` արարքի, դեպքի, փաստի, երևակայության, քմահաճույքի, ընդհանրապես որևէ անկատար ու անիմաստ բանի հետ, որ մխրճվել է ուղեղիս մեջ և սարդի նման ոստայնապատում է: Թեև ընդհանրապես ոչինչ չի լինում աղոտ և մանվածապատ, նույնիսկ այդ «ինչ-որ բաները» հստակ ուրվագծվում են, որոշակի են, անքակտելի և թափանցիկ: Ինքս էլ նման եմ սարդի` անվերջ հյուսում եմ, հյուսում` հավատարիմ իմ կոչմանը և գիտակցելով, որ սարդոստայնը հյուսված է մի նյութից, որ հենց ինքս եմ, դրա համար էլ երբեք չի չորանա և ծուղակ չի դառնա:
Սկզբում երազում էի Դոստոևսկու հետ մրցելու մասին: Հույս ունեի աշխարհի առջև բացել առեղծվածային ու բուռն հոգևոր խիզախումներ և աշխարհը ցնցել: Սակայն բավական վաղ հասկացա, որ մենք անցել ենք Դոստոևսկու նախանշած սահմանը, անցել ենք այն իմաստով, որ այլասերումը մեզ հեռուն է աարել: Մենք կորցրել ենք հոգու հասկացությունն ինքնին, այն հիմա ներկայանում է քիմիապես կերպափոխված ն տարօրինակության չափ խեղված: Ժամանակակից նկարիչներն այդ վիճակն արտացոլում են թերևս ավելի անկեղծորեն, քան գրողները. Պիկասոն ասվածի հրաշալի ապացույցն է: Այդ պասւճառով ինձ համար անկարելի դարձավ վեպ գրելու միտքն ինքնին և նույնքան անհնար Անգլիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում գոյություն ունեցող տարբեր գրական հոսանքներին հարելը, որովհետև դրանք բոլորն էլ փակուղի են տանում: Ամենայն ազնվությամբ խոստովանում եմ. դիտարկելով կյանքի ցանուցիր տարրերը (ես խոսում եմ հոգու կյանքի և ոչ թե մշակույթի կյանքի մասին), ես իմ ներսում իմ կողմից իմ նկատ մամբ պարտադրանք զգացի` միավորել այդ տարրերն իմ կտավի մեջ, օգտագործելով իմ սեփական քայքայված և տարրալուծված «եսը» նույն անսրտությամբ և առանց աչք թարթելու, ինչպես պատրաստ էի օգտագործել շրջապատող աշխարհի ողջ արտառոց աղբը: Իշխող գեղարվեստական ձևերի մեջ մարմնավորված անիշխանականության հանդեպ ես երբեք ոչ թշնամանք եմ տածել, ոչ էլ զգուշավորություն պահպանել, ընդհակառակը` միշտ հրճվել եմ հնացած կանոնների անհետացմամբ: Քայքայմամբ համակված մեր դարաշրջանում նման անհետացումը բարիք եմ համարում, ավելին` բարոյական հրամայական: Ես երբեք ինչ-որ բան պահածոյացնելու, արհեստականորեն կենդանացնելու կամ անջրպետելով պահպանելու կարիքը չեմ զգացել, ավելին` դեռ երիտասարդությունից համարել եմ, որ քայքայումը կյանքի նույնքան հիասքանչ և ստեղծագործության մղող դրսևորում է, որքան և կյանքի փթթումը:
Ըստ երևույթին, պետք է խոստովանեմ, որ գրելն ինձ ձգում էր, քանի որ դա իմ առջև բացված միակ բանն էր և արժանի էր ուժերի ներդրման: Ես ազնվորեն փորձել եմ դեպի ազատություն տանող բոլոր այլ ուղիները: Իրական կոչված աշխարհում ես անհաջողակ էի իմ կամքով, այլ ոչ թե անկարողության պատճառով: Գրելն ինձ համար «փախուստ» չէր, այլ կերպ ասած` առօրյա կյանքից խույս տալու միջոց չէր, ընդհակառակը, գրելը նշանակում էր, որ ես ավելի խորն եմ սուզվում լճակի կեղտաջրերում` հուսալով հասնել լճակի ջուրը հավերժորեն նորացնող, անդադար բխող ակունքներին:
Հետադարձ հայացք ձգելով իմ անցած ուղուն, ես ինձ պատկերանում եմ որպես մի մարդ, որը կարող է ձեռնարկել գրեթե ցանկացած գործ, ձեռնամուխ լինել գրեթե ցանկացած

խնդրի լուծմանը: Ինձ հուսահատության հասցրին արտաքին կեցության միապաղաղությունը և ամլությունը: Ինձ պետք էր այնպիսի թագավորություն, որի տերն ու ստրուկը միաժամանակ ես լինեի: Եվ ես մտա այդ աշխարհը օժտված չլինելով ոչ մի ակնառու տաղանդով, ոչինչ չկարողանալով, մտա որպես անճարպիկ մի սկսնակ, որը կաթվածահար է եղել իր մտադրության վիթխարիության ըմբռնումից և սարսափից: Ես ստիպված էի դնել աղյուսիկն աղյուսիկի վրա, միլիոնավոր բառեր վատնել մինչ այն ճշմարիտ բառի հայտնությունը, որն իմ էության սրբազան ընդերքից էի պեղում: Ես կարողանում էի սահուն խոսել, և դա ինձ խանգարում էր, ես ունեի լուսավորյալ մարդու բոլոր արատները: Ես դեռ պետք է սովորեի մտածել, տեսնել, զգալ բոլորովին նորովի, մոռանալով իմ կրթության մասին, հենվելով միմիայն զգացողություններիս վրա, իսկ դրանից դժվար աշխարհում ոչինչ չկա: Հարկավոր էր հորձանուտը նետվել, գիտենալով նաև խեղդվելու հնարավորությունը: Արվեստագետների մեծ մասը նախապես փրկօղակով է զինվում, և ամենից առաջ հենց այդ փրկօղակն էլ նրանց կործանում է: Ոչ ոք չի կարող շարժվել իրականության օվկիանոսում` փորձից մեկուսացված մնալով: Եթե կյանքում որևէ բան փոխվում է դեպի լավը, ապա ոչ թե հարմարվելու ճանապարհով, այլ մարտահրավերին և կույր մղումներին արձագանքելու կարողության շնորհիվ: «Խիզախnւմը ճակատագրական չի լինում»,- ասել է Ռընե Կրևելը, և այդ խորհուրդը ես միշտ եմ հիշում: Ողջ տրամաբանությունը, ըստ որի կառուցված է Տիեզերքը, նախացուցված է խիզախումի կամ ստեղծագործության կողմից, որոնք հենվում են ամենաերերունի, ամենաանհուսալիի վրա: Նման խիզախումը սկզբում նույնացնում են կամային գործողության հետ, սակայն միառժամանակ անց կամքը թուլանում է, մնում է ինքնաբերական գործընթացը, որն իր հերթին պետք է դադարեցնել, որպեսզի հաստատվի այն նոր համոզմունքը, ինչն ընդհանուր ոչինչ չունի գիտելիքի, հմտության, ճարտարության կամ հավատքի հետ: Խիզախումը թույլ է տալիս հաղորդ լինել արվեստագետի առեղծվածային դիրքորոշմանը, որն այս աշխարհում քեզ պահպանող միակ բանն է, և ոչ ոք չի կարող այն արտահայտել բառերով, բայց, այնուամենայնիվ, այն կա և տեսանելի է քո գրած յուրաքանչյուր բառի մեջ:

Թարգմանեց Կարինե Աշուղյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով