Հրանտ Մաթևոսյան. «Մեր ուսուցիչը Չարենցն է լինելու»

«Գարուն», 1997, 3

— Նախ` գրականության ու հատկապես հայ գրականության այսօրվա չափանիշների մասին: Հեղափոխական ժամանակներում միշտ է կատարվում արժեքների վերարժեքավորում. թվում է` վերջին տարիներին ազգային պայքարն ու անկախացման գործընթացը մի անգամ ևս հաստատեցին գրականության բուն արժեքները, բայց, այնուամենայնիվ, վերականգնող-վերարժեքավորող մոտեցումը կա, և պատասխանն ամենից առաջ գրողից է պահանջվում:
— Նախկին գրականության նկատմամբ կար և չափազանցված ուշադրություն, և չափազանցված խստություն: Դա մի քիչ ոչ բնականոն երևույթ էր, բնականոն երկրի իրավիճակ չէր, գրողը, գիրքը հայտնվել էին մի վիճակում, ինչը ուրիշ երկրներում չկար, դա մեկուսացված երկրի վիճակն էր. մշակութային մեկուսացվածության պայմաններում հասարակությունը հենց անչափանիշ էր լինելու, և չափանիշները պետք է փոխվեին: Աշխարհի այսօրվա մշակութային արժեքների մեկ և նույն հրապարակում հայ գրողներն արդեն երևացին իրենց իսկական հասակով, և գիրքն ստացավ իրական տպաքանակ: Այդ անհանգստությունը գրի, գրականության համար իմ մեջ կար. այնուամենայնիվ, չիմաստավորված արժեքների երկիր էր հայ գրականությունը: Գիտեի, որ աշխարհի մշակութային մեծությունների կողքին մեր շատ ու շատ մեծություններ պիտի փոքրանան: Դիմացող հեղինակներ, անշուշտ, ունեցանք, ովքեր, այսուհանդերձ, այսօր հասարակության մշակութային-հոգևոր կյանքի բաղադրիչը չեն: Եվ պատճառը թերևս այն է, որ նաև մշակութային էպոխա է փակվում, և սկսվում է նոր դարաշրջան, երբ գիրքն այլևս իր մեծ տպաքանակները չի ունենալու: Մեղքը մասամբ է տարվող քաղաքականությանը, շատ չնչին մասով, բուն մեղքը էպոխայինն է: Գրողներից ինչ է պահանջվում` և՛ ավագներից, և՛ երիտասարդներից առհասարակ. լինել նույնքան ճակատային, զորեղ, ցինիկ, դաժան, այս աշխարհին պատասխանել իր իսկ խոսքով և իր գրականությունը պարտադրել հասարակությանը: Ամլացած, կարծրացող հասարակությանը պետք է պարտադրվել` ինչպես որ իր ժամանակին պարտադրվել է Չարենցը: Եվ եթե, օրինակ, հիմա` թեկուզ Չարենցի հոբելյանը, այնուհետ` գիրը, կարողանանք ազգային կյանքի մաս դարձնել, ապա Չարենցը երևալու է որպես այն եզակի ընդօրինակելին, որ ցույց է տալու, թե ինչպիսին է լինելու իսկական ու իրական գրականությունը: Մենք պարտավոր ենք Չարենցորեն խստակեց, հստակ և խիզախ լինել ողջ իրականությունն այնպես ընդգրկելու, որ կուսակցական սրություն ունենա, և մեզ օրթոդոքսորեն կարողանանք պարտադրել այսօրվա իրականությանը:
Այստեղ մեր ուսուցիչս իսկապես Չարենցն է լինելու:
— Պետության հովանավորումը գրականությանը այս օրերին, գրողների կարծիքով, գրականության զարգացման երևի թե միակ ելքն է. գլխավորելով Հայաստանի գրողների միությունը` այդ կապը Ձեզանով է իրականացվելու: Չէի ասի, թե` ինչ է արվել, որովհետև ժամանակ ու հնարավորությունների ճշգրտում էր պետք, բայց` ի՞նչ է արվում և ինչպիսի՞ անելիքներ եք տեսնում Դուք, որպես Հայաստանի գրողների միության նախագահ:
— Շփոթ այս իրավիճակը տասնամյակ է տևելու, չի կարելի ասել, թե ահա` այսօր-երեկ գրված գիրքը շուկայում վաղը մեզ հաց կհայթայթի, և այս իրականության հետ մենք լուծ ենք քաշելու: Ինչքան էլ ինձ համար ցավալի է տաղանդավորներիդ, շնորհալիներիդ վիճակը, այդուհանդերձ, դուք պարտավոր եք ձեզ պարտադրել ժամանակներին: Հայ մշակույթ ասածը բազմաթիվ եզրեր է բացահայտում, որոնք կարողանում են հասարակության, ժողովրդի էմոցիոնալ պահանջները բավարարել, դառնալ ժողովրդի համար մշակութային- հոգևոր հաց. դա արդեն այդպես է, և թեկուզ ազգային-պատմական խնդիրներ արծարծելով չես կարողանալու նրա կյանքից, ժամանակից օր խլել, և քեզ պարտադրել նրան: Ես քո և բոլորի նեղությունը, դժվարությունները գիտեմ` հաճախ անկրթությունը, մեկուսացվածությունը, զուտ ազգային յուրահատուկ վիճակը` որ աշխարհի ոչ մի անկյունում չի կրկնվում, այնուհանդերձ, գրական քո կալվածքում դիմանալու համար դու աշխարհի մեծերին քեզնով ես անելու և կարողանալու ես նրանց քոնը դարձնել, որպեսզի քո հայոց լեզվի ոստանը քեզնով լցվի…
Իսկ Գրողների միությունը… Փոքրիշատե բացահայտված «չարենցների» ու «բակունցների» վրա գուրգուրալու, սրանց միջոցով չափանիշներն ամրագրելու, չափանիշների անկում ասված զարհուրանքին դիմակայելու գործին է լինելու Գրողների միությունը: Չգիտեմ, տեսնենք, թե Աստված ինչ կտա:
— Երիտասարդ գրողը լեզվա-ոճական, ավանդույթային, պատկերա-համակարգային ներքին բուռն որոնումների մեջ է. հաճախ հասնում է ծայրահեղության, հաճախ` վտանգավոր անկարողության կամ ճապաղության…
— Ինձ թվում է` անձի խնդիր է: Այդպիսի խնդիր ուներ, օրինակ` Չարենցը: Գրաբարյան ձևերի օգտագործումը «Գիրք ճանապարհի» գրքում, նրա լեզուն հղվեց դեպի առհասարակ մշակույթ և, այնուամենայնիվ, հաջողվեց, մեզ համար իրական գլուխգործոցը Չարենցի «Գիրք ճանապարհին» է, այն մշակութային բարձունք է: Բայց մյուս դեպքում էլ, «փոքր լեզվամթերքի» Չարենցը նույնքան սիրելի է, ինչքան այն լայնահուն, ծանրախոհ, և գրաբարը, և օրվա օտարաբանությունները միասնորեն ընդգրկող Չարենցը… Մտավորականի քո անհանգստությունը ես կիսում եմ: «Փոքր բառամթերքի» փոքր գրող կարող է լիներ վաղ շրջանի Վիլյամ Սարոյանը, բայց նա ևս ստեղծեց գլուխգործոցներ…
Քիչ առաջ Ռազմիկ Դավոյանի հետ խոսում էինք Իսահակյանի «Սասմա Մհեր» գործի մասին. հրաշալի, հրաշալի գործ է, ժողովրդային կյանքի, ժողովրդային լեզվի շքահանդես: Ճանապարհը նոր չի, ուրիշները ևս եղել են, որ ահա նույն հղացքով դեպի ժողովրդական խոսք կամ դեպի գրաբար են գնացել, բայց, այնուհանդերձ, լեզուն չի, որ գրականություն է ստեղծում, այսինքն` լեզուն միակ ճանապարհ չի, ուրեմն` անձերի հարց է: Ես ևս իմ մտահոգությունը դրա համար ունեցել եմ. այնուամենայնիվ, ոչ իմ ժամանակաշրջանի բառերն սկսեցին թափանցել իմ տեքստ: Հասկանալի է` դա շատ վախենալու բան է, և համարձակությունը պիտի չափ ունենա: Երիտասարդ շրջանի Հրանտ Մաթևոսյանը մի ջանք ուներ` բառը առարկայի վրա պիտի նստի ինչպես ձեռնափերը` ահա: Եվ նաև եղավ, որ լեզվի տարերքը ինծ տանում էր ասես ինքնանպատակ մի բանի, դա առաջացնում է մեռյալ մի գեղեցկություն, ինչպես, ասենք, հանրապետության տարածքով մեկ սփռված խաչքարերի անտառը: Դրանք ժամանակի մեջ, այնուամենայնիվ, իրենց իմաստն ունեցել են, այսօր է դա դարձել ստիլիզացիա, ոճ: Ինքնանպատակ լեզվի դեպքում նույնը չե՞նք կրկնում արդյոք: Կարծում եմ` այո: Դրանք գտնված ձևեր են, բայց` մեռյալ, և, կարծում եմ, կյանքի թրթիռը դրա տակ կարծրանում է, մեռնում…
— Գրաքննադատությունը չպիտի՞ հուշի, միջամտի թեկուզև ամենաերիտասարդ գրողի որոնումներին, և դրա պակասը չէ՞, արդյոք, որ մինչև այսօր էլ նույնիսկ Դուք մնում եք մի տեսակ չմարսված գրող, չնայած հայտնի չէ, թե ինչպես եք ընդունում Ձեր մասին գրվածը…
— Եթե ասեմ, որ իմ մասին գրվածը չի շոյել` կեղծիք կլինի, շոյել է, բայց դրան ես լուրջ ուշադրություն չեմ դարձրել: Իհհարկե, պիտի ուզենայի, որ դա լիներ, և դրանից մի բան սովորեի, դա լիներ ինձ համար հարստություն,- այդ դեպքում է, որ ես գրականագիտությունը, քննադատությունը իսկական գրականության անբաղադրելի մասն եմ համարում: Ցավալիորեն` շատ դեպքերում դա ես մեր մեծ պակասն եմ համարում: Ինձ համար հավասարապես թանկ է ինչքան Տոլստոյի գլուխգործոցը, նույնքան էլ նրա մասին գրված ճիշտ, խորունկ խոսքը, նույնը Թումանյանի մասին… Առանց գրականագիտական աշխատանքների գրողները մի քիչ մերկանում են: Պիտի ուզենայի, որ այդ գրականագիտությունը մենք ունենայինք, մի տեսակ էսսեական-վերլուծական խոսքը, և ինչքան որ այսօր մեր զորեղ արձակի բացակայության համար ունեմ այդ տագնապները, նույնքան էլ գրականագիտության համար: Իսկ լավ, ճիշտ խոսքը դառնում է գրողների ժառանգության անկապտելի մասը:
— Ձեր շատ գործեր և հատկապես «Ի սկզբանե էր բանն…» հոյակապ ինքնադիմանկարը առաջին անգամ տպագրվեցին «Գարունում», այսօր «Գարունը» Ձեզ նույնքան հարազատ է որպես գրողի, նրա 30-ամյա կենսագրությունը նաև Ձեր աչքերի առջև է ընթացել, և ահա Դուք նրան բնորոշող ու գնահատող որդիներից եք…
— «Գարունը» բախտավոր ամսագիր եղավ, իսկապես ստեղծեց Ազատության հրապարակը: ժամանակին «Գարունում» սկսեցին հրապարակվել ընդդիմադիր ձայները, երբ թերևս Միության մեջ այն բացառիկ վիճակն առաջացավ, որ կարծես այստեղ կառավարությանը, իշխող գաղափարախոսությանը ընդդեմ ուժ չկար, և այդ ուժը ծնվեց իսկապես «Գարունի» շուրջ եղած մտավորականության խոր մտահոգությունից: Գավառցիության պատճառով այստեղ չէր ապահովվում մտքի, գրի այն մակարդակը, որ կարող էր կռվել, իսկ, նույն ժամանակ, ասենք, Մոսկվայում շրջում էր արդեն Սոլժենիցինի գրականությունը, այնինչ այստեղ` վերապահություն, հետո Վիսոցկու գրականությունը, այստեղ` դարձյալ վեհերոտություն…
«Գարունը» ծնվեց ահա այդ մտահոգությունից, կարծես ապահովելու ազատության մեր կարիքը, ազատությունը կարծես հավասարեցնելու Մոսկվայինին, մեզ գավառի վիճակից հանելու և, պիտի ասեմ, որ իր այդ առաքելությունը կարողացավ իրականացնել: Կարողացավ արծարծել երկրի մտահոգությունները և իր շուրջը ստեղծել հեղինակներ, ճանապարհ բացել ցանկությունների առջև` վեհերոտ ցանկությունները դարձնել խիզախ ճամփորդություններ: Չեմ կարծում, թե առանց «Գարունի» կլիներ Մուշեղ Գալշոյանը, նա, փաստորեն, «Գարունից» ճանապարհ ընկավ: Շատ ցավալի է, որ Մուշեղի կյանքը այդպես վաղ ընդհատվեց… որովհետև կան հարցեր, որոնց միայն ինքն էր պատասխանելու: Հիանալի էր Վարդգես Պետրոսյանի, Մարգո Ղուկասյանի հանդուգն հրապարակագրությունը և այլն…
Ես «Գարունում» մի քանի անգամ տպագրվել եմ և ուրախ եմ «Գարունի» համար ու ինձ համար: Այսօր գրական չափանիշներ արծարծելով` «Գարունը» միայնակ չպիտի լինի, գրական ողջ ընտանիքն է նրա շուրջը լինելու, և Գրողների միությունը նրա հետ պիտի խրախուսի նորն ու ազատը, գեղեցիկն ու մեծը, որ կարող է ստեղծվել հայ գրով…

Հարցազրույցը վարեց Վարուժան Այվազյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով