Ազատ Եղիազարյան. Դարավերջ

«Գարուն», 1999, 1

Ինչպես երկու ահեղ սարեր`
Պատում են մեզ երկու դարեր-
Մեկի ետև` հեքիաթ հին-հին,
Մյուսի ետև` լուռ ու մըթին…
Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Այս տողերը գրվելուց հետո անցել է գրեթե հարյուր տարի, և մենք նորից կանգնած ենք նույն կոտրած տաշտակի առջև, նույն հուսահատության ու շփոթվածության մեջ (թեև արտաքին նշանները հաճախ արմատականորեն տարբեր են…): Ի՞նչ անցավ-դարձավ այս հարյուր տարում, ի՞նչ տվեց մեզ այն և ի՞նչ պիտի սպասենք ետքրիստոսյան մեր պատմության երրորդ հազարամյակում: Անշուշտ, 20-րդ դարը այդպես հեշտությամբ չի վերլուծվի, մանավանդ 20-րդ դարը` խառնակ, հակասական, վերուվարումներով լի: Մի հարյուր տարի էլ պետք է այս անցնող հարյուրամյակը, նրա բերած մեծ հույսերն ու նույնքան մեծ հուսախա-բությունները հասկանալու համար (եթե առհասարակ այն պիտի ըմբռնվի, և եթե առհա-սարակ մարդկությունը, ժողովուրդներն ունակ են պատմությունը հասկանալ): Պատմության այս պահը, որը ոչ միայն դարավերջ է, այլև հազարամյակի վերջ, մեզ նորից կանգնեցնում է մեծ հարցականի առջև` հավատա՞նք պատմության տրամաբանության գոյությանը, թե չհավատանք: Պատմությունը ինչ-որ իմաստ ունի՞, թե անվերջ ու անիմաստ փոփոխությունների շղթա է: Շատ դժվար փորձություն է այս հարցին պատասխանելը: Պատմության ի-մաստի փնտրտուքն ուղղակիորեն հասցնում է մարդկային կյանքի իմաստի փնտրտուքին: Պիտի ապրենք խլուրդների՞ նման, կուրորեն փորփրելով և ավերելով այս հրաշագեղ բնությունը և չփնտրելով ոչինչ, ամենապարզունակ հաճույքներից բացի, թե՞ պետք է փնտրենք ինչ-որ բաներ, որոնք լույս և իմաստ են տալիս մեր կյանքին…
Հարկավ, մենք առաջինները չենք, ոչ էլ վերջինները, որ այս հարցերը տալիս ենք մեզ: Մարդն այնպիսի արարած է, որ չի կարող ինքն իրենով ապրել: Կենդանուն միանգամայն բավարար է իր ապրելու բնազդը: Իսկ մարդուն բանականությունը դուրս է բերում իր ֆիզիկական գոյության սահմաններից: Եվ մարդն զգում է, թե ինչքան խեղճ ու սահմանափակ է իր կյանքը տիեզերքի ու ժամանակի անսահմանության դեմ-հանդիման: Իր վերջավոր ու խղճուկ կյանքի զգացողությունը մարդուն կարող է սարսափա-հար անել: Նրան իրենից դուրս գտնվող, իրենից մեծ ու հուսալի հենարան է պետք: Մարդը միշտ գտել ու կորցրել է այդ հենարանները:
Մարդկության մի նշանակալից մասի համար քրիստոնեությունը հոգևոր մեծագույն հենարանը եղավ տասնյակ դարերի ընթացքում: Ողջ տիեզերքը, ողջ աշխարհը իմաստ էր ստանում այդ բոլորի արարիչ Աստծո գոյության շնորհիվ: Քրիստոնյաների Աստվածը բոլոր մարդկանց դարձնում էր մի համայնք, մի ընտանիք, որի բոլոր անդամները պետք է սիրեին միմյանց: Մարդը այսպիսի մթնոլորտում իրեն միայնակ, լքված, անօգնական չէր կարող զգալ, ինչքան էլ վատ ապրեր, կար վերջին ու մեծ հենարանը` Աստված, կար գոյության մի մեծ նպատակ` կատարել Աստծո պատվիրանները` նրա արքայությանն արժանանալու համար: Եվ այս հավատը այնքան կենսականորեն կարևոր էր մարդու համար, որ արյունահեղ պատերազմները, պապերի և եկեղեցու շահատակությունները, ինկվիզիցիան չէին սասանում այն:
Սոցիալիզմի գաղափարներն իրենց տարածումով ու ազդեցության ուժով կարող են համեմատվել քրիստոնեության հետ: Կապիտալիզմն անխուսափելիորեն քրիստոնեությունը պետք է մղեր գիտակցության ետնախորշերը, ինչքան էլ քրիստոնեական եկեղեցին փորձեր հարմարվել նոր ժամանակներին ու նոր բարքերին: Եվ կապիտալիզմի եթե ոչ տնտեսական, ապա բարոյական անկասկածելի ճգնաժամին պետք է հակադրվեր սոցիալիզմի գաղափարը` բոլոր մարդկանց երկրային երջանկության գաղափարը: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել սոցիալիզմին, բայց անհնար է չտեսնել, որ այն եղավ 20-րդ դարի ամենաազդեցիկ գաղափարախոսությունը: Մարդիկ, որոնք այսօր այնքան կրքով ու ջանադրաբար հայհոյում են սոցիալիզմը, իրենց ամենևին հաշիվ չեն տալիս, թե ինչու, չնայած արյան ծովերին, սոցիալիզմի գաղափարը իր հետևից տարավ տասնյակ և հարյուր միլիոնավոր մարդկանց աշխարհի ամենատարբեր երկրներում… Անշուշտ, կարելի է և պետք է հիշել սոցիալիզմի անունով գործված ոճրագործությունները: Բայց այդ մեզ չի ազատում նրա ազդեցության գաղտնիքը հասկանալու անհրաժեշտությունից: Ճիշտ այնպես, ինչպես հավատաքննությունը, բարդուղիմեոսյան գիշերը, կաթոլիկների և բողոքականների արյունոտ հակամարտությունը Օլսթերում հարցականի տակ չեն դնում քրիստոնեության հզոր ազդեցությունը մարդկության զարգացման վրա: Օրինաչափությունն այն է, որ մարդիկ և մարդկությունը կարիք ունեն հավատի, իդեալների, երազների, գաղափարների: Այն հասարակությունը, որ մենք հիմա կառուցում ենք, այդ բոլորին որևէ լուրջ նշանակություն չի տալիս: Եթե այդ հասարակությունը կողմնորոշված է դեպի կապիտալիզմը — իսկ դա կասկածից դուրս է — ապա կապիտալիզմը վաղուց արդեն սպառել է իր բարոյական կապիտալը և ի վիճակի չէ նոր իդեալներ առաջադրելու մարդկությանը:
Հապա նայեցեք մեր` հայկական իրականությանը: Ի՜նչ աներևակայելի աղմուկ բարձրացրին մեր տնաբույս հեղափոխականները Հայաստանում հաղթելուց հետո: Բայց նրանք անընդունակ եղան որևէ նոր գաղափար տալու: Ազգային պետությո՞ւն: Բայց այդ գաղափարով ժողովուրդ չի կարող ապրել, որովհետև ցանկացած պետություն սոսկ գործիք է ժողովրդի գոյության մեծ խնդիրները լուծելու համար: Մնաց, ի վերջո, նույն կապիտալիզմը, որը մերոնք (ասենք, ոչ միայն մերոնք) հրամցրին ժողովրդին, օվսանաներ երգելով մասնավոր սեփականությանն ու շուկայական հարաբերություններին: Թե ինչ ստացվեց դրանից, կարելի է ամեն օր տեսնել Երևանի փողոցներում` անվերջ, անսահման թշվառությունը ժողովրդի հիմնական զանգվածի և նորահարուստների նույնքան անսահման շքեղակեցությունը: Աղքատությունը տարբեր է լինում: Կա աղքատություն, որն հարուստ է իր հեռանկարով` հիմա պնդենք գոտիներս, որպեսզի մի քանի տարի հետո ապրենք մարդավայել կյանքով: Կա մութ և անհեռանկար աղքատություն: Այս վերջինն է այսօր տիրապետում մեր կյանքում:
Զարմանալ կարելի է մեր նոր վերնախավի կարճատեսության ու կարճամտության վրա. մի՞թե այդքան դժվար էր հասկանալ, որ շուկան ու մասնավոր սեփականությունը 20-րդ դարի վերջին իդեալ չեն կարող դառնալ մի ժողովրդի համար, որն արդեն անցել է այդ հարաբերություններով և լավ թե վատ ապրել մի ուրիշ հասարակարգում, որի իդեալները արմատականորեն տարբերվում են մասնավոր սեփականատիրության և շուկայական հարաբերությունների պաշտամունքից:
Ամենևին պատահական չէ, որ մեր նոր քաղաքական վերնախավն այդքան արագ, բառացիորեն մեկ-երկու տարում վերասերվեց, և ազգային իդեալի անունից խոսողները դարձան ագահ ու ընչաքաղց չինովնիկներ, որոնք իրենց նոր դիրքը լիուլի օգտագործեցին ընդամենը անձնական հարստացման համար: Գաղափար չունեին գաղափարի մարտիկ լինելու համար, ինչ էլ ունեին, խամրեց մի քանի ամսում…
Խնդիրը սոսկ այն չէ, որ ամեն մի հետադարձ շարժում միայն աղետների է հանգեցնում (այս չհասկացան ոչ միայն մեր նորելուկ նախագահները, վարչապետներն ու նախարարները, այլև ավելի փորձված մարդիկ, ռուս մտավորականության նշանավոր գործիչները: Մեզ վախեցնում էին հետադարձ շարժմամբ դեպի զորանոցային սոցիալիզմը, բայց չէին հասկանում, որ իրենք ավելի ետ են գնում դեպի կապիտալի նախակուտակման, դեպի ամենավայրենի կապիտալիզմի շրջանը, և՛ մենք, և՛ Ռուսաստանը դաժանորեն պատժվեցինք դրա համար):
Խնդիրը նաև այն է, թե մենք ինչ ենք տեսնում այսօրվա Արևմուտքում, որը նույն կապիտալիզմի, մասնավոր սեփականության և շուկայի բարձրագույն աստիճանն է ներկա-յացնում: Տեսնում ենք նյութական բարիքների առատություն, որը մեզ շատ էր հրապուրում: Մեր հայրենակիցները դեռ խորհրդային տարիներին գնում էին Ամերիկա և այնտեղից ուղարկում էին իրենց լուսանկարները` ժպտադեմ մարդիկ փայլփլուն մեքենայի և առանձնատան հենքին: Խորհրդային հասարակությունն այդպես էլ տնտեսական այնպիսի հզորության չհասավ, ինչպես Արևմուտքը: Այստեղ էր ԽՍՀՄ-ի փլուզման պատճառներից մեկը: Բայց արևմտյան իդեալները շատ արագ խամրեցին մեր մարդկանց աչքերում, երբ հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալու: Նրանք իրենց համար հայտնագործեցին այն, ինչ պարզ էր արդեն անցյալ դարի վերջին ու այս դարի սկզբին: Հռչակավոր «ամերիկյան երազն» ընդամենը հարստանալու երազանքն է, նյութական արժեքներ կուտակելու երազանքը: Վազք, անվերջ վազք դոլարի, նոր մեքենայի ու նոր առանձնատան, նոր էլեկտրոնային տեխնիկայի հետևից: Դուք ուշադրություն դարձրե՞լ եք երբևէ մեր ժամանակների ամենաբնութագրական բանաձևերից մեկին, որը, անկասկած, ամերիկյան ոգու ծնունդ է` «ժամանակը փող է»: Խորացեք միայն այս մտքի մեջ, որը մի ժամանակ մեզ հիացնում էր իր գործնականությամբ: Ժամանակը հենց մեր կյանքն է: Բայց նրա գլխավոր չափումը, ուրեմն, փողն է:
Ժամանակակից քաղաքակրթությունն ավելի ու ավելի է վերածվում նյութապաշտական քաղաքակրթության բառիս ամենակոպիտ իմաստով, որը ոչ մի կապ չունի փիլիսոփայական մատերիալիզմի հետ: Այդ քաղաքակրթությունը կարող է գործի դնել մեծ խելքեր, տաղանդ և անգամ հանճար, բայց այնքա՜ն հեռու է մարդկային հոգու իրական պահանջմունքներից…
Խորհրդային վերակառուցման արշալույսին, իբրև ապացույց, որ երկաթե վարագույրի վերջին մնացորդները վերացվում են, ԽՍՀՄ սկսեցին գալ նաև արևմտյան քարոզիչներ, որոնք մոլորյալ խորհրդային ժողովրդին պետք է հասցնեին Քրիստոսի պատգամները: Դրանց թվում էին նաև խնամված ու կուշտ արտաքինով հայր ու որդի (ազգանունները դժբախտաբար չեմ հիշում): Ելույթներ էին ունենում կենտրոնական հեռուստատեսությամբ: Որդին, որպեսզի մեզ համոզեր, թե որքան բարի է Աստված, պատմեց իր հարստանալու պատմությունը, ինքը տարիներ առաջ հողամաս է գնել չնչին գումարով: Հետո, հանգամանքների բերումով, այդ հողամասը բազմապատիկ թանկացել է, նա վաճառել է և գրպանը մեծ գումար դրել: Ես հավատացյալ չեմ: Բայց ես պատկանում եմ հայկական քրիստոնեական համայնքին, և ինձ, ում մեջ այսպես թե այնպես ապրում են հայկական քրիստոնեության 1700-ամյա ավանդները, խեղճ, ծանծաղ և իմ իմացած քրիստոնեությունից շատ հեռու թվաց այդ ինքնագոհ մարդու հավատը: Մենք քրիստոնեության մեջ միշտ փնտրել ենք հոգևոր հեռաստաններ, հոգու մխիթարանք: Իսկ մարդու այն տիպը, որին ներկայացնում էր այդ քարոզիչը, կարողանում է նույնիսկ քրիստոնեական սիրո և անձնազոհության գաղափարները հարմարեցնել իր իդեալին` հարստանալուն:
Աղքատությունը չի զարդարում ո՛չ մարդուն, ո՛չ հասարակությանը: Այն ստորացնում է մարդուն: Մարդու արժանապատիվ գոյության համար, անշուշտ, նյութական ապահովություն է պետք: Մարդուն բարոյապես սպանողն այն է, որ նյութական հարստությունը դադարում է միջոց լինելուց և վերածվում է անհատի ու հասարակության ջանքերի գլխավոր կամ միակ նպատակին: Մարդն այդ դեպքում ի վերջո վերածվում է նյութական բարիքներ արտադրող և սպառող մեքենայի, որի համար հոգին ոչ այնքան օգտակար և ոչ այնքան անհրաժեշտ մի բան է:
Ժամանակակից արևմտյան քաղաքակրթության մեծագույն արատը մնում է նյութական արժեքների բացարձակացումը: Այդ քաղաքակրթության հիմքն արտադրության ու սպառման անվերջանալի ու խելագար շրջապտույտն է, որից մարդն ի վիճակի չէ դուրս պրծնել: Նայեցեք, թե զանազան նոր ապրանքների գովազդն ինչպես է գրոհում մեզ
վրա հեռուստաէկրաններից: Դուք կարող եք խելագարվել դրանից: Բայց խաղի կանոնները շատ դաժան են` պիտի ենթարկվեք դրա պահանջներին: Գովազդը սահմաններ է գծում նաև ձեր հոգուն:
Այդ քաղաքակրթության գլխավոր արժեքները մնում են ազատությունը և դեմոկրատիան: Բայց ո՞ր ազատությունը և ո՞ր դեմոկրատիան:
Երբ Միքայել Նալբանդյանը ոգեշնչված երգում էր ազատությունը, նա, անկասկած, նկատի չուներ այն ազատությունը, որ այսօր մեզ հրամցնում են: 19-րդ դարում ազատության երազանքների մեջ ներքին խոր մարդկայնություն կար: Դա կապվում էր մարդու երջանկության հետ: Նույնը և դեմոկրատիայի ըմբռնումներում: Երբ մենք խոսում էինք, ասենք, Գաբրիել Սունդուկյանի դեմոկրատիզմի մասին, ապա նկատի ունեինք մի բոլորովին այլ բան, քան ձայների մեծամասնությամբ ընտրություններում (կամ հանրահավաքներում և այլն) հաղթանակ տանելը: Մենք մտածում էինք այն սիրո և համակրանքի մասին, որ Սունդուկյանը և մյուսները տածում էին հասարակ մարդու հանդեպ: Այսպիսի ազատության և այսպիսի դեմոկրատիայի համար արժեր զոհվել:
Բայց երբ ձեզ ասում են, որ ազատություն նշանակում է անհատի իրավունքը` անելու այս կամ այն, սա մի բոլորովին ուրիշ բան է: Այս դեպքում մարդկային հարաբերությունները պայմանավորվում են ոչ թե մարդկային ներքին-բնական կապերով, այլ օրենքներով սահմանագծված իրավունքներով, այսինքն` տեղափոխվում են բոլորովին այլ հարթություն: Հասարակությանն այլևս չի հետաքրքրում` հայրը սիրո՞ւմ է իր որդուն, թե չէ: Այդ սերն այլևս արժեք չէ հասարակության համար: Բայց հայրն իրավունք չունի, ասենք, ծեծել որդուն: Ես հիշում եմ տարիներ առաջ կարդացած մի լուր, մայրը որդուն դատի է տվել իր աշխատանքը շահագործելու համար: Հարկավ, այսպիսի դեպքեր հաճախ չեն պատահում: Բայց դրանք շատ խորհրդանշական են: Այս ձևով հասկացված ազատությունն ու իրավունքը հողմնահարում են մարդկային ամենաինտիմ և մարդու բուն էությամբ պայմանավորված կապերը` թողնելով չոր, սառը բանականության վրա կառուցված հարաբերություններ:
Առհասարակ, այսօրվա արևմտյան քաղաքակրթությունը, որին մենք այս վերջին տարիներին այնքան ջանասիրաբար հետևում ենք, անհատապաշտական-էգոիստական է: Ամեն ինչի կենտրոնում անհատն է: Բայց սա ամենևին չի նշանակում, որ այդ քաղաքակրթությունը մարդուն շատ է սիրում: Ընդհակառակը` դա, ի վերջո, անտարբերություն է դառնում մարդու նկատմամբ: Մարդկային ամենաբազմազան և սերտ կապերից դուրս մարդը չի կարող երջանիկ լինել, նա չի կարող ապրել հագեցած և լիարյուն կյանքով: Ժամանակակից արևմտյան փիլիսոփաները մերժում են և՛ ընտանիքի, և՛ ժողովրդի իրավունքներն անհատի հանդեպ, անկեղծորեն համոզված, որ դրանք կաշկանդում են մարդուն: Նրանք չեն էլ փնտրում անհատի և ընտանիքի ու ժողովրդի ներդաշնակ կապեր: Բայց, այդ դեպքում, ի՞նչ է մնում մարդուն: Շատ քիչ բան: Փոշեհատիկ, որն իր ազատությամբ դատապարտված է անկանոն ու աննպատակ շարժման իր նմանների միջավայրում մինչև մահը:
Ուրեմն, անհատի ազատությունը իմաստ ունի միայն մարդկային, այսինքն` ընտանեկան, ազգային, համամարդկային սերտ կապերի մեջ, որովհետև միայն այդ կապերն են անհատին լիարյուն, ամբողջական մարդ դարձնում: Այլ կերպ` «մարդու իրավունքները» ազատություն են տալիս մարդու ոչ լավագույն կողմերին, հիվանդագին բնազդներին: Հոմոսեքսուալիզմի այսօրվա տարածումը, նաև այդպիսի ազատության հետևանք է: Ասում են` մարդու իրավունքների հարցերով զբաղվող գրասենյակները Հայաստանում պատրաստվում են առաջ քաշել սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցը: Անհեթեթություն, եթե դեռ կարող ենք այս խնդրին նայել սովորական առողջ տրամաբանությամբ:
Հերետիկոսություն կարող է թվալ, բայց մենք շատ մեծ բան ենք վերագրում օրենքին: Առանց լավ օրենքների հասարակությունը, իհարկե, չի կարող ապրել: Սակայն օրենքն ինքը չի կարող մարդուն լավացնել: Օրենքի իմաստը, ըստ էության, ընդամենը մարդու վատ հակումները զսպելն է: Բայց նույնիսկ այդ խնդիրը օրենքը չի կարող լուծել, եթե հասարակությունը բարոյական հստակ կողմնորոշիչներ չունի:
Վերջին ժամանակներում շատ է խոսվում ռուսական беспредел-ի մասին, մանավանդ, այսպես կոչված, պատվիրված սպանությունների կապակցությամբ: Այդ ամենն իսկապես շատ ճնշող է: Բայց պատճառը ոչ միայն ռուսական օրենքների անկատարությունն է: Ամերիկյան օրենսդրական համակարգը ամենակատարյալներից մեկն է: Բայց այդ համակարգն արդեն երկու հարյուր տարի չի կարողանում ամերիկացիներին ետ պահել իրենց դուր չեկած պրեզիդենտներին սպանելուց…
Ահա այսօր մեզ հրամցվող իդալների շրջանակը: Ի վերջո, ասում են` մեր աչքի առջև է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Մենք հո չենք կարող նոր հեծանիվ հնարել…
Այս պարզունակ տրամաբանությունն է ընկած մեր այսօրվա բոլոր ձեռնարկումների հիմքում: Եվ անկախության այս ութ տարիների ընթացքում, ձգտելով հասնել այդ նույն քաղաքակիրթ աշխարհին, մենք մեր հոգևոր ժառանգությունից շատ բան կորցրինք: Կորցրինք հարգանքը գրի, գրականության, գիտության նկատմամբ, սովորեցինք ամեն ինչ չափել միայն շուկայական արժեքով: Մոռացանք մեր երգերը, որ կատարում ենք միայն տոներին, իսկ մնացյալ ժամանակ հեռուստատեսությունը հեղեղում ենք ցածրաճաշակ շոուներով, պրիմիտիվ, կեղծ-ժողովրդական երգերով և զգայազրկող ռիթմերով… Ասում են` ջազի միջազգային փառատոնն անցել է լեփ-լեցուն դահլիճներում: Բայց ազգային պետության գոյության այս տարիներին որևէ մեկի մտքով չանցավ ազգային երաժշտության մի այդպիսի փառատոն կազմակերպել…
Այս շուկայական թոհուբոհի մեջ ժամանակ ու իմաստ չի մնում դասական արժեքներով հրապուրվելու, դասական երաժշտության ու գրականության մասին մտածելու համար: Բայց հոգու այս աղքատացումը հենց այնպես չի անցնում: Մենք այսօր դարձյալ, և ավելի բուռն, տարվում ենք ամենագռեհիկ բնազդներով ու մարմնապաշտությամբ, սեռով, ինչպես դարասկզբին… Բայց այն ժամանակ մենք ցարական կայսրության ծայրամաս էինք, այսօր` անկախ պետություն. սակայն նույնքան անօգնական ու անպաշտպան ենք, ինչքան դարասկզբիս, երբ Վահան Տերյանը գրում էր. «Մա՞հն է արդյոք, թե նինջը քեզ պատել, պայծառ Նաիրի…»: Եվ հիշենք, որ 1913 թ., գրելով այս տողերը, Տերյանը նկատի ուներ առաջին հերթին հոգևոր նինջը…
Արցախը համախմբեց ու ոգևորեց մեզ: Արցախյան շարժումը մեր ազգային ոգու ամենաբարձր թռիչքներից մեկն էր: Բայց նրան հաջորդեց խորին հիասթափությունը, ժողովուրդը հայտնվեց համատարած ցինիզմի, ալան-թալանի և ամենաթողության մթնոլորտում… Սա ամենատխուր և վտանգավոր վիճակներից է, երբ թվում է` արդեն անհնար է ժողովրդին ոգևորել ու մղել մեծ գործերի…

***
Այսպես ենք դարն ու հազարամյակն ավարտում: Ավարտում ենք առանց մեծ նպատակների ու գաղափարների: Ի՞նչ պիտի լինի երրորդ հազարամյակը, ի՞նչ պիտի բերի մեզ 21-րդ դարը…
Ես անձամբ այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք շարունակում են հավատալ, թե պատմությունն ունի իր տրամաբանությունը, որը է մարդու և մարդկության կատարելագործումը: Այն կարող է դանդաղ լինել, վերուվարումներ անել, բայց մարդկությունը չի կարող կորցնել իր հեռանկարը, իր երազը: Դա մահ է: Ուրեմն, մարդկությունը և մենք բոլորս, իբրև նրա անդամները, ջանքեր պիտի գործադրենք այդ հեռանկարը վերագտնելու և տիեզերքի անծայրության մեջ չմոլորվելու համար:
Թումանյանը շատ դառնացած էր Հայոց եղեռնից և համաշխարհային պատերազմից: Բայց նույնիսկ այդ մղձավանջի մեջ չկորցրեց պատմության առաջընթացի զգացողությունը.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան…

Բայց ճամփան կա՜:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով