Ջայշանկար Պրասադ. Փոքրիկ ձեռնածուն

Տոնավաճառի հրապարակը փայլում էր էլեկտրական լույսերից և գվվում ծիծաղից ու մարդկային ժխորից։ Ես կանգնած էի շատրվանի մոտ, մի փոքրիկ տղայի կողքին, որ ագահորեն նայում էր շարբաթ խմողներին։ Նրա վզին, պատռված շապկի վրայից մի հաստ պարանի կտոր էր կախված, իսկ գրպանից մի քանի խաղաթղթեր էին երևում։ Նրա դեմքն արտահայտում էր միաժամանակ և՛ խորը վիշտ, և՛ հաստատակամություն։ Այդ փոքրիկ տղան ինչ-որ բանով ուշադրությունս գրավեց։ Չնայած աղքատությանը, նրա մեջ մի ներքին արժանապատվություն և հոգեկան ուժ էր զգացվում։
— Դե, ինչպե՞ս է, ի՞նչ ես տեսել այստեղ,— դիմեցի նրան։
— Ամեն բան։ Այստեղ և՛ օղակներ են գցում, և՛ գնդակներ։ Թե գնդակով խաղալիքին դիպչես՝ շահում ես։ Նետ են արձակում նշանի վրա։ Ինձ ամենից շատ դուր եկավ գնդակով խաղալիքներին խփելը։ Այ, իսկ ձեռնածուն շատ վատն է։ Նույնիսկ ես նրանից լավ ֆոկուսներ ցույց կտամ խաղաթղթերով,— ի պատասխան շատախոսեց նա ամենևին չքաշվելով։
— Իսկ ի՞նչ կա այն բալագանում, վարագույրի հետևը։ Այնտեղ եղե՞լ ես։
— Ո՛չ, այնտեղ չեմ կարողացել ընկնել` տոմս է պետք։
— Գնանք, քեզ ներս կտանեմ,— պատասխանեցի ես,
մտքումս որոշելով. «Դու այսօր եղիր ուղեկիցս ու բարեկամս»։
— Ի՜նչ պիտի անենք այնտեղ,— առարկեց տղան։— Ավելի լավ է գնանք գնդակ գցենք։
— Լավ,— համաձայնեցի ես,— միայն առաջ շարբաթ խմենք։
Տղան գլխով արեց ի նշան այն բանի, որ առաջարկն ընդունված է։
Բազմամարդ ամբոխի մեջ նույնիսկ այդ աշնանային երեկոյին շոգ էր ու տոթ։ Շարբաթ խմելով գնացինք գնդակ նետելու։ Ճանապարհին հարցրի նոր ծանոթիս։
— Հարազատներ ունե՞ս։
— Մայր և հայր։
— Եվ նրանք թույլ են տալիս քեզ, որ այստեղ քա՞ րշ գաս։
— Հայրս բանտում է։
— Ինչո՞ւ։
— Որովհետև պայքարել է հայրենիքի ազատության համար,— պատասխանեց նա հպարտությամբ։
— Իսկ մա՞յրդ։
— Մայրս հիվանդ է։
— Հապա ինչպե՞ս ես հանգիստ վազում այստեղ զվարճանալու։
Տղայի դեմքով հանդիմանական քմծիծաղ անցավ։
— Զվարճանալո՞ւ, ո՛չ…Ես եկել եմ այստեղ ուրիշներին զվարճացնելու։ Մի քիչ փող կաշխատեմ և մայրիկիս համար ուտելիք կառնեմ։ Եթե դու ինձ ոչ թե շարբաթ խմեցնեիր, այլ նայեիր իմ ներկայացումն ու մի քիչ փող տայիր, ես ավելի ուրախ կլինեի։
Զարմանքով նայեցի տղային` չէ՞ որ նա հազիվ տասնչորս տարեկան լինի, և այդպիսի՞ դատողություններ։
— Այո՛, այո՛։ Ես ճիշտ եմ ասում, բարի պարոն։ Իմ մայրը հիվանդ է, ու դրա համար էլ ես այնտեղ չգնացի։
— Որտե՞ղ։
— Բանտ… Քանի որ մարդիկ չեն հրաժարվում իմ ներկայացումները նայել, ինչո՞ւ, ուրեմն, ես մորս դեղի փող, ինձ ուտելիք չվաստակեմ։
— Ես խորը հոգոց հանեցի։ Շուրջս թռչկոտում էին էլեկտրական լույսերը։ Հոգիս խռովվել էր։
— Դե, լավ, գնանք գնդակ նետելու,— հրավիրեցի տղային։
Մենք մոտեցանք բալագանին, ուր գնդակով խաղալիքներ էին խփում։ Ես տասներկու տոմս գնեցի, և տղան հիանալի խաղացող դուրս եկավ։ Նրա ոչ մի գնդակը զուր չանցավ, բոլորը դիպան նշանին։ Նայելու հավաքված ավարաները ապշել էին: Իսկ տղան տասներկու խաղալիք ստացավ։ Դրանք տանելը դժվար էր, և ստիպված եղանք մի մասը կապել թաշկինակիս մեջ, իսկ մյուսները գրպաններս խոթել։
— Պարոն,— դիմեց ինձ տղան,— արի ես քեզ իմ ներկայացումը ցույց տամ… Եվ շուտ գնանք այստեղից, թե չէ ես շտապում եմ…
Եվ հանկարծ նա փախավ։ «Շատ շուտ մոռացար բարեկամիդ»,— մտածեցի ես։
Մի քիչ էլ թափառելով, մտա կրպակ, բետել գնեցի, իսկ հետո դեռ երկար զբոսնում էի բետել ծամելով և շուրջս նայելով։ Մի քիչ կանգնեցի վեր ու վար թռչող ճլորթու մոտ և հանկարծ վերևից` ճոճի միջից լսում եմ.
— Է՜յ, պարոն։
— Այդ ո՞վ է,— զարմացած բղավեցի ես։
— Ես եմ` փոքրիկ ձեռնածուն։

***
Անցավ մի քանի օր։ Բարեկամներիս հետ գնացել էի Կալկաթայի բուսաբանական այգին։ Մենք հարմար տեղավորվել էինք այգու մի անկյունում, ծառերի ստվերում, մի փոքրիկ լճակի ափին, որ ծածկված էր զարմանալի կարմիր լոտոսներով. նախաճաշում էինք, անշտապ զրուցում։ Եվ ահա այստեղ ես նորից տեսա փոքրիկ ձեռնածուին։ Նրա ձեռքին մի պայուսակ կար տանը գործած վանդակավոր կտորից։ Դրա մեջ դրված էր մաքուր վարտիք, կարճ թևքերով շապիկ։ Գլխին իմ թաշկինակն էր։ Վզին նույն պարանն էր կախված։ Նա մոտեցավ հարբածի պես երերալով, ու դիմեց ինձ.
— Բարև, պարոն։ Դե, այսօր կնայե՞ս իմ ֆոկուսները։
— Ո՛չ, պատվարժան երիտասարդ, մենք դեռ պետք է ուտենք։
— Իսկ հետո ի՞նչ պիտի անեք։ Երգեք ու խաղա՞ք։
— Ո՛չ։ Դա քո ինչ գործն է։
Տղայի անտակտության վրա զայրանալով, ուզում էի արդեն նկատողություն անել, բայց բարեկամուհիներիցս մեկն ինձ ընդհատեց.
— Ցույց տուր, տղաս, ցույց տուր ֆոկուսներդ: Դու ճիշտ ժամանակին եկար։ Մեզ մի քիչ ուրախացրու։
Ես լռեցի։ Կնոջ ձայնի մեջ կար մայրական փաղաքշանք, իսկ ի՞նչը կարող է դրան դիմանալ։ Տղան սկսեց իր ներկայացումը։
Այն ժամանակ, տոնավաճառին շահած բոլոր խաղալիքները մասնակցում էին ներկայացմանը, արջը ուրախանում էր, կատուն զայրանում, կապիկը հայհոյում։ Տիկնիկին ամուսնացրին։ Փեսացուն միաչքանի դուրս եկավ։ Ամբողջ ներկայացումը հենվում էր տղայի ոգեշնչված պերճախոսության վրա։
Մենք ծիծաղից թուլանում էինք։ «Այո, կարիքը շատ շուտ է այս տղայի աչքը բացել,— մտածեցի ես։— Ահա նա` կյանքը»։
Խաղաթղթերը մերթ դառնում էին կարմիր, մերթ սև։ Մանր կտորների բաժանված պարանը, որ կախված էր նրա վզից, նորից ամբողջ էր դառնում։ Հոլն ինքն իրեն սկսում էր պտտվել։
— Լավ, հերիք է,— դիմեցի ես տղային։ — Խաղալիքներդ հավաքիր։ Մենք հիմա գնում ենք։
Բարեկամուհիս անվճռականորեն նրան մի ռուպի մեկնեց։ Նա ուրախությունից վեր ցատկեց,
— Է՜յ, տղա,— կանչեցի նրան։
— Խնդրեմ ինձ կոչեք փոքրիկ ձեռնածու։ Դա իմ անունն է։ Դրանով եմ ես ապրում։
Ես ուզում էի նրան մի բան ասել, բայց բարեկամուհիս ինձ կանխեց.
— Իսկ փողը դու ի՞նչ պիտի անես։
Նախ կուշտ կուտեմ, հետո մորս համար վերմակ կառնեմ։
Ես նորիր զայրացա, բայց արդեն ինձ վրա։ «Ի՜նչ եսամոլն եմ ես,— անցավ մտքովս։— Զայրանում էի տղայի վրա, որ ուզում էր մի ռուպի վաստակել»։
Փոքրիկ ձեռնածուն հրաժեշտ տվեց ու գնաց, իսկ մենք ուղղվեցինք դեպի լիանաների թփուտները։ Այս փոքրիկ արհեստական ջունգլիներում էլ մնացինք մինչև արագ թանձրացող մթնշաղը։ Մայր մտնող արևի վերջին ճառագայթները քնքշորեն հրաժեշտ էին տալիս տերևներին։ Շուրջը լռություն էր և հանգիստ։
Մենք դանդաղ վերադառնում էինք մեքենայով Խովրու։ Ճանապարհին մի քանի անգամ հիշեցինք փոքրիկ ձեռնածուին։ Եվ հանկարծ նրան տեսանք խարխուլ խրճիթներից մեկի մոտ։ Նա կանգնել էր վերմակն ուսերին։ Ես մեքենան կանգնեցրի։
— Այստեղ ի՞նչ ես անում։
— Այստեղ իմ մայրն է, նրան դուրս են արել հիվանդանոցից…
Ես մեքենայից դուրս եկա ու մտա խրճիթ։ Այնտեղ, հատակին պառկած էր ցնցոտիների մեջ փաթաթված մի կին։ Նա ցնցվում էր տենդից։
Փոքրիկ ձեռնածուն ծածկեց նրան վերմակով և, խոնարհվելով նրա վրա, շշնջաց.
— Մա…մա…
Աչքերս արտասվակալեցին։

***
Արձակուրդս վերջացավ։ Ժամանակն էր աշխատանքի վերադառնալ։ Կալկաթան արդեն ձանձրացրել էր ինձ, և, այնուամենայնիվ, մեկնելուս օրը, առավոտյան, չգիտեմ ինչու ուզեցի մեկ անգամ էլ տեսնել հիանալի բուսաբանական այգին։ «Իսկ թե հանկարծ այնտեղ փոքրիկ ձեռնածուին հանդիպե՞մ»,— անցավ մտքովս։
Ես այգի գնացի մենակ, մտադիր լինելով շուտ վերադառնալ։
Ժամը մոտ տասն էր։ Արևն անգթորեն այրում էր։ Հանկարծ ճանապարհի եզրին տեսա խմբված մարդկանց։ Ես կանգ առա, դուրս եկա մեքենայից։ Մարդիկ հավաքվել էին հանպատրաստից սարքված բեմի` պարզապես երկու ծառերի միջև քաշված կտորի առջև ու նայում էին փոքրիկ ձեռնածուի ներկայացումը։ Նորից կատուն զայրանում էր, արջը թռչկոտում-պարում, պատրաստվում էր հարսանիքը։ Ամեն բան այնպես էր, ինչպես առաջ, միայն փոքրիկ ձեռնածուի ձայնի մեջ չկար նախկին կրքոտությունն ու ոգեշնչումը։ Նա աշխատում էր ուրախացնել, իսկ ինքը շարունակ ցնցվում էր, և ձայնն էլ կտրվել էր։ Թվում էր նա դժվարությամբ է հեկեկանքը պահում։ Ես զարմանքով հետևում էի նրան։
Ներկայացումը վերջացնելով և փողը հավաքելով, նա հանկարծ ամբոխի մեջ նկատեց ինձ ու մի պահ աշխուժացավ։
— Բայց քեզ մոտ այսօր ինչ-որ չէր ստացվում, բարեկամ,— նկատեցի ես նրա ուսին խփելով։
— Ես շտապում էի։ Մայրիկս խնդրել է շուտ վերադառնալ։ Նա ասաց, որ իր ժամը մոտ է,— տխուր պատասխանեց տղան։
— Եվ չնայած դրան դու եկար քո ֆոկուսները ցույց տալու,— կշտամբանքով բացականչեցի ես։
Մարդկային վիշտն ու երջանկությունը ամեն մեկն իր արշինով է չափում։
Փոքրիկ ձեռնածուի դեմքին երևաց ինձ ծանոթ նախատական ժպիտը։
— Իսկ ի՞նչ կարող էի անել:
Նա այլևս ոչ մի խոսք չասաց, երևում է իր համար վիրավորական համարելով որևէ բան բացատրելը։ Ես ամաչեցի։ Վերցնելով նրա խաղալիքներով պայուսակը, գցեցի մեքենայի մեջ և իրեն էլ նստեցնելով` հրամայեցի վարորդին.
— Շուտ, շարժվիր։
Մեքենան սլանում էր իմ ցույց տված ճանապարհով։
Մի քանի րոպեից մենք կանգ առանք փոքրիկ ձեռնածուի կացարանի առջև։ Նա դուրս թռավ և «մայրի՜կ, մայրի՜կ» բղավելով խրճիթ վազեց։ Ես գնացի նրա ետևից, բայց շեմին ինձ հասավ կնոջ շուրթերից դուրս թռած մի անորոշ ձայն, ու ես կանգ առա։ Մեռնողի թուլացող ձեռքերը մի քիչ բարձրացան և ծանրորեն ցած ընկան։ Փոքրիկ ձեռնածուն լալիս էր մոր անշարժ մարմնին սեղմված։ Ես կանգնել էի փայտացած։ Շլացուցիչ փայլում էր արևը, բայց աչքերիս առջև ամեն բան սևացավ և լողաց ինչ-որ տեղ։

Թարգմանեց Դորա Եսայանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով