Իգիթ Ղարիբյան. Անիի վերջին թագավորը

«Գարուն», 1968, 9

Անիի թագավոր Հովհաննես-Սմբատի (1020-1041 թթ.) և նրա եղբոր` Աշոտի մահը (1022-40 թթ.) Հայաստանում ստեղծեց մի շատ վտանգավոր անիշխանական դրություն, որը տևեց գրեթե երկու տարի (1041-1042 թթ.): Բյուզանդական կայսրությունը առիթից օգտվելով, մեջտեղ բերեց այն կտակը, որը կազմել էր Հովհաննես-Սմբատ թագավորը դեռևս 1023 թվականին: Ըստ այդ կտակի նրա (Հովհաննես-Սմբատի) մահից նետո Անին անցնելու էր բյուզանդական կայսրությանը:
Կայսրն իսկույն պահանջ ուղարկեց Հայաստան, որ Անին հանձնեն իրեն: Հայաստանում ներքին քաղաքական դրությունը սրվեց: Առաջ եկան իրար հակառակ երկու կուսակցություններ: Դրանցհց մեկը` հունամոլ կուսակցությունն էր. գլխավորում էր Վեստ Սարգիս Սյունեցին, որի աջ բազուկն էր ժամանակի հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձը (1019-1059 թթ.): Սրանցից յուրաքանչյուրն ուներ իր առանձին նեղ անձնական շաները: Վեստ Սարգսի բաղձանքն էր դառնալ հայոց թագավոր և կարծես թե հարմար առիթը եկել էր: Իսկ հայոց կաթողիկոսը, խայտառակ անելով իր անունը և ոտքի տակ տալով իր նախորդների բարի հիշատակը, տարվել էր հարստություն կուտակելու տենչով: Հունամոլներին հակառակ գործում էր ազգային կուսակցությունը, որը աշխատում էր պահպանել հայոց թագավորությունը: Այս շարժումը ղեկավարում էր հայոց փորձված զորավարներից մեկը, ծերունի սպարա-պետ Վահրամ Պահլավունին: Սպարապետը մենակ չէր գործում: Նրան օգնում էին եղբայրները, որդիները, եղբորորդիները… Սրանց նետ էր նաև Գրիգոր Բջնեցին, որը մեր մատենագրության մեջ հայտնի է Գրիգոր Մագիստրոս անունով:
Վեստ Սարգիս Սյունեցին առիթից օգտվելով գրավել էր թագավորական գանձերն ու ամրացել Անիի միջնաբերդում և աշխատում էր օր առաջ բյուզանդական զորքերը մտցնել Անի, բայց դա նրան առժամանակ չէր հաջողվում, մանավանդ Գրիգոր Բջնեցին համաձայն չէր, որ իր փեսան` Սարգիսը, դառնա հայոց թագավոր: Բարեկամական կապն անզոր էր տոհմային շահերին դիմադրելու համար: Պահլավունիները, իբրև առաջնակարգ իշխանական տոհմ, չէին հանդուրժում, որ թագավորությունն անցնի ուրիշ որևէ տոհմի ձեռքը:
Թափուր գահի համար պայքարը գնալով սուր բնույթ էր ստանում: Բայց հայոց սպարապետը հիմնական վտանգը համարելով բուզանդական զորքերի ներխուժումը, պայքար է կազմակերպում ընդդեմ նրանց, դրանով իսկ առժամանակ Վեստ Սարգսին հանգիստ թողնելով Անիի միջնաբերդում:
Բյուզանդական զորքերն իրենց երկար սպասել չտվեցին:
Ժամանակի հայոց պատմիչը` Արիստակես Լաստիվերտցին, հիշատակում է 1041-42 թվականներին չորս բյուզանդական արշավանքներ դեպի Անի: Բայց դրանցից ոչ մեկը հաջողությամբ չպսակվեց: Մատթեոս Ուռհայեցին այդ արշավանքներից հավանաբար վերջինի մասին հիշատակելիս ասում է, որ չնայած բյուզանդական զորքը մի քանի անգամ գերազանցում էր հայկականին, բայց սրանք Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ Անիի պարիսպներից դուրս հաղթանակ տարան թշնամու նկատմամբ: Պատմիչը վկայում է.
«Եվ հայկական զորքերի գազանացած ձայներից փախստական հույները չէին կարողանում փախչել, այլ հիմարի պես կանգնում էին ու ընկնում սրերի հարվածներից…»:
Հաղթությունը կատարյալ էր: Բյուզանդական կայսրությունը որոշ ժամանակ ետ կանգնց իր մտադրությունից:
Վահրամ Պահլավունին օգտվելով ստեղծված հնարավորությունից, կատարեց ազգային կուսակցության կամքը, այսինքն, ձեռնամուխ եղավ Հովհաննես-Սմբատի եղբայր, Աշոտի որդի Գագիկին թագավոր ձեռնադրելու գործին: Գրիգոր Բջնեցին հանդիսավոր կերպով Գագիկին մտցրեց Անի և առաջարկեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին՝ օծել նրան իբրև հայոց թագավոր: Կաթողիկոսն անկարող էր մերժելու այդ առաջարկությունը և կատարեց ժողովրդի կամքը, օծելով Գագիկին Անիի թագավոր 1042 թվականի աշնանը, Գագիկ Բ անունով: Այսպես էլ ճգնաժամը առժամանակ լուծվեց:
Տասնութ տարեկան էր Գագիկը, երբ դարձավ թագավոր: Չնայած երիտասարդ հասակին, նա ժառանգել էր հոր քաջությունը և ստացել ժամանակի բարձր հասարակության դաստիարակությունը: Գրիգոր Մագիստրոսը վկայում է, որ նա «Հռետորական գիտությամբ զարգացեալ» էր, իսկ Մատթեոս Ուռհայեցին նրան անվանում է «յոյժ իմաստուն և աստուածասէր»:
Թագավոր դառնալուց հետո, նա իր առաջին խնդիրը համարեց վերջ տալ Վեստ Սարգսի ըմբոստությանը: Գագիկը մենակ գնում է միջնաբերդ: Նա տեսակցություն է ունենում իր ախոյանի հետ, որ խաղաղությամբ հարցը լուծի: Վեստ Սարգիսը հնազանդվում է և հեռանում Անիից, բայց հետո ամրանալով Սուրմառի ամրոցում, շարունակում է իր նախկին գործունեությունը: Գագիկը հանդես է բերում քաջություն և փոքրաթիվ խմբով հարձակվում է բերդի վրա, գերի բռնում Սարգսին: Բայց վերջինս ճարպիկ գտնվելով, կարողանում է մահից ազատվել և հետագայում նույնիսկ իր ազդեցության տակ գցել թագավորին:
Նրա հետ վերջացնելով իր գործը, Գագիկը ձեռնամուխ եղավ կարգավորելու երկիրը երկու տարվա անիշխանությունից հետո: Նա զորքերի գլուխն անցած կարգ ու կանոն հաստատեց ամեն տեղ և նույնիսկ Հրազդան գետի ափին ջարդեց սելջուկյան բանդաներին: Կարծեք թե ամեն ի՞նչ կարգին էր, բայց Բյուզանդիան պատրաստում էր խոշոր աղետներ բերել մեր ժողովրդր գլխին:
Գագիկի հետ միաժամանակ, 1042 թվին բյուզանդական գահի վրա նստեց Կոստանդին Թ Մոնամախը (1042-1054 թթ.): Նա մեկ տարի հետո նորից դիմեց Գագիկին Անին իրեն հանձնելու պա-հանջով: Իհարկե, Գագիկը մերժեց նրան, բայց իրավիճակը փոխվել էր, քանի որ Վեստ Սարգսին հաջողվել էր սառնություն մտցնել Գագիկի և Գրիգոր Բջնեցու հարաբերությունների մեջ (հետագայում սառնությունը հասավ թշնամության աստիճանի): Գրիգոր Բջնեցին, որ մինչ այդ գովեստներ էր տարածում Գագիկի հասցեին, այժմ նրան անվանում էր «Մանկամիտ արքայ», «Տհաս», «Խակ» և այլն: Նույնիսկ նա ողբում էր Անին, գրելով. «Վայ քեզ քաղաք վասն զի թագավոր քո մանուկ է…»:
Գագիկը փորձում է հաշտության եզրեր գտնել ազդեցիկ իշխանի հետ, բայց նրա բոլոր ջանքերը ապարդյուն են անցնում: Սրանից հետո Գագիկը սկսում է ուժեղ հալածանք Գրիգորի նկատմամբ, որը ստիպված թողնում է իր կալվածքները և հեռանում Տարոն:
Բյուզանդական կայսրն ստանալով Գագիկի մերժումը, մի զորաբանակ ուղարկեց դեպի Հայաստան, Միքայել Իասիտասի առաջնորդությամբ: Բայց այս արշավանքը ևս անհաջողությամբ ավարտվեց:
Կայսրը զայրացած Հայաստան է ուղարկում մի մեծ բանակ, առաջավոր զորավար Նիկողայոսի առաջնորդությամբ:
Հայ ժողովրդի համար ստեղծվում է չափազանց ծանր դրություն, բայց երիտասարդ թագավորը ցույց է տալիս հազվագյուտ անվեհերություն: Նա անց-նում է իր քաջերի գլուխը, ծերունի սպարապետի հետ, շարժվում է Նիկողայոսի դեմ և փայլուն հաղթանակի հասնում:
Այս հաղթանակները ցույց են տալիս, թե օտար նվաճողներից Շիրակի բնակչությունը որքան մեծ վճռականությամբ էր պաշտպանում իր գեղեցիկ մայրաքաղաքը և հայոց թագավորությունը: Սակայն, դավաճանությունը տեսնում է իր սև գործը: Վեստ Սարգիսը խորհուրդ տվեց բյուզանդական իշխանությանը վերջ տալ թշնամական գործողություններին և առերես բարեկամ ձևանալ, Գագիկին հրավիրել Կոստանդնուպոլիս` վեճը խաղաղությամբ վերջացնելու պատրվակով:
Այդպես էլ արեցին: Բայց Գագիկը այնքան միամիտ չէր, որ անմիջապես ընկներ թակարդը, ուստի շատ ջանք ու եռանդ էր պետք դավաճաններին, որ իրենց նպատակին հասնեին: Այս ծանր օրերին Գագիկի թև ու թիկունքն էր ծերունի սպարապետը: Նա դեմ էր Գագիկի Կոստանդնուպոլիս գնալու մտքին: Բայց դավաճաններն ավելի ուժեղ գտնվեցին:
Նրանց կողմից գործող Պետրոս Գետադարձ կաթողիկոսը դիմում է երդման լեզվին: Նա երդվում է, որ ինքը և Սարգիս Սյունեցին կպահպանեն Անին մինչև թագավորի վերադարձը: Այդ երդումը գրվում է թղթի վրա և այն էլ ինչո՞վ, պատարագի գինիով: Գագիկ թագավորը, պատերազմի դաշտում որքան քաջ էր և անվախ, այնքան ջերմեռանդ էր կրոնական հարցերում: Եվ իզուր չէ, որ նրան պատմիչը համարել է «ԱՍՏՎԱԾԱՎԱԽ» թագավոր:
Անիի թագավորը` Գագիկը, խորապես հավատացած, որ աստծու արյունով գրված խոստումը չի կարող խաբեության գործիք դառնալ, Անիի բանալինեները հանձնում է Պետրոս կաթողիկոսին և հանգիստ խղճով որոշում է գնալ Բյուզանդիա, անտես առնելով ծերունի Վահրամի հակառակ հորդորանքները:
Արիստակես Լաստիվերտցին համառոտակի պատմելով այս երդման մասին գրում է. «Իմաստունը երդվում է. իսկ անմիտը հավատում»:
Գագիկ Բ արքայական շուքով հասավ Բոսֆորի ափը և մտավ Բյուզանդիայի մայրաքաղաքը: Նա շրջապատվեց կայսրի մարդկանցով, որպես «պատվավոր հյուրի»: Շուտով կայսրը պահանջեց Անին: Գագիկը հասկացավ, որ ինքը թակարդն է ընկել, այնուամենայնիվ, չհուսահատվեց և երկար ժամանակ դիմադրում էր: Բայց վրա հասած դավաճանությունը եկավ ջլատելու երիտասարդ արքայի ջանքն ու եռանդը:
Այդ նույն օրերին կայսրին ներկայացավ Գրիգոր Բջնեցին և հանձնեց իր կալվածքները և փոխարենն ստացավ Միջագետքում տիրույթներ: Բացի դրանից, նա կայսրի կողմից ստացավ նաև Մագիստրոսի կոչում: Սա մի ուժեղ հարված էր Գագիկի թիկունքին: Ոմանք պնդում են, թե այդ քայլին Գրիգորը դիմեց այն ժամանակ, երբ արդեն համոզվել էր, թե Գագիկի կորուստը անդառնալի էր: Բայց դա այնքան էլ հիմնավորված տեսակետ չէ: Գրիգորը դավաճանեց, որպեսզի վրեժ լուծի երիտասարդ արքայից իրեն հալածելու համար:
Գագիկի արգելման լուրը անմիջապես հասավ Անի և ազդեցիկ շրջաններում պայքար սկսվեց:
Որոշ մարդիկ գտնում էին, որ Գագիկի կորստի հետ պետք է հաշտվել և որոնել մեկին, որ փոխարինի նրան: Սակայն սրանց դեմ կանգնեցին Պետրոս Գետադարձ կաթողիկոսը և Սարգիս իշխանը: Կաթողիկոսը, որ գիտեր գինի օրհնել ու հավատացնել, թե դա Քրիստոսի արյուն է դարձել, ամենայն անամո-թությամբ այդ արյունով գրած երդումը ոտքի տակ տալով, Անի քաղաքի և պալատի բանալիները գաղտնի ճանապարհով կայսրին ուղարկեց, իսկ փոխարենը… բավականաչափ արծաթ ստացավ:
Հայոց պատմությունն այդօրինակ դավաճանություն համարյա չէր տեսել:
Կայսրը նորից իր մոտ է կանչում Գագիկին ու ցույց տալիս թվով քառասուն հատ բանալիները ասելով, որ Անիի իշխանները քաղաքը իրեն են հանձնել: Պետք է պատկերացնել, թե այդ տեսարանն ինչպես ազդած կլինի երիտասարդ թագավորի վրա, բայց նա դեռևս իր մեջ ուժ է գտնում պատասխա-նելու. «Հայոց տան տերն ու թագավորը ես եմ և քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Այս որոշման վրա նա մնում է ևս 30 օր, բայց հետո հասկա-նալով, որ դիմադրությունը իզուր է, գլուխ է խոնարհում բռնության առջև, հրաժարվելով իր հայրենիքից ու համաձայնում է նրա փոխարեն տիրույթ-ներ ստանալ Փոքր Հայքից` Պիզու քաղաքի հետ միասին:
Պատմական այս ողբերգության երեք գլխավոր դերակատարներից Վեստ Սարգիսն է միայն, որ դատապարտված է մեր ժողովրդի կողմից և կրում է դավաճանի անունը: Իսկ մնացած երկուսը խնայվել են: Մեկը, որպես եկեղեցու խոշոր գործիչ և պետ, հրաշագործ առասպելներով զարդարված, իսկ մյուսը՝ որպես խոշոր մատենագիր: Բայց որ երեքն էլ միևնույն դատին են արժանի, ցույց է տալիս Սամվել Անեցու հետևյալ նախադասությունը. «Տեր Պետրոսը, Ազատ Սարգիսը և Գրիգոր Բջնեցին նենգեցին Գագիկին և Անին հանձնեցին հունաց կայսրին»:
Բյուզանդական բանակը այս անգամ վստահությամբ շարժվում է դեպի Անի, գրավելու հաստատ հույսով: Բայց այլ կարծիքի էին քաջ անեցիները: Նրանք զենքը ձեռքներին պատերազմի են դուրս գալիս և պարտության մատնում բյուզանդական բանակին:
Ուռհայեցին այս մասին գրում է. «Հոռոմները (բյուզանդացիները) ուզում էին հայոց աշխարհի վրա կնամարդ պահապան դնել հզոր, քաջ Գագիկի փոխարեն»:
Անեցիները իհարկե իրազեկ չէին անցուդարձին և հույս էին կապում իրենց թագավորի հետ: Բայց երբ պարզ դարձավ ճշմարտությունը, մատնվեցին ընդհանուր հուսահատության: Ժողովուրդը հավաք-վում է թագավորների շիրիմների վրա և սկսում ողբալ իր վիճակը:
Ճգնաժամը վերջանում է նրանով, որ քաղաքացիները, այլևս ոչ մի հնար չտեսնելով, մարդ են ուղարկում բյուզանդական զորքերի մոտ Արծն քա-ղաք, հրավիրում նրանց գալ և տիրել Անիին: Իհարկե, բյուզանդացիները չուշացան: 1045 թվականի աշնանը Անին անցավ Բյուզանդիայի ձեռքը: Բայց ի՞նչ եղավ հայոց օծյալ թագավորը:
Նա շուտով ամուսնացավ Սեբաստիայում վախճանված Դավիթ Արծրունի թագավորի դստեր հետ, ժառանգեց նրա կալվածքներն ու ապրում էր այնտեղ հայրենիքի կարոտը սրտում: Ըստ ժամանակակից պատմիչների, երբ արդեն սելջուկները գրավել էին Հայաստանը, Գագիկը որոշեց գնալ Մելիք Շահ թագավորի մոտ, այն հույսով, որ նրա օգնությամբ նորից տեր դառնա իր թագավորությանը: Բայց այդ մտադրությունը հաջոդությամբ չպսակվեց:
Մեր պատմիչները պատմում են, որ հույները հատկապես այդ շրջանում, շատ էին ատում հայերին: Դրա արդյունքը պիտի համարել այն, որ Կեսարիա քաղաքի Մետրոպոլիտ Մարկոսը իր շան անունը Արմեն էր դրել: Այդ մասին իմանում է Գագիկը և իր թիկնապահների հետ միասին, հյուր է լինում Մետրոպոլիտին: Վերջինս վախից լավ ընդունելություն է ցույց տալիս Գագիկին:
Գագիկը պաճանջում է, որ նա ցույց տա իր շունը, իսկ Մետրոպոլիտը խուսափում է: Ի վերջո Գագիկը հարցնում է Մարկոսին, թե ինչո՞ւ է շանն Արմեն կոչել: Մարկոսը պատասխանում է մեծամտաբար. «Դեռևս փոքր է, դրա համար»: Զայրանում է Գագիկը և հրամայում տիրոջը և շանը գցել մի պարկի մեջ ու շանը այնքան ծեծել, որ վերջինս գազազելով տիրոջը քրքրի պարկի մեջ: Այդպես էլ կատարում են ու շանսատակ անում Մարկոս Մետրո-պոլիտին:
Այս դեպքից հետո շրջապատի հույները փորձ են անում դարանակալել և սպանել Գագիկին:
1079 թվին Գագիկը գնում է Տարսոն, որ իր Դավիթ որդուն բանտարկությունից ազատի: Վերադարձին Կիզիստրա ամրոցի մոտ իր զորքից բաժանվելով, երեք թիկնապահների հետ միասին, գնում է ամրոցին կից պարտեզի մեջ հանգստանալու:
Իսկ ամրոցի հույն տերերը` Մանդալե եղբայրները, մոտ 50 մարդկանցով դարան են մտնում և տմարդի ձևով գերի բռնում Գագիկին: Թիկնապահները լուր են տանում զորքին, որ իրենց տիրոջը գերի են բռնել: Շրջապատի հայ իշխանները, իրենց ուժերը միավորելով շրջապատում են Կիզիստրա ամրոցը և պաճանջում Մանդալե եղբայրներից ազատ արձակել հայոց օծյալ թագավորին: Ստանալով բա-ցասական պատասխան` գրոհում են ամրոցի վրա, բայց չեն կարողանում գրավել:
Ի պատասխան սրան Մանդալե եղբայրները չարաչար տանջանքներով սպանում են Գագիկին և վերջում կախ տալիս ամրոցի պարսպից` ի տես հայ կռվող զորքերի: Հայերը, այդ տեսնելուց հետո հուսահատված թողնում են պաշարումը և վերադառնում իրենց տեղերը:
Գագիկի դին թաղում են նույն ամրոցի պարսպի տակ: Վեց ամիս հետո մի ոմն Բանիկ` Անի քաղաքից, գողանում է Գագիկի ոսկորները և այն տեղափոխում Պիզու քաղաքը, ուր թաղում է Գագիկի կողմից կառուցված վանքի մեջ:
Նույն տարին մահանում է նաև Գագիկի ավագ որդին` Դավիթը, իր աներոջ կողմից թունավորվելով: Իսկ կրտսեր որդին` Հովհաննեսը, ամուսնացած էր Անիի կառավարչի աղջկա նետ: Նա աներոջ մահից հետո հույս ուներ ժառանգելու Անին: Սակայն երբ սելջուկները գրավեցին Անին, նա տեղափոխվեց Կոստանդնուպոլիս և հիմնական բնակություն հաստատեց այնտեղ: Քաղաքական պայքարի թատերաբեմից վերանում է Անիի Բագրատունիների թագավորական տոհմը:
Բայց հայ ժողովուրդը չէր կարող մոռանալ Մանդալե եղբայրների կատարածը: Եվ իրոք, երբ մի փոքր հզորանում է Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում, անմիջապես որոշում են վրեժ լուծել թշնամուց:
1112 թվականին Թորոս իշխանը իր բանակով շարժվում է Կիզիստրա ամրոցի վրա ու գրոհով գրավում: Գերի են բռնվում երեք եղբայրները և բերվում Թորոսի մոտ: Վերջինս սրանցից պահանջում է Գագիկի սուրը և հանդերձանքը: Եվ երբ գնում են բերելու, կրտսեր եղբայրը փախչելու փորձ է կատարում, բայց ընկնելով պարսպից, ջարդուփշուր է լինում: Մյուս եղբայրներն աղմուկ են բարձրացնում, թե հայ զինվորներն են մտածված կերպով պարսպից ցած նետել իրենց եղբորը: Թորոսը հրամայում է բրածեծ անել եղբայրներից մեկին, որը հանդգնաբար է խոսում: Երրորդ եղբայրը հաշիվ է պահանջում Թորոսից, թե դու հայ ես և ինչպե՞ս ես հանդգնում ծեծի ենթարկել հույն իշխանին:
Իսկ Թորոսը պատասխանում է այսպես. «Արյունապարտ, անօրեն, դուք ձեռք բարձրացրիք և սպանեցիք հայոց օծյալ թագավորին, իսկ ես իրավունք չունե՞մ ծեծել տալու դահիճներիդ»: Այս խոսքերից հետո իր ձեռքի գավազանով սպանում է հոխորտացողին, անարժան համարելով նրան սրով սպանելը: Մյուս եղբորը գերի է տանում իր հետ և այնտեղ սպանում հետագայում:
Ահա այսպես հայերը լուծեցին իրենց վրեժը այն մարդկանցից, որոնք համարձակվել էին ձեռք բարձրացնել հայոց օծյալ թագավորի վրա:
Բայց կատարվածը փաստ էր: Անին այլևս հայոց թագավոր չտեսավ իր պալատների մեջ:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով