Ինգմար Բերգման. Արվեստագետի երազանքները

«Գարուն», 1987, 3

Ստեղծագործելու պահանջը միշտ զգացել եմ որպես քաղց, հայտնի գոհունակությամբ արձանագրել եմ այդ փաստը, բայց իմ ողջ գիտակցական կյանքում երբեք հարց չեմ տվել ինձ, թե ինչու է ձագում այն և ինչու է համառորեն գոհացում պահանջում: Մինչդեռ հիմա, վերջին տարիներիս, երբ այն սկսել է մեղմանալ, և վերածվել ինչ-որ այլ բանի, հատուկ անհրաժեշտություն եմ զգում գտնելու իմ «ստեղծագործական գործունեության» պատճառը:
Նկարչության ասպարեզում ունեցած հաջողություններս, պատին գնդակ նետելու կարողությունս, լողսղու փորձերս մարդկանց ցույց տալու ձգտումը մանկությանս ամենավաղ հիշողություններից են:
Հիշում եմ, մեծ ցանկություն ունեի մեծերին հիշեցնելու իմ գոյությանը, ստիպելու, որ նկատեն ինձ:
Ինձ շարունակ թվում էր, թե հարազատներս բավարար ուշադրություն չեն ցուցաբերում իմ հանդեպ: Այդ պատճառով, երբ իրականությունն արդեն նյութ չէր տալիս, սկսում էի երևակայել` զվարճացնելով հասակակիցներիս գաղտնի սխրանքներիս անհավատալի պատմություններով: Դրանք մեծ ճիգով հորինված արտաքին աշխարհի առողջ թերահավատությունից անխուսափելիորեն փշրվող պատմություններ էին:
Վերջիվերջո ես հրաժարվեցի հաղորդակցվելուց և անուրջների աշխարհը պահեցի սոսկ ինձ համար: Փոխշփում որոնող, պատրանքներով տարված երեխան շուտով փոխակերպվեց տխուր, հնարագետ, կասկածամիտ երազողի:
Բայց երազողն արվեստագետ կարող է լինել միայն երազներում: Այն պահանջը, որն ունեի և որն ինձ մղում էր մարդկանց լսել, արձագանքել, հաղորդակցման ջերմությունը զգալ տալ, չկորավ, ընդհակառակը, որքան ավելի ամուր էր սեղմվում իմ շուրջը մենության բանտը, այնքան ուժեղանում էր:
Այսպիսով, գրեթե մշտապես իմ ինքնարտահայտման միջոցը դարձավ կինեմատոգրաֆը:
Ինձ հասկացան, երբ արտահայտվեցի մի լեզվով, որը շրջանցում էր խոսքը, որին չէի տիրապետում, երաժշտությունը, որի վրա իշխանություն չունեի, գեղանկարչությունը, որի հանդեպ անտարբեր էի: Անսպասեւիորեն ես հնարավորություն ստացա արտաքին աշխարհի հետ հաղորդակցվել մի լեզվով, որը բառացիորեն ձգվում էր մի հոգուց դեպի մյուսը` թեթևությամբ խուսափելով բանականության վերահսկումից:
Քաղցած մանկան պես ես նետվեցի հաղորդակցման նոր միջոցի հորձանուտը, և քսան տարվա ընթացքում անդադար, կրքոտ մի մոլեգնությամբ պատմում եմ երազներ, ապրումներ, հույզեր, երևակայություն, խելահեղության պոռթկումներ, ջղային լարումներ, հավատի տառապանքներ, լուսավոր պատրանքներ: Իմ քաղցը միշտ նորոգվում էր: Փողը, փառքը, հաջողությունները ցնցող էին, բայց ոչ մի նշանակություն չունեին իմ սրընթաց առաջընթացի համար: Ես չեմ ուզում նվազեցնել այն, ինչ, հնարավոր է, արել եմ այս ամբողջ ժամանակ:
Կարծում եմ արվածը որոշակի նշանակություն է ունեցել և գուցե ունի: Այն փաստը, որ կարող 
եմ անցյալը դիտել նոր և պակաս ռոմանտիկ լույսի տակ, հանգստացնում է ինձ: Ստեղծագործելու պատճառած բավարարվածությունը նույնպես կարևոր է արվեստագետի համար:
Ներկայումս դրությունը պակաս բարդ, պակաս հետաքրքիր և գլխավորը` պակաս տոնական է: Եթե մինչև վերջ անկեղծ լինեմ, իմ տպավորությամբ արվեստը, ոչ միայն կինոարվեստը, ոչ մի նշանակություն չունի: Գրականությունը, գեղանկարչությունը, երաժշտությունը, կինոն և թատրոնը բեղմնավորում և ծնում են իրենք իրենց: Ստեղծվում և ոչնչանում են նոր, անակնկալ որակափոխություններ, նոր համակցություններ: Արվեստագետները կրքոտ ցանկություն ունեն կյանքի մեծադիր պատկերները ներկայացնելու իրենք իրենց և ավելի ու ավելի անփույթ դարձող հասարակությանը, հասարակություն, որն այլևս չի հետաքրքրվում, թե ինչի մասին են մտածում այդ արվեստագետները:
Դեռ գոյություն ունեն այնպիսի արգելափակ բնակավայրեր, ուր արվեստագետներին պատժում են, արվեստը համարվում է վտանգավոր մի բան, որը պետք է լռեցնել ու կանոնավորել: Իսկ ընդհանրապես, արվեստն ազատ է, անամոթ, անպատասխանատու, և ինչպես արդեն ասվեց` դա զորեղ, գրեթե տենդագին ընթացք է. ինձ թվում է այն նման է մրջյուններով լի օձի շապկին: Օձը վաղուց սատկած ու կեր է դարձած, զուրկ է թույնից, բայց շապիկը լի է եռուն կյանքով: Եթե ես արձանագրում եմ, որ այդ մրջյուններից մեկն եմ, ապա պետք է հարցնեմ ինձ` արժե՞ արդյոք շարունակել այդ գործունեությունը: Եվ պատասխանը դրական կլինի, չնայած որ թատրոնը լավագույն ժամանակներ ապրած ծեր տարփուհի եմ համարում, չնայած որ ես և շատ ուրիշներ վայրի արևմուտքի մասին ֆիլմերը ավելի խթանիչ ենք համարում, քան Անտոնիոնիի կամ Բերգմանի ֆիլմերը, չնայած նրան, որ մաթեմատիկորեն (արդեն) պատառ-պատառ եղած օդում նոր երաժշտությունը շնչահեղձ է անում մեզ, չնայած, որ գեղանկարչությունն ու քանդակագործությունը անպտուղ են դառնում, հյուծվում սեփական ազատությունից, չնայած, որ գրականությունը վերածվում է անարժեք ու անվտանգ բառակույտի:
Կան երբեք բանաստեղծություններ չգրող բանաստեղծներ, նրանք հյուսում են իրենց կյանքը որպես պոեմ: Կան բեմում երբեք չխաղացած դերասաններ: Նրանք խաղում են իրենց կյանքը` որպես հետաքրքրագույն դրամա: Կան երբեք վրձին չվերցրած նկարիչներ, փակելով աչքերը նրանք իրենց կոպերի հակառակ կողմում ստեղծում են արվեստի չքնաղ գործեր: Կան իրենց ֆիլմերում ապրող ռեժիսորներ, որոնք երբեք չեն չարաշահում իրենց տաղանդը, որպեսզի նկարահանեն այդ ֆիլմերը ժապավենի վրա:
Կարծում եմ, ժամանակն է ճիշտ այդպես դեն նետելու թատրոնը, քանի որ մենք ապրում ենք տեղային ողբերգությունների տեսքով, անընդհատ պոռթկացող մի դրամայի կենտրոնում:
Մենք այլևս կարիք չունենք երաժշտության, մեր լսելիքը ամեն րոպե ռմբակոծվում է հզոր ձայնային փոթորիկներով, ուր ցավի արգելքն արդեն նվաճված ու հաղթահարված է: Պետք չունենք պոեզիայի, քանի որ աշխարհի նոր պատկերը մեզ վերածել է բանող անասունների, որ զբաղված են իրերի փոխանակման հետաքրքիր, բայց բանաստեղծական տեսակետից` ոչ պիտանի պրոբլեմներով:
Մարդը (ինչպես ես զգում եմ ինձ և արտաքին աշխարհը) իրեն ազատ է դարձրել, ահավոր, գլխապտույտ կերպով ազատ: Կրոնը և արվեստը շարունակում են ապրել կողք կողքի: Դա պարզապես հարգալից վերաբերմունք է անցյալի հանդեպ, բարյացակամ հոգատարություն այն քաղաքացու նկատմամբ, որը հետզհետե ավելի ու ավելի է ջղայնանում իր ազատ ժամանակը սպառելիս:
Այս բոլորն իմ անձնական տեսակետն է:
Ես հավատացած եմ, որ այլոց ընկալումն ավելի հաշվեկշռված ու անկողմնակալ է: Եթե այժմ, նկատի առնելով այս ամբողջ տաղտուկն ու թախիծը, չնայելով ոչ մի բանի շարունակեմ զբաղվել արվեստով, ապա դա կունենա շատ պարզ մի պատճառ: Այդ պատճառը հետաքրքրասիրությունն է: Այն առաջ է մղում ինձ, րոպե իսկ հանգիստ չի տալիս, ամբողջովին փոխարինում է այն քաղցին, շփվելու այն ձգտմանը, որը կար իմ մեջ անցյալում: Ես նմանվում եմ երկարաժամկետ դատապարտված այն բանտարկյալին, որը մեկեն հայտնվել է դղրդացող, ոռնացող կյանքի խառնարանում: Ես արձանագրում եմ, հետևում, ոչինչ բաց չեմ թողնում, շուրջս ամեն ինչ անհավատալի է, ֆանտաստիկ, վախեցնող կամ անհեթեթ: Ես որսում եմ թռչող փոշեհատիկը, գուցե դա կինոնկար է… ինչ փույթ, թե ինձնից բացի ոչ ոք դա հետաքրքիր չի համարում, ուրեմն հենց դա է կինոնկարը… Ես քարշ եմ գալիս որսիս հետ մեկտեղ: Ուրախ թե տխուր` աշխատում եմ: Ընդհարվում եմ ուրիշ մրջյունների հետ, մենք հսկայական աշխատանք ենք կատարում: Սա՛ և միայն սա՛ է իմ ճշմարտությունը: Ես չեմ պահանջում, որպեսզի այն ճշմարտություն դառնա մեկ ուրիշի համար, ի վերջո այդ ամենը բավականաչափ չնչին է՝ հավերժության համեմատ: Բայց որպես մոտակա մի քանի տարիների գեղարվեստական գործունեության հիմք` լրիվ բավական է: Ծայրահեղ դեպքում գոնե ինձ համար:
Միշտ չէ, որ հաճելի է արվեստագետ լինել միայն ինքդ քեզ համար, բայց դրանում մի հոյակապ առավելություն կա. արվեստագետի ընդհանրությունը բոլոր նրանց հետ, ովքեր գոյություն ունեն միայն իրենք իրենց համար: Արդյունքում ստացվում է ակնհայտորեն մեծ մի եղբայրություն, որն այս կերպ գոյատևում է եսասեր հասարակության տաք, կեղտոտ հողի վրա, պաղ ու ամայի երկնքի ներքո:

Թարգմ. Անահիտ Խաչատրյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով