Ալեն Գինզբերգ. Հանկարծաստեղծում Բեյցզինում

Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև անգլերեն բառի ոգեշնչումը լատինական Spiritus-ն է՝ շունչը, ես ուզում եմ ազատ շնչել:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմենը աշխարհին թույլ տվեց անկեղծորեն խոսել:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմենը բացեց պոեզիայի բանատողը հանուն անարգել շնչի:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Էզրա Փաունդը, թեպետ փղոսկրյա աշտարակում էր ապրում և գրավ բռնում սխալ ձիու վրա, թույլ տվեց բոլոր բանաստեղծներին խոսել մայրենի բարբառով:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Էզրա Փաունդը պատվիրեց Արևմուտքի ջահել բանաստեղծներին նայել չինական քերթվածներին ու նկարներին:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ռուդերֆորդում ապրող Վիլյամ Կարլոս Վիլյամսը գրեց Նյու Ջըրզիի լեզվով «Տամ աչքդ հանեմ» և հարցեց՝ ո՞նց եք չափում սա հնգոտնյա յամբով:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև հայրս բանաստեղծ էր մայրս կոմունիստ էր Ռուսաստանից ու մեռավ գժանոցում:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ բարեկամ Գարի Սնայդերը նստեց զննելու իմ մտքերը որպես Երևութային Աշխարհի մի մաս 1955 թվի համաժողովի ժամանակ:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև տառապում եմ, ծնվել եմ մեռնելու համար, երիկամիս մեջ քարեր ունեմ, արյան ճնշում, բոլորն էլ տառապում են:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև չգիտեմ թե ինչ են մտածում ուրիշները:
Գրում եմ որովհետև պոեզիան կարող է բացահայտել մտքերս, բուժել ինչպես իմ այնպես էլ ուրիշների պարանոյան:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև միտքս թափառում է սեքս-քաղաքականությունից մինչև Բուդհադհարմա-մտավարժանք:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև վերցրել եմ Բոդհիսաթվայի Չորս Ուխտերը. Ազատագրվելու պատրաստ զգայուն արարածները տիեզերքում անհամար են, խոցելու պատրաստ ագահությունս զայրույթս ու տգիտությունս՝ անորոշ, իրադրությունները որոնցում հայտնվել եմ՝ անհաշիվ, մինչև անվերջ է արթնացած մտքի արահետը::
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև այս առավոտ արթնացա դողալով սարսափից թե ինչ կարող եմ ասել Չինաստանում:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև ռուս բանաստեղծներ Մայակովսկին ու Եսենինը անձնասպան եղան. ուրեմն մեկ ուրիշը պետք է խոսի:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև հայրս արտասանում էր անգլիացի Շելիի ու ամերիկացի Վեյչըլ Լինդսիի բանաստեղծությունները և օրինակ բերում — ահա մի ոգեշնչում քամու նման հզոր:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև սեքսի մասին գրվածքները գրաքննվում էին Միացյալ Նահանգներում:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև միլիոնատերերն արևելքից արևմուտք «Ռոլս Ռոյս» են քշում, իսկ աղքատները փող չունեն ատամները բուժելու համար:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ գեներն ու քրոմոսոմները սիրահարվում են ոչ թե ջահել կանանց, այլ ջահել տղաներին:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև օրերի առջև չունեմ անառարկելի պատասխանատվություն:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև ուզում եմ մենակ լինել բայց խոսել մարդկանց հետ:
Ես բանաստեղծություն եմ գրում Ուիթմենին պատասխանելու, մի տասնամյակ առաջվա ջահելների հետ խոսելու, Նյուարքում (Նյու Ջըրզիի նահանգ) դեռևս ապրող ծեր հորաքույրներիս և հորեղբայրներիս հետ խոսելու համար:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև 1939 թվին ռադիոյով սևամորթների բլյուզ եմ լսել՝ Լեդբելի և Մա Ռեյնի:
Ես բանաստեղծություն եմ գրում՝ ոգեշնչված պատանի ու զվարթ «բիթլների» հասուն երգերից:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Չուան-Ցզին չգիտեր՝ ինքը թիթեռ է թե մարդ, Լաո Ցզին ասում էր՝ ջուրը հոսում է սարից. Կոնֆուցիոսն ասում էր՝ պատվիր քեզնից մեծին. ես ուզեցի պատվել Ուիթմենին:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև կուշտուկուռ խոտերն ու նախիրները Մոնղոլիայից մինչև ամերիկյան վայրի Արևմուտք փչացնում են նորածիլ խոտը իսկ հողի քայքայումը անապատներ է ծնում:
Ես բանաստեղծություն եմ գրում կենդանու մորթուց կարած կոշիկներ հագած:
Ես բանաստեղծություն եմ գրում որը միշտ ասում է. «Առաջին միտքը լավագույն միտքն է»:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև բոլոր գաղափարներն անմատչելի են բացառությամբ երբ արտահայտված են իրական առարկաներում. ահավասիկ Վիլյամ Կարլոս Վիլյամսի կարգախոսը. «Իրերից դուրս չկա գաղափար»:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև տիբեթական Լամա Գուրուն ասում է. «Իրերն իրենք իրենց խորհրդանշանն են»:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև լրագրերի առաջնորդողները սև անցք են մեր համակարգության կենտրոնում. մենք ազատ ենք այդ ամենը նկատելու համար:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև եղավ Առաջին աշխարհամարտը, Երկրորդ աշխարհամարտը, միջուկային ռումբ, և կլինի Երրորդ աշխարհամարտ եթե ցանկանանք, բայց ես չեմ ուզում:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ առաջին պոեմը՝ «Քեդիշը», փառաբանում էր գժանոցում մահացած մորս:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև ըստ Մոսկվայի Ստալինը 20 միլիոն հրեա և մտավորական աքսորեց Սիբիր, որոնցից 15 միլիոնը այդպես էլ չվերադարձան Սանկտ-Պետերբուրգի «Անտեր շուն» սրճարանը:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև երգում եմ երբ մենակ եմ զգում:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմենն ասել է. «Ես հակասո՞ւմ եմ ինձ: Հրաշալի է, ես հակասում եմ ինձ: Ես ընդարձակ եմ, ես բազմություններ եմ պարունակում»:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև միտքը հակասում է ինքն իրեն, այս պահին Նյու Յորքում է, հաջորդին՝ դինարական Ալպերում:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև գլխումս մտքերի բազմություններ կան՝ ուղիղ 10000:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև չկա պատճառ չկա որովհետև:
Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև սա լավագույն միջոցն է՝ արտահայտելու մտքումս եղածը 6 րոպեում կամ ամբողջ կյանքում:

Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով