Անտոն Չեխով. Դատարանում

N գավառական քաղաքում, պետական դարչնագույն շենքում, որտեղ հերթով նիստեր են գումարում հողածին վարչությունր, հաշտարար դատարանը, գյուղացիական, խմիչքեղենի, զինվորական և ուրիշ շատ ատյաններ, աշնանային մի մառախլապատ օր օկրուգային դատարանի բաժանմունքը իր գործերն էր քննում։ Դարչնագույն տան անվան մասին տեղական կառավարիչներից մեկը սրամտորեն ասել էր.
— Այստեղ և՛ արդարադատությունն է, և՛ ոստիկանությունը, և՛ միլիցիան, ճիշտ ինչպես ազնվածին օրիորդների ինստիտուտ։
Բայց, հավանորեն ըստ այն առածի, թե յոթ դայակ ունեցող երեխան առանց աչքի է լինում, այդ տունն էլ ոչ-պաշտոնատար նորեկ մարդուն զարմացնում ու ճնշում է իր հնությամբ և կոմֆորտի կատարյալ բացակայությամբ` ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ։ Նույնիսկ ամենապայծառ գարնանային օրերին նա թվում է թանձր ստվերով ծածկված, իսկ լուսնկա գիշերներին, երբ ծառերն ու բնակիչների տնակները մի համատարած ստվերի մեջ միաձուլված սուզված են լինում հանդարտ քնի մեջ, միայն այդ տունն է, որ ճնշող քարի պես անհեթեթորեն բարձրանում է համեստ պեյզաժի վրա, ընդհանուր ներդաշնակությունը փչացնում և չի քնում, ասես չկարողանալով կտրվել անցյալի չներված մեղքերի ծանր հիշողությունից։ Ներսում ամեն ինչ սրահի նման է և խիստ անհրապույր։ Զարմանալի է լինում տեսնել, թե ինչպես այդ բոլոր նրբագեղ դատախազները, անդամները, առաջավորները, որոնք իրենց տանը տեսարաններ են սարքում մի չնչին մրի կամ հատակի վրա եղած բծի համար, այստեղ հեշտությամբ հաշտվում են օդափոխիչների դժժոցի, մոմերի, զզվելի հոտի և կեղտոտ, մշտապես քրտնած պատերի հետ։
Նկրուղային դատարանի նիստն սկսվսց ժամը տասին։ Գործերի քննումն սկսվեց անհապաղ, նկատելի շտապողականությամբ։ Գործերը հաջորդում էին մեկը մյուսին և ավարտվում արագ, ինչպես առանց երգիչների պատարագ, այնպես որ ոչ մի միտք չէր կարող տպավորությունների լրիվ պատկեր կազմել իր համար այդ բոլոր խայտաբղետ, բայց ջրի պես վազվզող դեմքերի բազմությունից, շարժումներից, ճառերից, ճշմարտությունից ու ստից… Մինչև ժամը երկուսը շատ բան էր արված, երկուսին դատապարտել էին պատժական վաշտեր ուղարկելու, մի արտոնատեր մարդու զրկել էին իրավունքներից և դատապարտել բանտարկության, մեկին արդարացրել էին, մի ուրիշի գործը հետաձգել…
Ճիշտ ժամը երկուսին նախագահողը հայտարարեց, որ լսվելու է «գյուղացի Նիկոլայ Խառլամովի ձեռքով իր կնոջն սպանելու գործը»։ Դատարանի կազմը մնաց նույնը, ինչ և նախորդ գործի քննության ժամանակ, միայն պաշտպանի տեղը գրավեց մի նոր անձ` դատական պաշտոնի երիտասարդ, անմորուք մի թեկնածու` բաց գույնի կոհակներով սերթուկը հագին:
— Նե՛րս բերեք մեղադրյալին,— կարգագրեր նախագահը։
Բայց նախապես պատրաստված մեղադրյալն արդեն գնում էր դեպի իր նստարանը։ Դա մոտ 55 տարեկան բարձրահասակ, ամրակազմ գյուղացի էր, բոլորովին ճաղատ, անտարբեր, մազմզոտ դեմքով և մեծ, շեկ մորուքով։ Նրան հետևում էր մի վտիտ, թուլակազմ զինվոր` հրացանը ձեռքին։
Համարյա հենց նստարանի մոտ ուղեկցողին մի փոքրիկ անախորժություն պատահեց, հանկարծ նա սայթաքեց ու հրացանը ձեռքից ցած գցեց, բայց և իսկույն հենց օդում բռնեց այն, որի ժամանակ ծունկն ուժեղ զարկվեց հրացանի կոթին: Հասարակության մեջ թեթևակի ծիծաղ լսվեց։ Ցավից, կամ գուցե իր անշնորհքությունից ամաչելուց զինվորը խիստ կարմրատակեց։
Մեղադրյալի սովորական հարցաքննությունից, երդվյալների տեղափոխումից, վկաների ցուցակի ընթերցումից ու երդումից հետո սկսվեց մեղադրական արձանագրության ընթերցումը։ Նեղ կրծքով, գունատ դեմքով քարտուղարը, որ խիստ նիհար էր իր մունդիրի համար և այտին ծեփոն կար կպցրած, կարդում էր արագ, ցածր ու թավ ձայնով, տիրացուի նման, առանց բարձրացնելու և առանց ցածրացնելու ձայնը, ասես վախենալով, թե նեղություն կտա իր կրծքին: Նրան ձայնակցում էր օդափոխիչը, որ անդադրում դժժում էր դատարանի սեղանի հետևը, և ընդհանուր առմամբ ստացվում էր մի ձայն, որը դահլիճի լռությանը թմրեցնող, նարկոտիկ բնույթ էր տալիս։
Նախագահը, որ այնքան էլ ծեր մարդ չէր, խիստ հոգնած դեմքով ու կարճատես աչքերով, անշարժ նստել էր իր բազկաթոռին և ձեռքի թաթը ճակատին դեմ արած` ասես աչքերն էր պաշտպանում արևից։ Օդափոխիչի ու քարտուղարի դժժոցի տակ նա ինչ-որ բան էր մտածում։ Երբ քարտուղարը մի փոքր դադար տվեց, որպեսզի նոր էջից սկսի, նա հանկարծ ցնցվեց և բուի աչքերով նայեց հասարակությանը, ապա թեքվեց դեպի հարևանի ականջը և հառաչելով հարցրեց,
— Դուք, Մատվել Պետրովիչ, Դեմյանովի մո՞տ եք իջևանել։
— Այո, Դեմյանովի մոտ,— պատասխանեց դատարանի անդամը նույնպես ցնցվելով։
— Հաջորդ անգամ երևի ես էլ նրա մոտ կիջևանեմ: Ի սե՜ր աստծո, Տիպյակովի մոտ ամենևին չի կարելի իջևանել: Ամբողջ գիշերն աղմուկ-աղաղակ է։ Թխկացնում են, հազում, երեխաներն են լալիս… Ուղղակի անհնարին է…
Դատախազի оգնականը, որ գիրուկ, շիկահեր, ոսկե ակնոցով և գեղեցիկ, հարդարված մորուքով մարդ էր, նստել էր արձանի պես անշարժ և այտը բռունցքին դեմ արած` Բայրոնի «Կայենն» էր կարդում։ Նրա աչքերը լի էին ագահ ուշադրությամբ, և հոնքերը զարմացած ավելի ու ավելի վեր էին բարձրանում։ Երրեմն-երբեմն նա ետ էր ընկնում բազկաթոռի թիկունքին, մի րոպե անտարբեր նայում առաջ, ապա նորից խորասուզվում ընթերցանության մեջ։ Պաշտպանը մատիտի բութ ծայրը քսում էր սեղանին և գլուխը մի կողմի վրա թեքած մտածում… Նրա ջահել դեմքը ոչ մի բան չէր արտահայտում բացի անշարժ, պաղ ձանձրույթից, որպիսին լինում է դպրոցականների և այն ծառայող մարդկանց դեմքին, որոնք ամեն օր պարտավոր են նստել միևնույն տեղը, տեսնել միևնույն դեմքերն ու միևնույն պատերը։ Առաջիկա ճառը նրան ամենևին չէր հուզում։ Եվ ի՞նչ էր որ այդ ճառը։ Մեծավորների հրամանով, վաղուց ի վեր սահմանված շաբլոնով, զգալով, որ այն անգույն է ու ձանձրալի առանց կրքի ու կրակի վրա կտա նա երդվյալների առաջ, իսկ այնուհետև ցեխի միջով, անձրևի տակ կսլանա կայարան, այն-տեղից էլ քաղաք, որպեսզի շուտով նոր հրաման ստանա, նորից գնա որևէ գավառ, նոր ճառ կարդա… ի՜նչ ձանձրալի է։
Մեղադրյալն սկզբում ջղայնորեն հազում էր թևքի մեջ ու գունատվում, բայց շուտով լռությունը, ընդհանուր միապաղաղությունն ու ձանձրույթը հաղորդվեցին նաև նրան։ Նա բութ հարգանքով նայում էր դատավորական մունդիրներին, երդվյալների հոգնած դեմքերին և հանգիստ թարթում էր աչքերը։
Դատական իրադրությունն ու պրոցեդուրան, որոնց սպասումն այնքան տանջում էր նրա հոգին, երբ նստած էր բանտում, այժմ ամենահանգստացուցիչ ազդեցությունն էին ունենում նրա վրա։ Այստեղ նա տեսավ ամենևին ո՛չ այն, ինչ սպասում էր։ Նրա գլխին սպանության մեղադրանք էր կախվել, այնինչ այստեղ նա չհանդիպեց ո՛չ ահեղ դեմքերի, ո՛չ ցասումնալից հայացքների, ո՛չ հատուցման ահեղադղորդ խոսքերի, ո՛չ կարեկցության իր անսովոր վիճակին։ Այդտեղ նստածներից ոչ մեկը նրա վրա երկար, հետաքրքիր հայացք չէր գցում… Ամպամած լուսամուտները, պատերը, քարտուղարի ձայնը, դատախազի դիրքը, այս ամենը տոգորված էր գրասենյակային անտարբերությամբ և պաղություն էր փչում, ասես մարդասպանը գրասենյակային մի հասարակ իր էր, կամ թե նրան դատում էին ոչ թե կենդանի մարդիկ, այլ ինչ-որ անտեսանելի մեքենա, որ աստված գիտե, թե ով էր լարեր…
Գյուղացին հանգստանալով չէր հասկանում, որ կենցաղային դրամաներին ու ողբերգություններին այստեղ այնպես են վարժվեր ինչպես հիվանդանոցում` մահվան և հենց այդ մեքենայական անտարբերության մեջ է թաքնված իր դրության ամբողջ սարսափն ու անելանելիությունը։ Թվում է, որ եթե նա հանգիստ չնստեր, այլ վեր կենար ու սկսեր աղաչել, արցունքն աչքերին գթասրտություն հայցեր, բարձրաձայն մեղա գար ու մեռներ հուսահատությունից, միևնույն է, այդ ամենն էլ փշուր-փշուր կլիներ, զարնվելով բթացած նյարդերին ու սովորությանը, ինչպես ալիքն է զարնվում քարին:
Երբ քարտուղարն ավարտեց, նախագահը, չգիտես ինչու, ձեռքը քսեց սեղանին, երկար ժամանակ աչքերը կկոցեց մեղադրյալի վրա, ապա լեզուն ծուլորեն շարժելով հարցրեց.
— Մեղադրյա՛լ, դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք այն բանում, որ հունիսի 9-ի երեկոյան սպանել եք ձեր կնոջը։
— Ամենևի՛ն,— պատասխանեց մեղադրյալը վեր կենալով և խալաթը բռնելով կրծքի վրա։
Դրանից հետո դատարանն շտապ սկսեց վկաների հարցաքննությունը։ Հարցաքննվեցին երկու կին, հինգ գյուղացի, քննություն կատարած ուրյադնիկը։ Նրանք բոլորն էլ ցեխոտված, երկար քայլելուց և վկաների սենյակում սպասելուց հոգնած, թախծոտ ու մռայլ միևնույն ցուցմունքը տվին: Նրանք ասացին, որ Խառլամովը իր պառավի հետ «լավ» էր ապրում, ինչպես բոլորը, նրան ծեծում էր միայն խմած ժամանակ։ Հունիսի 9-ին, երբ արևը մայր մտավ, պառավը նա-խասենյակում գտնվեց ջախջախված գանգով։ Նրա մոտ, արյան լճակի մեջ ընկած էր մի կացին։ Երբ փնտրեցին Նիկոլային, որ նրան հայտնեն դժբախտության մասին, նա ոչ խրճիթումն էր, ոչ էլ փողոցում։ Սկսեցին գյուղովը մեկ վազվզել ու փնտրել, բայց նրան չգտան։ Նա անհայտացել էր, և երկու օր անց ինքը ներկայացավ գրասենյակ` գունատ պատառոտված, ամբողջ մարմնով դողալով։ Նրան կապկպեցին և նկուղ գցեցին։
— Մ եղաղրյա՛լ,— դարձավ նախագահը Խառլամովին,— չե՞ք կտրող դատարանին բացատրել, թե դուք որտեղ էիք այդ երկու օրը սպանությունից հետո։
— Թափառում էի դաշտում… Սոված-ծարավ…
— Իսկ ինչո՞ւ էիք թաքնվում, եթե դուք չէիք սպանել։
— Վախից… վախենում էի, որ ինձ կդատեն…
— Ա՜, լավ, նստեցե՜ք։
Վերջինը հարցաքննվեց գավառական բժիշկը, որը հերձել, էր հանգուցյալ պառավին։ Նա դատարանին հաղորդից այն ամենը, ինչ հիշում էր իր հերձման արձանագրությունից և ինչ որ կարողացել էր մտածել առավոտյան դատարան գալիս։ Նախագահը աչքերը կկոցել էր նրա նոր, փայլուն սև կոստյումի վրա, շքեղ փողկապի, շարժուն շրթունքների վրա, լսում էր, և նրա գլխում մի տեսակ ինքն իրեն շարժվում էր մի ծույլ միտք. «Այժմ բոլորը կարճ սերթուկ են հագնում, ինչո՞ւ սա երկարն է կարել տվել։ Ինչո՞ւ անպայման երկար և ոչ կարճ»։
Նախագահի հետևում կոշիկների զգույշ ճռճռոց լսվեց։ Այդ դատախազի օգնականն էր, որ մոտեցավ սեղանին ինչ-որ թուղթ վերցնելու։
— Միխայիլ Վլադիմիրովիչ,— նախագահի ականջին կռանալով ասաց դատախազը,— քննությունը զարմանալի անփույթ է վարել այդ Կորեյսկին։ Հարազատ եղբայրը չի հար-ցաքննվել, գյուղացիները չեն հարցաքննվել, խրճիթի նկարագրությունից բան չի հասկացվում…
— Ի՛նչ արած… ի՛նչ արած,— հառաչեց նախագահը բազկաթոռի թիկնակին ընկնելով:— Ավերակ… ավազի ժամացույց:
— Ի դեպ,— շարունակեց փսփսալ դատախազի օգնականը,— ուշադրություն դարձրեք` հասարակության մեջ, առաջին նստարանին աջից երկրորդը… Դերասանի կերպարանքով… տեղական դրամական տուզն է։ Մոտ հինգ հարյուր հազար կանխիկ կապիտալ ունի։
— Հա՞: Ֆիգուրից նկատելի չէ… ի՞նչ կասես, սիրելիս, ընդմիջում չանե՞նք։
— Քննությունը վերջացնենք, հետո։
— Ինչպես կուզեք… Դե՛,— նախագահը հայացքը բարձրացրեց բժշկի վրա։— Ուրեմն դուք գտնում եք, որ մահը վայրկենակա՞ն է եղել։
— Այո՛, ուղեղային նյութի զգալի վնասվածքի հետևանքով…
Երբ բժիշկը վերջացրեց, նախագահը դատախազի ու պաշտպանի միջոցով նայեց տարածությանը և առաջարկեց.
— Հարցեր չունե՞ք։
Դատախազի օգնականն առանց աչքը կտրելու «Կայենից» բացասաբար շարժեց գլուխը։ Իսկ պաշտպանը հանկարծ տեղից շարժվեց և հազալով հարցրեց.
— Ասացեք ինձ, բժիշկ, վերքի չափսով կարելի՞ է լինում դատել հանցագործի հոգեկան վիճակի մասին։ Այսինքն` ես ուզում եմ հարցնել, վնասվածքի չափը իրավունք տալի՞ս է մտածելու, որ մեղադրյալը հուզված է եղել։
Նախագահը իր քնեած ու անտարբեր աչքերը բարձրացրեց պաշտպանի վրա։ Դատախազը պոկվեց «Կայեն»-ից և նայեց նախագահին։ Միայն նայեցին, բայց ո՛չ ժպիտ, ո՛չ զարմանք, ո՛չ տարակուսանք, ոչ մի բան չէին արտահայտում նրանց դեմքերը։
— Թերևս,— կմկմաց բժիշկը,— եթե հաշվի առնենք այն ուժը, որով… ը-ը-ը… ոճրագործը հարված է հասցնում… Ասենք… ներեցեք, ես լավ չհասկացա ձեր հարցը…
Պաշտպանը պատասխան չստացավ իր հարցին, ասենք` նրա կարիքն էլ չէր զգում։ Հենց իր համար էլ պարզ էր, որ այդ հարցը գլուխ եկավ և լեզվից թռավ միայն լռության, ձանձրույթի, օդափոխիչի դժժոցի ազդեցության տակ։
Բժշկին բաց թողնելուց հետո դատարանն սկսեց զբաղվել իրեղեն ապացույցների զննությամբ։ Առաջինը զննեցին կաֆտանը, որի թևքի վրա արյան գորշ բիծ էր երևում։ Երբ այս բծի ծագման մասին հարց տվին, Խառլամովը ցուցմունք տվեց.
— Պառավի մահվանից մի երեք օր առաջ Պենկովն իր ձիուց արյուն էր բաց թողնում… Ես էլ այնտեղ էի և, պարզ բան է, օգնում էի, և… արյունոտվեցի….
— Բայց Պենկովը հենց նոր ասաց, որ ինքը չի հիշում, թե դուք ներկա եք եղել արյուն բաց թողնելիս…
— Չգիտեմ։
— Նստեցեք։
Սկսեցին զննել այն կացինը, որով պառավն սպանվել էր։
— Դա իմ կացինը չէ,— հայտարարեց մեղադրյալը։
— Հապա ո՞ւմն է:
— Չգիտեմ… Ես կացին չեմ ունեցել…
— Գյուղացին մի օր էլ չի կարող առանց կացնի յոլա գնալ։ Եվ ձեր հարևան Իվան Տիմոֆեյիչը, որի հետ միասին դուք սահնակը նորոգել եք, ցուցմունք է տվել, որ սա հենց ձեր կացինն է…
— Չգիտեմ, միայն թե ես աստծո առաջ (Խառլամովը ձեռքն առաջ մեկնեց և մատները չռեց)… ճշմարիտ արարչի առաջ… Ես չեմ էլ հիշում, թե երբ եմ կացին ունեցել։ Ունեի ևս այդպիսի մի կացին, կարծեմ մի քիչ ավելի փոքրը, այն էլ տղաս կորցրեց, Պրոխորը։ Զինվորության գնալուց մի երկու տարի առաջ փայտի էր գնացել, տղաների հետ խաղով էր ընկել ու կորցրել…
— Լավ, նստեցեք…
Այս սիստեմատիկ անվստահությունը և լսել չցանկանալը երևի գրգռեցին ու նեղացրին Խառլամովին։ Նա աչքերը թարթեց, և նրա այտերին կարմիր բծեր երևացին։
— Աստծո առաջ երդվում եմ,— շարունակեց նա վիզը երկարելով։— Թե որ չեք հավատում, բարի եղեք իմ որդի Պրոխորին հարցնել։ Պրոշկա, որտե՞ղ է կացինը,— հանկարծ կոպիտ ձայնով հարցրեց նա, կտրուկ շուռ գալով դեպի իրեն բերող զինվորը։— Որտե՞ղ է։
Դա մի ծանր վայրկյան էր։ Բոլորը կարծես կուչ եկան կամ ավելի ցածրացան… Բոլոր գլուխներում, որքան որ կային դատարանում, կայծակի պես փայլատակեց միևնույն զար-հուրելի անհնարին միտքը, ճակատագրական պատահականություն լինելու միտքը, և ոչ մի մարդ սիրտ չարավ ու չհամարձակվեց նայել զինվորի դեմքին: Ամեն մեկն ուզում էր չհավատալ իր մտքին և մտածել, որ ինքը սխալ է լսել:
— Մեղադրյա՛լ, պահակների հետ խոսել չի թույլատրվում,— շտապեց ասել նախագահը:
Ոչ ոք չէր տեսնում պահակ զինվորի դեմքը, և դահլիճով անտեսանելի, ասես դիմակ հագած, սոսկում անցավ։ Դատական պրիստավը կամացուկ վեր կացավ տեղից և մատների ծայրերի վրա, ձեռքով հավասարակշռությունը պահպանելով դուրս գնաց դահլիճից։ Կես րոպե անց լսվեցին խուլ քայլեր ու ձայներ, ինչպիսիք լինում են ժամապահները փոխելիս:
Բոլորը իրենց գլուխները բարձրացրին և ջանալով նայել այնպես, իբր թե ոչինչ չի եղել, շարունակեցին իրենց զործը:

1886

Թարգմանեց Հարություն Հարությունյան

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով