Վառլեն Ալեքսանյան. Ձոն տարիներին, եղանակներին, օրերին ու ժամերին

«Գարուն», 1987, 3

Ով չի քնել,
թող ինձ լսի,
մի ժամ հետո ես էլ պիտի
քնեմ, որպես ցերեկը բուն,
արթնությունն ինձ պիտի լքի,
մինչդեռ շատ բան կա պատմելու
գույնի լեզվով ու հնչյունի:

Տարին ծառ էր,
և օրերը աճում էին նրա բնին,
ու ամեն ժամ, հանց պտուղը,
կանաչ էր կամ կարմիր, դեղին,
ու ամեն ժամ իր համն ուներ`
ըստ գույնի ու հնչերանգի,

իսկ մեր քիմքը շատ զգայուն,
թե վայելքի, թե դառնության
համն էր երկար պահում վրան:

Գիշերվա մեջ քամու հոսքից
նույն էր զնգում դռան շեմին
կամ էլ` շղթան հին փականքի,
ժամանակը մեր խաբկանքի
քուն էր մտնում լուսադեմին:

Մոլություններ կային բազում—
կախվում էինք քարափներից,
վայրի մեղվի բներ քանդում,
սինձը կանաչ հայտնություն էր,
կակաչը` կաս-կարմիր հուռութ,
սունկը` ճերմակ մի ավետիս,
ու հասնում էր անմնացորդ
մի դաշտ ծաղիկ ամեն մեկիս,
անհաշիվ գորտ ու շերեփուկ,
նույնքան թիթեռ,
նույնքան չղջիկ,
մեր գիշերն էր զարդարում միշտ
մի պարս ոսկե լուսատտիկ:

Մեզ կանչում էր լեռը մոտիկ
գորշ ամպերի իր ծածկոցով,
ձուկն էր լքում ապաստանն իր`
վախենալով մեր ստվերից,
սառնաղբյուրի ակն էր հուզվում,
երբ հպվում էր շրթունքներիս:

Այսպես տարին կամաց-կամաց
գոլ ջրերի հոսանքն ի վար
մեզ տանում էր առաջն արած—
հանկարծ կանգնում աշնան շեմին,
կարոտանքով նայում էինք
արդեն անուժ արեգակին,
թեև, ափսոս, չգիտեինք
նախնիների ոչ մի հին ծես,
որով նրանք օրհնում էին
հողին, ջրին, բաց երկնքին,
բերք ու բարու ոգիներին,
ուստի մեկեն, առանց հանդես,
լցվում էինք ներսը աշնան,
որտեղ հողե տանիքի տակ
բաժանվում էր անհավասար
ամեն մեկիս մեր մանանան,
ուր ժամ առ ժամ
դատարկվում էր մեր կաղամարն:

— Հիմա ինչպե՞ս չասեմ`
ափսոս արեգակին,
ափսոս երգին,
որ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ,
ափսոս գույնին ու երանգին,
որ կենում են քարի, ծաղկի,
ծիծեռնակի փետուրի մեջ,
ինչպե՞ս չասեմ` ափսոս սեզին, խոտին, թփին,
ինչպե՞ս չասեմ` ափսոս նախշին,
որ եղյամն էր ծաղկում սառած պատուհանին,
ափսոս ասեմ երդիկից ներս
լույսը կախած բարակ շողին,
սարդոստայնին, մեղվի պարսին,
տարիներին, եղանակին, օրվան, ժամին,
ձնահյուսքին, մաքուր խոսքին,
ինչ տեսնում եմ ու չեմ տեսնում`
ինչպե՞ս չասեմ` հազար ափսոս…

— O՜, տարիներ, տապ ու թախիծ,
կանաչ բլրին նստած շաղեր,
մյառոնաբույր ուլունքներով
լվացեք իմ դեմքը նորից,
զնգուն գանգեր, ավետեք ինձ
սփոփանքի անխառն բառեր:

Ապա տարին մեզ իր թևին
թռցնում էր դեպի ձմեռ,
ուր մի օր էլ, մեզնից անկախ,
կանգնում էինք դեկտեմբերի
սառն ու ճերմակ դռան առաջ—
ուզում էինք նորից շրջվել դեպի աշուն,
բայց նա փութով ետ էր սահում,
ու ձմեռն իր սառած ձեռքով
մեզ ներս քաշում,
բազմեցնում էր վրան չոր խոտ,
տակը ճերմակ խորհուրդ փռած իր սահնակին։

Օ՜, տարերքներ,
բուք ու բորան,
աղվամազից կախված-պլզած սառցագնդեր,
նախշուն եղյամ,
ձնահյուսքից պոկված շիթեր,
ծակծկեցեք սուր սայրերով
կնճռապատ դեմքս նորից,
հալվեք, դարձեք ջրաշիթեր
ու ծորացեք իմ գույնզգույն մորուքն ի վար:

Անցնենք առաջ,
քանզի տարին գլորվում էր կծիկ դառած,
առավոտը զնգում էր պարզ,
շողն էր թրջում
աղջիկների ծնկները բաց,
հողից հերթով կամ խուռներամ
ելնում էին զեռունները կամաց-կամաց
ու գլորվում խորքը գարնան,
ուր եղինջն էր մեզ սպասում դարան մտած:

— Հիմա ինչպե՞ս,
ականջս կախ քամու հոսքին,
ծղրիդների ճռճռոցին ու գորտերի կռկռոցին,
թռչունների ծլվլոցին,
միջատների բզզոցին,
չասեմ ափսոս համբարձմանը, վարդևորին,
կալում փռած չոր աշանին,
արեգակից նոր տաքացող
խոնավ դաշտից ելնող ամպին,
գարնանային թաց ձնհալին,
և, վերջապես,
ինչպե՞ս չասեմ հազար ափսոս
անխարդախ ու թեթև խաղին,
անկեղծ լացին ու ծիծաղին…

— Ինչ շատ էին
կուռքերը մեր անձեռակերտ,
ո՞ւմ խոնարհվել,
որի՞ առջև իջնել ծնկի,
ինչպե՞ս գրկել խոտերը թաց,
մամռած ժայռին ի՞նչ բառերով ասել աղոթք:

— Օ՜, ժամանակ,
օ՜, իմ հասակ,
քանի՞ տարի ես ապրեցի իբրև վայելք,
քանի՞ ամառ ես շրջեցի՝
չունեցա հոգս ու նպատակ:
— Հիմա պիտի երկրպագեմ
ավետիսի նման բացվող արևածագն,
արևմուտքում ողջակիզվող մայրամուտը,
քարեղեն հոծ գետի նման ձգվող ճամփան,
ավելների դեղին ցոլքով
օծված հողե տանիքները:

— Թող որ հիշեմ
ջրերի ձայնն ու լեռների ստվերները
և խնկարկեմ թարմ խոտերին,
ցողուններին,
խորքում տքնող արմատներին
ու ցերեկվա քնով ընկած
չղջիկներին ու բվերին,
մի ամբողջ կյանք
մի օր ապրող թիթեռներին,
տարեղանակ ամիսներին,
հնձի, կալի, հորովելի
ու վայելքի ժամանակին:

— Եղանակներ անպատմելի,
հնչերանգներ բյուր ու բազում,
ուզում եմ ձեզ խոստովանել,
ասել, որ դուք իզուր չանցաք:

Մաքրամաքուր օր ու ժամեր,
դուք ինչ-որ տեղ անշուշտ դեռ կաք,
պատրաստ եղեք,
հենց որ փորձեն դատապարտել վարքս ներկա,
պայմանական հին նշանով
ձեզ կկանչեմ իբրև վկա:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով