Ֆազիլ Իսկանդեր. Ուղեկիցները

«Գարուն», 1970, 8

Հեղինակն այս պատմվածքն ուղարկել է մասնավոր «Գարուն»-ի համար։ Տպագրվում է առաջին անգամ:

Ուշ աշնանը, կիսով չափ դատարկ վագոնում, Կովկասից գնում էի Մոսկվա։ Որոշակի պատճառներով (որոնք տաղտկալի կլիներ պատմե), ես ինձ զգում էի ամենամոտիկ մարդկանց համար մոռացված և անպետք, հետևաբար անպետք էի նաև ինքս ինձ համար։
Մի խոսքով, հենց այն տրամադրությունն էր, երբ գործնական նրբությամբ ստուգում են պատին խփած կեռերի բարձրությունը, նայում ես ձեղնահարկ ձգվող հրշեջային սանդուղքին, կամ հանկարծ հանրային զուգարանի ջրատար խողովակների` կանացի կորությունը տեսնելով խոհերի մեջ ես ընկնում։
Օդափոխիչի փոքրիկ, բայց տեսքից բավական ամուր ցանցը խավար փայլ էր տալիս խցիկի առաստաղից։ Խցիկում ես մենակ էի։ Ես մտածեցի, որ եթե այդ բանը անեմ այստեղ, ապա իմ հոգին, վառվող ինքնաթիռի միջից պարաշյուտով դուրս ցատկող օդաչուի նման, դուրս կթչիի օդափոխիչի խողովակի միջով։
Ես մտածեցի, որ դա շատ հեշտ կլինի, եթե սեղանի վրա կանգնեմ։ Հետո իմ գլխում միտք առկայծեց, առկայծեց, հետո գնաց գիտակցությանս մի անկյունում սուսուփուս թաքնվեց, որ եթե ինձ դուր չգա, ապա վերջին պահին կարող եմ ոտքերով սեղանից կառչել։
Տեղնուտեղը հիշեցի ուղեկցուհուն և ինձ վատ զգացի։ Մտածեցի, որ իմ ուխտադրուժ արարքը բազմաթիվ տհաճությունների առիթ կդառնա նրա համար, էլ չեմ ասում այն անեծքների մասին, որոնք կթափվեն իմ գլխին, ուստի և հասկացա, որ իմ որոշումը անմարդկային է։ Որքան ես մտածում էի ուղեկցուհուս մասին, այնքան դա ավելի պարզ էր դառնում։ Ես մի փոքր հանգստացա։
Ինքս ինձ մտածում էի. թե այս պատահարը ծառայողական կարգի տհաճություններ պատճառի ուղեկցուհուն, նշանակում է իմ կապը մարդկանց հետ ամբողջությամբ չի կտրվել, ես ինչ-որ մեկին պետք եմ, թեկուզ որպես կենդանի ուղևոր և որպես այդպիսին նրանով օգտակար, որ վնաս չեմ տալիս։
Մտածելով, որ ուղեկցուհուն փրկեցի մեծ տրհաճություններից, ես խցիկից դուրս եկա և գնացի վագոնի ծայրը։ Գուցե ես այդ արեցի, վարակած երախտիքի բաժինը ստանալու անգիտակից ձգտման մեջ։
Գնացքը հաճախակի կանգ էր առնում Սև ծովի ափին ընկած փոքր կայարաններում։ Տեղի բնակիչները գալիս էին վագոնների մոտ, տանձ, ընկույզ, խաշած եգիպտացորեն, ճաճա, ընդհատակյա առաջին մանդարիններ և մաճառ ծախելու։
Ուղեկցուհին յուրաքանչյուր կայարանում դուրս էր գալիս և խոսում ինչ-որ մարդկանց հետ, որոնք ամեն ինչով աշխատում էին կասկածելի երևալ։ Հավանաբար նրանց կասկածելիությունը այնքան էլ համոզիչ չէր, որովհետև ուղեկցուհին ոչ մի բանի չհասնելով, վերադառնալու էր վագոն և հաջորդ կայանում նորից էր դուրս գալու։
Քնատ դեմքը հանելուկային տեսք էր տալիս ուղեկցուհուն։ Չնայած ես ամբողջ ժամանակը տամբուրում էի, բայց նա ինձ ուշադրություն չէր դարձնում։ Վերջիվերջո ես չհամբերեցի և դուրս եկա վագոնից։ Մի տղայից ես մի բաժակ վարդագույն ճաճա գնեցի, մի եգիպտացորեն և աջիկայով կերա։ Մի քիչ առույգանալով, նայեցի շուրջս։ Ուղեկցուհու գործն էլ լավ էր գնում։ Նա վերցրեց վագոնին մոտեցած մարդկանցից մեկի պարկը։ Այդ մեկը ավելի հաջողությամբ էր կարողանում կասկածելի երևալ: Չդադարելով կասկածելի երևալ, նա ուղեկցուհուն օգնեց պարկը վագոն տանել։ Գուցե հենց այդ նպատակով, վագոնից դուրս գալիս, նա խիստ վիրավորական հայացքով նայեց ինձ, իր ամբողջ տեսքով ցույց տալով, որ կարճատև կանգառի անհարմարությունն է, որ ստիպում է նրան զուսպ լինել։ Հավանաբար, նրան թվաց, թե ես մի տեսակ նայեցի ուղեկցուհուն։
Գնացքը նորից շարժվեց։ Ուղեկցուհին նորից մտավ խցիկ, դրոշակը մանկական խաղալիքի նման գցեց սեղանին և նորից գործի անցավ։ Ես փորձեցի նրա հետ խոսքի բռնվել, բայց նա առաջվա պես ինձ չէր նկատում։ Մտածելով, թե պարկը որտեղ տեղավորի, նա ցրված նայեց ինձ, հանեց շախմատը և գրքեր ու լուռ խոթեց ձեռքս։ Դրանից հետո նորից զբաղվեց իր պարկով։ Այդ բոլորը կարծես երազ լիներ, և ես գուցե հավատայի, որ երազ է, եթե պարկը յուրաքանչյուր շարժումից պինդ լցված դափնետերևի հյութալի շրշյուն չարձակեր։
Կարծես վախենալով խախտել ինձ պարտադրված ռիթմը, ես չգիտես ինչու վերցրեցի և՛ գիրքը, և՛ շախմատը, չնայած շապիկից իսկ հասկացա, թե ինչ ձանձրալի գիրք է, իսկ շախմատ խաղալու համար մարդ չկար։
Մինչ այդ, վագոնում մի քանի սպաներ էի նկատել կանանց և երեխաների հետ, բայց մի տեսակ անհարմար էր ծանոթանալ, և հետո, ես շախմատի սիրահար չէի։
Կողքիս խցիկի պատուհանի մոտ մի փոքրամարմին ծերուկ էր կանգնել և, պատուհանից դուրս նայելով, մտախոհ ծխում էր։ Ես մտածեցի, որ ծերուկը ժոկեյի նման է, չնայած երբեք մոտիկից չէի տեսել, առավել ևս` ծեր ժոկեյ։
Շախմատային ֆիգուրների չխկչխկոցը լսելով, ծերունին շուռ եկավ, նայեց ինձ և հայացքով առաջարկեց խաղալ։ Ես գլխով համաձայնության նշան արի, և մտանք իմ խցիկը: Ծերուկը այնքան պստիկ էր, որ երբ կողքովս անցավ, ես կարողացա վերևից նրա կեպիին նայել։ Գլխարկի լայնարձակ տարածությունը արևի տակ կարգին վառվել էր, բայց շախմատային սպիտակ և շագանակագույն բծերը պահպանվել էին։
Շատ տարօրինակ է այս բալորը, մտածում էի ես, ինչու հատկապես այս ծերուկը պիտի առաջարկեր ինձ շախմատ խաղալ։
Նստեցինք իրար դեմ և սկսեցինք ֆիգուրները շարել։ Ծերուկը սպիտակները վերցրեց։
Ես դեմ չէի, որովհետև իմ շախմատային վարպետությունը անզգա էր այդպիսի աննշան առավելությունների նկատմամբ։
Հենց որ ֆիգուրները շարեցինք, ծերունին տախտակի վրայից սև և սպիտակ զինվորներ վերցրեց, ձեռքերը տարավ մեջքի ետևը և աչքերը ցած գցած, շրթունքները հազիվ շարժելով, սկսեց խառնել։
Երբեմն բարձրացնում էր շատ աշխույժ, երկնագույն աչքերը բրոնզագույն, արևից վառված դեմքի վրա։
Վերջապես, նա բռունցքները զգուշությամբ դրեց սեղանին, աշխատելով անթարթ նայել աչքերիս մեջ։ Ծերուկի բռունցքները մեծ էին, շագանակագույն, նրանցից մեկը մի փոքր առաջ էր ընկել դեպի իմ կողմը։ Ես ընտրեցի մյուսը, որը հետ էր պահել։ Ծերուկը դժկամությամբ բացեց բռունցքը, սպիտակ զինվորը այնտեղ էր։ Ծերուկը վեր կացավ, որպեսզի իր տեղը զիջի ինձ, բայց ես տախտակը դարձրի, և նա նորից նստեց։
— Որ տեղացի՞ եք,— առաջին քայլերից հետո հարցրեց նա և նայեց աչքերիս մեջ։ Ես ասացի, որ Սուխումիից եմ, չնայած այժմ ապրում եմ Մոսկվայում։
— Սուխումը լավ է, բայց Մոսկվան էլ լավ է,— հաշտվողական տոնով ասաց ծերուկը և անսպասելիորեն կեպին հանեց, կարծես ուզում էր իր այցելության պաշտոնական մասը կրճատել հօգուտ ավելի մտերմիկ մթնոլորտի։
Նա թեթևորեն վեր ցատկեր և կեպին կախեց դռան վրայի կախիչից։ Մի պահ մնաց հայելու առջև և գլուխը մի քիչ ետ գցելով, հպարտ տեսքով, ադամախնձորը շոշափեց։
Ծերուկը նստեց, և մենք շարունակեցինք խաղը: Կարճ խուզած, սպիտակ և գանգուր մազերը սազում էին նրա բրոնզագույն դեմքին և երկնագույն աչքերին։ Ես մտածեցի, որ առանց կեպիի ավելի լավ տեսք ունի և իզուր տեղն է այդ գլխարկը անընդհատ քաշում գլխին։ Հենց որ մտածեցի այդ մասին, ծերուկը հետաքրքրասիրությամբ նայեց իր կեպիին, կարծես ուզում էր իմանալ, թե գլխարկը անծանոթ պայմաններում իրեն լա՞վ է պահում, թե` ոչ։ Կեպին էլ իր լավ երևացող վանդակներով կարծես ժոկեյների կամ շախմատի սիրահարների ակումբի խորհրդանշանը լիներ։
Ծերուկը սպիտակ շապիկ և լայն, հնամաշ բաճկոն էր հագել։ Թվում էր, թե բաճկոնը այնքան վաղուց էր հագին, որ ծերուկը հասցրել էր արդեն փոքրանալ:
Մեր անիմաստ խաղի ժամանակ ես նկատեցի, որ երբ վագոնի ծայրում որևէ մեկը դուռ է փակում, ծերուկը քարացած ականջ է դնում և չի հանգստանում, մինչև որ քայլերը չհեռանան վագոնի մյուս ծայրը։
— Մի քիչ հուզվում եմ,— բացատրեց նա, նեղված ժպիտով, կարծես զգում էր, որ ես նկատել եմ իր տագնապը։
— Ինչո՞ւ,— հարցրի ևս։
— Մի քիչ տանձ եմ տանում,— ասաց նա։
— Խոսքի բռնվեցինք։ Պարզվեց, որ ծերուկը ոչ լրիվ միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ է։ Հիմա թոշակի է անցել և այս տարի որոշել է առևտրով զբաղվել։ Հարցրեց, թե Մոսկվայում տանձի կիլոգրամը ի՞նչ արժե։ Ասացի, որ մոտավորապես ութսուն կոպեկ։ Ծերուկը մտածմունքի մեջ ընկավ։ Հարցրի, թե ինչքան տանձ ունի։
— Երկու հարյուր կիլո կլինի,— հաստատուն ասաց նա։
— Տանձը քո՞նն է,— հարցրի ես:
— Գյուղում եմ գնել,— պատասխանեց նա։
Ես հաշվեցի ճանապարհի ծախսը, տանձը ծախելու վրա կորցնելիք ժամանակը (կարելի է ենթադրել, որ նա հազիվ թե կապված լիներ մեծածախ ֆիրմաների հետ), և պարզվեց, որ նա ոչ մի շահույթ չի ստանալու այդ ձեռնարկությունից։ Թերևս, գուցե, հիսուն-վաթսուն ռուբլի։ Ոչ ավելի։ Երբ ես նրան ասացի այդ մասին, ծերուկը գլխով համաձայնության նշան արեց և ժպտաց իր պայծառ աչքերով։
— Բա էլ ինչո՞ւ,— հարցրի։
— Առևտուր է,— ասաց նա և ուսերը թոթվեց։ Մի քիչ մտածելով, ավելացրեց։— Տան խիզանի համար կոֆտա-մոֆտա, կոշիկ-մոշիկ…
Եթե նա նույնիսկ գյուղական նախկին ուսուցիչ է (դրանք հաճախ իրենց քաղաքաբնակ մարդ են ներկայացնում այնտեղ, որտեղ իրենց ճանաչող չկա), միևնույնն է, մտածեցի, չնչին եկամուտ ունի։
Հանկարծ ծերուկը ինչ-որ բան հիշեց և սկսեց եռանդագին պրպտել գրպանները, այնտեղից հանելով թաշկինակներ, դեղատոմսեր) գրպանի դանակ, մեղեսիկ, ակնոցի պատյան և մանր դրամի քսակ։
Ի վերջո գտավ որոնած թուղթը և ինձ մեկնեց: Հասցե էր, ինչ-որ նրբանցք՝ Կոլտնտեսային հրապարակի մոտերքում։
— Էս որտե՞ղ ա, գիտե՞ս,— հարցրեց նա, մի քիչ սպասելով, որպեսզի ես ըմբռնեմ գրվածի իմաստը։
— Գիտեմ,— ասացի,— հեռու չի։ Տաքսիով կգնաք։
Ծերուկը գլխով արեց և սկսեց գրպանները խոթել հանած իրերը։ Բայց հանկարծ հիշելով, թե որքան է փնտրել հասցեի թուղթը, նորից հանեց։ Նա ձեռքը տարավ ներսի գրպանը, որը հավանաբար պիջակի Գլխավոր Գրպանն է և աշխատելով առանձնապես լայն չբացել, հանեց գնդասեղը, հասցեի թուղթը դրեց այդ գրպանը և սկսեց գնդասեղով ամրացնել, ձգտելով խլացնել թղթադրամի խշխշոցը կամ ծայրահեղ դեպքում` աննշան իմաստ հաղորդել այդ խշխշոցին։ Վերջապես նա գնդասեղն ամրացրեց և կրկին թեքվեց շախմատի տախտակի վրա։ Մի րոպե անց ծերուկը բարձրացրեց գլուխը և հարցրեց.
— Տաքսին ինչքա՞ն կվերցնի։
— Մի ռուբլուց պակաս,— ասացի։
— Պակաս,— կրկնեց ծերուկը և գլխով համաձայնության նշան արեց։
Մենք կրկին խորացանք շախմատի մեջ։ Ծերուկը երկար մտածեց իր հերթական քայլի վրա, խաղաց և գլուխը բարձրացնելով, կրկին հարցրեց.
— Մի ութսուն կոպեկ կվերցնի՞։
— Այո,— ասացի ես։
Մենք երկուսս էլ ՝գրեթե նույն մակարդակով էինք խաղում: Խաղի վերջում, երբ տախտակի վրա շախմատային ֆիգուրները բավականին նոսրացել էին, մենք հանկարծ երկուսով միաժամանակ նկատեցինք, որ իմ նավակը վաղուց արդեն կանգնած է հարվածի տակ, թեև ինչ-ինչ պատճառով, ոչ ոք այն չի վերցնում։ Իր խաղն էր, երբ մենք երկուսս էլ այդ նկատեցինք։
Ես զգացի, որ ծերուկս հուզվեց. նա մեկ տախտակին էր նայում, մեկ ուսերը բարձրացնում, աշխատելով կռահել իմ միտքը։ Մեկ-մեկ ձեռքը մեկնում էր իմ նավակին, բայց էլի ետ քաշում և պայծառ աչքերը դեմքիս հառելով, փորձում հասկանալ` աչքիցս վրիպե՞լ է այդ ֆիգուրր, թե դրանով հեռուն գնացող նպատակ եմ հետապնդում։ Ես լուռ էի, ձգտում էի մնալ անթափանց։
Վերջապես, նա չդիմացավ և ծխախոտից դեղնած եղունգով թխկթխկացնելով նավակիս աշտարակը, հարցական հայացքով ինձ նայեց։ Ես ձեռքերս տարածեցի, ցույց տալով, որ ոչինչ չես անի, վրիպել եմ:
Ծերուկի դեմքը լուսավորվեց, ժպտաց և գլուխը տմբտմբացրեց այն իմաստով, թե ոչինչ, մի առանձին սարսափելի բան չի, բոլորի հետ էլ կպատահի, դե մենք էլ, փառք աստծո, յուրայիններ ենք, գազաններ հո շենք։ Ես փորձեցի առարկել, բայց ծերուկը աներեր էր։
— Չեմ կորող,— ասաց նա և իր փիղը շտապ տեղափոխեց սպառնացող գծից։
Ծերուկի քայլը թեև ազնվություն հաղորդեց խաղին, բայց չկարողացավ արագացնել նրա ալարկոտ, դանդաղ ընթացքը։ Որոշ ժամանակ անց ծերուկը հարցրեց, խցիկում ես մենա՞կ եմ, թեև առանց այդ էլ պարզ երևում էր, որ մենակ եմ։ Ես ասացի, որ ինձնից բացի ուրիշ ուղևոր չկա։ Ծերուկը մի քիչ լուռ մտածելուց հետո հարցրեց, թե չի կարող, արդյոք, իր ճամպրուկներից մեկը տեղափոխել իմ խցիկը։
— Ինչո՞ւ, — հարցրի։
— Տեսչություն, ստուգում,— ասաց նա, մեղավոր ժպտալով,— երեք ճամպրուկ ունեմ։ Երկուսին կհավատան, թե բարեկամիս համար եմ տանում, բայց երեքին չեն հավատա։
-— Իսկ եթե ինձ հարցնե՞ն,— ասացի ես։
— Ասա` ինչ-որ մեկը թողել գնացել է,— իսկույն պատասխանեց ծերուկը։ Երևում էր` այդ հարցը նա լավ էր նախապատրաստել։
— Էհ, այդ դեպքում նրանք կարող են ճամպրուկդ վերցնել,— ասացի ես։
— Ոչինչ։ Առևտուր է, ռիսկ,— ձեռքերը տարածեց նա, ցույց տալով, որ մեծ խաղում այդպիսի բաներ էլ են թույլատրվում։
— Բերեք,— չգիտեմ ինչու խիստ ասացի ես։
Ծերուկը աշխուժորեն ցատկեց տեղից, դուռը բացեց, աչք ածեց շուրջը և ներս ծլկեց իր խցիկը։ Մի քանի րոպե անց նա հայտնվեց դռների մեջ, նրա ոտների մոտ մի հսկայական սնդուկատիպ ճամպրուկ կար: Ես օգնեցի նրան, և մենք ճամպրուկը դժվարությամբ տեղավորեցինք իմ մահճակալի տակ։
Մենք կրկին նստեցինք շախմատ խաղալու, բայց այժմ խաղում էինք ոչ միայն ծուլորեն, այլև այնքան քաղաքավարի, որ ոչ-ոքին կանխորոշված էր։ Ես նրան առաջարկեցի խաղալ երկրորդ անգամ, բայց ծերուկը անսպասելիորեն արագ շրջեց նավակը, ինչպես բաժակն են շրջում, երբ ուզում են ասել թե այլևս թեյ չեն ցանկանում։ ընդսմին նա գլուխը օրորեց` ոչ առանց զզվանքի։ Երևում էր` այդ բոլորը նրան մահու չափ ձանձրացրել էր, իսկ գուցե և նա պարզապես հոգնել էր:
Կիսաքուն ուղեկցուհին բացեց դուռը և լուռ կանգնեց` սկուտեղի վրա շարած գոլորշի արձակող թեյի բաժակները ձեռքին։ Ծերուկը տիրաբար մատով կանչեց նրան, սկուտեղից վերցրեց չորս բաժակ։ Ես փորձեցի վճարել, բայց նա, աչքերը ահասարսուռ չռելով, կասեցրեց իմ փորձը։ Հանեց դրամապանակը և դժվարությամբ գտավ մի կեսռուբլիանոց ու այնպիսի հանդիսավոր շարժումով դրեց սկուտեղին, ասես դրածը ոսկե տասնոց էր։
— Մանրը պետք չէ,— ասաց նա և ձեռքի շահնշահական շարժումով այնպես արձակեց ուղեկցուհուն, ասես թե ուզում էր ականջները պաշտպանել երախտագիտության խոսքերի հոսանքից։
Մենք թեյ էինք խմում և զրուցում եղանակից, մեր հանրապետությունում այդ տարի սպասվող բերքից։
Ըստ մեր դիտումների` ամառը խիստ անձրևային է, որից խաղողը վնասվել է, բայց դրա փոխարեն թեյը չտեսնված բերք է տվել։ Եղանակի դիալեկտիկական կամակորություններից փոքր-ինչ զրուցելուց հետո, մենք` ես ու իմ սիրալիր հայրենակիցը, վերջապես, բաժանվեցինք։ Ինձ բարի գիշեր ու հաճելի երազներ մաղթելով, նա ոտքի ելավ, խորհրդանշական հայացք ձգեց մահճակալի վրա, որի տակ գտնվում էր իր ճամպրուկը, գլխարկր դրեց և դուրս եկավ։
Երբ արդեն պառկել էի, ես կրկին տեսա օդափոխիչ վանդակապատը և մտածեցի, որ դա այժմ միանգամայն արդեն անհնար կլինի, քանի որ ես կարող եմ անհարմար վիճակի մեջ դնել ոչ միայն ուղեկցուհուն, այլև այդ ծերուկին` իր ճամպրուկով ու շախմատային գլխարկով հանդերձ։ Բացի այդ, տրամադրությունս բավականաչափ բացվել էր, թեև դեռ լիովին չէր ընկել հունի մեջ։
Ես մարեցի լույսը և աչքերս փակեցի։

***
Ամբողջ հաջորդ օրը ծերուկը զբաղված էր զինծառայողների երեխաներով։ Միջանցքի պատուհանի մոտ կանգնած, ինչպես դիտողական պարագաների ցուցափեղկի առջև, նա երկար-բարակ ինչ-որ բան էր պատմում երեխաներին։ Ինձ նկատելով, նա լռում էր և հեռվից հեռու, իր երկար հովհարի տակից նայում աչքերիս, ինձ հիշեցնելով մեր ընդհանուր գաղտնիքը և փորձելով հեռվից որոշել, թե չեմ փոխե՞լ արդյոք վերաբերմունքս իր նկատմամբ։
Սկզբում ես, մեղքս ինչ թաքցնեմ, կարծում էի, թե երեխաների հետ նա այդպես երկար-բարակ գլուխ է դնում, որպեսզի, այսպես ասած, բանակը իր կողմը գրավի, եթե բան է, հանկարծ տեսչության դեպքում բարդություններ ստեղծվեն։ Բայց հետո ես հասկացա, որ դա պարզապես ոչ լրիվ միջնակարգ դպրոցի ուսուցչի անշահախնդիր կրքի արտահայտություն է։ Հետո` երեխաներն էլ այդպիսի բաները արագ ու անսխալ են զգում և, ինչպես նկատեցի, նրանք ծերուկին ակնածանքով էին ունկնդրում։
Ինչպես ասացի, ինձ տեսնելուց լռում էր, բայց այնուամենայնիվ մի անգամ հաջողացրի աննկատ մոտենալ, կանգ առնել հարևան պատուհանի մոտ և ականջ դնել, թե նա ինչ է խոսում։
Ծերուկը երեխաներին բացատրում էր փետրավոր և կուտակ ամպերի տարբերությունը։ Ես ականջ դրի, բայց այդպես էլ չհասկացա, թե որն է դրանց տարբերությունը։
Պատուհանից դենը երևում ու անցնում էին մերկ, տխուր դաշտեր, մերկ, թրջված ծառեր, որոնց չոր ճյուղերին նստած էին կաչաղակներ` քամուց մի կողմ թեքված պոչերով։
Ես մի քիչ էլ կանգնած մնացի պատուհանի մոտ, ձանձրույթը պատեց ինձ, և գնացի ռեստորան, ճաշելու։

***
Ռեստորանը լեփ-լեցուն էր։ Որոշ ժամանակ սեղանների արանքում կանգնած` ես տեղ էի որոնում և շնչում խոհանոցային անորոշ թթվահոտը։ Վերջապես ծխախոտի ծխի աղջամուղջի մեջ ես մի կիսադատարկ սեղան գտա և մոտեցա։
Սեղանի շուրջը նստած էին երկու հոգի։ Ես միացա նրանց, վերցրի ճաշաքարտը և գլուխս նոր էի բարձրացրել, տեսնեմ` հարևան սեղանի մոտ մատուցողուհին պատվեր է ընդունում։
Մեր հայացքները հանդիպեցին, և նա շտապ աչքերը խոնարհեց, որից ես հասկացա, որ նա մեր մատուցողուհին է։
— Մե՞րն է,— այնուամենայնիվ, հայացքով հարցրի դիմացս նստած մարդուց։
նա աննկատելիորեն մի շեղ հայացք ձգեց իմ գլխով ցույց տված կողմը, և իրեն չմատնելով, լավ դետեկտիվի նման, միայն աչքերով, դրական պատասխան տվեց։
Ես խշխշացրի թղթե ճաշաքարտը, ուշադրություն գրավելու համար։ Ճաշաքարտի բարակ թղթի արձակած ձայնը ինձ անհույս թվաց։ Այնուամենայնիվ մատուցողուհին զգուշավոր հայացք ձգեց։ Դա շատ կարևոր պահ էր, չէր կարելի ձեռքից գցել։
Ես տեղումս անշարժացա, նրան նայելով ռուսաստանյան հաճախորդի` իր մեղքը նախօրոք գիտակցող մշտնջենական հայացքով։
— Քանի դեռ ճաշաքարտը չեք նայել, պետք չէ խշխշացնել,— հայացքով պատասխանեց նա ինձ, աչքը գցելով ճաշաքարտի թղթի վրա, որը սակավարյուն էակի պես թոռոմած, կախվել էր ձեռքիս։
Մատուցողուհին վճռականորեն անձեռոցիկի գրպանը դրեց իր քարտագրքույկը և պատրաստվում էր հեռանալ, բայց տեղումս ցնցվեցի, նրան թույլ չտալով վերջնականապես հեռանալ։ Ես մի կողմ նետեցի ճաշաքարտը, ցույց տալով, թե արհամարում եմ ճաշատեսակների ընտրություն կատարելու բուն գաղափարը, կամավոր կերպով ապավինում եմ նրա ճաշակին, դրանով իսկ ակնարկելով այդ ճաշակի ընդհանուր հավանության արժանացած հուսալիությունը։
— Դատարկ բաներ եք ասում, հայացքով պատասխանեց նա,— ոչ մի գործ չունեմ ձեր այդ կամավորության ու ընդհանուրի հավանության հետ…
Մատուցողուհին զայրալից հեռացավ, իր քայլվածքով ասես հերքելով շրջապատի չարտահայտված էրոտիկ ակնարկները։ Իմ սեղանակիցը, նա, ով ինձ դրական պատասխան էր տվել, այժմ ինձ նայում էր կշտամբանքով, ասես ինչ-որ ժամանակ ես չեմ ընդունել նրա օգտակար խորհուրդը (գուցե, վագոն-ռեստորանը պայթեցնե՞մ) և հիմա ահա պատժվում եմ դրա համար։
Ես թոթվեցի ուսերս, հասկացնելով, որ ցավում եմ վրիպումիս համար և սկսեցի տնտղել ճաշաքարտը։ Ես չէի ուզում նրա հետ գլուխ դնել, որովհետև երևում էր` խմած է և դեռ էլի է ուզում խմել։ Նրա ընկերը` իմ կողքին նստած ֆլեգմատիկ մի լոնդի, արդեն քթով կտցահարում էր սեղանը։ Իսկ նա, ընդհակառակը, լի էր ալկոհոլային եռանդով և մերթ ընդ մերթ ինձ շամփրում էր իր սուր աչքերով, հրավիրելով զրույցի։ Սեղանին, իմ ու նրա միջև դրված էր մի սրվակ, որի հատակին թեթևակի ծփում էր մի քիչ օղի, որը, ինչպես ինձ թվաց, գիտակցաբար թողնված էր որպես էսթետիկական խայծ։
Ժամանակը ձանձրալիորեն դանդաղ էր ընթանում։ Մատուցողուհին երկու անգամ հայտնվեց մեր հարևան սեղանների մոտ, բայց ինձ վրա նա արդեն ուշադրություն չէր դարձնում։
Ի դեպ, հենց սկզբից, երբ ես մտա վագոն-ռեստորան, ես ինչ-որ անկայունություն զգացի, ինչ-որ տհաճ վտանգ` նրա ամբողջ օղի մեջ։
Այդպիսի զգացում քեզ համակում է, երբ մթության մեջ քայլում ես թփուտներով. ահա-ահա ճյուղը կմտրակի աչքերդ։ Կամ` երբ քո կողքին, որևէ մեկը անսովոր շարժումներով երկար ու ձիգ բացում է շամպայնի շիշը, հիմա ուր որ է այդ ապուշը կպայթեցնի կամ փրփուրը կթափի շորերիդ։
Այժմ ես հասկացա անհանգստությանս պատճառը. այն պարզ ու հասարակ մի բան էր։ Մեր սեղանի մոտ ես նկատեցի առաստաղից կախված մի ծաղկաման, որի ափերից թափվում էր ինչ-որ բույսի փրփրադեզ կանաչ գանգուրը։ Ծաղկամանը կախված էր մի բարակ թելից, որի ամրությունը ոչ մի վստահություն չէր ներշնչում։ Այն օրորվում էր և մոլեգնորեն ճոճվում` գնացքին համընթաց, ինչպես բուսակերական ինչ-որ բազմաճյուղ կանթեղ։
Ես աշխատում էի չնայել նրան, բայց աչքերս կողային տեսողությամբ որսում էին նրա անմիտ ճոճումները, ակամայից առաջացնելով նրա ապագա անկման հետագիծը որոշելու եսասիրական ցանկություն։ Ես աչքերս գցեցի առաստաղին և տեսա ևս կես դյուժին ծաղկամաններ, որոնք կանաչ գանգուր գլխարկները ծուռ դրած, կտրիճորեն պարում էին օդում: Ես հասկացա, որ Շամիրամի այդ կախված այգին միայն ինձ չէր սպառնում և մի քիչ հանգստացա։
Մատուցողուհին նորից հայտնվեց մեր սեղանի մոտակայքում, բայց այժմ ես որոշեցի սպասել մինչև նա ինքը մոտենա։ Անսպասելիորեն նա լեզվակռվի բռնվեց հարևան սեղանի շուրջը նստածներից մեկի հետ, և դա ինձ օգնեց արագացնելու պատվերը:
Լեզվակռվից պարզվեց, որ նա պատվիրված կոնյակի փոխարեն բերել էր երեք հարյուր գրամ գինի, որը ճիշտ կոնյակի գույնի էր։
Կոնյակ սիրողը, որ սկզբում մոլորության մեջ էր ընկել գինու կոնյակի գույնից, մի բաժակ խմել է և իսկույն կռահելով սխալը, սկսել է պահանջել իր օրինական կոնյակը։ Մատուցողուհին շարունակել է պնդել, թե նա հենց գինի է պատվիրել և ոչ թե կոնյակ:
Բայց կոնյակ սիրողին հաջողվեց, վերջապես, ապացուցել, որ ինքը կոնյակ է պատվիրել այն ծանրակշիռ փաստարկի հիման վրա, որ ինքը մենակ չի ռեստորան եկել, այլ տիկնոջ հետ, և կոնյակից բացի, պատվիրել է նաև շամպայն։ Դրան հետևեց ձեռքի վկայակոչող մի շարժում` սեղանի վրայով, և նրա դիմացը նստած կինը շտապեց գլխով անել, հաստատելով, որ ինքը կին է և խոսքը հենց իր մասին է։
Կոնյակ սիրողը վկայակոչեց գինու և շամպայնի անհամատեղությունը և ժխտեց այն, որպես արյան խմբի անալիզով չհաստատված կեղծ հայրություն։
Մատուցողուհին շփոթվեց և հանձնվեց։ Հենց այստեղ էլ ինձ հաջողվեց նրա վզին փաթաթել իմ պատվերը, քանի որ իրար վրա երկու դատ վարել նա չէր կարող։
Ես պատվիրեցի կես բաժին սոլյանկա, խորոված, բորժոմ և սուրճ։ Նա լուռ ընդունեց պատվերը, թեև հետո որպես փոքրիկ վրեժ, բորժոմի փոխարեն սմիռնովյան ջուր բերեց։ Ես ձևացրի, թե չեմ նկատում նրա շինծու սխալը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա վրեժը։
Պատվեր տալիս ես նկատեցի, ավելի ճիշտ` զգացի, որ իմ դիմաց նստած մարդը ուշադրությունից կամ լարվածությունից մի տեսակ ձգվել է, բայց նշանակություն չտվի դրան։ Երբ մատուցողուհին հեռացավ, ես նայեցի դիմացս նստածին և հանկարծ հասկացա, որ սպիրտային խմիչք չպատվիրելով ես բարդացրել եմ սեղանի շուրջը իմ գոյությունը։ Այժմ նա ինձ ոչ միայն աչքերով չէր հրավիրում զրույցի, այլ ընդհանրապես չէր նկատում ինձ, որը, չգիտեմ ինչու, վիրավորական էր։
Սոլյանկայից հետո սպասելով խորովածին, ես սկսեցի ականջ դնել սեղանի շուրջը ընթացող խոսակցությանս, որպեսզի անհրաժեշտ տեղում սկսեմ մասնակցել զրույցին և ինչ-որ կերպ ինձ արդարացնեմ իմ վիրավորական ճաշի համար։ Համենայն դեպս, աղոտ կերպով զգում էի, որ մեղավոր եմ։
Խոսում էր, իհարկե, իմ դիմաց նստածը։ Նրա ցածր, բայց համառ ձայնը մեկ-մեկ կորչում էր վագոն-ռեստորանի աղմուկի և հանդիպակաց գնացքների դղրդյունի մեջ։ Ես լարեցի լսողությունս:
Գնալով ավելի գրգռվելով, նա ասում էր, թե Տաշքենղը այնպես չեն կառուցում, ինչպես պետք է և այնտեղ չեն կառուցում, որտեղ պետք է, ու թեկուզ ինքը, իր խոսքերով ասած, գրանցված է Արմավիրում, այսուհանդերձ, դա տհաճ է իր համար։ Նրա խոսքերից հետևում էր, թե Տաշքենդր պետք է կառուցեին քաղաքից հարյուր կիլոմետր այն կողմ, և ոչ թե ավելի մոտ, ինչպես հիմա են կառուցում։
Պատմողը, չնայած իր արմավիրյան գրանցմանը, իր խոսքերի մեջ ներդնում էր ինչ-որ անձնական վիրավորանք, ասես որևէ մեկը իրար հետևից հերքել էր նոր քաղաքի շինարարության նրա բոլոր խելացի նախագծերը։ Դա դեռ քիչ է` որ հերքել են նրա բոլոր խելացի նախագծերը, հերքել էին նաև ճապոնական մասնագետների եզրակացությունը, իսկ ճապոնացիները ինչ-ինչ, բայց երկրաշարժից լավ են գլուխ հանում։
— Իսկ մերոնք` ի՞նչ,— քնկոտ հարցնում էր նրա ֆլեգմատիկ զրուցակիցը։
— Իսկ մերոնք ասում են` դա մեր երկրաշարժն է, և մենք կկառուցենք մեր իմացածի պես,— բացատրեց նա և անսպասելիորեն ավելացրեց,— տեղական վոլյունտարիզմ է…
— Իսկ ճապոնացիները` ի՞նչ։
— Իսկ ճապոնացիներն ասում են` ձեր երկրաշարժը ձեր ներքին գործն է, բայց եթե դուք կառուցեք այդտեղ, մենք ձեզ, փաստորեն այդպիսի ստորագրություն չենք կարող տալ։
— Իսկ մերոնք` ի՞նչ։
— Իսկ մերոնք ասում են` լավ։ Դուք մեզ ստորագրություն մի տվեք, բայց երաշխաթուղթ տվեք, որովհետև մենք, միևնույն է, փաստորեն կառուցելու ենք մեր իմացածի պես։
— Իսկ ճապոնացիները` ի՞նչ։
— Իսկ ճապոնացիները…
— Իսկ մերոնք` ի՞նչ։
— Իսկ մերոնք…
Այստեղ ես անսպասելիորեն խառնվեցի զրրույցին: Ես ասացի, որ անձամբ եղել եմ Տաշքենդում և ամեն ինչ տեսել եմ իմ սեփական աչքերով։ Ես ասացի, որ քաղաքը այնքան էլ վատ չի, ինչպես այդ թվում է հեռվից, և նույնիսկ իսկի էլ վատ չէ։ Իրականում դա հենց այդպես էր: Արմավիրցին ինձ լսում էր կկոցած աչքերի բազմանշանակ հայացքով, ասես նախօրոք իմանալով, թե ինչ եմ ասելու, քանի որ այդ բոլորը նա բազմիցս արդեն լսել է և բազմիցս հերքել:
Գուցե նրա հայացքի այդ արտահայտությունն էր հենց պատճառը, որ ես հանկարծ շեղվեցի քաղաքից ստացած ընդհանուր տպավորություններս պատմելուց և ասացի, թե այնտեղ գտնվելու ժամանակ վեցուկես բալի հասնող ցնցում է եղել, բայց ես նույնիսկ չեմ զգացել։ Դա կոպիտ սխալ էր։ Արմավիրցին նկատելիորեն աշխուժացավ։
Հատկապես զզվելի էր, որ ես դա ասացի` բացատրելու ոչ միայն այն, թե բոլոր ցնցումները չէ, որ վտանգավոր են, այլև պարծենալու համար իմ անզգայությամբ, որը պետք է դիտվեր որպես քաջության ամոթխած կեղծանուն։
Չէ՞ որ իրականում հենց այդպես էր։ Այն օրը ես Մոսկվա էի վերադառնում փորձարարական շինարարության մի խումբ խորհրդատուների հետ։ Ես նրանց հետ ծանոթացել էի հյուրանոցում, որտեղ իջևանել էի որպես գործուղված անձ։ Եվ քանի որ միայնակ գործուղման երկու շաբաթվա ընթացքում ես արդեն համակվել էի ղեկավարության կարոտով, ապա, բնականաբար, գոհունակությամբ միացա այդ տղերքի խմբին։
Մի ամբողջ շաբաթ մենք միասին շրջագայում էինք նորակառույցներում, վրան-քաղաքներում ու մանկական ճամբարներում։ Եվ ամենուրեք օգտակար խորհուրդներ էինք տալիս ինչպես շինարարության ղեկավարներին, այնպես էլ շարքային շինարարներին։ Եթե շարքային շինարարներին հավաքել չէր հաջողվում, ապա խմբի ղեկավարը չէր շփոթվում, սկսում էր խորհուրդներ տալ ռադիոյով, քանի որ այդպիսի նորակառույցները միշտ սեփական ռադիոհաղորդումներ ունեն։ Մի անգամ, այդ հաղորդումների ժամանակ, երբ շրջագայում էի նորակառույցը, տեսա, թե ինչպես մի տղա իր վրանի տակ նստած ռադիոկոնսուլտացիա է լսում և միաժամանակ բալալայկա նվագում։
Առավոտները մենք ամբողջ խմբով թափառում էինք հին շուկայում, համտեսում զանազան մրգեղեն, ուտում թզուկ-խորովածի ճիթեր, խմում կանաչ թեյ և այլ առույգացուցիչ խմիչքներ։
Ամբողջ խումբը կազմված էր շատ լավ, յուրային տղաներից, որոնք սիրում էին իրենց ղեկավարին, այդ բանը առանձնապես չթաքցնելով, և նրան սիրով անվանելով Գլավ. էքս ու քաղաքացիական խիզախության կրող։ Դա ցածրահասակ, թիկնեղ ու ամրակազմ մի մարդ էր, որը սովորաբար օրվա վերջին անասելի եռանդ էր դրսևորում։
Եվ ահա վերջին օրը։ Մենք եկել էինք օդանավակայան, մեզ ուղեկցում էին կոմերիտմիության քաղկոմի ակտիվիստները, որոնք նույնպես, իմ կարծիքով, փառավոր տղաներ են։ Նրանք շարունակ ջանացել են, որ մեզ ուրախ զգանք և հարմարավետ տեղավորվենք, որքան դա հնարավոր է մի քաղաքում, որին մերթ ընդ մերթ թափահարում են ստորգետնյա ուժերը։
Եվ ահա մենք, ուրեմն, եկել ենք օդանավակայան, և մեր տանտերերը նույն հյուրընկալությամբ ճանապարհում էին մեզ, վառ ծաղիկներ նվիրում և ի լրումն յուրաքանչյուրիս մի տյուբետեյկա (թասակ)։ Լավ կլիներ թաքցնեի այդ թասակը, բայց ես արդեն, գուցե անգիտակցորեն, ընդօրինակել էի Գլավ. էքսին, որը տեղն ու տեղը թասակը դրել էր գլխին։
Եվ ահա ուղեկցողները, որպես վերջին տնօրեն մեզ մոտ թողնելով մի պատանի կոմերիտականի, մեկնում են քաղաք։ Մենք մոտենում ենք տոմսարկղին, որտեղ մեզ համար տոմսեր էր պատվիրված, և պարզում, որ մեր տոմսերը այդ երթուղու համար չեն։ Մեր ինքնաթիռը Մոսկվա էր մեկնելու մի քանի ժամ ավելի ուշ և թռչելու էր ավելի երկար ուղիով, որը անձամբ ինձ ամենևին չէր հուզում:
Բայց Գլավ. էքսը, որին ես սկսել էի սիրել որպես քաղաքացիական խիզախության կրողի, չգիտես ինչու մոլեգներ և սկսեց զայրալից հանդիմանել պատանի կոմերիտականին, որին ժամանակին հանձնարարված է եղել տոմս պատվիրելու գործը։ Նա պնդում էր, թե մի քանի ժամ ուշանալով ինքը ձախողում է իր զեկուցումը` պետական հանձնաժողովի անդամների առջև, և պատանի կոմերիտականին չարախնդորեն հարցնում էր` այդպիսի ուշացումից հետո ինքը ի՞նչ պիտի ասի հանձնաժողովի անդամներին։ Պատանի կոմերիտականը, հասկանալի է, չգիտեր, թե նա ինչ պիտի ասի հանձնաժողովի անդամներին, և դա ավելի էր կատաղեցնում Գլավ. էքսին։ Այս ամենը բավականին անհեթեթ ու ամոթալի էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ընդամենը մի քանի րոպե առաջ էինք հրաժեշտ տվել մեր բարեկամներին, հասցեներ փոխանակել, Մոսկվա հրավիրել նրանց, այդ թվում և, իհարկե, պատանի կոմերիտականին։
Բայց ամենագլխավորը այս դժբախտ թասակներն էին։
Իմ կարծիքով, ամոթ բան է` թասակներ նվեր ստանաս, դնես գլխիդ և տեղնուտեղը հայհոյանքով վրա պրծնես մի մարդու, որը այս կամ այն կերպ կապ ունի թասակ նվիրողների հետ։
Չգիտեմ, այստեղ իմ լեռնցու դաստիարակությո՞ւնն էր խոսում, թե՞ այդ դեպքը իրոք ամոթալի էր, բայց բոլոր դեպքերում էլ ես ինձ շատ վատ էի զգում։
Ես կարծում եմ` երկուսից մեկը, կամ դու մարդկանց հետ հաղորդակցվելով, չպետք է գործն այնտեղ հասցնես, որ քեզ թասակ նվիրեն և դրանով իսկ մաքուր պահես սկանդալ սարքելու քո իրավունքը, կամ պետք է վերցնես քեզ նվիրված թասակը և դրանով իսկ կամովին հրաժարվես սկանդալի քո իրավունքից, մանավանդ, երբ այդ նվիրված թասակը տեղնուտեղը դրել ես գլխիդ։
Այլ կերպ հասկացությունները իրար են խառնվում և ստացվում է բարոյական պատկերացումների անմիտ ու անօգուտ խառնաշփոթ։
Հենց այդպես էլ ստացվեց։ Պատանի տնօրե լսում էր այդ անվայել հայհոյանքները, մեկ-մեկ իր մոլոր հայացքը գցում նրա թասակին և, հավանաբար, չէր կարողանում մի միասնական ներդաշնակության մեջ միացնել Գլավ. էքսի կատաղությունն ու նրա գլխին բազմած թասակի խաղաղասիրական վրանը։
Վերջ ի վերջո մեր տնօրենը գնաց փոխելու մեր տոմսերը, և մենք քաշվեցինք օդանավակայանի շենքի ստվերը։ Հենց որ նա գնաց, ես աննկատ առ ի դեպ հանեցի թասակս ու գրպանս գրի։
Գլավ. էքսի կողմից բարոյապես ընկճված մեր տնօրենի հետագա գործողությունները անպատեհ էին ու տարօրինակ։
Որոշ ժամանակ անց նա բերկրալից, վազեվազ մոտեցավ մեզ և բավականին անփութորեն խլելով մեզնից մեկի ծաղկեփունջը, ասաց, թե ուզում է նվիրել մի կնոջ, որը ամեն ինչ կդասավորի։ Այս խոսքերով նա նորից վազեց դեպի օդանավակայանի շենքը։ Մենք բոլորս, իհարկե, ուրախացանք, իսկ Գլավ. էքսը նույնիսկ մի քիչ շփոթվեց և քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով շեղ հայացք ձգեց երկնքին, ասես թե ցանկանալով իր ջղային վիճակը մասամբ բացատրել խելահեղ շոգով։ Նրա շփոթմունքը ինձ այնքան հուզեց, որ նույնիսկ չնկատեցի, թե ինչպես նորից թասակը դրի գլխիս։ Բայց ահա անցավ կես ժամ, մի ժամ, իսկ մեր պատանի տնօրենը չկա ու չկա։
Գլավ. էքսը թուջի նման մռայլվում է և ատելությամբ լցված աչքերը չի կտրում շենքի մուտքից։ Ես հենց նոր էի հանել թասակս ու գրպանս դրել, երբ լսեցի Գլավ. էքսի ձայնը։
— Այստեղ սպասեք, իսկ ես գնամ գտնեմ այդ շան լակոտին,— ահեղորեն պատվիրեց նա մեզ, կարծես զգալով, որ քայքայիչ բացիլը թափանցում է նաև մեր մեջ։ Այս խոսքերով նա արագ-արագ քայլեց դեպի օդանավակայանի ելքը։
Մի խոսքով, ամեն ինչ ավարտվեց էլ ավելի մեծ սկանդալով։ Պարզվեց, որ մեր պատանի տնօրենը օգտվելով դեպուտատների բացակայությունից, նրանց սենյակում նստած է եղել օդանավակայանի վարչության հետ ոչ մի կապ չունեցող, միանգամայն տրանզիտային ինչ-որ աղջկա հետ, ինչ որ բաներ է ղունղունացել նրա ականջին և վերջինս էլ ժպտացել է նրան, լկտիորեն կրծքին սեղմելով մեր ծաղիկները։ Նրանց հենց այդ վիճակում էլ գտել է մեր Գլավ. էքսը։
— Մենք նրան սպասում ենք, իսկ նա նստել, սիլի-բիլի է անում գեղեցիկ աղջկա հետ,— զայրույթից սպիտակած աչքերով մի գլուխ կրկնում էր նա։ Եվ հանկարծ, չգիտեմ ինչու, ես սկսեցի խղճալ նրան։ Ես հասկացա, որ նա ինքն էլ, երևի, շատ կցանկանար մի գեղեցիկ աղջկա հետ նստել թոչող դեպուտատների զովասուն սենյակում, և եթե չմոռանանք նաև, որ նա քաղաքացիական խիզախության կրող է, ամեն ինչ հասկանալի կդառնա ու մարդկային։ Իսկ եթե դրանց գումարենք և այն, որ Գլավ. էքսը Մոսկվա էր տանում մի մեծ քթոց աստվածային դեղձ` ձվից նոր դուրս եկած ճտերի պես դեղին ու նուրբ, ամեն ինչ է՛լ ավելի հասկանալի, է՛լ ավելի մարդկային կդառնա։
Կարճ ասած, հենց այդ իրարանցման ժամանակ էլ տեղի էր ունեցել ստորգետնյա ցնցումը, որը մեզնից ոչ ոք չէր նկատել։ Բայց ի՞նչ կարիք կար հիմա, վագոն-ռեստորանում, այս թերահավատ արմավիրցու անողորմ հայացքի տակ այս ամենը վերհիշել։ Ի՞նչ կարիք կար։

***
— Ինչ է, չեք հավատո՞ւմ,— հարցրի աշխուժացած արմավիրցուն, որպեսզի նրանից գոնե առարկություններ լսեի և մի կերպ դուրս գայի այն փակուղուց, որի մեջ ես ինքս ինձ դրել էի:
— Ի՞նչ կարիք կա վիճելու,— հաշտվողաբար ասաց նա, ինձ միջոց չտալով փակուղուց դուրս պրծնելու,— ես իմ ընկերոջը իմ իմացածն եմ պատմում, դու` քո իմացածը։
Ես լուռ գլուխս կախեցի խորովածիս վրա, որը վերջապես բերել էր մատուցողուհին։ Արմավիրցին շարունակում էր պերճախոսել, մերթ ընդ մերթ ձայնը բարձրացնելով այն ուսուցչի նման, որը այդպիսով իր սաների հետ պարապմունքը չդադարեցնելով, առանձին չարաճճի աշակերտին հասկացնել է տալիս, թե նկատում է նրա չարությունը և դատապարտում…
Տաշքենդի մասին իմ պատմածը ավելի վատթարացրեց տրամադրությունս և հասցրեց գրեթե այն մակարդակին, որով ես սկսել էի ճանապարհորդությունս։ Իմ անուժ կատաղությունը ելք էր փնտրում, և ես որոշեցի առաջիկա կայարանում իջնել, գարեջուր խմել։
Ես այդպես որոշեցի գուցե նաև այն պատճառով, որ դա միջին ռուսաստանյան քաղաքներից մեկի կայարանն էր, որտեղ ես մի ժամանակ աշխատում էի և հաճախ, գործուղումների ժամանակ, իսկ մեկ-մեկ էլ հենց այնպես` գործուղումներից անկախ, մտնում էի կայարանի բուֆետը, գարեջուր խմում։
Տեղեկացա, թե քանի րոպե է մեր գնացքը կանգնելու այստեղ և երբ մոտեցանք կայարանին, ցատկեցի կառամատույց։ Մանր անձրևի տակ ես վազելով հասա բուֆետին և ներս մտա։ Այստեղ փոքր հերթ կար գարեջրի համար։ Ես կանգնեցի պոչում և սկսեցի ականջ դնել կայարանային հաղորդավարի հաղորդումներին։
Մի րոպե անց իրար ետևից բուֆետ մտան մեր գնացքի ուղևորներից մի քանիսը։ Նրանցից մեկ-երկուսը աչք ածեցին ինձ, փորձելով հիշել, թե որտեղից են ճանաչում և ճանաչելով, բարկացած շրջվեցին այդ ավելորդ մտավոր ջանքերից դժգոհ, երբ ժամանակը առանց այդ էլ սուղ էր։
Նրանցից ոմանք նստում էին սարքած սեղանների մոտ, ոմանք էլ մոտենում էին ուղղակի վաճառասեղանին։ Ես զարմացա, որ հերթի կանգնածները չեն բողոքում և արդեն ինքս էի պատրաստվել բողոքելու, երբ աչքս ընկավ ցուցանակին, որը հայտարարում էր, թե գնացքի ուղևորները սպասարկվում են հերթից դուրս։
Քթիս տակ ինչ-որ մրթմրթալով, ես դուրս եկա հերթից և միացա իմ ուղեկիցներին։ Մեծ հերթի որոշ ներկայացուցիչներ թշնամական հայացք ձգեցին ինձ վրա, ասես ինձ մերկացնելով երկերեսանիության մեջ։
Երբ հերթն ինձ հասավ, բուֆետապանուհին նայեց երեսիս և գլուխն օրորեց։
— Ես գնացքից եմ,— ասացի, ինչ-որ անվստահություն զգալով։
— Դե, իհարկե,— ժպտաց նա,— առաջին անգամն եմ տեսնում։
— Ճիշտ եմ ասում,— ասացի, զգալով, որ ամեն ինչ կորած է,— ես հիմա այստեղ չեմ բնակվում, ես գնացքից եմ…
— Նա միայն գալիս է այստեղ գարեջուր խմելու,— խայթեց մեծ հերթից ինչ-որ մեկը։
— Իմ ինչ գործն է,— ձգեց բուֆետապանուհին ժպտալով և աչքով անելով,— ինչպես որ հերթը ասի։
— Ոչինչ, ոչինչ,— համաձայնեցի ես և արագ շրջվելով, դուրս եկա բուֆետից։
Ես ցատկեցի կառամատույց։ Այդ փոքրիկ անհաջողությունից արյունը խփել էր գլխիս և դեմքս վառվում էր։ Ես զգացի, որ մարմինս գնալով կորցնում է կշիռը, ավելի ճիշտ` լցվում է ուրախության թեթև, բեռաբարձ նյութով։ Թեթևակի ցատկելով հողից, ես թռա-մտա մեր վագոնի նախամուտքը։ Ես հասկացել էի, որ եթե բուֆետապանուհին տարիներ անց հիշել է ինձ և նույնիսկ չի նկատել իմ վերջին ու այս այցելության միջև ընկած ժամանակամիջոցը, ուրեմն այնքան էլ վատ չեն իմ գործերը և այնքան էլ անհետք չեն մնացել մարդկանց հետ մեր հարաբերությունները, ինչպես որ հաճախ մեզ թվում է։ Եվ երբ, բարեկամներս, ձեզ թվում է, թե ամբողջ աշխարհը երես է շրջել ձեզանից, դուք պետք է հիշեք, որ աշխարհում միշտ կգտնվի մի բուֆետապանուհի, որը արհամարհելով ժամանակն ու տարածությունը, հավերժ կպահի ձեզ իր հաճախորդների աներևույթ ցուցակի մեջ։
Մի ինչ-որ խանդավառ հուզմունքի մեջ, ես մոտ կես ժամ կանգնեցի նախամուտքում և գոհունակությամբ ծխեցի, ըմբոշխնելով այս ոչ հարուստ, բայց հաճելի միտքը։
Երբ դրանից բխող բերկրանքը սկսեց իմ մեջ թուլանալ, ես հիշեցի ծերուկին և որոշեցի նրան պատմել այդ դեպքը ու այդպիսով, ուրիշին ագիտացիայի ենթարկելու ուղիով իմ մեջ պահպանել վստահությունը իմ եզրակացությունների ճշտության նկատմամբ։
Ես մտա վագոն։ Ծերուկը միջանցքում չէր։ Կիսաբաց արի նրա խցիկի դուռը։
Ծերուկը, շախմատային գլխարկը գլխին, նստել էր սեղանի մոտ և ճաշում էր։ Հաց էր ուտում և մածուն խմում` ուղղակի շշից:
Երբ ես դուռը բացեցի, նա շիշը գլխին քաշած խմում էր։ Այդ դիրքում նա նման էր փոքրիկ աստղաբաշխի, որը շշի, ինչպես ինքնաշեն աստղադիտակի միջից, դիտում էր երկնային մարմինները։
Ինձ տեսնելով, ծերուկը սարսափելի շփոթվեց, արագ սեղանին դնելով շիշը, թափ տվեց ձեռքերը, ընդգծելով իր արածի պատահական բնույթը, որը ինչ-որ չափով նույնիսկ չարաճճիություն է և ոչ մի կապ չունի իսկական ճաշկերույթի հետ, և ասես թե ինձ խնդրելով տեղն ու տեղը, իր հետ միասին մոռանալ այդ դեպքը։
Ես գրկեցի նրան, սեղմեցի կրծքիս այնպես, որ նրա գլխարկի հովհարր դիպչելով անթակիս, ցավեցրեց։ Ծերուկի շփոթմունքը փոխվեց վախի, նա կատաղորեն թափ տվեց իրեն և գրկիցս դուրս պրծնելով, ուրախությամբ կռահեց.
— Արաղ ես խմե՞լ։ Ոչինչ։ Քնիր, քնիր։
Նա կատակային համառությամբ ինձ դուրս հրեց իր խցիկից և ներս հրեց իմ խցիկը. Քնիր, քնիր, բան չկա։— Կրկնում էր նա և շուրջը աչք ածելով, նշաններով ինձ հասկացնում, թե իրենից բարի ոչ ոք այդ մասին չի իմանա։ Ծերուկը դուռը փակեց և այն կողմում կանգնած, նույնիսկ սկսեց թեթևակի երգել, որպեսզի, երևի, ցրի շրջապատի կասկածները։
Առավոտյան ես արթնացա համառ բոթոցներից։ Շրջվեցի և աչքերս բացերի։ Գլխավերևս կանգնած էր ծերուկս։ Այժմ նա գլխարկով էր և թիկնոցով, որը նրա վրա ավելի լայն էր, քան բաճկոնը։
— Տանձը,— ցածրաձայն, նշանաբառի նման, հիշեցրեց նա։ Գնացքը մոտենում էր Մոսկվային։ Ես ծերուկին օգնեցի հանելու սնդուկաձև ճամպրուկը, մնաս բարով ասացի և երեսսրբիչը վերցնելով, վազեցի զուգարան։ Գիշերվա ընթացքում մեր վագոնում բավականին ուղևորներ էին ավելացել, և այժմ նրանք գրեթե բոլորը ճամպրուկներով ու կապոցներով կանգնած էին միջանցքում։
Երբ ես վերադարձա կուպե, գնացքի հաղորդավարը հանդիսավոր ձայնով հայտարարում էր, որ գնացքը մոտենում է մեր Հայրենիքի մայրաքաղաք Մոսկվային։ Եվ թեպետ բոլորը, անշուշտ, գիտեին, որ գնացքը մոտենում է հենց Մոսկվային, հաղորդավարի հայտնածը հաճելի էր, համենայն դեպս այն ոչ ոքի ավելորդ չթվաց։
Հնարավոր է, որ այն մեր բոլորի կողմից ընկալվեց որպես մեր երազանքների կատարման, ծրագրերի` իրականության հետ համընկման խորհրդանիշ. ահա, ցանկացանք Սոսկվա գալ` եկանք, ցանկացանք որևէ այլ բան անել դա էլ կանենք։
Գնացքը փափուկ, ասես ներողություն խնդրելով, սահեց-անցավ դիմավորողների կողքով, որոնք տեսնելով իրենց հարազատներին ու բարեկամներին, թափահարում էին ձեռքերը, ուրախ ժպտում էին և առանձնապես ետ չմնալով, վազում էին անհրաժեշտ վագոնի ետևից։
Բեռնակիրները հրելով դիմավորողներին, որպես պոտենցիալ շտրեյկբրեխերների, առաջինն էին ներս խցկվում վագոն։
Դժվարությամբ պաշտպանելով ճամպրուկս, ես դուրս եկա կառամատույց։ Մի քանի րոպե անց, արդեն ստորգետնյա անցուղու թունելում, ես տեսա, թե ինչպես իմ մոտով փայլեց-անցավ ծերուկիս շախմատային գլխարկը։ Նրա առջևից ջախջախիչ առույգությամբ քայլում էր բեռնակիրը` գոտիով իրար կապած սնդուկաձև երկու ճամպրուկները ուսը գցած։ Ծերուկը քարշ էր տալիս երրորդ ճամպրուկը։ Անմիտ աչքերով նա նայում էր բեռնակրի թիկունքին, աշխատելով չկորցնել նրան բազմության մեջ։ Ճամպրուկից ազատ մյուս ձեռքում, որպես պահպանագիր հրովարտակ, նա ամուր բռնել էր հասցեով թուղթը։
«Առևտուր…»— հիշեցի ես և նրան կորցնելով բազմության մեջ, ընտելորեն խորասուզվեցի իմ սեփական հոգսերի ոլորտը։

Ռուսերենից թարգմանեց Ռաֆայել Ավագյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով