Նորայր Բաղդասարյան. Ասք անձրևի որդու

«Գարուն», 1988, 2

«Գիլգամեշ վեր բարձրանալով, մորը մոտեցավ.
— Նինսուն, հեռավոր կապանները պիտի էրթամ, ուր Խումբաբան կը գտնվի. կուզեմ մղել կռիվ մը, որուն վարժ չեմ, կուզեմ անցնել ճամփա մը, որ ինծի ծանոթ չէ»:

«Գիլգամեշ»-ից

Առաջին պնակիտ

Ի՜նչ հրաշալի վերջ է, ի՜նչ հանդես—
Մեռա, հառնեցի, նորից եմ երգում,
Եվ ծովը մաղով դատարկում եմ ես,
Խորասուզվում եմ կործանող միգում:

Փակ են դռները, և լռությունը
Քրոջ պես լալիս ու դեմքն է սրբում:
Ի՜նչ շուտ սևացավ պաշտելի ձյունը,
Նստեց պատի տակ լքված ու որբուկ:

Մութ քաղաքներ կան՝ լույսի մեջ թաղված,
Որ համոզում են գյուղաբնակիս,
Խղճից ոչ մի կում չթողնել վաղվան,
Խմել շատերի կպչուն պնակից:

Եվ մութ սերեր կան` ներկով շպարված,
Որ անկողին են բացում ծովի պես,
Եվ պարիսպները մեր միջև շարված
Մի գիշերվա մեջ փլվում են անտես:

Դատապարտեք ինձ, լեռներ հարազատ,
Գետեր հարազատ, ինձ խփեք քարին,
Այս շռայլ կյանքից, այս վարքից ազատ,
Սիրտը իմ կուց-կուց լալիս է արին:

Ծածկե՛ք ինձ, ամպեր, ողողե՜ք ջրեր,
Այս գորշությանը էլ չեմ դիմանում,
— Եթե գրում ես, սիրում ես եթե…
— Նա ո՞ւմ համար էր կրակ գողանում…

Խեղճ Պրոմեթևս, խեղճ դատապարտյալ,
Տաքացա՞ր արդյոք դու քո կրակով,
Որ դեռ կրում ես զայրույթը բարձյալ,
Խեղճ թիրախ` վրադ հազար կրակող:

Ծածկե՜ք ինձ, ժայռեր, դո՛ւ` Մհերի դուռ,
Բացվիր ու ներս առ ինձ` անամոթիս,
Ոգիս մտնում է խորան ու մատուռ,
Բայց ցոփություն է որոնում գոտիս…

Ոգու և մարմնի ցավագար պայքար,
Ես վերջին զոհը, խաբվածը վերջին,
Վերջին լքյալը, ճգնավորը այր,
Պալատը թողած մտնում եմ խրճիթ:

Խփեցեք գանգեր, թմբուկ, ծնծղա,
Աշնան խոտերին դարձի չեք բերի,
Տառապյալ ազգի գանգրահեր տղա,
Որդի պարգևիր Անձրևաց ցեղին:

Դպրասեր ազգի շիկահեր տղա,
Քո նախնյաց հուշին ասեղնագործված,
Դարման տրորող եզնախպեր եղար,
Լծվեցիր կամին բերանդ կապված…

Բայց խփե՛ք գանգեր, թմբո՛ւկ, ծնծղա
Եվ արթնացրեք գյուղաբնակիս,
Իմ հարսանիքին թող անձրև տեղա,
Ես չեմ վախենում այս եղանակից:

Իսկ յոթերորդը` կիրակին հանգիստ,
Անհանգիստ մի օր դարձավ ինձ համար,
Ինձ էր մոտենում պատիժը այն խիստ,
Որ հմայիչ է հանց երկնակամար:

Խաղաղվե՛ք, վշտեր, խուճապ ու քամի—
Ո՛չ կա, ո՛չ չկա երկինք յոթերորդ,
Ամեն գեղեցիկ` բաժին վիշապին,
Ամեն խնձորում` իմաստուն մի որդ…

Կանխագոյաթյան մի մեծ աղեղնակ,
Եվ մի հին քաղաք` ծեր կնոջ դեմքով,
Վկայում է, որ մեծ աղետ կգա,
Աղետ, որը չի խոցելու զենքով:

Այլ շրջելու է լեռը մեզ վրա
Եվ այրելու է աչքերը մեր բաց,
Մեզ չի փրկելու էլ ոչ մի զրահ,
Նա չի ընդունի ո՛չ աղ, ո՛չ էլ հաց:

Ծովերի ջուրը, որ շրջվելով,
Որպես ժողովուրդ պիտ աղաղակի,
Արցունքների մեջ նա մեզ թրջելով,
Ներսից ու դրսից պիտի ճառագի…

Ճառագի ինչպես հրշեկ արեգակ,
Քայլքը` ծիսական, խոսքը` հանդարտիկ,
Հանց մանանեխի հատիկ ամեն կյանք,
Կմեռնի, որ կյանք տա բազմապատիկ:

Երկրորդ պնակիտ

Ես գնում եմ ահագնորեն դեպի ետ,
Դեպի ակունք, որ մի բառով դուք կասեք,
Դրախտի մեջ ճամփա ընկան երկու գետ—
Եփրատ-Տիգրիս, Ադամ-Եվա… դասդասե՛ք:

Կարևոր չէ, թե ում տրվեց դրախտն այդ,
Կարևոր չէ` ով վտարվեց դրախտից,
Հին ասք է սա, բայց փաստեր կան նորահայտ,
Որ թույնն օձի մեզ փրկում է չար ախտից:

Հենց նույն օձից` մատնիչից ու ստորից,
Մենք փրկության դեղահաբ ենք ստանում,
— Ախ, կթողնեն դրախտ մտնել մեզ նորից,
Հանգիստ ննջել մեր պապերի ոստանում:

Երրորդ պնակիտ

Քանի մրրիկ, խավարման գիշեր,
Եկան, բայց օրերը լուսացան էլի,
Տիր աստվածն այստեղ գալուստդ գուժեց,
Տանջանք գաշակեց Հոբ երանելին:

Անձրևաց ցեղի յոթ իմաստուններ,
Յոթ մարգարեներ գուշակեցին, որ
Բանաստեղծելու գործն աստծուն է,
Բայց բանաստեղ՛ծին բախտ է հարկավոր:

Անձրևաց ցեղի քանի՜ հեծյալներ,
Սրընթաց հասան Պղնձե քաղաք,
Քաղաքը փակող պարիսպն անծայր էր,
Եվ նրանց վրա հորդ անձրև տեղաց:

Անձրևաց ցեղի քանի հուրիներ
Տղային տարան փշալարի մոտ—
Տղայի համար սեր էին հորինել
Այդ հուրիները կրքոտ ու խանդոտ:

Տղայի համար վառել էին կրակ,
Դառն համբույրներով եփել կերակուր,
Ի՜նչ հուրիներ էին՝ հաշիշ էին, մրափ,
Տղան այրվեց նրանց կրակում:

Բայց հրաշք եղավ, անձրևի տղան
Հուրհեր, բոցմորուս դուրս եկավ բոցից,
Բանաստեղծ էր նա և երգի տեղակ,
Սերն էր, որ նրան կրակով փորձեց:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով