Գեորգի Աբաջիև. Ծխախոտատուփը

Մարդատար գնացքը սլանում էը Սալոնիկյան հարթավայրով: Շոգեքարշը փնչացնում էր, ռունգներից սպիտակ գոլորշի հանելով քարշ էր տալիս վագոնների երկար շարանը անվերջանալի, փայլուն ռելսերով: Սուլեյման-բեյը, առաջին կարգի կուպեի բաց պատուհանի մոտ կանգնած, վայելում էր առավոտյան թարմ օդը, նրա աչքերի առաջ կիսաշրջանով անցնում էին կանաչ դաշտերն ու մարգագետինները: Գարնան քնքուշ հովը ծածա-նում էր ցորենի հասկերն ու կուպե էր հասցնում դաշտային ծաղիկների ու խոտի բուրմունքը: Հարթավայրը տարածվում էր ընդհուպ մինչև հեռվում նշմարվող կապտավուն լեռները: Պատուհանից դուրս կախված, Սուլեյման-բեյը անվերջ նայում ու չէր հագենում զմրուխտի ու լազուրի այդ անծիր ծովից: Երկու տարի էր անցել այն օրից, ինչ նա թողել էր հարազատ երկիրը: Նույնիսկ Փարիզում իրավագիտությամբ կլանված զբաղվելիս էլ Սուլեյման-բեյը թաքուն թախծում և կարոտում էր հայրական տանը, այգու խնձորենիներին ու թզենուն, իրենց նրբանցքի մարդկանց ու բոլոր այն աննշան իրադարձություններին, որից հյուսվում է փոքրիկ քաղաքի կյանքը: Արևոտ Կուկուշի կարոտը հատկապես ուժեղ էր համակում նրան թխպոտ, ամպամած օրերին: Բայց երբ եկավ հեռագիրը, ոը հայտնում էր հոր հիվանդության լուրը ու պահանջում նրա վերադարձը, ինչ-որ բան ասես այրեց Սուլեյման-բեյի սիրտը: Նա մեկնեց Մարսել, ուր նստեց Սալոնիկ տանող առաջին իսկ շոգենավը:
Գարնանային առավոտվա թարմությամբ հմայված, Սուլեյման-բեյը մոռացել էբ և՛ հոր, և՛ ցավով ու ափսոսանքով թողած Սորբոնի մասին: Արշալույսի արևով ողողված Սալոնիկի հարթավայրը թվում էը նրան այն օրհնված տեղը, որտեղ կարելի է վերջապես հոգով հանգստանալ: Գնացքն առաջ էր սլանում, Սուլեյման-բեյի առաջ բացվում էին հարավային բնության կախարդիչ գեղեցկությունները: Սև, չարաճճի մազափունջը խաղում էր հարթ ու սպիտակ ճակատին: Ծառերի տերևներին ցողի խոշոր կաթիլներ էին շողում, ու խոտն արծաթին էր տալիս: Իրար էին հաջորդում հեռագրասյուները: Հեռագրալարերին վետվետող ճարպիկ ճնճղուկները ճիչ ու ծղրտոցով օդ էին բարձրանում` շոգեքարշի ոռնոցից վախեցած: Տեղ-տեղ սպիտակ տնակներ էին երևում: Մարգագետնում արածում էր գոմեշների նախիրը: Փոքրիկ հովիվը գլխարկը թափահարելով ողջունեց ուղևորներին: Սուլեյման-բեյը զգացված ժպտաց, բաճկոնի գրպանից հանեց թաշկինակն ու թափահարեց ի պատասխան: Ետ նայեց, կուպեում առաջվա պես ոչ ոք չկար:
Նա նստեց թավշե բազմոցին ու սուզվեց մտքերի մեջ: Ժպիտը դեմքից չէր հեռացել, բայց հորը հիշելիս սիրտը սեղմվում էր: Նա աչքերը փակեց ու իրեն տեսավ տանը… Մայրն ընդառաջ է շտապում, ամուր գրկում է նրան, գլուխը դնում է ուսին: Նա զգում է իր այտին մայրական տաք արցունքները: Ծերունին դեռ կենդանի է: Սուլեյմանը համբուրում է նրա անարյուն, չորացած ձեռքը: Ձեոքն անուժ ընկնում է: Լռությունը խզում է մոր հեկեկանքը: Սուլեյմանը վախեցած նայում է հոր մոմե դեմքին, կրծքում աճում է ծանրությունը: Նա ցանկանում է ճչալ, բայց չի կարողանում: Տարօրինակ է: Աչքերը չոր են ու գամված են հոր մեռած դեմքին:
…Կուպեի դուռը ճռռոցով բացվեց: Գնացքը կանգնած էր: Դռներում երևաց հաճելի դեմքով մի մարդ, ոչ շատ ծեր, ոչ էլ շատ երիտասարդ, խնամքով հարդարած, ուղիղ բեղերով: Աստիճաններով հեշտությամբ բարձրանալով` նա կուպե մտավ ու թուրքական ձևով ձեռքը սրտին դրած ողջունեց:
— Թույլ կտա՞ք,— հարցրեց նա:
— Խնդրեմ, պարոն,— պատասխանեց Սուլեյման-բեյն ու թեթևակի բարձրանալով խոնարհվեց:
Ներս մտնողը փոքրիկ ճամպրուկն անփութորեն նետեց բագաժատեղը, արձակեց բաճկոնը, ապա նաև` ժիլետը, թաշկինակով սրբեց քրտնած դեմքն ու նստեց Սուլեյման-բեյի դիմաց:
— Քիչ էր մնում ուշանայի,— ասաց նա` ծանր ու ընդհատ շնչելով:— Թեպետ գյուղից կանուխ ելա, սայլն էլ ամուր էր, ձիերը` ժիր, բայց ճանապարհները, պարո՛ն, դարուփոս ու քարքարոտ են: Իսկ կամուրջները… հազիվ են ջրի վրա կանգնում: Քանի անգամ եմ ասել վալիային` ճանապարհները հարկավոր է կարգի բերել: Իսկ նա միայն ծիծաղում է. «Ժամանակ տուր, դրանց էլ հերթ կհասնի»: Թույլ տվեք հարցնել, դուք օտարերկրացի՞ եք, թղթակի՞ց, թե՞…
— Ոչ, ես տեղացի եմ, Կուկուշից:
— Ա՜, ուրեմն կուկուշցի՞ եք: Հաճելի է, շատ հաճելի: — Այսպե՛ս, այսպե՛ս, Կուկուշից եք ուրեմն, Կուկուշից…— կրկնում էր նա, ասես ճգնելով ինչ-որ բան հիշել:— Ես հաճախ եմ լինում Կուկուշում: Լավ մարդիկ են, հարմարվող ժողովուրդ է: Ղայմաղամն էլ մի հրաշալի, հոգի մարդ է: Կուկուշում եղած ժամանակ միշտ անցնում եմ նրա մոտ` դեսից- դենից զրուցելու: Եվ անմիջապես սեղանին հայտնվում է ռակիան: Ա՜խ, ինչ ռակիա նա ունի,— պատմողը չպպացրեց լեզուն:— Հաճելի զրույցի ժամանակ գործը հեշտ է գլուխ բերել: Իսկ նա ինձ շատ է լավության արել, աջակցել է առևտրիս: Գիտե՞ք, Այրեդին-բեյի հետ մենք շատ լավ ընկերներ ենք: Դուք ծանո՞թ եք Այրեդին-բեյին: Ոսկի ձեռքեր ունի: Սուլթանին…
— Նա իմ հա՛յրն է,— ընդհատեց Սուլեյման-բեյը` հետաքրքրությամբ զննելով իր ուղեկցին:
— Այբեդին-բե՞յը:
— Այո:
— Անչա՛փ, անչա՛փ հաճելի է,— բռնելով Սուլեյման-բեյի ձեռքը, մարդը պինդ սեղմեց այն:— Դուք նրա մեծ որդի՛ն եք… Սուլեյմա՛ն-բեյը: Ինչպե՞ս չէ, ձեր հայրը շատ է պատմել ձեր մասին… Հավանաբար Ֆրանսիայի՞ց եք վերադառնում: Բայց ինչու՞ ժամկետից շուտ:
— Ծերուկը վատ է: Հեռագիր եմ ստացել:
— Չի կարող պատահել: Երկաթի պես ամուր էր, վերջերս եմ տեսել: Ո՞վ կմտածեր,— կարեկցանքով ասաց վաճառականը:
Զրույցով տարված, ուղեկիցները չնկատեցին, ինչպես գնացքը շարժվեց: Նրանք անցնում էին սպիտակ կակաչների դաշտերի մոտով, որ առագաստի էին նմանվում հացահատիկի կանաչ, անծիր ծովում: Սուլեյման-բեյը նայեց լուսամատից դուրս: Նրա դեմքին նորից ժպիտ երևաց:
Սուլեյման-բեյի ուղեկիցը գովեստներ էր շռայլում նրա հոր հասցեին, խանդավառ հավաստում էր նրա հավատարմությունը սուլթանին, գովում նրա բազկի ամրությունը, որ կարող էր զսպել ամեն անհավատի:
Սուլեյման-բեյին հաճելի էր այդպիսի բարձր կարծիքներ լսել հոր մասին, բայց նա չէր խրախուսում քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած խստությունը, որ դաժանության էր հասնում:
— Ներեցեք, պարոն,— սկսեց նա տաքացած,— տղայի գործը չէ քննել հոր արարքները, բայց թույլ տվեք ասել, թե ինչ եմ մտածում ծերուկի մասին: Չի կարելի լավը համարել այն կառավարչին, որ շարժում է ժողովրդի դժգոհությունը: Արտասահմանում մեզ բռի ասիացիներ են անվանում: Եվ նրանք ճիշտ են:
— Երիտասարդ, ինձ թվում է, դուք մեզ ուրիշ արշինով եք չափում,— առարկեց վաճառականը:— Հանգիստ թողեք եվրոպացիներին: Եվրոպայում գիտեն գնահատել ազատությունը: Էհ, մեր ժողովրդին մի՞թե պետք է այդ ազատությունը: Անհավատները…
— Անհավատները, պարոն, պահանջում են այն, ինչ եվրոպացիները վաղուց ունեն` ազատություն:
— Ոչ, ոչ, սուլթանին են ուզում ուժով տապալել,— ստորաքարշաբար ասաց վաճառականն ու ավելացրեց.— իսկ գիտե՞ք, որ սարերը լի են զինված ավազակներով:
— Գիտեմ: Մեղքը կառավարիչներինն է:
— Հի՛, հի՛, հի՛,— ծիծաղեց վաճառականը:— Փարիզից թվում է, թե Ստամբուլր քոռ կոպեկ էլ չարժե: Անիծյալ Եվրոպա: Ինչպե՞ս է խելքահան անում ջահելներին:
Վաճառականի հայացքները զայրացրին Սուլեյմանին: Նրա գունատ դեմքը կարմրատակեց: Նա չէր կարողանում հուզմունքը զսպել և շարունակ ընդհատում էր խոսակցին, որ ոտքը ոտքին գցած՝ հանգիստ նստել էր ու խոսում էր սահուն, մեղմ ու քնքուշ ձայնով: Եվ ինչքան ավելի էր Սուլեյման-բեյը բռնկվում, պնդելով իր հայացքները, զրուցակցի դեմքն այնքան ավելի սիրալիր էր դառնում, նրա զարմանալի ճառագող, մուգ շագանակագույն բարի աչքերը ավելի ջերմանում էին: Երիտասարդ բեյի հոգին դրանից պայծառանում էր: Ջերմ երախտագիտությամբ ու սիրով լի այդ հայացքը կարծես խրախուսում էր բեյի համարձակ խոսքերը. «Դու ճի՛շտ ես, ճի՛շտ ես», բայց տարօրինակ ուղեկցի շուրթերն այլ բան էին պնդում.
— Ինչպես կյանք չկա առանց արևի, այնպես էլ Թուրքիա` առանց սուլթանի:
Սուլեյման-բեյը չէր ցանկանում բացահայտ ժխտել այդ, նա աշխատում էր չափից ավելի համարձակ կարծիքներ չհայտնել: Իսկ խոսակցի հայացքը, կարծես այդ մտքերը որսալով, ներշնչում էր. «Ասա, մի վախեցիր, սուլթանին, այնուամենայնիվ, պետք է տապալել, ճի՞շտ է»: Հենվելով թավշե բազմոցին, Սուլեյման-բեյը լսում էր զրուցակցի մեղմ տեմբրը և ուշադիր զննում նրան: Վաճառականի աչքերի արտահայտությունն ու խոսքերի անհամապատասխանությունը հետաքրքրեցին Սուլեյման-բեյին: Նրա հոգում պայքարում էին զգուշավորությունն ու հավատը, խռնվում էին անհասկանալի նախազգացումներ, ինչպիսի՞, ինքն էլ չէր հասկանում: Հիշողությունից դուրս էին լողում անցյալի պատկերները: Ուղեկիցը շարունակ խոսում էր, հեշտությամբ մի նյութից մյուսին անցնելով: Նրա բարի դեմքը երազկոտ ու մտախոհ էր:
Հանկարծ նրա մսեղ, վարդագույն շուրթերին, մեջտեղում փոսիկ ունեցող կլոր կզակին, շագանակագույն անկարգ մազերին Սոզեյման-բեյն ինչ-որ վաղուց ծանոթ բան որսաց. կարճ վզին նստած հպարտ գլուխ, եվրոպական սև բրդե կոստյումի տակից` մկանուտ իրան: Արևի ճառագայթներից կարմիր պաստառը բռնկվել էր ծիրանագույն բոցով: Մի կողմից այդ ցոլքերն էին լուսավորում զրուցակցին, մյուս կողմից` լուսամատից ընկնող կանաչավուն լույսը, որ նրան ավելի խիստ, ազդեցիկ ու ուժեղ տեսք էր տալիս:
Սուլեյման-բեյի հիշողության մեջ վերակենդանացան մանկության հուշերը: Ավելի որոշակի սկսեց երևալ բոկոտն ու չարաճճի մանկան կերպարը` պանդոկապան Միտրեի որդու, որ բազմանդամ ընտանիքի հետ ապրում էր դիմացի տանը: Կառչելով իր արած հայտնությունից, Սուլեյման-բեյը շատ բան հիշեց:
Վաճառականը լռեց: Նա հիանում էր հեռավոր լեռների կապտին տվող ուրվագծերով: Կուպեում լռություն իջավ: Լսվում էր միայն անիվների միօրինակ թխկոցն ու շոգեքարշի փնչոցը: Պատուհանից ներս ընկած մեղուն փայլփլում էր արևի ցոլքերում ու զայրացած բզզոցով զարկվում էր առաստաղին: Ուղեկիցները հետևում էին նրան, ապա իրար նայելով նորից մտքերի մեջ ընկան:
Թը՛խկ-թըրը՛խկ, թը՛խկ-թըրը՛խկ` զարկում էին անիվները:
— Ես հարգում եմ ձեր գաղափարները,— մտախոհ ասաց Սուլեյման-բեյը:
— Ի՞նչ, ի՞նչ գաղափարներ,— ցնցվելով հարցրեց ուղեկիցը:
— Պայքարը բռնապետության դեմ:
— Այդ ի՞նչ եք ասում, երիտասարդ: Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել իմ մուտք ու ելքի մատյանների և ձեր մտացածին կռվի միջև` չգիտես ինչ բռնապետության դեմ,— իրար անցավ վաճառականը, դժգոհ հայացք գցելով երիտասարդ թուրքի հանգիստ դեմքին:
— Հասկանում եմ ձեր զգուշավորությունը, չէ՞ որ դուք շատ բան եք վտանգում: Դրա մասին վիճելն ավելորդ է: Ես ձեզ նույնքան լավ եմ ճանաչում, որքան դուք ինձ:
—Դուք սխալվում եք,— դիմադրում էր վշտացած վաճառականը:
— Եվ այնուամենայնիվ, չեք կարող ժխտել, որ Գոցե Դելչևն եք,— ցնծագին գոչեց Սուլեյման-բեյը:
Մի քանի վայրկյան կուպեում ծանր ու լարված լոություն էր տիրում:
— Չեմ կարողանում ուշքի գալ զարմանքից, որտեղի՞ց է դա ձեր գլուխը մտել,— ասաց վաճառականը:
Կուպեի դուռը բացվեց: Ներս մտավ մի ժանդարմ: Սուլեյման-բեյը թաքուն նայեց ուղեկցին ու նկատեց, ինչպես նրա դեմքը կորցրեց բարի, պարզամիտ արտահայտությունը, իսկ աչքերը շողացին երկաթե փայլով: Ոտքի մկանները ձգվեցին, ասես պատրաստվում էր թռիչքի: Բայց վաճառականը միայն բարձրացավ, վերցրեց ճամպրուկն ու ծնկներին դնելով` հանգիստ նստեց: Ժանդարմն ստուգեց փաստաթղթերը, ծույլ հորանջեց ու դուրս եկավ:
Սուլեյման-բեյը շարունակեց ընդհատված խոսակցությունը.
— Տեսնու՞մ եք, ամեն ինչ լավ վերջացավ, և մենք կարող ենք հանգիստ զրուցել, այդպես չէ՞: Իսկ ինչ վերաբերում է ձեզ, պետք է անկեղծ ասեմ, ես հպարտանում եմ, որ Կուկուշը այդպիսի հեղափոխական է տվել:
— Սիրելիս, պահեք ձեր զգացմունքները ուրիշ դեպքի համար,— լայն ժպտաց Գոցեն:— Լավ է պատմեք, ի՞նչ են մտածում Փարիզում մակեդոնացիների մասին:
— Պահպանողականները ձեր հեղափոխական կազմակերպությունը ավազակների բույն են համարում:
— Գիտեմ,— պատասխանեց Գոցեն:
Ֆրանսիացի ժողովուրդը և նրա առաջադեմ ղեկավարները ցավակցում են ձեր պայքարին և ձեզ համարում են ֆրանսիական հեղափոխության հերոսների հետնորդները:
— Մենք ձեռք ենք մեկնում մակեդոնացի ժողովրդի բոլոր բարեկամներին,— ասաց Գոցեն:
Սուլեյման-բեյը նորից ոգևորվեց, խանդավառված սկսեց պատմել օսմանյան երկրի բոլոր ժողովուրդների գալիք ազատության մասին: Գոցեն ուշադիր լսում էր ու հորդահոս հիշողությունները տեղափոխում էին նրան Կուկուշի փոքրիկ փողոցները… Ահա փոքրիկ Սուլեյմանը, ամբողջովին նոր հագուստներով, ցնցոտիավոր թուրք մանուկների գլուխն է անցել ու մատով սպառնում է իրեն: Գոցեի մեջքին ուս ուսի սպասողական դիրքով կանգնել են մակեդոնացի մանուկները, նույնպես կեղտոտ ու ցնցոտիավոր: Գոցեն մի քայլ առաջ է անում ու գոչում յուրայիններին.
— Խփի՛ր պիղծերին:
Սուլեյման-բեյի խմբի վրա քարեր են թռչում: Գոցեն նըշան է բռնում իր պարսատիկով, ու կլոր քարը սուլոցով Սուլեմյանի վրա է թռչում: Քարը նրա գլխին է դիպչում: Սուլեյմանն ընկնում է: Թուրք մանուկները ցիրուցան փախչում են: Գոցեն մոտ է վազում արյունլվա Սուլեյմանին ու, նրան բարձրացնելով, շապիկի պատռած թեքով փաթաթում է վիրավոր գլուխը: Դա տասնհինգ տարի առաջ էր: Շատ ջրեր են հոսել այն ժամանակվանից: Գոցեն սովորելու գնաց Սալոնիկ, իսկ Սուլեյմանը՝ Կոստանդնուպոլիս: Նրանք տեսնվել են միայն մեկ անգամ` ամառային արձա-կուրդներին:
Ժամանակ աո ժամանակ Գոցեի հայացքը կանգնում էր Սուլեյման-բեյի ձախ քունքի մոտի սպիին: Նկատելով այդ, Սուլեյման-բեյը հեգնանքով ասաց.
— Ձեր ձեռքի արածո՞վ եք հիանում:
— Էխ, խիզախ օրեր,— պատասխանեց Գոցեն:
— Դուք հիմա էլ կտրիճ եք:
— Այո, ես կռվում եմ բռնակալների ու արնախումների դեմ:
— Ձեր հերոսությունները արտասահմանում էլ են հայտնի: Մի ամիս առաջ Փարիզ էր եկել մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա ու մի լեգենդ տարածել Մակեդոնիայի թևավոր խռովարարի մասին, որին ո՛չ զորքերը, ո՛չ ժանդարմները չեն կարողանում բռնել: Նրա գլխի համար ոսկու սարեր են խոստանում:
— Դուք, ի միջի այլոց, հնարավորություն ունեք այդ պարգևն ստանալու: Հա՜-հա՜-հա՜-հա՜,— քահ-քահ ծիծաղեց Գոցեն:
Շոգեքարշը սուլեց: Գնացքը դանդաղեցրեց ընթացքը:
— Բաժանվելու ժամանակն է: Այս կայարանում իջնելու եմ,— ասաց Գոցեն ու ամուր սեղմելով Սուլեյման-բեյի ձեռքն՝ ավելացրեց.— ուրախալի է բեյերի մեջ կարգին մարդու հանդիպել: Նրանք գրեթե բոլորն էլ, կարելի է ասել, ոճրագործներ են, այդ թվում, ներեցեք, և՛ ձեր հայրը, և՛ ղայմաղամը: Կենդանի ամեն շունչ լալիս է նրանց պատճառով: Ես սրտանց շնորհակալ եմ ձեզնից մեր գործի հանդեպ համակրանքի համար:— Գոցեն մեկ անգամ էլ սեղմեց երիտասարդ բեյի ձեռքը:— Հուսով եմ, որ ողջույնս կհաղորդեք իմ ծնողներին:
— Նրանք չեն հավատա, որ մենք տեսնվել ենք,— պատասխանեց Սուլեյման-բեյը:
Գոցեն ծոծրակը քորեց, ու թեթև ժպիտ անցավ նրա դեմքով:
— Դուք կասեք, որ ես խնդրեցի ձեզ տալ խորդանոցի պատի պահարանի տակ թաքցրած ծխախոտատուփը, նրանք էլ կհավատան:
Գնացքը կանգնեց: Գոցեն ճարպկորեն ցած թոավ: Ոսկեթել ծանր փունջը ցրիվ եկավ նոր ֆեսի վրա: Կայարանում բավականին աշխուժություն էր տիրում: Իրար խոսք կտրելով, գոռում էին բուզայի ու զովացուցիչ ըմպելիքների առևտրականները, լցնելով բարակ գավաթները արևի տակ փայլող ոսկեզօծ սափորներից: Լուլա-քյաբաբ վաճառող-ները կատաղորեն չխկչխկացնում էին ունելիները, տապակած մսի հաճելի բուըմունքը տարածվել էր ամբողջ կայարանում: Գոցեն արագորեն ճամփա էր հարթում հոծ ու խայտաբղետ ամբոխի միջով: Սուլեյման-բեյը տեսավ, ինչպես նրա ֆեսի փունջը մի քանի անգամ հայտնվեց սպիտակ չալմաների մեջ և շուտով անհետացավ…

Կուկուշում շուկայի օր է: Փողոցները լեփ-լեցուն են ձիերով, ավանակներով ու գյուղացիներով: Բայ Նիկոլայի պանդոկում, ուր ծխի ու ճենճահոտի մեջ մարդիկ անորոշ ստվերներ են թվում, շրջակա գյուղերի թուրքերն են լցվել, նրանք նստել են պատերի երկայնքով շարված լայն նստարաններին, գետնին, խսիրներին ու խմում են: Աջ անկյունում ռակիա է կոնծում ու շարունակ չիբուխ է քաշում տեղական թուրք ավագանին: Մուտքի մոտ հայտնվում է Սուլեյման-բեյը, նրան են գամվում բոլոր հայացքները: Նա դանդաղորեն մտնում է շեմքից, ու նրա նրբագեղ հասակը սահում է տաբատների, չալմաների, սպիտակ մորուքների ու փարթամ բեղերի միջով: Աջ անկյունում փսփսում են.
— Այրեդին-բեյի որդին է:
— Եկել է արյան վրեժ առնելու:
— Նա կստիպի սրիկաներին մկան ծակը մտնել:
— Կկարողանա՞ արդյոք:
— Ինչո՞ւ չի կարողանա: Գիտուն մարդ է, միանգամից կհասկանա բանն ինչ է:
Բայ Նիկոլան վախեցավ, բայց ցույց չտվեց:
— Դու ինձ ճանաչո՞ւմ ես,— հարցրեց Սուլեյման-բեյը, ընդհուպ նրան մոտենալով:
— Ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ: Բարով եք եկել, բեյ էֆենդի՛,— ու պանդոկապանը խոր գլուխ տվեց: Սուլեյման-բեյը շշնջաց նրա ականջին.
— Ողջույն քեզ քո որդուց:
— Ո՞ր որդուց, ի՞նչ որդի:
— Գոցեից:
Բայ Նիկոլան ցնցվեց: Նրա ճակատի կնճիռները անհանգիստ շարժվեցին, բայց նա միանգամից հոնքերը կիտեց:
— Ի՜-ի-ինչ: Չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ լսել նրա մասին: Անունս խայտառակեց ավարան: Որդի չունեմ ինձ, բեյ էֆենդի: Ալլահը թող պատժի կայսրության թշնամի բոլոր չարագործներին,— տաքացավ բայ Նիկոլան, նրա դեմքը վառվում էր զայրույթից:
Սուլեյման-բեյը ձեռքը դրեց նրա ուսին:
— Հանգստացիր: Դու ճիշտ չես… Օրհնված է մայրը, որ այդպիսի որդի է ծնել: Գոցեն հերոս է, արդարության մարտիկ,— ասաց նա ու ցածրաձայն ավելացրեց.— դու պետք է հպարտանաս նրանով:
Ու նա շշուկով պատմեց Գոցեի հետ հանդիպման ու ծխախոտատուփի մասին: Բայ Նիկոլան կասկածանքով բարձրացրեց հոնքերն ու նայեց ուղիղ երիտասարդ բեյի աչքերին, կարծես ցանկալով համոզվել խոսքերի ճշտության մեջ:
Սուլեյման-բեյի գնալուց հետո ծերունին երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ, չէր կարողանում հավատալ երիտասարդ բեյի խոսքերին: Հավանաբար, նա թակարդ է լարում իր դեմ, ցանկանում ստուգել, ինչպես է բայ Նիկոլան իրականում վերաբերվում Գոցեին: Ամբողջ քաղաքն ու շրջակայքը գիտեն, որ Այրեդին-բեյը սպանված է Գոցեի հրամանով: Եվ հանկարծ ոչ այլ ոք, քան Այրեդին-բեյի որդին գալիս է այստեղ և խոսում է Գոցեի հետ հանդիպման մասին: Ո՛չ, ո՛չ, դա թակարդ է: Բեյի որդին ինչ-որ բան է մտածել: Եվ որքան շատ էր մտածում բայ Նիկոլան, ավելի էին նրան համակում սարսափելի կանխազգացումները, որից դող էր բռնում նրան:
Արևը նստեց, պանդոկը լրիվ մթնեց, բայց բայ Նիկոլան լապտերը չէր վառում: Հաճախորդները դժգոհ փնթփնթալով ու հայհոյելով, մեկը մյուսի հետևից լքում էին պանդոկը: Բայ Նիկոլան փակեց փեղկեըն ու դռնեըը:
Այդ երեկո, հակառակ սովորության, նա ոչ թե գնաց մտերիմների մոտ, այլ տուն: Ոտնամանները հանելով, նստեց սրբապատկերի տակի թաղիքին, ուր սիրում էր հանգստանալ աշխատանքից հետո: Նրա մտքերն ամպից մռայլ էին: Սուլթանան` բայ Նիկոլայի կինը, սուրճ բերեց: Ծերունին կամաց շշնջաց.
-— Բաց խորդանոցը, փնտրիր այնտեղ, ձախից… տուփ կա… բեր այստեղ:
— Այդ ի՞նչ խելքիդ փչեց, Կոլե, ինչո՞ւ խցկվեմ սարդոստայնի մեջ:
— Գնա նայիր:
Սուլթանան երկար փնտրում էր խորդանոցում:

Հարազատ տան շեմքին Սուլեյմանին դիմավորեց հեկեկացող մայրը: Նա պատմեց Սուլեյմանին հոր մահվան մասին դառը ճշմարտությունը:
Ամբողջ գիշեր Սուլեյմանը չէր կարողանում քնել: Նրա համար հեղձուկ էր: Գլուխն ընկղմվում էր տաք ու փափուկ բարձի մեջ, ու որպեսզի որևէ կերպ ազատվի տանջող, ճնշող ծանրությունից, նա տարուբերում էր գլուխը` բարձրացնում ու իջեցնում: Կցկտուր ու խճողված մտքերը տենդագին հետևում էին իրար, չմնալով գիտակցության մեջ: Արյունը խփում էր քունքերին, ու այդ ավելի էր ուժեղացնում տագնապն ու անձուկը: Մեկ-մեկ Սուլեյմանին թվում էր, թե ոտից գլուխ ալիք-ալիք սառնություն է համակում նրան: Նա մեկնում էր ոտքերը, թևերը դնում էր գլխատակին, այնժամ մտքերը, հուզմունքից հարբած, ավելի դանդաղ էին հոսում: Նա նայում էր պատին, որի վրա կիսաբաց փեղկերից լուսնի լույսն էր ընկել: Լույսի մակերեսին այս ու այն կողմ էին ցրվում ծառերի հսկայական ու անձև ստվերները:
«Սուլեյմա՛ն, Սուլեյմա՛ն, քո հորն սպանեցին, ի ծաղր իսլամի, շուկայի մեջտեղում: Իսկ դու… դու,— խոսում էր մի ձայն նրա մեջ:— Ի՞նչ որդի ես դու, ամաչիր: Վերցրո՛ւ յաթաղանը, հենց այն, արծաթակոթը: Շատ անհավատների է նա գլխից զրկել: Լսո՞ւմ ես,— դա կարծես հոր ձայնն էր:— Իմ ցասումն անողորմ կդարձնի քո ձեռքը: Հիշիր, մի կաթիլ սուրը արյան դիմաց պիտի անհավատների կեղտոտ արյան գետեր հոսեն; Ա՛ռ, ամո՛ւր պահիր իմ յաթաղանը»:
Սուլեյման-բեյը բարձրացավ արմունկներին ու նստեց, հայացքը պատից չկտրելով: Լուսավոր քառակուսու վրա անվերջ դողում էին ստվերները: Ուրվական չի՞ սա արդյոք, տենդագին երևակայության ծնունդ: Նրան թվաց, որ պատին հայտնվեց հայրը՝ առանց ֆեսի, հոնքերը կիտած, մորութը գզգզված:
…Պատից նրան է նայում Գոցեն, հայացքը սառն է ու արհամարհող:
«Հո՞րդ ես սգում: Չե՞ս պատրաստվում արդյոք արյան վրեժ առնել նրա համար, քայլել նրա հետքերով: Էխ դու… Աղայական ցեղ… Դու մեր գործի ի՞նչ ընկերն ես»:
Սուլեյման-բեյը ցնցվեց: Թեքով սրբեց քրտնած ճակատը: Հուզմունքից դողալով, ոտքով շոշափելով գտավ հողաթափերը, վեր կացավ ու օրորվելով մոտեցավ պատուհանին: Բացեց փեղկերը: Սենյակը լուսավորվեց լուսնի լույսով, զովություն իջավ, ծաղկած յասամանները բուրեցին: Բակում քնկոտ խաղաղություն էր: Միայն ծառերի կատարներն էին փոքր-ինչ ճոճվում: Լուսնի գունատ սկավառակը խճճվել էր բարդու ճյուղերում, որ թանձր ստվեր էր գցել գետնին: Ախոռից գալիս էր ձիերի թեթև փնչոցը: Հին թփակաղնու ստվերում աքլորը թափ տվեց թևերն ու երկար, խլացնող կանչով խախտեց գիշերվա լոությունը: Նրա ետևից կանչեցին թաղամասի մյուս աքլորները: Դռան տակ պառկած մոխրագույն կատուն վեր կացավ, ձգվեց ու հանգիստ քայլեց լուսնի լույսով ողողված բակով: Սուլեյման-բեյր նստեց լուսամատի գոգին ու խորասուզվեց ծանր մտքերի մեջ:

Վաղ առավոտյան, շտապ հագնվելով, նա կտրեց դեռևս դատարկ փողոցն ու թակեց բայ Նիկոլայի դարպասը: Բայն սպասում էր նրան ու հրավիրեց խաղողի որթի տակ բացված սեղանին: Սուլեյման-բեյի դեմքը գունատ էր, մտախոհ ու տխուր: Բայ Նիկոլան գոտու տակից հանեց փոքրիկ արծաթե ծխախոտատուփն ու մեկնեց նրան:
— Խնդրեմ, բեյ էֆենդի:
Երիտասարդ թուրքը վերցրեց ծխախոտատուփը ու շուռումուռ տալով բարակ, նրբագեղ մատներով, բացեց այն: Ծխախոտատուփը դատարկ էր: Կափարիչի ներսի կողմին փորագրված էր. «Մահ կամ ազատություն»:
Առավոտյան արևի ճառագայթները թափանցեցին խաղողի տերևներից ու ընկան ծխախոտատուփի վրա: Այն շողաց: Վառ ցոլքերը խաղացին Սուլեյման-բեյի դեմքին: Վշտից սեղմված շուրթերը ղողացին, բերանի անկյուններում մեղմ ժպիտ երևաց:
— Դու ինձ հավատացի՞ր:
— Հա, բեյ էֆենդի:
Բայ Նիկոլայի աչքերը թացացան: Նա հանգիստ շունչ քաշեց:

Թարգմանեց Հրաչյա Թամրազյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով