Ռաբինդրանաթ Թագոր. Դատավճիռ

I
Երբ երկու եղբայր` Դուկխիրամն ու Չխիդամը բահերն ուսերին լույսը չբացված գործի էին գնում, նրանց կանանց միջև անմիջապես կատաղի վեճեր ու կռիվներ էին սկսվում։ Հարևանների համար սակայն այդ աղմուկը նույնքան սովորական էր դարձել, որքան ամեն մի բնական աղմուկ ու ձայն։
— Ըհը, նորից սկսվե՜ց,— ասում էին նրանք իրար, կանանց ականջ ծակող ձայները լսելով։
Դա նշանակում էր, որ սկսվել է հենց այն, ինչ նրանք սպասում էին, և որ այսօրվա օրը ոչ մի կերպ բացառություն չի կազմում ընդհանուր կանոնից։
Եվ ինչպես ոչ ոք չի հարցնում, թե ինչու է արևը արևելքում ծագում, այնպես էլ ոչ ոք չէր ձգտում իմանալու երկու կանանց կռիվների պատճառը։ Հասկանալի է, որ այս աղմկոտ գժտությունները մի քիչ ավելի վերաբերվում էին ամուսիններին, քան հարևաններին, սակայն նրանց էլ դա քիչ էր անհանգստացնում։ Նրանք կյանքի երկար ճանապարհն անցնում էին մի սայլի մեջ և նրա չյուղած անիվների անլռելի ճռռոցը սովորական երևույթ էին համարում կյանքի կառքով ճանապարհորդելիս։ Ընդհակառակը, եթե տնից ճչոց չլսվեր, և լռությունը ոչինչ չխանգարեր, բոլորը սարսափով կսպասեին աներևակայելի սկանդալի, այնպիսի սկանդալի, որ ոչ ոք չէր համարձակվի նույնիսկ հետևանքները կանխագուշակել։
Այն օրը, որից սկսվում է մեր պատմությունը, տանը լռություն էր տիրում, երբ հոգնած եղբայրները ուշ երեկոյան աշխատանքից վերադարձան։ Դրսում ևս անսովոր լռություն էր։ Վեց ժամ անդադար տեղացող հորդ անձրևը վերջապես դադարեց, բայց ամպերը դեռ ծածկում էին հորիզոնը։ Օդի մեջ թեթև հով անգամ չէր զգացվում։ Անձրևների ընթացքում գյուղի շրջակայքում ծառերն ու խոտը փարթամորեն աճել էին. ջրով ողողված դաշտերի խոնավ կանաչի սուր բույրը թանձր պատի նման շրջապատել էր տունը։ Տանը կից կառուցումներից անմիջապես հետո սկսվող ճահճից գորտերի կռկռոցն էր լսվում։ Անշարժ օդը լցված էր ցիկադների ճռռոցով։
Մոտերքով հոսող Պադման անձրևներից վարարել էր և խտացող ամպերի խավարի մեջ առանձնապես ահարկու էր թվում։ Հերկերի մեծ մասը հեղեղելով, նա մոտեցել էր մարդկանց կացարաններին։ Իջվածքի տեղում ցցվել էին մանգայի և հացի ծառերի մերկ արմատները. հուսահատորեն պարզված մատների նման նրանք կառչում էին դատարկությանը, հուսալով գոնե որևէ հենարան գտնել։
Այդ օրը Դուկխիրամն ու Չխիդամը աշխատում էին զամինդարի գրասենյակում։
Առափնյա ծանծաղուտում բերքն արդեն հասել էր, և գյուղի չքավորներն զբաղված էին կամ սեփական դաշտերում, կամ ջուտի պլանտացիաներում։ Դրա համար էլ, երբ գրասենյակից վերակացուները եկան, գտան միայն երկու եղբայրներին։
Գրասենյակի տանիքը ճեղքեր ուներ և շատ տեղերից
ջուրը ներս էր կաթում։ Ամբողջ օրը եղբայրները վերանորոգում էին այն։ Տուն գնալ չկարողացան և մի բան կերան հենց այնտեղ, գրասենյակում։ Ամբողջ օրը նրանք ստիպված էին թրջվել անձրևի տակ. իրենց հասանելիք վարձը չստացան, բայց դրա փոխարեն հայհոյանքի և կշտամբանքի լիառատ բաժին հասավ նրանց։
Կեղտոտ, մինչև ոսկորները թրջված, մթնշաղին նրանք տուն վերադարձան։ Չոնդորան` փոքր եղբոր կինը, զգեստի փեշը տակը փռած, լուռ պառկել էր հատակին։ Թվում էր նա մռայլ էր, ինչպես այսօրվա օրը, որ նույնքան տխուր էր, որքան անձրևոտ երեկոն։ Մեծ եղբոր կինը` Ռադխան, հոնքերը կիտած նստել էր դարատափում, նրա մեկ և կես տարեկան տղան լաց էր լինում։ Սենյակ մտնելով, եղբայրները տեսան, որ մերկ մանկիկը շրջվել է մեջքի վրա ու քնել անկյունում։
— Բան տուր ուտենք,— նետեց կնոջը քաղցած Դուկխիրամը։
Ռադխան պայթեց, կրակ տված վառոդի տակառի նման։
— Որտեղի՞ց բերեմ,— ականջ ծակող ձայնով ճչաց նա։— Հանա՞ք ես անում։ Միգուցե ե՞ս գնամ փող վաստակելու։
Հոգնատանջ աշխատանքով ու վիրավորանքներով անցած օրից հետո, մութ ու մռայլ տանը լսել կնոջ քաղցի կրակից ծնված խոսքերը, և հատկապես այն թունոտ ակնարկը, որ կար նրա վերջին բառերում, անտանելի էր։
— Ինչ ասացի՞ր,— հարցրեց Դուկխիրամը կատաղած վագրի մռնչոցի նման խեղդված ձայնով, և նույն ակնթարթին բահը կնոջ գլխին խփեց։ Ռադխան փռվեց հարսի ոտքերի մոտ և անմիջապես մահացավ։
— Տե՛ր աստված։ Էս ի՞նչ եղավ,— բղավեց Չոնդորան։ Նրա ամբողջ հագուստն արյունոտ էր։ Բայց Չխիդամը նրա բերանը սեղմեց։ Իսկ Դուկխիրամը բահը մի կողմ նետեց ու շվարած նստեց հատակին, երեսը ձեռքերով ծածկելով: Վախեցած տղան արթնացավ և լաց եղավ։
Մինչդեռ գյուղը առաջվա պես հանգիստ էր։ Հովիվը հենց նոր էր նախիրը բերել։ Գյուղացիները, որ ամբողջ օրը ծանծաղուտում բրինձ էին հավաքել, փոքրիկ մակույկներով տուն էին վերադառնում, նրանք գլխների վրա մի քանի կապով բրինձ էին բերում` իրենց ամբողջ օրվա վաստակը։
Ռամլոչոն Չոկրոբորտի հորեղբայրը, եղբայրների հարևանը, փոստը նամակ տարավ, եկավ և այժմ տան մոտ նստած հանգիստ չիբուխ էր ծխում։ Հանկարծ նա հիշեց, որ իր վարձակալ Դուկխին, որ բավական պարտք էր իրեն, խոստացել էր հենց այսօր պարտքի մի մասը վճարել։ Մտածելով, որ Դուկխին հավանաբար արդեն տուն է վերադարձել, Ռամլոչոնը չադորն ուսին գցելով, հովանոցը վերցրեց ու տնից դուրս եկավ։
Նա նայեց հարևան բակն ու ցնցվեց զարմանքից։ Ամբողջ տանը լամպերը հանգցրած էին։ Մութ դարատափում անորոշ մի քանի կերպարանք էր երևում։ Ժամանակ առ ժամանակ խեղդված հեկեկանք էր լսվում. դա փոքրիկն էր, որ սկսում էր լալ մորը կանչելով, և Չխիդամը ձեռքով փակում էր նրա բերանը։
— Դուկխի, տա՞նն ես,— հարցրեց անհանգստացած Ռամլոչոնը։
Դուկխին նստել էր սառած, քարե արձանի նման։ Իր անունը լսելով, նա փոքրիկ երեխայի պես հեկեկաց։
Չխիդամը շտապ բակ իջավ և մոտեցավ Չոկրոբորտիին։
— Երևում է կանայք նորից սկանդա՞լ են արել,— հարցրեց Ռամլոչոն հորեղբայրը։— Մենք այսօր ամբողջ օրը լսում էինք դրանց վայնասունը…
Չխիդամը ոչ մի կերպ չէր կարողանում մտածել, թե ինչ պիտի անի: Մեկը մյուսից անհեթեթ բազմաթիվ բաներ էին անցնում նրա մտքով, վերջ ի վերջո նա որոշեց, որ երբ մութն ընկնի, դիակը որևէ տեղ կթաքցնի և այդպիսով կազատվի նրանից։ Նա բոլորովին չէր մտածել, որ մինչ այդ իրենց մոտ մարդ կարող է գալ։ Հանկարծակիի գալով, Չխիդամը չգիտեր ինչ պատասխանել։
— Այո՛, այսօր մեծ կռիվ է եղել,— վերջապես ասաց նա։
— Բայց ինչո՞ւ է Դուկխին լալիս,— հարցրեց Ռամլոչոնը աշխատելով մոտենալ դարատափին։
Չխիդամը հասկացավ, որ ոչինչ չի հաջողվի ծածկել, և շտապով պատասխանեց.
Կռվի ժամանակ իմ կինը բահի հարվածով Ռադխային ցած է գցել։
Նման պահին ոչ մի վտանգ ավելի սարսափելի չի թվում, քան այն, որ սպառնում է։ Չխիդամը մտածում էր միայն, թե ոնց դուրս պրծնի սարսափելի ճշմարտության ճիրաններից։ Եվ մի՞թե կարող էր ենթադրել, որ սուտը ճշմարտությունից ավելի ահավոր դուրս կգա։ Ուստի, լսելով Ռամլոչոնի հարցը, Չխիդամն անմիջապես պատասխանեց գլուխն եկած առաջին բանը։
— Տես է՜, այսպես էլ բան կլինի,— բացականչեց Ռամլոչոնը ցնցվելով։ — Ի՜նչ ես ասում։ Դե լավ, հո չմեռա՞վ։
— Մեռավ,— ասաց Չխիդամն ու ընկավ Չոկրոբորտիի ոտքերը։
Ռամլոչոնն արդեն խույս տալ չէր կարող։
«Ռա՛մ, Ռա՛մ,— ասաց նա ինքն իրեն։ — Եվ ինչո՞ւ պետք է գիշերով այսպիսի սարսափելի պատմության մեջ ընկնեիր։ Հիմա ստիպված պետք է լինեմ դատարանում անվերջ ցուցմունքներ տալ»։
Իսկ Չխիդամը առաջվա պես փարվել էր նրա ոտքերին։
— Ո՛վ իմաստուն հորեղբայր,— աղերսում էր նա (գյուղում Ռամլոչոնը դատական գործերի լավագույն գիտակն ու խորհրդատուն էր համարվում)։— Ասա, ի՞նչ անեմ, որ կնոջս փրկեմ։
— Լսի՛ ր,— մի քիչ մտածելով առաջարկեց Չոկրոբորտին։— Մի ելք կա. հենց հիմա վազիր ոստիկանատուն և հայտնիր, որ Դուկխին, մեծ եղբայրդ, երեկոյան քաղցած տուն գալով և իմանալով, որ ճաշը պատրաստ չէ, բահով խփել է կնոջ գլխին։ Այդպես որ ասես` կինդ փրկված է, հավատացնում եմ քեզ։
Չխիդամի կոկորդը չորացավ։
— Չէ՛, տխակուր,— ասաց նա վեր կենալով,— կինս մեռնի` կարող եմ ուրիշն առնել, բայց եթե եղբորս կախեն` երկրորդ եղբայր չեմ գտնի։
Սակայն այն պահին, երբ Չխիդամն իր կնոջը մեղադրում էր հանցագործության մեջ, այդ մասին նույնիսկ չէր մտածել։ Խոստովանությունը նրա բերանից իր համար էլ անսպասելի դուրս թռավ, և հիմա նա ջղաձգորեն արդարացում էր փնտրում իր արարքին։
Իրոք, երիտասարդ գյուղացու առարկությունը Չոկրոբորտիին միանգամայն հիմնավոր թվաց։
— Այդ դեպքում ոչինչ անել չես կարող,— ասաց նա,— պատմիր ամեն բան ինչպես եղել է, չէ որ հանցագործությունը թաքցնելն անհնարին է։
Այս ասելով Ռամլոչոնը հեռացավ, և գյուղում անմիջապես լուր տարածվեց, որ եղբայրների տանը կռվի ժամանակ Չոնդորան բահի հարվածով սպանել է Դուկխիի կնոջը։
Ամբարտակը խորտակող ջրի ոռնոցի նման գյուղ լցվեց ոստիկանությունը, և բոլոր մեղավորներն ու անմեղները մեծ հուզմունք ապրեցին։

II
Չխիդամը հասկանում էր, որ պետք է պահպանի մեկ անգամ վերցրած ուղղությունը։ Ռամլոչոնին արված խոստովանությունն արդեն տարածվել էր ամբողջ գյուղում, և նա ինքն էլ չէր համարձակվում որևէ ուրիշ բան հնարել, քանի որ չգիտեր, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ։ Ուստի կնոջ միակ փրկությունը տեսնում էր այն բանում, որ առաջ ասվածը չհերքելով, աշխատեն գործը խճճել ցուցմունքներով։
Չխիդամը Չոնդորային առաջարկեց մեղքն իր վրա վերցնել։ Այդ խնդիրը այնպես ապշեցրեց նրան, կարծես ամպրոպ էր պարզ երկնքում։
— Մի վախենա իմ ասածից,— հուսադրում էր Չխիդամը։— Մեկ է, մենք քեզ կփրկենք։
Նա մխիթարում էր կնոջը, բայց իր շունչը կտրվում էր և դեմքը ծածկվում էր մահվան գունատությամբ։
Չոնդորան տասնութ տարեկան էր։ Նրա դեմքը կլորիկ էր, վարդագույն, մարմինը պինդ, ճկուն, այնքան բարեկազմ, որ երիտասարդ կինը ինչ էլ աներ` շրջվեր թե թեքվեր, միշտ հավասարապես գեղեցիկ էր։ Չոնդորան շարժվում էր թեթև, ասես փոքրիկ, ամրաշեն ու նոր մակույկ լիներ, և նրա հագուստի վրա երբեք ոչ մի փնթի ծալ չէր լինում։ Ամեն բան նա անում էր մի առանձին եռանդով ու հետաքրքրությամբ, նա սիրում էր փողոցում կանգնել զրույց անել, նրան դուր էր գալիս սափորը ձեռքին ափ գալով, գլխի ծածկոցը մի քիչ բացել ու իր սև սաթի պես փայլուն աչքերով տեսնել ամեն բան, ինչ ճամփին կատարվում էր։
Մեծ եղբոր կինը` Ռադխան, Չոնդորայի լրիվ հակապատկերն էր, դանդաղաշարժ, ծույլ, փնթի, նա երբեք չէր կարողանում ո՛չ գլխի ծածկոցը կարգին վիճակում պահել, ո՛չ երեխային կարգին խնամել, ո՛չ տան գործը հասցնել։ Կարծես որոշակի և ոչ մի գործ չանելով, նա, համենայն դեպս, հաջողացնում էր երբեք ազատ չլինել։ Չոնդորան նրա հետ քիչ էր խոսում` բավական էր հանգիստ մի քանի խոսք ասեր, սա անմիջապես սկսում էր բղավել ու հայհոյել։
Աչքի էր ընկնում նաև երկու կանանց բնավորությունների զարմանալի նմանությունն իրենց ամուսինների բնավորության հետ։ Դուկխիրամը հաղթանդամ, լայնաթիկունք տղամարդ էր, տափակ քթով։ Նրա փոքրիկ աչքերը զարմանքով նայում էին աշխարհին և կարծես այնքան էլ լավ չէին հասկանում, թե այնտեղ ինչ է կատարվում, սակայն հարցնել նրան նույնպես չէին համարձակվում։ Դժվար է հանդիպել երկրորդ այդպիսի` երկչոտ և սակայն վախ ներշնչող, ուժեղ և միաժամանակ անօգնական մարդու։
Իսկ Չխիդամը կարծես ճարտար ձեռքով կերտված լիներ փայլուն սև քարից։ Նա հազվագյուտ համաչափ կազմվածք ուներ, և նրա մարմնի մասերը իրենց ներդաշնակ ձալվածությամբ կատարելության էին հասնում։ Նրա յուղ քսած սև խիտ մազերը միշտ ճակատի վրայից խնամքով հավաքված էին և իջնում էին ուսերին, երիտասարդը հագնվում էր մաքուր, նույնիսկ մի քիչ պճնամոլությամբ։ Ոչ ոք չէր կարող նրա նման բարձր զառիթափից գետը թռնել կամ փայտով հրել նավակը, ոչ ոք չէր կարող այնքան ճարպկորեն բամբուկի կատարը ելնել մատղաշ բողբոջներ պոկելու. մի խոսքով ամեն բանում, ինչ էլ նա աներ, զգացվում էր կազմակերպվածություն ու աշխույժ միտք։
Ու թեև ոչ ոք չի կարող Չխիդամին մեղադրել գյուղի գեղեցկուհիների հանդեպ անտարբերության մեջ` նա միշտ էլ դեմ չէր նրանց առջև իրեն ցույց տալու, սակայն իր երիտասարդ կնոջը` Չոնդորային, նա ջերմորեն սիրում էր։
Երբեմն ամուսինների միջև վեճեր ու գժտություններ էին լինում, բայց նրանք երբեք իրար չէին վիրավորում։ Բացի այդ, մի հանգամանք նրանց միությունն ավելի ևս սերտ էր դարձնում։ Չխիդամր գտնում էր, որ Չոնդորայի նման թեթևամիտ ու գեղեցիկ կնոջը չի կարելի լիովին վստահել, իսկ Չոնդորայի կարծիքով իր ամուսինը հենց մի գլուխ շուրջն է նայում, ուստի եթե նրան խանդով չկապես, ոչինչ չի խանգարի, որ նա մի գեղեցիկ օր հեռանա տնից։
Նկարագրված դեպքից քիչ առաջ ամուսնու և կնոջ միջև լուրջ վեճ էր տեղի ունեցել։ Չոնդորան սկսել էր նկատել, որ Չխիդամը աշխատանքը պատճառ բերելով երբեմն ինչ-որ տեղ է կորչում։ Այսպես, վերջին անգամ երկու օր բացակայելուց հետո նա բոլորովին անփող տուն վերադարձավ։ Որոշելով, որ գործը վատ է, Չոնդորան նույնպես սկսեց իրեն ավելի ազատ պահել։ Նա սկսեց նավահանգիստ գնալ, կամ էլ փողոցից տուն գալով սկսում էր մանրամասն պատմել Կաշի Մոջումդարի փոքր որդու մասին։
Կարծես մեկը թունավորած լիներ Չխիդամի օրն ու գիշերը: Նույնիսկ աշխատանքի ժամանակ նա ոչ մի րոպե չէր կարողանում ցրվել։ Մի անգամ Ռադխայի մոտ գալով նա սկսեց նախատել կնոջը։ Ռադխան ձեռքերն իրար խփելով, հանգուցյալ հորը վկայակոչելով ծղրտաց.
— Դե լավ, սպասիր, ես այդ աղջկան խելքի կբերեմ, քանի դեռ դժբախտություն չի պատահել։ Ես որ լավ գիտեմ, հեռու չէ այն օրը, որ նա որևէ սարսափելի բան կանի։
— Ինչի՞ց ես դու այդպես վախենում, դիդի,— դանդաղ հարցրեց Չոնդորան հարևան սենյակից դուրս գալով։ Եվ երկու կանանց միջև սարսափելի կռիվ սկսվեց։
— Եթե մի անգամ էլ լսեմ, որ մենակ նավահանգիստ ևս գնացել,— բղավեց հանկարծ Չխիդամը, արնակալած աչքերով կնոջը նայելով,— ոսկորներդ կփշրեմ։
— Ախ, ահա թե ի՜նչ,— բացականչեց Չոնդորան։— Դե թող կորչեն ուրեմն ոսկորներս։— Այս խոսքերով նա դուրս դիմեց։
Բայց Չխիդամը մի ոստյունով հասավ նրան։ Մազերից քաշելով, նա կնոջը շպրտեց սենյակ ու դուռը դրսից փակեց։
Երեկոյան, աշխատանքից տուն գալով, նա դուռը բաց գտավ` սենյակը դատարկ էր։ Այդ պահին Չոնդորան, երեք գյուղ թողնելով ետևում, արդեն մոտենում էր իր քեռանց գյուղին։
Երկար խնդրանքներից հետո Չխիդամը մեծ դժվարությամբ կարողացավ կնոջը վերադարձնել, բայց այս անգամ նա ստիպված էր ընդունել իր պարտությունը։
Չխիդամը հասկացավ, որ այս փոքրիկ կնոջը ձեռքի մեջ պահելը նույնքան անհնարին է, որքան ձեռքի ափի մեջ սնդիկը մատով բռնելը։ Նա այլևս բռնություն չէր գործադրում, բայց ապրում էր մշտական տագնապի մեջ։ Քմահաճ երիտասարդ կնոջ նկատմամբ այդ անհանգիստ սերը նրա համար անտանելի տանջանք դարձավ։ Երբեմն նա մտածում էր, որ ավելի հեշտ կլիներ, եթե Չոնդորան մահանար. չէ՞ որ Յամային չես խանդի, ինչպես մի հասարակ մահկանացուի։
Այդ ժամանակ էլ հենց փորձանքը պատահեց։
Երբ ամուսինն սկսեց Չոնդորային համոզել, որ մեղքն իր վրա վերցնի, վերջինս կարծես փայտացավ, իսկ նրա աչքերը շիկացած երկու ածուխի նման անխոս այրում էին Չխիդամի սիրտը։ Հուզված, նա կարծես ելք էր փնտրում այդ հրեշի` ամուսնու ձեռքից ազատվելու։ Իր ամբողջ էությամբ նա ընդմիշտ երես դարձրեց ամուսնուց։
Չխիդամը հավատացնում էր կնոջը, որ նա վախենալու բան չունի, նա նույնիսկ փորձում էր կնոջը սովորեցնել, թե ինչ պատասխանի ոստիկանությանն ու դատավորներին։ Բայց նրա երկար ճառից Չոնդորան ոչ մի բառ չլսեց, նա նստել էր անշարժ, քարացածի նման։
Դուկխիրամը միշտ, ամեն բանում սովորել էր հույսը դնել եղբոր վրա, և երբ Չխիդամն առաջարկեց սպանության մեջ Չոնդորային մեղադրել, նա միայն հարցրեց.
— Իսկ ի՞նչ կպատահի կնոջդ։
— Ես նրան կփրկեմ,— պատասխանեց Չխիդամը։ Եվ երկարահասակ Դուկխիրամը հանգստացավ։

III
— Դու պետք է ասես,— խրատում էր Չխիդամը կնոջը,— որ Ռադխան ուզում էր քեզ դանակով սպանել, իսկ դու պաշտպանվելիս անզգուշաբար դիպար նրան բահով։
Այդ բացատրությունը քեռի Ռամլոչոնն էր հնարել: Նա Չխիդամին մանրամասն բացատրեց, թե ինչ ապացույցներ ու մանրամասնություններ պետք է բերի այդ ցուցմունքը հաստատելու համար։
Մինչ այդ արդեն ժամանած ոստիկանները գործի էին անցել: Այն միտքը, որ Ռադխային Չոնդորան է սպանել արդեն խորապես արմատացել էր գյուղի բնակիչների գլխում։ Բոլոր վկաներն այդ հաստատում էին։
Երբ Չոնդորային հարցրին, նա պատասխանեց.
— Այո՛, ես եմ սպանել:
— Ինչո՞ւ։
— Ես նրան տանել չէի կարողանում։
— Դուք վիճե՞լ էիք։
— Ո՛չ:
— Մի՞թե առաջինը նա չէր ուզում քեզ խփել:
— Ո՛չ:
— Գուցե նա քո նկատմամբ վա՞տ էր վերաբերվում:
— Ո՛չ։
Այդ պատասխանները բոլորին ապշեցրին։ Չխիդամը գլուխը կորցրել էր։
— Նա ճիշտ չի ասում,— բղավում էր նա։— Ռադխան առաջինը…
Ոստիկանը հայհոյանքով ստիպեց նրան լռել:
Չոնդորային բոլոր կանոններով հարցաքննեցին, բայց ոչինչ չօգնեց. պատասխանները նույնն էին։ Ռադխայի կողմից հարձակումը Չոնդորան համառորեն ժխտում էր։ Այդ կինը չտեսնված համառություն ցուցաբերեց։ Նա անհողդողդ գնում էր դեպի կախաղան, և չկար այնպիսի մի ուժ, որ կարողանար ետ պահել նրան։ Ինչպիսի՜ չարաբաստիկ հպարտություն։
«Քեզ թողնելով, ես իմ պատանեկությունը կհանձնեմ կախաղանին, և թող նա լինի իմ վերջին հենարանն այս ծննդում»,— մտովի ամուսնուն էր դիմում Չոնդորան։
Եվ ահա, դատապարտված Չոնդորան, այդ անմեղ, աշխույժ և կենսուրախ փոքրիկ կինը, անցավ մանկուց ծանոթ փողոցով, սայլերի կողքով, շուկան կտրելով անցավ նավահանգստի երկայնքով, Մոջումդարի տան առջևով, դպրոցի և փոստի մոտով և, համագյուղացիների աչքում անարգված, ընդմիշտ հեռացավ գյուղից։ Նրա ետևից խմբով փոքրիկ տղաներ էին վազում, իսկ երիտասարդ կանայք, նրա հասակակիցները ով ծածկոցի տակից, ով դռան ետևից, իսկ ոմանք էլ ծառերի ետևը թաքնված, սարսափից, ամոթից ու զայրույթից իրենց կորցրած, նայում էին ոստիկաններով շրջապատված Չոնդորային։
Դատարանում հարցաքննության ժամանակ նույնպես Չոնդորան իրեն մեղավոր ճանաչեց։ Նրա ասելով սպանության պահին եղբոր կինը իր նկատմամբ ոչ մի կոպտություն չէր արել։
Բայց ահա վկայի տեղում է Չխիդամը։ Բարձր ձայնով ձեռքերն աղերսագին ծալած նա դիմեց դատավորին.
— Երդվում եմ, պարոն— ասաց երիտասարդը,— իմ կինը ոչ մի բանում մեղավոր չէ։
Երբ դատավորը վրան բղավելով ստիպեց նրան հանգստանալ ու սկսեց հարցաքննել, Չխիդամը բառ սռ բառ պատմեց դատարանին ողջ ճշմարտությունը։
Դատավորը նրան չհավատաց, որովհետև գլխավոր վկան` Ռամլոչոնը, որ ամենից ավելի էր վստահություն ներշնչում, հետևյալը պատմեց.
— Ես հանցագործության վայրը եկա սպանությունը կատարվելուց անմիջապես հետո: Վկա Չխիդամն ամեն բան ինձ խոստովանեց։ «Մի բան մտածիր, ինչպես կնոջս փրկեմ»,— խնդրեց նա ոտքերս ընկնելով։ Բայց ես նրան ոչինչ չպատասխանեցի։ «Չոնդորային հանգիստ կթողնե՞ն, եթե ես ասեմ, որ մեծ եղբայրս է կնոջն սպանել, նրա համար, որ կինն իրեն ուտելու բան չի տվել»,— հարցրեց նա նորից։ Բայց ես ասացի. «Զգուշացիր, խելագար, մի բառ անգամ սուտ չասես դատարանին, ավելի մեծ մեղք աշխարհում չկա…»։
Ռամլոչոնը Չոնդորային փրկելու համար մի ամբողջ պատմություն էր հնարել, բայց երբ տեսավ, որ կինը չի աշխատում արդարանալ, վախեցավ, «Հանկարծ ու վերջը ինձ պատասխանատվության չենթարկե՞ն սուտ ցուցմունքների համար,— մտածեց նա։— Ավելի լավ է կասեմ այն, ինչ գիտեմ»։ Այդպիսի որոշում ընդունելով, նա դատարանին պատմեց ամեն բան, ինչ իրեն հայտնի էր, չմոռանալով ավելացնել նաև որոշ մանրամասնություններ։
Դատավորը սեսիա նշանակեց գործը քննելու համար։ Եվ այդ ժամանակ աշխատանքն ու առևտուրը, ուրախություններն ու վիշտը,— ամեն բան աշխարհում գնում էր իր ընթացքով։ Ու այնպես, ինչպես անցած տարիներին, սրաբոն ամսին, հասունացող արտերի վրա անդադար հեղեղով անձրև էր թափվում:
Նորից վկաներ ու մեղադրյալներ են ոստիկանության կողմից դատարան բերվել։
Բակում, դատարանի շենքի առջև, բազմաթիվ մարդիկ սպասում են գործերի քննությանը։
Տան կից կառուցումների ետևն ընկնող մի փոքրիկ ճահճոտ հողամասի բաժանման համար փաստաբան էր եկել Կալկաթայից և հայցատիրոջ կողմից երեսունինը վկա էր կանչել: Քանի՜-քանի հարյուրավոր մարդիկ են դատարան գալիս՝ ջանալով ինչ գնով էլ լինի իրենց թյուրիմացությունները պարզել: Եվ ախր յուրաքանչյուրը կարծում է, որ չկա ավելի կաևոր գործ, քան իրենը։
Չխիդամը սառած հայացքով նայում էր պատուհանից այդ անցած փոքրիկ աշխարհին, և նրան թվում էր, որ այդ ամենը երազ է։ Բանյանի ծառի ստվերախիտ ճյուղերի մեջ երգում էր կկուն. չէ՞ որ թռչունների համար ո՛չ դատ կա, ո՛չ օրենք…
— Օ՛հ, սահիր,— ասաց Չոնդորան,— քանի անգամ կարելի է նույն բանը հարցնել։
— Դու քեզ մեղավոր ճանաչո՞ւմ ես,— դիմեց նրան դատավորը։ — Իսկ գիտե՞ս, թե քեզ ինչ պատիժ է սպասվում։
— Ո՛չ,— պատասխանեց կինը։
— Քեզ կկախեն։
— Օ՜, սահիր, ոտքդ եմ ընկնում, թող դա շուտ կատարվի,— բացականչեց Չոնդորան։— Ինչ ուզում եք արեք, ես այլևս չեմ կարող այս ամենին դիմանալ։
Երբ դատարանի դահլիճ բերեցին Չխիդամին, Չոնդորան երեսը շրջեց։ Դատավորը նրան դիմեց.
— Նայիր վկային, ասա, նա քո ի՞նչն է։
— Դա իմ ամուսինն է,— ասաց կինը դեմքը ձեռքերով ծածկելով։
— Նա քեզ սիրո՞ւմ է:
— Այո՛։ Շատ է սիրում,— եղավ պատասխանը։
— Իսկ դու նրան սիրո՞ւմ ես։
— Շատ եմ սիրում։
Երբ սկսեցին Չխիդամին հարցաքննել, նա հայտարարեց.
— Ես եմ սպանել։
— Ինչո՞ւ։
Ուզում էի ուտել, Չադխան բան չտվեց։
Դուկխիրամը, երբ դուրս եկավ ցուցմունքներ տալու, ուշաթափվեց։ Ուշքի գալով նա ասաց.
— Ես եմ սպանել, սահիբ։
— Բայց ինչի՞ համար։
— Ես բրինձ ուզեցի, նա չտվեց։
Վկաներին հանգամանորեն հարցաքննելուց հետո դատավորը հաստատ համոզմունքի եկավ, որ երկու եղբայրները մեղքն իրենց վրա են վերցնում` կնոջը կախաղանի վրա խայտառակ մահից փրկելու համար։
Իսկ Չոնդորան ինքը ամենուրեք,— և՛ ոստիկանատանը, և՛ դատարանում, միշտ նույնն էր պնդում, և նրա պատասխաններում չնչին իսկ վարանում չէր նկատվում։ Երկու փաստաբան սեփական նախաձեռնությամբ հանձն առան նրան պաշտպանել մահապատժից փրկելու համար, բայց, ի վերջո, նրանք էլ էին ստիպված ձեռք քաշել։
Երբեմնի, պատանեկության արշալույսին, այդ փոքրիկ, թուխ, կլորադեմ աղջիկը, թողնելով տիկնիկներին, հեռացավ հայրական տնից ու մտավ կեսրայրի հարկի տակ։ Ո՞վ կարող էր նախատեսել այն առաջին հարսանեական գիշերը, թե ինչ կպատահեր այսօր։ Նրա հայրը հանգիստ խղճով մահացավ, համոզված, որ, համենայն դեպս, լավ է դաստիարակել աղջկան։
Մահապատժից առաջ մի սրտացավ բժիշկ Չոնդորային հարցրեց` ուզո՞ւմ է որևէ մեկին տեսնել։
— Ես կուզեի մայրիկիս տեսնել,— ասաց Չոնդորան։
— Գուցե դու ուզում ես ամուսնո՞ւդ հանդիպել, ես նրան կկանչեմ,— առաջարկեց բժիշկը։
— Ավելի լավ է մեռնել,— եղավ պատասխանը։

Թարգմանեց Դորա Եսայանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով