Ումբերտո Էկո. Ներքին գրախոսություններ

«Գարուն», 2000, 2

ՀԵՂԻՆԱԿՆ ԱՆՀԱՅՏ Է. «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ»

Սկսեմ նրանից, որ այս ձեռագրի առաջին հարյուր էջերն ամենաշահեկան տպավորությունը թողեցին ինձ վրա:
Տեքստը դյուրընթեռնելի է, դինամիկ և հունցված իսկապես որ «զվարճանքային արտադրանքի» առաջնակարգ խմորով:
Այստեղ կա սեքս (ու լավ է, որ սեքսը շատ է), կա սիրախաղ, միասեռական սեր էլ կա, ու նաև սպանություններ-արնապղծություններ, պատերազմներ-եղեռններ, մի խոսքով` ջենտլմենական վարք ու բարքի սովորական մի հավաքածու:
Միայն Սոդոմում (կամ Գոմորում, բայց դա նշանակություն չունի) ծավալվող ռաբլեական դրվագը, երբ այլասերվածների թայֆան փորձում է «իրացնել» երկու հրեշտակներին, կարող է մի գրքի «քաշ ունենալ»: Նոյի կյանքի պատմությունը հիշողությանդ մեջ արթնացնում է «Արկածային գրադարան» մատենաշարը, իսկ փախուստը Եգիպտոսից համարյա թե պատրաստի կինովեպ է: Տեղը տեղին պատում է ստացվել` տեսքի բերված, մտապահվող դրվագներով, ֆանտաստիկ խառնուրդով, բայց նաև նրբակիրթ ձևի մեջ, առանց չափն անցնելու: Ավելացնեմ, որ աշխարհակործանումի նոտան, որքան էլ դա տարօրինակ է, ականջ չի ծակում:
Բայց և այնպես, չի կարելի չնկատել այս գերկատարյալ մարտակռվի հիմնական թերությունը: Ավա՜ղ: Այդ թերությունը էկլեկտիկ լինելն է: Համարձակվում եմ անգամ ենթադրել, որ, ըստ էության, մեր առջև ոչ թե ամբողջական հեղինակային անհատականություն է, այլ բազմաթիվ տեղերից պլոկած, տարաձև ու տարաբնույթ մեջբերումների հավաքածու: Ընդ որում` անբնական հարևանությամբ, առկա են և միանգամայն չպատճառաբանված հանգավորումը (երևում է` տեքստի մեջ խցկել են ինչ-որ երգեր), և ձանձրալի, արցունքաբեր Երեմիայի ողբերը, որոնք ունակ են սոսկ քնեցնել:
Վերն ասվածից կարելի է եզրակացնել, որ հրատարակչությանն առաջարկված ստեղծագործությունն ինչ-որ հավաքովի խառնուրդ է` նախանշված բոլորի քիմքին դուր գա-լու համար… Ուստի և ոչ մեկին դուր չի գա: Եվ ինչպես միշտ նման դեպքերում, հավելվող իրավունքների հիմնախնդիրը վերածվում է իսկական մղձավանջի: Ո՞վ պիտի ձեռք բերի անհրաժեշտ պայմանավորվածությունները հեղինակների հետ: Փրկությունն այն է, որ գիրքը կազմողը միանձնյա հանդես գա ողջ կոլեկտիվի անունից: Վատ միտք չէ, բայց, չգիտես ինչու, կազմողի անունը չկա:
Կարծում եմ, անիմաստ չէր լինի տնտղել հինգ (ոչ ավելի) գրքերի առանձին հրատարակման հեռանկարը: Հաջողության հնարավորությունը կմեծանար: Իսկ որպես աշխատանքային վերնագիր առաջարկում եմ` «Դա պատահել է Կարմիր ծովի կողմերում»:

ՄԱՐՔԻԶ ԴԸ ՍԱԴ. «ԺՅՈՒՍՏԻՆԱ»

Ձեռագիրն ինձ հասավ այն պահին, երբ շատ ծանրաբեռնված էի և, ճիշտն ասած, ստիպված ընտրողաբար ծանոթացա:
Առաջին տպավորությունս` ստվարաթերթ նատուրալիստական փիլիսոփայություն` բազմաբնույթ թեմաների շեղումներով: Գոյության պայքարի դաժանության մասին, բույսերի վերարտադրման մասին, կենդանական աշխարհում տեսակների հերթագայության մասին: Երկրորդ անգամ տասնհինգ էջերի ընթերցումն ինձ բացահայտեց հաճույքի էությունը, պատմեց զգայականի ու երևակայականի մասին և այս ոգով` շարունակաբար: Երրորդ անգամ երկու տասնյակ էջերում սեռերի փոխհարաբերություններում ենթակայության սկզբունքն էր քննարկվում աշխարհի տարբեր երկրների օրինակով: Կարծում եմ, այսքանը բավական է: Գիտական հրապարակումներով մենք չենք զբաղվում: Մեր օրերում հասարակությանը միայն սեքս է պետք, սեքս ու նորից սեքս, և որքան բազմազան ու բազմատեսակ` այնքան լավ: Լավից լավը չեն փնտրում: Մենք մեր ճամփան գտել ենք` հրատարակելով «Ասպետ դը Ֆոբլազի արկածները»: Փիլիսոփայական գործերն ուղարկեք «Գիտությանը»:

ՍԵՐՎԱՆՏԵՍ ՄԻԳԵԼ. «ԴՈՆ ԿԻԽՈՏ»

Չափից ավելի անհարթ ու տեղ-տեղ դժվար ընթեռնելի գիրքը նկարագրում է իսպանական մի գրանդի ու նրան ուղեկցող ծառայի կյանքի էջերը, նրանց թափառումները ֆանտասմագորիկ պատրանքներին հասնելու համար: Որքան հասկացա` հերոսը մտավոր որոշ խախտում ունի: Դա զգալը հեշտ է, քանի որ կերպարը ծավալային ու կենդանի է ստացվել: Պետք է ասել, որ Սերվանտեսն օժտված պատմիչ է: Հերոսի ծառան պարզամիտ մեկն է, բայց զուրկ չէ բնածին առողջ դատողությունից: Բնական է, որ ընթերցողը հեշտորեն իրեն նույնացնում է այդ ծառայի հետ, առավել ևս, որ գլխավոր հերոսի խենթությունը չի կարող չվանել: Ահա և, ըստ էության, ողջ պատմությունը: Պատմված է բավականաչափ հետաքրքիր, գործողությունների անսպասելի շրջադարձներ և հյութեղ, հետաքրքրաշարժ դրվագներ կան: Այսպես: Սակայն ինձ թույլ կտամ դուրս գալ սուբյեկտիվ համակրանքի սահմաններից ու մի շարք ընդհանուր կարծիքներ արտահայտել:
Մենք ունեք «Չհորինված վիպակներ» հաջողված մատենաշարը: Նրա շրջանակներում հրատարակել ենք (շոշափելի արդյունքով) նաև «Ամադիս Գաղղիացին», «Գրաալի մասին առասպելը», «Վեպ Տրիստանի մասին», «Լէն սոխակին մասին», «Վեպ Տրոյայի մասին», «Էրեկն ու Էնիդուն»: Այժմ ստացել ենք մի սկսնակի` Դի Բարբերինոյի «Ֆրանսիայի թագավորական տոհմը» գրքի հայտը: Իմ համոզմանը, այդ գիրքը բեսթսելլեր կդառնա, և գրազ կգամ ինչի վրա ասեք, որ կհավակնի «Տարվա գիրք» մրցանակին, քանզի այդ բնույթի ընթերցանությունը հաջողություն է վայելում ժողովրդի շրջանում:
Այժմ այս տեսանկյունով քննարկենք Սերվանտեսի ձեռագիրը: Մեր իսկ սեփական հրատարակչական գծի ցայտուն կեղծում: Այս վեպին զուգահեռ այն ամենը, ինչ հրատարակել ենք առ այսօր, անպատասխանատու զառանցանք է: Ստացվում է, որ ինքներս մեզ ենք քոթակում: Ու տպագիր խոսքի ոչ մի ազատություն ու բազմակարծություն արդարացում չեն կարող լինել նման մասնագիտական խարակիրիի համար:
Եվ հանուն ինչի՞ կամ հանուն ո՞ւմ: Հեղինակին վերջերս են դուրս թողել բանտից, ու նա կարծես թե լավագույն վիճակում չէ: Ինչ-որ բան են կտրել՝ ձեռք թե ոտք, բոլոր դեպքերում միտք չունի շարունակության վրա աշխատելը, այնպես որ մեծ տպաքանակի հոտ այստեղից չի գալիս: Չեմ կարծում, որ իմաստ ունի առաջընթացի աոջևից վազելը` ավերելով երկար տարիների աշխատանքի արդյունքները, ինչը մեզ հաճույք է պատճառել, այդ թվում և` բարոյական (ասեմ առանց կեղծ բարոյախոսության), ինչպես նաև համապատասխան շահույթ: Առաջարկում եմ մերժել հայտը:

ԴԱՆՏԵ ԱԼԻԳԻԵՐԻ. «ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»

Ալիգիերիի գործը թեև սիրողական է (լինելով դեղագործների համքարության անդամ` Ալիգիերին իր հոբիին տրվում է աշխատանքից ազատ ժամանակ), բայց և այնպես ստեղծագործության տեխնիկական կողմն ապահովված է և ի ցույց է դնում գրողի անվիճելի շնորհքը: Ինքնատիպ մի մանրամասն` գիրքն սկզբից մինչև վերջ գրված է Ֆլորենցիայի գռեհիկ բարբառով: Այն բաղկացած է հարյուր բաժիններից, հանգավորումը` երեքական տողով: Գրվածքի շատ մասեր ընթերցվում են անթաքույց հետաքրքրասիրությամբ: Այսպես, օրինակ, գրավում են աստղագիտական գերերևույթների նկարագրությունները և աստվածաբանական բնույթի որոշ հակիրճ, սակայն ծանրակշիռ մտքեր:
Առավել դյուրընթեռնելի, հանրամատչելի է աշխատության երրորդ մասը` շնորհիվ մատչելի թեմայի և ընթերցողական լայն շրջանակի պահանջներին համապատասխանության` Փրկություն, Աստվածային Հայտնություն, Սուրբ Կույսի աղերսը: Այդ հետաքրքրաշարժ վերջաբանի հենքին առավել կցկտուր և օտարոտի է դիտվում գրքի մեկ երրորդը (սկզբի մասը)` իր անշնորհք դեգերուններով դժվարամարս սեքսից մինչև տառապանքի նատուրալիստական նկարագրությունները և ամենագարշելի անպարկեշտությունները:
Ափսոս, իհարկե, քանի որ այդ առաջին գիրքը մեծավ մասամբ փչացնում է ընդհանուր տրամադրությունը: Պետք է, իրոք, բուն էությանը հասնելու շատ մեծ ցանկություն ունենալ այդ մռայլ, ծանրամարս ֆանտաստիկան կրելու համար: Հավելենք, որ հեղինակի գաղափարների մեծամասնությունը բազմիցս արծարծվել է անդրաշխարհի մասին զանգվածային հրապարակումներում և բնածին մեղքը քննարկող պարզունակ տրակտատներում:
Բայց սա դեռ վատթարագույնը չէ: Առավել պրոբլեմային է սկզբունքային շեշտադրումը բարբառի վրա (ինչն ավանգարդիստական հովերի արդյունք է), որն օգտագործվում է Տոսկանիայի կենտրոնական շրջանում: Ոչ ոք չի վիճարկում, որ դեռևս բավականաչափ արտահայտչամիջոցներ կան խոսակցական լեզվում ու ժարգոնում, որոնք օգտագործման մեծ հայտ ունեն: Այս ոլորտում աշխատում են ոչ միայն ավանգարդիստական խմբակներր: Սակայն` բանական չափավորության պայմանով: Հակառակ դեպքում կկրկնվի «սիցիլիական քնարերգության» տխրահռչակ պատմությունը, որն այսպիսի վերջաբան ունեցավ, հրատարակիչը հեծանիվով անցնում էր փողոցային կրպակներն ու փորձում իրացնել ձախողված տպաքանակը:
Եվս մեկ կարևոր դիտարկում: Բավական է մեկ անգամ տեղի տալ ու տպագրել տոսկանական բարբառով գրված գիրքը, և կսկսվի Ֆերրարիից, Ֆրիուլիից և մնացած այլ վայրերից բարբառով գրող հեղինակների արշավանք մեզ վրա: Ընդհանրապես վատ չէր լինի որոշել նման շուկայի գնողունակությունն ու պահանջարկը, հնարավոր է, որ այդպիսի մոտեցումը հեռանկար ունի: Բայց այդպիսի տեղային զննումների համար ավելի արդյունավետ են մոդեռն ոճի փոքրածավալ գործերը և ոչ թե մեր կողմից գրախոսվող գրական դինոզավրը:
Անձամբ ես դեմ չեմ հանգերին, բայց և չեմ մոռանում, որ հասարակության մեծամասնությունը գերադասում էր, է և կգերադասի անհանգ վերլիբրը: Ուրեմն, ի վիճակի՞ է նորմալ մարդը հաղթահարել հնագույն տերցինների բարձունքը, այն էլ` Ֆլորենցիայի բարբառով: Դե, իսկ եթե ընթերցողը Հռոմից է կամ էլ Միլանի՞ց…
Կարծում եմ, վնասակար չէր լինի ընթերցողական լայն շրջանակի համար մշակել ոչ թանկարժեք տարածաշրջանային մատենաշար: Որպես սկիզբ` կառաջարկեի Դեցիմ Մագնա Ավզոնիայի «Մոզելյան մարզը» կամ «Մոդենյան պահակների երգերը»: «Կապուայի խարտիայի» նման պաճուճանքները թողնենք ավանգարդիստ հրատարակիչներին:

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ. «Ի ԽՈՒՅԶ ԿՈՐՈՒՍՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԻ»

Անվիճելի է. մեր առջև ավելի քան հետաքրքիր գաղափար է: Տեքստը շատ երկար է, դրանից կարելի է փոքրածավալ մատենաշարի բավական թվով թողարկումներ անել:
Բայց և այնպես հաշվի առնենք, որ հարկ կլինի համարյա ամեն ինչ խմբագրել, գոնե ամբողջ կետադրությունը: Տեքստը պարբերությունների բաժանված չէ, հեղինակն անգամ նախադասությունները վերջակետով չի առանձնացրել (նախադասությունը երբեմն երկու էջ է ձգվում): Եթե ինքը չցանկանա վերամշակել, չգիտեմ, թե նրա փոխարեն ով կանի: Սակայն առանց դրա գիրքը չի կայանա:

ԷՄԱՆՈՒԻԼ ԿԱՆՏ. «ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

Ես գիրքը տվեցի Վիտորիո Սալտինիին և ստացա այսպիսի կարծիք, այդ Կանտն ավելի քան չափազանցված է: Այնուամենայնիվ, ես չծուլացա և ինքս աչքի անցկացրի: Սևը փիլիսոփայական բաժնի համար բարոյախոսական թեմայով գրված նման մի գրքույկը կարող է պետքական լինել, բացառված չէ, որ այն, որպես ուսումնական ձեռնարկ, կերաշխավորվի որևէ համալսարանի ուսանողների: Սակայն գիրքը տպագրելու որոշումից ետ է պահում այն հանգամանքը, որ գերմանական հրատարակչությունը ստիպում է նրա հետ միասին գնել նաև նախորդ գիրքը, իսկ այն երկու հսկայածավալ հատոր է, ինչպես նաև մեկ այլը, որը Կանտը գրում է, թեև դեռ չի գրել: Այդ բոլոր գրքերը համարյա նույն անվանումն ունեն, ես լավ չմտապահեցի, ոչ այն է՝ արվեստի, ոչ այն է` դատողությունների մասին են: Իսկ դա նշանակում է, որ այդ ամենը ստիպված ենք իրացնել մեկ փաթեթով: Հակառակ դեպքում ժողովուրդը կսկսի մեկը շփոթել մյուսի հետ` ասելով. «Այս մեկն արդեն կարդացել եմ»: Սի խոսքով, այս պատմությունն էլ նույն ավարտը կունենա, ինչ այն մի դոմինիկանցու վիթխարի «Գումարը», որը մենք սկսեցինք թարգմանել, իսկ հետո զիջեցինք «Հրատա-րակիչների կոնցեռնին», որովհետև շատ թանկ էր նստում:
Վերջնականապես մեզ խեղճացնելու համար գերմանական հրատարակչությունը հայտարարեց, որ մենք պետք է ստորագրենք նաև Կանտի փոքրածավալ ստեղծագործությունների ձեռքբերման պայմանագիր, սակայն դրանց թիվն անսահման է, իսկ թեման ներառում է անգամ աստղագիտությունը: Երկու օր առաջ ես զանգեցի անձամբ հեղինակին` Քյոնիգսբերգ, «Բանականության» առանձին հրատարակման մասին պայմանավորվելու համար: Սակայն նա տանը չէր, իսկ տնային աշխատողն ասաց, որ ժամը հինգից մինչև վեցն ընդունված չէ զանգել, որովհետև մարդիկ զբոսնում են, երեքից չորսն էլ` նմանապես, որովհետև մարդիկ քնած են: Մի խոսքով, ես հասկացա, որ նման կարգուկանոնի սիրահարների հետ չարժե գործ բռնել` թանկ կարժենա:

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ. «ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Շատ էլ լավ գիրք է, փոքր-ինչ դետեկտիվ` հիչքոքյան երանգներով: Վերջաբանում լավ սպանություն կա: Մի խոսքով` գիրքն իր ընթերցողին կգտնի:
Բայց այն տպավորությունն է, կարծես հեղինակի վրա գրաքննադատության ինչ-ինչ ճնշում կա: Ո՞ւմ են պետք անհասկանալի ակնարկները, ինչո՞ւ իրենց անուններով չանվանել իրերը, հերոսներին ու գործողության վայրը: Եվ, վերջապես, ի՛նչ պատճառով է տեղի ունենում այդ «դատավարությունը»: Պետք է հիմնավորապես պարզել մութ տեղերը, տեղայնացնել նկարագրություններն ու բերել միայն փաստեր, փաստեր ու նորից փաստեր: Բացահայտել տեղի ունեցածի շարժառիթները, ուժեղացնել «սասպենսը»:
Երիտասարդ գրողները համարում են, որ ավելի պերճաշուք է գրել «մի մարդ»` «պարոն այսինչը այս վայրում և այս ժամին»-ի փոխարեն, ու երևակայում են, որ այդպես ավելի բանաստեղծական է: Աստված իրենց հետ: Եթե գործը մշակման ենթակա է` կմշակենք, հակառակ դեպքում` կմերժենք:

ՋԵՅՄՍ ՋՈՅՍ «ՖԵՆՆԻԳԱՆԻ ՀՈԳԵՀԱՑԸ»

Խմբագրությանը խնդրում եմ ավելի ուշադիր լինել կարծիքի ուղարկվող գործերի նկատմամբ: Լինելով անգլիալեզու գրականության խորհրդատու` ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են ինձ ուղարկել, սատանան գիտի, թե ինչ լեզվով գրված ձեռագիր: Ձեռագիրն ուղարկում եմ առանձին ծրարով:

Թարգմանեց Կարինե Աբոյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով