Ջոն Ափդայք. Վեպի ապագան

«Գարուն», 1999, 7

Ամենից առաջ մտածենք` արդյո՞ք վեպի ապագան լուրջ խնդիր է, թե դա ընդամենը գրական անվերջանայի վիճաբանությունների նյութ է այն մասին, ինչ իրականում գոյություն չունի: Մեզ հուզո՞ւմ է, արդյոք, պոեզիայի ապագան: Ինչքան էլ տարօրինակ է` ամենևին: Սակայն բանաստեղծությունը, շատ ավելի փխրուն արձակի համեմատությամբ, թվում է` բնավ չհարմարված հեռուստատեսության, կինեմատոգրաֆի և փողոցային աղմուկի ձայնեղ հարևանությանը, շատ ավելի նվազ շանսեր պիտի ունենա գոյատևելու` կոմպյուտերների և մակլյուէնյան դարի այլևայլ նվաճումների կողքին, որոնք բթացրել են մեր զգացումներն ու նենգափոխել մարդասիրական ավանդույթները: Այդուհանդերձ, պոեզիան շարունակում է ապրել: Մեծ բանաստեղծներ են հայտնվում, ստեղծագործում և մահանում: Հողմերն ու հեղափոխություններն ընդմիջվում են հանդարտության և անդորրի շրջաններով: Էզրա Փաունդի և Ալեն Գինզբերգի նման բանաստեղծները մանիֆեստներ են հրապարակում ու հետևորդներ ձեռք բերում: Մյուսները, ինչպես մեր Ուոլերս Սթիվենսը կամ ձեր Ֆիլիպ Լարկինը, որոնք այդչափ հուժկու ձայն չունեն, խորհրդածում են և գրում: Կասկած չկա, որ կան պոեզիայի զարգացման համար ավելի կամ պակաս արգասավոր տասնամյակներ, սակայն ամեն մի սերունդ ներկայացնում է թե՛ բանաստեղծությունների, թե՛ գնահատողների որոշակի քանակություն: ԱՄՆ-ում պահպանվել են պոեզիայի մոլի երկրպագուներ, և նրանց շրջանակը շարունակում է ընդլայնվել: Իսկ եթե բանաստեղծ համարենք (իսկ ինչո՞ւ ոչ) ամենուր հանդիպող պոպ-բարդերին՝ Բոբ Դիլանի և բիթլերի հանգույն, ապա պոեզիան գնահատողների քանակը հիրավի վիթխարի է: Ձգտումը երգին` այն, ինչ կատարվում է նվագակցությամբ, այնքան մոտ է մարդկային բնությանը, որ պատմության հնարավոր ոչ մի շրջադարձ կամ տեխնիկայի ասպարեզում ոչ մի թռիչք ի վիճակի չեն դա ոչնչացնել:
Բայց մի՞թե նույնը չի կարելի ասել գեղարվեստական արձակի մասին: Հնարավոր է: Այդուհանդերձ, աստիճանաբար տպավորություն է ստեղծվում, որ վեպը մարդու ինքնարտահայտման այնքան վաղեմի ձևերից չէ, ինչպես պոեզիան, պարը կամ կատակը, այլ հակառակը, էպիկական պոեզիայի կամ ողբերգություն կոչված դրամատիկ ձևի նման, հանդիսանում է մի ժանր, որը կատարում է ապրելու իր շրջանը և ավարտում վախճանով, վախճան, որն, ակներևաբար, արդեն եղել է:
Դոկտոր Ջոնսոնն իր «Բառարանում» «վեպ» բառը բնորոշում է որպես «ոչ մեծ պատում, սովորաբար սիրո մասին»: Անառարկելի է, նա ամենից առաջ նկատի է ունեցել XIV և XVII դարերի ընթացքում մեծ քանակությամբ ստեղծված իտալական նովելները, որոնց մեջ Բոկաչչոյի նովելներն ամենանշանավորներն են: Հենց այդ նովելներից է Շեքսպիրը սյուժեներ փոխառել իր դրամաների, այդ թվում «Ռոմեո և Ջուլիետի», «Օթելլոյի» համար: Անգլիայում վեպի ձևը էապես հարստացվեց և ընդարձակվեց. Ռիչարդսոնը վեպ ներմուծեց նամակագրությունը, իսկ Դեֆոն դիմեց օրագրի ձևին: Ֆիլդինգը և Ջեյն Օստինը վեպը դարձրին հասարակության միկրոկոսմոս, իսկ Դիկենսը վեպի ընդարձակ տան մեջ մի սենյակ էլ ավելացրեց` դատական նիստների դահլիճը` սոցիալական չարիքը մերկացնելու նպատակով: XIX դարում հաստափոր վեպը, որ արագընթաց ժամանակի հանդիսավոր երաժշտությունն է հաղորդում, ըստ էության այնքան է մերձենում նովելի երբեմնի անպահանջկոտ ժանրին, որ Թենիսոնը պնդում է, թե վեպը «կշարունակվի մինչև անսահմանություն»: Եվ միշտ, բոլոր ժամանակներում ու բոլոր ստեղծագործություններում, ընդհուպ մինչև արդիականը, վեպի ամենուր թափանցող և ամեն ինչ ագուցող թելը սերն է եղել: Ֆրանսիացիներն ասում են. «Առանց սիրային կապի վեպը չկա»: Ու թեև նման պնդումներ առավել արդարացի է նրանց իսկ վեպերի, քան անգլիականների պարագային, իսկապես դժվար է պատկերացնել վեպ, նույնիսկ լորդ Սնոտի գրչին պատկանող, առանց, ինչպես ասում են` «սիրո հետաքրքրության»:
Ես հակված եմ համարել, որ դա ավելի շուտ վեպի առանձնահատկությունն է, որպես ժանր, քան մեր կյանքի ճշմարտացի արտացոլումը: Սիրուց զատ, գոյություն ունեն նաև կյանքի այլևայլ` մեզ համար կարևոր եզրեր, բայց որպես արհեստավարժ գրող, ում վիճակվում է երբեմն թույլ վեպեր էլ կարդալ, ես քանիցս նկատել եմ, որ հենց այդ եզրերն էլ առավելապես դժվար են ենթակա արտացոլմանը վեպում: Հիվանդությունը և տառապանքն ամբողջովին կլանում են նրանց, ովքեր կրում են դրանք, բայց եթե սիրային վերուվարումների ութ հարյուր էջերը կարող են մեզ հափշտակել, ու մենք կկարեկցենք սիրահարների բոլոր տվայտանքներին, ապա հիվանդությունների և տառապանքների նկարագրությունը, ինչքան էլ կարեկցենք հերոսին, շատ շուտով կհոգնեցնի մեզ: Ճիշտ նույնպես, փողի հսկայական գումարները, որ այնքան հափշտակում են իրականության մեջ, վեպում մեզ հետաքրքրում են լոկ այն դեպքում, եթե հարստության ձգտումը նպաստում է հերոսի և հերոսուհու վերջնական միացմանը, իսկ դա ամեն մի ընթերցողի գլխավոր ու միակ ցանկությունն է: Իրականում, գեղարվեստական արձակը հենց այն պատճառով է ավելի դեմոկրատական, նրա մաքուր ու թարմ աշխարհը հենց նրանով է տարբերվում առօրեականից, որ իրական կյանքում հարուստներն ու նշանավորներն ավելի են գրավում մեզ, քան չքավորներն ու նսեմացածները, իսկ վեպում ամեն ինչ այլ կերպ է դառնում: Նույնիսկ հերոսի խելքը մեզ ավելի գրավիչ չի դարձնում նրան: Ո՛չ, վեպի այդ տարօրինակ` ամեն ինչ և բոլորին հավասարեցնող աշխարհում մարդը մեր հետաքրքրությանը պիտի արժանանա իր, ինչպես ավելի ստույգ ասել` իսկական զգացմունքների ուժով:
Եվ այդժամ մի տարտամ կռահում է առաջ գալիս, որ վեպն իր բնույթով սենտիմենտալ է: Ես գործածում եմ այս բառը ոչ իր բացասական իմաստով, այլ որպես տերմիններից մեկը, որոնցից օգտվում ենք գրականության մեջ: Այդ տերմինը դեռևս չկա ոչ Նոր կտակարանում, ոչ «Բեովուլֆում», ոչ «Շղթայված Պրոմեթևսում», ոչ «Կորուսյալ դրախտում»: Այս հասկացությանը, ինչպես և ուրիշ նոր բառերի և հասկացությունների մենք հանդիպում ենք «Աստվածային կատակերգության» մեջ, և ըստ երևույթին, հասկացությունն ինքնին ի հայտ է գալիս Իտալիայում, միջնադարի ավարտին, կապիտալիզմի ծագման ժամանակաշրջանում: Այն ժամանակ հենց, երբ մարդկային արժեքը սկսեց որոշվել դրամական արտահայտությամբ և մարդիկ վերածվեցին արտադրության հավելուկի, այն ամենն, ինչ չէր առնչվում տնտեսությանը, անցավ ընդհատակ, այսինքն` գրականություն: Դժվար է պատկերացնել, սակայն հավանորեն, միջնադարի մարդը, պատվիրանազանցության և քավության` իրենից առաջ կատարված տիեզերական դրամայի վիթխարիության զգացումով, մեղքի և թողության հնարավորության մտքին համակերպված, մեզնից ավելի քիչ կարիք ուներ հա-վաստիացումների, թե իր զգացմունքները կարևոր են և որ իր ներքին կյանքն ու տեղը հասարակության մեջ իրենցից ներկայացնում են միասնական ամբողջություն: Նույնիսկ հիմա էլ արմատականները վեպերի ջանադիր ընթերցողների թվին չեն պատկանում:
Ընդհանրացումների լայնությունը ծանր բեռ է վիպասանի համար, որը սովոր է գործ ունենալ ավելի մասնավոր հանգամանքների, տարօրինակ, սակայն լիովին բացատրելի փաստերի հետ: Ես կկամենայի բնութագրել վեպը` որպես մասնավոր ձեռնարկչության արգասիք, որի համար շուկա է ստեղծվում այն ժամանակ, երբ պետությունը, համայնքը կամ եկեղեցին արհամարհում են մարդու կյանքի հուզական կողմը: Այդժամ սերը դառնում է խորհրդանիշ, ինքնօրինակ մի նշան բոլոր անհստակ, շփոթ, անցավոր զգացմունքների, որոնք չեն լքում մեզ, քանի դեռ գոյություն ունենք: «Գոյություն» և «Սիրահարություն»` Հենրի Գրինի հոյակապ վեպերի վերնագրերն են: Այս երկու բառերի միջև հավասարության նշան կարելի էր դնել, եթե մի տառի տարբերություն չլիներ, ինչին համաձայն են վեպերի բոլոր ընթերցողները, իր տաղտկալի օրն ընթերցանությամբ անցկացնող տանտիկինը, տան իրարանցման մեջ գրքի էջերում խորասուզված դեռահասը, մերձքաղաքային գնացքով տուն վերադարձող դրամատան ճշտակատար ծառայողը: Եվ նրանք բոլորը մասնակիցներն են մի դավադրության, որը կոչվում է պահպանել գաղտնիքը, թե մարդիկ ընդունակ են զգացմունքների: Միայն, խնդրում եմ, մի մտածեք, որ ես նկատի ունեմ էժանագին հորինվածքը, աղբը: Արդի վեպերից ամենաընտրովի և նշանակալի գործերը, սկսած «Կորուսյալ ժամանակի որոնումներից» մինչև «Լոլիտա», իրենց համակ անվեհեր արվեստով հանդերձ, մասնակիցներն են այդ դավադրության: Նույնիսկ այնպիսի մի աներկբա և համընդգրկուն գլուխգործոց, ինչպիսին «Ուլիսն» է, վերջին հաշվով, սիրո մասին է: Լեոպոլդը և Մէրիոն Բլումը մեծ սիրահարներ են, մեծ` իրենց կարեկցանքով և հավատարմությամբ, հավատարմությամբ միմյանց և իրենց ներքին զգացումների, իրենց իսկական զգացմունքների նկատմամբ: Ստիվեն Դեդալուսը, հավանորեն, հենց այն պատճառով է ձանձրալի, որովհետև սիրահարված չէ: Չսիրել, շշնջում է Վ տառը (վեպը) Ա տառին (Արևմուտքի մարդ), նշանակում է մահանալ:
Բայց բավական է անցյալի մասին, իսկ հետագայո՞ւմ ինչ: Վիկտորիանական վեպը վաղուց մնացել է ետևում: Ես կարծում եմ, որ սեքսը, ջինի պես, բուրժուազիան թաքցրել էր շշի մեջ, որը բացելու բազում փորձերի հետևանքով վերջապես ջարդվել է: Անսպասելիությունների այն կծկիկը, որը մեզ լարման մեջ է պահում, և որը մենք սյուժե ենք անվանում, մեծապես կախված է նրանից, թե բուրժուական հասարակությունն ինչպես է վերաբերվում սեքսուալ ազատությանը: XIX դարի վեպերում և XX դարի կինոնկարներում ամուսնական դավաճանության պատիժը մահն է: Այնինչ, ես մտածում եմ, որ անգամ «Տիկին Բովարի» վեպում, որի հերոսուհին հիստերիկ է և այդ պատճառով էլ թույն է խմում, նրան լիովին կարող էր փրկեր օրինակ, անսպասելի ժառանգություն ստանալը: Ասենք, Իվլին Վոյի վեպերում, ամուսնական անհավատարմությունը վերածվել է վտանգավոր զբաղումի, իսկ հիմա, ինչպես թվում է ինձ, անհետանում է նաև վտանգի այդ թեթևակի երանգը: Ինչպես նշել է Դենի դը Ռուժմոնը, սիրո ճանապարհին ավանդական խոչընդոտներն այլևս չեն ազդում մեզ վրա: Միայն ինքնօրինակ, ծայրաստիճան անսովոր իրավիճակը, ինչպիսին առկա է «Լոլիտա»-ում, ի վիճակի է դեռևս վեհացնել այդ ռոմանտիկ կիրքը: Շնորհիվ Ֆրոյդի, ինչպես էլ նրան մեկնեն, սեքսը ձեռք բերեց ազատության իրավունք, իսկ նոր հակաբեղմնավորիչ դեղամիջոցները բոլոր արգելքները հասցրին նվազագույնի: Սակայն բավական էր սոսկ վերացնել նախկին արգելքներն ու դժվարությունները, և ահա վեպի եռաչափ կառուցվածքը քայքայվում է` վերածվելով անպատմելի ձանձրահարույց միաչափության: Հենրի Միլլերի վեպերը վեպեր չեն, այլ սեռական գործողությունների նկարագրություններ` ընդմիջված հեղինակային դատողություներով: Նման վեպերն ավելի մոտ են «Հազար ու մի գիշերներին», քան Տոլստոյին, ճշմարիտն ասած, դրանք վեպեր էլ չեն, այլ հեքիաթներ:
Դոկտոր Ջոնսոնը բնորոշել է վեպը նաև որպես ինքնօրինակ պատում` հեքիաթի ոգով, ու թեև դասական վեպը, բուրժուական Եվրոպայի զգացմունքների այդ սենտիմենտալ ընդհատակը, պատկանում է պատմության հեռացող շրջանին, հակումն առ հեքիաթը պակաս հատուկ չէ մարդկային բնությանը, քան սերը երգի նկատմամբ: Երևակայական աշխարհի մասին արձակ երկերն առաջվա նման լույս կտեսնեն, առաջվա պես, իներցիայով, դրանք կկոչվեն վեպեր: Ինչպիսի՞ն կլինեն: Մի քանիսը կշարունակեն Միլլերի ավանդույթները և կուսումնասիրեն բոհեմի մտերմիկ կյանքի անհատական ընկալումները: Այդ ավանդույթը ոչ մի կերպ չի կարելի կոչել ամոթալի… Դա շատ մոտ սահմանակից է էրոտիկ գրականությանը, որն իր հերթին դարերով պսակված ավանդույթ ունի: Սակայն, իմ տեսակետից, հասարակությանը սպառնում է ոչ ամենևին սեքսը, այլ բռնությունը, որի կործանարար ներազդեցությունը շարունակ աճում է, և գրաքննչական արգելքները, իմ կարծիքով, պիտի վերաբերեն ոչ թե սեքսի նկարագրություններին, այլ ամենից առաջ բռնության և սադիզմի թեմայով ֆանտազիաներին: Այնպիսի գրքեր, ինչպիսիք են` «Վերջին կանգառը Բրուքլինում» կամ «Վառ փետրավոր թռչունը», դաժանության իրենց միապաղաղ վայելումով հանդերձ, ինչը քողարկված է արտա-քին պատկառելիության հավակնությամբ, հանդիսանում են այդ ուղղությամբ անբարեհաջողության նախագուշակները: Հարկավ, դաժանությունն առկա է կյանքում, սակայն դաժանություն կամ սեքս պատկերող արվեստագետի խնդիրն այն է, որ արտահայտվի ամենայն որոշակությամբ` արձագանքելով մարդկային փոխհարաբերությունների բոլոր բարդություններին: Այսօրվա բոհեմը, կամ հիպպիները` ձգտում են ինքնարտահայտվել քաղաքականապես, ինչը խոչընդոտում է ներդաշնակության և գեղարվեստական վարպետության դրսևորումներին: Պատկերվելիքի շրջանակն աղետալի սեղմվում է: Եվ վաթսունականների հիրավի անհույս խռովությունները, հավանաբար, անկարող են կյանքի կոչել Քերուակի շատրվանող էքստազը, էլ չասած` Գյուիսմանսի ապրումների նրբինության մասին:
Հետագա ստեղծագործություններում, ինձ թվում է, փորձ կարվի օգտագործել ռոմանտիկ վեպի` մեր ժառանգած մեխանիզմն առավել առօրեական նպատակների համար, քան սիրո ելևէջումների դրամատիկացումն է: Իր վեպերում Վլադիմիր Նաբոկովը, նկարագրելով սիրային եռանկյունին, այլևս բացեիբաց զվարճանում է իրավիճակով, ստեղծելու համար որքան կարելի է ավելի խարդավանող պատում: Նրա վեպերը մերձենում են հանելուկներին` «Ճերմակ բոցը» նմանվում է բարդացված պոեմի, իսկ ներածականում կատակով առաջարկվում է գրքի երկու օրինակը ձեռք բերել` լավագույնս սերտելու համար: Այլ վեպերի հեղինակներ մեզ հետ «դասական-դասական» են խաղում ու հրավիրում էջեր բաց թողնել ու սեփական բովանդակությունը կազմել: Ռոբ-Գրիյեի գործերում մենք գտնում ենք խաչաձևվող գործողությունների անվերջանայի շարան: Նման բոլոր հնարամտումներին բնորոշ է օտարոտիության որոշակի չափ, բայց ես մտածում եմ, որ վեպի այդ երկու ուղղությունը` ինչպես փիլիսոփայականը, այնպես էլ առարկայականը, կզարգանան արդյունավետ: Ինտելեկտուալ սաստկացող պահանջների կապակցությամբ, վեպի չափը կկրճատվի, Դիկենսի ժամանակների հարյուր հազարավոր բառեր պարունակող գործերից կանցնեն երկու հարյուր էջի, որոնցում տեղավորվում են դետեկտիվները, «Կանդիդը» կամ Ս. Բեկկետի վեպերը:
Գրքի տաղտկալի և անձուկ ուղղանկյուն էջը, ստեծագործության աշխարհի վրա բացվող այդ պատուհանը, կարող էր դառնալ տպագրական արվեստի իսկական հրաշք, ինչպես Ապոլիների համար էր, երբ էջին նայելիս, կամենում ես ասել. «Սա տպագրության արվեստ է», ինչպես իմպրեսիոնիստները, հրաժարվելով ակադեմիականությունից, ասացին իրենց նկարների մասին. «Սա գեղանկարչություն է»: Ամսագրերի երգիծական էջերն իրենցից ներկայացնում են նկարի և բառի միացում, ու թեև դրանք դեռ դեն հասել մեծ արվեստի մակարդակին, բայց մի քանիսը, ինչպես «Խելագար կատուն» կամ վերջերս երևան եկած «Չնչին բաները», միանգամայն հաջող են: Ես պատճառներ չեմ տեսնում, թե ինչու տաղանդավոր գրողը չի կարող մի հոյակապ երգիծական վեպ ստեղծել` սեփական նկարազարդումներով: Մեր օրերի գրողի համար գլխավորն աչքն է: Կոնկրետ պոեզիան, միջնադարյան և եգիպտական հիերոգլիֆները` այդ ամենը կանխադիտել է տեսողական միջոցների համընդհանրությունը և համաշխարհայնությունը:
Հնարավոր է, որ իմ ասածները թեթևամիտ թվան, բայց ես ենթադրում եմ, որ պատումն ինքնօրինակ խաղ է, և թե ինչպես ենք մենք խաղ անում բառերով, ինչ-որ բան պահպանել է վաղնջական մոգությունից: Երբ ես ուսանող էի և գրելու արվեստն էի սովորում, մեր առաջ հանդես եկող Ջոն Հոքսն ապշեցուցիչ միտք հայտնեց. «Եթե ես ուզում եմ, որ իմ հերոսը թռչի, ես պարզապես ասում եմ. «Նա թռչում է»: Բոլոր վիպասաններս հանդիսանում ենք պայմանականությունների գերիներ, որոնցից դուրս մեզ չենք պատկերացնում, այնպես, ինչպես նեոկլասիցիզմի թատերագիրները գերի էին երեք միասնություններին: Մեզ սպասում է ազատությունը և աննախընթաց հնարավորություններ: Եթե ազատություն տանք երևակայությանը, ապա հավանորեն ապագայի գիրքը, վեպը կլինի նոր փիլիսոփայական հեղափոխության հանելուկային էության սեղմ մարմնավորումը: Նոր Ռուսսոն կամ նոր Մարքսը, կամ նոր Կյերկեգորը, վեպը կընտրեն գուցե մեզ հետ զրուցելու համար, և ձերբազատվելով մեր զգացմունքները ապաքինողի իր հին պարտականություններից` վեպը կդառնա թեթև ու սրընթաց լրաբեր: Եվ թեկուզ հիմա վեպը երբեմն մնում է գրախանութների դարակներին, հավատում եմ` որպեսզի նա թռչի, պետք է միայն նա, ով կգա ու կասի. «Նա թռչում է»:

Թարգմանեց Արմեն Հովհաննիսյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով