Ջեք Քերուաք. Մեքսիկացի աղջիկը

«Գարուն», 1999, 7

Առաջին վարորդն իսկական գժի մեկն էր:
— Ոտքս տեսնու՞մ ես,- ասաց նա՝ մինչև ութսուն սեղմելով ու անցնելով ճանապարհի բոլոր մեքենաներից,- հապա նայի՛ր:- Այն փաթաթված էր վիրակապով:- Էսօր առավոտ մատս կտրեցին: Շան տղերքն ուզում էին ինձ հիվանդանոցում պահել, բայց հավաքեցի ունեցած-չունեցածս ու փախա: Մատի եղածն ինչ է:
Հապա ինչպե՜ս, հենվելով ասացի մտքումս, դիմացդ նայի՛ր: Այդպիսի գիժ վարորդ տեսած չեք լինի: Աչքս թարթեցի` արդեն Թրեյսի էինք հասել: Թրեյսին երկաթուղային ոչ մեծ քաղաք է, որտեղ կայարանների ճաշարաններում բանվորներն անհամ ճաշեր են ուտում, իսկ գնացքներն անվերջ ոռնում են հովտով մեկ: Մայրամուտներն այստեղ երկար են ու կարմիր, և այստեղ են բացվում հովտի բոլոր մոգական անունները` Մանտեկա, Մադերա, բոլորը: Շուտով մթնշաղն իջավ, կանաչ ու ծիրանագույն մթնշաղ` մանդարինի ծառերի և ձմերուկի անծիր դաշտերի վրա: Արևը ճզմված խաղողի գույն ուներ, բուրգունդյան գինու պես կարմիր, իսկ դաշտերը սիրո գույնն ունեին և իսպանական առեղծվածների:
Գլուխս լուսամուտից դուրս հանած` շնչում էի անուշաբույր օդը: Ամենագեղեցիկ պահն էր ինձ համար: Կողքիս նստած գիժը «Սադըրն փսիֆիքում» էր աշխատում և ապրում էր Ֆրեզնոյում: Նրա հայրն էլ էր երկաթուղային բանվոր: Ոտքի մատը ջարդել էր Օուքլենդի կայարաններից մեկում, գծերը փոխելիս, բայց լավ չհասկացա, թե ինչպես: Նա ինձ Ֆրեզնո հասցրեց ու իջեցրեց այդ բզզացող քաղաքի հարավային մասում: Մտա կայարանի խանութը` կոկա-կոլա խմելու: Մելամաղձոտ մի հայ պատանի անցավ ապրանքատար վագոնների կողքով, հենց այդ պահին գնացքաքարշը ոռնաց, և ես ասացի ինքս ինձ` այո՛, այո՛, Սարոյանի քաղաքն է:
Պետք է հարավ գնալ, ու ես նորից գլխավոր ճանապարհ դուրս եկա: Այս անգամ ինձ վերցնողը բոլորովին նոր «Փիքափ» բեռնատարի վարորդ էր` Լաբոքից (Թեքսասի նահանգ) և զբաղվում էր կցավագոնների առևտրով:
— Կցավագոն պետք լինի,- ասաց նա,- երբ կուզես` համեցիր:
Նա մի գլուխ հոր մասին պատմություններ էր անում:
Ուրեմն` մի գիշեր ծերուկս օրվա գումարը սեյֆի վրա է թողնում: Մտքից թռել էր, հասկանո՞ւմ ես: Ու ինչ պատահի: Հենց էդ գիշեր գող է մտնում, էն էլ` ացետիլենի այրիչով, ուրեմն` բացում է սեյֆը, խառնում բոլոր թղթերը, ջղայնությունից մի քանի աթոռ ջարդում ու գնում: Իսկ հազար դոլարը էդպես էլ սեյֆի վրա էր: Հը՛, ի՞նչ կասես:
Իջա Բեյքըրսֆիլդից հարավ, ու այստեղ սկսվեց իմ արկածը: Հանկարծ միանգամից ցրտեց: Հագա բանակային բարակ անձրևանոցը, որ երեք դոլարով Օուքլենդում էի գնել, ու կանգնած սրթսրթում էի զարդարուն, իսպանական ոճով կառուցված մոթելի մոտ, որը շողշողում էր ադամանդի պես: Ավտոմեքենաները սուրում էին կողքովս, դեպի Էլ Էյ: Ահավոր ցուրտ էր, ու մոլագարի պես թափահարում էի ձեռքս: Ուղիղ երկու ժամ, մինչև կեսգիշեր, կանգնեցի այդտեղ ու անվերջ հայհոյում էի: Մնում էր երկու դոլարով ավտոբուսի տոմս վերցնել` Լոս Անջելես հասնելու համար: Մայրուղով ետ դարձա Բեյքըրսֆիլդ, գնացի ավտոկայան ու նստեցի նստարանին:
Տոմս գնել ու Էլ Էյի ավտոբուսին էի սպասում, երբ հանկարծ տեսա տաբատ հագած այդ անուշիկ, փոքրամարմին մեքսիկացի աղջկան: Նա հենց նոր ավտոկայան ժամանած ավտոբուսներից մեկի մեջ էր, որ հիմա փնչացնում էր արգելակներն ու իջեցնում ուղևորներին: Աղջկա ստինքները ցցվել էին այնպես գեղեցիկ, բարակ իրանը այնպես անուշ էր թվում, մազերը երկար էին, սև ու շողշողուն: Ինչպիսի՜ հեզություն կար նրա մեծ, կապույտ աչքերում:
Միայն թե նույն ավտոբուսը նստենք, աղաչում էի ես, ու ցավը խոցեց սիրտս, ինչպես լինում էր ամեն անգամ, երբ իմ տեսած աղջիկը, որին պիտի սիրեի, այս ահավոր մեծ աշխարհում գնում էր հակառակ ուղղությամբ: Ավտոկայանի հաղորդավարը հայտնեց Էլ Էյի ավտոբուսի մասին: Պայուսակս վերցրի ու ավտոբուս բարձրացա և ո՞ւմ տեսնեմ այնտեղ միայնակ նստած` մեքսիկացի աղջկան: Նստեցի ուղիղ նրա դիմաց ու սկսեցի ծրագրեր կազմել: Այնպես մենակ էի զգում, տխուր, հոգնած, ծեծված ու այնպես էի դողում, բայց հավաքեցի քաջությունս, որ պահանջվում է անծանոթ աղջկան մոտենալու համար և գործի անցա: Նույնիսկ այդ վիճակում էլ, մինչև ավտոբուսը սահեց ճանապարհն ի վար, մոտ հինգ րոպե ոտքերս էի ծեծում մթության մեջ:
«Խոսիր հետը, խոսիր հետը, թե չէ կմեռնես: Հիմարի գլուխ, խոսիր հետը, քեզ ի՞նչ է եղել: Մի՞թե չես հոգնել քեզնից…»,- և նախքան կորոշեի անելիքս, առաջ թեքվեցի (նա փորձում էր քնել տեղում) ու ասացի.
— Օրիորդ, ուզո՞ւմ ես` անձրևանոցս գլխիդ տակ դնեմ: Նա բարձրացրեց գլուխը և ժպտաց:
— Ո՛չ: Շնորհակալություն:
Ես դողալով ետ նստեցի ու վառեցի ծխախոտիս մնացուկը: Սպասեցի, մինչև կբարձրացներ հայացքը` տխուր ու գողտուկ սիրո հայացքը, վեր կացա, կռացա նրա կողմը:
— Կարելի՞ է կողքդ նստել, օրիորդ:
— Եթե ուզում ես:
Նստեցի:
— Դեպի ո՞ւր:
— Էլ Էյ:- Որքան գեղեցիկ նա ասաց` Էլ Էյ: Ինձ դուր է գալիս, թե ինչպես են այստեղ «Էլ Էյ» ասում, դա նրանց միակ ոսկյա քաղաքն է, ուր ամեն ինչ ասված է ու արված:
— Ես նույնպես,- բացականչեցի,- այնքան հաճելի է քո կողքին: Անտանելի մենակ էի զգում ինձ: Մի գլուխ թրև եմ եկել:
Մենք հարմար տեղավորվեցինք` մեր կյանքերը պատմելու: Ահա նրանը, ուներ ամուսին ու երեխա, ամուսինը միշտ ծեծում էր, ու ինքը փախել էր Բաբինալ, Ֆրեզնոյից հարավ, հիմա գնում էր Էլ Էյ` առժամանակ քրոջ մոտ ապրելու: Երեխային առայժմ թողել էր ծնողների մոտ: Ծնողները խաղող էին հավաքում ու ապրում խաղողի այգիների հյուղակներում: Ամբողջ կյանքում ծնելուց ու տանջանքից բացի ոչինչ չէր տեսել: Անմիջապես ուզեցի գրկել նրան: Շարունակ զրուցում էինք: Նա ասաց, որ ինձ հետ շատ հաճելի է: Հետո ասաց, որ շատ կուզենար Նյու Յորք գնալ:
— Իսկ ինչո՞ւ ոչ,- ծիծաղեցի ես: Առանց հատուկ համաձայնության` մենք բռնեցինք միմյանց ձեռք: Երբ Էլ Էյի հյուրանոցներից մեկում սենյակ վերցնեի, նա իմ կողքին կլիներ, և դա որոշվեց լուռ, գեղեցիկ ու այնպես մաքուր: Արդեն հիվանդ էի նրանով: Գլուխս խոնարհեցի նրա չքնաղ մազերին: Աղջկա բարակ ուսերը խելքահան էինք անում ինձ: Անվերջ նրան կրծքիս էի սեղմում, և դա նրան դուր էր գալիս:
— Կարևորը սերն է,- շշնջաց նա` փակելով աչքերը: Ու ես գեղեցիկ-գեղեցիկ սեր խոստացա նրան: Մեր պատմություններն արված էին, և մենք թաղվեցինք լռության ու քաղցր ապագայի երազանքների մեջ: Ամեն ինչ պարզ էր ինձ համար, ձեզ լինեն այս աշխարհում ձեր բեթիները, մարիլուները, ռիտաները, քամիլներն ու ինեզները, իսկ իմ ուզածը սա՜ է, իմ հոգի-աղջիկը, և այդպես էլ նրան ասացի: Նա խոստովանեց, որ ավտոկայանում նկատել էր ինձ` իրեն նայելիս:
— Կարծեցի, թե քոլեջի խելոք ուսանող ես:
— Ես իրոք քոլեջի ուսանող եմ,- հավատացնում էի նրան:
Ավտոբուսը Հոլիվուդ մտավ: Գորշ ու կեղտոտ լուսաբացին, ինչպես այն լուսաբացին, երբ ռեստորանում Ջոել Մըք-Քրին հանդիպեց Վերոնիկա Լեյքին` «Սալիվենի ճանապարհորդությունը» ֆիլմում, նա քնեց գրկիս մեջ: Ես ագահորեն դուրս էի նայում լուսամատից, ծեփածո տներ, արմավենիներ, ամբողջ այդ խենթությունը, կորուսյալ ավետյաց երկիրը և ֆանտաստիկ վերջն Ամերիկայի: Իջանք քաղաքի գլխավոր փողոցում, և դա նույնն էր, թե իջնեինք Քանզաս Սիթիում, Չիկագոյում կամ Բոսթոնում, նույն կարմիր աղյուսն ու աղբը, փութկոտ անցորդները, տրամվայները, որոնք զրնգում են անհույս այգաբացի մեջ, և պոռնկային հոտը մեծ քաղաքի:
Այստեղ հանկարծ, չգիտեմ ինչու, միտքս ծռվեց: Ցնորվածի պես սկսեցի պատկերացնել, որ Թերեզան կամ Թերրին, ինչպես նրան էին կոչում, սովորական պոռնիկ է, որ ավտոբուսներում աշխատում է տղաներից փող պոկելու համար, կաթնակերին Էլ Էյ է բերում, նրա հետ մտնում ճաշարան, որտեղ իր կավատն է սպասում: Հետո գնում են հյուրանոց, այստեղ էլ կավատը ներս է մտնում` ատրճանակը ձեռքին: Այս մեկը երբեք չխոստովանեցի նրան: Երբ նախաճաշում էինք, մի շանորդի ամբողջ ժամանակ մեզ էր նայում: Արդեն պատկերացնում էի, թե Թերրին գաղտագողի աչքով է անում նրան: Անտանելի հոգնած էի, ինձ զգում էի օտար ու մոլորված այս հեռավոր, զզվելի քաղաքում: Վախը սողոսկեց սիրտս և ստիպեց ինձ լինել ցածր ու էժան:
— Էն տղային ճանաչո՞ւմ ես,- հարցրի:
— Ի՞նչ տղա, քաղցրիկ:- Այլևս չշարունակեցի: Նա ամեն ինչում դանդաղկոտ էր ու մի տեսակ վհատ: Ես երկար սպասեցի, մինչև կվերջացներ նախաճաշը: Նա դանդաղ ծամում էր ու նայում դատարկությանը, հետո ծխախոտ վառեց ու շարունակեց զրույցը, իսկ ես հոգնած ուրվականի պես կասկածանքի էի ենթարկում նրա յուրաքանչյուր շարժումը` կարծելով, թե նա ջանում է ժամանակ շահել: Այս ամենը թուլության նոպա էր: Մինչ ձեռք-ձեռքի բռնած` քայլում էինք փողոցով, քրտինքի մեջ կորել էի: Առաջին հանդիպած հյուրանոցում սենյակ ճարեցինք: Քիչ անց ես դուռն էի կողպում, իսկ նա, մահճակալին նստած, կոշիկներն էր հանում: Վախվորած համբուրեցի նրան: Ավելի լավ է` ոչինչ չիմանա: Նյարդերը հանգստացնելու համար գիտեի, որ վիսկի է հարկավոր, հատկապես ինձ: Դուրս թռա ու տասներկու թաղամաս վազեցի, մինչև մի շիշ ճարեցի: Երբ հևասպառ ներս ընկա, Թերրին լոգարանում էր: Բաժակները լիքը լցրի, ու մենք խմեցինք: Ա՜խ, այն քաղցր էր ու արժանի իմ բոլոր ողբալի թափառումներին: Հայելու առջև կանգնած` մենք պարեցինք այդպես: Սկսեցի պատմել արևելքում թողած ընկերներիս մասին:
— Մի օր քեզ կծանոթացնեմ Դորիի հետ, փառավոր աղջիկ է: Բարձրահասակ ու կարմրահեր: Եթե Նյու Յորք գաս, նա քեզ ցույց կտա` որտեղ աշխատանք գտնել:
— Ո՞վ է այդ բարձրահասակ կարմրահերը,- նա սկսեց պահանջել կասկածամտորեն:- Ինչո՞ւ ես ինձ պատմում նրա մասին:
Նա իր պարզ հոգով անզոր էր հասկանալու իմ զվարթ, դյուրագրգիռ խոսքերը: Որոշեցի չշարունակել, բայց նա սկսում էր հարբել լոգարանում:
— Եկ պառկենք,- ասացի ես:
— Բարձրահասակ ու կարմրահե՞ր: Իսկ ես կարծում էի, թե դու քոլեջի խելոք ուսանող ես: Տեսա քեզ հաստ բուրդը հագիդ ու ինքս ինձ ասացի` ինչ էլ լավն է: Չէ՛, չէ՛, դու մնացածների նման կեղտոտ սրիկա ես: Ահա թե ով ես դու:
— Ի՞նչ ես խոսում, գրողը տանի:
— Չէ՛, դու ինձ հեքիաթ մի պատմիր, թե քո կարմրահերը նրանցից չէ: Երկու խոսքը բավական է, որ մարդուն ճանաչես: Իսկ դո՛ւ, դո՛ւ էլ նրանց պես սրիկա ես: Բոլորդ էլ սրիկաներ եք:
— Լսիր, Թերրի, ես սրիկա չեմ: Երդվում եմ: Ինչո՞ւ ես այդպես կարծում: Իմ միակ հետաքրքրությունը դու ես:
— Իսկ ես կարծում էի, թե խելոք տղայի եմ հանդիպել: Այնպես էի ուրախացել, ինքս ինձ գրկում ու ասում էի՝ ի՜նչ լավ, խելոք տղա է:
— Թերրի,- աղաչում էի ամբողջ հոգով,- խնդրում եմ, լսիր ինձ ու փորձիր հասկանալ: Ես սրիկա չեմ:
Իսկ մի ժամ առաջ կարծում էի, թե ինքն է… անտանելի վիճակ էր: Մեր մտքերը բացվել էին խենթության իրենց պաշարով: Տե՜ր Աստված, ինչպես էի հոգոց հանում ու աղաչում, մինչև ամբողջովին կատաղեցի, որ նա բութ ու տհաս մեքսիկացի փչացւսծ աղջիկ է, և այդպես էլ ասացի նրան: Հետն էլ նրա կիսակոշիկները նետեցի դեպի լոգարանի դուռը և գոռացի, որ դուրս գնա:
— Չքվի՛ր աչքիցս: Շո՛ւտ:- Կքնեի ու կմոռանայի: Ես իմ կյանքն ունեմ` տխուր, պատառոտված կյանքը, որ անբաժան է ինձնից:
Լոգարանում մեռելային լռություն էր: Հանվեցի ու պառկեցի քնելու:
Շուտով Թերրին դուրս եկավ` զղջման արցունքն աչքերին: Նրա տարօրինակ ու պարզ ուղեղում արդեն որոշվել էր, որ սրիկան կնոջ կոշիկները չի խփում դռանը ու դուրս չի անում: Պատշաճ ու քաղցր լռության մեջ նա հանեց շորերն ու փոքրիկ իր մարմնով մտավ վերմակի տակ: Մարմինն ամբողջովին թուխ էր: Որովայնի վրա կեսարյան սպի կար. այդպիսի նեղ կոնքերով անհնար էր ծննդաբերել: Այսպես, հոգնատանջ առավոտի քաղցրության մեջ ես սիրեցի նրան: Հետո, երկու հրեշտակների պես, կարոտալից պառկած այս մեծ քաղաքի փոքրիկ անկյունում, գտած այս աշխարհում միասնական, մտերմիկ ու ամենաքաղցր կյանքը, մենք խորը քուն մտանք:

Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով