Գիյոմ Ապոլիներ. Նոր մտայնությունը և բանաստեղծները

«Գարուն», 1972, 8

«Հանձին Ապոլիների սկսվում է նորագույն արվեստն ու բանաստեղծությունը։ Քննադատական միտքը, տիեզերական պատկերացումը մարդու մասին: Սկզբունքային հանդգնությունն ու հետաքրքրասիրությունը այն օրինաչափություններն են, որոնք ըստ Ապոլիների բանաստեղծը պետք է յուրացնի: Ազատությունը, բայց ոչ քաոսը պետք է լինի հիմնաքարը: Ողջ աշխարհը, նախամարդուց մինչև ուրբանիստական քաղաքակրթությունը, պետք է դառնա նրա հետազոտությունների նպատակը, պետք է լինի և այսօրվա, և ամեն երկրի բանաստեղծը: Նա պետք է քայլ առ քայլ հետևի նոր իրականությանը, կուտակի փորձ ու տեղեկություն, կազմավորի նախնական նյութը, որով զբաղվելու է ապագան այն դեպքում, երբ ինքը չկարողանա գեղարվեստական ձև տալ դրան: Ապոլիները բանաստեղծին մղում է դեպի մի նոր ռեալիզմ, մի ռեալիզմ, որտեղ մեծ բաժին ունի երևակայությունը: Ամեն մի հայտնաբերված ճշմարտություն անակնկալ է. բանաստեղծությունը պետք է անակնկալի թերի ընթերցողին և չպիտի վախենա այդ անելուց: Բանաստեղծությունը խառնվում է համարձակ որոնումներին, ինչպես գեղեցիկն է խառնվում Նորին»: Այսպես է գրում ֆրանսիացի բանաստեղծ, հրատարակիչ և քննադատ Պիեռ Սեգերսը Գիյոմ Ապոլիների մասին, որն անծանոթ անուն չէ մեր ընթերցողներին: Վերջին տարիներս հայերեն լույս տեսավ նրա բանաստեղծությունների ժողովածուն, մամուլում տպագրվեցին մի քանի թարգմանություններ: Բայց երևի քչերը գիտեն, որ Ֆրանսիայի մեծ բանաստեղծը եղել է իր ժամանակի լավագույն քննադատներից, արվեստաբաններից մեկը:
Հոդվածը, որ ներկայացնում ենք մեր ընթերցողներին, իր արդիական հնչեղությունը չի կորցրել մինչև այսօր, չնայած այն տպագրված է 1918 թվականին: Ապոլիները ոչ միայն իր ստեղծագործությամբ, այլև տեսականորեն կանխատեսել է մեր դարի պոետական մի շարք երևույթներ: Իհարկե, հոդվածում չափից ավելի հրապուրվածություն կա իր ժամանակի տեխնիկայի շշմեցնող նորություններով, արվեստի և գրականության որոշ երևույթներ մեխանիկորեն փորձում է կապել տեխնիկայի զարգացման հետ կամ պոեզիայի նորությունների մենաշնորհը տալիս է միայն ֆրանսիացի բանաստեղծներին:
Անկախ այս ամենից, Ապոլիների հոդվածը կարծես գրված է այսօրվա գրականության մի շարք հարցերին պատասխան տալու համար և կարդացվում է ոչ միայն որպես մեծ բանաստեղծի գրական հուշարձան:

Նոր մտայնությունը և բանաստեղծները

Նոր մտայնությունը, որ տիրելու է աշխարհին, ոչ մի տեղ այլևս չգտավ իր բանաստեղծական արվեստի արտահայտությունը, ինչպես Ֆրանսիայում: Մտքի ուժեղ կազմակերպվածությունը, որ բոլոր ժամանակներում ֆրանսիացիները պարտադրել են իրենք իրենց և իրենց հոգևոր հպատակներին, նրանց թույլ է տալիս կյանքի, արվեստի և գրականության մասին ունենալու այնպիսի ընկալում, որը չլինելով Հին Աշխարհի ընկալումների պարզ հաստատումը, ամենևին էլ կախ ընկած մի խաղ չէ ռոմանտիկական դպրոցի գեղեցիկ զարդանկարից:
Նոր մտայնությունը, որն ի հայտ է գալիս, հավակնություն ունի նախ և առաջ ժառանգել դասական բանաստեղծներից հաստատուն ողջախոհություն, հիմնավորված քննադատական միտք, տիեզերքի և մարդկային հոգու մասին ամբողջական պատկերացումներ և պարտքի զգացում, որը բացահայտում է զգացումները և սահմանում կամ ավելի ճիշտ` դրանց արտահայտությունների բովան-դակությունը:
Նա հավակնության ունի նաև ժառանգելու ռոմանտիկներից հետաքրքրասիրությունը, որ նրան մղում է հետազոտելու այն բոլոր բնագավառները, որոնք գրական նյութ դառնալու հատկություն ունեն, որը թույլ կտա ոգեկոչելու կյանքը, ինչպիսի ձևով էլ որ նա ներկայանալիս լինի:
Հէտազոտել ճշմարտությունը, այն որոնել ինչպես օրինակ, ազգագրության բնագավառում, այնպես էլ երևակայության ոլորտում,— ահա նոր մտայնության հիմնական հատկանիշները:
Այս հոսանքը, ի դեպ, միշտ էլ ունեցել է իր հանդուգն ներկայացուցիչները, որոնք այն չէին գիտակցում, վաղուց է, որ այդ հոսանքը ձևավորվում է և ճանապարհ է ընկել:
Այնուամենայնիվ, աոաջին անգամն է, որ նա հասել է ինքնագիտակցության, այն է, որ մինչ այժմ գրական բնագավառը ներփակված էր նեղ շրջանակների մեջ: Գրում էին արձակ կամ գրում էին չափածո: Ինչ վերաբերում է արձակին, ապա քերականական կանոնները սահմանում էին դրա ձևը:
Գալով բանաստեղծությանը, ապա չափավորված հանգը դրա միակ օրենքն էր, որը ենթարկվում էր պարբերական գրոհների, բայց մնում էր անխախտ:
Անհանգ չափածոն լայն ասպարեզ բացեց քնարականությանը: Բայց դա լոկ մի էտապ էր այն հետազոտությունների, որ կարելի էր անել ձևի ասպարեզում: Այնուհետև ձևի որոնումները ձեռք բերեցին մեծ կարևորություն: Եվ դա օրինաչափ է:
Այդ որոնումներն ինչպե՞ս չհետաքրքրեին բանաստեղծին, երբ դրանք կարող էին բացահայտել նոր հայտնագործություններ մտածողության ու քնարականության մեջ:
Ասոնանսը, ալիտերացիան, ինչպես և այնպիսի պայմանականություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր արժանիքը:
Մեծ հանդգնությամբ շատ հեռուն գնացող տպագրական հնարանքները ունեն տեսանելի քնարականություն առաջացնելու առավելությունը, մի բան, որը համարյա գոյություն չուներ մեր դարաշրջանից առաջ: Այդ հնարանքները կարող են շատ ավելի հեռուն գնալ և հանգել արվեստի, երաժշտության, նկարչության ու գրականության համադրմանը:
Այստեղ լոկ որոնումն է, որը կհանգեցնի լիովին օրինաչափ նոր արտահայտությունների:
Ո՞վ պիտի փորձի առարկել, որ հռետորության վարժությունները, «աղբյուրի մոտ ծարավ մեռնում եմ» թեմայի տարբերակները իրենց որոշակի ազդեցությունը չունեցան Վիյոնի հանճարի վրա:
Ո՞վ կփորձի ասել, որ հռետորականների և մարոտյան դպրոցի ձևի որոնումները չծառայեցին ֆրանսիաեան ճաշակի նրբացմանը, մինչև որ նա հասավ իր կատարյալ ծաղկմանը 17-րդ դարում:
Տարօրինակ կլիներ, որ մի դարաշրջանում, որտեղ կինեմատոգրաֆիան իր տեսակի մեջ բացառիկ ժողովրդավան արվեստ լինլով, պատկերազարդ գիրք է, բանաստեղծները չփորձեին պատկերներ ստեղծել խոհուն ու նրբաճաշակ մարդկանց համար, որոնց ամենևին չի բավարարում կինոնկար արտադրողների կոպիտ պատկերացումները: Վերջիններս նրբանալու են, և կարելի է նախատեսել այն օրը, երբ ձայնագրումն ու կինոն, դառնալով տպավորելու միակ գործածական ձևերը, բանաստեղծները ձեռք են բերելու մինչ այժմ գոյություն չունեցած ազատություն:
Թող զարմանալի չթվա, որ դեռևս ձեռք բերած իրենց հատուկենտ միջոցներով նրանք ջանում են նախապատրաստվել մի նոր արվեստի (ավելի ընդարձակ, քան խոսքի հասարակ արվեստը), որտեղ աննախընթաց տարածություն ունեցող մի նվագախմբի ղեկավար դաոնալով` իրենց տրամադրության տակ ունենալու են ողջ աշխարհը, նրա ժխորներն ու հայտնաբերումները, մարդկային միտքն ու լեզուն, երգը, պարը, բոլոր արվեստներն ու բոլոր հնարանքները, ավելի շատ զգայապատրանքներ, քան կարող էր ժայթքեցնել Մորգանը Ժիբել լեռան վրա ստեղծելով ապագային տեսանելի ու լսելի գիրքը:
Բայց ընդհանրապես դուք Ֆրանսիայում չեք գտնի այդ «ազատ-արձակ բառերը», որոնց` իրենց ոտնձգություններով հասել են իտալացի կամ ռուս ֆուտուրիստները` նոր մտայնության այդ ծայրահեղ դուստրերը,— չեք գտնի, որովհետև Ֆրանսիան խորշում է խառնաշփոթությունից: Ֆրանսիայում սիրով անդրադառնում են սկզբունքներին, բայց վախենում են քաոսից:
Ուստի կարող ենք հուսալ արվեստի բովանդակության ու միջոցների վերաբերյալ աներևակայելի մասշտաբների մի ազատություն: Այսօրվա բանաստեղծները այդ հանրագիտական ազատության այբուբենն են յուրացնում: Ներշնչման ասպարեզում նրանց ազատությունը չի կարող նվազ լինել, քան օրաթերթինը, որը մի էջի վրա քննության է առնում ամենաայլազան բնագավառները, անցնում է ամենահեռավոր երկրների միջով: Հարց է, թե ինչու բանաստեղծը գոնե դրան հավասարաչափ ազատություն պիտի չունենա և հեռախոսի, անթել հեռագրի ու ինքնաթիռի դարաշրջանում պիտի սահմանափակված լինի ընդգրկումների հարցում:
Արագությունն ու պարզությունը, որոնցով մաըդիկ ընտելացան մի բառով նշանակելու այնպիսի բարդ երևույթներ, ինչպիսիք են ամբոխը, ազգը, տիեզերքը, իրենց արտահայտությունը չէին գտել արդի բանաստեղծության մեջ: Բանաստեղծներն այդ բացը լրացնում են, և նրանց համադրական բանաստեղծություններով ստեղծվում են նոր ամբողջություններ, որոնք պլաստիկական արժեք ունենալով հանդերձ, պարունակում են միավորների խմբավորում: Մարդն ընտելացել է այն ահռելի երևույթներին, ինչպիսիք են մեքենաները, նա հետազոտել է անսահմանափակ ժանրի բնագավառը, և նոր բնագավառներ են տրամադրվում նրա երևակայության գործունեությանը, անսահմանափակ մեծի ու մարգարեության բնագավառները:
Չկարծեք, համենայն դեպս, որ այդ նոր մտայնությունը պիտի լինի բարդ, մեղկ, կեղծ ու սառած: Հենց բնության օրինաց համապատասխան բանաստեղծն ազատվել է ամենայն ուռուցիկ արտահայտություններից: Մեր մեջ գոյություն չունի վագներիզմ, և երիտասարդ հեղինակները իրենցից հեռու են գցել վագներյան Գերմանիայի վիթխարի ռոմանտիզմի հիացականության թիկնոցը, ինչպես որ Ժան-Ժակ Ռուսոն կրկին արժեքավորեց բնության խորհուրդը:
Ես չեմ կարծում, որ մի օր, սոցիալական իրադարձություններն այնպիսի զարգացում կստանան, որ անհնարին կլինի խոսել ազգային գրականության մասին: Ընդհակառակը, ինչքան խորանանք ազատությունների ճանապարհով, այդ ազատությունները լոկ ուժեղացնելու են հին հասկացությունների մեծ մասը և ծագելու են նորերը, որոնք ունենալու էն ոչ պակաս պահանջկոտություն, քան հները: Դրա համար էլ, կարծում եմ, որ ինչ էլ պատահի, արվեստը, գնալով ավելի ընդգծված ձևով ունենալու է իր հայրենիքը: Առավել ևս, ոը բանաստեղծները միշտ էլ մի շրջապատի, մի ազգի արտահայտությունն են, և արվեստագետները, ինչպես բանաստեղծներն ու փիլիսոփաները, մի սոցիալական շերտ են, որոնք անկասկած պատկանում են մարդկությանը, բայց իբրև մի ցեղի, մի կոնկրետ շրջապատի արտահայտություն:
Արվեստը չի դադարի ազգային լինելուց մինչև այն օրը, երբ կենդանի մարդկությունն ամբողջությամբ վերցրած չապրի նույն կլիմայի տակ, նույն օրինագծով կառուցված տներում, մինչև ոը չխոսի նույն լեզվով, նույն շեշտադրությամբ, այսինքն` երբեք: Տեղագրական և ազգային տարբերություններից ծագում են գրական արտահայտությունների բազմազանությունը և հենց այդ բազմազանությունն է, որ պետք է փրկել:
Քնարական կոսմոպոլիտ արտահայտությունը կստեղծի լոկ տարտամ երկեր` անշեշտ ու անատաղձ, դրանք կունենան լոկ արժեքը այն ընդհանրությունների, որոնք գոյություն ունեն միջազգային բանակցությունների բառապաշարի մեջ: Եվ նույնիսկ կինեմատոգրաֆը, որը առավելագույն կոսմոպոլիտ արվեստն է, արդեն ներկայացնում է ազգագրական զանազանություն` աշխարհին բնորոշ անմիջական տարանմանությամբ, և կինոյի սիրահարներն իտալական կինոնկարն անմիջապես տարբերում են ամերիկյանից: Նույն կերպ նոր մտայնությունը, որը հավակնության ունի իր հետքը թողնելու համաշխարհային մտայնության վրա և տրամադիր չէ իր գործունեությունը սահմանափակելու այս կամ այն բնագավառում, ոչ պակաս յուրահատուկ ու քնարական արտահայտությունն է ֆրանսիական ազգի (որին և հարգում է), ինչպես որ դասական միտքը լավագույն ձևով հանդիսանում է նույն ազգի վեհագույն արտահայտությունը:
Չպետք է մոռանալ, որ գուցե ավելի վտանգավոր է մի ազգի համար, երբ նա թույլ է տալիս, որ իրեն նմանվեն մտավորապես, քան զենքի ուժով։ Հենց այդ պատճառով նոր մտայնությունը իրեն հռչակում է ամենից առաջ որպես կցողը կարգուկանոնի և պարտքի, որոնք այն վեհ դասական հատկանիշներն են, որոնցով բարձրագույն սևով արտահայտվում է ֆրանսիական ոգին` դրան կցելով ազատությունը: Այդ ազատությունն ու կարգուկանոնը, որոնք միախառնվում են նոր մտայնության մեջ, հանդիսանում են նրա բնորոշումն ու ուժը:
Այնուամենայնիվ, մեր ժամանակներում տեղի ունեցած արվեստների այդ համադրությունը չպետք է վերածվի խառնաշփոթության: Այսինքն՝ եթե ոչ վտանգավոր, ապա գոնե անհեթեթ կլիներ, օրինակ, բանաստեղծությունը վերածել մի տեսակ նմանողական ներդաշնակության, որը նույնիսկ ճշգրիտ լինելու արդարացումը չէր ունենա:
Դժվար չէ պատկերացնել, որ նմանողական ներդաշնակությունը կարող է ինչ-որ դեր խաղալ, բայց նա կարող է միայն այնպիսի արվեստի հիմքը լինել, որտեղ մեքենաները պիտի միջամտեն, օրինակ՝ ձայնագրված մի բանաստեղծություն կամ մի սիմֆոնիա կարող են հիանալի իրականացնել վարպետորեն ընտրված ու քնարականորեն խառնված կամ հաջորդված աղմուկները, մինչդեռ ինչ վերաբերում է ինձ, ես լավ չեմ պատկերացնում ինչպես կարելի է պարզապես իրականացնել մի բանաստեղծություն մի ձայնի նմանողությամբ, որը չունենա քնարական, ողբերգական կամ պաթետիկ նշանակություն: Եվ եթե մի քանի բանաստեղծներ տրվեն այդ խաղին, ապա այդտեղ պիտի տեսնել լոկ մի վարժություն ձայնանիշների մի տեսակ գծանկար, որ ներդնելու են մի երկի մեջ: Արիստոֆանի «Գորտերի» «բրեքեքե քոաքս»-ը ոչինչ է, եթե այն անջատում ենք մի գործից, որի մեջ նա ձեռք է բերել իր զավեշտական կամ երգիծական իմաստը: Ֆրաննիս Ժամմի մի ամբողջ տող գրավող թռչունի երկարացված ի ի ի ի-երը վայ-նմանողական ներդաշնակություն են, եթե դրանք անջատենք այդ բանաստեղծությունից, որի ամբողջ ֆանտազիան են ճշտորոշում:
Երբ նորագույն մի բանաստեղծ տարբեր ձայներով նշում է ինքնաթիռի հռնդյունը, ապա դրանում ամենից առաջ պիտի տեսնել բանաստեղծի ցանկությունը իրականությանը ընտելանալու: Ճշմարտությանը կրքոտ ձևով հետամուտ լինելը մղում է նրան գրառելու համարյա գիտական ձայնանիշեր, որոնք եթե կամենաս ներկայացնել իբրև բանաստեղծություն, իրենց չեն արդարացնի այսպես ասած լսապատրանքներ դառնալով, քանի որ երբեք չեն կարող գերազանցել իրականությանը:
Ընդհակառակը, եթե բանաստեղծն ուզում է ընդլայնել պարարվեստը և փորձի մի խորեոգրաֆիա ներկայացնել, որտեղ ջահելները չբավարարվեին ծամածռություններով, այլև ճիչեր արձակեն` ներդաշնակություն արտաբերելով նմանողական մի նորույթով, ապա դա մի որոնում է, որն ամենևին էլ անհեթեթ չէ, քանի որ դրա ժողովրդական ակունքները գտնվում են բոլոր ազգերի մեջ, որոնց մոտ ռազմապարերը, օրինակ, համարյա միշտ էլ ուղեկցվում են վայրի ճիչերով:
Անդրադառնալով ճշմարտության, ճշմարտանմանության հոգսին, որը ներթափանցում է նոր մտայնության բոլոր որոնումները, խիզախումներն ու փորձերը,— պետք է ավելացնել, որ զարմանալու հարկ չկա, եթե նրանցից շատերը առժամանակ կմնան ամուլ և նույնիսկ կընկնեն ծիծաղելի դրության մեջ: Նոր մտայնությունը լի է վտանգ-ներով ու թակարդներով:
Այդ ամենը, բնորոշ է այսօրվա մտայնությանը և այդ փորձերը, խիզախումները խմբովին դատապարտելը կլիներ մի սխալ, հիրավի կամ հանիրավի վերագրված պարոն Թիերին, որը հայտարարել է, թե երկաթուղային ճանապարհները լոկ գիտական խաղ են, և աշխարհը չի կարողանա այնքան երկաթ արտադրել` րավարարելու համար Փարիզից-Մարսել երկաթգիծ տեղադրելուն:
Ուստի նոր մտայնությունը ընդունում է գրական փորձարկումները, թեկուզ բախտախնդիր, և այդ փորձարկումները երբեմն քիչ քնարական են: Դրա համար էլ քնարականությունը նոր մտայնության լոկ մի բնագավառ է այսօրվա բանաստեղծության մեջ, որը հաճախ բավարարվում է որոնումներով, ոտնձգություններով` չստանձնելով դրանց քնարական նշանակություն տալու մտահոգությունը: Դրանք նախանյութեը են, որ հավաքում է բանաստեղծը, հավաքում է նոր մտայնության կրողը, և այդ նախանյութերը ձևավորելու են ճշմարտության մի հիմք, որի պարզությունը, համեստությունը ամենևին չպետք է վանեն ընթերցողին, որովհետև դրանց հետևանքները, արդյունքները կարող են մեծ, շատ մեծ բաներ լինել:
Հետագայում նրանք, ովքեր ուսումնասիրելու են մեր ժամանակաշրջանի գրականության պատմությունը, զարմանալու են, որ ալքիմիկոսների նմանությամբ երազողներ, բանաստեղծներ չունենալով անգամ մի փիլիսոփայական քար փնտրելու պատրվակ, կարողացել են անձնատուր լինել որոնումների, նշումների, որը նրանց դարձնում էր իրենց ժամանակակիցների, լրագրողների ու սնոբների ծաղրի առարկան:
Բայց նրանք որոնումներին օգտակար կլինեն. դրանք իրականացնելու են հիմքը մի նոր ռեալիզմի, որը գուցե նվազ չի լինի, քան Հին Հունաստանի այնքան բանաստեղծական, այնքան հմուտ արվեստը:
Ալֆրեդ Ժարրիի ժամանակներից մենք տեսանք, թե ինչպես ծիծաղը գալարվում ու բարձրանում էր ներքին խավերից և ինչպես դա բանաստեղծին տրամադրեց ստեղծելու բոլորովին թարմ մի քնարականություն: Որտե՞ղ են այն ժամանակները, երբ Դեզդեմոնայի թաշկինակը թվում էր անընդունելի մի ծիծաղելիություն:
Այսօր իսկ հետամուտ են լինում այն ծաղրուծանակի ենթարկելու, և այդ հանգամանքն իր տեղն ունի բանաստեղծության բնագավառում, որովհետև ծաղրուծանակը հերոսականության հետ համահավասար, նույնպես կյանքի մասնիկ է, ինչպես այն ամենը, որ մի ժամանակ սնունդ էր տալիս բանաստեղծների ոգևորությանը:
Ռոմանտիկները փորձել են առերևույթ կոպիտ դիպվածներին տալ ահռելի կամ ողբերգական իմաստ: Ճիշտն ասած` նրանք գործել են հօգուտ ահռելիի: Նրանք կամե-ցել են ահռելին ընտելացնել գրականությանը շատ ավելի, քան այդ վիճակվել է մելամաղձոտությանը: Նոր մտայնությունը չի ջանում այլափոխել ծաղրելին: Վերջինիս համար նա պահպանում է մի դեր, որն ամենևին անհամ չէ: Նա նույնպես չի ուզում ահռելիին տալ մի ազնիվ իմաստ։ Ահռելին թրղնում է իբրև այդպիսի ու չի ստորացնում ազնիվը: Դա զարդարվեստ չէ, ոչ էլ իմպրեսիոնիստական արվեստ: Դա արտաքին ու ներքին բնության համակ ոաումնասիրություն է, համակ եռանդ է հանուն ճշմարտության:
Եթե նույնիսկ ճշմարիտ է, որ ոչ մի նոր բան չկա արևի տակ, ապա ամենևին չպետք է համակերպվել, չխորացնելու այն, ինչ նոր չէ այս արևի տակ: Ողջախոհությունը նոր մտայնության ուղեկցորդն է, և այդ ուղեկցորդը նրան առաջնորդում է եթե ոչ նոր, ապա անծանոթ անկյունները: Բայց արդյո՞ք ոչ մի նոր բան չկա արևի տակ: Դա դեռ հարց է:
Ի՞նչ, իմ գանգը ռենտգենանկարել են: Ես ողջ վիճակում տեսա իմ գանգը և դա ոչնչով նորություն չէ՞: Գուցե ուրիշների համար:
Սողոմոն իմաստունն անկասկած խոսում էր Սաբայի թագուհու համար և նա այնքան էր սիրում նորությունը, որ նրա հարճերն անթիվ էին:
Մթնոլորտը լցվում է տարօրինակ մարդկային թռչուններով: Մեքենաները` մարդու դուստրերը, զրկված մորից, ապրում են մի կյանքով, որի մեջ բացակայում են կրքերն ու զգացումները, և այդ ամենը նոր չհամարվի՞: Գիտնականներն անդադար պրպտում են նոր տիզերքներ, որոնք ի հայտ են գալիս մատերիայի յուրաքանչյուր նրբանցքներում, և ոչ մի նոր բան չլինի՞ արևի տակ: Արևի համար գուցե, բայց ոչ մարդկանց համար:
Գոյություն ունեն հազար ու մի բնական միացություններ, որոնք դեռևս չեն միակցվել: Գիտնականները դրանք հայտնաբերում են երևակայությամբ, իրագործում են համաձայն նպատակի և այդպիսով բնության հետ իրականացնում են այն վեհագույն արվեստը, որ կյանք է կոչվում: Այդ նոր միացությունների իրականացումն է, կյանքի արվեստի այդ նոր երկերն են, որոնք կոչվում են առաջադիմություն: Այդ տեսակետից նա գոյություն ունի: Բայց եթե առաջադիմությունը ձգում են մի հավերժական լինելության մեջ, մի տեսակ մեսիական ակնկալության մեջ, օրն այնքան ահավոր է, որքան Տանտալի, Սիզիֆի և Դանաիդի առասպելները, ապա Սողոմոնն իրավացի է Իսրայելի մարգարեներին հակաճառելիս:
Բայց նորը գոյություն ունի առանց առաջադիմություն լինելու: Նա ամբողջապես գոյություն ունի անակնկալի մեջ: Նոր մտայնությունը նույնպես անակնկալով է արտահայտվում: Հենց այդ է նրա ամենակենսունակ ու նորագույն էությունը: Անակնկալը նորի մեծ զսպանակն է: Անակնկալի բերելու հանգամանքով է, անակնկալին արված տեղով է, որ նոր մտայնությունը տարբերվում է իրեն նախորդող գրականության ու արվեստի բոլոր հոսանքներից:
Այստեղ նա տարանջատվում է բոլորից և պատկանում է միայն մեր ժամանակաշրջանին:
Մենք այն հիմնավորել ենք ողջախոհության ու փորձարկման ամուր հիմքերի վրա, որոնք մեզ մղել են ընդունելու երևույթներն ու զգացումները լոկ ճշմարտության ոսպնյակով անցկացրած, և ըստ այդ ճշմարտության է, որ դրանք ընդունում ենք և չենք ջանում վեհ դարձնել այն, ինչ բնականորեն ծաղրելի է, ինչպես և փոխադարձաբար: Եվ այդ ճշմարտություններից շատ հաճախ առաջանում է անակնկալը, քանի որ նրանք գնում են տիրող հասարակական կարծիքի դեմ: Այդ ճշմարտություններից շատերը ուսումնասիրված չեն եղել: Բավական է դրանք քողազերծել` անակնկալի բերելու համար:
Կարելի է նույնպես ենթադրյալ մի ճշմարտություն արտահայտելով անակնկալի բերել, քանի որ դեռևս չէին համարձակվել այն ներկայացնել: Բայց ենթադրյալ ճշմարտությունը իր դեմ չի հանում ողջախոհությունը, թե չէ` նա չէր լինի ճշմարտություն, նույնիսկ ենթադրված: Այդպես է, որ ես պատկերացնում եմ, որ եթե կանայք չկարողանան ծննդաբերել, տղամարդիկ կկարողանան, և այդ ցույց եմ տալիս, արտահայտում եմ մի գրական ճշմարտություն, որ կորակվի որպես առասպել միայն գրականությունից դուրս, և առաջացնում եմ անակնկալը: Բայց իմ ենթադրյալ ճշմարտությունը ավելի արտակարգ ու ավելի անհավանական չէ, քան հին հույներինը, որոնք ցույց էին տալիս Միներվային` Յուպիտերի գլխից զինված դուրս գալիս:
Քանի դեռ ինքնաթիռները չէին լցրել երկինքը, Իկարի առասպելը լոկ ենթադրյալ ճշմարտություն էր: Այսօր դա առասպել չէ: Եվ մեր գյուտարարները մեզ ընտելացրել են ավելի մեծ հրաշքների, քան այն, որ տղամարդկանց կտրվի կանանց երեխա բերելու դերը: Ես դեռ ավելին կասեմ` առասպելների մեծ մասը իրականացած լինելով և հետայսու լինելով իրականանալի, բանաստեղծի վրա դրվում է նոր առասպելներ հորինելու պարտականությունը, որպեսզի գյուտարարներն իրենց հերթին կարողանան դրանք իրականացնել:
Նոր մտայնությունը պահանջում է, որ բանաստեղծը տրվի այդ մարգարեական աշխատանքներին: Այդ իսկ պատճառով դուք կգտնեք մարգարեության երանգներ նոր մտայնության համապատասխան հղացված գործերի մեծ մասում: Կյանքի ու երևակայության աստվածային խաղերը ասպարեզ են բաց անում բոլորովին նոր մի բանաստեղծական գործունեության:
Բանն այն է, որ բանաստեղծությունն ու արարչագործությունը նույնն են. բանաստեղծ պիտի կոչել միայն նրան, ով արարչագործում է այն չափով, ինչքան մարդը կարողանում է արարչագործել: Բանաստեղծն այն է, որ հայտնաբերում է նոր բերկրանքներ, թեկուզ և ծանր լինի դրանց դիմանալը: Կարելի է բանաստեղծ լինել բոլոր բնագավառներում, բավական է լինել արկածախնդիր և գնալ դեպի հայտնագործությունը:
Քանի որ ամենահարուստը, նվազագույնս ճանաչված ու անծայրածիր բնագավառը երևակայությունն է, ապա զարմանալի չէ, որ բանաստեղծ անունը հատկացրել են մասնավորապես նրանց, ովքեր որոնում են նոր բերկրանքներ, որոնք խթանում են երևակայության վիթխարի տարածությունները:
Նվազագույն փաստը բանաստեղծի համար հիմնաքարն է, ելակետ է մի անծանոթ տիեզերքի, որտեղ բոցավառվում են բազմիմաստների բերկրալի կրակները:
Դեպի հայտնագործության գնալու համար կարիք չկա դիմելու մի փաստի, որն ըստ ընդունված ճաշակի համարվում է վեհություն, կարելի է ելակետ ընդունել մի առօրյա փաստ, մի ընկնող թաշկինակը գուցե այն լծակն է, որով բանաստեղծը բարձրացնելու է մի ամբողջ տիեզերք: Հանրահայտ է, թե ինչպես Նյուտոնի կողմից նկատված խնձորի անկումը, ինչպիսի իմաստ ձեռք բերեց այդ գիտնականի համար, որին կարելի է բանաստեղծ անվանել: Այդ իսկ պատճառով այսօրվա բանաստեղծը չի արհամարհում բնության ոչ մի շարժում, և նրա միտքը հետամուտ է լինում հայտնագործությանը ինչպես ամենաընդարձակ, ամենաանորսալի համադրությունների մեջ եռացող ամբոխների, օվկիանոսների, ազգությունների, այնպես էլ առերևույթ ամենապարզ փաստերի մեջ, ինչպիսիք են մի ձեռք, որ գրպանն է խառնշտկում, լուցկու հատիկը, որ բռնկվում է շփումից, կենդանիների ճիչերը, այգիների հոտը անձրևից հետո, օջախում ծնվող բոցը: Բանաստեղծները միայն գեղեցիկի կրողները չեն: Նրանք դեռևս և հատկապես ճշմարիտի կրողն են, այնքանով, որքանով ճշմարիտը թույլ է տալիս թափանցելու անծանոթի խորքերը, այնպես որ անակնկալը, անսպասելին մեր այսօրվա բանաստեղծության գլխավոր զսպանակներից մեկն է: Եվ նրանց, ովքեր արժանի են բերկրանքին, ո՞վ կհամարձակվի ասել, որ ինչ նոր է, գեղեցիկ չէ: Մյուսներն իրենց պարտքը պիտի համարեն արագորեն ստորացնել այդ վեհ նորությունը, որից հետո այն կկարողանա մտնել բանականության ասպարեզը, բայց միայն այն չափով, որչափով բանաստեղծը` ճշմարտի ու գեղեցկի միակ տնօրենը, արած կլինի այդ առաջարկը:
Բանաստեղծը, իր հետազոտությունների բնույթովն իսկ, մեկուսացված է նոր աշխարհում, որտեղ նա մտնում է առաջինը, և նրա մնացած միակ մխիթարությունն այն է, որ մարդիկ, որոնք ի վերջո ապրում են ճշմարտություններով, (չնայած որ դրանք ստերով են պարուրում), հանգում են այն եզրակացության, որ միայն բանաստեղծին է մնում այն կյանքը, որտեղ մարդկությունը գտնում է իր ճշմարտությունը: Հենց այդ պատճառով նորագույն բանաստեղծները նախ և առաջ մշտապես նոր ճշմարտության բանաստեղծներն են: Եվ նրանց գործն անսահման է. նրանք ձեզ անակնկալի են բերել ու դեռևս շատ անակնկալներ կպատճառեն: Նրանք արդեն ավելի խոր ծրագրեր են երևակայում, քան նրանք, ովքեր դիվայնորեն երկնեցին դրամի օգտակար ու ահռելի պայմանանշանը:
Ովքեր որ հորինել են Իկարի առասպելը, որն այսօր իրագործված է այնպես հիանալի, կգտնեն և ուրիշ առասպելներ: Նրանք ձեզ` ողջ ու արթուն, քարշ կտան երազների գիշերային ու փակ աշխարհը: Այն տիեզերքները, որոնք անտարակույս դողդոջում են մեր գլխավերևում: Մեզնից այնքան մոտիկ և այնքան հեռու տիեզերքներում, որոնք հատվում են նույն անվերջության կետում այն տիեզերքի, որ կրում ենք մեր մեջ: Եվ ավելի շատ հրաշքներ, քան որին ականատես են եղել մեր ավագագույն ժամանակակիցները, խունացած ու սնանկ պիտի երևցնեն մեր ժամանակակից գյուտերը, որոնցով այնքան հպարտանում ենք:
Բանաստեղծները, վերջապես, քնարական հեռուստաբանությամբ և արխիքնարական ալքիմիաներով պիտի պարտավորվեն հաղորդել աստվածային գաղափարի առավել մաքուր իմաստը, աստվածային գաղափարի, որը մեր մեջ այնքան կենսունակ ու ճշմարիտ է, որը մեր էության շարունակական նորանալն է` այդ հավերժական արարչագործությունը, անդադար վերածնվող այդ բանաստեղծությունը, որով մենք ապրում ենք:
Մեր իմացածի համաձայն այսօր միայն ֆրանսերեն լեզվի բանաստեղծներ գոյություն ունեն:
Բոլոր մյուս լեզուները կարծես լռություն են պահպանել` ավելի լսելի դարձնելու համար ֆրանսիական նոր բանաստեղծների ձայնը:
Ամբողջ աշխարհի հայացքը ուղղված է այդ լույսին, որը միայնակ լուսավորում է մեզ շրջապատող խավարը:
Այստեղ, սակայն, այդ բարձրացող ձայները հազիվ լսելի են:
Նորագույն բանաստեղծներն, անտարակույս, արարչագործներ են, գյուտարարներ և մարգարեներ, նրանք պահանջում են, որ ուսումնասիրվի իրենց ասածը հանուն հանրության բարօրությանը, որին իրենք պատկանում են: Նրանք շրջվում են դեպի Պլատոնը և աղաչում են, որ «Ռեսպուբլիկայում» բանադրելուց առաջ, գոնե նախ իրենց լսի:
Ֆրանսիան` ամբողջ քաղաքակրթության գաղտնիքի տերը,— գաղտնիք, որ գաղտնիք է լոկ այն կռահողների անկատարելության պատճառով,— այդ իսկ փաստով աշխարհի մեծ մասի համար դարձել է մի սեմինար բանաստեղծների ու արվեստագետների, որոնք օրավուր ավելացնում են նրա քաղաքակրթության հարգն ու կշիռը:
Եվ այն ճշմարտությամբ, և այն բերկրանքով, որ սփռում են` նրանք այդ քաղաքակրթությունը դարձնում են եթե ոչ մարսելի, ապա գոնե վեհորեն հաճելի բոլորի համար:
Ֆրանսիացիները բանաստեղծությունը տանում են բոլոր ժողովուրդներին…
Իտալիայում, որտեղ ֆրանսիական բանաստեղծության օրինակը զարկ է տվել մի երիտասարդական ազգային հոսանքի` սքանչելի իր հանդգնությամբ ու հայրենասիրությամբ:
Անգլիայում, որի քնարականությունը ճապաղել էր և այսպես ասած սպառվել:
Իսպսնիայում և հատկապես Կատալոնիայում, որտեղ մի ողջ եռանդուն երիտասարդություն, որն արդեն երկնել է նկարիչներ, որոնք մեծարում են երկու ազգերը, ուշադրությամբ հետևում են մեր բանաստեղծների արտադրանքին:
Ռուսաստանում, որտեղ ֆրանսիական քնարականության հետնորդները երբեմն ընկել են ծայրահեղության մեջ, մի բան, որ զարմանալի չէ:
Լատինական Ամերիկայում, որտեղ երիտասարդ բանաստեղծները կրքոտությամբ մեկնաբանում են իրենց ֆրանսիական նախորդներին:
Հյուսիսային Ամերիկայում, որտեղ ի վարձահատույց Էղգար Պոյի և Ուոլտ Ուիտմենի, ֆրանսիական ուխտավորներ պատերազմի ընթացքում տանում են բեղմնավոր տարրը: Այդ տարրը պիտի մի նոր արտադրանք առաջացներ, որի մասին դեռևս գաղափար չունենք, բայց անկասկած եկած չի լինի, քան բանաստեղծության այդ մեծ պիոներներինը:
Ֆրանսիան լի է դպրոցներով, որոնց մեջ պահպանվում ու փոխանցվում է քնարականությունը, խմբավորումներով, որտեղ սովորում են հանդգնությունը: Սակայն կա մի վերապահում, որի հետ պետք է հաշվի նստել, բանաստեղծությունը իր գոյությունը հիմնավորում է ամենից առաջ այն ժողովրդի լեզվով, որով նա արտահայտվում է:
Բանաստեղծական դպրոցները նախքան հեռավոր ուխտավորությունների, հերոսական արկածների մեջ նետվելը, պետք է գործակցեն, ապահովեն, ճշգրտեն, ավելացնեն, անմահացնեն մեծությունն այն երկրի, որ նրանց ծնունդ է տվել, այն երկրի, որ նրանց սնել է, ձևավորել է այսպես ասած, այն ամենաառողջ, ամենամաքուր ու ամենալավ էությամբ, որ նա կրում է իր արյան ու ծուծի մեջ։
Նորագույն ֆրանսիական բանաստեղծությունը արդյոք Ֆրանսիայի համար արե՞լ է այն ամենը, որ կարող էր անել։
Ֆրանսիայամ գոնե նա շարունակ եղե՞լ է նույնքան գործունյա, նույնքան ջանադիր, որքան այլուր:
Այս հարցերը նյութ են արդի գրականության պատմության համար ու, որպեսզի դրանք բավարար պատասխան ստանան, պետք է կարողանալ ի հայտ բերել այն ամենը, ինչ նոր մտայնությունը իր մեջ կրում է իբրև ազգային ու բեղուն:
Նոր մտայնությունը ամենից առաջ ֆորմուլաների գեղագիտության ու սնոբիզմի թշնամին է: Նա չի պայքարում որևիցէ դպրոցի դեմ, ինչպիսին էլ որ դա լինի, որով-հետև չի ուզում դպրոց դառնալ, այլ մի գրական խոշոր հոսանք, որն իր մեջ կընդգրկի բոլոր դպրոցները` սկսած սիմվոլիզմից մինչև նատուրալիզմը: Նա պայքարում է նախաձեռնության ոգու համար, իր ժամանակի պարզ ընկալողության համար և արտաքին ու ներքին աշխարհների վրա նոր տեսանկյուններ բացելու համար, որոնք նվազ չլինեն այն տեսակետներից, որ բոլոր կարգի գիտնականները հայտնաբերում են ամեն օր` դրանցից հրաշքներ դուրս բերելով:
Այդ հրաշքները մեզ պարտավորեցնում են բանաստեղծական սրատեսությունն ու երևակայությունը` մեքենան կատարելագործող արհեստավորներից ետ չթողնել: Արդեն գիտական լեզուն խորին հակասության մեջ է բանաստեղծների լեզվի հետ: Դա իրերի անտանելի վիճակ է: Մաթեմատիկոսներն իրավունք ունեն ասելու, որ իրենց երազանքներն ու զբաղմունքը հարյուր գլխով բարձր են բանաստեղծների սողացող երևակայություններից: Բանաստեղծներին տրված է որոշելու, թե արդյոք իրենք վճռականապես հրաժարվում են նոր մտայնություն ընդունել, որից դուրս բաց են մնում միայն երեք ելք. անլուրջ գրականությունը, երգիծանքը և թեկուզ վեհ ողբասացությունը:
Արդյոք կարելի՞ է բանաստեղծությանը ստիպել պատնեշվելու այն ամենից, ինչ շրջապատում է նրան, անտեսելու կյանքի սքանչելի հորդացումը, որ մարդիկ իրենց գործունեությամբ ավելացնում են բնությանը և որ թույլ է տալիս աշխարհը մեքենայացնել ամենաանհավատալի ձևով:
Նոր մտայնությունը հենց այն ժամանակի մտայնությունն է, որի մեջ մենք ապրում ենք: Անակնկալներով բեղուն մի ժամանակ: Բանաստեղծներն ուզում են հեծնել մարգարեության այդ բոցավառ նժույգը, որին երբևիցե ոչ ոք չի տիրել:
Նրանք, վերջապես ուզում են մի օր մեքենայացնել բանաստեղծությունը, ինչպես որ աշխարհն են մեքենայացրել: Նրանք ուզում են առաջինը մատուցել բացառապես թարմաշունչ քնարականություն արվեստի արտահայտչականության այն նոր միջոցներին, ինչպիսիք են ձայնագրումն ու կինեմատոգրաֆը: Առայժմ սրանք սաղմնավորման ժամանակաշրջանն են բոլորում: Բայց կտեսնեք, շուտով` հրաշքները կխոսեն, և նոր մտայնութունը, որ լրացնում է տիեզերքի թոքերը, ուժգնորեն արտահայտվելու է գրականության և արվեստի մեջ, ինչպես և մեր իմացած բոլոր ասպարեզներում:

Ֆրանսերենից թարգմանեց Վարուժան Նալբանդյանը

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով