Թադևոս Հակոբյան. Դիլիջան

«Գարուն», 1977, 10

Հանրապետական ենթակայության Դիլիջան քաղաքը գտնվում է Աղստև գետի ափին, Երևանից 106 կմ, իսկ Կիրովականից 42 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1300-1330 մ է: Քաղաքը փռված է նեղ գետահովտում ու դրան հարակից անտառապատ լեռնալանջերի ընդարձակ բացատներում` առաջացնելով բնական մի քանի «հարկեր», որոնք ավելի են գեղեցկացնում առանց այդ էլ գեղեցիկ համայնապատկերը: Մեղմ ու հաճելի կլիմա ունի Դիլիջանը. գարունն այստեղ ծաղկաշատ է ու առողջարար, ամառը` հով ու արևոտ, աշունը` երկարատև ու մրգաշատ, ձմեռը` առանց ուժեղ սառնամանիքների: Տարվա բոլոր եղանակներին օդը մաքուր է, թեթև ու բուրումնալից, խոնավությունը` չափավոր, իսկ մթնոլորտային տեղումները` բավարար: Դիլիջանը հանրապետության ջրառատ քաղաքներից է: Նրա տարածքով է հոսում Աղստևը` Բլդան ու Դիլիջան վտակներով, որոնց հովիտներում բխում են մի քանի աղբյուրներ: Քաղաքի շրջակայքն ամբողջապես անտառապատ է: Առանձնապես տարածված ծառատեսակներից են հաճարենին, կաղնին, թխկին, կան սոճիների զգալի զանգվածներ, որոնց մի մասը տնկվել է վերջին տասնամյակների ընթացքում: Քաղաքի մոտակայքի անտառահատվածում ստեղծվել է հանրապետության արգելավայրերից մեկը` Դիլիջանի արգելավայրը, որտեղ պահպանվում են մի քանի կենդանատեսակներ: «Ազատ տարածություն» չկա նաև քաղաքի ներսում. բանջարանոցներն ու մրգատու այգիները, դեկորատիվ ծառաշարքերը, ծաղկանոցները, զբոսայգիները և ջրավազանները բացառում են դրա գոյությունը: Եվ միանգամայն հասկանալի է տարբեր մասնագիտության տեր մարդկանց այն արտահայտությունները, թե Դիլիջանը «ծառ ու ծաղկի քաղաք է», «կանաչի ու արևի քաղաք», «Հայաստանի Շվեյցարիա»: Նրա այդ բնական բարեմասնությունները լրացնում է հանքային բուժիչ ջուրը, որ բխում է Բլդան գետի ձորում, ունի ածխաթթվա-ալկալիական, երկաթային բաղադրություն և իր բուժիչ հատկություններով չի զիջում «Բորժոմիի» և ֆրանսիական «Վիշիի» հանրահայտ ջրերին:
Դիլիջան անունը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, բայց և այնպես անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ժողովրդական ավանդույթներից մեկի համաձայն «Դիլիջան» նշանակում է «քաղցր լեզու»: Դիլիջանի տեղում (ինչպես ցույց են տալիս նրա շրջակայքի տարահասակ, բայց հին բնակատեղերի մնացորդները) միշտ բնակավայր է եղել, որը մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, երբ XIX դ. 40-ական թվականների վերջին Անդրկովկասում կատարվեցին վարչական նոր վերափոխություններ, Դիլիջանն իր շրջակայքով մտցվեց Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի մեջ: Նախասովետական այդ ժամանակներում Դիլիջանը պաշտոնական փաստաթղթերում երբեմն հիշատակվում է որպես ավան, երբեմն` գյուղաքաղաք, իսկ երբեմն էլ` սովորական գյուղ, որը բաժանված էր երկու թաղի` Հին թաղի, որն ամբողջապես հայաբնակ էր և Նորի, որը ռուսաբնակ էր և համապատասխանում է սովետական տարիներին Պապանինո կոչված գյուղին (այժմ կազմում է Դիլիջան քաղաքի թաղամասերից մեկը): Հին և Նոր Դիլիջանից բացի, նախասովետական Դիլիջանի բաղկացուցիչ մասերն են համարվել նաև Զ. Տարեկանովի պղնձաձուլարանի փոքրիկ ավանը մի քանի տասնյակ բնակիչներով: Գտնվելով Թիֆլիսից Երևան տանող պետական ճանապարհի վրա, նրա այն կետում, որտեղից մի այլ ուղի ձգվում է դեպի Ալեքսանդրապոլ, Դիլիջանը 19-րդ դ. երկրորդ կեսին և 20-րդ դ. սկզբներին բավական առաջադիմում է: Գյուղաքաղաքում գործում էին վիեննական աթոռների պատրաստման տնայնագործական մի փոքրիկ ձեռնարկություն «գործարան», հացի փուռ, դարբնոց, սայլաշինական արհեստանոց և սղոցարան: Գյուղաքաղաքի մոտակայքում էր գտնվում Զ. Տարեկանովի պղնձաձուլական «գործարանը», որը տարեկան արտադրում էր մի քանի հարյուր փութ պղինձ:
Շռայլության հասնող շքեղ բնություն ունեցող, բայց նախասովետական շրջանում աննախանձելի խղճուկ վիճակում գտնվող Դիլիջանը սովետական տարիներին դարձել է հանրապետության ծաղկած քաղաքներից մեկը, արդյունաբերական ու մշակութային կենտրոն, բարեկարգ առողջարանային քաղաք, որի զարգացումը հաստատուն հորիզոններ չի հանդուրժում:
Մեկը մյուսի ետևից այստեղ ստեղծվեցին մի ամբողջ շարք արդյունաբերական ձեռնարկություններ` սննդի, թեթև արդյունաբերության կոմբինատներ, գործարաններ ու ֆաբրիկաներ, մեքենաշինական ձեռնարկություններ: Դիլիջանի արդյունաբերության առաջընթացն սկսվեց 1932 թվականով, երբ մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց ՀԷԿ-ը: 1949-ին շարք մտավ քաղաքի այժմյան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մեկը` հանքային ջրերի գործարանը, որը տարեկան տալիս է ավելի քան 6 միլիոն շիշ «Դիլիջան»: 1975-ին քաղաքում արդեն գոյություն ունեին արդյունաբերական 13 ձեռնարկություններ: Նշվածներից բացի, դրանց թվին են պատկանում «Իմպուլս» գործարանը` քաղաքի արդյունաբերական հսկան:
Դիլիջանը տրանսպորտի հանգույց է: Այստեղ են իրար հետ հատվում Երևան-Իջևան-Թբիլիսի և Դիլիջան-Կիրովական ավտոմոբիլային մայրուղիները: Դրանցից բացի, Դիլիջանը տեղական մի քանի ճանապարհներով կապված է շրջակայքի բնակավայրերի հետ: Կարևոր նշանակություն են ունենալու նոր կառուցվող ճանապարհները:
Իբրև առողջարանային քաղաք, Դիլիջանի համար կենսական նշանակություն ունի գյուղատնտեսությունը` հատկապես անասնաբուծությունն ու բանջարաբուծությունը: Բուն քաղաքում կազմակերպված է Լենինի անվան կաթնաանասնաբուծական պետական տնտեսությունը, որի մեջ մտնում են նաև նախկին Շամախյանը, Պապանինոն և Գոլովինոն:
50 տարվա ընթացքում քաղաքի բնակչությունն աճել է մոտ չորս անգամ: Նրա բնակչությունը բաղկացած է բանվոր-ծառայողներից և պետական տնտեսությունների աշխատողներից: 1975-ին քաղաքում կային մոտ 650 բարձրագույն կրթության և 1330 միջնակարգ մասնագիտական կրթության տեր մարդիկ: Բնակչության ճնշող մասը կազմում են հայերը, իսկ երկրորդ տեղը գրավում են ռուսները: Նրա հայ բնակիչների մեծագույն մասը եկել է Իջևանի շրջանի Սռի, Սևքար, Աչաջուր գյուղերից և Ղարաբաղից, իսկ ռուսները` 19-րդ դ. 40-ական թվականներին Եվրոպական Ռուսաստանի կենտրոնական, մարզերից:
Դիլիջանը հանրապետության և Միության նշանավոր առողջարանային քաղաքներից է: Հանրապետության առաջին առողջարանը բացվել է 1922 թվականին: Հետագայում ոչ միայն մի քանի անգամ մեծացել է այդ առաջնեկը` ունենալով ժամանակակից սարքավորումներով զինված լաբորատորիաներ ու կաբինետներ, այլև ստեղծվել է ևս երեք խոշոր առողջարան, մեկը մանկական, իսկ երկուսը` մեծահասակների: Վերջիններիս թվին է պատկանում նաև հայտնի «Գորնայա Արմենիա» առողջարանը, որը շարք է մտել 70-ական թվականների սկզբին: Այժմ յուրաքանչյուր տարի հանրապետությունից, հարևան հանրապետություններից և Միության ամենատարբեր տեղերից եկած հանգստացողների և բուժվողների թիվը հինգ հազար մարդուց անցնում է: 1975-ին քաղաքում գործում էին մի քանի հիվանդանոցներ, 9 մանկապարտեզ-մանկամսուր: Ընթացիկ հնգամյակում ավելի է ընդարաձկվելու հիվանդանոցների, հանգստյան տների և մանկական հիմնարկների ցանցը:
Հանրապետության կառավարության 1968 թ. հունվարի 30-ի որոշմամբ պլանավորվել է քաղաքում գտնվող առողջարանների ու հանգստյան տների փոխարեն նորերը կառուցել քաղաքից դուրս` անտառների գեղատեսիլ բացատներում: Քաղաքից դուրս կառուցվելու է առողջարանային մի ամբողջ համալիր:
Դիլիջանն ունի մարզադաշտ, մարզահրապարակներ, հարմարավետ նորակառույց տուրիստական հանգրվան:
Դիլիջանում է գտնվում (քաղաքից 3 կմ հարավ-արևելք) ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության հանգստի և ստեղծագործական տունը, որը տեղադրված է գեղատեսիլ անտառապատ լեռնալանջի վրա և կազմում է հարմարավետ առանձնատներից բաղկացած մի սքանչելի ու բարեկարգ ավան: Այստեղ հանգստանալու ու ստեղծագործելու են գալիս Սովետական Միության տարբեր մասերից և արտասահմանյան երկրներից: Այն արդեն դարձել է անվանի շատ արվեստագետների ու գիտնականների սիրած վայրերից:
Դիլիջանը մի ընդհանուր գլխավոր հատակագծի ենթարկելը կապված է մեծ դժվարությունների հետ` ռելիեֆի խիստ կտրտվածությունը, քաղաքի փռվածությունը, մեծ թեքություններով լեռնալանջերը, արդեն անսիստեմ կառուցված հարյուրավոր մենատները, բնակելի ու առողջարանային թաղամասերի խառը լինելը, այս բոլորը խոչընդոտում են քաղաքի հատակագծմանը: Այդ պատճառով էլ ճարտարապետները գերադասել են առանձին զանգվածներով հատակագծումը, որը միանգամայն արդարացնում է իրեն: Դրանց տարբեր բարձրությունների վրա գտնվելը և գեղատեսիլ դիրքը հմայում են դիտողին: Քաղաքի երկարությունը հասնում է 6-7 կմ-ի: Պետությունը հսկայական միջոցներ է ծախսում Դիլիջանի վերակառուցման, ընդարձակման ու բարեկարգման վրա: Նրա կապիտալ շինարարությանը տրամադրված գումարները յոթ տարվա ընթացքում (1960-1967 թթ.) ավելացել են 14 անգամ: Քաղաքում բացվել են մի շարք նոր փողոցներ` Շահումյանի, Մյասնիկյանի, Գետափնյա, Սայաթ-Նովայի, Կալինինի և այլն (բոլոր փողոցների երկարությունը 1975-ին հասնում էր մոտ 52 կմ-ի), իր վերջնական ձևավորումն է ստանում կառուցապատվող կենտրոնական մասը` հրապարակով հանդերձ, որի շուրջը բարձրանում են Սովետական Հայաստանի
50-ամյակին նվիրված մշակույթի պալատի, «Դիլիջան» ճաշարանի, պետբանկի բաժանմունքի և այլ շենքեր: Քաղաքի ծայրամասում գտնվող Ջրհողեր կոչված ամայի տարածությունն այժմ վերածվել է ժամանակակից բնակելի զանգվածի: Եթե տարիներ առաջ կառուցվում էին միայն 2-3 հարկանի շենքեր` շռայլելով այնքան պիտանի տարածքները, ապա այժմ շինարարության մեջ իշխողը դառնում են բազմահարկ տները: Մեծ բաժին է ընկնում բնակարանային շինարարությանը: Միայն 1975-ին շահագործման են հանձնվեյ մոտ 5 700 քառ մ բնակելի տարածություն, որից 4 560 քառ մ պետական: Այդ թվականին քաղաքի բնակելի ընդհանուր ֆոնդը կազմում էր 176 454 քառ մետր, որից պետական էր 60 935 քառ մետրը:
Կանաչի մեջ թաղված քաղաք է Դիլիջանը: Այստեղ կան զբոսայգիներ (ամենախոշոր զբոսայգին Աղստևի ափին է), պուրակներ, զգալի զանգվածներով անտառակներ, ծաղկանոցներ: 1975-ին նրա կանաչ տարածությունը հասնում էր մոտ 600 հեկտարի: Քաղաքում ստեղծված են նաև ջրային մակերեսներ, որոնց պսակը կազմում է կենտրոնում գտնվող գեղատեսիլ լճակը: Ավտոբուսային կանոնավոր երթևեկություն ունենալու դեպքում քաղաքացիները, բուժվողներն ու հանգստացողները զբոսաշրջիկների նման կարող են հաճախակի այցելել Պարզ լիճ, որտեղ հանգստանալու համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ` նավակայան, հանրակացարան, ճաշարան:
Դիլիջանը հանրապետության մշակույթի նշանակալի կենտրոններից է: Նա ունի հանրակրթական դպրոցների լայն ցանց: 1975-76 ուս. տարում քաղաքում գործում էր 12 հանրակրթական դպրոց, որից 8-ը` միջնակարգ, 4-ը` 8-ամյա, իսկ դրանցում սովորողների թիվը հասնում էր 5033-ի: Դրանցից բացի քաղաքում կա երաժշտական դպրոց, պրոֆտեխուսումնարան, բժշկական տեխնիկում, ռադիոտեխնիկական տեխնիկում, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղ, 12 մասսայական գրադարան 174,7 հազար կտոր գրքով (1975), մշակույթի հոյակապ պալատ և 10 ակումբներ` մոտ 2 200 տեղով (1975), մոտ մեկ տասնյակի հասնող մշտական կինոներ, ժողովրդական թատրոն, ինքնագործ բազմաթիվ խմբեր: Ուշադրության արժանի մշակույթի օջախներից է գավառագիտական (կամ երկրագիտական) թանգարանը, որտեղ քաղաքի շրջակայքում տարբեր առիթներով հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդներից բացի (կենցաղային իրեր, զենքեր, խեցեղեն և այլն), ցուցադրում են նաև հայ, ռուս, էստոնացի և օտարազգի այլ նկարիչների կտավներ: Թանգարանի այդ բաժինը Երևանի պետական պատկերասրահի մասնաճյուղն է, որն ստեղծվել է ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ, 1952 թվականին: Քաղաքի կենտրոնում բարձրանում է Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար զոհված մարտիկներին նվիրված հուշարձանը` նրանց անուն-ազգանուների նշումով:
20-ական թվականներին Դիլիջանում հրատարակվում էր գավառական «Երիտասարդ մաճկալ» լրագիրը, իսկ այժմ «Դիլիջան» քաղաքային թերթը` կուսակցության քաղաքային կոմիտեի և քաղաքային սովետի գործկոմի օրգանը:
Դիլիջանում և նրա շրջակայքում կան ուշադրության արժանի հնություններ և ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններ, հայ ճարտարապետության պատմության խոշորագույն երախտավոր Թ. Թորամանյանը նշում է, որ այստեղ առկա են և՛ նախաքրիստոնեական, և՛ քրիստոնեական շրջանի հնություններ, որոնք տակավին լավ չեն ուսումնասիրված: Քաղաքում և նրա շրջակայքում նշմարվում են մի քանի բնակավայրերի մնացորդներ` շենքերի և հնագույն դամբարանների հետքեր: Դիլիջանից 6 կմ արևմուտք հայտնի Ջուխտակ վանքն է, որը կառուցվել է XI-XII դդ. և մեզ է հասել կանգուն վիճակում: Ջուխտակ վանքը վերջին անգամ վերականգնվել է ու հիմնովին վերանորոգվել անցյալ դարի երկրորդ կեսին: Դիլիջանից Կիրովական տանող ճանապարհի վրա է Մաթոսավանքը, որը գտնվում է անտառաշատ գեղատեսիլ վայրում և ճարտարապետական առումով հիշատակության արժանի կառույց է: Դրանցից մի փոքր ավելի հեռու` քաղաքից 10-12 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում, թանձրախիտ անտառի բացատում է գտնվում Հաղարծնի միանգամայն բարվոք վիճակում գտնվող վանքը, հայ միջնադարյան ճարտարապետական հայտնի համալիրներից մեկը: Այդ հուշարձանները Պարզ լճի հետ միասին էքսկուրսիայի ու ակտիվ հանգստի վայրեր են դարձել:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով