Վազգեն Սարգսյան. Վերջին գիժը

«Գարուն», 1988, 2

Մթության մեջ իր ելևէջուն քայլքից ճանաչեցի. այդպես միայն ինքն է քայլում` ուղտի նման ծանրումեծ, տարօրինակ մտքերը քթի տակ նռնռալով: Ձեռքերը միշտ կոստյումի գրպաններում են: Կոստյումը… Թե կարմիր կովը երբևէ կաշին է փոխել` ինքն էլ փոխել է անտակ, զնգզնգացող փեշագրպանով կոստյումը: Վաղուց չէր երևացել, մեջս թաքուն վախ կար, թե իրեն էդ «հավաքած» կլինեն և, տեսնելով «չհավաքված», շատ ուրախացա:
— Ողջո՜ւյն, Հակո՛բ,— դեռ հեռվից ձայնեցի:
Վրաս չնայեց:
— Ճամփադ գնա,— մռթմռթաց,— ես
ձեր հավեսը չունեմ:
— Հակո՞բ,— զարմանք խաղացի,— հազար տարվա ընկերոջդ չճանաչեցի՞ր:
— Ես ընկեր չունեմ,— մռթմռթաց: Կանգնեց այնուամենայնիվ: Քննախույզ նայեց, ասաց.— Ասեմ, իմացի, բոլորդ էլ նույն պտուղն եք` կոպեկի մեռած, ձեզ պրոֆեսորի տեղ եք դնում, բայց չեք հասկանում, որ հիվանդ մարդուն չի կարելի ձեռ առնել:
Լրջացա.— Էլի բա՞ն է պատահել,— հարցրի:
Ինչպես մինչև վերջ փչված խալով փուչիկը ասեղի թույլ հպումից` Հակոբը հանկարծ պայթեց, ու ներսում կուտակված փուքը լացի ալիքի հետ պոռթկաց:
— Գրող ու ցավ է պատահել: Պուլպուլակից ջը-ջուր էի խմում, ասեցին Հակոբ, արի քեզ ավտոյով տանենք տան: Անունը չգիտեմ` էն, որ գալստուկ է կապում` կռտած խոզի նմանը: Իրա գալստուկը հանեց, կապեց վզիս, հես է, տես, որ հավատաս:— Հակոբը ծոցագրպանից հանեց խնամքով ծալված փողկապը, ցույց տվեց ու կրկին դրեց գրպանը:— Էս թող մնա,— բոլորովին ուրիշ ձայնով ասաց,— պետք կգա: Իրա գալստուկը կապեց վզիս, ցիլինդրը կործեց գլուխս, տարավ ռեստորան: Ընկերներին ասում է` տանենք Հակոբ Մուրադիչին պատիվ տանք: Չորս հոգի էին: Աշխարհի տակին ինչ կա-չկա, ինչ լեզուդ պտտի` բերին լցրին սեղանին: Կերան, խմին, գնացին պարէզա ա էդ հետ չեկան: Ես մնացի սեղանի գլխին մենակ նստած: Մատուցողն էդ ասում է` հաշիվը փակի` 200 մանեթ: Ախպեր ջան, ասեցի, ես ի՞նչ հաշիվ փակող եմ, ես պուլպուլակից ջուր էի խմում,— ասեմ, իմացի,— իրանք զոռով բռնին, բերին ռեստորան: Քեզ գժի տեղ մի դիր, ասեց: Ես գիժ չեմ, ասեցի, հիվանդ եմ: Հիմի ես քեզ կբուժեմ, ասեց ու որ չխփեց քիթ-մռութիս՝ աչքերիս դեմը սևացավ: Ախպեր ջան, ասացի, բա ամոթ չի՞, բա հիվանդ մարդուն կխփե՞ն: Խոսքս բերանիս մեջ` հետևից սինիով խփեցին գլխիս…,— Հակոբը հեկեկաց երեխայի նման, հետո գլուխը կռացրեց, մոտեցրեց ինձ,— ձեռ տուր, տես գլուխս ոնց է ուռել: Ձեռ տուր, մի վախեցիր…
Տարօրինակ մի ցավի՞ց ասեմ, երկյուղի՞ց` ձեռքս չէր մեկնվում առաջ: Այդպիսի զգացում ունեցել էի մեկ էլ 7-8 տարեկանում, երբ ուզում էի գետնից վերցնել սպանածս առաջին արարածին` արնոտ ճնճղուկին, ու չէի կարողանում:
Գլուխը խոնարհած Հակոբն սպասում էր: Մի՛ կերպ, մի՛ կերպ մատներս կպցրի խեղճի վիրավոր գլխին: Մարմնովս սարսուռ անցավ:
— Տեսա՞ր,— լացի միջից շարունակեց,— իբր գլխիս մեջ շատ խելք կար՝ էս խփելն էլ կեսը տարավ: Միլիցեն էլ, դրանց խելքին ընկած, ասում է` դու գիժ չես, դու աֆերիստ ես: Դե որ գիժ ես, ասում է, թուղթդ ցույց տուր… Բժիշկ Մուրադյանի հերն էլ անիծած, ինչքան աֆերիստ կա` թղթի տեր դարձրեց, ինձի ասեց` դու գիժ չես, դու հիվանդ ես: Դու էդ թղթից չունե՞ս,— հանկարծ հարցրեց:
— Ե՞ս,— զարմացա:— Իմ ինչի՞ն է պետք:
Բացատրեց:— Ասեմ, իմացի. դրանից ունենաս` ինչ ուզես կանես, քեզ դատ չի հասնում: Ում ուզես` կխփես: Միլիցուն էլ: Բա չէ, թողնես, որ խուզարկի ու նասկուդ միջից փող հանի:— Փողերի մասին հիշելով` Հակոբը կրկին լացակումեց.— Կոպեկ-կոպեկ իրեք տարում իրեք հարուր մանեթ հավաքի, որ խփեն գլխիդ ու մե րոպեում էրկու հարուրը առնեն: Ես էլ մտածում էի` սև կաստում առնեմ, հարսի շոր, ռեմոնտներս էլ անեմ- պրծնեմ ու գնամ…
Չեմ հարցնում` «ո՞ւր», գիտեմ, ինչ իրեն հիշում եմ. նույն երգն է երգում. «Գնում եմ Ռուսաստան, մարդիկ էնտեղ ուրիշ տեսակ են, հասկանում են հիվանդներին»: Ինքը, ինչպե՞ս ասեմ… որ ասեմ գիժ է` չէ: Գիժ Գենկան էր, գիժ Մրազն էր, Ալեքսանն էր գիժ, որ ժպտալով գնաց, մտավ գնացքի տակ: Չնայած` Մրազի ու Գենկայի հետ էլ թե խելք չդնեիր, զոռով չգժվացնեիր, գժություններ չէին անի: Մրազի ուզածն աշխարհից ի՞նչ էր՝ «մե հադ կնիգ», որ կուզ ու կաղ խեղճի համար աշխարհի երեսից կտրվել էր: Ու, երբեմն-երբեմն, Մրազի դժգոհությունը վերածվում էր գժության. լալիս էր, պատեպատ էր զարկվում, հայհոյում, ոռնում էր գայլի նման: Պիտի թողնեիր ինքն իրեն հանգստանար, խաղաղվեր ու էլի նույն երանելին էր` կոպալը ձեռքին, լնգլնգալով ոչխարների ետևից վազող: Թե չէ տանում, երկու բաժակ խմացնում, ու սկսում էին հոգու հետ խաղալ, գժվացնել: Ու գժվում էր Մրազը. «Ես ձեր սաղի մե՜րը»,— ձայնն աշխարհ էր բռնում, կոպալը գործում էր աջ ու ձախ…
Գենկայի ուզածն ավելի քիչ էր. որ «գիր-ղուշ» խաղալիս իրեն չխաբեն ու` որ ետևից չկանչեն` «Գե՜նկա, կա՛ցին»: Իր անվան կողքին կացին բառը լսելիս Գենկան գժվում էր ինչպես ցուլը կարմիր շորից: Վազում-չէր հասնում կանչողների ետևից ու թավալվում էր հողերի մեջ, գլուխը զարկում գետնին: Ահավոր տեսարան էր: Նման տեսարանների սիրահարներ էլ կային, հրճվում էին, երևի իրենց ցլամարտում կամ նույնիսկ ցլամարտիկ էին զգում: Ողորմելի, ստոր «ցլամարտ» էր: Ինչ որ է` տասնամյակներ շարունակ գժերի գոյությունը մեր կողքին հանդարժել էինք, մեզանից առաջ հազարավոր տարիներ հանդուրժել էին, մեր բաժին գժերը իրենց գժության բուռն ժամանակները ապրել-մարել էին, ժամանակի հետ դառել էին ավելի հեզ ու անվնաս, իրենց հանդեպ եղած-չեղած վախը փոքրացել, թվում էր` խղճահարությունն էր մնացել, խղճահարությունը պիտի մնացած լիներ` մեկ առ մեկ սկսեցինք իրենց «մեր շարքերից մեկուսացնել»: Առաջինը Տեղեկատուն էր` գնա 80-40 տարվա «գժության ստաժ» ունեցող անտեր պառավը, ում իսկական անունը աստված, մեկ էլ երևի գյուղսովետի քարտուղարն իմանար: Տեղեկատան, մեղքն ի՞նչ թաքցնենք, շառոտ գիժ էր. ամեն տեսակ գաղտնիք իրենից կարելի էր իմանալ` «ում կնիկն ում հետ է կապված»-ից մինչև «խանութում տակից ինչ են ծախում»: «Ձեզ համար եմ ասում, այ ողորմելիներ,— արդարանամ էր,— ինձ համար ի՞նչ կա»: Քիթը երկարացրեց, սպանության գործով հավաքված շրջանի միլիցիայի ողջ անձնակազմի հասցեին ասաց. «Պա՛հ-պա՜հ-պա՜հ, ինչ էլ հավաքվել են, որ կարգին աշխատեիք, որ ձեզանից վախենային` էսպես բան չէին անի»: Վերևից էլ մարդ կար, միլպետը գույն տվեց-գույն առավ: «Գիժ է»,— կմկմաց տեղամասային տեսուչը: «Գժերը գժանոցում են լինում»,— սաստեց պետը և տեղամասայինը իր համար լուրջ եզրակացություն արեց. որոշ պատշաճ ժամանակ անց «Շտապ օգնության» մեքենան Տեղեկատուին տարավ: Հաջորդը, «բնակչության խնդրանքով»` Գենկան էր, հետո, ծնողների համաձայնությամբ, հերթը Մրազին հասավ: Կոկ ու հավաք մեր համայնքը գժերի կարիք չուներ, գժերը փչացնում էին ընդհանուր փայլուն տպավորությունը: Մեկ առ մեկ բոլորին հավաքեցին-տարան` որին հոգեբուժարան, որին` գժանոց: Դրանք էլ, ախր, էդ խելառները, խեղճուկրակ ախմախները իրենց մեջ մեկին չգտան, որ կանգներ ու աղաչեր-պաղատեր, մեզ ո՞ւր եք տանում, ասեր, մենք ախր ձեր գժերն ենք, գժանոցը մեր ի՞նչ տեղն է…
Մրազը մեկ ամիս էլ չդիմացավ. տանելն իմացանք, մեկ էլ` դիակը բերեցին: Կարճ ժամանակամիջոցում ո՜նց էր փոխվել. ինչպես գերեզմանի քարի տակից հանած: Թաղմանը շատ, շա՜տ ժողովուրդ էր հավաքվել: Բոլորն էլ արտասվում էին:
Գենկային բերող չեղավ, այնտեղ էլ թաղել էին:
Իրենցից միայն Հակոբն էր մնացել, սա էլ իրենց տեղը չէր բռնում, էն համը չէր տալիս: Ոչ էն է գիժ էր, ոչ էն է` չէ: Ամենուր դատարկ շշեր էր փնտրում-հավաքում, ձեռքի հետ նաև 10 կոպեկանոցներ էր խնդրում. «Ոսկի ես, ոսկի, տասը կոպեկ տուր»: Իսկ կոպեկները հավաքում էր, որ գնա «Ռուսաստան` հեռու, մինչև Կիրովական»: Սև Ռուսաստան բերինք խեղճի գլխին. 7-8 տարվա տվածներս, գումարած շշերի փողը` մի րոպեում ետ առանք` գողացանք: Գժվեց Հակոբը: Երկու ամիս հոգեբուժարանում էր: Հոգեբուժարանից վերադարձավ, ասաց` «Ես արդեն բուժվել եմ, ինձի գործ տվեք, աշխատեմ»: Գործ, իհարկե, չճարվեց, ու Հակոբն իր համար գործ գտավ, առավոտ վեցի գնացքով գնում էր Երևան, երեկոյան տասի գնացքով վերադառնում: Քաղաքի խանութպաններին էլ ի՞նչ էր պետք` էժան աշխատուժ, մեկ ռուբլով ու մի փոր հացով ամբողջ օրը բանեցնում էին: Այնքան, մինչև հին ու հայտնի բեռնակիրները մի օր ծեծել էին. Հակոբը «գին էր գցում»: Հետո, ձևը գտել էին, իրենք գործը բռնում-կանգնում էին գլխին, Հակոբին բանեցնում էին ու մի «գժի բաժին» տալիս…
— Հակոբ ջան,— ասացի,— լույսը բացվի, դրանց կգտնենք ու հերներն անիծելով փողերդ ետ կառնենք:
— Չենք կարա,— առարկեց,— իրանք գժի թուղթ ունեն, մեզ կգցեն ավտոյի տակ:— Ու ձայնը դարձյալ կերկերաց.— Շան որդիք, ես էլ մտածում էի` ռեմոնտներս պրծնեմ, սև կաստում առնեմ, հարսի շոր ու գլուխս առնեմ, գնամ…
«Հարսի շորն ու սև կաստումը» նոր երգ էր:
— Ո՞ւր, Հակոբ,— զգուշությամբ հարցրի,— Ռուսաստա՞ն:
— Չէ, Ռուսաստանիդ համն էլ տեսանք, Ռուսաստանից նոր եմ էկել:
Ժպտացի, հարցրի.— Կիրովականի՞ց:
— Քո մի կողն էլ է ցուրտը տարած,— ձեռքը քունքին տարավ,— Մոսկվայից, այ ընկեր, հետո էլ Տաշքենդից ու Ռիգայից, խելքի արի: Ամեն տեղ էլ նույնն է…
Խելքի եկա. Հակոբն, ուրեմն, իր հեքիաթն ապրել-պրծել էր, դրա «համն էլ էր տեսեւ» ու «խելքի էր եկել» վերջապես: Հետո՞…
Կտրուկ ու վճռական վրա բերեց.
— Գժանոց:
— Ո՞ւր,— ձայնս խզվեց կոկորդումս:
— Ասեցի՝ գժանոց, չհասկացա՞ր: Ականջներդ ռեմոնտի կարի՞ք ունեն՝ իմ ատամների ու կույր աղիքի նման:
Ականջներս` չէ, միտքս նորոգման կարիք ուներ` խելակորույս էս ժամանակն ու մարդկանց հասկանալու համար: Որ 16-17 տարեկան պարմանի աղջիկներ իրենց կամքով կուսանոց են մտել, որ աշխարհիս մեղքն ու ցավն իրենց ուսերին առնողներ են եղել կամովի, վերջապես` կամովի մահվանն ընդառաջ գնացողներ էլ շատ են եղել,— լսել էի, տեսել էի, գիտեի: Բայց, որ կամովի գժանոց մտնեն` մտքիցս, խելքիցս դուրս մի բան էր։
— Հակոբ ջան,— խնդրեցի,— էդ գժանոցը մտքիցդ հանի:
— Նախանձից չպայթես,— ասաց,— գնալու եմ, վե՞րջ:
Իսկ հարսի շորն ո՞ւմ համար է,— հարցրի:
— Էդ արդեն քո գործը չի,— բարկացավ,— թույլ տուր` ես իմանամ:
Ամենաապուշ հարցը տվի:
— Հակոբ, քանի՞ տարեկան ես:
— Հե՛չ չմտածես,— հանգստացրեց,— ուշ չի: Համ էլ ինքը ինձի սպասում է: Անունը չեմ ասի: Էն տարին, որ դուրս էի գրվել, գալիս էի, ասեց՝ Հակոբ, մի գնա, էնտեղ քեզ չեն հասկանա, վախենամ եմ քեզ գժվացնեն: Հետո լացեց: Ես քեզ կսպասեմ, Հակոբ, ասեց, ինչքան էլ ուշանաս` կսպասեմ:
— Քեզ գժանոց չեն ընդունի,— ասացի,— դու գիժ չես:
— Չեն կարա ապացուցեն,— ասաց,— շատ համը հանեն՝ սղոցը կբերեմ, էս ծառերը կկտրեմ:
— Հիմա ծառ կտրելու համար ե՞րբ են գժանոց տանում, այ տղա:
— Գողության կանեմ:
— Շա՜տ-շատ` բանտարկեն:
Մի պահ մտածեց.
— Կայարանի շենքը կպայթեցնեմ,— ասաց:
— Որ բոլոր պայթեցնողներին գժանոց տանեի՜ն, Հակոբ, երանի չէ՞ր:
Էլի մտածեց, ելքը գտավ.
— Կմտնեմ ուղիղ շեֆի մոտ, կասեմ` էս քո հաշիվը, ինձի պիդի ընդունես քո հիմնարկությունը: Հաշվի դեմ խաղ չկա, ասեմ` իմացի:
Մտածելու հերթն իմն էր: Շան տղի սթափ մտածելակերպի դեմ կոնկրետ կռվաններ չգտա` զոռ տվի լեզվիս. համբերելու, չհուսահատվելու, վերջի լավ լինելու մասին խոսեցի, այս տեղում խոսքս կեռ արի, զանգուլակի նման կախեցի աստծո ողորմածության գաղափարը (գժերի հետ այս թեմայով խոսելը օգտակար է, գիտեի), երկնային ոլորտներից իջա ծլընգ-ծլնգացրի երկրային ամենանուրբ լարերը.
— Եղբայրդ, Հակոբ ջան, քույրիկդ…
— Քեզ գցեցիր պեչենու մարգերը,— իջավ լեզվիս:— Ախպերս ճար անող ըլնի` իրա գլխին կանի: Հեն է, երկրորդ կնիկն էլ թողեց, գնաց: Ախր խմում-լակում է: Համ էլ ծխում է:— Հակոբը ձայնը կամացացրեց, շշնջաց.— Էն բանից: Իրիկունները հավաքվում են մեր տանը, ծխում են ու անջատվում, որ նայես, կասես գիժն իրանք են, Հակոբը չի: Մի օր չհամբերեցի, թաղայինին ասեցի: Թաղայինն էդ իրանց էր ասել, ախպերս ինձի ջարդեց, սարքեց լեշ… Բա որ անջատված էկավ տուն, ձմեռը, գիշերվա կեսին, խփեց դուռ-լուսամատ ջարդեց, ասեց սառեք-սատկեք, ես ձեր ձրիակեր ըսենց-ընենցը: Տանն էլ, ախր, մարդ չկա, կնիկն ու էրեխեն շուտվանից են գնացել, ես էլ էդ օրը գնացքից ուշացա, քնեցի կայարանի նստարաններին: Ինքը առավոտը զարթնեց, տեսավ դուռ-լուսամուտ բաց, շուն ու կատու տանը վեր են բերել, ինքն էլ սառնամանիքի մեջ, գետնին լեշի նման սառել-մնացել է: 4-5 ամիս հիվանդանոցում պառկեց: Մեղք է, մեղք: Մարդ, որ սրիչը գցի, իրա երակ-մերակը փրթի, դրանից էլ ի՞նչ ես ուզում: Ինձնից փող է ուզում, չեմ տալիս` գողանում է: «Գիժ-անտեր,— ասում է,— փողը քո ինչին է պետք»: Գիտի, թե ափսոսում եմ, էլ չի հասկանում, որ նպատակի համար եմ հավաքում: Հիմի քնելուց, չէ՞, փողերս դոշակիս տակ եմ պահում:— Ու աչքերը նորից արցունքոտվեցին:— Ես եմ, գնացի, գլուխս պրծացրի, բա իրա վերջը ո՞նց է լինելու` ախպորս: Մտածում եմ ու լացս գալիս է:— Լացը կուլ տվեց, ժպտաց.— Քուրս, չէ, լավ է, Էրևանի պես տեղում գիտե՞ս ինչ տունուտեղ, ինչ մարդ ու երեխեք ունի: Ամոթ է, որ էդ նման քարը մեր նման ախպերներ ունի: Ուրիշները իրենց քուրերի համար ինչե՞ր են անում, մենք… ահ, մենք հենց խայտառակելու համար ենք: Էն անգամ միամիտ գնացի իրանց տուն` տենամ մարդու ծնունդն է։ Ի՜նչ մարդիկ էին հավաքվել, ի՞նչ պատրաստություն էին տեսել` բերանդ բաց կմնար: Էսենց փնթի-մնթի մտա ներս թե չէ, խեղճ քույրիկս ամոթից կարմրեց, քիչ մնաց գետինը մտներ: Փեսաս, ոսկի տղա է, տարավ նստացրեց սեղանի մոտ` Հակոբ ջան, կեր, Հակոբ ջան, խմի: Հակոբի յարոտ-փարոտ ձեռքերը էդքան մարդու աչքի առաջ հացի կգնա՞ն… Աչքերները չռած ինձի են նայում: Փախա՜: Փեսաս կանգառում հետևիցս հասավ: Իրա ծնունդն է, չէ՞, փոխանակ ես նվեր տանեմ, ինքը ջեբս 50 մանեթ դրեց, գնաց: Ոսկի տղա է, կհավատա՞ս:
— Ո՞նց չեմ հավատա,— ասացի,— աշխարհի ամենաոսկի տղերքից է:
Ինքը մտքով արդեն ուրիշ տեղ էր:
— Քո կարծիքով ինչքա՞ն կուզի,— հարցրեց:
— Ո՞վ,— չհասկացա:
— Դե, էդ, էլի, շեֆը, գժանոցի համար:
Հեղձուկը դեմ առավ կոկորդիս:
— Ոչ մի կոպեկ էլ չի ուզի,— թնդացի,— նա ո՞վ է, որ քեզանից փող ուզի:
Ուզում էր շնորհակալություն հայտնել, բայց ձև՞ը չգիտեր, թե՞ ընդունված ձևը իրեն կեղծ թվաց` ասաց.
— Էն աղջկա անունը Սուսան է, ոչ մեկին չասես: Սաղ կյանքում երազել է հարսի շոր հագնի, մեղք է…
Կռացավ, գետնից քար վերցրեց ու բռունցք արած գնաց: Վախենում էր խեղճը: Ումի՞ց… Օձերի ու գայլերի հերը մեզանից առաջ էին անիծել, թափառական շների ու կատուների հերը մենք անիծեցինք, ինքը վերջին գիժն է` էլ ո՞վ էր մնացել վախենալու…
Լոկոմոտիվի կարմիր լույսը հեռվից վառվում-հանգում, վառվում-հանգում էր` խավարի մեջ գտնել-կորցնելով Հակոբի կերպարանքը: Հետո վառվեց ու էլ չհանգավ: Զարմանալի տպավորություն էր թողնում Հակոբի կուչուրած, վախեցած քայլքը. հեռվից, աջ ձեռքը էլ գրպանում չէր` լարվել, ամեն վայրկյան պատրաստ էր գործելու, թվում էր, թե նռնակը ձեռքին վիրավոր զինվորը գնում է տանկին ընդառաջ:
— Հակո՛բ,— գոռացի,— վաղը փողերդ կբերեմ:
Շրջվեց, գոռաց.
— Խանութում ծանոթ չունե՞ս, ասի մի հատ հարսի շոր ճարեիր:
Եվ առանց պատասխանի սպասելու գնաց իր ճամփան կոկ ու հավաք մեր համայնքի վերջին գիժը:

Մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով